Հայկական տպագրութիւն
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
I
ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈԻԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

Երբ ներկայ աշխատութիւնը մաս մաս տպվում էր «Մշակի» մէջ, ես շատերից լսում էի նկատողութիւն թէ նրա բովանդակութիւնը չէ համապատասխանում վերնագրին։ Այս առիթով ես պարաաւոր եմ համարում բացատրութիւններ տալ իմ ընթերցողին։

Իւրաքանչիւր գորձ ունի մի որոշ ծրագիր։ Իմ ձրագիրն էր տալ պատմուածքներ մեր անցեալ մտաւոր, կուլտուրական և քաղաքական կեանքից։ Բայց ես այս աշխատաութիւնը անուանեցի «Հայկական Տպագրութիւնը» որովհետև, ինչպէս տեսնում է ընթերցողը, տպագրութիւնն է այն առանցքը, որի շուրջ պտոյտ են գալիս իմ պատմուածքները։

Եթէ նայենք տպարանին իբրև մի արհեստանոցի, հետևենք նրա դանդաղ, համարեա աննշան առաջադիմութեան, մենք շատ քիչ բան կունենայինք ասելու, մանավանդ որ Հայ տպարանը իբրև արհեստանոց արդէն ունի իր պատմութիւնը, թէև, պէտք է խոստովանել, բաւական Թերի և պակասաւոր պատմութիւնը («Պատմութիւն Հայկական Տպագրութեան», Վենետիկ 1895)։ Ո՛չ տպարանը միայն արհեսաանոց չէ. նա գրականութեան հոգին է, առանց նըրան անհնարին կը լինէր երևակայել անգամ այն ամենը, ինչ ունենք այսօր։ Իմ աշխատութեան մէջ ես արդէն շեշտել եմ մեր ազգի համար շատ բնորոշ մի հանգամանք - այն, որ հայ տպարանը իր հետ աշխարհի զանազան կողմերն էր տանում հայ գրականութիւնը․ ուր կար տպարան, այնտեղ էլ սկսվում էր գրականութիւն։

Այսպէս նայելով տպարանին, ես, ուրեմն, պիտի տայի հայերէն գրքի պատմութիւնը այն ժամանակից, երբ նա սկսեց ժողովրդականանալ տպագրական մամուլի միջոցով։ Հետևելով մեր գրականութեան, ես չէի կարող չը հետևել և մեր կեանքին, որովհետև այդ երկուսը—կեանք և գրականութիւն—չէ կարելի բաժանել իրարից։ Ես պարտաւորութիւն էի համարում որքան կարելի է շատ լուսաբանել կեանքը, մանրամասն խօսել նրա վրա ազդեցութիւն թողած երևոյթների մասին, որպէս զի աւելի պարզ կերպով պատկերացնեմ մեր առաջադիմութեան հանգամանքները։

Ահա իմ ծրագիրը։ Ինձ ասում էին թէ դա գիտնական ձև չէ։ Թող այդպէս էլ լինի։ Ես միտք էլ չեմ ունեցել տալ մի գիտնական աշխատութիւն, եթէ այդպիսի աշխատութեան հիմնական յատկութիւնը պիտի լինի չոր ու ցամաք պատմուածքը, եթէ գիտնականութեան համար պէտք է փակվել ընտրած ճիւղի սահմաններում, ենթադրելով թէ ընթերցողը մնացածը գիտէ։ Ո՛չ։ Մեր ժողովուրդը-ես ամենից առաջ նրան եմ աչքի առջև ունեցել—ոչինչ չը գիտէ իր անցեալի մասին։ Իմ ուժերիս ներածին չափ օգնել նրան մի մատչելի, կենդանի կերպով պատմված գործով—այս էր իմ ամբողջ ձգտումը։

Չը գիտեմ որքան ինձ աջողվել է այս բանը։ Ի նկատի ունեցէք թէ ինչ ահագին աշխատութիւն է պահանջում մի այդպիսի գործ, և այն միջոցները, որ մենք ունենք։ Մեզանում չը կայ մի հարուստ գրադարան, ուր կարելի լինէր հեշտոթեամբ ձեռք բերել ինչ հարկաւոր է։ Գրքեր գտնելու համար պէտք է վազել այս ու այն կողմ, խնդրել այս ու այն անհատին, հանդիպել զանազան դժուարութիւնների։ Այսպիսի հանգամանքների մէջ չէր կարելի մի բոլորովին լիակատար գործ տալ․ և ինձ, կասեմ հէնց այժմից, աւելի քան մի ուրիշին լաւ յայտնի են իմ աշխատութեան պակասութիւնները։ Բայց կասեմ և այն, որ ոչինչ ջանք ու աշխատութիւն չեմ խնայել որպէս զի հնար եղածին չափ պակասութիւններից կասութիւններից ազատ պահեմ այս պատմութիւնը։ Ես պարտք եմ համարել խօսել այնպէս, ինչպէս փաստերն են թելադրում, իմ դատողութիւնների և եզրակացութիւնների մէջ ես ամեն տեղ հիմնվել եմ իրողութիւնների, պատմութեան վրա։

1901.

II
ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈԻԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

«Հայկական Տպագրութիւնը» գնահատվեց ընթերցող հասարակութեան կողմից․ առաջին տպագրութիւնը սպառվեց մի կարճ միջոցում։

Այժմ, երեք տարուց յետոյ, ձեռնարկելով երկրորդ տպագրութեան, ես պէտք է յայտնեմ որ վերև բերած տողերի վրա աւելացնելու բան չունեմ։ Աշխատութեանս ծրագիրը, նպատակը մնում են մի և նոյնը։

Բայց մի և նոյնը չէ մնում ծաւալը: Ներկայ հրատարակութեան մէջ, ինչպէս կը տեսնէ ընթերցողը, ես մտցրել եմ բազմաթիւ փոփոխութիւններ․ աւելացրել եմ նոր գլուխներ, ընդարձակել եմ պատմական տեսութիւնները որպէս զի համաչափութիւնը գործիս զանազան մասերում պահպանված լինի։

Այս փոփոխութիւնները մտցրված են գլխաւորապէս աշխատութեանս առաջին մասի մէջ և երկրորդ մասի առաջին ութ գլուխների մէջ։

1904, Ապրիլ:


ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈԻԹԻԻՆ


Գիրքը մարդու մեծագույն գանձն է։
Կարլէյլ

1470 թւականին, Յովհան Գուտենբերգի մահից երկու տարի միայն անցած, Պարիզի համալսարանի րեկտօր Ֆիշէ գրում էր գիտնական Րօբերտ Հագէնին.

«Ինչպէս ասում են, Մայնց քաղաքից ոչ հեռու ապրում էր ոմն Յովհան Գուտենբերգ, որ հնարեց տպագրութեան արուեստը… Այս մարդը ճշմարտապէս արժանի է, որ բոլոր մուսաները, բոլոր արուեստները եւ մարդկային բոլոր այն լեզուները, որոնք օգտվում են գրքից, փառաբանեն նրան աստուածային գովեստներով»։

Այժմ տօնվում է Գուտենբերգի ծննդեան հինգ հարիւր ամեայ տարեդարձը եւ աստուածային գովեստները լսվում են քաղաքակրթված աշխարհի բոլոր կողմերից։ Լուռ չը պիտի մնանք եւ մենք, քանի որ մենք էլ մէկն ենք այն լեզուներից, որոնք այնքան երախտապարտ են Գուտենբերգին։

Տասն երեք տարուց յետոյ չորս հարիւր տարի կանցնէ այն օրից, երբ լոյս տեսաւ առաջին հայերէն առաջին տպագրած գիրքը: Չորս դարերի այդ երկար շրջանում եթէ հայկական կեանքի մեջ կարելի է գտնել մի մխիթարական երեւոյթ,- դա միայն տպարանական մամուլն է։ Չորս դարերի մեր պատմութիւնը այդ հրաշալի գործիքի պատմութիւնն է.— մենք, ի հարկէ, այն պատմութիւնը չունենք ի նկատի, որ հայի արեան, արտասունքների եւ ստրկութեան մասին է խօսում, այլ այն պատմութիւնը, որի առարկան մեր կուլտուրական ու մտաւոր առաջադիմութիւնը պիտի լինի։

Ճիշտ է, կար եւ մի այլ ասպարէզ—վաճառականութիւնը, ուր հայը ցոյց էր տալիս իր կուլտուրական ընդունակութիւննները։ Բայց վաճառականութեան մասին դեռ Արիստօտէլն ասում էր. «Ոսկին դարձե է նպատակ, մինչդեռ նա պիտի լինի միայն միջոց»։ Հին աշխարհի հսկայ խելքը դառնութեամբ էր արձանագրում, որ ոսկի հորթը կլանում է քաջութիւնը, պատերազմական առուեստը, գիտութիւնը իր բոլոր ճիւղերով։ Ոչ մի տեղ վաճառականութիւնը ազգային գոյութեան միակ նեցուկ չէ եղել. նա ազգ ու հայրենիք չէ էլ ճանաչում, եւ այն ազգերը, որոնք, իդէալ ու պաշտամունք են դարձրել վաճառականութիւնը միայն, չարաչար պատժվել են ու կորել։

Հայերը, բարեբախտաբար, իրանց ուշքն ու միտքը միայն ոսկի հորթին չը նուիրեցին։ Նրանց համար կար եւ մտաւոր գործը, որին ծառայեցին թէեւ համեմատաբար թոյլ չափերով, բայց յարատեվ եռանդով ու տոկունութեամբ։ Այդ գործունէութիւնը մեր գոյութեան ամենահզօր պատուարն է եղել եւ տպագրական մամուլի ամենամեծ երախտիքներից մէկն է կազմում։

Մօտ չորս դար մեզ ապրեցրել է Գուտենբերգի գիւտը։ Եւ այսօր, երբ տօնվում է մեր այդ աննման երախտաւորի յօբելեանը, ի՞նչ կարող ենք մենք նուիրել նրա անմահ յիշատակին։ Միայն մի բան–մեր երախտագիտութիւնը։ Դա է մեր միակ պսակը Գուտենբերգի անյայտ գերեզմանի վրա։ Իսկ թէ որքան թանգագին է այդ պսակը, մենք այդ կարող կը լինենք չափել ու կշռել, երբ կիմանանք, թէ ինչ էր տպագրութիւնը մեզ համար։


ԱՌԱՋԻՆ ՄԱՍ


XVI ԴԱՐ

0ւցւիւ26օ1


Նոր Պատմութիւնը։—հայկական տպագարութեան սկիզբը եւ նրա հանգամանքները։— Վեճհտիկ. տպագրական գործունէութիւն։— «Հայոց տուն»։—Իտալիայի դերը. Վերածնութիւն։—Առաջին տպագրութիւն — «Պարզատօմար։— «Տաղարան», Յովհաննէս Թլկուրանցին առաջին հայ հեղինակը, որի աշխատութիւնը տպագրվում էր նրա կենդանութեան ժամանակ։—«Ուրբաթագիրք»։–«Ախտարք»։ —Առաջին տպագրութիւնների գնահատումը:— Տպարանը` լոյսի եւ խավարի գործիք։

Տասն և հինգերորդ դարի երկրորդ կէսը համաշխարհային պատմութեան մէջ հռչակված է երեք խոշոր դէպքերով։ 1453-ին օսմանեան թիւրքերը մտան Կ.Պօլիս.— դա մեծ աղէտ էր, որ սարսափ տարածեց ամրողջ Եւրօպայի վրա։ Եւ այդ սարսափի տարիներում, 1455-ին, գերմանական Մայնց քաղաքի մէջ, մի համեստ, աղքատ աշխատաւոր մարդ, Յովհան Գուտեմբերգ, լոյս հանեց առաջին տպագրած գիրքը։ Սա երկրորդ դէպքն էր: Իսկ երրորդ մեծ դէպքը տեղի ունեցաւ դարի վերջերում. 1492-ին Քրիստափոր Կօլումբոսը հասաւ Ամերիկայի ափերին։

Տասն և հինգերորդ դարով վերջանում էր մարդկային պատմութեան երկրորդ մեծ շրջանը— Միջին դարերը: Սկսվեց երրորդ շրջանը — Նոր պատմութիւնը։  Ամենալայն մտքով իսկապէս համաշխարհայինը Մայնցի դէպքն էր: Գուտեմբերգի տպարանական տառերը ամբողջ մարդկութեան սեփականութիւնը պիտի դառնային։ Եւ մարդկային հանճարի այդ հրաշալի մեծագործութիւնը, որ կոչված էր յեղափոխելու մարդկութեան ճակատագիրը, իսկոյն սկսեց տարածվել ամեն տեղ, ուր լուսաւորութեան քաղաքակրթութեան պահանջ կար։ 9 տարուց յետոյ (1464) տպագրութիւնը երևաց Իտալիայում, 15 տարուց յետոյ՝ Ֆրանսիայում, 18 տարուց յետոյ՝ Հօլլանդիայում, 19 տարուց յետոյ՝ Սպանիայում, 22 տարուց յետոյ՝ Անգլիայում, 27 տարուց յետոյ՝ Դանիայում, 28 տարուց յետոյ՝ Շվեցիայում, 29 տարուց յետոյ՝ Պօրտուգալիայում, 37 տարուց յետոյ՝ Աւստրիայում։

Եւրօպական երկիրների մի շարք։ Բայց 57–րորդ տարում այդ շարքը պատռում է ասիական մի փոքրիկ և անյայտ ազգ-հայերը։ Նորագոյն ճիշտ հետազօտութիւնները ապացուցել են որ հայերէն առաջին տպագրութիւնը եղել է 1512 թւին։ Այդ թւին տպվեց «Պարզատումար», իսկ յաջորդ տարին՝ չորս գիրք. «Պատարագատետր», «Ուրբաթագիրք», «Տաղարան» և «Աղթարք»[1]): Այսպիսով հայերը առաջաւոր հանդիսացան ոչ միայն իրանց դրացիների մէջ այլ և եւրօպական մի քանի ազգերի վերաբերմամբ անգամ։ Տպագրութիւնը Ռուսաստանում սկսվեց 1564-ին, իսկ Ամերիկա մտաւ արդէն 1640-ին:

Սակայն պէտք է նկատենք մի մեծ տարբերութիւն։ Մեր բերած ցուցակը ցոյց է տալիս որ այս կամ այն ազգի տպագրութիւն հաստատվեց նոյն ազգին պատկանող երկրում։ Այսպէս չէր և այսպէս չէր էլ կարող լինել հայկական տպագրութիւնը. 1512-1513 թւականների հրատարակութիւնները Հայաստանի մէջ չը լոյս տեսան, այլ նրանից շատ և շատ հեռու մի տեղ, Վենետիկում։

Իւրաքանչիւր ազգ մի առանձին պարծանքով է պահում իր առաջին տպագրիչի անունը։ Իսկ մենք չը գիտենք թէ ո՞վ էր որ առաջին անգամ հայերէն տառեր ձուլեց և գիրք տպեց։ Ճիշտ է, 1513-ի հրատարակութիւնների մէջ յիշատակվում է մի ոմն Յակոբ, բայց այս մարդու մասին մենք ոչ մի տեղեկութիւն չունենք։ Եւ հազիւ թէ Յակոբը եղած լինի առաջին հայ տպարանատէրն ու տպագրիչը։ Միանգամայն հաւանական է, որ այդ բոլոր վենետիկեան հրատարակութիւնները տպագրված են իտալական տպարանում, իտալացիների ձեռքով։

Վենետիկը, հայերի լուսաւորութեան այս գեղեցիկ հայրենիքը, փառաւոր տեղ է գրաւում տպագրութեան պատմութեան մէջ։ Իտալական քաղաքներից ոչ մէկը հարուստ ու լուսաւոր Վենետիկի պէս չը հռչակվեց իր տպարանական գործերով։ Ադրիական ծովի չքնաղ թագուհին ոչ միայն կատարելագործեց տպագրական տառերը, զարմանալի նրբութեան հասցրեց արուեստը, այլ և առաջինն էր, որ ցոյց տուեց թէ ինչ կոչում ունի տպարանը մարդկութեան համար։ Տպագրութիւնը Վենետիկ մտաւ 1469 թւին։ Այդ ժամանակից  ??? հազիւ քսան և հինգ տարի անցած` այնտեղ գործում էին 150 տպարաններ․ 25 տարվայ ընթացքում Վենետիկի մէջ տպված գրքերի թիւը հասնում է 2 միլիօնի․․․

Բայց մեծագործութիւնը միայն այդ ահագին քանակութիւնը չէ։ Մինչդեռ Գերմանիայում և ուրիշ տեղերում տպարանը հրատարակում էր մեծ մասամբ կրօնական գրուածքներ և դասագրքեր, Վենետիկը սկսեց անյայտութեան խաւարից լոյս հանել հին կլասիկներին։ Այդ գործով հոչակվել և անմահացել է մանաւանդ Ալդօ Պիօ, որ տպարան հիմնեց XV դարի վերջերում և որի ժառանգները երկար ժամանակ նոյնպէս հոչակաւոր տպագրիչներ էին։

Դաժան, հոգեմաշ գործ էր հին ձեռագիրներ հրատարակելը, մանաւանդ երբ դրանք Պլատօնի և Արիստօտէլի նման հանճարների գրուածքներն էին։ Պէտք էր մանրակրկիտ համեմատութիւններ անել, հետազօտել ձեռագիրների տարբերութիւնները, գտնել աղաւաղումները, պէտք էր արթուն լինել, որ իւրաքանչիւր կէտ իր տեղը լինի։ Մօտ երեսուն գիտուն մարդիկ օգնում էին Ալդօ Պիօին, մեծ մասը ձրի, ոգևորված գործի վեհութեամբ։ Դա գրքերի մի պարզ հրատարակութիւն չէր, այլ սրբագործութիւն․ տպագրիչները գիշերները չէին քնում, աշխատում էին աղօթելով, լաւ հասկանալով թէ ինչ մեծ եւ պատասխանատու գործի են ձեռնարկել։

Տպարանը, իբրև նոր գործ, բազմաթիւ պակասութիւններ ունէր․ բայց վէնետիկեան հռչա  տպագրիչների անձնազոհութիւնը, հսկայական՝ աշխատասիրութիւնը, ի հարկէ, պիտի արհամարհէին ամենադաժան արգելքներն անգամ։ Այդպէս նրանք կարողացան լոյս հանել այնպիսի հրաշալի հրատարակութիւններ, որոնք նոյն իսկ այժմ, երբ տպագրութիւնը վիթխարի առաջադիմութիւններ է արել, նախանձելի են համարվում։ Այդ մեծ մարդիկ արհեստաւորներ չէին միայն, այլ և լուսաւորութեան գաղափարին նուիրված գործիչներ։ Երախաագիտութեան արժանի հանգամանքը այն է մանաւանդ, որ Վենետիկը միայն իտալացիների մասին չէր մտածում, այլ և այն ազգերի մասին, որոնց հետ նա շփվում էր իբրև Միջերկրական ծովի ամենանշանաւոր առևտրական կենտրօններից մէկը։ Այստեղ զարգացաւ սլաւօնական տպագրութիւնը, և երկար ժամանակ սլաւօնական աշխարհր այստեղից էր ստանում իր գրքերն ու տպարանները։ Այստեղ կար հրէական տպագրութիւն, այստեղ 1518-ին տպագրվեց Ղուրանը արաբական լեզուով։ Եւ այսպիսով բարերարված ազգութիւնների մէջ չէին կարող չը լինել և հայերը, որոնք վենետիկցիների վաղեմի ձանօթներն էին։?

Դեռ Ռուբինեանների ժամանակ վաճառականութիւնը վենետիկցուն տանում էր Կիլիկիա և հային-Վենետիկ։ Այս երթևեկութիւնը այնքան սերտ յարաբերութիւններ էր ստեղծել երկու ազգերի մէջ, որ Վենետիկում կառուցվեց «Հայոց տուն» անունով մի շինութիւն, այն էլ մի վենետիկցու կտակած գումարով։ Այդ բարերարը Մարկոս

Հայկ. Տպագր․, I Ծիանին էր, որ շատ անգամ էր եղել Կիլիկիայում ու հարստացել էր այնտեղ. կամենալով լաւութիւն անել իր բարեկամ հայերին, նա կարգադրեց որ իրանից յետոյ մնացած կայքերը գործադրվեն յօգուտ այն հայ պանդուխտների, որոնք գնում են Վենետիկ[2]: Նրա առատաձեռնութեամբ շինված «Հայոց տունը» շէն ու կանգուն էր դարերի ընթացքում. օտարութեան մէջ թափառող հայը գիտէր, որ դօժերի գեղեցիկ մայրաքաղաքում պատրաստ կայ իր համար օթևան և նոյն իսկ ապրուստի միջոց։ Այդքանն էլ բաւական էր, որ այդ բարեգործական հիւրանոցում միմեանց հանդիպէին վաճառականը, կրօնաւորը, աղքատը, և առհասարակ զանազան կողմերից եկած և զանազան կողմեր գնացող մարդիկ։ Եւ անշուշտ «Հայոց տան» մէջ ապրողներն էին, որ օգնեցին Վենետիկի արուեստագէտներին հայկական տառեր փորագրելու և ձուլելու, ինչպէս նաև ցոյց տուին թէ ինչ գրքեր կարող են լաւ տարածվել հայերի մէջ։

Եւ այդ փաստը գուցէ միակ ուրախալի, միակ յուսատու երևոյթն էր այն ժամանակվայ հայկական կեանքի մէջ: Մարդկային ոչ մի գիւտ այնպէս չէ արհամարհում աշխարհագրական տարածութիւնները, անջրպետներն ու սահմանները այնքան սերտ չէ կապում ազգերը միմեանց հետ, ինչպէս մտքի և հոգու այն սքանչելի գործիքը, որ տպարանն է։ Իտալիան 1513-ին հինգ գիրք տուեց հայերին. հաշւելով որ իւրաքանչիւր գրքից տպագրված է գրված է 300-ական օրինակ (այս թիւը սովորական էր այն ժամանակվայ հրատարակութիւնների համար), մենք կը ստանանք 1500 օրինակ․ Դա մի ամբողջ հոսանք էր․ Իտալիան մի փոքրիկ պատուհան էր բաց անում դէպի Հայաստան։ Բավական է միմեանց կողքի դնել այդ երկու երկիրները.-Իտալիա և Հայաստան, և պարզ կը լինի, որ Հայաստանի բարի հրեշտակն էր այդպէս կարգադրել-հայկական տառեր իտալական հողի վրա։

Իտալիան մի ճրագ էր ամբողջ Եւրօպայի համար։ Այստեղ սկսվեց Վերածնութեան դարը։ Այստեղ ծագեց նոր ժամանակների, նոր մարդկութեան արշալոյսը, որ սկսեց հալածել միջնադարեան խաւարը, թաղեց վանքի ու ճգնաւորութեան գաղափարը և մարդուն կանգնեցրեց ինքնաճանաչութեան հողի վրա, սովորեցրեց նրան լինել հպարտ իր խիզախ, որոնող, տարրալուծող հոգով, լինել հողի և իրականութեան զաւակ, ազատ ու ինքնակամ անհատ։ Այստեղ Դանտէն, առաջնորդվելով իր աստուածային Բէաթրիչէի սիրով, հրաշակերտեց «Աստուածային Կատակերգութիւնը»։ Այստեղ Պետրարկան երգեց իր Լուարային, իր Իտալիան, մի և նոյն ժամանակ որոնելով հեթանոս հանճարներին, որոնց գործերը կղերականութիւնը թազել էր փոշիների մէջ. գտնելով մի տեղ Հոմերոսը, նա ուրախութիւնից և յուզմունքից լաց էր լինում. նրա օրինակին հետևեցին հարիւրաւոր մարդիկ, որոնք վանքերի անարգ գերութիւնից ազատեցին հին Յունաստանն ու Հռօմը։ Այստեղ Բօկկաչիօն ստեղծեց գեղարուեստական վէպը, ստեղծեց նաև գրական լեզու․ նրա հռչակաւոր «Դեկամերօնը» աhագին ազդեցութիւն գործեց և այսօր էլ դեռ մեռած չէ, կարդացվում է ախորժանքով։ Այստեղ Մատթէօ Բօեարդօ և Լօդօվիկօ Արիօստօ հիւսեցին Ռօլանդի գիւցազնական վէպը, մէկը՝ սիրահարված Ռօլանդի, միւսը՝ կատաղի Ռօլանդի: Այստեղ էին Միկէլ-Անջէլօ (քանդակագործ), Լէօնարդօ-դա-Վինչի[3]), Ռաֆայէլ (նկարիչներ)։

Որքան մեծ անուններ, որպիսի հանճարներ միմեանց ետևից կամ միաժամանակ։ «Իտալիայի գիւտը-ասում է Միշլէ-VXI դարի համար աւելի մեծ նշանակութիւն ունէր, քան Ամերիկայի գիւտը»։ Նրա առատ ու մաքուր լոյսերից ազգերը լիաբուռն բաժին էին վերցնում իրանց համար: Գերմանիան աշակերտեց նրան վերածնութեան շարժման մէջ։ Ֆրանսիան պատերազմներ էր մղում Իտալիայի դէմ և թէև յաղթեց այս բաժան-բաժան դարձած երկիրը, բայց յաղթված իտալացիներն էլ նուաճեցին յաղթողներին իրանց մտաւոր հարստութեամբ։ Իտալիայի ազդեցութեան տակ մեղմացան ֆրանսիական բարքերը, ծաղկեց ֆրանսիական գրականութիւնը, պահելով, սակայն, իր ազգային ինքնուրոյնութիւնը։ Իտալական աղդեցութիւնը ուժեղ էր Սպանիայում և Լեհաստանում. նոյն իսկ Անգլիայի պէս ինքնուրոյնութիւն սիրող առաջաւոր երկրում իտալական բանաստեղծները օրինակ էին, նմանողութեան առարկայ։

Եւ ահա այդ լուսատու աստղը տպարանի միջոցով կապվում է Հայաստանի հետ։ Բայց հայեր էլ կա՞ն նրա աշակերտների մէջ։

Աւաղ․ մարդկութեան կեանքի մէջ չը կան յանկարծակի, հեշտ թռչիքներ։ Ազգերը բարձրանում են աստիճաններով, իսկ հայ ազգը այն աստիճանի վրա չէր, որ կարողութիւն ունենար հասկանալու Պետրարկաներին, Արիօստօներին աշակերտելու անհրաժեշտութիւնը։ Հայի այն ժամանակվայ մտաւոր պահանջների մասին ուղիղ հասկացողութիւն տալիս են հէնց այն հինգ գրքերը, որոնք տպվեցին Վենետիկում։

Դրանցից միայն մէկը («Պատարագատետր») նշանակված էր եկեղեցում գործ ածելու համար, մնացածները ժողովրդական գրքեր էին։ «Պարզատօմարը» եկեղեցական տօներն էր ցոյց տալիս մեր այժմեան օրացոյցների նման։ Այդ առաջին տպագրած օրացոյցն էլ ունէր «Երազացոյց», «Մարմնախաղաց»-հին նախապաշարմունքներ և խաբեբայական գուշակութիւններ, որոնք այսօր էլ շահագործվում են օրացոյց հրատարակողների տգէտ մեծամասնութեան ձեռքով։

Աւելի աչքի ընկնող գործ էր «Տաղարանը»։ XV Դարից մեզանում երևան են գալիս մի շարք ժողովրդական երգասացներ, որոնցից մի քանիսը բաւական յայտնի անուն են թողել իբրև բանաստեղծներ։ Այդ երգասացները մեծ մասամբ հոգևորականներ էին, բայց կային և աշխարհական մարդիկ էլ։ Ժողովրդական գրականութեան պահանջը այնքան զգալի էր դարձել, որ երգասաց հոգևորականները մի կողմ էին թողնում երկնքի և հոգու գործերը, երգում էին գինի և սէր, սոխակ ու վարդ, և երգում էին, ի հարկէ, ժողովրդին հասկանալի լեզուով, աշխարհաբարով: Ահա այդ տեսակ երգերի ժողովածու էր «Տաղարանը»։ Երգերի մեծ մասը Յովհաննէս Թլկուրանցու գրածներից էր։

Թլկուրանցին բաւական աշխոյժ ու տաք, մի երգիչ էր․ սէր ու գինի երգում էր այն ժամանակ, երբ աշխարհական էր։ Բայց դառնալով հոգևորական, նոյն իսկ բազմելով Սիսի կաթողիկոսական աթոռի վրա, նա չը մոռացաւ բանաստեղծութիւնը։ Թէև փոխեց ոգևորութեան առարկան, սիրոյ և վարդի փոխարէն խրատական ոտանաւորներ էր գրում, բայց ծերութեան հասակում էլ մի մի անգամ յիշում էր երիտասարդութեան գրգիոները և գիմում էր սիրոյ լեզուին․ մի քանի սիրային երգեր գրեց նա 70 տարեկան հասակում, երբ կաթողիկոս էր․

Թլկուրանցին վախճանվել է 1525 թւականին։ Եւ որովհետև նրա երգերը հրատարակվեցին 1513-ին, ուստի նա հանդիսանում է առաջին հայ հեղինակը, որի գրուածքները տպագրվում էին նրա կենդանութեան ժամանակ։

Այս գեղեցիկ երևոյթի հետ հայերէն առաջին տպագրութիւնը աշխարհ էր գցում և մութ գործեր։ Դրանք «Ուրբաթագիրքն» ու «Աղթարքն» էին, գրքեր, որոնք երգարանից աւելի անհրաժեշտ էին միջնադարեան նախապաշարված, տգիտութեան, մէջ կաշկանդված մարդուն։ Սատանաներ ու դևեր հալածող զօրաւոր աղօթքներ և երդմնեցուցչութիւններ, չար աչքից, կանանց և կախարդների «վեց հազար և վեց հարիւր եօթանասուն երկու աղանդներից» ազատող հնարքներ, աղօթքներո բժշկվելու խրատներ, բախտ և դժբախտութիւն գուշակելու միջոց և այլ այսպիսի հարիւրու մի յիմարութիւններ և խաբեբայութիւններ, - ահա ինչ կար այդ երկու գրքերի մէջ։

«Ուրբաթագիրքն» էլ, «Աղթարքն» էլ բժշկարաններ էին։ Բայց ի՞նչ տեսակ բժշկութիւն էր տրվում նրանց մէջ։ «Ուրրաթագրքի> սկզբում դրված է մի պատկեր։ Պառկած է հիւանդը. մի վարդապետ կանգնած է նրա մօտ և գիրք է կարդւմ, իսկ վարդապետի ետևում կանգնած են շապիկ հագած երկու տիրացուներ։ Բժշկութիւնը, ուրեմն, ամենից առաջ աղօթքով: Գիրքը խրատում է որ ուրրաթ կամ չորեքշաբթի օրը հիւանդին պէտք է տանել եկեղեցու դուռը և կարդալ նրա վրա այս և այն աղօթքները։ Բացի դրանից առաջարկվում են զանազան թալիսմաններ։ Այսպէս, Նարեկի «Որդի Աստուծոյ» աղօթքից յետոյ տպված է հետևեալը.

