Հայկական դիվանագիտություն. ներկա – բացակա


Հայաստանը դեռ չի հստակեցրել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Գրեթե 20 տարվա պետություն ենք, բայց նոր ենք սկսել կոնկրետ հարցերի վերաբերյալ պետական դիրքորոշում ձևավորել: Վերջին ամենաակնհայտ խնդիրն առաջացավ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, երբ պարզորոշ երևաց, որ հստակ չգիտենք՝ ինչ ենք ուզում թուրքերից: Ըստ իս՝ առաջին հերթին պետք է հստակեցվի մեր պետության ռազմավարական ուղղությունը: Օրինակ՝ ներկայիս ղեկավարության համար առաջնային խնդիրը ղարաբաղյան հիմնահարցի լուծումն է: Բայց ես այդպես չեմ կարծում: Հարցի սրությամբ կարևորը ղարաբաղյան խնդիրն է, հարցի կարևորությամբ ու կենսական նշանակությամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Այս երկիրն ապագա չունի, քանի դեռ չենք լուծել մեր իրավունքների հողային ու գույքային հարցը՝ կապված թուրքերի հետ: Ցանկացած դեպքում առաջնայինը երկրի անվտանգությունն է, որի գնահատման 2 հիմնական չափորոշիչ կա.

  1. պետություն, որն ունի Հայաստանին կործանիչ հարված հասցնելու կարողություն,
  2. պետություն, որն ունի դա իրականացնելու քաղաքական կամք:

Ադրբեջանն ունի Հայաստանին պարտության մատնելու կամ ոչնչացնելու քաղաքական կամք, բայց չունի դա իրականացնելու կարողությունը, ինչքան էլ հոխորտա: Իրանն ունի այդ կարողությունը, բայց չունի ցանկություն. նրա շահերը դա չեն պահանջում: Վրաստանը ոչ կարողություն ունի, ոչ էլ՝ ցանկություն: Եւ միայն Թուրքիան է, որ և այդ կարողությունն ունի և քաղաքական կամքը: Հետևաբար մեզ համար որպես ամենամեծ սպառնալիք մնում է Թուրքիան: Այդ վտանգը չեզոքացնելու համար մենք պետք է ընտրենք իրավական ճանապարհը: Աշխարհը լսում է նրա ձայնը, ումն ավելի բարձր է: Երբ դու Թուրքիայի հետ մտնում ես քաղաքական պայքարի մեջ, ի սկզբանե պիտի հաշվարկես, որ քո ձայնն ավելի ցածր է լինելու: «Հայլուր»-ի ասածը դեռ ոչինչ չի նշանակում, այն դեպքում, երբ Թուրքիայում կա ողջ աշխարհում թուրքերեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվող «CNNTurk»: Դու ի՞նչ ունես դրան հակադրելու: Մենք պետք է պայքարը տեղափոխենք իրավական դաշտ, այնտեղ, որտեղ ավելի ուժեղ ենք: Պայքարն ընթանում է 4 դաշտում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական և իրավական: Ակնհայտորեն առաջին երեքում թույլ ենք: Բայց երբ հարցը իրավական դաշտ տեղափոխվի, Թուրքիան արդեն ստիպված կլինի հակադրվել ոչ միայն Հայաստանին այլև միջազգային հանրությանը: Փաստորեն զինակից ձեռք բերելու իրական շանս կունենանք: Իրավական պայքար մղելու տարբերակները քիչ չեն:

Օրինակ՝ կարելի է ուշադրություն հրավիրել հետևյալին. Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը միջազգային իրավունքի ոտնահարում է: Կա դեպի ծով ելք չունեցող երկրների վերաբերյալ միջազգային կոնվենցիա, ըստ որի, դեպի ծով ելք չունեցող պետության ծովափնյա հարևանը պարտավոր է ազատ տարանցիկության իրավունք տալ այդ երկրին և վերջինիցս գանձել ոչ ավել, քան սեփական երկրի բեռնափոխադրողից: Թուրքիան ու Վրաստանը միացած են այդ կոնվենցիային, իսկ մենք, որքան էլ տարօրինակ է՝ ոչ: Մինչդեռ կարելի է միանալ, այնուհետև Թուրքիայից պահանջել սահմանը բացել, իսկ Վրաստանին էլ ասել՝ եղբայր, դու մեզանից այդքան շատ մի գանձիր, միջազգային կոնվենցիա ես խախտում: Մերժու՞մ են մեզ, դիմում ենք միջազգային դատարան: Բնական է, որ եզրակացությունը պետք է միանշանակ լինի առ այն, որ Թուրքիան ոտնահարում է միջազգային օրենքը, որովհետև նա Հայաստանին պարտավոր է ելք տալ դեպի ծով: Կարող է հարց առաջանալ, թե դատարանի որոշումը թուրքերը կհրաժարվեն կատարել: Բայց այդ դեպքում Թուրքիայի վիճակը կբարդանա. խնդիրը հայ-թուրքական դիմակայությունից արդեն կտեղափոխվի Թուրքիա-միջազգային հանրություն դիմակայության տիրույթ: Բնականաբար դա մեր օգտին է:

