Հայկական հարցի լուծման շուրջ/Հայկական հարցը Սևրում
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՍԵՎՐՈՒՄ
Դաշնակիցների վերաբերմունքը հայկական հարցի նկատումամբզինադադարից հետո։ Հայկական հարցի կիսալուծումը Սևրում։ Հայաստանի առաջարկվող սահմանների քննարկոմը։ Հայաստանի իրական սահմանները։ Նրանց հաստատման հիմքը որպես նախադրյալ Հայաստանի գոյության։ Փոփոխություններ մանրամասներում։ Տարածքը և բնակչությունը:Իրավարարության նշանակությունը։
Թուրքիայի ճակատագիրը վճռված է։
Քաղաքակիրթ աշխարհը, որ սպասել էր դարեր շարունակ, Սևրի պայմանագրի ստորագրման մասին լուրը ընդունեց թեթևացած շունչ քաշելով։ Թուրքիայի հիվանդ կազմվածքի համար այլ դեղամիջոց չգտնվեց, նրա առողջ մասերը կտրտելուց զատ։ Թուրքիան անդամահատված է՝ բոլոր ազգային տարածքները անջատված են և այժմ անկախ միավորներ են կազմում։ Միայն թուրքական Անատոլիան է մնում նրա տիրապետության ներքո, և նույնիսկ որպես այդպիսին էլ բաժանված է օտարերկրյա գոտիների, այնպիսի տնտեսական, ֆինանսական և քաղաքական պայմաններով է շղթայված, որ այսուհետև Թուրքիան, թուրքերի իսկ խոսքերով, «թողնվել է առանց աչքերի, ականջների, ձեռքերի կամ ոտքերի»։ Օսմանյան կայսրությունը, անկասկած, կործանված է։ Նա ստացավ պատիժ, որին լիովին արժանի էր: Վերջապես Եվրոպան քաջություն ունեցավ եթե ոչ ամբողջապես խորտակելու, գեթ դուրս քաշելու թունավոր սողունի ատամները, որին նա դարեր շարունակ սնուցել էր իր իսկ սեփական քաղաքակրթության կրծքին։
Այս անգամ դաշնակից տերությունները որոշակիորեն չեն կարող կասկածվել Թուրքիայի հանդեպ սովորական կողմնապահության մեջ։ Նա մերժված է իր սև աներախտագիտության համար, իր դավաճանության և հանցանքների համար՝ իր վաղեմի հովանավորների նկատմամբ։
Կհամարձակվե՞նք արդյոք մենք քննարկելու այն հարցը, թե ինչպես դաշնակից տերությունների անողոք ու դաժան վերաբերմունքը ազդեց հայկական հարցի վրա, որը մեր մասնավոր հետաքրքրության առարկան է։ Չի կարելի ժխտել, որ այն ամենը, ինչ ծառայել է որպես բարոյական հիմք Թուրքիայի նման դաժան վերաբերմունքի համար, վերցված է, բառիս լայն իմաստով, հայկական կյանքի վշտալի տարեգրությունից։ Այդ դեպում ինչպե՞ս վերաբերվեցին դաշնակիցները իրենց կրտսեր եղբոր՝ հայերի նկատմամբ։ Վճռականություն ցուցաբերեցի՞ն պատժելու թուրքերին նրանց անլուր հանցանքների համար, որ գործեցին հայերի նկատմամբ, անգամ պատերազմի ընթացքում։
Հարցը թախծալի հուշեր է արթնացնում։ Երկու տարի է անցել այն պահից, երբ գոռոզամիտ թշնամին վայր դրեց զենքերը և դաշնակիցներից զինադադար աղերսեց։ Այս ամբողջ ժամանակի ընթացքում տերությունները ոչինչ չարեցին, ոչ մի միջոց ձեռք չառնվեց հրով ու սրով ցանուցիր արված հայերին նպաստել՝ վերադառնալու իրենց տների դեռևս ծխացող մոխրակույտերը։ Ավերված և պատերազմի սարսափներից ամայացած Հայաստանը դեռ ներկայացնում է սոսկական մի անապատ, որտեղ աշխատանքը չի կարող ապրել, և որը ավազակախմբերն են տնօրինում։
Հայկական ազգաբնակչությունը, որը խույս տվեց թուրքական բնաջնջումից Անդրկովկասի իր ազգակիցների մոտ, նույնիսկ այնտեղ էլ անդորր չգտավ։ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով հայերը, թողնված իրենց ճակատագրին, պետք է, նախ, դիմագրավեին թուրքական ներխուժմանը, իսկ հետո էլ տխրահռչակ Ադրբեջանի հանրապետության թաթարների հարձակումները, իրագործված ոչ առանց դաշնակիցների օգնության։ Եվ այժմ նրանք արյուն են թափում բոլոր կողմերից նրանց պաշարած թուրք-թաթարական հորդաների դեմ մղած հերոսական պայքարում։
Արդեն հինգերորդ տարին է, ինչ թուրքական նահանգներից արմատախիլ արված հայ ագգաբնակչությունը թափառում է օտար երկնքների տակ։ Դրա ճակատագրական հետևանքները անչափելի են։ Ժողովրդի հայրենիքը մի սոսկական աշխարհագրական հասկացություն չէ։ Ազգային գիտակցության մեջ հողը բարձրացվում է երկրի հասկացության, շնորհիվ այն ամենի ինչը կապում է, ինչ հոգեպես հարազատեցնում է ժողովրդին նրան։
Որոշակի տեղավայրի պայմաններում և ազգային գծերի համամիասնության մեջ կազմավորվում են ժողովրդական ավանդույթները, հեքիաթները, տարազը, բարքերը, լեզվական առանձնահատկությունները, մի խոսքով, ներքին գիտակցականության բոլոր արտահայտությունները։ Օտար երկրում այս ամենը մոռացվում է, արմատախիլ լինում և կործանվում։ Երկրի հետ կապված պատմական հիշողությունները թորշոմում են: Կարճ ասած, այն ամենը, ինչը կազմում է մի երկրի և մի ժողովրդի հոգեկան կերպարը, ինչը նրանց մշակութային որակ է դարձնում, վտանգի է ենթարկվում օտար շրջապատում։