«Եւ ես յամենայն ժամ զայս ասեմ թէ հանապազ այս գիրքն ի գրկիս, աստուածարան ի բերանիս, ձեռագիրն ի ճակատիս, այս սէրս սէր է իմ սրտիս, և անմոռաց ի յիմ մտիս։ Մարմինս տուն է տէրունի, միտքս նման սուրբ քահանի, սիրտս տեղի սուրբ սեղանի, խորհուրդս անարատ պատարագի, աղօթքս խունկ ընդունելի: …Արդ երդումն տամ վկայութեամբ սուրբ գրոյս այսորիկ
զոր գրեցաք․ ուր լինի դիրս և ուր կարդացւի, ոչ մերձենայ ի տունն այն չար և ոչ որոգայթ․ ոչ ի այր մարդ և ոչ ի կին․ ոչ ի ծեր և ոչ ի տղայ, ոչ երիտասարդ և ոչ ի կուսան, ոչ ի մէն կենալն և ոչ ի ճանապարհի, այլ կապած է ամենայն չար ի դէմ ծառայիս Աստուծոյ Մարտիրոսին»։

Տպված չէ միայն վերջին բառը։ Այդ Մարտիրոսը ձեռքով աւելացրված է։ Գրքի մէջ թողնվում էր բաց տեղ, որպէս ղի առնողը գրէ նրա մէջ իր անունը․ և այդպիսով գիրքը դառնում էր գնողի անձնական թալիսման, որ պիտի պահէր նրան չար աչքից ու դևերից։ Այժմ էլ, մեր օրերում, «Ուրբաթագրքի» աղօթքներից մի քանիսը տպվում են «Կիպրիանոս» անունով ժողովրդական աղօթագրքի մէջ։

Այսպէս է և «Աղթարքը»։ Նրա մէջ տպված է «Բժշկարան և հաքիմարան ըստոյգ և զարմանալի Մեծին Ճալալիոս հաքիմին արարեալ», բայց կան և վիճակի, բախտի գուշակութիւններ, բարի և չար օրերի ցուցակներ լուսնի թւերով, երազաների բացատրութիւն․ նոյն իսկ երկրաշարժն էլ բարի և չար գուշակութիւնների առարկայ է։

Տպագրութեան հետ կապված է մի բարձր, վեհ, լուսաւոր հասկացողութիւն։ Այս է պատճառը, որ երբ 1890–ական թւականներին յայտնի դարձաւ, որ առաջին հայ տպագրութիւնների թւումն են և «Ուրբաթագիրքն» ու «Ախտարքը», Վենետիկի «Բազմավէպը» մի կերպ վիրաւորանք զգաց որ միջնադարեան այդ աղջամուղջր պիտի վայելէ հայ տպագրութեան անդրանիկ պտուղների պատիւը․ ուստի և առաջարկում էր տպագրութեան առաջին գործ համարել, ինչպէս եղել էր մինչև այգ, 1565-ին տպված «Սաղմոսը»։ Բայց դա աւելորդ մի վիրաւորանք էր։ Ժամանակագրութիւնը փոխել չէ կարելի, և բացի դրանից՝ այդ երևոյթն էլ շատ բնական էր։

Հայերի մէջ էլ տպարանը հէնց առաջի քայլում ցոյց էր տալիս, որ ինքը պիտի ծառայէ թէ՛ լոյսին և թէ՛ խաւարին, գիտութեան և տգիտութեան․ նրա միջոցով մարդիկ թէ՛ պիտի կենդանանային և թէ՛ թունաւորվէին։ Այս շատ նշանաւոր հանգամանքը պարզել էր ինքը, տպագրութեան հայր Գուտենբերգը, որի տպարանից դուրս եկաւ մարդկային մի աւելի մեծ և վնասակար յիմարութիւն-ինդուլգենցիաներ, այսինքն մեղքերի թողութիւն շնորհող տոմսակներ, որոնք կրում էին իրանց վրա կղերի կնիքը և վաճառվում էին հրապարակներում, իրբև եկեղեցական գանձարանների համար շատ շահաւէտ ապրանք։ Բայց տպարանի այդ երկդիմութիւնը վտանգաւոր չէր. ինդուլգենցիա տպագրող մամուլը տպում և հրատարակում էր նաև Ուլրիխ Ֆօն-Հուտտէնի կրակոտ գրուածքները։ Լոյսի և խաւարի կռիւ-այսպէս էր պահանջում այն անդադար շարժումը, որ կրթում, ուժեղացնում է նրա միտքը։ Այդ կուի, այդ եռանդոտ շարժման գործիք դարձաւ տպագրութիւնը։ Միայն այսպէս կարող էր նա իրագործել մի մեծ յեղափոխութիւն աշխարհի վրա։ Ահա հենց այդ կռիւն ու շարժումն էր, որ չը կար մեր նկարագրած ժամանակի Հայաստանում։


Հայերի անցեալը։ — Միջին դարեր. քրիստոնէութիւն եւ քաղաքական թուլութիւն։ — Եկեղեցական անկախութիւն․ կղզիացած դրութիւն եւ մշտական մրցութիւն շրջապատող տարրերի հետ։ — Արաբական իշխանութիւն։ – Հայերի դիմադրութիւնը։ – Միջին Ասիայի ցեղերը։ — Կռիւը ընդունում է նոր, աղէտալի կերպարանք։ — Հայերը զրկվում են իրանց հողից։ — Դիմադրական միջոցները սպառվում են։ —Մօնգօլական արշաւանք։ — Երեք դար մօնգօլական լուծի տակ։ — Լէնկթիմուր։ — Նրա կոտորածների հետեւանքը։ — Ազգաբնակութեան նուազում, վայրենացում։ — Աւերանքների փաստեր։

Եւ կարո՞ղ էր լինել։

Մտաւոր կեանքը, ինչպէս առհասարակ և ամեն տեսակ կեանք, պահանջում է իրան հարկաւոր հիւթերը, պահանջում է նպաստաւոր պայմաններ իր զարգացման համար։ Եւ եթէ ամայի է շրջապատը, խուլ և անողորմ է դէպի այգ պահանջը, կեանք, ի հարկէ, չի լինի,– կատարեալ, առողջ կեանք։

Հայերը Միջին Դարերի ամբողջ շրջանում ներկայացնում էին մշտական կռիւների մէջ տարուբերվող մի ազգ, որ կամ ընկնում էր, կամ բարձրանում, կամ մի առաջադիմող երկրի բոլոր գեղեցիկ երևոյթներն էր ցոյց տալիս կամ խաւարի և մեռելութեան մատնված մի անապատի սարսափելի տեսարանն էր պարզում։

Երբ սկսվում էին Միջին Դարերերը, այդ ազգը արդէն ընդունել էր քրիստոնէութիւնը։ Դրանով նա մի մեծ յեղափոխութեան էր ենթարկել իր ամբողջ պատմական ճակատագիրը։ Վերջ դրվեց հին դարերի հայութեան, որ ասիականութեան մի հարազատ բեկոր էր, ապրում էր ասիական բռնապետութեան յատուկ բոլոր աւանդութիւններով, պաշտամունքներով և աշխարհայեցողութիւններով։ Քրիստոնէութիւնը, երկար, յամառ մրցութիւն մղելով, հետզհետէ իր գոյութիւնը ապահովեց և սկսեց կրթել հայերին ուրիշ սկզբունքների վրա, այն սկզբունքների, որոնք, եւրօպական քաղաքակրթութեան հիմքերն էին կազմում։

Երկրի քաղաքական անցեալը, որ Հին Դարերի ընթացքում ասիական կազմակերպութիւն ունեցող միապետութիւն էր ներկայացնում, դարձաւ կորած, անհասկանալի անցեալ։ Նա չը վերանորոգվեց, նոր կարգերի մէջ նոր ոյժ և տոկութիւն չը գտաւ, ուստի և թուլացաւ քրիստոնէութեան հետ ընդհարվելիս և ընկաւ, զրկելով հայերին և այն քաղաքական փոքր ի շատէ աչքի ընկնող անկախութիւնից, որի մարմնացումն էր նա դարերի ընթացքում։ Հայերը այլ ևս չը կարողացան մի համազգային անկախութիւն ստեղծել և Հայաստանի քաղաքական դերը փոքրացաւ։

Կորցրածի փոխարէն հայերը մի բան միայն կարողացան ձեռք բերել-եկեղեցական ինքնուրոյնութիւն։ Այդ ինքնուրոյնութիւնը նրանք կարող էին պահպանել ծանր, սարսափելի զոհերի գնով։ Եւ նրանք չը խնայեցին այդ զոհաբերութիւնը, որ ձգվում էր դարից դար, որ շարունակվում է մինչև մեր ժամանակները։

Այսպէս էր տրամադրում երկրի աշխարհագրական դիրքը, այսպէս էին հարկադրում այն ներքին և արտաքին հանգամանքները, որոնք ծանրացած էին այդ ազգի վրա։ Շրջապատված ասիականութեան հաւատարիմ մնացած տարրերով, հայ ազգը շատ շուտով ընկաւ ասիական սկզբունքների դէմ կռւողի դրութեան մէջ։ Դա մի շատ ծանր, բայց անխուսափելի ճակատագիր էր։ Մի փոքրիկ, թոյլ ազգ, օժտված կուլտուրական ընդունակութիւններով, նա հարկադրված էր իր հողի վրա մեն–մենակ արիւնահեղ պայքար մղել, պաշտպանելով քրիստոնէական քաղաքակրթութեան սկզբունքները Ասիայի այս խուլ անկիւնում։

Եւ այդքան ծանր խաչը կրելու համար նա բաւական ոյժ գտաւ իր ներսում, իր մտքի ու հոգու մէջ։ Հրաժարվելով իր հեթանոսական–ասիական անցեալից, նա եռանդով սկսեց աշակերտել Արևմուտքին և մի կարճ միջոցում մտաւոր–կրթական մի շարժում առաջ բերեց, որ յայտնի է հինգերորդ դար անունով և որի մէջ նա ցոյց տուեց ինքնուրոյնութիւն, պատրաստութիւն, տոկուն ոյժ։ Բայց այդ փարթամ ծաղկումը էժան չը նստեց հայերին։ Ասիականութիւնը ներկայացնող Պարսկաստանը յարձակվեց այդ խորթ, անհասկանալի լուսաւորութեան վրա, և հայերը ստիպված եղան իրանց արեան գետերով պահպանել իրանց մտաւոր ստացուածքը։ Եւ քաղաքական տագնապները, կոտորածները այնուհետև սկսեցին աւելի եւ աւելի յաճախ այցելել հայերին, քանդել ու աւերել նրանց երկիրը։

Այդ դրութիւնը չը փոխվեց և այն ժամանակ, երբ քրիստոնէական քաղաքակրթութիւնը Արևմուտքում սկսեց ընկնել։ Եկեղեցին, որ կապում էր հայերին Արևմուտքի հետ, հետզհետէ ոչ միայն դառնում էր ձևական պաշտամունք, ոչ միայն ձգտում էր խեղդել աշխարհային կեանքն ու կուլտուրան, այլ և պառակտվեց, զանազան մասերի բաժանվեց, միմեանց հետ անհաշտ, թշնամի մասերի։ Հայերը կտրվեցին Արևմուտքից, բայց դաւանական հակառակութիւնները նրանց նորից ասիականութեան ծոցը չը վերադարձրին, քրիստոնէական քաղաքակրթութեան ընդհանուր հիմքերից չը հեռացրին։ Այդ փոքրիկ, քրիոտոնեայ ազգը հաւատարիմ մնաց իր հինգերորդ դարին և նրա կուլտուրական աւանդութիւններին, թէև Արևելքում կատարվեց մի ահեղ յեղափոխութիւն, որ ոչնչացրեց մազդեզական թոյլ Պարսկաստանը և նրա աւերակների վրա հանդէս բերեց մի նոր ու թարմ ազգ-արարբները իրանց իսլամով, սրի և պատերազմի այդ կրօնով։

Հայաստանր նոր և այս անգամ աւելի ահռելի զոհերով պիտի պահպանէր իր ազգային ինքնուրոյնութիւնը, իր քրիստոնէութիւնը անողոք նուաճողների հարուածների տակ։ Եւ նրա տուած զոհերը անթիւ ու անհամար են։ Չունենալով մի միապաղաղ քաղաքական կազմակերպութիւն, բաժանված լինելով հարիւրաւոր տեղական փոքրիկ իշխանութիւնների մէջ, երկիրը, այնուամենայնիւ, ոչ միայն չընկճվեց վերջնականապէս, այլ և յաճախ ապստամբութիւններ էր յարուցանում՝ իր հողը, իր աւանդութիւնները պաշտպանելու համար։ Երկիրը մի քանի անգամ խեղդվեց արեան հեղեղների մէջ, բայց և այդպէս, նորից գլուխ էր բարձրացնում իր աւերակների տակից․ Ո՞րտեղից էր նա այդքան ոյժ ստանում։

Աւատական կազմակերպութիւնը Հայաստանի քաղաքական թուլութեան մշտական պաաճառն էր։ Բայց արաբական տիրապետութեան ժամանակ հայկական ֆէօդալականութիւնը կարողանում էր անջատ ոյժերով, երբեմն և միութիւններ կազմելով, դուրս գալ տիրողների դէմ։ Հայ ազնուականութիւնը երկրի ռազմիկ ոյժերի ներկայացուցիչն էր և այդ պատճառով էլ մի վտանգաւոր տարը էր կազմում։ Արաբները նրա դէմ ուղղեցին իրանց հարուածները, և հայ իշխանները դարերի ընթացքում կոտորածի էին ենթարկվում։ Չը նայած այդ սարսափելի հանգամանքներին, հայ իշխանները ոչ միայն բնաջինջ չէին դառնում, այլ և կարողանում էին տեղական սահմանափակ անկախութիւններ, թագաւորութիւններ էլ հաստատել, օգտվելով քաղաքական բարեյաջող հանգամանքներից: Եւ այդ փոքրիկ գահերը ծագում ու ապրում էին` ցոյց տալու համար թէ դեռ որքան կենսունակութիւն և կուլտուրական մեծ ոյժ ունի հայ ժողովուրդը։

Իններորդ դարում արաբները Հայաստանում տեղի ունեցած մի մասնաւոր ապստամբութիւն ճնշելու համար ուղարկեցին սարսափելի Բուղային, որ արեան ծովի մէջ խեղդեց դժբախտ երկիրը։ Այդ ահռելի անգթութեան մատնված ազգաբնակութիւնը պէտք է թաղված լինէր գերեզմանի մէջ և երկար ու երկար ժամանակ չը պիտի կարողանար կենդանութեան նշոյլ ցոյց տալ։ Բայց ի՞նչ ենք տեսնում։ Նոյն այդ կոտորածի և աւերմունքի դարում ծնունդ է առնում Բագրատունեաց թագաւորութիւնը, որին տուած էր մի կարճ կեանք, բայց մի կեանք, որ հանդէս էր բերում քաջութիւն, արիութիւն, հայրենասիրութիւն և կուլտուրական բարձր, ճոխ հարստութիւն, որի անշուք պատառները այժմ էլ, Անիի աւերակների մէջ, հիացմունք և զարմանք են պատճառում նոյն իսկ եւրօպացի ճանապարհորդներին։

Որքան էլ հուժկու ու խստասիրտ նուաճողներ լինէին արաբները, որքան էլ նրանց իշխանութեան ներկայացուցիչ ոստիկանները Հայաստանի մէջ ներքին խռովութիւններ, կոտորածներ, աւերմունք տարածէին նոյն իսկ Բագրատունի թագաւորների ժամանակ, հայ ազգաբնակութիւնը, այնուամէնայնիւ, դիմանալու, դիմադրելու՝ և նոյն իսկ առաջադիմելու, կատարելագործվելու դեռ բաւական ոյժ ունէր։ Նա նստած էր իր հողի վրա, տիրապետող, ահագին մեծամասնութիւն կազմող տարը էր։ Նրա վրա տիրում էին հեռուից և նա իր երկրում տեսնում էր միայն արաբական բանակներ, որոնց գործն էր հնազանդութեան մէջ պահել խալիֆի հպատակներին։ Ճիշտ է, այդ բանակները երբեմն մեծ կոտորածներ էին անում, գերիների բազմութիւն էին տանում երկրից դուրս, բայց հայ ժողովուրդը նոյն իսկ նուազած թւով էլ դեռ հեռու էր սարսափելի վտանգից։ Արաբները քաղաքակրթված ազգ էին, յարգում էին յայտնի պայմաններ, իրանց լուսաւորութիւնից նոյն իսկ կարող էին բաժին հանել իրանց հպատակներին: Եւ բացի դրանից, արդէն տասներորդ դարից Բաղդադի խալիֆայութիւնը կորցնում էր իր քաղաքական ոյժը. իսլամը թուլանում էր, աշխարհակալական եռանդը տեղի էր տալիս ծուլութեան և անտարբերութեան։

Ի՞նչ կը լինէր դրանից յետոյ, եթէ ամբողջ Արևմտեան Ասիայի վրա աչք դրած չը լինէր Միջին Ասիան։ Գուցէ ազգերը դեռ երկար շարունակէին իրանց գոյութիւնը փոքր ի շատէ տանելի պայմանների մէջ. գուցէ իսլամը, իբրև աշխարհակալ վարդապետութիւն, յետ քաշվէր, ամփոփվէր աշխարհագրական նեղ սահմանների մէջ և թոյլ տար միւս երկիրներին տնօրինել իրանց վիճակը ինչպէս կամենում են:

Բայց այդպէս չեղաւ։ Բացվեց Միջին Ասիայի բերանը դէպի Արևմուտք․ սկսվեց մօնգօլօ-թուրքական վայրենի ցեղերի մեծ տեղափոխութիւնը։ Այդ ցեղերը ընդունեցին իսլամը, արաբների յաջորդները հանդիսացան, և արաբական իսլամի փոխարէն՝ Արևմտեան Ասիայում թագաւորեց թաթարական զարհուրելի իսլամը, որ գիտէր միայն քանդել, միայն ոչնչացնել։

Հայաստանը այդ ահագին շարժման ճանապարհի վրա գտնվելու անասելի դժբախտութիւնն ունէր: XI դարի կէսում սելջուկեան թուրքերը արդէն ողողել էին Պարսկաստանը, Միջագետքը, մինչև Սիրիան: Այդ վայրենի ձիաւորները քարուքանդ էին անում ամեն ինչ, որ հանդիպում էր նրանց ճանապարհին: Նրանց ձիաների սմբակների տակ, ինչպէս ասում է մեր Մատթէոս Ուռհայեցին, մաշվում էին սարերը։ Իսկ ի՞նչ պիտի լինէր դժբախտ մարդկութիւնը: Դա միայն թալան ու աւարառութիւն չէր․ դա մի և նոյն ժամանակ անողորմ կռիւ էր տեղի համար։ Միջին Ասիայ վայրենի օրդուները եկել էին` այլ ևս չը վերադառնալու համար. նրանց հող էր հարկաւոր, ուր նրանք պիտի բնակութիւն հաստատէին։ Իսկ բնակութեան տեղեր նրանք կարող էին մաքրել, բնաջինջ անելով բնիկներին։ Եւ նրանց ետևից տարածվում էին լուռ ու անբնակ անապատներ, ուր յետոյ սկսում էին թափառել այդ յաղթողները իրանց հօտերով, . ինչպէս թափառում էին Միջին Ասիայում։

Քաղաքակրթութիւնը արագ ջնջվում էր։ Նրա աւերակների վրա հաստատվեց սելջուկեան ահագին պետութիւնը։ Բայց թափառական ձիաւորներին չէր տուած պետական միաձոյլ, տոկուն կազմակերպութիւն ստեղծելը: Հէնց որ մեռնում էր քաջ նուաճողը, պետութիւնը կտոր կտոր էր դառնում, և մինչև որ երևան կը գար մի նոր նուաճող, այդ կտորները, իրար հետ թշնամի տեղական բռնակալութիւններ, իրար վրա էին յարձակվում: Պատերազմը դադար չէր առնում, աւերմունքը շարունակվում էր միշտ, և հարց կարող էր լինել միայն նրա չափերի մասին։

Հայերը այդ ահարկու բաղխումների մէջ կորցրին և այն դիմադրական ոյժը, որ լարված պահել էին դարերի ընթացքում պարսիկների և արաբների դէմ։ Ազգերի այն անդիմադրելի ալիքները, որոնք Արևելքից հոսելով, հեղեղում էին ամբողջ Արևմտեան Ասիան, խլեցին նրանց հայրենի հողից և նրանց տեղի էին տալիս ահաւոր ոյժին, թէ կոտորվելով իրանց հողի վրա, թէ հեռանալով իրանց աշխարհից դէպի զանազան կողմեր։ Հայ ազնուականութիւնը դեռ ամեն ինչ վերջացած չը համարելով, փորձեց Հայաստանի սահմաններից դուրս մի տեղ ընտրել` ազատութեան և անկախութեան համար։ Եւ Ռուբինեան հարստութիւնը Կիլիկիայի բարձունքների վրա իրականացրեց այդ ձգտումը, հաւաքելով իր շուրջը այն տարրերը, որոնք բուն հայրենիքում չէին ուզում կոտորված կամ գերի լինել:

Բայց այդ անկախութիւնն էլ չը կարողացաւ փրկել հայութիւնը։ Մօնգօլօ-թաթարական ալիքները Միջերկրական ծովին էլ հասան և Կիլիկիան շրջապատվեց նոյն թշնամի, նոյն անողոք տարրերով։ Իսկ Միջին Ասիան չէր հանգստանում։ Սելջուկեան արշաւանքից դեռ երկու հարիւր տարի չանցած` գլուխ բարձրացրեց սոսկալի Չինգիզխանը, որ աշխարհի բոլոր պատուանուններին չը հաւանելով, իր փառքի և նշանակութեան համար աւելի արժանի համարեց ընտրել «Աստուծու պաաուհաս» տիտղոսը։ Եւ ճիշտ որ նա ուրիշ բան չէր, բայց միայն մարդկութեան պատուհաս։ Ինչ դեռ մնացել էր Արևմտեան Ասիայում, տրորվեց, ոչնչացաւ նրա մօնգօլների ոտների տակ։ Ականատեսներից մեկը, արաբացի տարեգիր Իբն—ալ Ասիր, բացականչում է․

Օ՜, թող իմ մայրը երբէք ինձ աշխարհ բերած չը լինէր․ ի՜նչ կը լինէր, եթէ ես մեռնէի մինչև այդ և մոռացութեան տրվէի։ Ես պետք է նկարագրեմ ամենասոսկալի աղէտը և անհուն թշուառութիւնը, որի նմանը չեն տեսել աշխարհիս վրա ոչ ցերեկը, ոչ գիշերը, և որ պայթեց բոլոր ազգերի վրա, բայց մանաւանդ մուսիլմանների վրա[4]։

Սարսափը քարացրեց ամբողջ այն աշխարհը, ուր երևում էին մօնգօլ ձիաւորները։ Այսօր էլ դեռ մնում են այդ սարսափելի ազգի թողած անկենդան անապատները այնպիսի տեղերում, ուր մի ժամանակ ապրում էր քաղաքակիրթ մարդկութիւն։ Ճիշտ է, մահը շուտով վերացրեց Չինգիզին այն դժբախտ աշխարհից, բայց Աստուծու պատուհասը դրանով չը վերջացաւ։ Չինգիզներից յետոյ պատրաստ էին սարսափելի Հուլաղուները․ և մօնգօլական վայրենութիւնը արմատից չորացրեց ամեն մի քաղաքակրթական նշան, ամեն մի բարեկեցութիւն։ Արաբական պետութիւնը, Պարսկաստանը ավերակների կոյտեր էին ներկայացնում։ Իսկ ի՞նչ պիտի լինէր աւելի թոյլ, աւելի անօգնական Հայաստանի դրութիւնը։ Ամեն ինչ թաղվեց խաւարի և անէծքների մէջ․․․

Մօնգօլական պետութիւնն էլ, սելջուկեանի պէս, երկարակեաց չէր։ Բայց դրա մէջ շատ մեծ մխիթարութիւն չը կար հպատակների համար։ Երբ Չինգիզի ժառանգութիւնն էլ ոչնչացաւ, Արևմտեան Ասիայի բոլոր կողմերում վխտում էին մանր-մունր բոնապետութիւններ, որոնք անփոփոխ էին պահում սրի և աւերածի իրականութիւնը։ Նրանք ընկնում էին, բարձրանում, մեծանում էին, նորից փոքրանում, նայած թէ ինչպէս էր գործում զէնքը, որ դանդաղ, բայց անընդհատ մաշում էր ոչ միայն բռնակալութիւնները, այլ և նրանց ենթարկված ժողովուրդները։

Երեք դար էր, ինչ մօնգօլօ-թուրքական լուծը կախված էր հայ երկրի վրա։ Այդ երեք դարերը այնպէս կերպարանափոխեցին ամեն ինչ, որ հայութիւնը ներկայացնում էր մի կրծոտված, ուժասպառ, հոգեվարքի մէջ ընկած կազմուածք։ Ռուբինեան անկախութիւնն էլ վերջացաւ, երկրի ռազմիկ տարրերը ձիւնի պէս հալվեցին, և կոտորողների առաջ կանգնած էր ժողովուրդը իբրև հօտ, որի միակ զէնքն էր աղաչանքն ու հնազանդութիւնը։ Աղէտալի էր մօնգօլօ-թուրքական ցեղերի այդ դարաւոր գործունէութեան հետևանքը․ - հայութիւնը ներկայացնում էր ազգագրական փոքրիկ կաթիլներ, ցրված մահմեդականութեան ծովի մէջ։ Ահեղ փաստերը սովորեցնում էին նրան չը սոսկալ նոյն իսկ ամենաանտանելի դրութիւնից: Վայրենացումը, անասնացումն է արիւնոտ սրի տակ ապրողի վիճակը։

Միտք չէր կարող ապրել այդպիսի դրութեան մէջ, քանի որ նոյն իսկ ֆիզիկական կեանքը անդադար դիմում էր դէպի մահ և ոչնչութիւն։ Ի°նչ միտք, ի՞նչ գործունէութիւն մի այնպիսի ժամանակ, երբ ամբողջ ժողովրդի «լինել չը լինելը» կախված էր նրա վրա թագաւորող սրի մի քմահաճ շարժումից։ Երբ դարաւոր ճակատագրի պէս թագաւորում է ընդհանուր յուսահատութիւնը, երբ մարդը իր ուսերի վրա ապահով գլուխ չունի, երբ սերունդներ սերունդների ետևից ստրուկ են ծնվում և իբրև ստրուկ կազմում են այն հաւատը թէ մեծ բարերարութիւն է և այն, որ իրանց թոյլ են տալիս օդ շնչել, երբ շուրջը քար քարի վրա չէ մնում և չը կայ ոչինչ բան, որ հաստատէ թէ լուսնի տակ լինում է և կարող է լինել իրերի մի հաստատ դրութիւն, մի տևողական կարգ, մի տէր, մի հրամայող, - այդպիսի ժամանակ մարդուն միայն անասնական կեանքն է հասկանալի մնում, և նա իր բոլոր բնազդները, իր ձգտումները լարում է միայն իր անճար գլուխը որ և է կերպով պահելու–պահպանելու համար․․․

Բայց այդ դրութիւնն էլ չէր փրկում հային։ XIV դարի վերջին քառորդում այն երկիրր, որ Չանգիզ-խան էր տուել, դէպի արևմուտք ուղարկեց մի ուրիշ պատուհաս։ Դա Լէնկթիմուրն էր, մի հաւատացող, ջերմեոանդ մահմեդական, որի փայլուն նուաճողական ընդունակութիւնները պատմութեան մէջ սարսափից աւելի յարգանք են վաստակել։ Մեր ժամանակներում անգամ, երբ մարդկայնութեան սկզբունքն է պաշտվում քաղաքակիրթ ազգերի մէջ, Թիմուրին աշխատում են ներկայացնել իբրև մի մեծ անձնաւորութիւն, զինուորական մի հանճար, իբրև մի ասպետ, որ սիրում էր նուաճումները ի փառս Ալլահի, և իսլամական ուղղափառութեան պահապանն էր։ Բայց ինչ կերպարանք էլ տան այդ մարդուն, միշտ անհերքելի կը մնայ այն սարսափելի փաստը, որ նա մօնգօլական երկրորդ աշխարհաւեր արշաւանքի առաջնորդն էր և նրա ոտների տակ ջնջվում էր մարդկութիւնը, ահռելի գերեզմանոցի էր փոխվում աշխարհը։ Ջերմեռանդ միւսիլմանին թուրքական արիւնը բոլորովին չէր արգելում դիակներով ծածկել և մահմեդական երկիրները, բարձր աշտարակներ կազմել մահմեդական գլուխներից։ Կոտորվողները տասնեակ հազարներով էին հաշւում։

Հայաստանը մի քանի անգամ ենթարկվեց այդ զարհուրելի մարդու հարուածներին․ հայի արիւնը գետեր ու լճեր կազմեց։ Բայց ի՞նչ յանցանք ունէր այդ դժբախտ ժողովուրդը։ Այն միայն, որ նրա երկրում տիրում էր Կարա-Կօյունլու թիւրքմէն ցեղը, իսկ այդ ցեղի գլխաւորը չէր ուզում հպատակվել Լէնկթիմուրին։ Հայի համար վաղուց մի և նոյն էր դարձել թէ ով կը լինի իր վրա տիրողը, ով կը լինի նրան կեղեքողը։ Բայց այս անտարբերութիւնն էլ ոչինչ նշանակութիւն չունէր նրա թշուառութիւնը թեթևացնելու համար։ Թիւրքմէն ցեղը դիմադրութիւն ցոյց տուեց Թիմուրին, և այդ պատճառով հայաստանը դարձաւ մի անսահման սպանդանոց։ Եւ ականատեսը մրմնջում է․

Դողան ոսկերքս և սարսըռին

Լոյս իմ քաղի, սիրտըս ճմլին,

Քանզի աչօք իմ տեսանին
Ողորմագին հարուած սոցին[5]

Նա նկարագրում է այն ճանապարհը, որով անցնում էր Լէնկթիմուրը։ Եւ ամեն տեղ մի և նոյնը.

Որպէս զոչխարս մորթէին,

Փոկս ի թիկանցն հանէին,

Զկէսըս հրով խորովէին

Եւ ճենճերովքըն ընծային…

Այս դժոխքն էր հային մտցնում տասն և հինգերորդ դարը, այն դարը, որ Արևմտեան Եւրօպայում Վերածնութեան դար էր։ Ծեր հասակում մեռաւ Լէնկթիմուրը։ Համատարած մի գերեզմանատուն էր Հայաստանը, երբ նա վերջին անգամ հեռացաւ այնտեղից։ Բայց ոչ մոռացված ու հին գերեզմանատուն, որովհետև մահը շարունակում էր նրա արածը և ժողովրդի կենդանի մնացած պատառիկները կոտորվում էին սովից և ժանտախտից։ Ահա ինչպէս է նկարագրում նոյն ողբացող ականատեսը Լէնկթիմուրի թողած սովը.

Պատիւ չը կայր պատուականին,

Եւ ոչ նըշան ունևորին,

Չը կայր ոչ հաց հացաբաշխին,

Եւ ոչ գինի գինարբուին։

Չը կայր ոչ ձի ձիաւորին,

Եւ ոչ տըրեխ հետևակին։

Օտարք յօտարըս շրջէին

Եւ կերակուրս մուրանային։

Տիկնայք որ ճոխ տունս ունէին

Եւ մետաքսօք պերճանային,-

Հացակարօտս երևէին,

Ծածկոյթ անձանցըն խնդրէին։

Մանկունքն ի մարսըն նայէին,

Միթէ կենաց հընարս առնէին։

Մարքն ի գթոյն խորովէին,

Արագ ըզկեանս վճարէին։

Հարքն ի գորով տղայոց լային

Աղիողորմ վայէին

Ի տեսանելն զոր սնուցին

Դառըն կարեօքն ցաւագին․

Ի մեռանել մանկանց նոցին

Ինքեանք հոգիքն քաղէին։

Կիսոց չը կայր ոք որ լային,

Ի՛ ոչ գերեզմանս ճանաչէին․․․

Մեծ, աշխարհասասան Լէնկթիմուրը չը կար, բայց պակաս չէին մանր-մունր Լէնկթիմուրները, որոնք կեղեքում, աւերում էին և այն, ինչ մնացել էր։ Համարեա ամբողջ XV դարը դժոխք էր Հայաստանում․ հողը արիւն, աւերակների ծուխը երկինք բարձրացած․․․

Այդ սոսկալի ժամանակներում շատ քիչ էին մնացել այնպիսի վանքեր, որոնց խաղաղ խուցերի մէջ դեռ պլպլում էր վանական ճրագը։ Խուցն էր դարերի ընթացքում պահպանել գրականութիւն ու գրագիտութիւն, բայց այժմ այնտեղ էլ ամայութիւն էր տիրում։ Ողջ մնացած վարդապետները սարսափահար նայում էին դրսի դրության, և ինչպես վայել է ստրուկ ժողովրդի ստրուկ առաջնորդներին, մրմնջում էին թէ այդ բոլոր արհաւիրքները երկինքն է ուղարկել հայ մարդու ծովացած մեղքերի համար։ Ուրիշ որ և է բացատրութիւն չէր կարողանում գտնել միստիքական խոհերի մէջ բթացած և դրսի արհաւիրքներից սարսափած միտքը։ Վանքը աղօթում էր, վանքը լալագին աղաչանքներ էր բարձրացնում դէպի երկինք, որ ներված լինեն մարդկանց մեղքերը: Լսում էր երկինքը թէ ոչ, բայց աշխարհի կործանումը շարունակվում էր և դժբախտ ժողովուրդը սովորում էր իր առաջնորդներից, որ չը պէտք է սպասել կարեկցութիւն մարդկանցից և ողորմութիւն երկնքից։ Որպիսի թշուառ դաստիարակութիւ… Նա օր օրի վրա ամրապնդում էր ստրուկի շղթաները։

Ի՞նչ կարող էր ստեղծագործել միտքը այսպիսի դրութեան մէջ։ Հայ գրականութիւնը վաղուց էր սկսել իր անկման շրջանը։ Բայց այնպիսի աղքատութիւն, որ տիրեց Լէնկթիմուրի կոտորածների ժամանակից, չէր տեսնված նոյն իսկ այդ անկման շրջանում։ XV դարը մի հատ պատմագիր տուեց, Թովմա Մեծոփեցի, որ մի փոքրիկ գրուածքի մէջ նկարագրել է Լէնկթիմուրի արշաւանքները։ Ժամանակի աղէտալի պատկերը նըկարելու կարողութիւն չէր մնացել հայ հոգևորականութեան մէջ։ Եւ մենք երկրի զանազան կողմերի կրած տառապանքների հետ ծանօթանալու համար պիտի դիմենք այն համառօտ յիշատակարաններին, որ կազմում էին զանազան եկեղեցական գրքեր արտագրողները։ Այդ հետաքրքրական վաւերագրերի մէջ վաղուց էր հնչում այն դառն շեշտը թէ այս ինչ գրքի արտագրութիւնը կատարվել է «դառն ու չար ժամանակում»։ Նոյն այդ շեշտը սովորական է մանաւանդ մեր նկարագրած շրջանում։ Բայց արտագրողները երբեմն թողնում են այդ լակօնական կսկծալի վկայութիւնը և փաստեր են շօշափում, որոնք ցոյց են տալիս թէ. սարսափելի դրութիւնը Հայաստանում անփոփոխ էր և այն ժամանակ, երբ Լէնկթիմուրի ոսկորները փտում էին գերեզմանում։

Ահա, օրինակ, ինչ ենք կարդում մի յիշատակարանի մէջ որ գրված է 1435 թւին, Լէնկթիմուրի որդի Շահ-Ռուխի տիրապետութեան ժամանակ.

Ցանկացող եղէ այս հոգելից տառիս ի դառն և ի նեղ ժամանակիս․ որ որդի մեծի Խորազմին (Լանկ) Թամուրին Շահ Ռուխ կոչեցեալ` չորս անգամ բազում հեծելօք անգութ և անագորոյն և անողորմն և ծարաւի արեան քրիստոնէից, երեկ (եկն) ի վերայ աշխարհիս Թավրիզոյ, որ բազում և անասելի աւեր ած ի վերայ աշխարհիս Հայոց։ Զի զոր սրով կոտորեաց, և զոր անողորմ գերի վարեաց և կորոյս, և զոր սովամահ եղեն, և զոր մահն տարաւ` և զորս գայլք և գազանք կերան և պատառեցին և մնացեալքն այսր և անդը փախեան բնաջինջ և մտին յաշխարհն Վրաց։ Եւ ամենևին անմարդաբնակ մնաց և աւերեցաւ աշխարհն մեր. և դրունք երկնանման տաճարաց փակեցան, և լոյսք և կանթեղք շիջան և խաւարեցան… և մեծ սուգ և ողբ և տրամութիւն և կսկիծ հասաւ և եկն ի վերայ մեր` վասն ծովացեալ և անառակ և անդարձ և անզեղջ մեղաց մերոց[6]:

Եւ այսպիսի սրտառուչ յիշատակներ շատ կան այն ժամանակներից մնացած ձեռագրերի մէջ: Մի տեղ նկարագրվում է թէ ինչպէս այս ինչ վանքը ամայի էր դարձել, թէ ինչպէս վանականները Լէնկթիմուրի ահից փախել էին և յետոյ ինչպէս նորից շէնացրին վանքը։ Մի այլ տեղ գոհութեամբ յիշատակվում է որ այս ինչ գաւառի կառավարիչը լաւ է վարվում քրիստոնեաների հետ: Այնքան հազուագիւտ էր այս երևոյթը, որ քրիստոնեաները դրա մէջ երկնքի ողորմութիւնն էին տեսնում։ Ուրիշ ի՞նչ կերպով բացատրէին անսահման և վայրենի կամայականութիւնները։ 1446 թւին գրված մի յիշատակարան պատմում է որ Երզնկայի տեղական իշխանը մօլլաների հետ խորհուրդ անելով, վճռում է քանդել գաւառի բոլոր հայ եկեղեցիներն ու վանքերը։ Եւ եթէ այդ վճիռը չէ կատարվում, պատճառն այն էր միայն, որ մի ազդեցիկ մահմեդական, պատահաբար գալով Երզնկայ, ազատում է վանքերն ու եկեղեցիները և կողոպուտը վերադարձնում է հայերին։ Բայց և այդպէս, նոյն ձեռագրի մէջ գտնում ենք հետևեալը.

