Հայաստան հանրագիտարան/ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում օզոնային շերտի ուսումնասիրություններ կատարվում են 2000-ից՝ Արագածի հվ. լանջին՝ «Ամբերդ» օդերևութաբան. կայանում (բարձրություն՝ 2070 մ), դիտարկումների արդյունքները փոխանցվում են օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխ. կենտրոն։
1999-ից ՀՀ-ն միացել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։
Մթնոլորտում ջերմոցային գազերի (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) պարունակության աճի հետևանքով տեղի է ունենում երկրագնդի կլիմայի աստիճան, տաքացում։ Ջերմոցային գազերի հիմն․ աղբյուրն այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (տարեկան ընդհանուր համաշխ. ծախսը ներկայումս ավելի քան 9 մլրդ տ է), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյան արտանետած գազերը և այլն։
Մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդ. ժամանակաշրջանի (XIX դ-ի վերջ) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանն աճել է 0,3-0,6 °C-ով և 2020-ին կարող է կազմել 2,2-2,5 °C։ ՀՀ Աժ-ն 1993-ին վավերացրել է «Կլիմայի փոփոխության մասին» միջազգային համաձայնագիրը, որի նպատակը մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի կայունացումն է՝ կլիմայի վրա մարդահարույց վտանգավոր ազդեցությունը կանխելու համար։ Համաձայնագրին անդամակցող երկրները 1997-ի Կիոտոյի երրորդ համաժողովում ստորագրել են արձանագրություն, որը զարգացած երկրների համար սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտադիր քանակ, ցուցանիշներ։
Կլիմայի փոփոխության համաձայնագրի Կիոտոյի արձանագրության (1997) Մաքուր զարգացման մեխանիզմների շրջանակներում ՀՀ-ում իրականացվում է բնապահպան. կարևոր նշանակության 2 նախագիծ.
- ա. Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման նախագիծը, որով կկանխվի աղբի ինքնաայրման հետևանքով ծխի, դիօքսինների և այլ վնասակար նյութերի տարածումը մթնոլորտ:
- բ. Լուսակերտի թռչնաբուծ. ֆաբրիկայի թռչնաղբից կենսագազի և էլեկտրաէներգիայի ստացման նախագիծը, որի իրագործումը կբացառի կենսբ. լճակներից վնասակար նյութերի տարածումը մթնոլորտ։
Մթնոլորտային օդի մաքրության ու որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսբ. և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը երկրում կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994)։
Ջրոլորտի պահպանություն
ՀՀ տարածքում ձևավորվող ջրի պաշարների բազմամյա միջին հոսքը 6,2 մլրդ մ3 է։ Մեկ շնչին բաժին է ընկնում 2,7 հազար մ3 (համաշխ. միջին ցուցանիշը 14 հազար մ3 է) ջուր։ Ադրբեջանում և Վրաստանում այդ ցուցանիշը համապատասխանաբար 3,8 հազար մ3 և 11,6 հազար մ3 է։
Ջրի աղտոտման հիմն․ աղբյուրներն արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերն են, ձնհալի և անձրևաջրերի հետ հողահանդակներից տարվող պեստիցիդները, բնակավայրերից արտանետվող վնասակար նյութերը, անձրևի և ձյան հետ մթնոլորտից թափվող աղտոտող նյութերը։ Արդ․ հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգ. միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, պեր), որոնք վատացնում են ջրի որակը, դարձնում խմելու և սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի, խախտվում են ջրավազանի կենսբ. շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման ներուժը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, նվազում են վերարտադրողականությունն ու սննդ. արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ, զարգանում են մակաբույծներ։
Ջրերի բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով ՀՀ-ում ջրի պաշարերը նորմավորվել են. սահմանվել են սահմանային թույլատրելի բեռնվածություն, վերադարձվող կեղտաջրերի ու դրանց մեջ պարունակվող նյութերի կազմի սահմանային քանակներ, ջրօգտագործման և ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակներ, ջրի պաշարների պահպանման կանոններ։ Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002)։
ՀՀ գետերից բնապահպան. առումով առավել վատ վիճակում են այն գետերը (Դեբեդ, Հրազդան, Ողջի ևն), որոնց ավազաններում կան ջրերն աղտոտող արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ և քաղաքներ։
Սևանա լճի պահպանությունը
Սևանա լճի պահպանությունը ՀՀ բնապահպան. և տնտեսական բացառիկ հիմնախնդիր է. ներառում է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով խախտված էկոլոգ. հավասարակշռության վերականգնման ողջ համալիր։
Սևանա լճի պահպանության հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թթ-ին, երբ որոշվել է լճի դարավոր պաշարներն օգտագործել ոռոգման ու էներգետիկ, նպատակներով, որը պետք է իրականացվեր 2 փուլով։ Առաջին փուլում (տևելու էր 50 տարի) ավարտվելու էր լճի մակարդակի արհեստ․ իջեցումը (տարեկան ջրթողքը՝ 1200 մլն մ3) 50 մ-ով, իսկ հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ (Մեծ Սևանը ամբողջովին)։ Երկրորդ փուլում հաստատվելու էր լճի նոր՝ կայուն ջրային հաշվեկշիռ՝ տարեկան 700 մլն մ3 արտահոսքով՝ միայն մուտքերի հաշվին։