Կա միջազգային իրավական փաստաթուղթ՝ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար որոշումը (1922թ.), ըստ որի, Օսմանյան կայսրության Վանի, Էրզրումի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգի մի մասը տրվել է Հայաստանի Հանրապետությանը: Այդ որոշումն առ այսօր ուժի մեջ է: Հետևաբար միջազգային իրավունքի տեսանկյունից ստացվում է, որ նշված տարածքը Թուրքիայի կողմից օկուպացված ՀՀ-ի տարածքն է: Կա՞ միջազգային իրավունքի ոտնահարում, կա միջազգային դատարան: Պետք է դիմել և վերահաստատել տվյալ իրավարար վճռի վավերականությունը: Ապա դրանից հետո հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և պահանջել, որ Թուրքիան ազատի ՀՀ-ի օկուպացված տարածքները: Եթե չի ազատում, միջնորդների օգնությամբ Թուրքիայի հետ մտնել երկկողմ բանակցությունների մեջ և ձևակերպել տարածքների վարձակալության պայմանագիր: Թուրքիան թող մեզ վճարի իր համախառն ներքին արտադրանքի (860 մլրդ) 1%-ը՝ տարեկան 8.6 մլրդ դոլար, մեզ այդ տարածքի վրա տա ազատ, անվճար տարանցիկության իրավունք և ապառազմականացնի այն: Մենք էլ այդ 8.6 մլրդը կծառայեցնենք Հայաստանի և Ղարաբաղի ծաղկմանը: Իսկ այդ տարանցիկությունն էլ կապահովի մեր ելքը դեպի ծով:

Հայերս Թուրքիայում ունենք 60-100 միլիարդի հասնող համայնքային սեփականություն. դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային օջախներ: Անկախ նրանից՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ, Վիլսոնի իրավարար վճիռ կա, թե չկա, դա հայկական գույք է, որն ապօրինաբար մեզանից բռնագրավվել է: Ամբողջ աշխարհը գնում և բռնագրավված գույքը ետ է ստանում: Օրինակ՝ Իսրայելը Լեհաստանից ստացավ գրեթե 4 մլրդ դոլար զուտ նրա պատճառով, որ գերմանացիների կողմից կոտորված հրեաների գույքը Լեհաստանը պետականացրել էր: Նմանապես և մեր դեպքում, տեղի է ունեցել մասնավոր գույքի անօրինական բռնագրավում, չի տրվել համարժեք փոխհատուցում: Կարելի համարժեք փոխհատուցման կարգով վարձակալում ձևակերպել: Հյուսիսային Կիպրոսում եղել են այդպիսի նախադեպեր: Պարզապես մասնագիտական նպատակամղված աշխատանքի կարիք կա: Ես լինեի պետության ղեկավար, կվարձեի այդ հարցով աշխարհի լավագույն մասնագետներից մի քանիսին կբերեի, գրասենյակ կհատկացնեի, կվճարեի ու կհանձնարարեի կազմակերպել այդ բռնագրավված գույքի փոխհատուցման կարգը: Հ1-ով էլ հայտարարություն կտայի, որ ովքեր ունեն գույքի սեփականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, թող ներկայացնեն: Այդ կերպ հնարավոր կլիներ Թուրքիայից պահանջել ու ստանալ փոխհատուցում:

Ղարաբաղյան բանակցություններում չէի ասի, թե դիրքերը զիջում ենք, բայց էական առաջընթաց էլ չկա: Պասիվություն ենք դրսևորում Բաքվի ու Սումգայիթի դեպքերը բարձրաձայնելու գործում: Մենք երբևէ աշխարհի պետայրերին չենք փորձել բացատրել, որ երբ դուք գնում եք Բաքու և ծաղիկներ դնում շահիդների ծառուղում, փաստորեն հարգանքի տուրք եք մատուցում ջարդարարներին: Քանի որ այդ շահիդները նրանք են, ովքեր սպանվեցին այն ժամանակ, երբ սովետական բանակը մտավ Բաքու հայերի սպանդը դադարեցնելու համար: Այսինքն դրանք եղել են ռասիստներ, ովքեր հայերին կոտորել են ազգային պատկանելության համար: Մենք էլ պիտի բարձրաձայնենք Բաքվի այդ պուրակի իրական դեմքի մասին: Դրա համար կա սովետական բարձրաստիճան ղեկավարների, զինվորականների թողած ստվարածավալ հուշագրական գրականություն, ըստ որի այդ ժամանակ եղել է մոտ 40 զոհ, իսկ շահիդների պուրակում կա ավելի քան 100 գերեզման: Մնացյալը դիահերձարաններից բերված դիակներ, մի մասն էլ նույնիսկ սպանված հայերի դիակներ են եղել, որ ներկայացվում են իբրև շահիդներ: Հարկ է գիտակցել, որ շատ ավելի հեշտ է թուլացնել քո հակառակորդին, քան ինքդ ուժեղանալ: Օրինակ՝ Ադրբեջանն ունի ազգային (թալիշներ, թաթեր, լեզգիներ), կրոնական լուրջ խնդիրներ ունի: Այդ խնդիրները պետք է կիսարթուն պահենք, դա կենսական նշանակություն ունի մեզ համար: Օրինակ՝ կարող ենք թալիշերեն լեզվով հեռուստահաղորդումներ հեռարձակել, գրականություն տպել, գիտաժողովներ հրավիրել, համացանցով նյութեր տարածել: Պետք է աշխարհին հասկացնել, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ եթե վերջինս բռնաճնշում է մահմեդական փոքրամասնություններին, ապա շատ ավելի հավանական է, որ առավել սաստկորեն կճնշի քրիստոնյա հայերին:


22 հունվարի, 2011թ.