«Ո՛վ դառն ժամանակիս․ զի զօրք բազում պաշարեալ են զքաղաքն Եզնկայ. ով եղբայր, անմեղագիր լեր խոշորութեան և սխալանաց գրոյս, մին զի անարհեստ էի ի գործ իրիս, և մին զի ի խսար էաք և ի տրտմութեան. զի զամենայն դեղորայս Եզնկոյ և զվանորայսն նաև զմիարանքն այրեցին հրով. այլ և ղվաստակն և զայգիքն և զղամենայն ինչ զոր կերան և առին, և զոր առ ոտն կոխեցին և տարակուսեալ էաք:

Ո՛վ եղբարք, անմեղագիր լերուք խոշորութեան և սխալանաց գրոյս․ զի յահ և ի փախ էաք… և մարդիկ երկրիս ամենեքեան յօտար երկիր վտարեցան, և երկիրս մնաց անբնակ։ Զստացող գրոյս զՆերսէս քահանայն յիշեցէք ի բարին»։

Չորս տարի էր անցել այդ աղէտից, և ահա մի այլ յիշատակարան նոյն Երզնկայի նոր աւերածն է պատմում։ Կարա-Կօյունլիների սուլթան Ջիհանշանը նուաճում է Երզնկան և «զԿամխայ աստուածաշէն երկիրն ևս հասարակ գերեաց իբրև անձինս ԺՌ․ (10,000) ընդ այր և ընդ կին, թող զայն որ մաշեցան։ Եւ զՆերքին Դերջանն և զՎերին Դերջանն, զԲաբերդ, զԿեղի, զԿոճակն, և զԳայլ գետն, զՇիռեան, զՍատաղ առհասարակ գերեաց»[7]։

Եւ տարեգրութիւնը այսպիսի տխուր միա նմանութեամբ առաջ է գնում։ 1459-ին Վանն է կողոպտվում, 1461-ին Զաքարիա կաթողիկոսը հազիւ է կարողանում ազատել Մուշը, Բաղէշը, Խլաթը, Սասունը Ջիհանշահի աւերանքներից, բայց վերջը ինքն էլ հարկադրվում է փախչել Էջմիածինից և պատսպարվել Աղթամար կղզում։

Ահա ինչպիսի առօրեայ իրականութիւն էր կախված հայ ազգի գլխին Նոր Պատմութեան շէմքում։ Ահա ինչ տեսակ մի երկրի համար էր տպագրութիւն հաստատվում մեր նկարագրած ժամանակներից մի քանի տասնամեակ յետոյ․․․

Հայերի եկեղեցական դրութիւնը VI դարի բաժանումից յետոյ։— Ուղղափառութեան եւ հերձուածողութեան վէճեր։ — Բիւզանդիա եւ Հայաստան։ — Քաղաքական դժբախտութիւնները իբրեւ կրօնական անհամբերութեան հետեւանքներ։ — Շիրակի կործանումը։ — Կիլիկիա եւ կաթօլիկութիւն։ —Երկրպառակութիւննէր հայերի մէջ։ — Եկեղեցականութեան անկումը Արեւմուտքում։ — Կաթողիկոսական աթոռը տեղափոխված Էջմիածին։
Հայոց գրականութեան հանգամանքները։ — Կրօնական ուղղութիւն։ — Գրականութիւնը ժողովրդական չէ։ —Լեզուի հարցը։

Բայց հայ ազգի այս դարաւոր դժբախտութիւնը միայն դրսի թշնամիներին վերագրելը միակողմանիութիւն կը լինէր։ Հայ ժոդովուրդը տանջվում չարչարվում, սպառվում էր, որովհետև քրիստոնեայ համայնք էր աշխարհի այն մասում, ուր սկզբից և եթ զրադաշատկանութիւնը, իսլամն էին յաղթող և տիրապետող կրօններ: Սա ճշմարտութիւն է։ Բայց պակաս դառն ճշմարտութիւն չէ և այն, որ հայի քրիստոնէութիւնը տանջանքների աղբիւր էր նրա համար և այն բազմաթիւ դէպքերում, երբ նա գործ ունէր ոչ թէ Յազկերտների, Յուսուփների, Բուղաների, Ալփ Ասլանների, Լէնկթիմուրների հետ, այլ նոյն քրիստոնէութիւնը դաւանող ուրիշ ազգերի հետ։

Մեր Նոր Պատմութեան բազմաթիւ սև էջերը հասկանալու համար` այստեղ, սկզբում, մենք քիչ պէտք է կանգ առնենք, այս հանգամանքի վրա։

Վեցերորդ դարի սկզբում հայերը բաժանվեցին արևմտեան եկեղեցուց։ Այդ բաժանման մանրամասնութիւնները մենք չենք պատմի և դա կարևորութիւն էլ չունի այն պատմութեան համար, որ աստուածաբանութիւնը, դաւանական նրբութիւնները իր ուսումնասիրութեան առարկայ չէ դարձնում։ Կասենք միայն այսքանը, որ 451 թւականին Քաղկեդօնում, առանց հայ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցութեան, կայացաւ տիեզերական անունը կրող ժողովներից մէկը, որ սարաափելի աղմուկներով, ձայների մեծամասնութեամբ, չը նայած բողոքողների բազմութեան, ընդունեց Հռօմի Լևոն պապի դաւանական մի բանաձևը։

Հաւատը սրտի, համոզմունքի գործ է և նրա էական հարցերը չէ կարելի վճռել ճնշումներով, ձայների բազմութեամբ և ապա այդ վճիռը զօռով փաթաթել նոյն իսկ այնպիսիների վզին, որոնք համաձայն չեն վճռողների հետ։ Քաղկեդօնի ժողովը բռնութիւններ առաջ բերեց․ արիւնահեղութիւններ անգամ եղան, արիւն թափվեց նոյն իսկ Երուսաղէմում, Քրիստոսի գերեզմանի վրա։ Արևելեան եկեղեցիները չէին ընդունում Հռօմի դաւանաբանական բանաձևը․ և որովհետև ոչ ոք չէր կարողանում խօսքով համոզել, հասկացնել, ուստի չնդունողներին հարկադրում էին զօռով. եկեղեցու օրէնսդիրներ հանդիսանում էին բիւզանդական կայսրները, որոնք կամ արգելում էին Քաղկեդօնի դաւանութիւնը կամ, ընդհակառակն, պարաւորական էին դարձնում նրան։

Հայերը չընդունեցին Քաղկեդօնի ժողովը։ Չը քննենք թէ որքան իրաւացի էր այդ մերժումը աստուածաբանական տեսակէտով։ Այդ տեսակէտից աւելի բարձր է այն մեծ ճշմարտութիւնը, որ իւրաքանչիւր անհատ, իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ձևակերպելու իր կրօնական համոզմունքը այնպէս, ինչպէս ինքն է հասկանում։ Մի ճշմարտութիւն է սա, որ պատմական հազարաւոր փաստերով ապացուցել է ինքը, քրիստոնէութիւնը, ազատութեան, հաւասարութեան այդ համաշխարհային կրօնը։ Այդ ճշմարտութեան համար չը կայ ձև, տառ, ծէս, այլ կայ միայն ոգի։ Հայերը չընդունեցին Լևոնի բանաձևը, բայց դա չէր նշանակում թէ նրանք այլ ևս քրիստոնեայ չէին։ Նրանք իրանց պաշտամունքի մէջ մի քանի ՛բաներով էին միայն տարբերվում արևմտեան Նրանք իրանց ամբողջ մտաւոր կարողութիւնը, իրանց ինքնուրոյնութիւնը, ստեղծագործական ոյժը արտայայտեցին իրանց եկեղեցու կազմակերպութեան մէջ։ Ուստի իրաւունք ունէին պահպանելու իրանց բարոյական-մտաւոր ստացուածքը։

Քրիստոնէական եկեղեցուն վիճակված էր բաժան-բաժան դառնալ։ Այսօր էլ շարունակվում է այդ վիճակը, այսօր էլ նոր և նոր բաժանումներ են աւելանում գոյութիւն ունեցող եկեղեցիների մէջ։ Բայց այդ բաժանումները չեն գլխավորը․ կայ ընդհանուր քրիստոնէութիւն, կան սկըզբունքներ, որոնք մի են բոլոր եկեղեցիների համար, որոնք թէև բազմաթիւ անուններ ունին, բայց կապված են իրար հետ գաղափարների, պաշտանմունքների միութեամբ։

Ահա այդ ընդհանրականութիւնը, այդ գաղափարական միութիւնը չը կար այն ժամանակներում, երբ եկեղեցական ժողովները ամեն անգամ նոր և նոր պառակտումների դուռ էին բաց անում։ Կրօնական համբերողութիւնը և դաւանական ազատութիւնր այժմ են քրիստոնեայ պեաութիւնների հիմնական օրէնքը դարձել։ Միջին դարերը այդպիսի սկզբունք չէին ճանաչում։ Դաւանական տարբերութիւնը այն ժամանակ թշնամութիւն էր նշանակում, թշնամութիւն, որ արիւնով և աւերանքներով էր կերակրվում։ Եւ ո՞վ կարող է ճիշտ հաշւի ենթարկել այն բոլոր զրկանքները, որ կրել է քրիստոնէական աշխարհը կրօնական վէճերի պատճառով։ Ոչ մի Ատիլլա, ոչ մի Չինգիզ և Թիմուր այնքան արիւն չեն թափել, այնքան դիակներ չեն փռել, ինչպէս այդ վէճերը։

Հայերը, եկեղեցականապէս անջատվելով, մնացին բոլորովին մենակ` շրջապատող ոչ-քրիստոնեայ տարրերի մէջ: Այդ դեռ այնքան մեծ դժբախտություն չէր լինի, եթէ նրանց թոյլ տային հանգիստ մնալ այդ մէնակութեան մէջ: Բայց նրանց հարուածում էին և քրիստոնեաները։ Իսլամը և Քաղկեդոնը երկու սալեր էին, որոնց մէջ տրորվում էր հայ ժողովուրդը։

Սկզբում միայն Բիւզանդիան էր նրան նեղում։ Արաբական արշաւանքների ժամանակ անգամ չէին դադարում կրօնական վէճերը հայերի և յոյների մէջ: Երկու քրիստոնեայ ազգ ենթարկված էին միատեսակ վտանգի, միատեսակ թշնամի կրօն ունէին իրանց առաջ. բայց չը միացան, իրար թիկունք չը տուին վտանգը հեռացնելու համար, այլ իրար հետ կռւում էին դաւանական տարբերութեան պատճառով։ Հզօրը, մեծը Բիւզանդիան էր և Հայաստանը միշտ ճնշված էր նրա բռնութեան տակ, այնպէս որ մի ժամանակ հասաւ այն եզրակացութեան թէ աւելի լաւ է հնազանդվել արաբական լուծին քան ենթարկվել Բիւզանդիայի կրօնական հալածանքներին։

Ատելութիւը գնալով սաստկացաւ։ Քաղաքական շահերը մոռացվեցին, և կրօնական ապարդիւն վէճերը բորբոքվում էին ամեն ժամանակ, նոյն իսկ սոսկալի դժբախտութեան տարիներում։ Քանի քանի դէպքեր են եղել, երբ Բիւզանդիան նոյն իսկ իր սեփական շահերի համար պիտի պտցհ՚պսհ՚Խ ՏպԽէխ այս > ա․կ(․

քէխհպլ>էպխքան Խք-րաօրհ Խ Խ^հ գը մէ.^\ ոցոեմ^ան է«հց.սԿ.հւքք« աէխ,՚քէքՐհ"Վ՛ եյր վ™ •ՈէհտԲՓլ հ^հԿՓհ. ՂԹՈէՔէհԿհչ. "Բ․ւհս ՚Ժ ԿՐ՚էհ՚Ղ(, ՜ Գպ, –ձ“՚քհէցէրհզ \նր․ձքց. հԻհհ՚Լ էր ^Գ^Տոլ^հ Այնպխսի ., համբալ կ․. կ, , ^Ի1է\ . ԱհՓՎ հր քՈԻքհԿ՚ն էրՊհթ՚բհքք#4 դէքհէև Քզևմուաք,

Բէսզսֆգիււ(ւյի . էամպր. էքի մեխ բաչքեբահքչոութիլԱ էթյ որ ի, սահմւսկնեըի խ սել^ուկես/ս քոէքլութես^ մկ1 աֆղ գտնվում է Աֆիի թփգաւոհհւթիհեը։

ԲէԻյց. ,հ((դ հէքպբցգիհքհ. "I. ,ձց

. հՕդՓհէՎձխ․ Փէ1\և “ք^ք""^ էը Կ.^ս^,ևԼէ քԴհ էՓձձոհ ^ՓՓ^քէԻրնկը. հԴա․Դք“>դահԱէէ,ւմ ե Բիւ քքքցօձ^/յի >սսգ , Խք՚ԽԿ՚փ,.. ֆ^ա.",իկոսո,թիէ^յ^

Փքքյքք$(զզահ; կ^րճաւոեււ քազէսքակ^ս/հութէհհը։ Ահ

բա^էէԽ ՚հէԿճ Խ «Կ"ն<(․րսձւսէթւ X է“»հ․4/», փնփաքհրոէԲցհ, ձւևձ"Տէքցհ Բէ. սԽ

2ղհձԿհց Բհհ06Խ։հլ. հԻ ՝, սցՎս\էք,լ՝․

ցԻ$> ․<■»$■»․$․»․. Փձք՚՚Փէ ԽցԻ․

աև այդ ա եղերը դեռ շ^ը^էֆակոսմ էէ հակպռակ

ՎԿ ք«^ք–^–. հէ՝ա9՜

•էքֆւ քցհ․»հւհ"հ հ,^էհսցհցց.Դ, ցհ

"․#․դի, ^յ հմ^․ւառ^.. ք.փդք“քէքէ․էէ։Րհ հ«դմԽ> ՂԳՊք\աէ Խ։ Է"․“,աԲ․,լմհ "հ;, թ"քհ է,ձ“\<ր, ^«7 .՚^Խհ

ձքքհԿհթթ. ^ ^ղե^րբ,կաե^^ ․), , տ

.\ հՍի<քձձնքւ չց, Խտա“լ․< յք^քՏ Խհ^Խ՞էԲԽ՚Խ՛,ւ^^Փա քըԽ

էհ$(ձ"9թԽՅ(ցհցյ “<հհ. ՎւձհՏցԿքճև .՞/ք"^# ՝“(|15քհ

-․»>. ..․) քէ®յգ, յք»»^․. ց• «ւ». յց. ,.՝

հայկ. Տպտգւ․., I 4 ,

0ւցաշ6օ1 Ե;/ >^00^10 պատռեցին սահմանները պաշտպանող բերդերի շարքը և սկսեցին կամաց կամաց առաջանալ դէպի Բիւզանդիայի սիրտը։ Այն ճանապարհը, որով Մէհէմմէդ երկրորդը եկաւ, մտաւ Կ․ Պօլիս, բացվել էր դեռ այն ժամանակ, երբ Անին ընկաւ իբրև Բիւզանդական ֆանատիկոսութեան զոհ։

Այդ ֆանատիկոսութիւնը գնաց հայերի ետևից և Կիլիկիա։ Ռուբինեան անկախութիւնը իր թշնամիների շարքում տեսնում էր և Բիւզանդիան, որ ձեռքին ունէր եկեղեցիների միութեան հին, արիւնոտ հարցը։ Բայց այստեղ, Կիլիկիայում, մի երրորդ կողմ էլ աւելացաւ։ Խաչակրաց արշաւանքները Արևելք բերին կաթօլիկ հոգևորականներին, որոնք և սկսեցին նոյնպէս շատ մտածել հայերի հոգու փրկութեան մասին։ Երեք կողմերի կղերականութեան մէջ կռիւները անդուլ և անդադար էին մէկը միւսին համոզել չը կարողացաւ և հազիւ թէ կարողանար, իսկ հետևանքը միշտ այն էր, որ աւելի զարգանում էր ատելութիւնը, կրօնական ֆանատիկոսութիւնը։

Վերին աստիճանի ողբալի էջեր էին բաց անում մեր պատմութեան մէջ այդ կրօնական երկպառակութիւնները․ նրանք միացան քաղաքական դժբախտութիւնների հետ և իրանց ամբողջ ծանրութեամբ ընկան հայ ժողովրդի վրա։ Մի ժամանակ կար, երբ բուն Հայաստանի և Կիլիկիայի հայ եկեղեցիները քիչ էր մնում որ իրարից բաժանվեն․ կիլիկեցիները հակված էին երևում դէպի միութիւնը Հռօմի հետ, ուստի Հայաստանի արևելեան վանքերը ոտքի կանգնեցին հայրենի աւանդութիւնները պահպանելու: Երկու կողմերի մէջ զայրացած բանակռիւ սկսվեց, միմեանց նախատում էին, անիծում: Եւ այդ թշնամական ցոյցերի մէջ, շրջապատված կրօնական վէճերով, յաւիտեան աչք փակեց թուլացած, իր ազգից անգամ մոռացված Ռուբինեան անկախութիւնը:

Ամեն ինչ վերջացաւ, դժբախտութեան սև դարեր եկան, բայց աւերակների վրա շարունավեց կրօնական վեճը: Նա ոչ ժամանակ էր ճանաչում, ոչ յարմար կամ անյարմար րօպէներ: Նոր էր ցած իջել Լենկթիմուրի սուրը, և ահա համատարած գերեզմանատան մէջ կենդանութեան, կեանքի ձայներից առաջ բարձրանում են այնպիսի պայքարներ՝ թէ պե՞տք է ջուր խառնել պատարագի բաժակի մէջ թե ոչ:

Եւ այդ սոսկալի ժամանակներում ի՜նչ եղբայրասպան խռովութիվներ էին ալէկոծում հայի տունը։ Կաթօլիկութիւնը մուտք գործեց արևելեան Հայաստան և իսկոյն ընտանեկան կռիւ յայտարարեց։ Միմեանց մատնում էին տիրող բռնակալների առաջ, միմեանց տանջում էին, եղբայրը գնում էր եղբօր դէմ, կրօնական հասկացողութիւների տարբերութիւնը խորթացնում էր հարազատներին։ Եւ արդեօք կարելի՞ է ասել թէ ընտանեկան թշնամութիւնը պակաս սարսափելի է քան դրսի քաղաքական արհաւիրքները․․․

Վարդապետները կռւում էին իրար հետ ոչ միայն խօսքով ու գրչով, այլ և գործով, և այդ գործը երբեմն արտահայտվում էր բռնութիւների, ծեծի, արիւնահեղութեան մէջ։ Կաթօլիկութիւնը հաստատ բոյն էր դրել Արաքսի ափին, Նախիջևանի գաւառում։ Այդ բոյնի շուրջն էլ կազմակերպվեց հայ հոգևորականութեան դիմադրութիւնը: Սիւնիքի, Արարատի և Վասպուրականի մի քանի վանքեր միացան ազգային եկեղեցին պաշտպանելու համար։ Առաջ եկաւ վիճաբանական գրականութիւն։ Ժողովուրդը, ի հարկէ, գործ չունէր այդ գրականութեան հետ, որի մէջ տխուր ժամանակի ցաւերը չէին երևան գալիս, այլ աստուածաբանական երկար ու բարակ դատողութիւնները ուղղափառութեան մասին։ Գրիգոր Տաթևացին, Յովհան Որոտնեցին իրանց աշակերտներով և համախոհներով անուն հանեցին հէնց այդ վիճաբանութիւններով։ Նրանք կազմակերպեցին մի ուժեղ դիմադրութիւն, որ մեծ ազդեցութիւն արաւ և հայոց կաթողիկոսութեան վրա։

Կաթողիկոսութիւնը մնացել էր Կիլիկիայում։ Ռուբինեան թագաւորութեան անկումից յետոյ Կիլիկեան սկսեց դատարկվել հայերից, իսկ Սիսի կաթողիկոսարանը աւելի և աւելի ենթարկվում էր Հռօմի ազդեցութեան։ Միջնադարեան խոշոր երևոյթներից մէկն էլ այն էր, որ եկեղեցին սկսեց բարոյապէս ընկնել. հոգևորականութիւնը փչացած էր, ոչ միայն չէր ճանչում իր պարտականութիւները, այլ և իր ապականված վարք ու բարքով կոտրում էր քրիստոնէութեան անունը: Արևմուտքում համարեա անհաւատութեան էր հասել հոգևորականութիւնը. զզուելի կաշառքները, փողապաշտութիւնը, սրբավաճառութիւնը ապականել էին բոլոր կրօնական հիմնարկութիւնները, սկսած պապերի աթոռից։

Եւ բարքերի այդ ապականութիւնը համաճարակի կերպարանք ունէր։ Նա միայն կաթօլիկ եկեղեցին չէր փչացնում։ Յոյն կղերն էլ ընկած էր. պատմութիւնը հաւաստիացնում է որ այդ կղերի անբարոյականութիւնը հասաւ այն աստիճանին, որ վանականներից կազմված աւազակային խմբեր առաջ եկան, որոնք կողոպտում էին ժողովուրդը ամենաանգութ կերպով։

Նոյն անկումը մտաւ և հայոց եկեղեցու մէջ։ Սիսի կաթողիկոսարանը ապականվեց այն աստիճան, որ կործանման ծայրին հասաւ։ Յիսուն տարվայ ընթացքում այնտեղ վեց կաթողիկոսներ նստեցին, բայց վեցին էլ թունաւորելով սպանեցին: Սրբավաճառութիւնը այլանդակ չափերի հասաւ. ձեռնադրվում էին միայն այնպիսիները, որոնք, կարող էին կաշառք տալ. իսկ որոնք չէին կարողանում իրանց խոստացած փողը վճարել ձեռնադրողին, իրանց ստացած եկեղեցական կարգը գրաւ էին դնում ձեռնադրողի մօտ[8]: Փողը, պատւի խոստումները ամեն ինչ կարող էին մտցնել Սիսի կաթողիկոսարանում ապրող անբարոյական, անառակ հոգևորականների շարքը։ Համբերութեան բաժակը լցվեց մանաւանդ Կոստանդին կաթողիկոսի ժամանակ։ 1439 թւին տեղի ունեցաւ Ֆլօրենտեան եկեղեցական ժողովը, որին մասնակցելու կանչված էր և հայոց կաթողիկոսը։ Սա առանց եկեղեցական ժողով կազմելու, ինքնաբերաբար, իր կողմից ներկայացուցիչներ ուղարկեց, որոնք, գնացին Ֆլօրենցիա և պաշտօնապէս ընդունեցին կաթօլիկութիւնր։

Այն ժամանակ արևելեան հայ հոգևորականները վճռեցին հեռացնել կաթողիկոսութիւնը Կիլիկիայից և 1441 թւին ժողով կազմելով Վաղարշապատում, կաթողիկոսական աթոռը վերահաստատեցին Էջմիածնում։ Դա մի շատ կարևոր քայլ էր, որ անվում էր հայ եկեղեցու պաշտպանութեան համար։ Անկախութիւն պահպանել չէ կարելի, չունենալով ոտի տակ պատմական հող։ Հայոց կաթողիկոսութիւնը, տեղափոխվելով Արարատեան երկիրը, այստեղ պաշտպանված պիտի լինէր օտար ազդեցութիւններից, թէև Էջմիածինն էլ քաղաքականապէս նոյն դժբախտ պայմանների մէջ էր գտնվում, նոյն թաթարական իսլամին էր հպատակված, ինչպէս Սիսը։

Աթոռի տեղափոխութիւնը, սակայն, մի հանգամանք էլ պարզեց, այն՝ որ հայ հոգևորականութեան անկումը կախված չէր տեղից. նա կար և արևելեան կողմերում, նա հանդէս եկաւ և Էջմիածնում, ինչպէս յետոյ կը տեսնենք։

Արևմուտքում փչացած եկեղեցու դէմ ահաւոր բողոք բարձրացրեց Րէֆօրմացիան, լիւթերականութիւնը։ Եւ Հռօմը, իր գոյութիւնը պահպանելու համար, ստիպված եղաւ բարեկարգել իրան, թէև յետադէմ, խաւար միջոցներով։ Արևելքում այդպիսի բողոք չէր կարող լինել, քանի որ մտաւոր կրթութիւնը ողորմելի դրութեան մէջ էր։ Այստեղ եկեղեցին վերջնական քայքայումից ազատելու համար պէտք էր որ հոգևորականութեան մէջ առաջ գային առաջադիմական հոսանքներ։ Մենք այդ էլ կը տեսնենք ներկայ գործի ընթացքում։

Եւ այսպէս, քաղաքական ճակատագիրր, ստրկութիւնը, կրօնական իրարանցումները, հոգևորականութեան բարոյական անկումր, ահռելի չափերով մտաւոր աղքատութիւն առաջացնելով, չէին կարող հարուստ նիւթ տալ նոր սկսված հայկական տպագրութեան, որ մեզանում էլ, ինչպէս և բոլոր ազգերի մէջ, կենդանի ու գործունեայ կարող է մնալ միայն մտաւոր հարստութիւններով։

Բայց սրանով մենք ամեն ինչ բացատրած չենք լինի։ Պէտք է գոնէ մի քանի խօսքով բնորոշենք, մեր գրականութեան դրութիւնը, ուղղութիւնը, զարգացման չափն ու աստիճանը։

Այստեղ էլ մենք ներկայացնում ենք միջնադարեան քրիստոնէութեան ընդհանուր երևոյթը, բայց աւելի խտացրած գոյներով, աւելի աչք ծակող միակողմանիութեամբ։

Ասացինք վերևում, որ հայկական գրականութիւնր վաղուց էր սկսել իր անկման շրջանր։ Եւ անկման գլխաւոր պատճառներից մէկն այն էր, որ դա արհեստական գրականութիւն էր, հեռու իրական կեանքից, անմատչելի ժողովրդի բազմութեան։ Ինքնուրոյն ստեղծագործութիւն, որի մէջ խօսէր հայ ժողովրդի արիւնն ու սիրտը, համարեա բոլորովին չը կար այդ գրականութեան մէջ, որ համարեա ամբողջովին գոյութիւն ունէր միայն մի դասակարգի—հոգևորականութեան և մի հիմնարկութեան—եկեղեցու համար: Շատ չնչին թւով աշխարհականներ են մասնակցութիւն ունեցել գրականութեան մէջ. եւ մէնք, չը հաշւելով հինգերորդ դարը, չենք գտնի այնպիսի շրջաններ, երբ գրականութիւնը առաջացրած լինի ժողովրդական շարժում, ընդհանուր ոգևորութիւն։ Նոյն իսկ այնպիսի ժամանակներ (օր. Բագրատունի և Ռուբինեան թագաւորութիւնների օրով), երբ հայութեան գոնէ մի նշանաւոր մասը քաղաքական համեմատաբար բարեկեցիկ կեանք չէր վայելում, չէ եղել գրական մի առանձին, աչքի ընկնող հարըստութիւն, որ իր նմանը ունեցած չը լինէր անցեալում։

Հայ գրականութիւնը գոյութիւն ունէր հազար տարի, բայց այդ ահագին շրջանում մի զարմանալի միանմանութիւն էր պահպանել․ էվօլիւցիայի օրենքը չէր դիպել նրան, գրական դպրոցների, ուղղութեան, ոգու փոփոխութիւններ չէին նկատվում։ Հայ հեղինակները և թարգմանիչները, իբրև եկեղեցական պաշտօնեաներ, տալիս էին հոգևոր բանաստեղծութիւն—աղօթքներ ու երգեր, հեղինակում և թարգմանում էին անվերջ ու անսահման կրօնական բացատրութիւններ կամ մեկնաբանութիւններ։ Այդ կողմից հարստութիւնը անսպառ էր։ Բայց աշխարհիկ կեանքի, իրականութեան հետ գործ ունեցող հեղինակութիւնները շատ քիչ էին, շատ աղքատ։ Դրանք պատմագրութիւններն էին, որոնց մէջ դարձեալ ահագին տեղ եկեղեցուն էր յատկացվում. իսկ համեմատաբար աննշան տեղը մնում էր քաղաքական հանգամանքների նկարագրութեան համար, առանց, սակայն, ժողովրդի ներքին առօրեայ կեանքը շօշափելու: Այսքան միակողմանի, վերացական գրականութեան ազդեցութիւնը այն կարող էր լինել, որ հայը շատ գեղեցիկ աղօթող, հոգու փրկութեան բոլոր ճանապարհները գտած, սխօլաստիական շատ բացատրութիւնների պաշար ունեցող քրիստոնեայ կը դառնար։ Բայց մի ժողովուրդ չէ կարող միայն և միմիայն եկեղեցով ապրել, լինել ճգնաւոր․ նա ունի իր ցաւերն ու խոհերը, իր մտածումները, աշխարհայեցողութիւնները։ Գրականութիւնը անտես էր անում այդ խոշոր ու առաջնակարգ պահանջը և այդ պատճառով թէ ինքն էր վնասվում, դառնալով մի դասակարգային, յամրաշարժ ու միակողմանի արհեստական գործ և թէ վնասում էր ժողովրդին, որ միշտ սառն ու անտարբեր էր մնում դէպի նրան։

Շատ կարևոր նշանակութիւն ունէր գրականութեան համար և լեզուի հարցը։ Գրաբարը, որ հինգերորդ դարում ցոյց տուեց իր հարստութիւնները, դարձաւ գրքի լեզու և այդպէս էլ անշարժացաւ նրա մէջ հազար տարի։ Եղե՞լ է արդեօք գրաբարը ժողովրդական լեզու—յայտնի չէ։ Բայց որ նա շուտ դուրս եկաւ գործածութիւնից, շուտ դարձաւ անհասկանալի ժողովրդի ահագին մեծամասնութեան համար, այդ երևում է նրանից, որ դեռ X դարից գրքի լեզուի մէջ ներս խուժել սկսեց ժողովրդական լեզուն։ Հետզհետէ սաստկացաւ այդ արշաւանքը, որ ցոյց էր տալիս, թէ հայոց գրականութեան մէջ էլ պիտի կատարվի այն փոփոխութիւնը, որից ազատ չէ մնացել ոչ մի ազգի գրականութիւն․ այսինքն` հին, անգործածակսն, մեռած լեզուի տեղ պիտի հաստատվի նորը, կենդանին, ժողովրդականը։ Ժամանակի մի անխուսափլի օրէնք էր սա ամեն տեղ, և մի ազգի գրական առաջադիմութիւնը համարեա ամբողջովին կախված է լինում այն բանից, թէ որքան այդ ազգը շուտ է ըմբոնում փոփոխութեան անհրաժեշտութիւնր և ինչ չափերով է կարողանում բաւարարութիւն տալ նրան։

Մեր մէջ արդէն կար երևոյթը, բայց նա չը հասկացվեց երկար ժամանակի ընթացքում։ XIII դարի առաջին կէսում գրաբարը արդէն այնքան անհասկանալի էր, որ Սմբատ Գունտստաբլը հարկաւոր համարեց աշխարհաբարի վերածել Մխիթար Գօշի դատաստանագիրքը։ Կարծես շատ լաւ հասկացվում էր, որ ժողովրդի հետ պէտք է խօսել նրա լեզուով․ հայ բժիշկները գրում են բժշկարաններ և նրանց գործածած լեզուն աշխարհաբարն էր․ թարգմանվում է մի տնտեսական գիրք դարձեալ այդ լեզուով․ կամաց-կամաց երևան են գալիս սիրոյ, վարդի, աշխարհային վշտի և ուրախութեան երգեր, որոնց մէջ խօսողը աշխարհիկ լեզուն է։ Ամեն տեղ զգացվում է այս լեզուի անհրաժեշտութիւնը, ամեն տեղ կատարվում է սրա մրցութիւնը գրաբարի դէմ։ Բայց ոչ ոք չէր մտածում այդ խոշոր երևոյթի մասին․ երևան չեկան մարդիկ, որոնք ժամանակի պահանջի թարգման հանդիսանալով, լեզուի բարենորոգութեան հիմքը դնէին, մշակէին աշխարհաբարը գրականութեան համար: Անգիտակցաբար ըմբռնվում էր, որ գիրքը պէտք է մօտեցնել ժողովրդին և դրա միակ միջոցն է չարհամարհել նրա լեզուն: Բայց մի և նոյն ժամանակ գրաբարն էլ իր տիրապետող իրաւունքների մէջ էր մնում. միշտ դէպի անցեալը նայող, միշտ պահպանողական հոգևորականութիւնը, որ շարունակում էր գրականութեան միակ սեփականատէրը մնալ, չէր էլ զգում որ իր պաշտած, կանոնական լեզու դարձրած գրաբարը օրէցօր ընկնում է և օրէցօր պակասում է նրան հասկանալու պատրաստութիւն ունեցողների թիւը։ Ամեն ինչ թողնված էր ճակատագրի կամքին. պակասում էին մարդիկ, որոնք խորազննին հայեացքի տէր լինէին և կարողանային թափանցել այդ երևոյթի բուն պատճառների մէջ։

Եւ հետևանքը այն եղաւ, որ գրականութիւնը ներկայացնում էր մի շատ խղճալի, անկերպարան դրութիւն․ աշխարհաբարը մնում էր անմշակ գաւառաբարբառ, երեսի վրա գցած հում նիւթ, իսկ գրաբարը անդադար աղճատվում էր աղքատանում, աշխատելով ցնցոտիներով ծածկել իր կատարելապէս արհեստական դարձած, կեղծ գոյութիւնը։ Զրկվելով իր հին հարստութիւններից, նա չէր գտնում վերակենդանութեան որ և է նոր նիւթ։ Հայը իսկապէս չունէր գրական լեզու, որ լինէր հարուստ, արտահայտիչ․ թէ գրաբարը և թէ աշխարհաբարը միատեսակ ողորմելի էին: Եւ սակայն լեզուն է մի ազգի սիրտը, կենդանութեան կրակր։ Շատ հասկանալի է, որ իր տանը չունենալով ընդհանուր գործածական, ճկուն լեզու, հայը պիտի դիմէր օտարին և նրա լեզուի մէջ գտնէր ճաշակ, նրբութիւն Հայի պէս մի ենթարկվող, ցիրուցան ազգ երկար ժամանակ ոչինչ չէր ստանում իր մայրենի լեզուով և սովորում էր արհամարհել նրան։ III


XV դարը, Թուրքիա եւ Պարսկաստան, սրանց պատերազմները: Հայաստանը այդ պատերազմների բեմ։ — Քրիստոնեաների գրութիւնը մահմեդական աշխարհում, հարկեր, ենիչէրիներ, մանկաժողովներ, աղջկաժողովնոր, քրիստոնեաների վկայութիւնը. մահմեդականների դէմ: — Ռայեան անբարոյականանում է. փողաւորների դասակարգը իբրեւ հասարակ ժողովրդի հարստահարիչ: Եկեղեցականների փառասիրական կռիւները, Էջմիածնի կաթողիկոսների արարքները։ XVI դարը–գրական անապատ: — Բուն Հայաստանում չէր կարող զարգանալ մտաւոր առաջադիմութիւն, բայց հայերը ունէին նպաստաւոր հանգամանքները: — Հայ գաղթականութիւներ. նրանց վնասակար կողմերը։ — Նրանք են վառում` վերածնութեան լոյսը:


Այս էր առաջին անգամ տպագրական մամուլ ստացած հայի հեռու և մօտիկ անցեալը: Իսկ ի՞նչ էր ինքը, այդ XVI դարը:

Քաղաքական հանգամանքները փոխված են: Ամենագլխաւորն այն է, որ Միջին-Ասիայից այլևս չեն դուրս գալիս դէպի արևմուտք տեղափոխվող` ազգեր: Այլ ևս գոյութիւն չունեն, այն բամզաթիւ մանր ու մեծ իշխանապետութիւններն ու ինքնակալութիւնները, որոնք վխտում էին Հնդդկաստանի և Միջերկրական ծովի միջև, անդադար ընդհարվում էին միմեանց հետ, ոչնչացնում էի իրար բարձրանում, ընկնում: Արևմուտքում՝ այդ իրարանցումների մէջ գլուխ էր բարձրացրել Օսմանեան պետութիւնը, որ կլանելով ասիական մանր-մունր անկախութիւնները, անցել էր Եւրօպա, ջնջել էր Բիւզանդիան, Բալկանեան թերակղզու սլաւօնական պետութիւնները և իր ահռելի ոյժով սարսափ էր ներշնչում արևմտեան ազգերին։ Դեռ օսմանեան նուաճումները չէին վերջացել Ասիայի կողմերում, երբ XVI դարի հետ միասին այդ վիթխարի բռնակալութեան կողքին լոյս ընկավ մի նոր մեծ պետութիւն։ Դա Պարսկաստանն էր, որ ոչնչացրեց տեղական իշխանութիւնները, վերականգնեց Սասանեանների գահը։ Այդ գործը կատարողները դարձեալ թիւրք ցեղերն էին, բայց նրանց հիմնած գահը պարսիկների համար էլ ազգային դարձաւ, քանի որ պետական կրօն հրատարակվեց պարսիկների ազգային կրօնը—շիա իսլամը։