Մի ժողովրդի հոգեկան բնաջնջումն է՝ կորուստ, որն ավելի ծանր է, քան նյութականը, որ ավերածություն է պատճառում։
Ոչ ոք նրանց օգնության ձեռք չմեկնեց, որ թելադրված լիներ այդ սարսափի գիտակցությամբ։ Ոչ ոք հոգ չտարավ, որպեսզի նրանք վերադառնան իրենց երկիրը, իսկ հետո արդեն չափազանց ուշ էր։
Եվ դեռես ոչ մի հնարավորություն չի ընձեռվել թուրքական տեղահանության զոհերի չարաբախտ մնացորդներին՝ վերդառնալու իրենց տները։ Հրաշքով փրկված, գերմարդկային ճիգերի գնով, նրանք դեռևս մնում են անապաստան և բեռների պես տեղափոխվում են տեղից-տեղ, հաճախ առանց արձանագրվելու։ Այս զրկյալների, իրենց կորուսյալներին զուր փնտրողների աղաղակը արձագանքում է հեռվից ու մոտից։
Մինչդեռ, մի միակ զորեղ խոսք, մի միակ ազդեցիկ պահանջ, որ արտաբերվեր զինադադարը կնքելիս, բավական կլիներ արտաքսելու Հայաստանից այդ ավազակային հրոսակախմբերին և վերադարձի ճամփա բանալու փախստականներին իրենց բուն բնակավայրերը։
Դաշնակից զորքերը դեռևս գործում են Միջագետքում և Սիրիայում։ Կիլիկիայում ֆրանսիական գեներալները ներգրավվում են անվայելուչ մրցակցության մեջ թուրք ազգայնականների հետ, հայ ազգաբնակչության թիկունքում։ Չնայած դրան, մշտապես ասվում է, որ դաշնակիցներն իրենց տրամադրության տակ միջոցներ չունեն՝ մաքրելու Հայաստանը սովալլուկ արկածախնդիրների կողոպտչական հրոսակախմբերից։
Բարեբախտաբար, հայ ժողովրդի համբերությունը սահման չունի։ Այն հեզորեն կրել է զինադադարի այս երկու տարիների բոլոր դժբախտություններն ու փորձությունները, իր հույսը դնելով հաշտության կնքման պահի վրա, երբ, վերջապես, ենթադրաբար, կստանա իրեն հասանելիքը։
Երկար սպասված հաշտությունը կնքվեց Սևրում։ Համաձայն 88-րդ հոդվածի Հայաստանը հանաչվեց որպես ազատ և անկախ պետություն։ Այս հայտարարությունը, հռչակելով հայկական հույսերի հաղթանակը, ինքնըստինքյան բավարար կլիներ խաղաղեցնելու ժողովրդի միտքը, եթե այն ագուցված լիներ առավել իրական և հոգատար պայմաններով, որը նրա անհապաղ կենսագործումը հնարավոր դարձներ ամբողջությամբ վեցրած։ Սոսկ այն փաստը, որ Հայաստանի սահմանների կարևորագույն հարցը գործնականում բաց է մնում, նշանակալիորեն նվազեցնում է այս ակտի գործած տպավորությունը, որ այլապես, անկասկած, խիստ մեծ նշանակություն ունի։
Ռուսական սահմանը պետք է որոշվի Հայաստանի և նրա հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ, որոնք երկուսն էլ իրավական առումով դեռես ճանաչված չեն։ Նախատեսված է սակայն և շատ ճիշտ, որ այն դեպքում, երբ համաձայնություն չի կայանա, վեճը կլուծեն գլխավոր դաշնակից տերությունները։ Սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես մնում է չորոշված, այստեղ խնդիրը դրված է Միացյալ Նահանգների պրեզիդենտի վրա, սահմանափակելով նրա լիագորությունները չորս վիլայեթների տարածքով։
Անշուշտ, գերադասելի կլիներ այլ ձևակերպում, որը հստակորեն մատնանշեր, որ ամենից առաջ Թուրքիան պետք է ճանաչի խնդրո առարկա հայկական վիլայեթների զիջումը։ Եթե այդպես արվեր, օսմանյան կաոավարությունը ձեռնպահ կմնար այն անհարկի դիտողությունից, որ նրա ներկայացուցիչները թույլ տվեցին անելու Սևրի պայմանագրի դեմ իրենց բողոքում, այն է՝ թե ոչ մի կարիք չկար ընդլայնելու Հայաստանը նախկին ոուս-թուրքական սահմանագծից այն կողմ։ Նա չէր կարողանա միամտորեն հավակնել հավատալու, որ պահանջվում է նրա կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչումը, որը ծնունդ էր առել ռուսական հեղափոխության թոհուբոհում, ճանաչում, որն արժանի է ուշադրության։ Եթե 90-րդ հոդվածն ընդունում է չորս վիլայեթների ամբողջապես Հայաստանին փոխանցելու հնարավորությունը, այդ առումով ավելի դրական հայտարարություն ցանկալի կլիներ, պրեզիդենտին թողնելով փոփոխումներ կատարելու ընտրությունը։
Այս ամենը, սակայն, մեծ կարևորություն չունի։ Իրականում բանն այն է, որ հայկական հարցի լուծումը, փաստորեն, հետաձգված է։ Սակայն հայկական հարցի պատմությունը ցույց է տալիս, որ ամեն մի անորոշություն, ամեն մի հետաձգում հղի է սարսափելի հետևանքներով հայ ժողովրդի ճակատագրի համար։ Սևրի դիվանագիտությունը մեծ վճռականություն ցուցադրեց ուրիշ և ավելի մեծ թուրքական նահանգներ հանձնելիս։ Նա խիգախորեն թոթափեց թուրքական լուծը Միջագետքից, Սիրիայից, Արաբիայից և Հունական Անատոլիայից, ու գտավ և՛ կամք, և՛ ժամանակ՝ որոշելու համար նրանց սահմանները։
