Հայաստան հանրագիտարան/ՀՀ Հանրային խորհուրդը

ՀՀ հանրային խորհուրդը

Հանրային խորհուրդը (ՀԽ) ՀՀ նախագահի կողմից կազմավորվող ապաքաղաքական, խորհրդակցական մարմին է, որի նպատակը ժողովրդավար. համակարգի զարգացմանը պետական իշխանության մարմինների ու քաղաքացիների, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը նպաստելն է։

ՀՀ ՀԽ-ն ստեղծվել է 2008-ի հուլիսի 12-ին, կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009-ի մարտի 11-ին, մայիսի 29-ին ամրագրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։ ՀԽ նախագահին (2009-ից Վագգեն Մանուկյան) նշանակում է ՀՀ նախագահը։

ՀԽ-ի որոշմամբ՝ փորձաքննություն է իրականացվում ՀՀ օրենքների և Սահմանադրության մեջ փոփոխություններ և\կամ լրացումներ նախատեսող՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության և մարդու իրավունքների, հասարակական անվտանգության ու կարգի պահպանման բնագավառներում պետական քաղաքականության նախագծերի վերաբերյալ։

ՀԽ-ն կազմված է 36 անդամից, որոնցից 12-ին նշանակում է ՀՀ նախագահը, 12-ին ընտրում են հանձնաժողովները։ Հետագայում 24 անդամից յուրաքանչյուրն առաջադրում է ՀԽ-ի մեկական թեկնածու, որոնցից առավել շատ ձայներ ստացած 12 անձի առաջարկվում է անդամակցել ՀԽ-ին։

Ներկայումս ՀԽ-ում գործում են 66 ենթահանձնաժողով և բազմաթիվ աշխատանքային խմբեր։ 12 ոլորտային հաձնաժողովներում ընդգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերակցություններ և հիմնադրամներ։ Այս հանձնաժողովներում ընդգրկված են գիտ․ 329 թեկնածու և 129 դոկտոր, պրոֆեսոր։ Մարզերը ներկայացված են 422 անդամով (21,7 %), կանայք՝ 635-ով (32,7 %)։