Հայաստան (Վարդան Հակոբյան)

Ամեն ծառ գիտե Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հայաստան)

Վարդան Հակոբյան

Քարերգ
ՀԱՅԱՍՏԱՆ


Այստեղ, այս անլուռ քարերի վրա
իմ տնկած ծառը պիտի զորանար,
կանաչեր,
շրշար...
Կանգնել եմ հիմա ծառի փոխարեն
ու զույգ ծկներս հողիդ մեջ սուզած,
խոնարհվում եմ քո ներումի առաջ,
ա՛յն ծառի առաջ,
որ իմ ձեռքերով ու քո քարերից
պիտի բարձրանար։

Հայաստա՛ն։
Հայաստա՛ն։
Հայաստա՛ն։

Ես սիրուդ մասին խոսքեր չգիտեմ,
պարզապես ձեռքս մեկնում եմ, ահա,
ու քո սարերից ձյուները սրբում,
որ Աբովյանը Մասիս ելնելիս
        ճամփան բաց լինի։
Պարզապես ձեռքս մեկնում եմ, ահա,
ու քո երկնքի պայծառը շոյում։
ՈՒ լուռ եմ մնում։
Իմ լռությունը հիմն է կարոտի,
աղերս՝ քավությա՛ն, սիրո՛, հավատի՛։

Հայաստա՛ն։
Հայաստա՛ն։
Հայաստա՛ն։

Մի քար եմ վերցնում ես քո հանդերից,
                պատահած քարը,
համբուրում եմ եւ դնում ճակատիս -
մորս ձե՜ռքն է։
Եվ հավիտենից հավիտյան օրհնված,
եւ քո հաղթությամբ հաղթած ու հզոր,
ես ուր էլ գնում՝
հպարտ եմ գնում,
չէ՞ որ քո ձեռքն է դիպել ճակատիս,
չէ՞ որ ճակատիս քո գիրն եմ կրում։

Հայաստա՛ն։
Հայաստա՛ն։
Հայաստա՛ն։