Կարելի էր կարծել, թէ այդ երկու ցեղակից և նոյն իսկ կրօնակից մեծ պետութիւնները կը բաւականանային այն լայնարձակ տարածութիւններով, որոնք նրանց բաժին էին ընկել։ Բայց այդպէս չեղաւ։ Երկու հարևաններին անջատում էր կրօնական խորին ատելութիւնը, որ մոռացնել էր տալիս նոյն իսկ ցեղական կապերը։ Թիւրքիան, իբրև ուղղափառ իսլամի ներկայացուցիչ, իբրև սիւննի աշխարհի հրամանատար, չը կարողացաւ համբերել, որ իր կողքին մեծանայ ու զարգանայ շիա աղանդաւորների հիմնած պետութիւնը։ Եւ դեռ Պարսկաստանը չէր կարողացել մի փոքր շունչ առնել իր նոր գահի շուրջը, երբ սկսվեցին պարսկա-թիւրքական պատերազմները։ Կրօնի վառած ատելութիւնը կատաղի է լինում և երկար չէ մոռացվում։ Պարսկա-թիւրքական պատերազմները շարունակվեցին երեք դար և նրանց վերջին գործողութիւնը կատարվեց XIX դարի առաջին քառորդում։

Հայաստանը բաժանված էր երկու հակառակորդների մէջ և այդ պատերազմների դաշտ հանդիսացաւ այդքան երկար ժամանակ։ Հին դժբախտութիւնը, ուրեմն, շարունակում էր ճնշել հայ ազգը։ Կռւողները պետութիւններն էին, իսլամ կրօնի երկու հատուածները, բայց ամենամեծ զրկանքներ կրողը հայ ժողովուրդն էր, թէև մեղք չունէր մէջ տեղ։ Նա, ինչպէս միշտ, սովոր էր մի աչքով նայել բոլոր մահմեդական բռնակալութիւններին, որոնք այս ու այն կողմից գալիս էին իրանց լուծը նրա վզին դնելու։ Տարբերութիւններ դնել այդ բռնակալութիւնների մէջ, համակրել մեկին և հակակրել միւսին չէր կարելի, քանի որ նրանք մի և նոյն կերպով էին կառավարում, մի և նոյն եռանդով էին նրան կեղեքում. և բացի դրանից, սեփական կամք և տրամադրութիւն ցոյց տալը այնքան վտանգաւոր էր, որ հայի գոյութեան համար ամենաիմաստուն նշանաբան պիտի լինէր ստրուկի դաւանութիւնը-«ով տէր, ես ծառայ»։ Բայց չը նայած դրան, հայ ժողովրդի արիւնն էր թափվում պատերազմական գործողութիւնների վայրերում, նրա ստացուածքն էր կողոպտվում, նրա տունն էր քարուքանդ լինում։ Պարսից զօրքը, չը կարողանալով բաց ճակատամարտի մէջ յաղթութիւն վաստակել, յարձակվում էր թիւրքաց հողերի վրա և անաջողութիւնների վրէժը հանում էր, սրի անցկացնելով խաղաղ ազգաբնակութիւնր, ամենամեծ մասամբ, իհարկէ, հայ․ թիւրքերն էլ նոյն կերպ էին պատասխանում պարսիկներին, նրանք էլ պարսից բաժին Հայաստանի գաւառներն էին անապատ դարձնում։ Պատերազմական գործողութիւները վերջնականապէս սպառում էին ժողովրդի տնտեսական միջոցները. սրին և կողոպուտներին շատ անգամ հետևում էր սոսկալի սովը՝ զանազան վարակիչ հիւանդութիւնների հետ։ Այդ աղէտների ականատեսները թողել են սոսկալի նկարագրութիւններ, որոնք, յիշեցնում են սելջուկների, մօնգօլների արշաւաքները:

Բացի այդ պաշտօնական մեծ պատերազմներից, երկու երկիրների մէջ անպակաս էին ներքին մանր կռիւները: Թէ Թիւրքիայում և թէ Պարսկաստանում կային տեղական փոքրիկ, կիսանկախ իշխանութիւններ, որոնք անդադար խռովութիւններ էին յարուցանում, փառասիրական կամ, աւելի յաճախ, աւազակային ձգտումներով միմեանց վրա էին յարձակվում, երբեմն նաև ապստամբվում էին կենտրօնսկան իշխսնութեան դէմ։ Հեշտ է երևակայել, թէ ինչ պիտի լինէր անզէն և անպաշտպան ժողովրդի օրը մի երկրում, որ համարեա միշտ պատերազմական դրութեան մէջ էր գտնվում, կանօնաւոր բանակների, հրոսակային արշաւախմբերի ոտնակոխ դարձած:

Բայց եթէ չը լինէին էլ այդքան արտաքին և ներքին կռիւները, բաւական էր և թաթարական ազգերի ստեղծած վարչական ձևը, որպէս զի ժողովուրդը միշտ ճնշված, հարստահարված լինէր։ Քաղաքակրթութեան և ամեն մի մտաւոր ու կուլտուրական գործունէութեան անհաշտ թշնամի հանդիսանալով, Թիւրքիան և Պարսկաստանը ներկայացնում էին զինուորական պետութիւններ, որոնք յենված էին բռնութեան և կեղեքումների վրա։ Նրանք հարուստ էին, երբ կար հարուստ աւար. բայց պատերազմական աւարը մշտական չէր, ուստի աւարի ապահով առարկայ էին դարձված հպատակ ժողովուրդները։ Դրանց մէջ ամենադժբախտները քրիստոնեաներն էին, որոնց ստրկացնելու ու կեղեքելու հրահանգները դեռ իսալամի առաջին դարում էր մշակված, Օմար խալիֆի ձեռքով։ Քրիստոնեայ հասարակութիւնը ռայեա էր (նախիր) և նրա վրա ծանրացած էր հարկերի մի ամրողջ բեռ։ Բաւական է աչքի անցկացնել սուլթան Սիւլէյման Մեծի «Կանունի-ռայեա» օրէնսգրքի մէջ սահմանված հարկերը, որպէս զի մի հարևանցի հասկացողութիւն կազմենք, թէ քանի կաշիներ էին քերթվում քրիստոնեաներից։

Ասում ենք հարևանցի, որովհետև դրանրք միայն պաշտօնապէս սահմանված պետական հարկերն էին, այն ինչ դրանցից դուրս առնվում էր ռայեայից այն ամենը, ինչ կարելի էր առնել։ Առնողը միայն կառավարութիւնը չէր, այլ ամեն մի ուժեղ մարդ, տեղական իշխանաւոր։ Անհաւատ գեավուրի սեփականութիւնը առհասարակ պատկանում էր մուսիլմանին։ Նոյն իսկ մարդու ամենանուիրական

Հայկ. Տպագր., I սրբութիւնը-ընտանիքը գեավուրի համար անկողոպտելի սեփականութիւն չէր: Ինչ որ գեղեցիկ էր ու թարմ, պատկանում էր տիրողին։ Կատարեալ դժբաղդութիւն էր գեղեցիկ տղայ կամ աղջիկ ունենալը։

Թիւրքիայում ենիչէրական գնդերը կազմվում էին այն քրիստոնեայ երեխաներից, որոնք խլվում էին իրանց թշուառ մայրերի գրկից: Դա մի տեսակ դժոխային հարկ էր: Նշանակված ժամանակներում կատարվում էին մանկաժողովներ․ արտասունք, աղաչանք ոչինչ էին, ծնողական ծոցից հանված մանուկները կրթվում ու դաստիարակվում էին մահմեդական կրօնի մէջ, դառնում էին վայրենի ու արիւնարբու ենիչէրիներ, որոնք ամենից շատ իրանց նախկին դաւանակից քրիստոնեաներին էին ատում և տանջում։ Ռայեան իր սեփական հիւթերից պատրաստում էր իր համար սոսկալի թոյն-այսպէս էր օսմանեան դիւական սիստեմը։ Քրիստոնեայ երեխաներից պատրաստած զօրքերով ահագին նուաճումներ կատարելով, թիւրքը հասած էր լինում իր իդէալի կէսին․ մընում էր միւս կէսը-հարեմական երջանկութիւնը, և այդտեղ էլ նրա ծառայութեան պատրաստ էին գեաւուրների հօտերը։ Մանկաժողովներր պետութեան համար էին, բայց նրանից աւելի յաճախ կրկնվող աղջկաժողովները ամեն մի խանի, փաշայի ու բէկի համար էին լինում։ Այդ տեսակ աղջկաժողովների մի նկարագրութիւն տալիս է Զաքարիա սարկաւագը, իսկ մանկաժողովների պատճառած ընդհանուր սուգն ու յուսահատութիւնը նկարագրել է Թադէոս վարդապետ Սեբաստացի[9]):

Քրիստոնեայի անձնաւորութեան ստորացումը կատարեալ դարձնելու համար մահմեդական օրէնսդրութիւնը ասում էր, որ նոյն իսկ քրիստոնեայ թագաւորը իրաւունք չունի դատարանում վկայութիւն տալ վերջին բեռնակիր մուսիլմանի դէմ[10]): Դա նշանակում էր, որ թաթարական գիշատիչ ցեղերի լուծի տակ ապրող քրիստոնեաների համար վերին աստիճանի դժուար, համարեա միանգամայն անհնարին բան պիտի լինէր որ և է դատ վարել մահմեդականի դէմ։ Եւ կա՞ր արդեօք, թաթարական արդարադատութիւն, երբ կաշառակերութիւնը սրբագործված սովորութիւն էր ոչ միայն մանր-մունր պաշտօնեաների, այլ նոյն իսկ սուլթանների և շահերի համար։ Սրբագործված սովորութիւն էր նաև այն, որ տիրողը, առանց պատճառի անգամ, սպանել էր տալիս ունևորին և յափշտակում էր նրա ստացուածքը։ Անհուն կամայականութիւնների թագաւորութիւն էր։ Եթէ մեծ վէզիրներն անգամ ապահով չէին, թէ վաղը միւս օրը կենդանի կը մնան, ի՞նչ կարող էր լինել ռայեան, որի վերաբերմամբ ոչ մի բռնութիւն, ոչ մի անարդարութիւն արգելված չէր:

Բայց այդ դրութեան մէջ էլ գոյութեան կռւի օրէնքը տիրում էր ռայեայի վրա իր բոլոր անողոք պահանջներով։ Գոյութիւն պահպանել կարելի էր ստրուկին տուած զէնքերով և քծնելը, շողոքորթութիւնը, ստախօսութիւնը, մաւտնութիւնը ու այլ այսպիսի բարոյական կեղտեր ծծվում էին ժողովրդի արեան մէջ, առաւելապէս քաղաքներում ապրող ժողովրդի, որ աւելի յաճախ էր շփվում տիրողների հետ։ Այդ միջոցով քրիստոնեային աջողվում էր ոչ միայն գոյութիւն պահպանել, այլ և գեղեցիկ դիրք ստեղծել իր հաւատակիցների մէջ։ Կազմվում է քրիստոնեայ իշխանաւորի ընդհանրապէս զզուելի տիպը․ դա փողի, հարստութեան մարդն է, որ առաջ է գնում կաշառքներով, վաշխառութեամբ։ Մի կատարեալ. ստրուկ իրանից բարձրի, այսինքն մահմեդականի առաջ, նա դառնում է անգութ հարստահարիչ իրանից ստորի, այսինքն քրիստոնեայի համար։ Նա ունի մի յայտնի գիրք մահմեդական ազդեցիկ պաշտօնեաների մօտ, կարողանում է երբեմն շտկել քրիստոնեայ համայնքի գործերը իր շողոքորթութիւններով, կաշառքներով․ բայց դրա փոխարէն նա գրաւում է ռայեայի մէջ մի տեսակ փաշայի, հրամայողի և առնողի դեր։ Այդ դասակարգից առաջ եկաւ հայ ամիրայութիւնը Թիւրքիայում։ Անողորմ էին մանաւանդ այն քրիստոնեաները, որոնք կապալով վերցնում էին պետական հարկերր․ նրանք մէկին երկու էին առնում ժողովրդից։

Այս բոլոր աղէտները կարծես բաւական չէին մի ժողովրդի դժբախտութեան համար, և ահա զարգացաւ, առաջադիմեց, համատարած չարիքի կերպարանք ընդունեց աղէտներից գուցէ ամենավատթարը-փչացած հոգևորականութիւնը։ Նա երևան եկաւ աւելի աhռելի դէմքով, քան առաջ էր-ամեն մի առաքինութիւն կորցրած, աթոռ և առաքինութիւն ձեռք գցելու փառասիրական տենչով բռնված։ Այն սև ու ողբալի ժամանակներում հոգևորականների կռիւները, ստոր արարմունքները իշխանութիւն ձեռք բերելու համար՝ մեր պատմութեան երկար էջերն են գրաւում։ Որքան բարձր էր իշխանութիւնը, այնքան սաստիկ էր նրա համար մղվող կռիւը փառասէր եկեղեցականների մէջ։ Հակառակորդները մատնում էին միմեանց, կողոպտում էին եկեղեցիները՝ այս կամ այն բռնաւորին կաշառքներ տալու և նրա բարեհաճութիւնը գրաւելու համար, խոստանում էին հարկ տալ և ստորանում էին այն աստիճան, որ տիրողները սովորում էին առանց քաշվելու ամեն տեսակ կեղեքումների ենթարկել նրանց։

Այդքան զզուելի արարքների պատճառով էր, որ Էջմիածինը, հայոց եկեղեցական իշխանութեան կենտրօնը, մատնվեց մի անտանելի դրութեան և հազիւ հազ էր կարողանում շունչ քաշել։ Ի հարկէ, չէ կարելի ասել, թէ բոլոր հոգևորականներն էին փառամոլ, թէ ամենքն էին պատրաստ զոհել ամեն ինչ իրանց անձնական շահերին։ Բայց փոքր ի շատէ պարտաճանաչ մարդը չէր կարող դրստել այն, ինչ քանդում էին կաշառքներով և մատնութիւններով գործ աջողեցնողները։ Կաթողիկոսներից անդադար պահանջում էին հարկ, կաշառք. Էջմիածինը չունէր և դիմում էր ժողովրդին, նրանից ստացած նուէրներն էր գցում անկուշտ իշխողների կոկորդը։ Բայց ժողովուրդը միշտ չէր կարող այդպիսի հարկ վճարել իր հոգևոր տէրերի ապահովութեան համար. ի՞նչ դրութեան մէջ էր նա ինքը։ Եւ հոգևոր վարչութիւնը մի կերպ գոյութիւն պահպանելու համար տոկոսներով պարտք էր վերցնում, կատարում տիրողների պահանջը և ապա ինքը դառնում էր պարտատէրերի ստրուկ։ Դրութիւնն այնքան զարհուրելի էր, որ ոչ մի կաթողիկոս յանձն չէր առնում մենակ կառավարել եկեղեցին։ Սովորութիւն դարձաւ, որ կաթողիկոսը մէկին ձեռնադրում էր իր աթոռակից և ինքը փախչում էր Էջմիածնից, հէնց որ պարտատէրերի և իշխողների պահանջները խստութեան ծայրահեղ աստիճանին էին հասնում։

Եւ այսպիսի մի դասակարգն էր խելքի, լուսաւորութեան, գրականութեան միակ ներկայա-ցուցիչը։ Զարմանալի չէ, ուրեմն, որ XVI դարն էլ իր նախորդի նման էր, եթէ նրանից էլ աւել մռայլ ու մութ չէր: Նոյն իսկ մի հատ փոքր ի շատէ աչքի ընկնող ժամանակագիր հեղինակ էլ չը տուեց այդ դարը։ Ծանօթ են մի քանի հատ ու կտոր գրուածքներ, ինչպէս օրինակ, Յովհաննիսիկ վարդապետի փոքրիկ Յիշատակարանը, բայց դրանք այնքան մասնաւոր, երկրորդական երևոյթներ են, որ նոյն իսկ չեն մտել մեր գրականութեան պատմութեան մէջ։ XVI դարի միակ մատենագիր համարվում է Սիմէօն Ապարանցին, որ թողել է մի ոտանաւոր շատ խեղճ աշխատութիւն, այն էլ ոչ թէ ժամանակակից կեանքից, այլ վերցրած Ղազար Փարպեցու պատմութիւնից: Գրականութիւն չէր էլ կարող լինել, քանի որ հայերեն լեզուն անկման ծայրին էր հասել, կարգին լեզու իմացողներ համարեա չը կային ոչ մի տեղ։ Տգիտութիւնը այն տեղն էր հասցրել, որ քերականութիւնն անգամ բոլորովին մոռացվել էր[11] և այնքան փառաւոր անցեալ ունեցած գրաբարը աղճատվում էր անողորմ կերպով։ Մտաւոր դժբախտութեան ծաւալը չափելու համար նկատենք, որ օտարացող հայ ունիթօրները լատինական լեզուի ձևերով աղաւաղում էին հայերէնը, և այնքան անօգնական էր հայ աշխարհը, որ նա ընդունեց այդ ձևերը, ընդունեց այդ լատինացրած հայերէնը։

Ոչ, Հայաստանի հողի վրա չէր կարող ծաղկել գրական և մտաւոր շարժում: Սա մի ճակատագրական վճիռ էր, որ պատմութիւնը հանում էր թաթարական տիրապետութեան իրականութիւնից։ Տպարանի տեղ չէր մի երկիր, որ այնքան հեռու էր լուսաւոր աշխարհից, մոռացված, զուրկ հաղորդակցութեան ճանապարհներից և ամեն տեսակ ապահովութիւնից, մի երկիր, որի ժողովուրդը գերմարդկային ջանքեր էր անում իր գոյութիւնը պահպանելու համար, և արիւնարբու ցեղերից ոտնակախ եղած, զինուորական բռնապետութիւնների ահաւոր ձեռքի տակ ճնշված՝ տգէտ էր, նախապաշարված ու խաւար:

Բայց այդ ժողովրդի համար եթէ կար ապագայ, եթէ պահվում էր բախտի ժպիտ-դա միայն լուսաւորութիւնն էր , սեփական ջանքերով, առանց որ և է կողմնակի օգնութեան՝ առաջադէմ ազգերի ետևից գնալն էր։ Ի՞նչպէս պիտի հնարաւոր դառնար մի այդպիսի մեծ գործ, երբ թւում էր, թէ հայ ժողովուրդը, իրան շրջապատող պայմանների շնորհիւ, պիտի լինէր ասիական խաւարի մէջ անշարժացած, լոյսից զուրկ մի ժողովուրդ, ինչպէս էին նրա հարևանները։

Կան չարիքներ մարդկութեան կեանքի մէջ, որոնցից բարիք էլ է ծնվում։ Այդպիսի մի բարիք էլ հայերի համար ծնվեց։

Անշուշտ Հայաստանի համար մեծ դժբախտութիւն էր, որ կոտորածների դարերում ահագին բազմութեամբ հայեր հեռանում էին դէպի աշխարհի զանազան կողմերը՝ բախտ և հանգստութիւն որոնելու։ Ժամանակի ընթացքում գոյացաւ մի օտարերկրեայ Հայաստան-եթէ ներելի կը լինի այսպիսի մի անուն յատկացնել միմեանցից ահագին տարածութիւններով անջատված մանր ու խոշոր գաղթականութիւններին։ Սրանց մի խիտ ցանցը տարածված էր նախ և առաջ Հայաստանի մօտ գտնվող, նոյն իսկ սահմանակից երկիրներում։ Միջերկրական ծովի ասիական, եւրօպական և մասամբ աֆրիկեան ափերը, Սև ծովի նաւահանգիստները, Վրաստանը, Պարսկաստանը, Հնդկաստանը բազմաթիւ գաղթավայրեր տուին իր երկրից կամայ թէ ակամայ հեռացող հային։ Յաւիտեան կտրվելով հայրենի հողից, նա սկսեց արհամարհել տարածութիւնները և հասաւ Վօլգայի ափերին, մտաւ Ղրիմ, Լեհաստան, Տրանսիլվանիա, Բուկօվինա, Մօլդավօ-Վալախիա։ Իտալիայի, Ֆրանսիայի, Սպանիայի, Անգլիայի, Հօլլանդիայի, ինչպէս նաև հնդկական կղզիների և նոյն իսկ Չիաստանի նաւահանգիստները անծանօթ չէին հայերին։ Նրանք մեծ ընդունակութիւն ցոյց տոււին զանազան կողմեր ցրվելու, ժամանակաւոր կամ մշտական բնակութիւն հաստատելու և օտար կեանքի, պայմաններին յարմարվելու մէջ։ Նոյն իսկ Կովկասեան լեռնաշղթայի մշուշապատ լանջերը չը խուսափեցին գաղթավայր որոնող հայի աչքից, և այդտեղ, չէրքէղների երկրում, ապաստան գտաւ հայկական մի փոքրիկ հատուած։ Աշխարհի վրա գուցէ միայն հրէաներն են գաղթական հայութիւնից անհամեմատ շատ քարէքար ընկել։

Դա չարիք էր այն տեսակէտից, որ անչափ նուաղեցնում էր հայութեան թիւը․ Օտար երկնքի տակ ցաք ու ցրիւ եղած հայ ժողովուրդը բնականաբար պիտի կորչէր: Մի վաճառական ժողովուրդ, փոքրիկ համայնքներով խրված օտար ազգութիւնների ծոցը, երկար ժամանակ չէր կարող պահպանել ազգային ինքնուրոյնութիւն, մանաւանդ որ համարեա ոչինչ կապ չէր պահպանում բուն հայրենիքի հետ, չէր ենթարկվում հայրենի հողի ազդեցութեան, չէր ստանում այդտեղից այնպիսի մտաւոր պաշար, որ բաւարարութիւն տար նրա կեանքի պահանջներին։ Կամ բոլորովին կորցնելով իրանց մայրենի լեզուն, կամ պահելով այդ լեզուն լոկ եկեղեցական ծէսերի համար`հայ գաղթանութիւններից շատերը ձիւնի պէս հալվում էին, բոլորովին օտարանում և կուլ գնում իրանց շրջապատող ազգութիւնների մէջ։ Թէև այսպէս, բայց գաղթականութիւններին էր վերապահված լոյս վառել իրանց դժբախտ հայրենիքի համար։

Ի՞նչ էր տալիս գաղթականութիւնը։ -Ամենից առաջ այն, որ հայը իր երկրի սահմաններում կղզիացած չէր մնում։ Գաղթելով, նա հեռանում էր իր տխուր իրականութիւնից և մի քանի տեղերում մօտէնում էր քաղաքակրթութեամբ երջանիկ աշխարհին․ այդտեղ նա տեսնում և սովորում էբ շատ բան, կուլտուրական եռանդ, ձեռնարկող, մրցող ոգի էր ցոյց տալիս։ Իբրև ճարպիկ ու ժիր վաճառական, նա միջնորդ էր հանդիսանում Արևելքի և Արևմուտքի մէջ, նրա կարաւանները անհուն տարածութիւն էին կտրում, փոխադրելով մի երկրի բերքերը ուրիշ երկիրներ։ Դժուարութիւններ արհամարհելը, համբերատարութիւնը, չարքաշութիւնը, յամառ կերպով նպատակին ձգտելը բնաւորութեան խոշոր գծեր էին կազմում։ Հայը կայաններ ունէր Եւրօպայի և Ասիայի ամենանշանաւոր կենտրօններում․ այդ կայանները միայն վաճառականական շահին չէին ծառայում, այլ և երբեմն մտաւոր գործի օջախներ էին հանդիսանում։ Վաճառականի հետ գաղթականութեան ճանապարհին մի մի երևան էր գալիս նաև գրագէտը, ուսման տենչով վառված հայը…

Հետևելով հայ գաղթականի գծած ճանապարհներին, տեսնելով թէ ինչպէս սկսվեցին նրանք և ուր էին տանում, մարդուն այնպէս է թւում, թէ ճակատագիրը դարերի ընթացքում այնքան մեծ բազմութիւններ էր խլում հայի երկրից, որպէս զի ապագայում այդ բազմութիւններից մնացած փշրանքների միջոցով նոր բախտ վերադարձնէ հային-լոյս և քաղաքակրթութիւն որոնող մի ազգի բախտը։ Դարաւոր հանգամանքները մշակեցին մի հաստատ, տևողական օրէնքները — հայը միայն իր գաղթականութիւնների մէջ պիտի ձեռքերը բերէր վերածնութեան համար անհրաժեշտ լոյսն ու իմացականութիւնը և ապա կամաց կամաց, փոքր չափերով, փոխադրէր այդ ստացուածքը դէպի բուն հայրենիքը։ Ուրիշ միջոց և ճանապարհ չէր թոյլ տալիս հայի իրականութիւնը։ Եւ մինչև այժմ էլ գործում է այդ օրէնքը, մինչև այժմ էլ գաղթականութիւնների մէջ է կենտրօնացած հայի մտաւոր և կուլտուրական կեանքը։ Առանց գաղթականութիւնների` Հայաստանը կը մնար նոյն չոր անապաաը, որ պաարասավել էր մօնգօլների ձեռքով և պահպանվում էր թաթարական իսլամի երկաթէ տիրապետութեան տակ։

IV
Յիսնամեայ ընդհատում տպագրական գործունէութեան մէջ։ — Պատճառները։ —Պարսկա–թիւրքական աւերումներ Հայաստանում։ —ԹադԼոս վարդապետ Սեբաստացու ողբը։ —Մանկաժողովի պատկեր։ — Բարբարոսութիւններ Մօլդավիայում։ — Ստեփանոս կաթողիկոսի ճանապարհորդությունը դէպի Եւրոպա։ — Քաղաքական նպատակներ։ —Բանակցություններ Հռօմում։ — Միքայել կաթողիկոսը կրկնում է նույն փորձը։ — Աբգար Թօխաթեցի եւ նրա պատգամաւորութիւնը։ — Հռոմը չէր կարող օգնել։ — Կաթօլիկ եկեղեցու դրությունը։ — Րէֆօրմացիա, խաւար հոսանքներ, հալածանք, ինքուիզիցիտ։ –Պօղոս IV։ — Պիոս IV եւ Տրիենտի ժողովը։ — Աբգարի ընդունելիությունը։ - Աբգարի «Սաղմոսը»: — Արգելքներ Իտալիայում եւ տպարանի տեղափոխութիւնը։ Կ. Պօլիս։ —Պիոս V-ի ռէժիմը։ Գրիգոր XIII եւ հայերը։ — Բանակցություններ Կիլիկիայում եւ Ազարիա կաթողիկոսը։ — «Տօմար Գրիգորեան»։ — Կիլիկեցիների ակնկալությունները․ ոչ մեկն էլ չէ իրականանում։ —Մի գիծ Գրիգորի կեանքից։ — Յովհաննէս Տէրզնցի։

Հայերէն տպագրութեան սկզբնաւորութիւնը անհաստատ էր։ 1513-ից յետոյ գալիս է մի երկարատև անգործութիւն, որ 50 տարուց աւել է տևում․ այդ ժամանակամիջոցում, որքան յայտնի է, հայերէն գրքեր չը տպագրվեցին։

Ի՞նչ էր պատճառը։ Մի՞թէ հինգ տպագրված գրքերը մի պատահական երևոյթ էին կազմում և հայերի մէջ չը կար նոյն իսկ «Աղթարքի» կամ «Կիպրիանոսի» նման գործածական գրքեր ունենալու պահանջը։ Մենք կարծում ենք, որ կար պահանջ և 1512-1513-ի տպագրութիւնները քմահաճոյքի կամ շռայլութեան կերպարանքը չունէին։ Ամբողջ հարցը միայն նրա մէջ է թէ որտեղ էր զգացվում պահանջը և ո՞րքան հնարաւորութիւն կար այդ պահանջին բաւարարութիւն տալու։

Եւրօպացին, ինչպէս տեսանք, պատրաստ էր հային օգնելու, տալով նրան տառեր, տպարանական պարագաներ։ Բայց եւրօպացին չէր կարող գրքեր էլ ընտրել հայի համար, հրատարակութիւններ կատարել իր ուզածին պէս։ Պէտք էր որ հայը որոնէր իրան հարկաւոր գրքերը։ Եւ եթէ ուզենանք իմանալ թէ որոնողը ո՞վ պիտի լինէր, ամենից առաջ աչքի առջև կը գայ այն հայութիւնը, որ ապրում էր Եւրօպայի մէջ, տպագրական զարգացած և ընդհանրացած գործի կողքին։

Այդտեղից ահա որոնողների մի ահագին թիւ պիտի ստացվէր, որովհետև Եւրօպայի հայութիւնը սակաւաթիւ և աննշան մի բան չէր։ XVI դարի սկզբում մենք միայն Միջին Եւրօպայում ունէինք Լեհաստանի գաղթականութիւնը՝ մօտ 10 հազար տուն, Մօլդավիայինը՝ 3 հազար տուն։ Ունգարիայի գաղթականութեան թիւը յայտնի չէ, բայց այնտեղ եղած հայերը այնքան շատ էին, որ կարող եղան քաղաք ու աւան հիմնել իրանց համար: Յայտնի է թէ որքան նախանձելի էր հայ գաղթականութիւննեի նիւթական դրութիւնը Եւրօպայի մէջ։ Ամեն տեղ նրանք լայն արտօնութիւններ էին ստանում՝ առևտրով պարապելու համար։ Լեհաստանի հայերը այնքան մեծ ազդեցութիւն ունէին, ներքին ինքնավարութիւն ձեռք բերին և իրանք էին իրանց գործերը կարգադրում։

Բնական կը լինէր սպասել, որ այդ խոշոր գաղութները կը դառնան լուսաւորութեան կենտրօններ և իրանց դժբախտ հայրենիքի համար՝ լոյսի աղբիւրներ։ Ի՞նչ էր նրանց պակասում։ Մօլդավիայի հայ եզնավաճառները այնքան էին հարստանում, որ իրանց փողով եկեղեցի էին շինում և նուիրում տեղական իշխանութեան։ Լեհաստանցի հայի փարթամութիւնը ուղղակի նախանձ էր պատճառում միւս տեղացի ազգերին: Բայց այդ հարստութիւնները, այդ բարեկեցութիւնը, եւրօպական մթնոլորտը մտաւոր ոչինչ բարիքներ չառաջացրին։ Եւրօպայի հայը հռչակվում էր փող դիզելով, իսկ այն, ինչ հարկաւոր էր նրա մտքին ու հոգուն, պիտի տար թաթարական իսլամի տակ տափակացած Հայասաանը։ Ոչ աչքի ընկնող դպրոցական գործ, ոչ գրականութիւն և լուսաւորութիւն տեղ չը գտան փարթամ վաճառականների աշխարհում։ Երբ եկեղեցական այնպիսի հարց էր ծագում, որի լուծումը պահանջում էր մտաւոր պատրաստութիւն, եւրօպացի հայը կատարելապէս անընդունակ էր հանդիսանում և աչքը տնկում էր Էջմիածնի վրա։ Դա միայն կրօնով հայ էր. իսկ ազգային ոգու այն հզօր գործօնը, որ լեզուն է, նա մոռանում էր հեշտութեամբ։ XVI դարի սկզբից Լեհաստանի հայութիւնը արդէն թաթարերէնն էր գործածական լեզու դարձրել թէ տանը և թէ եկեղեցում։

Մնում էր, ուրեմն, որ հայերէն գրքի և տպագրութեան ետևից դարձեալ Հայաստանցին ման գար: Նա էր, որ պահում էր իր լեզուն. նա էր, որ միայն այդ լեզուով կարող էր կերակուր տալ իր հոգուն ու մտքին: Բայց նա ազատութիւն ունէ՞ր իր որոնումները ամեն ժամանակ կատարելու համար:

1500 թւականին Պարսկաստանում հաստատվեց Սէֆէվիների դինաստիան։ Շահ-Իսմայիլը այդ տոհմի առաջին թագաւորն էր, որ իր գահը հաստատեց Թաւրիզում։ Համարեա ամբողջ Հայաստանր պատկանում էր Պարսկաստանին. թիւրքերը աչք էին դրել այդ մեծ բաժնի վրա և պատերազմի առիթ էին որոնում, մանաւանդ որ ատելով ատում էին շիա պարսիկներին։ Ընդհարումը երկու մահմեդական բռնակալների մէջ շատ չուշացաւ։ Շահ-Իսմայիլը խրոխտ ու ինքնավստահ էր, բայց նրանից պակաս կատաղի և մեծամիտ չէին օսմանեան սուլթանները։ Բայէզիտ երկրորդը Կ․ Պօլսում անպատւութեամբ ընդունեց Շահ-Իսմայիլի դեսպանին, որ գնացել էր բողոքելու թէ Օսմանեան զօրքերը անցնում են սահմանը և կողոպտում են Հայաստանի քաղաքները։ Շահ-Իսմայիլը այդ անպատւութեան պատասխանեց, աւելի մեծ արհամարհանքով ընդունելով թիւրքաց դեսպանին Թաւրիզում։

Պայթուցիկ նիւթեր շատ էին հաւաքվել և երբ սուլթան Սէլիմր, թունաւորելով իր հօրը, Բայազէտին, գահ բարձրացաւ, փոխադարձ վիրաւորանքները աւելի յաճախ սկսեցին կրկնվել, մինչև որ երկու բռնակալները միմեանց վրա յարձակվեցին։ Սկսվեցին թիւրք-պարսկական պատերազմները, ահաւոր, երկարատև, արիւնահեղ այդ պատերազմները, որոնք այնքան տառապանքներ պատճառեցին հայ ազգին։

Օսմանեան սուլթանների մէջ միայն Սէլիմ առաջինն է, որ ստացել է յատուկ անուն Եավուզ (արնախում)։ Սա ցոյց է տալիս որ այդ սուլթանի արնախմութիւնը ընդունակ էր նոյն իսկ օսմանցիներին զարմացնելու։ Այդ Եավուզը, Շահ-Իսմայիլի սիրտը այրելու համար, կոտորել տուեց իր պետութեան մէջ ապրող 40 հազար շիա մահմեդականներ։ Մի օր էլ նա վճռեց որ քրիստոնեաներ չը լինեն։ Եւ երբ յունաց պատրիարքը կարողացաւ համոզել նրան, որ քրիստոնեաները սուլթանների տուած իրաւուանքով են շունչ քաշում Օսմանեան հողի վրա, Եավուզը յետ վերցրեց իր սարսափելի հրամանը, բայց խլեց քրիստոնեաների բոլոր գեղեցիկ եկեղեցիները, մզկիթ դարձրեց, գտնելով որ քրիստոնեաները արժանի են միայն փայտաշէն եկեղեցիների։

Ահա այդ մարդն էր, որ արշաւեց մինչև Թաւրիզ, ջարդեց ու փախցրեց Շահ-Իսմայիլին, տիրացաւ Հայաստանին և Քրդաստանին։ Բայց բանը դրանով չը վերջացաւ, և աւերված երկիրը Թիւրքիայի վերջնական սեփականութիւն չը դառաւ։ Պարսիկները յետ էին խլում իրանցից առած երկիրները, օսմանցիները նորից նուաճում էին նրանց։ Եավուզը երկար կեանք չունեցաւ, բայց նրա որդի Սիւլէյմանը, որ եւրօպացի պատմիչներից ստացել է Փառահեղ տիտղոսը, շատ երկարակեաց էր և անթիւ պատերազմներ մղեց թէ Եւրօպայի և թէ Պարսկաստանի դէմ, և միշտ յաղթական պատերազմներ։

Ամբողջ Հայաստանը երկու ահաւոր թշնամիների ոտների տակն ըեկաւ։ Վանը, Բաղէշը, Երզնկան, Կարինը, Արարատեան երկիրը ձեռքից ձեռք էին անցնում։ Թէ ինչ օրեր էին քաշում այդ դժբախտ տեղերը, կարելի է հասկացողութիւն կազմել, կարդալով ականատես Թադէոս վարդապետ Սեբաստացու ողբը, որ բերում է Չամչեանը իր Պատմութեան մէջ[12]: Ահա թէ ինչ է պատմում այդ վարդապետը.