Վճռականությունը, սակայն, լքեց դաշնակիցներին, երբ նրանք դեմ հանդիման ելան փոքր Հայաստանի հարցին։ Երկրներ և ժողովուրդներ, որոնք շատ ավելի քիչ էին տառապել թուրքական լծից, արդեն լիովին ազատագրված են, մինչդեռ Հայաստանը, որը ասես եռացող կաթսա լիներ թուրքական հնոցում, կրկին դատապարտված է սպասելու։
Հայերի հուսահատական կանչերը արձագանքում են աշխարհով մեկ։ Սիրիայի հարթավայրերը հեղված են նրանց արյունով, նրանց մարմինները սփռված են Միջագետքի ավազուտ անապատներում։ Մինչդեռ հենց Սիրիան ու Միջագետքն են կյանքի կոչված մեծ քաղաքակրթության տեր տերությունների հովանու ներքո, մինչ Հայաստանը թողնված է իր անորոշ ճակատագրին։
Ի՞նչը դրդեց Սևրի բարձրագույն դատարանին անխրախուսաբար նայել Հայաստանի չափերի հարցին։ Ի՞նչ արգելք կանխեց նրան ավելացնել Հայաստանին այս երեք կամ չորս վիլայեթները, ի՞նչը դրդեց նրան գործը վերապահել պրեզիդենտ Ուիլսոնին։
Եթե սա վիճելի հարց է, ապա լուծման բանալին պետք «գտնել նրա բուն պատմության մեջ։ Դաշնակիցները նույնքան քաջատեղյակ են հայկական հարցին, որքան պրեղիդենա Ուիլսոնը: Կես դար շարունակ միջազգային դիվանագիտությունը առևտուր է արել նրա շուրջ։ Մեկ անգամ չէ, որ հայկական վիլայեթների անունները հիշատակվել են գանագան միջազգային ակտերում, սկսած 1878 թվականից։ Անգամ պատերազմի նախօրեին, երբ բարեփոխումներ պետք է կատարվեին, այս վիլայեթները բաժանվեցին սեկցիաների։ Ամեն ոք կհիշի այս։
Թվում է, որ իրական Հայաստանը պետք է փնտրվեր այդ նույն վիլայեթների սահմաններում և, այդ դեպքում գործը, եթե անհրաժեշտ էր, կվերապահվեր պրեզիդենտի միջնարարությանը։
Ոչ մի արտաքին ուժ չէր կարող կանխել դաշնակիցներին` ցուցադրելու իրենց բարյացակամությունը։ Թուրքիան ընկած է դիտապաստ, ինչպես նաև Գերմանիան ու Ավստրիան։ Ռուսաստանը այժմ համր, հեռացված է կոնֆերանսի սեղանից։ Բոլոր թշնամական ազդեցությունները, համենայն դեպս այդպես համարվողները, ջլատված են։ Բոլոր հնարավորությունները կային ցանկացած պայմանները թելադրելու Թուրքիային։ Չնայած դրան, դաշնակիցները միայն կիսով չափ բավարարեցին հայերին, մինչդեռ մյուս երեքը անջատվեցին նրա տարածքից։ Անջատված վիլայեթների մի մասը մնում է Թուրքիային կցված, իսկ մնացյալը, Եփրատից արևելք, վերապահված է Քուրդիստանին։
Այս վերջին քայլը արդեն բացահայտ թշնամական ակտ էր՝ ուղղված Հայաստանի կենսական շահերի դեմ։ Անշուշտ, հայերը, դաշնակիցներից նվազ շահագրգռված չեն անկախ Քուրդիստան ստեղծելու գործում։ Այս միջոցով խավարամիտ քուրդ ցեղապետները կդադարեն թուրքական մանր քաղաքագետների ձեռքին ստոր գործիք լինելուց։ Բանն այն է, սակայն, որ Քուրդիստան ստեղծվում է ոչ այնտեղ, որտեղ պետք է ստեղծվեր: Օտար տարածքում նման արհեստական կազմավորումի գաղափարը ավելի շատ կսազեր ծեր մոլլա Իդրիսին կամ թուրքական կառավարողներից նրան ընդօրինակողներին, որոնք երազում էին հայկական շրջանների «քրդացման» մասին։ Բայց եվրոպական դիվանագետների կողմից հայկական կոտորածների ոգեշնչողների հիմնական քաղաքականությունը վերցնելը և վավերացնելը անսպասելի և ապշեցուցիչ հարված է։
Այս ակտի հիմքում ընկած քաղաքականությունը բացահայտորեն տարբեր է, և կարելի է ըմբռնել, եթե մտաբերենք 1916 թ. Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կնքված գաղտնի համաձայնությունը, որը վերաբերում էր Հայաստանի մասնատմանը ճիշտ և ճիշտ Խարբերդի գծի երկայնքով։
Դերսիմի և Խարբերդի սանջակները, որոնք այժմ վերապահվում են Քուրդիստանին, իրականում կազմում են և՛ աշխարհագրական, և՛ էթնիկական առումով Հայկական բարձրավանդակի անբաժան մասը։ Պատերազմից առաջ այս շրջանում՝ կային 100000 հայեր (85000 ըստ Լինչի և 70 հազար ըստ Քինեի) և նույն կամ ավելի մեծ թվով մի ազգություն, որը սխալմամբ քրդական էր համարվում։ Թուրքերը նրաևց «ղզլբաշներ» են անվանում, հայերը՝ «դուզիկներ»։ Այս վերջին անվանումը, ավելի հաճախ նրանք տալիս են Դերսիմի բնակիչներին: Արևելքում, մահմեդական տիրապետության ներքո, լեզուն համարյա դադարել է ազգության չափանիշ լինելուց, կարևորությամբ տեղը զիջելով կրոնին, որպես գլխավոր գործոնի։ Ե՛վ ղզլբաշները, և՛ Դերսիմի բնակիչները հետևում են մի կրոնի, որը տարբեր է քրիստոնեությունից ու իսլամից։ Նրանց հավատալիքները հիմնված են քրիստոնեական և մանիքեական ուսմանքների մի խառնուրդի վրա՝ արտաքուստ սքողված շիիզմով։ Պատմական լեզվով ասած, այս նշանակում է, որ նրանք աղանդավորներ են, հայկական պավլիկյանության հետևորդներից։ Շնորհիվ նրանց շիիստական գծերի, սունիները նրանց «ղղլբաշներ» են անվանում, դրանով իսկ նույնացնելով նրանց պարսիկների հետ։ Հայկական «դուզիկ» անվանումը, սակայն նշանակում է «աղանդավոր»։ Սա հավանաբար բացատրում է Դերսիմ անվան ծագումը՝ «աղանդավորների երկիր» (դուզ՝ հին Դուրգից, այստեղից էլ Դուրգաենա և նրա արաբական ձև Դուրսիմ):
