Հայաստան հանրագիտարան/ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով՝ մասնակիցների 68 %-ի (ընտրական իրավունք ունեցող 2,190 մլն-ից 1,217 մլն-ի) կողմ ձայներով, ուժի մեջ է մտել 1995-ի հուլիսի 7-ից։ 2005-ի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով Սահմանադրությունը ենթարկվել է փոփոխությունների։

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է:

ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից և 9 գլխից (142 հոդված)։

Առաջին՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում (հոդվածներ 1-13) բնորոշված է պետությունը, ամրագրված են պետության հիմն, խնդիրները, քաղաքական և տնտեսական համակարգերի գործառնության հիմնարար սկզբունքները։

Ըստ 1-ին հոդվածի՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և, ըստ էության, ողջ Սահմանադրությունն այս հոդվածի բովանդակության զարգացումն է։

Առաջին գլխում նախանշված են այն հիմնարար արժեքները, որոնց վրա հիմնվում են պետական կառուցվածքի ու քաղաքացիական հասարակության հարաբերությունները և ընդգծում մարդու իրավունքների գերակայությունը։

Երկրորդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում (հոդվածներ 14-48) ամրագրված է հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը։

Երրորդ՝ «Հանրապետության նախագահը» գլխում (հոդվածներ 49-61) սահմանված են նախագահի իրավական կարգավիճակը, ընտրության և պաշտոնանկության (իմպիչմենտ) կարգը, նրա լիազորությունները և այլն։

Չորրորդ՝ «Ազգային ժողովը» գլխում (հոդվածներ 62-84) ամրագրված են խորհրդարանի՝ ՀՀ Աժ-ի՝ իբրև օրենսդիր իշխանությունն իրականացնող պետական մարմնի լիազորությունները։ Սահմանված են նաև Աժ-ի ձևավորման կարգը, պատգամավորների կարգավիճակը և այլն։

Հինգերորդ՝ «Կառավարությունը» գլխում (հոդվածներ 85-90) ամրագրված են գործադիր իշխանությունն իրականացնող պետական մարմնի՝ ՀՀ Կառավարության լիազորությունները։

Վեցերորդ՝ «Դատական իշխանությունը» գլխում (հոդվածներ 91-103) ամրագրված են արդարադատությունն իրականացնող մարմինների՝ դատարանների, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, Արդարադատության խորհրդի լիազորությունները, դրանց ձևավորման կարգը, դատավորների և ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների կարգավիճակը և այլն, նաև ՀՀ դատախազության լիազորությունները։

Յոթերորդ՝ «Տեղական ինքնակառավարումը» գլխում (հոդվածներ 104-110) սահմանված են տեղական ինքնակառավարումը և նրա սկզբունքները, մարմինները, տնտեսական հիմքը և այլն։ 108-րդ հոդվածում սահմանված է Երևանի համայնքային կարգավիճակը։

Ութերորդ՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն» գլխում (հոդվածներ 111-114) սահմանված են նոր Սահմանադրության ընդունման և գործող Սահմանադրության փոփոխման կարգը, հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը։

Իններորդ՝ «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխում (հոդվածներ 115-117) սահմանված են պետական մարմինների ձևավորման և գործառնության կարգը, անցումային փողում (մինչև նոր մարմինների ձևավորումը) նախկին օրենսդրության գործողության շրջանակները։

Հայաստանի անկախության մասին հռչակագրով, որն ընդունել է ՀԽՍՀ ԳԽ-ն 1990-ի օգոստոսի 23-ին, պաշտոնապես հռչակվել է Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հռչակագրով՝ ՀԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետության, առաջին անգամ հռչակվել են ՀՀ ինքնիշխանությունը և ժողովրդի ինքնիշխանությունը, բազմակուսակցականությունը, սեփականության տարբեր ձևերի հավասարությունը, իշխանությունների տարանջատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը և այլն։

ՀՀ Սահմանադրության նախաբանում անկախության հռչակագիրը նշված է որպես նրա ընդունման հիմք և դաձել է Սահմանադրության բաղկացուցիչ մաս։

Ժամանակակից սահմանադրական պատկերացումների հետ որոշ ընդհանրություններ ունի դեռևս V դ-ում Արցախի և Ուտիքի թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի ընդունած «Սահմանադրություն կանոնական»-ը, որը նախատեսված էր հասարակական հարաբերությունների կարգավորման համար։

Հայ իրականության մեջ սահմանադրության առաջին նախագիծը Շահամիր Շահամիրյանի շարադրած և Մադրասում իր որդի Հակոբի անունով հրատարակած «Որոգայթ փառաց»-ն է (1773), որի 521 հոդվածներում ներկայացվել են ապագա անկախ Հայաստանի հասարակական ու պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, ՋՈւ-ի կազմակերպման հարցերը և այլն, կան նաև դասային աստիճանակարգումները վերացնելու և քաղաքացիներին խոսքի, դավանանքի, անձի ու գործունեության ազատություն տալու դրույթներ։

Հաջորդ նմանատիպ փաստաթուղթը՝ «Ազգային սահմանադրությունը», ընդունել է Կ. Պոլսի Հայոց ազգային ընդհանուր ժողովը 1860-ին, որը սուլթան, կառավարությունը վավերացրել է 1863-ին՝ «Հայ ազգի կանոնադրություն» վերտառությամբ։ Այն արևմտահայերի կրոնահամայնքային կյանքը կարգավորող կանոնադրություն էր, սակայն իրականում չկիրառվեց օսմանյան Թուրքիայում ծայր առած հայաջինջ քաղաքականության պատճառով։

Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-20) սահմանադրություն չի ընդունել։ Կիրառվել է Ռուսական կայսրության «Հավաք օրինացը»՝ որոշ փոփոխություններով։

ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1922-ին, իսկ 1937-ին և 1978-ին ընդունվել են նոր Սահմանադրություններ՝ ԽՍՀՄ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված։

ՀՀ-ում սահմանադրական վերահսկողությունը՝ պետաիրավական նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականացնում է ՀՀ Սահմանադրական դատարանը։