Հայկական Համառոտ Հանրագիտարան/Հագուստ
← Հագարու | Աղբյուր՝ Հայկական համառոտ հանրագիտարան |
Հադամակերտ → |
[ 33 ]ՀԱԳՈՒՍՏ, զ գ ե ս տ, հանդերձ, ագանելիք, մարդու մարմնի արհեստական ծածկոց։ Լայն առումով ընդգրկում է նաև գլխի ծածկոցները, ոտնամանները, ձեռնոցները ևն։
Դեռևս ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնք ծառայել են մորթու մշակմանն ու կարելուն։ Հ-ի համար օգտագործել են նաև տերևներ, խոտեր, ծառի կեղև, ձկան կաշի, փոկի և այլ ծովային կենդանիների աղիներ, թռչնի փետուր։ Նոր քարի դարում, մանածագործության առաջացման հետ, օգտագործվել են վայրի, այնուհետև՝ մշակովի (բամբակ, վուշ ևն) բուսաթելեր և բրդաթել։ Կարված Հ-ի նախատիպերը եղել են նախնադարյան մորթե թիկնոցները, ազդրերի ծածկոցները, տրեխները ևն։ Գլխի ծածկոցները, որոնք դեռևս հնում ծառայել են իբրև սոց․ ծագումն արտահայտող նշաններ (առաջնորդների, քրմերի գլխանոցներ ևն), նախապես ունեցել են [ 34 ]կրոնամոգական խորհուրդ։ Հ․ սովորաբար հարմարեցվել է աշխարհագր․ միջավայրին և տնտ․ գործունեությանը։ Հասարակության զարգացման ընթացքում տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների և կանանց Հ-ները, առաջացել առօրյա, տոնական, հարսանեկան, սգո և այլ կարգի Հ-ներ։ Աշխատանքի բաժանման հետևանքով առաջացել են մասնագիտ․ Հ-ների զանազան ձևեր ու տեսակներ։ Դեռևս հնում Հ․ արտացոլել է էթնիկ (տոհմային, ցեղային), հետագայում՝ նաև ազգ․ առանձնահատկությունները։ Հ-ի ձևը, նյութը, հարդարանքը, որպես կանոն, դրսևորում են տարբեր դասերի պատկանելությունը։
Բավարարելով հասարակության կենս․ պահանջները՝ Հ․ միաժամանակ արտահայտում է նրա գեղագիտ․ պատկերացումները, պատրաստվում տվյալ ժամանակաշրջանի հիմն․ գեղարվեստ․ ոճին համապատասխան և վերջինիս մասնավոր դրսևորումներով։ Հ-ի կառուցվածքը որոշելիս՝ կիրառվում են համաչափության կամ անհամաչափության, նրբերանգների կամ ցայտերանգների սկզբունքները, հաշվի առնվում մարդու տարիքը, արտաքինի առանձին մանրամասներ (մազերի, աչքերի գույնը ևն)։
Հայկ․ լեռնաշխարհում հնագույն Հ-ի վերաբերյալ պատկերացում են տալիս դեռևս միջին քարի դարի ժայռապատկերներում հանդիպող ուրվագծային, բրոնզի և երկաթի դարերի գոտիների ու այլ առարկաների վրայի պատկերները, ուրարտ․ և ասոր․ որմնանկարները, արձանները, գոտիների, սաղավարտների, կապարճների, կնիքների, մեդալիոնների ու այլ առարկաների վրայի պատկերները, միջնադարյան մանրանկարի նոր ժամանակների գեղ․ կտավներն ու լուսանկարները ևն։ Տես նաև Տարազ։