Հայոց հազար թւականն էր (1551)։ Ղզլբաշները (պարսիկները) շարժվեցին հայոց ազգի վրա՝ նրա մնացորդները մանրելու և մաշելու համար։ Սրանց բերած աղէտները աւելի են Լէնկթիմուրի աղէտներից։ Մի ամբողջ տարի է, ինչ անդադար ման են գալիս քաղաքներ աւերելու և ստացուածք կողոպտելու համար․ ինչ տեսնում են աչքով, իսկոյն պահանջում են․ և հարկերի անունով վերջին աղքատութեան հասցրին մեր ազգը։ Երբ մէկի բերանից լսում են Քրիստոսի անունը, նրան չարաչար տանջում են․ և եթէ նա չէ դադարում Քրիստոսին ճշմարիտ Աստուած դաւանելուց, նրա բոլոր ունեցածը խլում են և իրան էլ սպանում։ Իրանց թագաւորին, որին շահ են անուանում, Աստուծուց աւելի են պաշտում․ բայց սա մեզ համար փարաւոն դարձաւ և Սենեքերիմից ու Նաբուգօգօնօսօրից էլ վատ․ գիւղ չը թողեց, քաղաք չը թողեց, որ չը վնասէ․ որը կրակով էր այրում, որը հիմնայատակ քանդում էր, ամրոցների և աւանների շինութիւն չէր թողնում, մանաւանդ եկեղեցիների և վանքերի շատ քահանաներ և կրօնաւորներ էլ սպանեց։ Նրա զօրքհրը փռվեցին Վասպուրականի և Տուրուբերանի

բերանի երկրում և շինութիւն չը թողեցին Վանի կողմերից մինչև Երզնկայ․ սուր և կացին ձեռք առած՝ այս ու այն կողմ ընկան, կոտորեցին Խլաթի և Արծկէի այգիները, անտառները և պտղատու ծառերը։ Կարինի արտերը կրակ տուին։ Ողբում եմ Բասէնի երկիրը, որ սրի ճարակ դարձրին։ Բարձր Հայքից մինչև Կիլիկիայի Սիս քաղաքը հալածելով քրիստոնեաներին , երկիրը մարդ կանցից թափուր դարձրին․ ոչ հայ մնաց, ոչ տաճիկ, ամենքին սրով կոտորեցին։ Կողոպտեցին եկեղեցիների սպասները, որոնց հետ Ատուածաշունչ գրքերը, և վարդապետների գրուածքները։ Վա՛յ և եղուկ մեր գլխին, որ այսպիսի անցքեր տեսանք մեր աչքով և մեր հայրենիքից տարագիր լինելով՝ ողորմ ողբալի եղանք [13]: Այսպէս էր մի կողմը։ Իսկ մի՞ւսը։ Նոյն վարդապետը նկարագրում է Սիւլէյման Փառահեղի հրամանով կատարած մանկաժողովը։ Աննկարագրելի է, ասում է ողբացողը, քրիստոնեայ հայրերի և մայրերի ողբն ու սուգը, որ տարածված էր

ողբ, աչխոյժ ու սրտառուչ ոճով նկարագրելով նրա մէջ Ստեփան Վօյվօդայի, քստմնելի արարքները։ Այդ ողբը XVI դարի մեր աղքատ գրականութեան լաւագոյն յիշատակարաններից մէկն է, գրված է համարեա աշխարհաբար լեզուով։ Ահա Թօխաթեցու բանաստեղծական աշխոյժի նմուշներր.
Հիւսիսական կողմ աշխարհի

Փոքրիկ երկիր կայ Օլախի,

Բազում հայք կայր իւրեանց միջի,

Լաւ քրիստոնեայք և անուանի։

Երիցանիքն ուսածք էին,

Ժամատեղօք պայծառ էին

Խիստ փառաւոր հայեր կային

Յանկարծ փորձանք եկաւ նոցին։

Սաստիկ հրաման եհան կրկին

Զեկեղեցիքն աւերեցին,

Զինչ անօթ կայր կողոպտեցին,

Զհայոց գրեանքըն այրեցին։

Պոտշան քաղքին եկեղեցին,

Ոսկով պատկերք դըրած միջին,

Շատ մալ խարճած վերայ նորին,

Յիշատակ էր Քրիստոստուրին։

Վօյվօդային աղաչեցին,

Հազար կարմիր տամք քեզ ասին,

Ըսկիք, խաչեր և զանօթնին,

Մի աւերել եկեղեցին։

Պիղծ Վօյվօդան նոցա ասաց

Զխընդիրքն նոցա ոչ կատարեաց։

(«Հանդէս Ամսօրեայ», 1888, № 1 և 2)։

ամեն տեղ։ Թիւրքերը յարձակվում էին տների վրա, ծնողների գրկից յափշտակում էին երեխաներին և տանում էին նրանց, իսկոյն թլփատում, մահմեդականացնում։ Մի քանի ժամանակից յետոյ կրկնվեց նոյն բարբարոսութիւնը, այս անգամ աւելի վայրենի կերպով. ծնողական դիմադրութիւնը այնքան կատաղեցնում էր մանուկներ հաւաքողներին, որ նրանք քանդում էին տները և կողոպտում. մի քանի տեղերում եկեղեցիներ էլ այրեցին։ Այսպէս, Եւդօկիա քաղաքում մի օրվայ մէջ ութ եկեղեցի քանդվեցին և այրվեցին։ Ժողովրդի հեծեծանքները հարկադրեցին Դերջանի Մաղաքիա վարդապետին մի համարձակ քայլ անել։ Նա գնաց Կ. Պօլիս և ներկայանալով սուլթան Սիւլէյմանին, աղաչեց նրան ազատել ժողովուրդը տառապանքներից։ Ուրիշ հայրեր էլ նոյն աղերսանքը ներկայացրին, և սուլթանր հրամայեց դադարեցնել մանկաժողովը։ Բայց դրանից յետոյ մի քանի անգամներ էլ կրկնվեց այդ բարբարոսական բռնութիւնը։

Տառապանքների այդ տարիներից մէկում, 1547-ին, Էջմիածնի Ստեփանոս կաթողիկոսը, որ կոչվում էր Սալմաստեցի, չը կարողանալով անտարբեր մնալ իր ժողովրդի կրած չարչարանքների մէջ, իր տեղը կաթողիկոս ձեռնադրեց Միքայէլ Սեբաստացուն և ինքը ճանապարհվեց Էջմիածնից դէպի Եւրօպա։ Նա այցելեց Վենետիկը, երկար մնաց Հռօմում, ուր բանակցութիւններ էր վարում կաթօլիկ եկեղեցու պետի հետ։

Ստեփանոս կաթողիկոսր առաջինը չէր, որ պայմաններ էր առաջարկում ս. Պետրոսի աթոռին։ Կաթօլիկ հեղինակները շատ անգամ են յիշատակում թէ հայոց կաթողիկոսները հնազանդութիւն յայտնեցին Հռօմին, բայց միշտ խուլ ու մութ են թողնում այն բանը՝ թէ եթէ այդպէս էր, ինչ՞ու չը կայացաւ եկեղեցիների միութիւնը։

Յայտնի է, որ դեռ Ռուբինեանների ժամանակից կաթօլիկ եկեղեցուն միանալու հարցը կապված է եղել քաղաքական շահերի հետ և մենք շատ հիմքեր ունենք հաստատելու, որ հայ հոգևորականութիւնը եթէ շատ անգամ պատրաստ էր իր հնազանդութիւնը յայտնելու ս․ Պետրոսի աթոռին, դա առանց իրական փոխարինութիւն ստանալու պայմանի չէր։ Հայաստանի տանջանքներին ականատես էին կաթօլիկ քարոզիչները, որոնք ամեն կերպ աշխատում էին դարձի բերել հայերին և աջողութիւն վաստակելու նպատակով ոսկի սարեր էին խոստանում նրանց։ Հայերին առաջին անգամ կաթօլիկ միսիօնարները սովորեցրին դէպի Եւրօպա ուղղել իրանց աղաչաւոր հայեացքը, և Հռօմը, իբրև Եւրօպայի մէջ մեծ հեղինակութիւն ունեցող մի կրօնական ուժեղ պետութիւն, բնականաբար պիտի հայերին մեծ յոյսեր ներշնչէր, քանի որ այնքան աշխատում էր կաթօլիկացնել նրանց։

Սալմաստեցու ճանապարհորդութիւնը ունէր քաղաքական նպատակ։ Վենետիկի հանրապետութեան կաթողիկոսը ներկայացրեց պարսկական Հայաստանի հայ գլխաւորների մի աղերսագիրը, որ վերջանում էր այսպէս.

Եւ մենք խեղճ հայքս ի մասին պարսից, ի ներքոյ խիսա տառապանաց այլադենից, կու սպասեմք ձեր գալուն, ինչպէս սուրբ նախահարքն սպասէին Փրկչին Քրիստոսի։ Գիտեմք, որ ի զգօնութենէ տէրանց Վենետաց պիտի սկսի մեր փրկութիւնն և ազատութիւնն: Կուղարկեմք մեր պատրիարքը Ստեփանոս, շատ պաաճառաց համար, առ մեծապայծառ, տէրութիւն ձեր, որ յարդութիւն ընծայէ ձեզ, և յետոյ շնորք ընէք իրեն, որ կարենայ երթալ և համբուրել զոտս ամենասրբազան Պապին<ref>Հ․ Ալիշան — «Հայ-Վենետ», 1896, եր. 329։/ref>:

Կաթողիկոսի հետ էին մի արքեպիսկոպոս, մէ եպիսկոպոս և ուրիշ պաշտօնեաներ։ Այդ շքախմբով նա շատ լաւ ընդունելութիւն գտաւ Հռօմում․ պապական կառավարութիւնր մի առանձին պալատ յատկացրեց նրա բնակութեան համար: Մի քանի անգամ տեսակցութիւն ունենալով Պօղոս երկրորդ պապի հետ, կաթողիկոսը ծանրակշիռ և կարևոր առաջարկութիւններ արաւ նրան: Մանրամասնութիւնները մեզ յայտնի չեն, բայց ահա ինչ է ասում ժամանակակիցներից մէկը, Գուալտէր Արետինոս․ «Ես նրան և նրա հետ եղողներին շատ մօտ էի. և յաճախ հարցնում էի նրան և շատ տեղեկութիւններ էի իմանում պարսից և թաթարական դէպքերի մասին։ Բայց շատ եղան մեր մէջ և ծանր վիճաբանութիւններ կրօնի գործերի վրա… Շատ կարևոր բաներ ունէր իր մտքում, բայց ժամանակը խափանում էր նրա մտքերը»։

Այս վկայութիւնից կարելի է եզրակացնել, որ Ստեփանոս կաթողիկոսի բանակցութիւնների մէջ առաջին տեղը կրօնական հարցերը չէին գրաւում, այլ հայերի, քաղաքավան դրութիւնը։ Եթէ Պօղոս պապր կարողանար թեթևացնել այդ դրութիւնը, այն ժամանակ հայոց եկեղեցին մի շարք զիջումներ կանէր Հռօմի աթոռին։ Նոյն ականատեսի խօսքերից կարելի է եզրակացնել և այն, որ զիջումներ էին խոստացվում և ոչ կատարեալ հպատակութիւն։ Այսպէս, պատարագի բաժակի մէջ ջուր խառնելու մասին կաթողիկոսը միայն այն խոստումը տուեց, թէ կաշխատէ համոզել հայ հոգևորականութիւնը, որպէս զի այդ կէտն էլ ընդունվի։

Բայց այդ առաքելութիւնից իրական օգուտ դուրս չեկաւ հայերի համար։ Հռօմը ազգերի քաղաքական ազատութեան մասին առհասարակ չէր մտածում, իսկ այդ ժամանակ մանաւանդ չէր կարող մտածել, եթէ կամք էլ ունենար, որովհետև ինքն էլ տնային շատ խառնակութիւններ ունէր։ Այդ է պատճառը, որ Ստեփանոս կաթողիկոսը «ամենասրբազան Պապի ոտները. համբուրելուց» յետոյ էլ, երբ ձեռնունայն վերադարձաւ Էջմիածին, այլ ևս պարտաւոր չը համարեց իրան Հռօմի հպատակ անուանել։ Վերադարձին նա գնաց Գերմանիա և ներկայացաւ Կարոլոս V կայսրին, այնտեղից անցաւ Լեհաստան և Մօսկվա։ Անշուշտ, կաթողիկոսը աղերսագիրներ ներկայացրեց և այդ պետութիւններին, բայց, ինչպէս երևում է, ոչ ոք օգնութեան յոյս չը տուեց։

Անաջողութիւնը կատարեալ էր, բայց և հայկակակ իրականութիւնը այնպէս չէր, որ կարելի լինէր բաւականանալ մի անգամ աղաչելով։ 17 ․ տարի անցնելուց յետոյ Ստեփանոսի յաջորդ Միքայէլ կաթողիկոսը կրկնեց մի և նոյն փորձը։ Նա էլ հեռացաւ Էջմիածնի ծանր մթնոլորդից, բայց քայլերը ուղղեց դէպի իր հայրենի Սեբաստիան, կաթողիկոսութիւնը յանձնելով իր փոխանորդին։ Սեբաստիայում նա ծանօթացաւ եւդօկիացի (թօխաթցի) Աբգար անունով դպիրի հետ, որ, ինչպէս ենթադրվում է, շատ նշանաւոր ծագում ունեցող մի մարդ էր, գուցէ թագաւորական տոհմի սերունդներից մէկը։ Ահա այդ մարդուն Միքայէլ կաթողիկոսը պատգամաւոր ուղարկեց Հռօմ։ Աբգարի հետ էին նրա որդին Սուլթանշահը և մի վարդապետ։ Պապին գրած նամակի մէջ Միքայէլ կաթողիկոսը առաջարկում էր լինել «մի հօտ, մի հովիւ, որպէսզի դրա հետ կարելի լինի աչք դնել գերութիւնից ազատվելու վրա», իհարկէ, պապի օգնութեամբ[14]:

Ուրեմն մեզ ծանօթ առաջարկութիւնների կրկնութիւնը։ Ամեն ինչ այս է հաստատում։

Հայերի այս պատգամաւորութեան մասին մանրամասն տեղեկութիւններ հաղորդողները հռօմէական աղբիւրներն են, որոնք և ասում են, թէ հայոց կաթողիկոսի թղթի մէջ կային ծածկագրութիւններ և նշաններ, որոնց բացատրութիւնը միայն Աբգարը կարող էր տալ։ Սա աւելի ևս հաստատում է այդ պատգամաւորութեան քաղաքական հանգամանքը։ Եթէ հարցը պարզապէս կրօնական լինէր, հարկ չէր լինի դիմելու ծածկագրութեան․ երևի այդտեղ թագցրված էին այն պայմաններր, որ Միքայէլ կաթողիկոսր առաջարկում էր Հռօմին, պայմաններ, որոնք չէին կարող խիստ գաղտնիք չր լինել։

Արգարի պատգամաւորութիւնը երկար ուշացաւ ճանապարհին և միայն 1564-ին հասաւ Հռօմ։ Բայց Պիոս IV պապր, որին դիմեց նա, աւելի ևս քիչ հնարաւորութիւն ունէր մտածելու հայերի մասին, քանի որ այդ ժամանակ նրա առջև դրված էր կաթօլիկ եկեղեցու գոյութեան հարցը:

Որպիսի մեծ փոփոխութիւններ էին կատարվել Եւրօպայում 1513 թւականէց յետոյ, երբ Վենետիկում լոյս էին տեսել հայերէն առաջին տպագրութիւնները։ Վերածնութեան դարին Գերմանիայում հետևեց Լիւթերի առաջացրած կրօնական ահագին յեղափոխութիւնր, որ յայտնի է «Րէֆօրմացիա» անունով և ուղղված էր կաթօլիկ եկեղեցու դէմ։ Շարժումը շատ գեղեցիկ աջողութիւն ունեցաւ. բողոքականութիւնը արագ տարածվեց Գերմանիայում, անցաւ Շվէյցարիա, Ֆրանսիա, Հօլլանդիա, Անգլիա. նոյն իսկ Իտալիան, պապերի երկիրը, գրկաբաց ընդունեց նոր վարդապետութիւնր։ Ամեն տեղ կաթօլիկ եկեղեցու անկումը պարարտ հող էր պատրաստել բողոքականութեան համար։ Հռօմը զրկվեց իր հպատակների համարեա կէսից։

Բայց պապականութիւնը չէր կարող այդքան հեշտութեամբ հաշտվել սարսափելի իրողութեան հետ։ Կաթօլիկ կղերականութիւնը իր բոլոր ռազմական ընդունակութիւնները դուրս հրաւիրեց նոր կրօնի դէմ, առաջացրեց մի կրօնական մեծ հակայեղափոխութիւն։ Ամենից առաջ վերակազմվեցին կրօնական-վանական կարգերը, որոնք պապականութեան հեղինակութիւնը պահպանելն ունէին իբրև վերջնական նպատակ։ Հիմնվեցին և նոր կարգեր. թէատիններ, կապուցիններ, բարնաբիտներ և այլն։ Բայց դրանցից ոչ մէկը չը հասաւ այն նշանակութեան, որ կարճ միջոցում ձեռք բերեց Իգնատիոս Լօյօլայի հիմնած կարգը - եզուիտների կարգը, որ մի սոսկալի, համաշխարհային ոյժ դարձաւ կաթօլիկ եկեղեցու համար։

Անողորմ, կատաղի կռիւ յայտարարվեց ոչ միայն բողոքականութեան, այլ առհասարակ ամեն մի ազատ մտքի դէմ, որ յանդգնում էր հեռանալ եկեղեցու աւանդութիւններից և հրամաններից։ Հոօմը իր օգնութեան կանչեց այն սարսափելի հիմնարկութիւնը, որ ստեղծվել էր Սպանիայում XV դարի երկրորդ կէսում։ Դա հաւատաքննութիւնն էր, ինքուիզիցիան: Իտալիայում կային հաւատաքնական ատեաններ, բայց նրանք թոյլ էին գործում։ Կարդինալ Կարաֆֆան վերակազմեց ինքուիզիցիան Հռօմում և ինքը դառնալով այդ հիմնարկութեան գլխաւոր (մեծ ինքուիզիտօր), մի կարճ միջոցում ահ ու սարսափ տարածեց ամբողջ Իտալիայի վրա․ բանտերը, տանջանքները, խարոյկները անգթութեան բոլոր նրբութիւնները պարզեցին, որպէս զի ահաբեկեն բոլոր հերետիկոսներին, բոլոր թուլահաւատներին։ Պատժվում էր ոչ միայն կատարված յանցանքը, այլ և մտադրութիւնը, արգելվում էր ոչ միայն հակաեկեղեցական մի բան անելը, այլ և մտածելն անգամ:

1555 թւականին մեծ ինքուիզիտօր Կարաֆֆան ընտրվեց պապ և ստացաւ Պօղոս IV անունը։ Սրբազան ինքուիզիցիայի կատարեալ և ծայրայեղ յաղթանակն էր դա։ Նոր պապի առաջին գործը եղաւ արգելք դնել գրքերի վրա։ Նա հրատարակեց Ինդեքս, ցուցակ այն գրքերի, որ կարդալ և պահել չէին կարող կաթօլիկները։ Դա մի սև մահվան կնիք էր, որ դրոշմվում էր մարդկային մտքի վրա։ Արգելվում էին, ի հարկէ, փոքր ի շատէ ազատ միտք պարունակող գրքերը, արգելվեցին նոյն իսկ այնպիսի կրօնական գրքեր, որոնց ուղղափառութիւնը բաւականաչափ պարզ չէր թւում ինքուիզիցիայի պաշտօնեաներին։

Սարսափը, բռնութիւնները աւելի մեծ գործ կատարեցին, քան Քրիստոսի կտակած հեզութիւնը, գթասրտութիւնը։ Սրբազան ինքուիզիցիայի կրակը մաքրեց Իտալիան։ Բոլոր հերիտիկոսները, ինչպէս նաև բոլոր այն ազնիւ մարդիկ, որոնք չէին կարող պապական այդ տերրօրի հետ հաշտվել, փախան Իտալիայից, էսկ որոնք փախչել չը կարողացան, նրանք կամ մռայլ բանտերի մէջ փտեցին կամ այրվեցին խարոյկների վրա։ Ոչ մի զիջում, ոչ մի թուլութիւն, որ խնայէր յանդուգն ախոյեանին։ Բայց Լիւթերի շինութիւնն էլ աւազի վրա չէր հիմնված․ կաթօլիկութիւնը նրան քշել-տանել չը կարողացաւ, բայց և այդպէս, մեծ աջողութիւն ձեռք բերեց, կանգնեցնելով բոդոքականութեան յաղթական գնացքը։

Այդ աջողութիւնը, սակայն, մահ էր մարդկային մտքի համար, որ նոր էր թևաւորվե,լ նոր էր գտել լոյսի ճանապարհը։ Բռնութիւնների հարուածների տակ ամենից շատ դժբախտացաւ Իտալիան։ Այդ երկիրը, ուր մի քանի ժամանակ առաջ Վերածնութիւնը այնքան կենդանի շարժում, աղմուկ, ուրախութիւն ու կենսունակութիւն էր սփռել, դարձաւ մի ամայի անապատ, ուր միայն Ինդէքսն էր թագաւորում և կրօնական հանդէսներն էին երևում։ Կորաւ Իտալիայի գրական, գեղարուեստական փառքը․ այլ ևս մեծ միտք, հանճար չէր ծնվում։ Պետրարկաների լուսափայլ դարի փոխարէն բացվեց կրօնական կեղծաւորութեան, փարիսեցիութեան դարը։ Ժողովուրդր, եզուիտների և ինքուիզիցիայի աչքում բարեմիտ երևալու համար, շինում էր անթիւ եկեղեցիներ, բարեպաշտական ցոյցեր էր անում, թէև ներքուստ բոլորովին անհաւատ էր։

Սակայն կրակով և տանջանքներով մշտական հաստատ դրութիւն ստեղծել եկեղեցու համար անկարելի էր։ Ահա 1559-ին Պօղոս IV–ը, վերջապէս, վախճանվեց։ «Թեթևութեան հառաչանք դուրս թռաւ ամենքի կրծքից, երբ լուր տարածվեց թէ մեռել է այդ անողոք ֆանատիկոսը․ նոյն իսկ Հռօմի ժողովուրդը, չը նայած իր ամբողջ ուղղափառութեան, ատում էր այդ անգութ հալածողին»[15]։ Ինքուիզիցիան սարսափ էր ազդում, բայց և զայրոյթ ու ատելութիւն էր գրգռում իր դէմ։ Ինքուիզիտօր-պապի մահը առիթ տուեց որ այդ զայրոյթը պայթէ ժողովրդական ապստամբութեան ձևով։ Հռօմի ամբոխը յարձակվեց հաւատաքննութեան պաշտօնարանի վրա, ազատեց այնտեղ բանտարկվածներին, թալանեց ամեն ինչ, որ գտնվում էր այնտեղ։ ՛ Վաղուց գոյութիւն ունէր այն միտքը թէ կաթօլիկ եկեղեցին բողոքականութեան դիմադրել կարող է, րէֆօրմներ ընդունելով, ինքն իրան բարեկարգելով։ Հարկաւոր էին համարում եկեղեցական ժողով կազմել՝ այդ րէֆօրմները մշակելու համար։ Հռօմը վախենում էր ժողովից, կարծելով թէ եկեղեցու բարեկարգութիւնը ուղղած պիտի լինի պապերի իշխանութեան և եկամուտների դէմ։ Բայց ամեն կողմից լսվող պահանջները այնքան ստիպողական էին, որ Հռօմը ակամայ զիջեց և 1545-ին Տրիենտ քաղաքում եկեղեցական ժողով գումարեց։ Սակայն նրա չկամութիւնը, աշխարհական իշխանութեան միջամտութիւնները և այլ հանգամանքներ թոյլ չը տուին որ Տրիենտի ժողովը վերջնական եզրակացութիւնների հասնէ։ Երկրորդ անգամ նոյն ժողովը հրաւիրվեց 1551-ին, բայց դարձեալ անհաջող։

Պօղոս IV-ին յաջորդեց Պիոս IV-ը,որ թէև աւելի կակուղ բնաւորութեան տէր մարդ էր, բայց եկեղեցին վտանգի մէջ չը գցելու համար իր սարսաաիելի նախորդի սիստեմին հետևեց, և ինքուիզիցիան չը թուլացաւ։ Պիոսի ժամանակ նորից առաջարկութիւններ եղան եկեղեցական ժողովի մասին։ Երկար տատանումներից յետոյ, Պիոսը համաձայնութիւն տուեց և 1562-ին Տրիենտում նորից հաւաքվեցին կաթօլիկ հոգևորականները։ Այդ ժողովը ցոյց տուեց որ ի զուր են եղել պապերի վախերը։ Հռօմը լաւ պատրաստութիւններ ունէր Տրիենտում։ Եւ այդ պատրաստութիւնների թագը եզուիտներն էին, որոնք ահագին ազդեցութիւն ունեցան ժողովում․ իրանց յատուկ ճարպիկութեամբ չէզոքացրին դիմադրական հոսանքները և կարողացան այնպիսի վճիռներ անցկացնել տալ որոնք միայն գոհութիւն կարող էին պատճառել Հռօմին։

Տրիենտի ժողովը վերակազմեց կաթօլիկութիւնը աւելի հաստատ հիմքերի վրա։ Դաւանական և եկեղեցական րէֆօրմները մերժվեցին, բայց մշակվեց վարչական այնպիսի ձև, որ տալիս էր եկեղեցուն մեծ դիմացկանութիւն, ոյժ։ Պապի իշխանութիւնը աւելի ևս բարձրացաւ, նրա հեղինակութիւնը աւելի ևս անվիճելի, ճնշող դարձաւ։ Դա րէֆօրմ էր, բայց յետադիմական րէֆօրմ։ Եկեղեցին, նրա շնորհիւ, դարձեալ տիրապետող հանդիսացաւ Արևմուտքում, յետ մղեց ազատ միտքը, աստուածաբանական կնիք դրեց գրականութեան, լուսաւորութեան վրա։ Եւ երկար ժամանակ էր հարկաւոր որ մարդկութիւնը նորից կարողանար ազատվել կրօնական կապանքներից․․․

Պէտք է չը մոռանալ Արևմտեան Եւրօպայի և մասնաւորապէս Իտալիայի այս հանգամանքներըը, որ մենք դիտմամբ ենք յիշատակում այստեղ։ Մինչդեռ Եւրօպայի լաւագոյն գործիչները աշխատում էին ազատել ազգերը Հռօմի գերութիւնից՝ իբրև զարգացման և առաջադիմութեան մի անհրաժեշտ պայման, հայերը, շնորհիւ քաղաքական դժրախտ հանգամանքների, փրկութիւն որոնում էին այն իսկ պապականութեան փէշերի տակ, որ այդպիսի խաւար տարածեց լուսաւորվող աշխարհի վրա, և դեռ մի այս տեսակ փրկութիւնն էլ նրանց համար երազ էր, ցնորք։

Նոր էր վերաջել Տրիենտի ժողովը, երբ Պիոս IV-ին ներկայացաւ Աբգար թօխաթեցին` իր ծածկագիր թղթերով, արիւնոտ Արևելքից բերած իր աղաչանքներով։ Բայց Պիոսը կարող էր զբաղվել այդ աղաչանքներով, երբ նրա առջև կար աւելի մեծ հոգս։ Տրիենտում տարած փառաւոր յաղթանակը պէտք էր իրականացնել, գործադրել։ Կաթօլիկ պետութիւններին առաջարկված էր պաշտօնապէս ընդունել ժողովի որոշումները։ Ֆրանսիան մերժեց ընդունել, միւս պետութիւններից որը ընդունում էր, որը զանազան առարկութիւններ էր անում։ Պապական աթոռը եռանդուն առաջարկներ էր անում, ստիպողաբար պահանջում էր գործադրութիւն։ Այդ հոգսերի մէջ, երբ ս. Պետրոսի աթոռը հաշտ ու համաձայն էլ չէր արևմտեան պետութիւնների հետ, հայոց կաթողիկոսի պատգամաւորութիւնը զուր ակնկալութիւնների ներկայացուցիչ կարող էր լինել։

Եւ իրաւ, Պիոս չորրորդը սիրով ընդունեց Աբգարին, պատուիրեց նրան գրել հայ եկեղեցու դաւանական սկզբունքները, բայց և խոստովանեց, որ Հռօմի աթոռը միջոցներ չունի Հայաստանին իրական օգնութիւն հասցնելու։ Կրկնվում էր հին պատմութիւնը․ վերջ ի վերջոյ արիւն-տրտասունք  թափող հայերին առաջարկում էին հնարաւորութիւն` իրանց հոգիները երկինք ուղարկել Հռօմի կնիքի տակ…

Հայերի ակնկալութիւնն ի՞նչ էր. բայց նրանց ստացածը մի հիւրատուն կամ հոգետուն էր, որ հաստատվեց Հռօմում նրանց համար։ Իսկ Աբգարը, իբրև ուշիմ և հեռատես մարդ, մտածեց իր ճանապարհորդութիւնը օգտակար դարձնել հայերէն գրքերի տպագրութեամբ։ Կարծում են, թէ նա այդպիսի յանձնարարութիւն ունէր Միքայէլ կաթողիկոսից։ Դա շատ հաւանական է. յիսուն տարի առաջ հրատարակված գրքերը բաւականաչափ ժողովրդականացրած պիտի լինէին հայերէն տպագրութեան միտքը, ուստի և հայոց կաթողիկոսի համար շատ ցանկալի կը լինէր տպագրութեան միջոցով բազմացնել եկեղեցական գրքերը, քանի որ քարուքանդ երկրում մարդկանց չափ հալածվում ու ոչնչացվում էին և գրքերը, իսկ արտագրողներ չը կային կամ քիչ կային։ Այսպէս թէ այնպէս, 1565-ին Աբգարը Վենետիկում հրատարակում է մի «Սաղմոս»։

Քանի որ անյայտ էին 1513-ի հրատարակութիւնները, Աբգար եւդօկացին էր համարվում հայկական տպագրութեան հայր, իսկ այդ «Սաղմոսը»- առաջին հայ տպագրութիւն։ Այժմ այդ պատիւը խլված է Աբգարից, բայց նա դարձեալ մնում է մի երախտաւոր մարդ։ Աբգարն էր, որ առաջին հայ տպարանը հիմնեց։ 1567-ին նա արդէն Կ. Պօլսումն է և այդտեղ է շարունակում իր տպագրութիւնները. տպարանը բաւական մօտեցել է Հայաստանին, աւելի մեծ հայկական գաղթականութեան մէջ է գործում։ Թիւրքաց մայրաքաղաքին այդ ժամանակից վիճակվեց մի կարևոր դեր կատարել հայկական տպագրութեան մէջ[16]:

Հետաքրքրական հարց է, թէ ինչո՞ւ Աբգարը իր գործունէութիւնը Վենետիկի պէս մի քաղաքից փոխադրեց այնպիսի տեղ, ուր տպարանը չէր կարող ունենալ շատ յարմարութիւններ։

Թէև այս հարցի վերաբերմամբ չը կան յիշատակութիւններ, բայց կարծում ենք, որ միանգամայն հաւանական պատճառը բերած կը լինենք, եթէ ասենք որ Աբգարը ստիպված էր այդպէս անել։ Նրա պատգամաւորութեան բուն նպատակը անաջողութեան հանդիպեց Հռօմում։ Թէ այնուհետև ինչ դիրք, կը բռնէր Միքայէլ կաթողիկոսը, այդ, իհարկէ, Աբգարին վերաբերվող հարց չէր։ Բայց մնալով Իտալիայում, նա պիտի հպատակվէր այն դրութեան, որ հաստատված էր կաթօլիկ աշխարհում։ Նայենք նրա տպած <<Սաղմոսին>>: Գրքի սկզբում դրված երկու պատկերներից մէկը ներկայացնում է Պիոս պապին գահի վրա, իսկ նրա մօտ երեք կարդինալ և մի եպիսկոպոս. նրա առջև կանգնած են երկու հայեր, մէկը ծերունի, միւսը երիտասարդ։ Միւս պատկերում նկարված է Վենետիկի մի դուքս ժողովի մէջ և նրա առջև մի խնդրամատոյց հայ։ Պատկերները անխորհուրդ չեն. նրանք վկայում են, որ Արգարը, այդ գիրքը տպագրելու համար, ստիպված է եղել թոյլտւութիւն խնդրել թէ պապից և թէ Վենետիկի իշխանութիւնից։ Յիշատակարանի մէջ Աբգարը այդպէս էլ ասում է. նա խնդրել է պապից և հրաման է ստացել։ Գուցէ հրամանը տրված է եղել հէնց այն պայմանով, որ այդպիսի պատկեր էլ լինի գրքի սկզբում, մի պատկեր, որ հայերի մէջ պիտի ժողովրդականացնէր Հռօմի աթոռը և նրա վրա նստողին։ Ի նկատի առնելով, որ Սաղմոսը բացի եկեղեցական գիրք լինելուց` ընթերցող հասարակութեան շատ սիրելի մի գիրք էլ էր, չէ կարելի տարօրինակ համարել այս միտքը, որ այնքան յարմար է գալիս Հռօմի համաշխարհային տիրապետութեան ձգտումներին։

Բայց նոյն այդ Սաղմոսը այնպիսի գիրք էլ էր, որի վերաբերմամբ ուղղափառութեան կամ հերետիկոսութեան ոչ մի վէճ չէր կարող լինել։ Այդ պատճառով էլ նրա տպագրութիւնը հեշտութեամբ թոյլատրվեց Իտալիայում։ Միւս եկեղեցական գրքերի վերաբերմամբ այդպիսի հեշտութիւն այլ ևս չէր կարոդ լինել․ այստեղ արդէն Աբգարը կանգած պիտի լինէր անյաղթելի արգելքների առջև։