Պավլիկյան աղանդավորները գրավում էին ճիշտ այն տերիտորիան, որը Դերսիմի լեռնային շրջանից տարածվում է մինչև Խարբերդ, ինչպես որ նշված է մեր կողմից հաջորդ հոդվածում։ Բյուզանդիայի ճնշման տակ նրանց մի մասը միացավ պաշտոնական եկեղեցուն, մյուսները պահպանվել են առ այսօր Ակնի (Էգին) շրջանում հոռոմ կամ քաղկեդոնական հայեր անունով։
Մյուս կեսը տեղի տվեց իսլամի ազդեցությանը և յուրացրեց այն հանելուկային տարազը, որն առ այսօր առեղծված է մնում անիրազեկ մարդկանց համար։ Բյուգանդական եկեղեցու նկատմամբ տածած իրենց մոլեռանդ ատելության մեջ պավլիկյանները, չցանկանալով ճանաչել նրա գերիշխանությունը, գերադասեցին ընդունել իսլամը, որը երևան է գալիս արաբների հետ ունեցած նրանց հարաբերություններից:
Չնայած թուրքերի ողջ հանդուրժողականությանը, ղզլբաշնեը և դերսիմները այսօր ավելի անբարյացակամ են թուրքերի քան թե քրիստոնյաների նկատմամբ։ Ավանդույթներն ու սովորույթները նրանց շատ ավելի սերտորեն կապում են վերջիններիս։ Ղզլբաշները, մի երկրագործ ժողովուրդ, վայելում են նաև գերազանց պտղաբույծների և ունակ վաճառականների համբավ։ Նրանց էթնիկական բնավորությունը և խաղաղասիրական հակումները նույնպես խստորեն հակադրվում են քրդերին։ Ոչ մի հիմք չկա, ինչ էլ որ լինի միտումը, քրդական ծագում վերագրելու այս կիսաքրիստոնյա տարրերին: Շատ ավելի մեծ իրավունքով նրանք կարող են համարվել այդ երկրի բնիկ քրիստոնյա ազգաբնակչությանը պատկանողներ։
Համանման նկատառումները արգելում են ընդունելու նաև Դիարբեքիրի վիլայեթի հայկական շրջանները՝ Արղանայի սանջակը և Դիարբեքիր սանջակի հյուսիսային մասը, Քուրդիստանին հատկացնելու արդարացիությունը։ Պատմականորեն Դիարբեքիրի նախապես ասորի-քաղդեացիների կամ ավելի շուտ երբեմնի հզոր նեստորական եկեղեցու և Հակոբիկական դավանանքին հետևողների հող էր։ Այս եկեղեցիների հետնորդներին դեռ կարելի գտնել այնտեղ։ Քրիստոնեական դոգմաների և մահմեդական ուսմունքների խառնակումից առաջ եկան հավատալիքներ, որոնք հիմք ծառայեցին ստեղծելու անորոշ կամ չեզոք ազգության կրոնական համայնքներ: Եվ այս համայնքին թյուրիմացաբար քրդական ծագում է վերագրվում։
Իրենց բնական սահմաններում Դերսիմի, Խարբերդի և Արղանայի սանջակները կազմում են Հայկական լեռնաշխարհի մասը։ Որևէ պետության աշխարհագրական ամբողջականությունը էական է, թեկուզ այն լինի ստրատեգիական նկատառումներով, որպես պաշտպանության միջոց։
Հայկական լեռնաշխարհը որոշակի ամբողջություն է, որը ոչ մի հակաճառություն չի ընդունում։ Համաձայն Լինչի պատկերավոր խոսքի, այն մի լեռնային տանիք է, որ իջնում է դեպի Սև ծովը հյուսիսում, դեպի Տիգրիսի երկու վտակների հովիտները հարավում և հատվում է Եփրատի ջրերով արևմուտքում: Այս սահմաններում Հայկական լեռնաշխարհը իրենից ներկայացնում է մի աշխարհագրական, պատմական ու տնտեսական, ինչպես նաև մի ընդհանուր էթնիկական ամբողջություն:
Այս լեռնաշխարհում հիմնված պետությունը չի կարոր կայուն համարվել, եթե ամբողջապես չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը՝ իր բնական թեքություններով։
Հնագույն ժամանակներում Հայաստանի պաշտպանության ստրատեգիական գիծը անցնում էր Սղերդից Դիարբեքիրի վրայով Մալաթիա, ամրությունների մի ամբողջ շարքով։ Արձնը (այժմ ավերակ, Սղերդից արևմուտք), Մարտիրոպոլիսը (ներկայիս Մուֆարկինը), Անգղը (հայտնի ամրոց, այժմ Դիարբեքիրից հյուսիս գտնվող Էգիլ գյուղը, որտեղ պահվում էին հայ Արշակունի արքաների գանձերը) պաշտպանության այդ գծի վրայի հիմնական ամրություններն էին։ Այստեղ էր նաև գտնվում Տիգրանակերտ նշանավոր քաղաքը։
Եփրատի աջ ափի երկայնքով, Մալաթիայից մինչև Սատալ (ներկայիս Սադաղը), Քելքիթ դետի ակունքին, անցնում էր ամրությունների արևմտյան գիծը։ Սրանցից Արաբկիրը, Արգովանը, Եգինր, Դիվրիկր, Զմառան և Կամախը այսօր էլ դեռ կանգուն են։ Այս զույգ գծերն էլ պահպանում էին Հայաստանի ստրատեգիական, ինչպես նաև բնական ամբողջականությունը։
Հայաստանի սահմաների հարցը մի սոսկական վիճաբանություն չէ՝ պետության մեծ կամ փոքր չափերին վերաբերող, ինչպես որ այն կարող է թվալ պատահական դիտորդներին։ Այն պետության բուն գոյության և նրա մշակութային ու քաղաքական կայունության համար կենսական հարց է։
