Հայաստան հանրագիտարան/ՀՀ Կառավարությունը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Կառավարությունը հանրապետության բարձրագույն գործադիր իշխանությունն է. մշակում և իրականացնում է հանրապետության ներքին քաղաքականությունը, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հանրապետության նախագահի հետ։

ՀՀ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից. կառուցվածքը Կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է հանրապետության նախագահի հրամանագրով։

Կառավարությունը Սահմանադրությամբ նախատեսված կարգով Աժ-ի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը, պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Աժ։ Կառավարում է պետական սեփականությունը, իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական, տարածքային զարգացման, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում պետական քաղաքականությունը։ Ապահովում է հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը, հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ։

ՀՀ Կառավարության կառուցվածքի, նախարարությունների, վարչապետների և նախարարների մասին տես Հավելված 1-3։