Եւ կարո՞ղ է այդ արգելքների մասին որ և է կասկած մնալ, եթէ մենք յիշենք, որ Աբգարեան «Սաղմոսի» տպագրութեան հետևեալ տարին Պիոս IV-ը չը կար այլ ևս, իսկ նրա տեղը պապ էր ընտրված Կարաֆֆայի գործակիցը, մեծ ինքնուիզիտօր Գիլզիերին, որ ստացաւ Պիոս V անունը։ Կաթօլիկ եկեղեցին այս մարդուն ընդունել է սրբերի կարգում նրա իսկ որ անբիծ վարք ու բարքի համար։ Բայց դա մի սուրբ էր, որ ծայրայեղ մոլեռանդութեան մէջ հալածանքները, պատիժներն էր համարում Աստուծու գործը մարդկանց մէջ արմատացնելու միջոց։ Նոյն իսկ Կտրաֆֆան այնքան նուիրված չէր ինքուիզիցիային, որքան այս անողոք, մռայլ պապը։ Սա համարեա մոռա- ցաւ որ եկեղեցի պիտի կառավարէ․ ինքուիզիցիային կատարեալ ազատութիւն աուեց,նոյն իսկ պապական իշխանութեան հպատակվելու պարտաւորութիւնից էլ ազատեց նրան։ Մեղմութեան, զիջողութեան ոչ մի խորհուրդ մատչելի չէր նրան։ Իզուր նրան ասում էին թէ պէտք է փոքր ի շատէ մեղմ լիներ, թէ մարդիկ հրեշտակներ չեն։ Պիոս V-ը ականջ չունէր այդպիսի խօսքեր լսելու համար։ Մարդու մասին նա վատ կարծիք ունէր, որովհետե երկար տարիներ ինքնուիզիցիայի պաշտօնեայ էր եղել, զբաղված խուզարկութիւններով, դատերով, հարց ու փորձերով։ Ամեն տեղ և ամեն մէկի մէջ նա տեսնում էր անհաւատութիւն, հերետիկոսութիւն և եկեղեցու մէջ վնասակար սերմերը խեղդելու համար նա անհրաժեշտ էր համարում ամենաանգութ խստութիւնը։ Նա ուզոում էր որ բոլոր կաթօլիկները իր նման լինեն․ ինքնուիզիցիայի բոլոր վճիռները նրան շատ մեղմ էին թւում։ Դարձեալ սաստկացաւ սարսափը և Իտալիայից դարձեալ սկսեցին փախչել ամենքը, որոնք զգում էին թէ չեն համապատասխանում անողոք պապի հայեացքներին։ Աբգարը, եթէ ուզում էր շարունակել եկեղեցական հայերէն գրքերի տպագրութիւնը, նոյնպէս պիտի մի հեռաւոր տեղ ընտրէր: Ամենևին նշանակութիւն չունէր, որ նա գործում էր Վենետիկի պէս մի քաղաքում։ Վենետիկը Տրիենտի ժողովին անպայման հպատակված երկիրներից մէկն էր և մեծ հաճոյք էր պատճառում պապերին, կատարելով նրանց կամքը։

Աբգարի տպագրական գործունէութիւնը Կ․ Պօլսում աւելի ևս պարզում է նրա տեղափոխութեան պատճառը։ Այդտեղ նա տպագրեց այնպիսի եկեղեցական գրքեր («Տօնացոյց», «Ժամագիր», «Պատարագամատոյց»), որ չէր կարելի աուանց կաթօլիկ կղերի հիմնաւոր սրբագրութիւնների տպել Իտալիայում։ Եւ այսպէս, Կ․ Պօլսի տպագրութիւնը իր սկզբնաւորութեան օրից յանձն էր առնում մի բնորոշ պաշտօն. դա հայոց եկեղեցուն նուիրված մամուլն է, որ դիմադրում է կաթօլիկ պրօպագանդային, հրատարակելով լուսաւորչական եկեղեցու մէջ գործածական գրքեր,- մի հանգամանք, որ շատ պիտի թուլացնէր կաթօլիկ տպարանների ազդեցութիւնը հայերի վրա։ Մենք յետոյ կը տեսնէնք, թէ որքան նշանաւոր էր Կ․ Պօլսի այդ դերը․ առ այժմ բաւականանում ենք այդ հանգամանքը ընդգծելով։ 1567 թւականից դարձեալ սկսվում է տպագրական գործունէութեան դադար, որ տևում է 17 տարի։ Միայն 1584-ին մի գիրք է հրատարակվում, այս անգամ արդէն Հռօմի մէջ։ Բայց դա մի մասնաւոր, առանձին նշանակութւիn չունեցող հրատարակութիւն էր, որ պիտի ծառայէր լոկ պապական քաղաքականութեան։

Այդ գրքի հրատարակող էր Գրիգոր XIII պապը, սուրբ Պիոս V-ի ի յաջորդը, եզուիտների ամենամտերիմ բարեկամը և հովանաւորը։ Տրիենտի ժողովին մասնակցած հոգևորականներից մէկն էր նա և այժմ, հասնելով եկեղեցու պետի աստիճանին, աշխատում էր ամենայն խստութեամբ կատարել այդ ժողովի որոշումեր։ Նրա մտածութիւնների առարկան այն էր, թէ ինչ պէտք է անել, որ կաթօլիկ եկեղեցին յետ ստանայ իր վաղեմի հպատակներին, որոնց խլել էր ․Րէֆօրմացիան: Բայց բողոքականութիւնը զղջալու և թուլանալու ոչ մի յոյս չէր տալիս. ուստի պապը իր հայեացքը դարձրեց դէպի Արևելք, ուր կային բազմաթիվ ոչ-կաթօլիկ ազգեր, որոնք կարող էին փոխարինել Րէֆօրմացիայի հասցրած վնասները, եթէ, ի հարկէ, յօժարվէին Հռօմի հպատակ գրվել։

Արևելեան քրիստոնեաներին կաթօիկ եկեղեցու հետ միացնելու համար Գրիգոր պապր Հռօմում մի յատուկ վերակացութիւն հիմնեց, յանձնելով այդ գործը կարդինալ Սանտա-Սեվերինօին։ Մի շարք պատրաստութիւններ տեսնվեցան և ապա 1584-ին Արևելք ուղարկվեց Սիդօնի արքեպիսկոպոս Դօն-Լէօնարդօն։ Նա գնաց Կիլիկիա և տեսնվելով Ազարիա կամ Զաքարիա կաթողիկոսի հետ, որ նոր էր Սիսի աթոռը բարձրացել, սկսեց համոզել որ նա հպատակվի Հռօմին։ Արդ առաքելութիւնը աջողվեց։ Բայց ի՞նչ հանգամանքներ գրաւեցին Ազարիա կաթողիկոսին:

Մենք ունենք, այդ հոգևորականի մի նամակը, որ ուղղած էր Գրիգոր պապին և այժմ էլ պահվում է Վատիկանում[17]: Թէ այդ նամակը և թէ պատմական ուրիշ փաստերը կարողութիւն են տալիս մեզ լուսաբանել այն հրապոյրները, որոնք մղեցին Սիսի կաթողիկոսին դէպի Հռօմ։

Նախ և առաջ երկրի դրութիւնը։ Ազարիան գրում է.

«Եմք, իբրև զմի այգի առանց պարսպի և պահնորդի ցրուեալք, աստ և անգ․ և ենք զետ ոչխար ի մէջ գայլոց և որպէս զգառինք ի մէջ առիւծուց. և ամենեքին եմք գերի ի ներքոյ անողորմ տէրանց, որք վասն մեղաց մերոց ամենայն օր տանջեն և չարչարեն զմեզ ագահութեամբ և ոչ կշտանան բնաւ, զի տնանկ և աղքատք եմք և ոչ կարեմք շարժել քայլ մի առանց երկիւղի և մեծ փորձանաց»։

Ահա «գայլերի մէջ ապրող այդ ոչխարներին» Դօն-Լէօնարդօ եպիսկոպոսը բերում է խոստումներ, յոյսեր, պարգևներ։ Յայտնի է, որ ոչխարներն էլ զգում են ապրելու և գայլերից ազատ լինելու, առաւելութիւնը։ Ազարիա կաթողիկոսը բոլորովին շշմած պիտի լինէր պապական նուիրակի բերած գործերից ու խօսքերից։

Իսկ ի՞նչ էր նա բերել։ Գրիգոր պապը, լաւ հասկանալով որ կրօնական պրօպագանդայի մէջ ամենախոշոր դերը վերապահված է դպրոցին, առատ միջոցներ էր տալիս եզուիտներին՝ դպրոցական գործը լայնացնելու համար։ Հռօմի մէջ կային դպրոցներ յոյների, հրէաների, մահմեդականների, մարօնիտների համար։ Հայերը, իհարկէ, մոռացվել չէին կարող։ Պապը մի կոնդակ հրատարակեց, որի մէջ իր հիացմունքը յայտնեց այն դիմացկանութեան վրա, որ հայերը ցոյց էին տալիս դարաւոր տառապանքների մէջ. չը մոռացաւ իր ափսոսանքը յայտնել այդ թշուառ դրութեան առիթով, միանգամից վճռեց որ հայերը միշտ Հռօմի հլու հպատակներն են եղեր, ուստի «ի փառս Ամենակալին Աստուծոյ և յաճումն սուրբ և կաթողիկէ հաւատոյ» սահմանեց հայերի համար մի յատուկ դպրոց բաց անել Հռօմում, ուր հայ երիտասարդները կրթութիւն պիտի ստաանային և գնային հայրենիք` իրանց ազգակիցներին մխիթարելու:

Երկրորդ գեղեցիկ անակնկալութիւնը, որ բերել էր Սիդօնի եպիսկոպոսը, վերոյիշեալ հայերէն գիրքն էր, որ նոր էր տպվել Հռօմում։ Ցայտնի է, որ Գրիգոր XIII-ը Արևմուտքում մտցրեց նոր տոմարը, որ իր անունով էլ կոչեց Գրիգորեան։ Իր այդ տոմարական րէֆօրմը Արևելքում էլ տարածելու համար` պապը թարգմանել աուեց տոմարը հայերէն և տպագրել աուեց տեղային տպարաններից մէկում։ Տպագրութիւնը կատարել էին Աբգար Թօխաթեցու որդի Սուլթան-Շահը, որ մնացել էր Հռօմում և այնտեղի հայերի գլխաւորն էր, Հայաստանից եկած Տէրզնցի Յովհաննէս անունով մի քահանայ, որի հետ էր և նրա որդի Խաչատուրը։ Գիրքն ուեէր հետևեալ վերնագիրր․ «Տումար Գրիգորեան․ Յաւիտենական։ Որ եղև յիշխանութեան հզօր սրբոյ Փափոյն և այլ թաքաւորաց։ Կազմեցաւ ի մեծն Հռովմըն․ ի քաղաքն սրբոց առաքելոցն։» Յիշատակարանի մէջ յիշվածներն էլ նոյն սուրբ պապ Գրիգորն է և կարդինալ Սանթա Սէւէրին, որ անուանված է Հռօմի հայոց հովուապետ։

Յայտնելով այս բոլորը, պապական նուիրակը ուրիշ շատ այնպիսի բաներ ասաց, որ Ազարիա կաթողիկոսը համոզվեց թէ Հռօմը «կու կամի օգնել և կանգեցուցանել զմեզ ի յայսմ տնանկութենէս հոգևոր և մարմնաւոր։»

Սրանից աւելի էլ ինչ երջանկութիւն գայլերի մէջ ապրող ոչխարների համար։ «Եւ մենք որպէս զերկիր ցամաքեալ, որ կու հայի ջրոց, որ ի յերկնից, և որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, և որպէս սատաֆն հայի ցօղոյն», ասում է Ազարիան։ Դօն-Լէօնարդօ եպիսկոպոսը դնում է նրա առջև Հռօմէական եկեղեցու դաւանութիւնր, որ խմբագրված էր Հռօմում և թարգմանված Սիսում։ Կաթողիկոսը և Սիսի հոգևորականները ստորագրում են այդ թուղթը։

Կարելի է վստահ լինել որ ստորագրողները

այնքան պատրաստութիւն չունէին, որ ըմբռնէին իրանց ստորագրած թղթի աստուածաբանական նրբութիւնները։ Այս կարելի է իմանալ հէնց Ազարիայի գրած նամակի բովանդակութիւնից․ բայց որ նշանաւոր է, նորադարձ կաթօլիկները ընդունում էին նոյն իսկ Տրիենտի ժողովը, որի մասին, երևի, նոր էին լսում։ -Պարզ է, որ ստորագրեցին ոչ այնքան իրանց հոգիները ուղիղ հաւատի միջոցով դժոխքի կրակներից ազատելու համար, որքան Գրիգոր պապի խոստացած հոգևոր և մարմնաւոր վերակենդանութիւնը վայելելու համար։

Եւ հազիւ թէ կարելի լինի մեղադրել այդ խեղճ հայ հոգևորականներին։ Ամեն ինչ ցոյց էր տալիս որ կաթօլիկ հզօր, համաշխարհային եկեղեցին չէ կարող գթութեան նոյն իսկ նշոյլ ցոյց տալ դէպի այն քրիստոնեաները, որոնք նրա համար հերձուածողներ են։ Հայերը իրանց նմանեցնում էին ոչխարների, որոնք ապրում են գայլերի մէջ։ Բայց Հռօմի դատոդութեամբ նրանք ուրիշ վիճակի արժանի էլ չէին, քանի որ հերձուածող էին․ Հռօմը ինքն էր այդպիսի վիճակ պատրասստում իր իշխանութեան տակ գտնվող հերետիկոսների համար։ Պիոս V-ը, օրգանական զօրաբաժին ուղարկելով Ֆրանսիա, հրամայեց նրա գլխաւորին չը խնայել հուգենօտներին (ֆրանսիացի բողոքականներին) և կոտորել նրանցից վերցրած գերիներին։ Նա ամբողջ ժամանակ աղօթում էր որ աջողվի մի ընդհանուր կոտորած պատրաստել հուգենօտների համար։ Այդ կոտորածը պատրաստվեց բայց ոչ նրա կենդանութեան ժամանակ․-դա Բարթուղիմէոսեան գիշերն էր (1572 թ.), որ թէ Պարիզում և թէ Ֆրանսիայի միւս կողմերում 70 հազար հուգենօտներ կոտորելու առաջին գործողութիւնն էր։ Ստանալով այդ ահռելի կոտորածի լուրը, Գրիգոր XIII պապը ծայրայեղ ուրախութեան մէջ հրամայեց տօն կատարել։ Հռօմի թնդանօթները որոտում էին, հրավառութիւն սարքվեց, պապը յատուկ դեսսպանութիւն ուղարկեց ֆրանսիական թագաւորին շնորհաւորելու որ այդպիսի կոտորած էր գլուխ բերել։ Նա հրամայեց որ այդ «փառաւոր դէպքը» նկարվի մի շքեղ պատկերի վրա և մեծ ընծայ տուեց այն կարդինալին, որ առաջին անգամ լուր բերեց կոտորածի մասին[18]։

Այսքան զօրեղ, անողորմ պարզ էր կեանքի փաստը Եւրօպայում։ Զարմանալ որ Ասիայում տանջվող քրիստոնեաների մէջ գտնվում էին այնպիսիները, որոնք, իրանց տառապանքների վերջը տեսնում էին Հռօմի հովանու տակ մտնելու մէջ։ Ազարիան իր բազմաթիւ նախորդներից մէկն էր։ Ընդունելով կաթօլիկութիւն, նա իրաւունք, ստացաւ Հռօմից շնորհներ սպասելու։ Եւ ահա նա իր նամակի մէջ մի շարք խնդիրքներ է անում։ Հռօմ է ուղարկում Յովհաննէս եպիսկոպոսին, Գիգոր սարկաւագին մի քանի տղաների հետ։ Վերջիններս պիտի մտնէին Գրիգոր XIII-ի խոստացած դպրոցը, իսկ Գրիգոր սարկաւագը յատուկ յանձնարարութիւն ունէր տպագրութեամբ պարապելու: Այդ մարդկանց հետ կաթողիկոսը ուղարկեց և մի հատ հայերէն Ասատուածաշունչ, և խնդրում էր որ պապը տպագրել տայ նրան այն տպարանում, ուր տպագրվել էր նրա <<Տումարը>>։ «Ի յամենայն ազգս հայոց-գրում էր նա—,որ է շատ և բազում ճորով թէ գտուի Ի․ (20) Ասատուածաշունչ ընդ ամենն․ և կու նստի գինն Բճ․ կամ Գճ․ ֆլի (200—300 ֆլօրին) մէկն և չի գտուիլ. և յոյժ պիտանի է վարդապետաց և հայրապետաց և քահանայից»։ Միայն այս գրական անճարութիւնը ո՜րքան զօրաւոր փաստ պիտի լինէր Ազարիա կաթողիկոսի համար ձգտելու դէպի Հռօմ, ուր, ինչպէս նա տեսնում էր, Գրիգոր պապը հիմնել էր և <<պասմագիր (տպարան) գեղեցիկ ի հայոց լեզու>>։

Աստուածաշունչի մասին իր խնդիրքը Ազարիան վերջացնում էր այսպիսի խօսքերով. «Գիտեմք, Հայր սուրբ, որ բազում դրամ խարճ կու լինի ի յայս պասմայս, բայց ապաւինելով ի քո առատաձեռնութիւնդ Երանութեան քո ի բազում շահս հոգևորս, որ առնիցէ քո սրբութիւնդ ամենայն մեր ազգին և այնոցիկ որ, փափաքեն ուսանել զՀայոց լեզուն և զգիրն»։

Գալով Գրիգորեան տոմարն ընդունելուն, Ազարիա կաթողիկոսն ասում էր որ դժուար էր հայերի մէջ այդպիսի րէֆօրմ մտցնել, որովհետև եթէ միայն հայերն ընդունեն, նրանց պէտք է մեղադրեն թէ միացել են ֆրանկների հետ։ Բացի դրանից, ոչ ոք Սիսում չէր հասկանում նոր տոմարի էութիւնը։ Ուստի կաթողիկոսը ուղարկում էր Յովհաննէս եպիսկոպոսին, որպէս զի նա Հռօոմում ուսումնասիրէ այդ րէֆօրմը: Որքան էլ նորութիւնը կասկածելի լինէր թուրք իշխողների աչքում, կաթողիկոսը խոսատանում էր այդ վտանգաւոր րէֆօրմն էլ ընդունել և օրինակ դառնալ արևելեան միւս քրիստոնեայ ազգերի համար․ ուստի խնդրում էր տոմարի հայերէն գրքերից շատ ուղարկել։

Ամեն ինչ յանձն էին առնում Կիլիկիայի հայ հոգևորականները, միայն թէ Հռօմը կանգնեցնէր հայերին «հոգևոր և մարմնաւոր տնանկութիւնից»։ Բայց ի՞նչ դուրս եկաւ։ Այն տարին (1585), երբ գրվեց Ազարիայի նամակը, Գրիգոր XIII մեռաւ։ Ո'չ հայոց դպրոց բացվեց Հռօմում, ոչ Աստուածաշունչ տպվեց, ոչ էլ ուրիշ որ և է օգնութիւն եդաւ գայլերի մէջ ապրող ոչխարներին։ Իսկ Ազարիայի թղթերը <<զգուշութեամբ կը պահուին>> Վատիկանի գրադարանի մէջ[19] իբրև ապացոյց որ հայերը ընդունել են կաթօլիկութիւն…

Վերևում յիշված Յովհաննէս Տէրղնցի քահանան 1587 թւականին տպագրում է Վենետիկում «Սաղմոսարան», դնելով նրա սկզբում իր և իր որդի Խաչատուրի

պատկերը։ Եւ այս գործով վերջանում է XVI աղքատ ու դժբախտ դարի տպագրութիւնը։
Դրութիւնը Հայաստանի արեւելեան կողմերում։ — Օսմանեան արշաւանքները անապատ են դարձնում երկիրը Գանձակից մինչեւ Արաքս։ — Քովհաննիսիկ վարդապետ եւ նրա ողբը։ — Սովի նկարագրութիւն։ --Մեծ աղէտի նախադուռը։

Կիլիկիայի հայութիւնն աղաղակում էր թէ ինքը անպաշտպան, պարիսպներ, ցանկապատ չունեցող մի այգի է և ամեն մէկը մտնում ու աւերում է նրան։ Բայց ինչի՞ կարող էր իրան նմանեցնել Հայաստանի այն մեծ տարածութիւնը, որ կռուածաղիկ էր դարձել օսմանցիների և պարսիկների մէջ։ Կիլիկիայում դեռ մանր-մունր արշաւանքներ էին տեղի ունենում, սովորական հարստահարութիւններ էին կատարվում, մինչդեռ Հայաստանի կենտրօնում ահաւոր բանակներ էին շարժվում միմեանց դէմ և չորացնում էին ամեն ինչ իրանց ոտների տակ։

XVII դարի վերջին քառորդում պարսկաթիւրքական պատերազմներր առանձին կատաղի կերպարանք ընդունեցին։ Այն դժբախտ ժամանակներում չէր կարելի թոյլ լինել։ Պարսկաստանը թոյլ և վախկոտ Խուդաբանդայ Շահի կառավարութեան տակ ներքին խլրտումների ասպարէզ դարձաւ։ Օսմանցիները, որոնք ուշադրութեամբ հետևում էին իրանց ախոյեանին, հասկացան որ յարձակվելու ժամանակ է։ Վանի փաշան իմաց էր տալիս սուլթան Մուրադին, որ եթէ ուրիշ պատրուակ չը լինի պատերազմ սկսելու համար, բաւական է և այն, որ պարսիկները ուղղափառ մուսիլմաններ չեն։ Պատերազմը սկսվեց, օսմանեան զօրքերը գրաւեցին Վրաստանը, Արարատեան աշխարհը, իսկ նրանց զօրավարներից մէկը, քաջ Օսման Իւզդէմիրը, հասաւ նոյն իսկ Դերբենտ։

Այդ պատերազմների ժամանակ հայերի կրած տանջանքները նկարագրել է Յովհաննիսիկ վարդապետը[20]։ Ձեռնարկելով իր գործին, նա դեռ հարկաւոր է համարում մի փոքրիկ նախաբանով նկարել ընդհանուր դրութեան դարաւոր պատկերը։

Այս վշաաշատ ժամանակի նեղութիւնն ու դառնութիւնը ո՞վ կարող է գրի առնել, ով եղբայրներ․ բայց փոքր ի շատէ կասենք ողբալով։
Իմ ծովացած մեղքերի համար՝ մահմեդական ազգերը, որոնք բռնած ունէին հայոց գաւառները, աւերելով և գերելով բոլոր շէն և անշէն տեղերը, տէրերի պէս բնակվում էին ամեն տեղ։ Այնքան խիստ էր նրանց հարկերի լուծը, որ շատերը, զրկվելով իրանց ստացուածքից և հայրենի ժառանգութիւնից, դեռ էլի չէին կարողանում աղատվել․ և չը կար փախուստի հնար և թագնվելու տեղեր, այլ ամեն մարդ տարակուսանքի մէջ էր և երանի էր տալիս մեռելներին, բայց ո՛չ կենդանիներին։ Քիչ ժամանակով չէր մահմեդականների բռնութիւնը տարածված
գաւառների վրա, այլ շատ և երկար տարիներով։ Ծառայութեան լուծի տակ ընկած հայրերը որդիներ ծնեցին, սրանք էլ որդիներ ունեցան, սերունդից սերունդ, շատ պորտեր, որոնց թիւը չէ էլ կարելի իմանալ, այս դրութեան մէջ էին։ Այլ ևս մխիթարութիւն չը կայ հայ ազգի համար․ դեռ այժմ էլ գլխիկոր գտնվում ենք նրանց չար ծառայութեան տակ, և հայրենի գաւառներից արտաքսված, է ցիր ու ցան ենք եղել աշխարհի չորս կողմերում․ իշխանների և ազատների սերունդները ծառայ են դարձել մահմեդական ազգերին։ Եւ մեր եկեղեցիները այլազգիներից ոտնակոխ եղան. քանդված եկեղեցիների քարերը տանում էին բերդեր շինելու, իսկ շէն մնացած եկեղեցիները իրանք էին պղծում, և նրանց ձիաներն ու ջորիներն էին պարում այդ եկեղեցիների մէջ։ Եւ մենք մնացել ենք գլուխներս կախ արած, այսպիսի աղետալի կսկիծների պաաճառով մեծ տարակուսանքների մէջ ենք,և ոչ մի տեղից օգնութեան հնար չէ երևում»:

Սա նախաբանն է, վարդապետից առաջ եղած ողբերի կրկնութիւնն է։ Իսկ ի՞նչ ունի ասելու նա իր ժամանակի մասին:

1579 թւականը սարսափելի էր Գանձակի երկրի և Ղարաբաղի համար։ Երևաց ժանտախտ, որ մեծ քանակութեամբ մարդիկ ջարդեց։ Այդ պատուհասի հետ միասին երևաց և Իւզդէմիր Օսմանը։ Հաւաքելով իր ձեռքի տակ լէզգիների և այլ կովկասեան լեռնաբնակների հրոսակներ, նա Դերբենտից մի կատաղի արշաւանք սկսեց դէպի պարսից երկիրները։ Արշաւանքը փոթորիկի արագութեամբ անցաւ Կուր գետից դէպի արևմուտք և հարաւ, կողոպտելով ճանապարհի վրա պատահած քաղաքներն ու գիւղերը: Գանձակը, Խաչէնը, Ջրաբերդը, Վարանդան, Դիզակը, մի խօսքով Չարէքի գետից սկսած մինչև Արաքս, աւերվեցին մի քանի օրվտյ ընթացքում։ Օսմանը մեծ աւարով և գերիների բազմութեամբ վերադարձաւ իր տեղը, իսկ նրա ետևում, կողոպտված երկրի մէջ, թափված մնացին նրա բանակի կոտորած մարդկանց դիակները։

Բաւական չէր այդքանը, և ահա սովը եկաւ լրացնելու այն, ինչ պակաս էին թողել ժանտախտը և օսմանցին։ Ժողովուրդը պատսպարվելու տեղ անգամ չունէր։ Բնակարանները քանդել էին Օսմանի խառնիճաղանճ հրոսակները։ «Եւ եթէ մի որ և է անկիւնում մնացել էր շինութիւն, ասում է մեր տարեգիրը — այնտեղ էլ տնակներն ու մերկերն էին զետեղվում»։ Մնացած ազգաբնակութիւնը ոտի վրա էր, անդադար ման էր գալիս, թափառում էր՝ մի կտոր ուտելիք գտնելու համար։ Յովհաննիսիկ վարդապետը ցնցող գոյներով ու սարսափելի փաստերով է նկարում սովի տեսարանը։

Ոյժ ունեցողները, ասում է նա, դեռ մի կերպ տեսնում էին իրանց գլխի ճարը։ Այսպէս, նրանք թագուն մտնում էին ոչխարների փարախները և կովերի գոմերը, և որովհետև ոչ ոք իր հետ սուր բան չունէ, որ մորթէր խոշոր անասուններին, ուստի յարձակվում էին կաթնակեր հորթերի և ուլերի վրա, պատռում էին նրանց կողերը, հանում էին նրանց սիրտն ու փորոտիքը և տեղն ու տեղը հում ուտում։ Իսկ ոյժ չունեցողները թափառում էին անասունների և ձիաների աղբանոցներում, քրքրում էին կոյտերը և նրանց մեջ գարու հատիկներ գտնելով, ուտում էին։ Կամ թէ փողոցներում թափված ոսկորները դնում էին քարի վրա, քարով մանրում, ածում էին իրանց բերանը և մռնչում։ Հնացած կաշէ փոկեր ու տրեխներ էլ չը մնացին. նրանց եփում էին և ուտում․․․

«Վա~յ տեսողութեանս, եղբարք», բացականչում է մեր վարդապետը։ Բայց սոսկալին դեռ առջևումն էր։ Սովը կատաղութեան ծայրին հասնում է ձմեովայ մէջ։ Եկաւ գարունը, և դժբախտ սովատանջները դուրս վազեցին նրա կանաչներով ապրելու։ Դաշտերի վրա տարածված էին նրանք, սևացած մարմիններով նմանվում էին այծերի հօտին։ Ուտում էին վայրի բանջարներ, կանաչ խոտ, բայց չէին կշտանում։ Սաստկացաւ մահը։ Համաճարակը կոտորում էր անխնայ։ Ուռչում էին գլուխները, և մարդիկ մեռնում էին իրանց արօտներում, չը կարողանալով վերադառնալ տուն, իսկ վերադարձողներից շատերը մեռնում էին գիւղամէջում, աւերակ տների պատերի տակ, անկիւններում։ Եթէ գտնվում էին մարդիկ, որոնք յօժարութիւն էին ունենում թաղել դիակները, նրանք կտրում էին փոսեր և տասնեակներով դիակներ էին ածում նրանց մէջ։ Մեծատունները, տանուտէրերը ընդհանուր վիճակին էին ենթարկված։ Շատ անգամ էր պատահում որ լուր էր գալիս թէ այս ինչ մեծ մարդու որդին մեռած ընկած է այս ինչ տեղում։ Լաց, ողբ էր լինում, բայց դիակի ետևից գնացող չէր գտնվում, մինչև որ գազանները պատռում էին նրան։

«Եղո~ւկ թշուառականիս և պատմութեանս, եղբարք», նորից բացականչում է Յովհաննիսիկ վարդապետը։ Մարդիկ շան, կատուի միս էին ուտում, մարդիկ իրար էլ չէին խնայում, իրար միս էլ կերան: Ամարասի մօտ, մի գիւղում մի հարուստ մարդ մի հատ եօթնամեայ երեխայ ունէր: Հարուստի տան շուրջը հաւաքվել էին մերձակայ գիւղերից բազմաթիւ կանայք. և հարուսաը, որքան կարողանում էր, կերակրում էր նրանց։ Բայց մի օր քաղցած կանայք, դժբախտ երեխային կանչում են մի տուն, սպանում են, ուտում նրա մի ոտը անդամների հետ։ Մի ուրիշ տեղ էլ, ինչպէս ասում էին, մի ծեր մարդ կերել էր իր աղջկայ մարմինը։

Այս սարսափները երկու տարի տևեցին: Վայրենացաւ երկիրը, անապատ դարձաւ։ Տնային շները վայրենացել էին և գիւղերից դուրս մարդիկ էին որսում. գայլերը մտնում էին գիւղերը և քնած մարդկանց ուտում։ Եւ դժբախտ երկիրը դեռ շունչ քաշել չէր սկսել, երբ դարձեալ վերսկսվեցին պարսկա-թիւրքական պատերազմները, որոնց բեմն էին դառնում Արևելեան Հայաստանի զանազան կողմերը։

1583-ին օսմանցիները վերցրին Երեանը և աւերեցին նրան։ Հրամայված էր բերդ շինել Երեանում. և օսմանեան զօրքերը առանց այլ և այլութեան քանդեցին հայոց եկեղեցիները, որպէսզի նրանց քարերը գործածեն բերդի պարիսպների վրա։ Ապա օսմանցիները նորից գրաւեցին Թաւրիզը։ Պարսիկները կենտրօնացել էին Ղարաբաղում և այդտեղ էին աշխատում կազմակերպել դիմադրութիւն։ Եւ օսմանեան զէնքը նորից ուղղվեց այդ երկրի դէմ։ Գանձակը պաշարվեց, թիւրք զօրքերը մի անգամ էլ աւերեցին, քերեցին, կոտորեցին այն ամենը, ինչ կար Գանձակի և Արաքսի մէջտեղը։

Այս դժբախտութիւնների մէջ, որոնք օսմանեան աշխարհակալութեան առաջև անծայր տարածութիւններ էին բաց անում դէպի Արևելք, Պարսկաստանում թագաւորեց Շահ-Աբբասը (1587): Սա արևելեան մեծագործ բռնապետներից մէկն էր, քաջ, բռնակալ, անողոք, բայց մի և նոյն ժամանակ աշխարհաշէն։ Մեր Յովհաննիսիկ վարդապետը հիացմունքով է խօսում նրա մասին։ Դա մի թագաւոր է <<շատ խաղաղասէր, մանաւանդ քրիստոնեաներին սիրող. վաճառականներն ասում են թէ իր տանը պատւով պահում է սուրբ խաչի նշանը և պատերազմի ժամանակ տանում է նրան իր ծոցի մէջ>>։ Այսպիսի առասպել հեշտ կարող էր կազմվել այն դժբախտ ժամանակներում, որովհետև Շահ-Աբբասը, իսկ որ, մի մահմեդական իշխող էր, որ երկրի շահերի համար հովանաւորում էր քրիստոնեաներին, մանաւանդ հայերին։

Այդ բարեհաճութիւնն էլ բաւական էր, որ օսմանեան զէնքով նուաճված պարսկական նահանգների հայ ազգաբնակութիւնը ձգտում ցոյց տար դէպի Պարսկաստանը։ Քրիստոնեայ նախիրի համար ո՞ր տիրապետութիւնն էր լաւ, այսինքն համեմատաբար թեթև, տանելի։ Աոաւելութիւնը Պարսկաստանի կողմն էր։ Ճիշտ է, օսմանցիները զօրեղ էին, իրանց պետութեան մէջ աշխատում էին կարգ ու կանոն մտցնել, բայց նրանց անգթութիւնները աւելի ահաւոր էին քրիստոանեայ հպատակների համար։ Սուլթան Մուրադը 1583-ին չը տեսնված շքեղութեամբ կատարեց իր որդի Մէհէմմէդի թլփատութեան հանդէսը։ Ամբողջ Ստամբօլը հիացած ապշած էր այն տօների, թափորների, խաղերի ու հանդիսաւոր գնացքների վրա, որոնք օրերով տեղի էին ունենում, երևան հանելով օսմանեան ահարկու ոյժը, հարստութիւնը։ Այդ նշաններից մէկն էլ այն էր, որ սուլթանի որդու հետ թլփատվեցին եօթը հազար քրիստոնեայ երեխաներ[21] Եւ այս բարբարոսութիւնը, որ միայն ստրուկ Արևելքում կարող էր սովորական բան համարվել, գործադրել էին ուրիշ սուլթաններ էլ։

Հայերը գերադասում էին Պարսկաստանի լուծը, կաշաովելով մանաւանդ Շահ—Աբբասի քրիստոնէասիրութիւնից։ Նրանք անցնում էին Պարսկաստան և լաւ ընդունելութիւն էին գտնում Շահի կողմից։ Սկզբում Շահ-Աբբասը այնքան նեղված էր քաղաքական հանգամանքներից, որ հաշտութիւն առաջարկեց օսմանցիներին, ընդունեց նրանց բոլոր պայմանները, նոյն իսկ պատանդ էլ տուեց։ Ժամանակ էր հարկաւոր պատրաստվելու համար։ Եւ Շահը պատրաստվում էր․ պարսից զօրքը յանձնված էր մի անգլիացի զինուորականի, որ ամուր կազմակերպութիւն տուեց նրան և պատրաստեց յամառ ու երկարատև պատերազմերի համար։

Հասցնելով իր ողբախառն տարեգրութիւնը 1600 թւականին, Յովհաննիսիկ վարդապետը ասում է․ <<Ապագան Տէր Աատուծուն է յայտնի թէ ինչ է լինելու>>։ Իսկ այդ ապագան շատ մօտ էր։ XVI դարի վերջին քառորդի բոլոր աղէտները միայն նախադուռն էին, աւելի ահռելի, համատարած աղէտի կարապետներն էին։

Դուրս պիտի գար Շահ-Աբբասը օսմանեան բանակի դէմ և պիտի ցոյց տար թէ որքան բարձր է գնահատում հայերի կուլտուրական նշանակութիւնը, որքան է սիրում նրանց։ Բայց մի դառն հարց է. հայերը գոհ կարո՞ղ էին լինել, որ իրանք այդպիսի նշանակութիւն են ստացել պարսկական բռնակալի աչքում։