Պատմությունը հաճախ է հայերին զրկել իրենց բնիկ լեռնաշխարհի վրա, որպես ամբողջի, քաղաքական տիրապետության առավելությունից։ Այս տիրապետությունը հավասարապես մերժվել է այն արտաքին ուժերին, որոնք թուլացնելով Հայաստանը բաղձում էին տիրանալ նրա բարձունքներին։ Այդ մեծ թշնամիները՝ Հռոմը և Պարսկաստանը, Բյուզանդիան և արաբները, Թուրքիան և Իրանը հերթով մրցապայքարի մեջ մտան տիրանալու համար Հայաստանին և չկամենալով միմյանց զիջել այս բնական միջնաբերդը, ի վերջո համաձայնության եկան բաժանելու այն։ Անդամահատված ազգային օրգանիզմը շատ բան է կորցնում իր կենսունակությունից։
Այստեղ է ընկած հայոց պատմության դժբախտ ասպեկտներից մեկը։
Այժմ, ինչպես և հնում, պատմության նույն սուրը բարձրացել է Հայաստանի վրա՝ երկատելու այն և դրանով իսկ բաժան–բաժան անելու նրա ժողովրդի ուժերը։ Հայաստանի քաղաքական վերածնության անհրաժեշտ նախապայմանն է, մեկ կառավարիչը, մեկ տիրապետությունը նրա ամբողջ տարածքի վրա։ Որոշակի ժամանակներում Հայկական լեռնաշխարհում հայկական, իսկ ավելի շատ մահմեդական ծագում ունեցող քաղաքական մանր օրգանիզմներ ապրել են կողք-կողքի (թեև ոչ երբեք երկար ժամանակ)։
Իրերի այսպիսի դրությունն ընդունելի էր և թույլատրելի այն ժամանակների պայմաններում, երբ Հայաստանում, ինչպես և ամենուր, ապրանքափոխանակությունն ազգային տնտեսության գերակշռող ձևն էր։ Ամեն մի հովիտ, փակված լեռնաշղթայով, ապրում էր սեփական արտադրանքի հաշվին։ Ամեն մի լեռան կարիքները բավարարվում էին սեփական հոտերով ու նախիրներով։
Ներկա ժամանակներում ոչ մի պետություն չի կարող մեկուսացված ապրել։ Պետության ծաղկումը որոշվում է այն միջոցներով, որոնց նա տիրում է արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար, ավելին՝ համաշխարհային տնտեսության հորձանուտի մեջ նրա ներգրավված լինելով։ Սրանից է կախված պետությունների կենսունակությունը, նրանց քաղաքական ու մշակութային արժեքը։
Հետևաբար, եթե միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ազգային բաղձանքների ժամանակավոր բավարարման հրավառության ցուցադրում չէ, նա պետք է այնպիսի ձևեր ընդունի, որոնք կարողանան երաշխավորել պետության անկախ գոյությունը։
Այն պահից, ինչ հայկական հարցը բարձրացավ, այդ երկիրը Եվրոպայի աչքին հանդես եկավ որպես մի մուրացկան, որը հովանավորություն է աղերսում իր բուն ֆիզիկական գոյության համար։ Թերևս այդ պատճառով էլ եվրոպական դիվանագետները գտնում են, որ որևէ մի նվեր, լինի դա թեկուգ երկու կամ երեք վիլայեթ, լիովին բավական է մի մուրացիկ ժողովրդի համար։ Նրանք հակված են մոռանալու, սակայն, որ բռնի կերպ հայրենի երկրից վտարված հայերը իրենց տաղանդն ու աշխատասիրությունը դրսևորել են այնտեղ, որտեղ աշխատանքը անվտանգ է եղել, և զարգացրել են իրենց գործունեությունը համաեվրոպական մասշտաբով։ Ոչ բոլորն են հաշվի առնում այն, թե ինչպիսի հոգևոր և նյութական գանձեր են կուտակել նրանք ոչ միայն իրենց հայրենիքի սահմաններում, Թիֆլիսում և Բաքվում, այլև հեռավոր Ռուսաստանում, Ամերիկայում ու Եվրոպայում։ Հայերի ստեղծագործական ցրված ուժերը երկրում կենտրոնացնելու նպատակով պետությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որոնք երաշխավորեն այս ուժերի ազատ ներհոսքը և կիրառվեն համաձայն նրանց չափի։
Հայաստանը կարիք ունի ոչ միայն աշխարհագրականորեն կլորացված սահմանների, այլև մշակութային դրացիության։ Այն սահմանն է առավել կարևոր, որը ելք է բացում լեռնային կիրճից դեպի քաղաքակիրթ աշխարհ։
Այս հարցը արդեն դրվել և լուծվել է հայ ժողովրդի պատմությամբ։ Հայերը միջանցք բացեցին դեպի Միջերկրական և այնտեղ հաստատեցին իրենց տիրապետությունը։ Դաս առած անցյալի փորձից, նրանք պնդում են, որպեսզի հայկական Կիլիկիան միակցվի Հայաստանին։ Հայերի ձգտումները, սակայն, ընդդիմության են հանդիպում մեծ տերությունների կողմից, որոնք իրենք աչք ունեն Կիլիկիայի վրա։ Հեշտ կլիներ հաշտվել նահանգի կորստյան հետ, եթե Ֆրանսիան, կամ անեքսիայի ենթարկելով և կամ իր ազդեցության ոլորտը գցելով այն, հարակից սահմաններ հաստատեր Հայաստանի հետ։ Այդպիսի կորուստը կփոխհատուցվեր քաղաքակիրթ պետության սահմանակցությամբ։
Բայց ցավն այն է, որ, բացահայտորեն, մեծ հանրապետությունը գործում է ոչ դրդված իմաստությունից, այլ վատ տրամադրվածությունից հանդեպ մի փոքր և անօգնական թշնամու։ Կիլիկիայից այնքան բռնակցեց, որքան համապատասխանում էր սեփական կարիքներին, և հենց այն մասը, որը միջանցք պետք է ծառայեր Հայաստանին։ Ավելին, նա բարձրացրեց կամ հնարավոր համարեց բարձրացնել մի արհեստական պատնեշ իր և Հայաստանի միջև Քուրդիստանի սահմանագլխին, առավել ևս, որ այդ պատնեշը կառուցվում է մասամբ Հայաստանից կտրված հողերի հաշվին։
