Հայկական հուշարձանների կարգավիճակը Թուրքիայում՝ ըստ միջազգային իրավունքի

Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու շենքի նորոգումը առիթ հանդիսացավ, որ հնչեն իրարամերժ կարծիքներ: Մինչևիսկ ոմանց կողմից փորձ արվեց հարցը ներկայացնել որպես «Թուրքիայի բարի կամքի դրսևորում»: Քանի որ Թուրքիայի Հանրապետության տիրույթում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում, գտնվող հայկական հազարավոր հուշարձանների կարգավիճակը և դրանց նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները հստակեցված են միջազգային օրենքով և ամրագրված են միջպետական փաստաթղթերում, ուստի անհրաժեշտ է հարցի մեջ պարզություն մտցնել միջազգային իրավունքի տեսանկյունից:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Թուրքիայի Հանրապետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ճանաչումը, բխում է Լոզանի (24 հուլիսի, 1923թ.) պայմանագրից՝ մաս 1-ին, հոդված 1-ին: Նույն պայմանագրի 1-ին մասի 3-րդ բաժինը (հոդվածներ 37-44) ամբողջովին նվիրված է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, նրանց ինքնության ու ժառանգության պահպանմանը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ ազգային փոքրամասնություններին վերաբերող վերոնշյալ 37-44 հոդվածներին Լոզանի պայմանագրի 37-րդ հոդվածով տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) կարգավիճակ և բացարձակ գերակայություն բոլոր այլ օրենքների, կանոնակարգերի և պաշտոնական գործողությունների նկատմամբ. «Հոդված 37. Թուրքիան ընդունում է, որ 38-ից 44 հոդվածներում առկա պայմանավորվածությունները ճանաչվում են որպես հիմնարար օրենքներ, և որևէ օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող հակասել դրանց կամ խոչընդոտել այդ պայմանավորվածություններին, ինչպես նաև ոչ մի օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող գերակա լինել դրանց նկատմամբ»:

Ինչպես ակնհայտ է նշյալ հոդվածից, վերոշարադրյալը խիստ կարևոր հանձնառություն է և հանդիսանում է Թուրքիայի համար միջազգային անբեկանելի պարտավորություն: Անհրաժեշտ է ընդգծել, որ իրավունքի մեջ հիմնարար օրենքի խմբին են դասվում սահմանադրությունները կամ դրանց հավասարեցված իրավական փաստաթղթերը:

Քանի որ սույն հոդվածի նպատակներից դուրս է քննել Լոզանի պայմանագրով ամրագրված ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի, բոլոր իրավունքները, ուստի մենք կանդրադառնանք միայն խնդրո առարկային՝ ազգային փոքրամասնությունների կրոնական ազատություններին և նրանց կրոնական կառույցների նկատմամբ Թուրքիայի պարտավորություններին:

Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին մասնավոր կամ հանրային կյանքում տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք:

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավերելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնարար օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով:

Հիմա ամենահետաքրքրականը: Իսկ ովքե՞ր են եղել և մնում Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման երաշխավորները: Լոզանի պայմանագրի 44 հոդվածի 1-ին մասը նշում է. «Թուրքիան համաձայնվում է, որ Թուրքիայի ոչ մուսուլմաններին վերաբերող սույն բաժնի նախորդող հոդվածները հանդիսանում են միջազգային պարտավորություններ և դրանց կատարումը պետք է երաշխավորվի Ազգերի լիգայի կողմից»: Հատուկ պարտականություններ են դրվում Ազգերի լիգայի Խորհրդի (Council of the League of Nations) անդամների վրա՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա:

Այսինքն, ներկայումս Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և Անվտանգության խորհուրդը, որոնք ժառանգել են Ազգերի լիգայի և Խորհրդի ոչ միայն իրավունքները, այլև պարտականությունները, հանդիսանում են Թուրքիայում հայկական փոքրամասնության և, մասնավորապես, հայկական հուշարձանների պահպանման հովանավորներն ու երաշխավորները:

Ի լրումն այս ամենի, նշյալ 44-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է ցանկացած տարաձայնությունը դատական կարգով լուծելու հնարավորությունը. «Թուրքիան նաև համաձայնվում է, որ օրենքին կամ սույն հոդվածներից բխող որևէ փաստին վերաբերող ցանկացած տարակարծություն, որը կառաջանա թուրքական կառավարության և պայմանագիրը ստորագրած որևէ երկրի կամ Ազգերի լիգայի Խորհրդի որևէ անդամի միջև, պետք է համարվի միջազգային բնույթի վեճ, ինչպիսին ամրագրված է Ազգերի լիգայի կանոնակարգի 14-րդ հոդվածով: Թուրքական կառավարությունը սույնով իր համաձայնությունն է հայտնում, որ նման վեճը, եթե մյուս կողմն այդպես պահանջի, պետք է փոխանցվի Արդարության միջազգային մշտական դատարանի տնօրինմանը: Արդարության միջազգային մշտական դատարանի վճիռը պետք է լինի վերջնական և պետք է ունենա այնպիսի լիազորություն և հետևանք, ինչպիսին [Ազգերի լիգայի] Կանոնակարգի 13-րդ հոդվածով կայացված վճիռները»:

Այսինքն, Լոզանի պայմանագիրը ստորագրած ցանկացած երկիր (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) կամ Խորհրդի (ներկայումս՝ Անվտանգության խորհրդի) անդամ որևէ երկիր (5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից յուրաքանչյուրը) հայկական հուշարձանների ավերման հարցով իրավասու է Թուրքիայի դեմ հայցով դիմել Արդարության միջազգային մշտական դատարան (ներկայումս՝ Արդարության միջազգային դատարան): Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան նաև պարտավորված են վերահսկել Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի, հանդեպ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը:

Խախտելով ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ Թուրքիան սասանում է իր գոյության իրավական հիմքերը, քանի որ, ըստ միջազգային օրենքի, պայմանագրերը կատարվում են ամբողջության մեջ. պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից հանձնառությունների չկատարումն ազատում է մյուս կողմին հանձնառությունների կատարումից: Պայմանագիրը փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, հետևաբար, եթե Լոզանի պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը (Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) ճանաչել է Թուրքիայի Հանրապետությունը, նրա արևմտյան ու հարավային սահմանները, ապա մյուս կողմը (Թուրքիան) դրա դիմաց ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ մասնավորապես 37-44 հոդվածների մեջ ամրագրված ազգային փոքրամասնության իրավունքների հարգումը: Հետևաբար, չկատարելով իր ստանձնած պարտավորությունները, Թուրքիան հարցականի տակ է դնում Լոզանի ողջ պայմանագրի վավերականությունը: Պայմանագրերի օրենքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969) միանշանակ է այդ հարցում. «Հոդված 60, 2. Բազմակողմ պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից պայմանագրի կոպիտ խախտումը իրավունք է տալիս. (ա) մյուս մասնակիցներին, միաձայն համաձայնությամբ, կասեցնել պայմանագրի գործունեությունը ամբողջությամբ կամ մասամբ, կամ լիովին դադարեցնել այն»:

Այսու, թուրքական իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակային ավերումը սոսկ բարոյականության հարց չէ, այլ միջազգային հանձնառությունների կոպիտ խախտում: Մեկ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը չի կարող փարատել Թուրքիայի Հանրապետության կողմից Լոզանի պայմանագրի հետևողական, բազմակի և շարունակվող ոտնահարումների փաստը:


1 օգոստոսի, 2007թ.