Որքա~ն դժբախութիւններ կային այդ բռնակալական սիրոյ մէջ…


ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
XVII ԴԱՐ
Դարի սկիզբը. սով, աւերանք: – Տնային դժբախտութիւն - երեք կաթողիկոսներ Էջմիածնում: —Պարսկաստան փախած հայերը պատրաստել են տալիս Շահ-Աբասի արշաւանքը։ — Շահը Ջուղայում։ — Երևանի պաշարումը. արշաւանքներ դէպի Թիւրքաց Հայաստան։ — Սինան փաշա եւ պարսիկների նահանջումը։ — Շահ–Աբբասը վճոում է անապատ դարձնել ամբողջ Արարատեան երկիրը եւ սահմանակից գաւառները։ — Պատրաստութիւններ. Գառնի գիւղի դիմադրութիւնը, այրի մէջ փակված հայ կանանց հերոսական անձնազոհութիւնը։

Հաշտութիւնը, որ առ ժամանակ վերջ դրեց պարսկա-թիւրքական պատերազմներին XVI դարի վերջերում, այն պայմանն ունէր, որ Պարսկաստանից նուաճված Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականի մեծ մասը անցնեն Թիւրքիային։ Ինչպէս տեսանք, ռալեան փորձում էր տարրեբութիւն դնել ճնշող լուծերի մէջ, փորձում էր անբաւականութիւն յայտնել և իր համար երկու չարիքներից փոքրագոյնն ընտրել։ Այդ նպատակով Ղարաբաղի և Գողթան գաւառի կողմերից շատերը յօժար կամքով գաղթեցին գնացին Պարսկաստան և, Շահ-Աբբասի սիրալիր ընդունելութեան արժանանալով, բնակվեցին Սպահանում։ Հայերի օրինակին հետևեցին և շատ վրացիներ։ Բայց ռայեայի այդ անմեղ փորձն էլ անհուն աղէտների դուռ բացեց։

XVII դարի սկիզբը Հայաստանի մէջ ներկայացնում էր մի այսպիսի տեսարան։ Սով էր, մէկը այն ահռելի սովերից, որոնք այնքան սովորական էին դարձել այդ քարուքանդ երկրի, մշտական պատերազմների արիւնոտ բեմի համար։ Սովի հետ բռնացած էր և մի այլ աղէտ. ամեն տեղ փռված էին ջալալիների հրոսակախմբերը, որոնք ասպատակութիւններ էին անում, կողոպտում էին։ Դա աւազակային մի ամբողջ հեղեղ էր և իր քաջագործութիւնների համար ասպարէզ էր ընտրել Կիլիկիայից մինչև Արարատեան աշխարհը։ Հաւաքվել էին զանազան տեսակ գիշատիչ տարրեր․ այդտեղ էին և այն փաշաներն ու կուսակալները, որոնք ապստամբված էին թիւրք կառավարութեան դէմ և որոնց ձեռքի տակ հազարաւոր սպառազինված մարդիկ կային։ Եւ ահա ժողովրդի վզին միմեանց վրա բարդվել էին օսմանեան լուծը, որի անտանելի ծանրութիւնից ազատվելու համար շատերը փախել էին Պարսկաստան, սովը և աւազակ ջալալիները։

Կար և չորրորդ, տնային դժբախտութիւնը։ Այդ սարսափելի ժամանակներում Էջմիածնի երկու կաթողիկոսները փախստական թափառում էին ժողովրդի մէջ, աշխատելով տուրք ժողովել` իրանց խեղճ գլուխը ապրեցնելու համար։ Նրանք չէին համարձակվում օրվայ լոյսով դուրս գալ, երկու օրից աւելի չէին կարողանում մի գիւղում մնալ։ Ամեն տեղ նրանց հալածում էին պարտատէրերը և նրանք նոյն իսկ անձնական պիտոյքների համար փող չէին գտնում. քաղցած էին, թշուառ։ Դրանցից մէկը Դաւիթն էր։ Իշխանական փառասիրութիւնը այդպիսի ժամանակներում էլ այնքան վառ էր Քրիստոսի փոխանորդների մէջ որ Մելքիսէթ անունով մէկն էլ կամեցաւ նրա աթոռակիցը դառնալ։ Ընդունված սովորութեան հետևելով, նա կաշառքներ տուեց տեղային մահմեդական իշխանին, որը և հարկադրեց Դաւիթին ձեռնադրել նրան կաթողիկոս։ Դաւիթը թէ այդ հարկադրանքից ստիպված և թէ կամենալով թեթևացնել իր դժբախտ դրութիւնը մի ընկերակից ունենալով, կատարեց Մելքիսէթի ցանկութիւնը։

«Երկու էին կաթողիկոսները և երկու — մսխողները», ասում է Առաքել պատմագիրը։ Եւ ահա երկուսն էլ փախստական, իսկ շուրջը սովից ու հարիւր ու մի անբախտութիւններից կիսամեռ ժողովուրդ։ Վերջապէս նրանք համաձայնութիւն են կայացնում — կաթողիկոսական աթոռը տալ մի երրորդին, որ կարող կը լինէր պարտքերը վճարել։ Կար այդ ժամանակ մի ունևոր վարդապետ` Սրապիոն անունով, որ հարուստ ժառանգութիւն էր ստացել ծնողներից։ Նա հրաւիրվեց կաթողիկոսութեան։ Բայց հէնց առաջին հանդիպման միջոցին` երկու կաթողիկոսների, նրանց հետ եղած կղերականների և Սրապիոն վարդապետի մէջ անհամաձայնութիւններ ծագեցին։ Երկու կաթողիկոսները ստիպված եղան հեռանալ Ջուղայից, ուր տեսնվել էին հարուստ և հեղինակաւոր Սրապիոնի հետ, իսկ ժողովուրդը Սրապիոնին աարաւ էջմիածին և կաթողիկոս ընտրեց։ Միաժամանակ երեք կաթողիկոս մի աթոռի վրա, որովհետե ոչ ոք չէր ուզում իր փառասիրութիւնից մի կաթիլ պակասեցնել։ Ընդհակառակն, Դաւիթն ու Մելքիսէթը, չը կամենալով զրկվել կաթողիկոսութիւից, վճռեցին, որ իրանցից մէկը գնայ Շահ-Աբբասի մօտ։ Պարզապէս յայտնի չէ նրանց նպատակը, բայց Առաքել պատմագիրը շատ տեղ ասում է, թէ դրանք էին այն թշուառութիւնների պատճառը, որոնք թափվեցին հայ ժողովրդի վրա։ Փառամոլ չարագործութիւնը ընտրել էր այդ Ճահնապարհորդութիւնը մատնութեան, հակառակորդներին տապալելու նպատակով։ Հայի դժբախտութիւնը այս անգամ էլ նրա տանից էր դուրս գալիս։ Եւ որպիսի ահեղ դժբախտութիւն։

Շահ—Աբբասը, արևելեան մի ընդունակ և հասկացող բռնակալի նուրբ նենգամտութեամբ, օսմանեան երկիրներից փախածներին սիրալիր ըեդունելութիւն էր ցոյց տալիս և նրանց միջոցով լաւ ուսումնասիրում էր բոլոր հանգամանքները։ Այդքան դժգոհ տարրերի հաղորդած տեղեկութիւնները արդէն բաւական նիւթ էին տուել Շահի ծրագիրների համար, և 1603 թւականին նա յանկարծակի հրաման տուեց զօրքին արշաւել դէպի Թաւրիզ։ Օսմանեան ահաւոր ոյժը խորտակելու համար կար մի միջոց-արագ արշաւել, յանկարծակիի բերել նրան։ Այդ տակտիկան լիուլի աջոդվեց․ կարճ միջոցում Թաւրիզը պարսիկների ձեռքին էր, իսկ նրանց առաջապահ զօրքերը գրաւել էին. Նախիջևանը։ Շահը մեծ հանդէսով մտաւ Ջուղայ։

Արաքսի ժայռոտ ափի վրա հիմնված այս գիւղաքաղաքը վաճառականական մի զարմանալի ընդունակութեամբ հարուստ ժողովուրդ ունէր իր մէջ և այն ժամանակներում կարող էր ամեն մէկի նախանձը գրգռել։ Ի՞նչպէս էր, որ կեղեքումների ու աղքատութեան դարում երկրի մի անկիւնում կարողանում էր գոյութիւն պահպանել մի առևտրական բարգաւաճ կենտրօն-յայտնի չէ։ Գիտենք միայն, որ ջուղայեցի հայը ամեն տեղ էր, ուր կար առևտրական մեծ շուկայ։ Ջուղայից միաժամանակ դուրս էին գալիս թէ մանրավաճառը, որ զանազան ապրանքներ էր տանում շրջակայ գիւղերում և քաղաքներում ծախելու, և թէ այն վաճառական, որ գործեր ունէր Եւրօպայի նաւահանգիստներում և որի կարաւանները անհուն տարածութիւններ էին անցնում։ Հասկանալի է թէ ինչ անուն ունեցած պիտի լինի ամրողջ Հայաստանում ճոխ և փարթամ Ջուղան։ Բայց լաւ վաճառականը վատ քաղաքագէտ է լինում։ Ջուղայեցիները կամեցան ապշեցնել Իրանի գահակալին, իրանց հարստութիւնները բաց անելով նրա առաջ։ Շահ-Աբասը իսկ որ հիացած էր, և այդ վաճառականների բոլոր գործերը լաւ իմանալու համար այնքան բարեացակամ ու մտերիմ ձևացաւ, որ նստում էր նրանց մէջ, ուտում խմում էր նրանց հետ։ Երեք օր շարունակվեցին այս մեծարանքները, և երբ Շահ-Աբասը գիւղաքաղաքից հեռացաւ դէպի Նախիջևան և Երևան՝ պատերազմական գործողութիւնները շարունակելու համար, անշուշտ ջուղայեցիները շատ գոհ էին, որ իրանց հարստութիւններով և ընծաներով գրաւել են Իրանի բռնակալի սիրտը։ Չէին իմանում խեղճերը, որ միամիտ երեխաների պէս խաղացել են ամեն ինչ ոչնչացնող մի կրակի հետ և հէնց այդ օրվանից իրանց ձեռքով ստորագրել են իրանց սոսկալի դատավճիռը…

Երևանի պաշարումը տևեց ինն ամիս։ Ամուր էր այդ բերդը, որովհետև օսմանցիները նոր էին քանդել հայոց եկեղեցիներն ու վանքերը և նրանց քարերով շրջապարիսպ էին շինել։ Եւ Շահ-Աբասը չէր էլ ուզում յամառ ու խիստ յարձակումներով նուաճել բերդապահ օսմանցիներին. նա լաւ էր ճանաչում թշնամուն։ Մի մի բերդի դէմ յարձակումներ գործելիս էլ` Շահը խնայում էր իր զօրքը և առաջ էր ուղարկում շրջականերից հաւաքած հայերին, որոնք կոտորվում էին, ընկնելով օսմանեան և պարսից կրակների մէջ։

Եթէ թիւրքաց կանօնաւոր զօրքը այնքան երկիւղ էր ազդում պարսից Շահին, այդ չէր նշանակում, թէ նա պիտի վախենայ և խաղաղ ու անպաշապան ազգաբնակութիւնից։ Ընդհակառակը, նա շտապեց ցոյց տալ, որ նախրի այդ հօտերի հետ նա կարող էր իր ունեցածի պէս վարվել, յենվելով իր քաջ գնդերի բազմութեան վրա։ Հետևելով իր նախորդների օրինակին, նա զօրքեր ուղարկեց դէպի արևմուտք` օսմանեան երկիրները կողոպտելու և գերելու համար։ Պարսիկները հրային լաւայի պէս անցան Շիրակի, Էրզրումի Բասենի, Խնուսի, Արճէշի կողմերը, քանդեցին, հրդեհեցին և ի վերջոյ մօտ 23 հազար հայեր բերեցին, թափեցին Արարատեան դաշտը։ Օսմանեան բանակ չէր դուրս գալիս պարսիկների դէմ․ սուլթան Մէհէմմէդի մահվան պատճառով Կ․ Պօլիսը խռովութեան մէջ էր։ Երևանի բերդապահ զօրքը ոչ մի կողմից օգնութիւն չը ստանալով, անձնատուր եղաւ պարսիկներին և Շահ-Աբասը արշաւեց դէպի Կարսի կողմը։ Նա կամենում էր գործ ունենալ միայն թիւրքաց բերդապահ զօրքերի հետ, որոնց կարելի էր ընկճել պաշարումներով։ Բայց լուր հասաւ, թէ գալիս է թիւրքաց բանակը Սինան փաշայի առաջնորդութեամբ, և պատերազմի կերպարանքը իսկոյն փոխվեց։

Պարսկաստանի տէրը այս անգամ էլ չը վստահացաւ բաց ճակատամարտի մէջ ընդհարվել իր քաջ և ուժեղ թշնամու հետ և նահանջման պատրաստութիւններ սկսեց։ Թշնամուն թուլացնելու և Ատրպատականի սահմաններից հեռու պահելու համար՝ նա յղացաւ մի դժոխային միտք — անապատ դարձնել այն բոլոր երկիրները, որոնք արդէն իր իշխանութեան տակ էին, մի անապատ, ուր օսմանցին չը պիտի կարողանար ոչ մարդ գտնել, ոչ պաշար։ Պարսկա-թիւրքական պատերազմների ամենահրէշաւոր կողմն էր սա, որ մոռացնել տուեց նախկին բոլոր աղէտները։ Ամեն կողմ թռան պարսիկ հրամանատարները և ղօրաբաժինները, տանելով հրաման, որ ամբողջ ազգաբնակութիւնը թողնէ իր տունն ու տեղը և գաղթէ Պարսկաստան։ Ամբողջ Արարատեան երկիրը Լօռին, Ապարանը, Շիրակը, Կաղզուանի ձորը, Մակուն, Աղբակը, Խոյը, Սալմաստը, Ուրմին դատարկվեցան։

Օգոստոս ամիսն էր (1605), երբ սկսեցին քանդել այսքան լայնածաւալ մի աշխարհը։ Բնակիչներին դուրս էին անում տներից և ապա հրդեհում էին ամեն ինչ-բնակութիւն, հացի պաշար, խոտ ու յարդ։ Ոչինչ չը պիտի մնար թշնամու համար. անապատը պիտի սարսեցնէր մանաւանդ այս թշուառ բնակիչներին, ցոյց տալով, որ նրանք այլ ևս չը պիտի մտածեն յետ դառնալու մասին։ Բոլոր տեղերից մարդկանց քշում էին դէպի Արարատեան դաշտը, ուր պիտի կուտվէր գերիների ամբողջ բանակը։ Ահագին խմբերը անբան անասունների հօտեր էին դարձել, կամքից, պատւից, ոյժից ու խելքից զրկված հօտեր, որոնց պարսիկները քշում էին իրանց առաջ ամենայն հեշտութեամբ։ Ամեն դժգոհութիւն, բայց մանաւանդ դանդաղկոտութիւն պատժվում էր սրով։ Պարսիկները շտապում էին, Սինան-փաշան շատ հեռու չէր․ ժողովրդի տագնապը բազմապատկվում էր այն պատճառով, որ նրան ժամանակ էլ չէին տալիս ունեցած չունեցածը հաւաքելու, ճանապարհի պատրաստութիւններ տեսնելու։ Զարհուրելի էր այն անասնական բթութիւնը, որին հասել էր ազգաբնակութիւնը դարերի անընդհատ հարուածների տակ։ Լօռիից մինչև Աղբակ և Կաղզուանից մինչև Նախիջևան ոչինչ յամառ դիմադրութեան փորձ չեղաւ․ տասնեակ հազարներով մարդկանց մէջ հասկանալի չը դարձաւ այն միտքը որ եթէ մի քիչ դիմագրութիւն լինի, պարսիկները պիտի թողեն փախչեն, որովհետև նրանք վախենում են օսմանեան բանակից։ Այդ ստրուկ բազմութիւնները քշելու, դէս ու դէն հալածելու համար հարկաւոր էլ չէր մի բանակ, որ Շահ-Աբբասի բանակից աւելի ուժեղ ու քաջ լինէր: Բաւական էր Սինան փաշայի ահից բունված այդ զօրքի մի բարձր գոռոցը, որ ամբողջ աշխարհ դատարկվէր և ամայանար։

Այսպիսի դրութեան էր հասել հայ ժողովուրդը: Միայն Գառնի գիւղն էր, որ ընդդիմացաւ․ բայց դա էլ մի հօտային շարժում էր. ժողովուրդը սրեր, բայց մանաւանդ փայտեր, քարեր գաաւ՝ գերեվարների վրա յարձակվելու և ջարդելու համար: Սակայն յետոյ գլուխը կորցրեց, չիմացաւ ինչ անել և ընկճվեց, երբ հասաւ մի ուրիշ պարսկական զօրաբաժին։ Կարելի էր, ի հարկէ, և փախչել. ժայռերի խոռոչմները, քարայրերը կարող էին ապաստան տալ շատերին, մինչև որ կանցնէր արհաւիրքը։ Բայց՝ պարսիկները որսկան շների պէս հոտոտում էին ամեն տեղ, դուրս էին քաշում թագնվածներին, որովհետև նրանք ամեն տեզ մի և նոյն էին - անզէն, վախկոտ ոչխարներ։ Ահա մի տեսարան։ Մօտ հազար հոգի հաւաքվել են մի մեծ և անմատչելի այրի մէջ։ Պարսիկները վերևից թոկերով չորս մարդ են իջեցնում մինչև այրի բերանը։ Թէև այդ չորս կտրիճները հագել են զբահներ և ամեն մէկը, բացի ձեռքում բռնած մի հատ սրից՝ կապել է մէջքին չորս-հինգ հատ սրեր բայց փաստը փաստ է - չորսը՝ հազարի դէմ։ Եւ նրանք, մտնում են այրը, գայլերի պէս յօշոտում են ոչխարների այդ հօտը։ Քարայրի ճանապարհը պաշտպանողները սարսափահար ներս են վազում, որ իրանց ընտանիքներն ազատեն և ահա բաց մնացած ճանապարհով վրա են հասնում դրսի պարսիկները ու սկսվում է սովորական տեսարանը․ կոտորում են պառաւներին և տղամարդկանց, պահում են գեղեցիկ կանանց, աղջիկներին և տղաներին, որ բաժանեն իրանց մէջ։ Բայց այս զոհերից շատերը, չը կամենալով ընկնլ վաւաշոտ վայրենիների ձեռքը և պղծվել, դիմում են նահատակի անձնազոհութեան. ծածկելով իրանց աչքերը իրանց զգեստով, նրանք միմեանց ետևից ցած են գլորվում և մահ գտնում ձորի յատակում. շատերը շամփրվում են այդտեղ բուսած ծառերի ճիւղերի վրա։

II
Հայերին գաղթեցնում են դէպի Պարսկաստան. բարբարոսական անգթութիւններ: —Աղէտ Արաքս գետի վրա. ականատեսի վկայութիւնը: — «Ափսոս քեզ» երգը։ — Երկիրը դատարկվում է։ — Պատկերներ ջալալիների արշաւանքներից։ — Սով։ — Մնացած հայերը փախչում են Ղրիմ, Լեհաստան։ — Վայրենացում. հայ կղերի արարքները։ — Դաւիթ ու Մելքիսէթ կաթողիկոսների մրցութիւնները։ —Դաւթի յաղթանակը, նրա բարոյական կերպարանքը. եկեղեցիները կողոպտված, էջմիածնի վանքում մի մահմեդական է ճրագ վառում. հոգեւորական դասի կատարեալ անկումը։ — Վասպուրականի ժողովրդի բողոքը։

Աշուն էր։ Արարատեան դաշտում կուտված են բիւրաւոր ընտանիքներ։ Մարդկային այդ հօտերը գրաւել են մի տարածութիւն, որի լայնութիւնը Գառնիի լեռների ստորոտից մինչև Արաքս գետն է, իսկ երկարութիւնը - մի օրվայ ճանապարհ։ Սինան փաշան հասել է Կարս, Շահ-Աբբասը շտապով վերցնում է Ագջակալայի պաշարումը և սկսում է նահանջել։ Երեք բանակ են շարժվում դէպի հարաւ-արևելք. առջևից գնում էր գերիների բանակը, յետոյ նրան քշող պարսից բանակը, իսկ սրան հետևում էր Սինան փաշան։ Ջուղան էլ հրաման ստացաւ գաղթելու միւսների հետ։ Շահ-Աբբասը մեղք համարեց թողնել այդ ժիր ու ճարպիկ վաճառականներին Հայաստանի հողի վրա:

Մինչդեռ ջուղայեցիները շքեղ կերպով հյուրասիրում էին թագաւորին, հարուստ ընծաներ էին մատուցանում, Շահ-Աբբասը, այդ քրիստոնէասէր թագաւորը, վճռեց տանել նրանց իր երկիրը, որպէսզի այնտեղ ծաղկէ առևտուրը։ Եւ առհասարակ այդ ամրողջ գերեվարութիւնը, բացի երկիրը անապատ դարձնելու գլխաւոր նպատակից, ունէր և տնտեսական մեծ նշանակութիւն Պարսկաստանի համար: Հաշիւը պարզ էր․ մեծ քանակութեամբ մի աշխատասէր, հլու, ոչխարի պէս վախկոտ ժողովուրդ էր մտնում այնտեղ մշակելու, արդիւնաբերելու, տէրերին լիացնելու համար։ Ո՞վ կը հրաժարվէր այդպիսի բարիքից։

«Թողինք - ասում է ականատեսներից և քշվողներից մէկը[22] - թողինք տունն ապրանքով լի, հօտն ի դաշտին. հայրն որդին ուրացաւ, մայրն դուստրն ուրացաւ. այնպիսի ժամ Աստուած ոչ տայ իւր ստեղծուածոցն։ Դուս արին ամենայն մարդ իւր յերկրէն որպէս նահիր, և ինքեանք եղեն սրով և նիզակով քշողք․ խառնեցան մէկզմէկ, որպէս գառն ի ոչխարն խառնի․ լալն ու հառաչանքն ելաւ մինչև յերկինս»: Ջուղան էլ լացով ու կոծով դատարկվեց։ Բայց ինչ էր նրա լացն էլ, կոծն էլ այն ընդհանուր տեսարանի մէջ, որ բացվեց Արաքսի ափերին։ Սինան փաշան անդադար առաջանում էր, բազմապատկելով պարսիկների երկիւղը։ Պէտք էր հապճեպով առաջ քշել մարդկային նախիրը, Արաքսից անցկացնել, որպէս զի օսմանցիները յետ չը խլէին։ Բայց փոխադրութեան միջոցներ չը կային եղած նաւակներն ու լաստերը շատ քիչ էին։ Բարբարոսութիւնը, սակայն, գործ չունի բանականութեան, հանգամանքների հետ․ նրա համար ամենաբարձր իմաստութիւնը, հրաշագործ ոյժը բռնութիւնն է։ Եւ ետևից արշաւող թշնամու վերաբերմամբ աղուէսի դիրք բռնած պարսիկները առիւծ են դառնում բութ ու ուշակորոյս ամբոխի մէջ: Հրամայում են քշել գերիներին դէպի գետի մէջը․ ժամանակ չը կայ, սպասել, կանգնել անհնարին է. թող, ուրեմն, բազմութիւնը թափվէ գետը, անցնէ միւս ափը ինչպէս կարող է։ Ծեծում են, ջարդում են այն մարդկանց, որոնք յանդգնում են վախենալ գետից. գլուխ, ականջ ու քիթ են կտրում, շտապեցնում են։ Եւ սարսափահար բազմութիւնը, մրրիկից բռնված ոչխարային հօտերի պէս, թափվում է ջրի մէջ։ Հառաչանքներն ու աղաղակները լցրել են Արաքսի ամբողջ ձորը։ Մի նոր Արաքս էր գոյացել այդ անբախտների արտասունքներից։ Առջևում անհուն գետը, ետևում պարսկական սուրը, և փախչելու ոչ մի ճանապարհ։ «Պարսից անողորմ զորքերը — ասում է Առաքել պատմագիրը — քշում էին ժողովուրդը և լցնում էին գետի մէջ․ և ժողովուրդը, վտանգից պաշարված, աւելի և աւելի բազմացնում էր աղաղակների ու ողբերի ձայները։ Ոմանք բռնում էին նաւակների եզրից, ոմանք տոփերի եզրից, ոմանք ձիաների, եզների և գոմէշների պոչերից, ոմանք էլ լողալով էին անցնում։ Իսկ որոնք լողալու հմտութիւն չունէին և թոյլ էին — ծերերն ու պառաւները, տղաներն ու աղջիները, փոքրիկ երեխաները — լցված էին ջրի երեսի վրա. և գետը նրանց վերցրած տանում էր, ինչպէս տերևներ գարնան ժամանակ. գետի երեսը ծածկված էր խեղդվածների մարմիններով»։ Ել այդ դժոխային տեսարանի մէջ պարսիկները ժամանակ էին գտնում իրանց վաւաշոտ կրքերի հոգսը քաշելու։ Արաքսի ալիքների մէջ թրպրտացող բազմութիւնը որսի առարկայ էր դարձել. լաւ ձի ունեցողները ջրի մէջ յարձակումներ էին գործում և ուր որ գեղեցիկ կին, աղջիկ կամ տղայ էին տեսնում, առնում, փախցնում էին նրանց։

Ով կարողացաւ, անցաւ միւս ափը, ով չը կարողացաւ, գնաց հանգստանալու Արաքսի ալիքների մէջ։ Բայց գետի միւս ափից դեռ նոր սկսվեցին անթիւ զոհեր կլանող արհաւիրքներ: Չը թողեցին, որ գետն անցած ժողովուրդը հանգստանայ, շունչ քաշէ․ նոյն հապճեպով քշեցին, տարան նրան դժուար ճանապարհներով, որպէս զի օսմանցիները վրա չը հասնեն։ Եւ գաղթականի երկար, անյայտ, փշալից ճանապարհը սպառում էր բազմութիւնը։ Հարիւր հազարներով մարդիկ էին քշվում, տասնեակ հազարները մահ էին գտնում ճանապարհի վրա։ Տանջանքները բթացրել էին քշվողներին․ մայրերը իրանց երեխաներին թողնում էին ճանապարհների վրա, հիւանդները անխնամ մեռնում էին։ Յետ մնացողներին պարսիկներն էին սպանում։ Վերոյիշեալ ականատեսը գրում է. «Երեկոյեան որ իջնէաք, ի վաղն ելնէաք՝ բազում մեռեալք մնային իջևանքն և բազում հիւանդք․ մարդի օժանդակութիւն չկայր, որ թաղէր մեռեալքն։ Այս ճանապարհս տեսնէաք և հայէաք ի աջ կողմն և ահեակն, և ամենայն կողմն, ամենայն քարի քով և ամենայն քօլի քով երեխայք լալիս, մէկն չկայր, որ դիացուցանէր զնոսա»։

Մի ուրիշ ականատես տեսնում էր այդ աղէտը Ջուղայի Շամբ գիւղի մօտ գտնվող Նախավկայի վանքից։ Դա Ստեփանոս անունով մի վարդապետ էր, գրեց հետևեալ ողբը, որ այսօր էլ տպվում է մեր երգարանների մէջ.

Ափսոս քեզ, Հայոց խեղճիկ ժողովուրդ,

Ցիրուցան ելած անմեղ անխորհուրդ,

Գերի գնաման աք դէպի Խորաստան,

Քաղցած ու ծարաւ, տկլոր թշուառական։

Խարիւր ու խազար ցաւի դիմացաք,

Զեր քաղցրիկ երկրէն ոտ դուրս չը դըրաք.

Խիմի ձեր խօր մօր գերեզման թողաք,

Տներն ու ժամը ուրիշին տուաք։

էյս սիրուն դաշտերն, մեծ մեծ քաղքըներն,

Քաղցրիկ ջըրերն, ձեր շէն գեղերն,

Ո՞ւմն աք թողման դուք որ դնաման աք,

էսպէ°ս կը լինի որ մոռանում աք։

Վախում ամ էնպէս մաքներուցդ ընկնի,

Ինչքան որ ողջ աք՝ մտքերնուդ չընկնի․

Բարի ձեր որդւոց թոռանց պատմեցէք,

Էսպէս խայրենիքն քանդած՝ թողեցիք։

Մասիսի անունն, Հայոց տապանի։

Արարատ դաշտի, սուրբ էջմիածնի,

Մեր Խոր Վիրապի, սուրբ Գեղարդ, Մուղնի,

Չմոռանան մինչի օրն դատաստանի։

Աչքըս կուրանար, շլինքս կոտրուէր,

Խեղճ Հայաստան, քեզ էսպէս չը տեսնէր,

Թէ մեռած էի, ինձ երանի էր,

Քան թէ կենդանի՝ աչքըս բաց տեսնէր[23]

Կոտորվելով ու հալածվելով, գաղթականները դիմեցին դէպի իրանց համար նշանակված տեղերը Պարսկաստանի զանազան կողմերում, ուր նրանց սպասում էին անծանօթ երկրի և անսովոր կլիմայի սպանիչ հանգամանքները, կեղեքումներ, հալածանքներ, զօռով իսլամացում և այլն։ Իսկ ի՞նչ մնաց այն երկրում, որտեղից հանվել էին այդ մարդկային հօտերը։

Հետևեալ տարին թիւրք–պարսկական պատերազմների բեմ դարձաւ Վասպուրականը։ Սինան փաշան, պարտութիւն կրելով պարսիկներից, սկսեց զօրաժողով անել և մի ահագին բանակ կազմեց, որ կատարելապէս ոտնակոխ արաւ ազգաբնակչութիւնը։ Թաւրիզի մօտ Շահ–Աբբասը մեծ ջարդ տուեց թիւրքերին, որոնցից այնքան վախենում էր անցեալ տարի։ Ամեն տեղ տիրեց խառնակութիւն, անտէրութիւն։ Ջալալի աւազակները աւելի ևս յանդուգն ու աներես դարձան։ Մի ամբողջ ընդարձակ երկիր, Արարատեան դաշտը, մնացել էր անտէր։ Ոչ պարսիկներն էին ուզում տիրել նրան, ոչ օսմանցիներ էին երևում։ Դուրս եկան զանազան թուրք հրոսակապետեր, որոնք իրանց ձեռքը գցեցին այդ մեծ, բարելից երկիրը։ Նրանք կռւում էին իրար հետ՝ տիրապետութեան համար, բայց ամեն մի աւազակային խումբ իրաւունք էր համարում մտնել այդ դժբախտ վայրերը և առնել այն, ինչ դեռ մնում էր այս ու այն անկիւնում Շահ-Աբբասի արշաւանքից և գերեվարութիւնից յետոյ։ Գայլերի խմբերի նման նրանք երևում էին գիւղերում, տանջում էին մարդկանց, պահանջելով որ նրանք ցոյց տան թէ ուր են թագնված գոյքելը և հարստութիւնները։

Տանջվեցին մանաւանդ Աբարանը և Արարատեան դաշտի հիւսիսային արևելակողմը, ուր մնացել էին գիւղեր, բնակութեան տեղեր։ Կարբին, Օշականը, Յովհանավանքը, Բջնին և այլ գիւղեր մի քանի անգամ կողոպտվեցին։ Շատերը փախան Գեղարքունի գաւառը, բայց ջալալիները գնացին նրանց ետևից։ Գեղարքունին դեռ ․վերջնականապէս չէր աւերված․ այնտեղ կային ցորենի ամբարներ, անասուններ։ Սաստիկ ձմեռ էր, ձիւն շատ էր եկել այդ բարձրաւանդակներում։ Հրոսակները թալանեցին ամեն ինչ և ապա մեծ քանակութեամբ կանաք և երեխաներ գերեցին, որպէս զի նրանց տէրերը փրկանք բերեն՝ ազատելու համար։ Փրկանք էլ ստացվեց, բայց գերիները չազատվեցին։

Ձմեովայ մէջ կողոպտողները թողին Գեղարքունիքը և իրանց աւարով ճանապարհ ընկան դէպի Արարատեան երկիրը։ Երկու օր ճանապարհ գալով, այդ կարաւանը կանգ առաւ. բեռնակիր անասունները և գրաստները յոգնել էին, առաջ չէին գնում։ Ջալալիները վերցրին նրանց բեռները, բաժան-բաժան արին և շալակել տուին գերի կանանց և տղաներին։ Առջևում դեռ մի սար կար։ Եւ ահա այդտեղ սկսվեցին բեռնակիր մարդկանց տանջանքները։ Շատերի ոտներն ու ձեռքերը ցրտատար եղան, շատերը զոհ գնացին բուքերին։ Գնում են ցորեն շալակած խեղճ կանայք, գնում էն ձիւների մէջ, նրանց ոյժերը թուլանում են, և ահա նրանք շալակով նստում են ձիւնի վրա, շարժվել չեն կարողանում ու այդպէս էլ մեռնում են։ Դիակներ փռելով, անողոք ձմեռվայ ձիւները տանջանքների հառաչանքով դղրդեցնելով, սարսափելի կարաւանը հասաւ, վերջապէս, Կարբի, ուր աւազակները կենդանի մնացած կանանց ու երեխաների մեծ մասը ծախեցին, մի մասն էլ իրանք վերցրին։

Անթիւ ու անհամար էին տառապանքները։ Առաքել պատմագիրը նկարագրում է և մի սարսափելի դէպք, ուր հարիւրաւոր հոգիներ էին դատապարտված մահվան։ Այդ դէպքը պատահեց դարձեալ Գառնի գիւղում, ուր Շահ-Աբբասի գերեվարութեան ժամանակ այնպիսի աղէտ տեղի ունեցաւ։ Այս անգամ էլ ազգաբնակութեան մի մասը, մօտ հինգ հարիւր հոգի, թագնվեց ջալալիների ձեռքից մի մեծ այրի մէջ։ Ջալալիները շրջապատեցին այդ այրը, բայց ոչինչ չկարողացան անել։ Քարայրը մեծ էր, միայն մի նեղ բերան ունէր, և ոչ մի կողմից մատչելի չէր։ Ջալալիները կրակ վառեցին մուտքի մօտ, որպէս զի ծխով խեղդեն ներսում թագնվածներին։ Կրակի վրա մի ինչ-որ նեխված լէշ գցեցին, այնպէս որ ծխի հետ այրի մէջ էր թափվում և ծանր, խեղդող հոտ։ Փախստականները ճրագներ էին վառել այրի մէջ։ Ներս թափվող ծխից և գարշահոտութիւնից մարդիկ սկսեցին նուաղել, ընկնել, ճրագները հանգան, քարերր քրտնել էին և ջուր էր թափվում այդ քրտինքից։ Ուշաթափ մարդկանց մարմինները սկսեցին ուռչել, նրանց վրա բշտիկներ գոյացան, որոնցից դեղին ջուր էր հոսում։ Ամենքը անշնչացան։

Բարեբախտաբար, ջալալիները հեռացան թագնված հարստութիւններ որոնելու համար և այդ միջոցին մի խումբ մարդիկ, որոնք առաջուց հեռացել էին այրից, վերադարձան, տեսան սոսկալի պատկերը և սկսեցին դուրս քաշել անշնչացածներին պարզ օդի մէջ, ձիւն ածեցին նրանց վրա։ Եւ այդպիսով կարելի եղաւ ազատել դժբախտների գոնէ մի մասը․․․