Երիտասարդ Հայաստանի երկունքը հղի էր այնպիսի դաժան տառապանքով, որ մենք ուժ չգտանք ուրախանալու նրա ծնունդով։ Հայերը, խորապես վշտահար, կարող էին որոշակի մխիթարություն գտնել այն մտածման մեջ, որ հարավում Հայաստանը վերջապես շփման մեջ էր մտնում երկար տենչած եվրոպական քաղաքակրթության հետ, որը Սիրիայում ներկայացնում էր Ֆրանսիան և Միջագետքում՝ Բրիտանիան։
Ինչ էլ որ լինեին Հայաստանին թելադրված հարավային սահմանները, ընդունելի կլիներ այն, որ սահմանաբաժան գիծը անցկացվեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նոր ձեռք բերված տիրույթների դրացիությամբ։ Ավելի լավ օգնություն չէին շնորհի Հայաստանին դաշնակիցները, քան նրա հարավային սահմանին բարձրացված այդ հզոր հենակետը։ Ավելի լավ, քան մանդատը, որը նրանք փնտրեցին երկրի համար այնքան ստորացուցիչ ձևով։
Սակայն դաշնակիցների դիվանագիտությունը այլ կերպ գործեց և Հայաստանը դրեց անտանելի դրության մեջ։ Երկիրը շրջապատվեց անքաղաքակիրթ մահմեդական պետություններ օղակով։ Արևմուտքից Թուրքիայի և արևելքից Պարսկաստանի մերձավորությունը անբավարար թվաց, ուստի և թաթարական Ադրբեջանն ու Քուրդիստանը ստեղծվեցին հյուսիսում և հարավում։
Ամեն ոք գիտի, որ Քուրդիստանը ընկած է ոչ թե Եփրատից, այյ Տիգրիսից արևելք և տարածվում է մինչև Զագրոսի լեռները և այնտեղից էլ մինչև պարսկական Արդելան նահանգը: Եփրատից դեպի Արևելք Ուրֆայով և Մարդինով անցնող ֆրանսիական սահմանագծի երկարությամբ ընկած է ոչ թե Քուրդդիստանը, այլ հին Օսրոենան, Աբգարյան թագավորների երկիրը` Ուրֆա կամ Եդեսիա կենտրոնով։ Այն պատվավոր տեղ է գրավում վաղ քրիստոնեության տարեգրություններում։ Նույնիսկ հիմա, իր խայտաբղետ ագգաբնակչաթյամբ, այն ոչ մի կերպ կարող վերագրվել Քուրդիստանին։
Թուրքիայի, անդամահատման իր սխեմայում Ֆրանսիացի գրող Լյուդովիկոս դը Կոնտենսոնը Եփրատը միացնող այս հողերը հանձնում էր Հայաստանին։ Ակնհայտ է, որ նա անիրազեկ էր իր հայրենակիցների ախորժակներին, երբ այն գրգռվել էր հաջողությունից։
Իր հերթին հայերը գոհ կլինեին, եթե ֆրանսիական սահմանաբաժան գիծը Սիրիայում բարձրացվեր մինչև Տիգրիսին կամ Հայկական լեռնաշխարհի ստորոտներին կապվելը (միևնույն է, թե որտեղ)։ Այդ դեպքում երկուսն էլ՝ Սիրիան և Հայաստանը, երաշխավորված կլինեին և՛ աշխարհագրական, և՛ կուլտուրական սահմանակցությամբ։
Արևմուտքում՝ թուրքա-հայկական սահմանում, Սևրի պայմանագիրը (80-րդ հոդված) նախատեսում է սահմանաբաժան գոտի Հայաստանի և Թուրքիայի միջև։ Քանի որ Քուրդիստանի տարածքը հասնում է Դերսիմ, այն ինքնըստինքյան սահմանափակում է այս գոտին մի նեղ հողաշերտով՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում։
Եթե հայկական պետության սահմանները ճշտորեն սահմանազատված լինեին, նրա հյուսիս-արևմտյան սահմանը կանցներ, ինչպես նշվեց վերևում, Եփրատի աջ ափի երկայնքով, Մալաթիայից Արաբկիրի, Դիվրիկի և Գարահիսարի վրայով մոտավորապես մինչև Կիրասոն՝ Սև ծովի ափին։
Հյուսիսի և հարավի միջև հաղորդակցության գլխավոր կամ գրեթե միակ գիծը անցնում է այդ կետերով։ Եփրատի ձախ ափի հողերի բնական պայմաններն այն անհարմար են դարձնում հաղորդակցության համար։ Իր ստրատեգիական նշանակությունից զատ, վերոհիշյալ գիծը երկրի կյանքում խաղացել է, և դեռ խաղում է կարևոր դեր, լինելով միակ գլխավոր ճանապարհը, որը Հայաստանի վերին շրջանները միացնում է նրա հարավային գավառներին։
Սև ծովի ափից և մյուսն էլ Էրզրումից հարավ, դեպի Ստորին Հայք և Միջերկրական կառուցվելիք ապագա երկաթուղիները հավանաբար պետք է անցնեն այս գծով։ Այս ուղին պետք է դառնա Հայաստանի գլխավոր տնտեսական և առևտրական զարկերակը, որը նրա համար լայն հորիզոններ կբացի դեպի Սև ծով և Միջերկրական։
Այս գիծը պետք է ապահովվի Հայաստանին։ Այդ դեպքում սահմանաբաժան գոտին պետք է հատվի Փոքր Հայքի հողերից Եփրատի աջ ափի համակարգում՝ Սվագի սանջակի սահմաններից, որը տրամադրված է Հայաստանին Խարբերդի և Դիարբեքիրի հետ միասին։
Վերջնական վճիռը կախված է մեծ իրավարարից՝ Միացյալ Նահանգների պրեզիդենտից։ Ինչպե՞ս է նա գիտակցում իր խնդիրը։ Իրավունք ո՞ւնի նա անցնելու Սևրի պայմանագրով իրեն շնորհված լիազորությունների սահմանը։ Այդ բանը միայն ինքը գիտի։ Եվ պետք է արդարացնի իր վրա դրված վստահությունը վիճաբանության ոչ ձևական, այլ սպառիչ ու արդարացի լուծմամբ։