Արարատյան դաշտի և նախալեռն․ շրջանների ոռոգելի հողատարածքներն ավելանալու էին առնվազն 100 հգ. հաով, հանրապետությունն ստանալու էր տարեկան ավելի քան 2 մլրդ կՎտ-ժ էլեկտրաէներգիա։
1962-ին ավարտվել է Հրազդանի ջրէկների կասկադի շին-ը, և սկսվել է ջրերի ինտենսիվ օգտագործումը՝ հիմնականում էլեկտրաէներգիա ստանալու համար։ Լիճը մոտ 10 տարվա ընթացքում զրկվել է ջրի պաշարների 40 %-ից, առավելագույն խոր. հասել է 80 մ-ի (նախկինում 99 մ էր)։ Դրա բացաս. հետևանքներն ակնառու են հատկապես Մեծ Սևանում։ Ի հայտ են եկել լճի ճահճացման երևույթներ՝ դրան բնորոշ հետևանքներով։
Լիճը փրկելու համար 1970-ական թթ-ին որոշվել է դադարեցնել ջրի բացթողումը և աստիճանաբար բարձրացնել մակարդակը։ Նոր համալիր հետազոտություններով որոշվել է լճի մակարդակը պահպանել ծ. մ-ից 1896 մ բարձր, վրա. հայելու մակերեսն այդ դեպքում կնվազեր 190 կմ-ով, ջրի ծավալը՝ 26,5 մլրդ մ-ով։
Այդ դեպքում նախատեսված 700 մլն մ3-ի փոխարեն Սևանից հնարավոր էր բաց թողնել ընդամենը 170 մլն մ ջուր, որը չէր ապահովի Հրազդանի վրա արդեն կառուցված ջրէկների արդյունավետ աշխատանքը և յուրացված հողատաածքների ամբողջական ոռոգումը։ Խնդիրը լուծվել է Որոտան-Արփա-Սևան ստորգետնյա ջրատարի (լճի ջրի պաշարն ավելացել է 415 մլն մ3-ով), Արարատյան արտեզյան ավազանից սնվող Արևշատի, Մխչյանի և Ռանչպարի ջրհան կայանների ու մի շարք գետերի վրա կարգավորիչ ջրամբարների կառուցումով և Սևանի ջրերը միայն ոռոգման նպատակով օգտագործելու միջոցով։ 2009-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 38 սմ-ով՝ հասնելով 1899 մ նիշի։ Նախատեսվում է մինչև 2031-ը Սևանի մակարդակը հասցնել 1903 մ նիշի։ Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հարցերը կարգավորվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (2001)։
Հողերի պահպանություն
Հողերը քայքայվում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով՝ էրոզիայի, աղակալման, ճահճացման, օգտակար հանածոների ոչ ռացիոնալ արդյունահանման, քաղաքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների, շին. օբյեկտների սխալ պլանավորման, հողերի քիմիական աղտոտման և այլ պատճառներով։
ՀՀ-ում հողերի պահպանության հիմն․ ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է՝ հողի վերին բերրի շերտը դեգրադացումից և հողատարումից պաշտպանելու համար։ Հողատարման երևույթների զարգացմանը նպաստում են վերընթաց գոտիականությունը, ռելիեֆի մասնատվածությունը, բարձրությունների տատանումները՝ լանջերի թեքությունները, արոտավայրերի գերշահագործումը, սխալ անտառհատումները, հողի ոչ ճիշտ մշակումը, մակերևութային հոսքի չկարգավորվածությունը և այլն։
ՀՀ-ում տարբեր աստիճանների էրոզացված են հողերի ընդհանուր տարածքի 47 %-ը, մշակելի հողերի՝ 26 %-ը, որի հետևանքով կորսվում է հողի սննդարար շերտի 25 %-ը։ Հողատարման երևույթներն առավել ուժեղ են Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզերում, համեմատաբար նվազ՝ անտառային գոտում ու Շիրակի մարզում։
Հողերի պահպանության կարևոր միջոցառում է հողբարելավումը, որի տարածված եղանակներից են հողածածկումը, ոռոգումը, աղակալած հողերի քիմիական լվացումը և այլն։ ՀՀ-ում և ԼՂՀ-ում հողբարելավման միջոցով հնարավոր է պայքարել հողերի վատթարացման պատճառների, հաճախ նաև հետևանքների դեմ։
ՀՀ-ում և ԼՂՀ-ում հողերի պահպանությունն իրականացվում է պետական և տարածքային ծրագրերին համապատասխան՝ պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին, իսկ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ և ԼՂՀ Հողային օրենսգրքերով։ Քաջարանի բացհանքերում
Թափոններ
ՀՀ-ում դեռևս չեն լուծվել թափոնների առավելագույն օգտագործման և դրանց քանակի նվազեցման տնտեսական, սոցիալական և իրավ․ պայմանների ապահովման, երկրորդային օգտագործման ընդլայնման ու դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման կամ ոչնչացման հարցերը։ Չկան արդյունաբերական թափոնների վնասազերծման և թաղման առանձնացված տեղեր (պոլիգոն)։ Բոլոր տեսակի թափոններն առանց տեսակավորման տեղափոխվում են քաղաքային և գյուղ, աղբավայրեր։ Արդիական է նաև կուտակված ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի քիմիական նյութերի, պեստիցիդների, դեղերի, կայուն օրգ. աղտոտիչներ պարունակող թափոնների անվտանգ ոչնչացման կամ վերամշակման հիմնախնդիրը։
ՀԱԷԿ-ում օգտագործված միջուկային վառելիքի թափոնները պահվում են տեղում սարքավորված պահեստարանում։
Թափոնների մշակման ոլորտի իրավահարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով (2004)։