Գնացե՛ք Եռաբլուր: Այնտեղ մեր միջի լավագույններն են թաղված: Գուցե նրանցից շատերը մեզանից քիչ գիտեին, գուցե նրանց ռուսերենը կաղում էր, անգլերեն էլ չգիտեին: Սակայն հայ էին: Հայ էին, որովհետև հայերեն էին մտածում: Լեզուն առաջին հերթին մտածողություն է, հետո միայն՝ խոսք: Եռաբլուրի տապանաքարերից վերցրեք պատահական հարյուր անուն և ապա ստուգեք, թե քանիսը հայկական կրթություն ունեին, քանիսը՝ օտար: Թվերը չեն խաբում:

Ամաչում եմ, որ նման տարրական բաներ պիտի գրեմ: Կարդացեք Լյուդվիգ Վիտգենշտեյնի լեզվի փիլիսոփայությանը նվիրված աշխատությունները և ամեն ինչ պարզ կլինի: Մի՞թե առանց Վիտգենշտեյնի էլ հասկանալի չէ, որ հայերեն «հաց» և ռուսերեն «хлеб» բառերը նույն նշանակությունն ունեն, սակայն էապես տարբեր ընդգրկումներ: Մի՞թե պարզ չէ, որ Պուշկինի հեքիաթներով մեծացած հայ մանուկը և Թումանյանի հեքիաթներով մեծացած մարդը տարբեր հայեր են: Կեղծ են այն պնդումները՝ իբր միայն օտար լեզվով է կարելի բարձրորակ կրթություն ստանալ: Սովորողը սովորում է, չսովորողը պատճառ է ման գալիս իր անկրթությունը հիմնավորելու համար: Եթե գիտելիքը վտարված է, օրինակ, խորհրդարանից, աշակերտն ինչո՞ւ պիտի ընդհանրապես սովորի: Ճիշտ ասած, զարմանում եմ, որ դեռ այսքան էլ սովորում են: Ապահովեք գիտելիքի արդար մրցակցություն աշխատանքի շուկայում և ամեն հայ առնվազն 3 օտար լեզու կիմանա: Պետք չէ կրթական համակարգի թերությունները և նրա ղեկավարի ապիկարությունը կոծկել՝ Հայկական աշխարհում (սույն արտահայտության հեղինակային իրավունքը վարչապետինն է) հայերենին տնվորի կարգավիճակ տալով: Իհարկե օտար և խուճուճ բառերով միշտ էլ ավելի դյուրին է սեփական տգիտությունը շղարշել: Ես հայկական կրթություն ունեմ, սակայն աշխատանքս սկսել եմ մի օտար լեզվից մեկ այլ օտար լեզու թարգմանություններ անելով: Դա իմ կյանքի այդ հատվածի պահանջն էր:

Հայաստանն առաջին հերթին հայերենն է:

Առանց հայերենի չկա Հայաստան: Պետք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապես պետք է բոլոր դպրոցներում բարելավել օտար լեզուների դասավանդումը: Հասկանում եմ, որ դա անելն ավելի դժվար է, քան հայերենը մատաղացու դարձնելը:


13 մայիսի, 2010թ.