Բոլոր դեպքերում, ոչ ոք չի կարող մերժել նրան սահմաններն ուղղելու իրավունքը, թեկուգ և միայն տերիտորիայի փոխանակությամբ։ Համաձայն 90-րդ հոդվածի իմաստի, պրեզիդենտը լիովին լիազորված է Հայաստանին տրամադրելու բոլոր չորս վիլայեթները։ Թվում է թե նա իրավունք ունի նաև պահանջելու՝ Հայաստանին միակցել Հայկական լեռնաշխարհի վերը հիշված մասերը սահմանային Սամսունի և Հաքքյարիի սանջակների հաշվին։
Խարբերդի սանջակը ընդգրկում է 10000 քառակուսի կիլոմետր տարածություն, նույն չափի տարածք է զբաղեցնում նաև Դերսիմի սանջակը։ Արղանայի սանջակը ներառում է 8000 քառակուսի կիլոմետր, նույնքան էլ Դիարբեքիրի սանջակի հյուսիսային անկյունը։ Հետևաբար, Հայաստանի պահանջած շրջանները կազմում են մոտավորապես 30000 մինչև 36000 քառակուսի կիլոմետր տարածք։ Տրապիզոնի վիլայեթի արևմտյան կեսն ընդգրկում է 15000 քառակուսի կիլոմետրից ոչ պակաս տարածք, մինչև Հաքքյարիի հարավային մասը նույնպես 17000-ից պակաս չէ (ամբողջ սանջակը ընդգրկում է 25700 քառակուսի կիլոմետր տարածք)։ Այսպիսով, փոխանակման համար առաջարկված տերիտորիաները հավասար չափերի են, հետևաբար և բոլոր կասկածները, թե Հայաստանը տարածքային ընդարձակում է փնտրում, բացառված են։
Հայաստանի՝ սեփական բնական և պատմական սահմաններում հաստատվելու պահանջը արհամարհական ժպիտ է առաջ բերում որոշ քաղաքագետների ու հասարակական գործիչների մոտ, ովքեր կասկած են հայտնում հայ ժողովրդի մի այսպիսի ընդարձակ տերիտորիա կառավարելու ունակության մասին։
Մեր կողմից պայմանով որպես Հայկական լեռնաշխարհ վերապահված սահմանները զբաղեցնում են 200000 քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ և՛ թուրքաց, և՛ ռուսաց Հայաստանը։
Հայերի թիվը, ներառյալ Թուրքիայից տարագրվածները, այժմ Անդրկովկասում հաշվվում է 2500000-ից ոչ պակաս, հաշվելով ոչ հայկական տարրերին մեկ միլիոն, Հայկական պետությունը այդպիսով պարունակում է 3 1/2 միլիոն ազգաբնակչություն։
Ավելի քան 200000 հայեր այժմ հավաքված են Կոնստանդնուպոլսում և նրա շրջակայքում։ Ոչ պակաս քան 100000 մարդ կարելի է գտնել Սիրիայամ և Կիլիկիայում։ Հայ տարագիրների թիվն Ամերիկայում վաղուց անցել է հարյուր հազարից։ Մենք չենք նշի հայկական գաղութները Բուլղարիայում, Եգիպտոսում և աշխարհի մյուս մասերում։ Նրանց մի նշանակալի մասը, թեև վտարանդի, չի կտրել բոլոր կապերը հայրենիքից և անկասկած կվերադառնա։
Եթե սահմանափակվելու լինենք վերը հիշված 3 1/2 միլիոն թվով, ապա, հավասարապես բաշխելով բնակչությանը, միջին հաշվով կունենանք ոչ պակաս քան 17 մարդ, մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Ազգաբնակչության նման հավասար բաշխումը պետք է դառնա նոր կառավարության առաջնահերթ խնդներից մեկը։ Երկար ժամանակ է, որ Անդրկովկասի հայ ազգաբնակչությունը տառապում է սակավահողությունից և հարկադրված է եղել տարագրվելու Թուրքեստան, Սիբիր և անգամ Ամերիկա կամ աշխատանք փնտրել մեծ քաղաքներում՝ ամենից առաջ Բաքվում։
Այսուհետև հայկական գաղթականությունը պետք է ուղղվի դեպի Հայաստանի հարավը, առավել ես, որ նշանակալի քանակությամբ գյուղացիություն այստեղ էր գաղթել Թուրքահայաստանից 1828 և 1878 թվականներին։ Ախալցխայի, Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի գավառի մեծ մասը բնակեցված են գաղթականներով, որոնք թողեցին Էրգրումի վիլայեթը 1828 թվականին։ Նոր Բայազետի գավառը իր անունը ստացել է հին Բայազետից, որը, Ալաշկերտի հետ միասին, եղել է ներկա գաղթական ագգաբնակչության բնօրրանը։ Ավելորդ ագգաբնակչությունը պետք է կրկին վերաբնակություն հաստատի Թուրքահայաստանի իր բնօրրանում։
Ինչպես արդեն նշվեց, հավասար տեղաբաշխումը կտա միջին հաշվով 17 մարդ ամեն մի քառակուսի կիլոմետրի վրա։ Այս թվի նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է գաղափար կազմել Թուրքիայում ազգաբնակչության միջին խտության մասին։ Այստեղ միջին թիվը 10-ից մինչև 15 բնակիչ է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպես, հաշվված է, որ Անգորայի կենտրոնական վիլայեթը ունի 892901 բնակիչ 83000 քառակուսի կիլոմետրի վրա, այսինքն մոտ տաս մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Իկոնիան՝ 91600 քառակուսի կիլոմետր, 1088000 բնակչությամբ, այսինքն նույնպես մոտ 10 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Առավել խիտ բնակեցված Զմյուռնիայի վիլայեթը ունի 1300000 բնակչություն 53000 քառակուսի կիլոմետրի վրա, այսինքն շուրջ 24 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա և այլն։ Միջագետքում միջինը 5 մարդ է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։
Եվ ոչ էլ պետք է մոռանալ, որ Հայաստանը նման չէ Միջագետքին կամ Ասորեստանին, որտեղ հողի ամեն մի կտոր հարմար է մեծապես թանկարժեք կուլտուրաների մշակման համար։ Հայաստանի ճիշտ կեսը լեռնային շրջան է, անհարմար՝ նույնիսկ անասնապահության համար: Անքաղաքակիրթ ժողովուրդների դարավոր տիրապետությունը ավերել է հողի մշակումը, և նույնիսկ այն բարձունքները, որոնք նախկինում ծածկված էին բուսականությամբ, այժմ լերկ ընկած են՝ լեռնային հեղեղների և անասունների կճղակների ներգործության պատճառով։ Ներկա պայմաններում միջին հաշվով քառակուսի կիլոմետրի վրա 10-12 բնակիչը պետք է սովորական համարվի։ Երկիրը չի կարող բավարարել ավելի մեծ թվով բնակչության, մինչև որ չկանգնի արդյունաբերական գարգացման ուղու վրա:
Ինչպիսին կլինի դրա հեռանկարը, դեռևս պարզ չէ։ Երկրաբանների հայացքները տարբեր են Հայաստանի հանքային ռեսուրսների հարցում։ Հանքեր հայտնաբերվել են միայն Հայական լեռնաշխարհի սահմաններին, որտեղ հարակից հովիտների լանջերին բացել են հանքային երակներ։ Հանքաքարեր են հայտնաբերվել Արղանայում, Հայկական լեռնաշխարհի հարավային լանջերին և Գյումուշխանեում՝ հյուսիսային լանջերին, արևելքում, Բազարչայ կամ Հայկական Օրոտն գետի հովտում ընկած են Կատարի հանքերը և վերջապես, Ալավերդու հանքերը Դեբետ գետի հովտում։ Այս չորս մետաղաբեր շրջանները Հայաստանի չորս հանքարդյունաբերական կենտրոններն են։ Առանց նրանց երկրի տնտեսական գարգացումն անհնարին է։
Այսպիսիք են Սևրի պայմանագրի առաջ բերած խոհերն ու փաստարկումները։ Կան թերահավատներ և անհավատներ, ովքեր կասկածի տակ են առնում նորածին փոքր պետությունների հարատևությունը։ Հայաստանը չի կարող դասվել նրանց շարքը, նախորդները ծնված են օտար արյունից, իսկ վերջինս՝ սեփական։
Դաշնակիցների դիվանագիտությունը պետք է ավելի ազնիվ լինի իր հարաբերություններում մի ժողովրդի հետ, որը վաղուց ի վեր որդեգրել է այն սկզբունքը, որ ազնվությունը լավագույն քաղաքականությունն է։ Նրանք անկեղծորեն դրել են իրենց բախտը դաշնակիցների ձեռքը։ Ամենևին էլ գաղտնիք չէ, որ Սևրի պայմանագրի թերությունները և տերիտորիալ սահմանագծման արատները սպառիչ բացատրություն են գտնում այն կասկածամտության կամ նախապաշարման մեջ, ըստ որի հայերը որոշ տերությունների կողմից դիտվում են որպես ռուսական կողմնորոշում ունեցող ժողովուրդ։ Թվում է, թե ռուսական քաղաքականության հանդեպ հայերի թուլության դրոշմը նախախնամության կողմից չէ անջնջելիորեն խարանված նրանց ճակատին։ Որևէ մի ժողովրդի համակրանքը ազդվում է կյանքի իրական պայմաններից, բայց ոչ ընդհակառակը—Vice versa. եթե այդ թուլոuթյանը պետք է հաղթահարվի, պետք է փոխվի նաև ժողովրդի քաղաքական գոյությունը։
Հայերի երեսը դեպի հարավակողմ դարձնելը ամբողջությամբ դաշնակիցների դիվանագիտության զորության մեջ է: Մինչդեռ վերջին երկու տարիների ընթացքում նրանց կասկածահարույց քաղաքականությունն Անդրկովկասում ամեն ինչ արեց ուժեղացնելու համար հայերին հիշտ հակառակ ուղղությամբ, այն է՝ ոուսական կողմնորոշման անխուսափելիության մեջ։ Բացի այդ, Սևրի ընդարձակ սրահներում դաշնակիցներն ի զորու էին մեկընդմիշտ վերջ տալու հայկական ձգտմանը դեպի հյուսիս, խարխլելով դրա պատմական հիմքերը։ Սակայն
նրանք ավելի լավ բան չմտածեցին, քան սեղմելու Հայաստանը մահմեդական պետությունների շրջանակի մեջ և նրան կտրելու իրենցից՝ հարավում, Ռուսաստանից՝ հյուսիսում։ Հայերը մաքառում էին ազատ և անկախ երկրի համար, բայց ոչ ցերեկվա լույսից փակ բանտի համար, բանտ, որին հսկում են թուրքերը, թաթարները, քրդերը և նրանց բարեկամները։
Վերջին խոսքը պատկանում է մի հզոր դեմոկրատիայի պրեդենտին։ Նման իրավազորությունը խորհրդանշական է։ Հայկական հարցը վաղուց դադարել է սոսկ հայկական լինելուց։ Այն ժամանակակից մարդկության գիտակցության հարցն է։ Հայերն արել են մարդկայնորեն հնարավոր ամեն բան հիմնավորելու սեփական տունը։ Պատմությունը չգիտե ոչ մի ուրիշ ժողովրդի խնդիր, որն այդքան զոհաբերություններ արած լիներ հանուն ազատության։ Ստրկության և նվաստացման անդունդից նա բարձրացել է վեհապանծ հերոսության և ինքնազոհության բարձունքները։ Հայ ժողովուրդը դեռևս խեղդվում է արյունից և անհամբեր սպասում է անկողմնապահ իրավարացի վերջնական վճռին մի ակտի մասին, որը ստորագրել են դաշնակիցները՝ կանգնած մեկ միլիոն նահատակված հայերի դիակների վրա։
Լոնդոն