Բարբարոսութեան հետ միշտ դաշնակից են և բնութեան արհաւիրքները։ Երկիրը մշակող չէր մնացել, գիւղացու տնտեսութիւնը արմատից ոչնչացրված էր։ Եւ սկսվեց համատարած, զարհուրելի սով։ Միջերկրականի ափերից մինչև Կասպից ծովը մի կտոր ուտելիք չէր ճարվում։ Աւազակների ահից դադարել էր երթևեկութիւնը, ոչ մի տեղից օգնութիւն ստանալ չէր կարելի։ Ազգաբնակութիւնը հասաւ դժբախտութեան և գազանութեան ծայրագոյն աստիճաններին։ Մարդակերութիւնը համատարած երևոյթ էր։ Դարձեալ մարդկային միսը կերակուր դարձաւ, դարձեալ ծնողները իրանց երեխաների մսով էին կշտանում։ Եւ այդ զարհուրելի աղէտը տևեց ամբողջ չորս տարի։ Սկսվելով 1606 թւին, սովը դեռ թոյլ էր, յաջորդ երկու տարիները կատաղութեան ծայրին հասաւ, 1609-ին դարձեալ թուլանալ սկսեց և միայն 1610-ին բոլորովին թողեց դժբախտ աշխարհը։

Մարդկային համբերութիւնը, դիմացկանութիւնն էլ սահմաններ ունեն։ Մարդկանց և բնութեան ստեղծած աղէտները միացել էին ամեն ինչ մահացնելու համար։ Եւ ազգաբնակութիւնը, հնազանդվելով սարսափելի ճակատագրին, սկսեց դէս ու դէն փախչել, ցրվել։ Նոր գաղթականութիւններ գնացին դէպի Ղրիմ, Լեհաստան, Մօլդավիա, Պարսկաստան։ Շահ-Աբբասն էլ իր ծրագիրը չէր մոռանում։ 1608-ին, երբ կատաղի սովը տարածված էր ամեն տեղ, Շահի մարդիկ նորից շրջում էին երկրի զանազան կողմերը, հաւաքում էին բնակիչներին․ նրանց երկու մեծ խմբով տարան Պարսկաստան, բնակեցրին Սպահանում։

Ել մնացած դատարկութեան ու յուսահատութեան մէջ թագաւորում էր կղերի զզուելի քարասրտութիւնը։ Մինչդեռ շուրջը քար քարի վրա չէր մնում և հայ ժողովուրդը, կարծես, իր վերջին շունչն էր փչում, Դաւիթն ու Մելիքսէթը խայտառակ վէճեր էին մղում միմեանց դէմ, թէ ով պիտի կաթողիկոս մնայ։ Բաւական չէր, որ Մելիքսէթը Դաւիթի հաճութեամբ գնացել էր Շահ-Աբբասին դրդելու ու մատնութիւններ անելու, այժմ այդ երկուսը, իրանց արածի փոխարէն ոչինչ վարձատրութիւն չը ստանալով պարսիկներից, աշխատում էին գոնե միահեծան իշխանաւոր մնալ հայերի վրա և ապրել փառաւոր կերպով։ Յաղթողը վերջը Մելիքսէթն էր, որ պարսից կառավարութիւնից կապալով վերցրեց հոգևոր իշխանութիւնն ու սկսեց աջ ու ձախ կեղեքել, հարստահարել ժողովուրդը, որպէս զի նրանից կողոպտածով կաշառէ խաներին և ինքն էլ իր ազգականների ու սիրելիների հետ Երևանում փափուկ ու առատ ապրուստ ունենայ։ Դա մի վեղարաւոր խան էր․ շրջում էր պարսիկ ձիաւորներով շրջապատված, հրամայում էր, առնում, տանջանքների էր ենթարկում ընդդիմացողներին, իսկ աւելի զօրաւոր հակառակորդներին ոչնչացնում էր մատնութիւններով։

Հայոց փառամոլ և սրբավաճառ կաթողիկոսների շարքում այս մարդը ամենավատ կերպարանքն է ներկայացնում։ Դեռ նոր էր սովը վերջացել Հայաստանում, Էջմիածնի մէջ երևան եկան երկու կաթօլիկ պատերներ, որոնք ընծաներ մատուցին Մելքիսէթ կաթողիկոսին։ Բաւական էին այդ ընծաները, որպէս զի Մելքիսէթը կատարէր այն ամենը, ինչ ուզում էին կաթօլիկ հոգևորականները։ Նա ստորագրեց մի թուղթ, որով յայտնում էր իր հպատակութիւնը Հռօմի աթոռին (1610)։ Նա նոյն իսկ թոյլ տուեց, որ պատերները մտնեն Հռիփսիմէի աւերակ վանքը, քանդեն նրա դամբարանը և հանեն նրա մասունքները։ Երբ բացվեց այդ սրբապղծութիւնը, երբ Էջմիածնի հոգևորականները խնդրում էին նրան պատժել այդ յանդգնութիւնը, նա ոչինչ չարաւ։ Կաթօլիկութիւնը Մելքիսէթի համար շահագործութեան մի աղբիւր էր դարձել։ Եւ միանալով մի ինչ-որ Զաքարիա վարդապետի հետ, որ, ինչպէս երևում է, հայ-կաթօլիկներից էր, նա անում էր ամեն բան, որպէս զի հաճելի դառնար Հռօմի պապին։ Իմանալով միայն թալանել, նա թշնամի էր ամեն մի բարեկարգութեան և եկամուտների աղբիւր էր դարձրել տգէտ ու անբարոյական մարդկանց կաշառքներով ձեռնադրելը։ Եկեղեցիները կատարելապէս ամայի ու մերկ էին մնացել, որովհետև առաջնորդները կողոպտել էին նրանց՝ իշխող մահմեդականներին կաշառելու համար։ Էջմիածինը մի քարուքանդ ու անտէր վանք էր․ մի հատ գիրք չէր մնացել, որովհետև գիրք կարդացող չը կար. մի հատ եկեղեցական զարդ և անօթ չը կար, որովհետև ամեն բան, որ փոքր ի շատէ գին ունէր, վաճաոված էր կամ գրաւ դրված։ Բաւական է ասել, որ նոյն իսկ աջերը, բուրվառները, սկիհները, խաչերը գտնվում էին մահմեդական իշխողների տներում։ Նոյն իսկ ճրագ էլ չէր վառվում Էջմիածնի տաճարի մէջ․ մի մահմեդական մարդ երբեմն, երբ ճանապարհորդ կամ պատահական այցելու էր լինում, վառում էր ձէթի ճրագ, դնում էր հայոց ամենագլխաւոր վանքի մերկ բեմի վրա և փոխարէնը ողորմութիւն էր ստանում։ Վանքում մնացել էին մի քանի տգէտ սևագլուխներ որոնք վար անել էին տալիս և տարվայ մեծ մասր գիւղերում էին անցկացնում։

Եթէ այդպէս էր հոգևոր իշխանութեան կենտրօնը, ի՞նչ կը լինէր միւս տեղերում։ Վանքերում ապրում էին վայրենացած վարդապետներ, որոնք վաղուց մոռացել էին, թէ իրանք հոգևորական են․ նրանք զբաղված էին տնտեսութեամբ, հարստանալու միջոցներ էին որոնում, որպէս զի վայելեն իրանց ազգականների և հարճերի հետ, որոնցով լի էին վանքերը։ Այդ սևագլուխները վարդապեական զգեստներ էլ չէին հագնում, այլ պճնվում էին հարուստ աշխարհականների ձևով։ Աւելի վատ էին գիւղական քահանաները։ Սրանք անունով միայն եկեղեցու պաշտօնեայ էին, իսկ իրապէս եկեղեցու հետ ոչինչ գործ չունէին։ Քահանան գիւղում աշխատում էր մէլիքի կամ տանուտէրի պաշտօն ձեռք բերել, որպէս զի կարողանայ լաւ կեղեքել․ եկեղեցու դռները չէին բացում, ժամասացութիւն անգամ չէր լինում, որովհետև քահանան երկրագործ էր, արհեստաւոր, մի խօսքով ամեն ինչ, բայց ոչ քահանայ։ Կային շատ այնպիսիները, որոնք մահմեդական իշխողների ստրուկներն էին, շահում էին նրանց սիրտը մատնութիւններով։ Դա ամեն կողմով զրկված ու դժբախտ մի ժողովուրդ էր․ նրան հարստահարում էին ամենքը՝ թագաւորական գահից մինչև եկեղեցական իերարխիայի ամենաստորին աստիճանը։ Նրա կեանքը, նրա ստացուածքը հարիւրաւոր գիշատիչ տէրեր ունէին, իսկ հոգին խաւար էր, անապատ։ Այդ դրութիւնն էր հասցրել նրան այն անասնական բթութեան, որը մենք տեսանք Շահ Աբբասի գերեվարութիւնների ժամանակ։

Բայց այս կղերական ապականութիւնը համատարած չէր Հայաստանի բոլոր կողմերում։ Այդ զարհուրելի ժամանակներում գտնվեցան հոգևորականներ, որոնք չէին կորցել պատւի բարեխղճութեան, արդարութեան զգացմունքը և խիստ բողոք բարձրացրին Մելքիսէթի դէմ։ Մեզ հասել է մի այդպիսի բողոք, որ գրված է Վանի հոգևորականների և ազդեցիկ աշխարհականների կողմից։ Այդ բազմաստորագիր բողոքը[24] շատ լաւ պատկերացնում է Մելքիսէթ կաթողիկոսին, ինչպէս նաև հայ հոգևորականութեան անկումը։ Ուստի մենք այստեղ ընդարձակ քաղուածքներ կը բերենք այդ հետաքրքրական դօկումէնտից[25]:

Վասպուրական նահանգի Վան քաղաքի և նրա շրջակայ գաւառների առաջնորդները, եպիսկոպոսները, վարդապետները, քահանաները, տանուտէրերը, իշխանները, «դօլուաթաւորները», արհեստաւորներն ու երկրագործները հետևեալ մեղադրանքներն են բարդում Մելքիսէթի վրա.

Նախ՝ զի ի վրայ եպիսկոպոսի եպիսկոպոս կու օրհնես, զի ի վերայ քաղաքի և կամ գաւառի՝ որ աոաջնորդ մի կայ, այլ ոմն տգէտ և հերձուածող և կամ ուրացող գայ առ. քեզ, դու ընտրութիւն չես աներ, այլ վասն արծաթասիրութեան քո` առնուս քանի մի հարամ փող և անիծես գնա, և զանուն դնես եպիսկոպոս և յողորկես, որ գայ այն երկրի եպիսկոպոսին հետ հակառակի, և ի մէջ բազում չարիք ծնանի, աղմուկ և խռովութիւն, մատնութիւն և արեան հեղմունք, և բազում միամիտ ժողովուրդք, թերանան և գայթակղին, և այս ամենայն չարեաց պատճառն և մեղաց պարտականն դու ե՞ս և թէ այլ ոք։ Զի Մրգիկն, որ ի Մուշ թուրքացեր էր, զնա ի Սուրբ էջմիածին աթոռակալ ես կարգեր: Եւ Պռկնտօշ զԿարապետն, որ Հոռոմ դարձաւ, և Հոռոոմ կին էառ, և եօթն տարի ի հետ այն կնոջ ի Հռոմ կեցաւ, հիմա եպիսկոպոսութեան հրաման ես տուեր և Թիրայու, և Իզմիրու և Մանիսայու առաջնորդ ես կացուցեր: Նաև Աշխարհիդաշտի զեպիսկոպոսն… դու նորա եպիսկոպոսութեան հրաման ես տուեր, և այլ այսպիսիքս բազում են, բայց ոչ գրեցաք, զի մի տաղտկասցին լսողքն, զի ոչ թէ ի մին տեղի, և մին աթոռի եդեալ ես երկու առաջնորդ և երկու եպիսկոպոս, այլ ի բազում տեղիս գիտեմք, որ մէկ թէմի երկու և երեք, չորս և հինգ եպիսկոպոս ձեռնադրեալ ես և առաջնորդ կարգեալ։

Եւ երկրորդ անկարգութիւն այն է, որ թէ յինչ երկիր որ նուիրակ յուղարկես` նա կու ընտրես` յոր տեղ որ չար և լիրբ, անզգամ, անամօթ և ամբարտաւան մի կայ, որ ոչ յԱստուծոյ երկնչի և ոչ ի մարդկանէ ամաչէ, զայնպիսիքն կու առաքես, որ զարդարեալ երիվարօք, և պճնեալ հանդերձիւք, և կրկին պաշտօնէիւք գան, և գոռոզաբար խրոխտան, և բազում ցոփութեամբ և անկարգութեամբ և արբեցութեամբ զաշխարհս վրդովեն։ … Գրոց ամենևին անատղեակ են և օրինաց բնաւին անծանօթ, և բոլորովիմբ ոչ ճանաչեն զհաւատաս քրիստոնէութեան թէ զինչ է։ … Զարդարն և զանմեղն դատապարտեն վասն ընչից, և զանիրաւն իրաւացուցանեն վասն կաշառաց, և ազգապղծութեան հրաման տան վասն արծաթոյ:… Գիտեմք թէ սոքա ի՞նչ կու հասուցանեն ի Սուրբ Աթոռդ ի ձեռս վեհիդ, զի վասն ագահութեան իւրեանց շրջին և ոչ վասն օգտի սուրբ տանդ, զի զին որ ժողովեն, ի գինս այնպիսի երևելի հանդերձի տան, որ ոչ վայելէ քրիստոնէի և ոչ իշխանի, թող թէ կարգաւորի ․․․ Շրջին իբրև զբռնաւորս և պճնին, և ի կերակուրս և յըմպելիս ծախեն զժողովեալսն իւրեանց, յոլով կաշառս տան բռնաւորաց և բազում տուգանս այլազգաց վասն հակառակասէր բարուց իւրեանց, վասն որոյ Ազգս Հայոց տաղտակացեալ է ի գարշահոտութենէ վարուցն այսպիսեացս։

Եւ երրորդ անկարգութիւն քո այս է․ զի զոր ինչ վարդապետ, որ զճշմարիտն խօսի կամ վասն Աստուածային օրինացն վրէժխնդրութեան զձեր օրինացն հակառակութիւն յանդիմանէ, ի վերայ նորս անփակ բերանով, անիրաւ լեզուաւ, յանդուգն դիմօք, լըբենի երեսօք, և անկիրթ մտօք, բանադրանաց գիր կու գրէք։ Այս է ասելն ձեր թէ ճշմարիտն մի խօսիք, ․․․ զլոյսն մի արծարծէք, զի մի խաւարային գործքն մեր խայտառակեսցի։ ․․․ Եւ որպէս սուտ թղթերովն ձեր զանմեղ և զմիամիտ աշխարհական ժողովուրդն զարհուրեցուցանէք սակս կաշառի և արծաթոյ, այնպէս և զվարդապետս և զքահանայքս կամիք ահացուցանել սուտ և անիրաւ և խաբեբայ բանիւ և գործով․ և զայս ի միտ չէք ածել թէ այսպիսի անպատեհ անէծս ո՞վ պիտի ընդունի։ ․․․ Ահա վադապետքն որք ընդ ամենայն տեղիս են յիւրաքանչիւր աթոռս, ի վանս և ի գաւառս․․․ վստահ և համարձակ հրատարակեն ի մէջ ատենի զձեր անմահութիւն ի լուր ամենայն ժողովրդեանն, և ամենայն ոք որ իմանայ զձեր անիրաւութիւն և անկարգութիւն, զիա՞րդ ընդունող լինին անպատշաճ և անիրաւ բանից ձերոց։

Եւ չորրորդ անկարգութիւն քո այս է, որ քան զամենայն չարագոյն երևի, զի զեկեղեցեաց հիմն ի վեր տապալեցիր, քանզի վասն ագահութեան քո զհիմն եկեղեցւոյն փորելով հաներ զնշխարս սրբոց Հռիփսիմեանցն․․․ և դու զայնպիսի Ասաուածային պատուական գանձն հանեալ վաճառեցեր այլազգաց․․․ Եւ դու զայն սրբոց նշխարսն վաճառելով՝ զՔրիստոս վաճառեցեր, և ով ոք որ պՔրիստոս վաճառէ, նա ոչ ունի մասն ի Քրիստոսէ, զի այդ ոչ է գործ կաթողիկոսի, այլ Յուգայի։ Զի այսպիսի չարիքս քո եզև պատճառ, որ գաջն սուրբ Լաւսաւորչին հաներ ի սուրբ Աթոռոյդ և ի գերութիւն մատնեցեր յօտար աշխարհ․․․ Զամեն կարգ և սահման դո՞ւ պիտի որ խանգարես․ թողումք զյայտնապէս հոգևոր պոռնկութիւնն ձեր, որ ի մէկ Աթոռի վերայ երեք կաթողիկոս էք կագեալ, և ոչ թէ մինդ կացեալ և այլքդ դադրեալ, այլ ամեն մէկդ՝ ի յիւր գնացեալ երկիրն ինքնագլուխ կաթողիկոսութիւն առնէք, և ամենևին ոչ Աստուծոյ երկնչիք և ոչ ի մարդկանէ ամաչէք։

Եւ հինգերորդ անկարգութիւն ձեր այս է, որ յանդգնաբար վստահացար և ձեռն արկեր ի մեր սուրբ հաւատս, զի կամիս զմեր ուղղափառ հաւատս խախտել և տապալել, և զմեզ ի հերձուածողութիւն և յուրացութիւն ձգել․ ֆռանգաց հետն միաբանելով և ձեռագիր տալով՝ զՔաղկեդոն ի ժողովն ընդունելով։ ․․․ Ձայն Գիշու որդի չԶաքարայն, որ Վանայ դօլուաթաւորքն՝ զինքն ի Վարագայ աքսորեալ հալածեցին, ոչ թէ այն դօլուաթաւորքն անիրաւութիւն իսկ արարին գմա, այլ յիրաւի․ զի տեսին զնորա թերահաւատութիւնն և զչար գործքն․․․ Եւ զայնպիսի արտաքսեալն որ վասն չար գործոցն իւրոց՝ դու գնա ընդունեցեր, և արժանի համարեցար գնա ընդհանրական մեծի սուրբ Աթոռոյդ, քեզ նման, քեզ աթոռակալ և փոխանորդ կարգեցեր․ նա որ զիւր տունն և զաթոռն Վարագ աւերեաց, դու գնա սուրբ Աթոռոյն Էջմիածնայ շինող համարեցար։ Այն դօլուաթաւորքե աշխարհական գոլով իմացան զնորա չար գործքն, տաղտկացեալ զզուեցան ի նմանէ, և աքսորեալ արտաքսեցին ի Վարագայ, և դու կաթողիկոս գոլով ոչ իմացար. զի նոցա դառներևեցաւ, վասն այն ոչ ըեդունեցին․ իսկ քեզ քաղցր թուեցաւ, վասն այն սիրով ընդունեցեր. նոյնպէս և ամենայն չարքն և հերձուածողքն՝ հաճելի և սիրելի են քեզ, և ամենայն պարկեշտքն և ուղղափառքն՝ ատելի և թշնամիք են քեզ։ ․․․Մանաւանդ քան զամենայն մեծ չարիքն այս են, որ զքո ձեռագիրն ետուր Փափուն թէ ես Մելքիսէթ կաթողիկոս Հայոց իմ ազգիս վարդապետօք, եպիսկոպոսօք և համայն ժողովրդովք հնազանդիմք Հռոմայ եկեղեցւոյն։ ...Եւ այս ձեռագրիս օրինակն Փափն գրել է պամայ գրով և յուղարկել է ի Լեհ, նոյնպէս և յամենայն տեղիս թէ ազգն Հայոց ի մեր հաւատն են դարձեր․ այլ և ի Վանատիկ և յայլ բազում տեղիս գիր է գրեր և յղրկել․ և այս գրոցս մէկն ի Համիթ է եկեր․ և զնորա մէկ օրինակն Աւետիս կաթողիկոսն է տարեր ի հետն, և զմի օրինակն Համթեցիքս մեզ էին յղրկել ասելով՝ թէ տեսէք-տեսէք զմեր կաթողիկոսիս զխայտառակութիւնն․ զայսպիսի հերձուածողն դուք ի՞նէպէս կաթուղիկոս կընդունիք․ և զայս եկեալ թուղթս մենք ամենեքեան ականատես եղեալ ընթերցաք։ Այս ի՞նչ բան է քո արած բանն․ զի կամիս երկրորդ Եզր լինե՞լ եզերիչ և խանգարիչ Հայոց ազգիս․ զի թէ իբրև զքաջ հովիւ հսգացող և խնամող չես, վասն է՞ր որպէս զվարձկան և իբրև զքաջ գազան պատառող լինիս բանաւոր հօտին Քրիստոսի․ զի՞նչ կուզես այս ողորմելի և տառապեալ ազգէս Հայոց․ է՞ր չես թողուր զիւրեանս յիւրեանց աղքատութեանն, զի թէպէտ որ ազգս հայոց մարմնով ծառայ են և աղքատ, այլ քրիստոնէական ուղղափառ. հաւաաովս ազատ են․․․ Զի թէպէա մարմնով տրտում և ի չարչարանս եմք ի յայսմ աշխարհի առաւել քան զայլ ազգս, բայց հոգով ուրախ եմք որ ունիմք ուղղափառ հաւատ քան զայլ ազգս․․․

Հանրագիրը, այս բոլոր մեղադրանքներից յետոյ պահանջում է Մելքիսէթից որ վերացնէ այս բոլոր անկարգութիւնները և յետ կանգնէ Հռօմին հպատակվելու մտքից։ Ուրիշ կերպ, ասում էին բողոքողները, մենք կաթողիկոս ճանաչել այդպիսի մի հոգևորականին չենք կարող․․․

Դժուար թէ հայոց կաթողիկոսներից որ և է մէկը այսպիսի խիստ յանդիմանութիւններ ստացած լինի իր հօտից։ Բայց Մէլքիսէթի համար գոյութիւն չունէր հանրային կարծիք, պատասխանատւութիւն։ Այս թղթից յետոյ էլ նա շարունակեց մնալ նոյն կաթողիկոսը։

Մի կողմում դնելով հայ ժողովրդի գլխին միմեանց ետևից թափվող արհաւիրքները, իսկ միւս կողմում — նրա հոգևոր գործերի, դաստիարակների այս սարսափելի անկումը, հասկանալի կը լինի թէ որքան անծայր, անյատակ պիտի լինէին այդ ժողովրդի ցաւերն ու տանջանքներըը։

III
Վերակենդանութեան ջանքեր աւերակնրի մեջ։ — Ճգնաւորական կենցաղը։ — Սարգիս եպիսկոպոս եվ Կիրակոս քահանայ։—Արատնայ գետի ձորը: — Մեծ անապատ։ - Ընթերցանութիւնը՝ պարտաւորական բոլոր միաբանների համար։ — Սիւնեաց դպրոցը։ – Բարնկարգութեան ոգին։ - Մովսէս վարդապետը եւ Մելքիսէթ կաթողիկոսը։ -Աշակերտներ։ Ամրդօլուի վանքը Բաղէշում -Բարսեղ վարդապետ։ - Հին գիտութիւնների ուսումնասիրութիւն։ - Ներսէս Մոկացի, Բաղէշի դպրոցը նրա միջոցով միանում է Սիւնեաց դպրոցի հետ։ - Լիմ կղզու անապատը։ - Մելքիսէթ վարդապետ Վժանեցի։ - Նրա ճգնութիւնները։

Բայց հայ ազդի բախտն էր, որ նրա կեանքի ամենամռայլ միջոցներումն էլ երևան էին գալիս անհատներ, որոնք ընդհանուր ապականութիւնից մնալով, վառ էին պահում գաղափարի վերջին կայծերը։ Այդ տեսակ երախտաւորներից զուրկ չը մնաց Հայաստանը ու մեր նկարագրած զարհուրելի անկման ու վայրենացման օրերում։ Աւերակների մէջ մենք տեսնում ենք վերակենդանանալու փոքրիկ, համեստ ջանքեր, որոնք գնալով կազմում են մի ամբողջ նոր հոսանք։

Մեր երկրի հանգամանքները, իհարկէ, չէին կարող թոյլ տալ որ վերակենդանութեան այդ ջանքերը տեղի ունենան աշխարհական ղի վրա քաղաքների կամ գիւղերի ազգաբնակութեան մէջ: Այդտեղ ոչ մի յարմարութիւն չը կար, որ մտաւոր կեանք առաջանայ։ Տեսանք թէ ինչ դրութեան մէջ էր հոգևորականութիւնը. ուրեմն կենտրօններ կազմող մեծ վանքերի մէջ էլ չէր կարող այդպիսի կեանք ծաղկել: Եւ մենք տեսնում ենք որ ապականված, անասնական դրութեան հասած ժամանակում հայերի մտաւոր փրկիչ հանդիսանում է մի հին միստիքական հիմնարկութիւն — ճգնաւորութիւնը։

Արարատեան երկրի հիւսիսային լեռնաշղթայի վրա, Կարբի գիւղի մօտերքում, Յաբենի անունով մի գիւղ կար։ Այդտեղից էր Սարգիս անունով մի եպիսկոպոս, որ Սաղմոսավանքի վանահայրն էր: Աւերածները, անվերջ դժբախտութիւնները մարդկանց մեջ յարուցանում են և մի տեսակ զգացմունք - զզուանք դէպի աշխարհը, դէպի «արտասունքների հովիտը», ինչպէս անուանվում է մարդկային կեանքը բոլոր լեզուների մէջ: Այդպիսի հոգիները փախչում են մարդկանցից, որոնում են կատարեալ առանձնութիւն բնութեան մէջ, հեռու աշխարհային աղմուկներից, իրարանցումներից: Սրտի մէջ թաղված խորին և բուռն անբաւականութիւնը, արհամարհանքը, դեռ հին ժամանակներում հեռացնում էր մտածողներին մարդկանց հասարակութիւնից։ Քրիստոնէութիւնը իր առաջին դարերում նուիրագործեց անապատականութիւնը։ Ասկետական կեանքը անապատների մէջ, միայնութեան, զրկանքների մէջ, ամենալաւ ճանապարհն էր համարվում արքայութեան դռները բաց անելու համար։ Չափազանցութիւնները, որոնք յաճախ վայրենութեան էին հասնում, հին մարդուն հիացմունք էին ազդում։ Ճգնաւոր անապատականութիւնը մարդկութեան կորած մասն էր և իր բացասական կողմերով աւելի յետադիմութեան, ֆանատիկոսական խաւարին էր նպաստում։

Բայց երբեք այդ առանձնացած, աշխարհից ձեռք վերցրած դասակարգը էական օգնութիւններ էլ էր հասցնում մարդկութեան։ Հայերի մէջ ճգնաւորութիւնը քրիստոնէութեան հետ հաստատվեց։ Եղել են շատ անօգուտ ճգնաւորական հաստատութիւններ։ Բայց եղել է և ս․ Մեսրոպի պէս ճգնաւոր, որ հայերին տուել է գիր և գրականութիւն։

Ահա այս Սարգիս եպիսկոպոսն էլ վճռում է թողնել Սաղմոսավանքը, աւելի հեռանալ կեանքից, աւելի կտրվել աշխարհից։ Նա գտնում է իր նման մէկին։ Ո՞րտեղից որտեղ։ Տրապիզօնի հայ քահանաներից մէկը, Կիրակոս անունով, զրկվում էր իր կնոջից նոյնպէս վճռում է ճգնաւոր դառնալ։ Լսելով Սարգսի մասին, նա որոնում է և գտնում նրան Երուսաղէմի մէջ։ Այդտեղ երկուսը եղբայրանում են, և վերադառնալով Հայաստան, որոնում են յարմար տեղ ճգնաւորական կեանքի համար։ Եւ այդպիսի տեղ նրանք գտնում են Սիւնիքի լեռնաստանում, Տաթևի վանքի մօտերքում։

Այժմեան Զանգեզուրի կողմից դէպի Տաթև գնացողը, լեռնադաշտի լայնութեամբ երկար և ձանձրալի ճանապարհորդութիւնից յետոյ հասնելով Շնհեր գիւղի սահմաններին, ապշում է բնութեան այն ահեղ ու վայրենի տեսարաններից, որ նրա առջև բաց է անում Որոտնայ գետի հսկայական կիրճը: Ձոր անուն տալ այդ խոր ու լայն բացուածքին շատ նուազ արտայայտիչ մի բան կը լինէր: Դա մեծ ու փոքր ձորերի, մեծ ու փոքր սարերի, շղթաների, պատռուածքների, հսկայական լանջերի, անդունդների, նեղ, կանաչազարդ հովիտների մի բարդ խառնուրդ է, որի միջով իր համար օձապտոյտ ճանապարհ է բացել Որոտնայ գետը։ Այդտեղ ահա կանգ առան մեր երկու ճգնաւորները։ Որոտնայ գետի աջ գեղանկար ափին, Տաթևից ցած դէպի հարաւ-արևելք, նրանք տեղ ընտրեցին և հիմնեցին Մեծ Անապատը։ Նրանք մենակեացներ չէին: Զանազան կողմերից եկան հաւաքվեցին աշխարհական և հոգևորական մարդիկ, որոնցից կազմվեց մի ամբողջ միաբանութիւն։

Իսկ կազմելը հեշտ չէր, հիմնադիրները մեծ դժուարութիւնների հանդիպեցին։ Վաղուց էր որ Հայաստանի մէջ մոռացվել էին միաբանական կարգերը, մինչև իսկ վանականների զգեստի ձևն էլ կորել էր։ Պէտք էր գտնել այդ կարգերը. և հիմնադիրները կարող էին այդ բանն անել, ուսումնասիրելով հին գրուածքներ։ Նրանց աջողվեց խմբագրել մի խիստ կանոնագրութիւն, որ շատ բաներով յիշեցնում է կաթօլիկ միաբանութիւնների կազմակերպութիւնը։ Գլխաւոր, առաջին նպատակն էր, ի հարկէ, կրօնաւորական մաքուր կենցազ, որը կարելի էր իրականացնել խիստ պահեցողութիւններով, երկարատև աղօթքներով, սակաւապէտութեամբ, մարմինը զրկանքների ենթարկելով և այլ այսպիսի անապատական կարդերով: Դառնալ միաբանութեան անդամ նշանակում էր մնաս բարով ասել աշխարհին, նրա հոգսերին ու ուրախութիւններին։ Անհատը այդտեղ ոչինչ սեփականութիւն չունէր․ ամեն ինչ պատկանում էր միաբանութեան: Ամենքը մի տեսակ կերակուր էին ուտում, հագնում էին զգեստ մի տեսակ նիւթից։ Աղօթքները, տքնութիւնները միանման պարտաւորական էին ամենքի համար, չը նայած դիրքին և աստիճանին:

Այդ ճգնաւորական կազմակերպութիւնը հազիւ թէ ուշադրութեան արժանի մի երևոյթ դառնար մեր պատմութեան մէջ, եթէ հիմնադիրները մտցրած չը լինէին իրանց ձեռնարկութեան մէջ մի գեղեցիկ միտք-գրքեր կարդալ։ Գրքեր կարդալը արդէն մեծ բան էր այդ սարսափելի, տխուր ժամանակներում։ «Որովհետև-ասում է Առաքել պատմագիրը[26] մինչև այդ տգիտութեամբ պնդացել և ամայացել էր հայոց ազգը․ ոչ միայն չէին կարդում, այլ և չը գիտէին թէ ինչ է գիրքը և ինչ զօրութիւն ունի նա․ մարդկանց աչքում գիրքը անպէտք էր դարձել․ գրքերը փայտի կտորների պէս ընկած էին անկիւններում, լցված հողով և մոխրով»։

Մեծ Անապատում մարդիկ կարդում էին, պարտաւոր էին կարդալ անդադար։ Գրքի վերաբերմամբ այնտեղ այն հավատն էր տիրում թէ նրա մէջ գրվածները Աստուծու պատգամներ են: Ահա ինչը բարձրացրեց Մեծ Անապատի կոչումն ու նշանակութիւնը, ահա ինչը դարձրեց նրան մի ամբողջ դպրոց, որը մենք կանուանենք Սիւնեաց դպրոց: Գրական-կրթական իդէալներ պաշտող այդ հիմնարկութիւնը Տաթևի հսկայական ձորի մէջ ներկայանում է իբրև նախատիպ այն վանական հիմնարկութեան, որ հարիւր տարի յետոյ հաստատեց Մխիթար Սեբաստացին Վենետիկի կղզիներից մէկի վրա․․․

Բայց դպրոց ասելով, չը պէտք է այստեղ հասկանալ որոշ սիստեմ, որոշ գիտնական պաշար ունեցող մի մշտական հիմնարկութիւն։ Ո՛չ, այդպիսի յատկութիւններ չէր էլ կարող ունենալ Մեծ Անապատը։ Հայկական խեղճ ու կրակ իրականութիւնից դուրս եկած մարդիկ էին միաբանութեան անդամները, որոնց ամենամեծ առաքինութիւնն այն էր, որ պիտի շարունակ կարդային մոռացված, կորած գրքերը։ Եւ նրանց մտաւոր պաշարն էլ հէնց այն կարող էր լինել, ինչ տալիս էր ընթերցանութիւնը։ Միաբանութեան մէջ պատրաստվում էին գործ սիրող, բարեխիղճ կրօնական գործիչներ։ Նրանք դուրս էին գալիս Տաթևի կիրճի յատակից, ցրվում էին զանազան կողմեր, հիմնում էին փոքրիկ միաբանութիւններ այս կամ այն վանքում, նոյն գրասիրութիւնը պարտաւորական էին դարձնում ամեն տեղ։ Ահա այն գրական-կուլտուրական նշանաւոր դերը, որ կատարեց  Մեծ Անապատը մեր խաւար իրականութեան մէջ։ Գիտնականներ այնտեղից չէին դուրս գալիս. կան շատ փաստեր, որոնք ցոյց են տալիս թէ պարզ գրագիտութիւնից հեռու չէր գնում անապատական կրթութիւնը։ Բայց մաքրութիւն, ընդհանուր բարիքի իդէալ, գրասիրութիւն-այսքանը առատութեամբ կար Որոտնայ գետի ափին: Եւ այդտեղից դուրս եկաւ բարեկարգութեան, վերանորոգութեան ոգին, որ սկսեց տարածվել զանազան կողմեր Արևելեան Հայաստանում, բարձրացաւ Էջմիածնի աթոռի վրա։ Միանգամից, յանկարծակի չը տիրապետեց այդ ոգին։ Նա կատարեալ էլ չէր, գործունէութեան ասպարէզում, ինչպէս շուտով կը տեսնենք, զգաց իր պակասութիւնները․ դեռ զարգացման, կատարելագործութեան շրջան կար նրա առջև։ Բայց գլխաւորը, ի հարկէ, հիմքն էր։ Եւ այդ հիմքի վրա կառուցվեց մի ամբողջ պատմական համակրելի շրջան։

Ո՞վ կարող էր կարծել թէ ապականված բարքերի, խաւար տգիտութեան դէմ մարտնչողներ պիտի դուրս գան Սիւնեաց երկրի խորխորատներից։ Դրանք համարձակ քարոզիչներ էին, դրանք աշակերտներ էին պահում, որոնք իրանց ստացած տգիտութիւնը հաղորդում էին իրանց աշակերտներին։ Ահա ինչպիսի դպրոց էր Մեծ Անապատը։ Սիւնեաց դպրոցի աշակերտ լինելու համար անպատճառ Տաթևի ձորը գնալ չէր հարկաւոր. այդ դպրոցի սաները պատրաստվում էին զանազան տեղերում․ Չարէքի վանք, Էջմիածին, Նոր-Ջուղայ։ Որովհետև հիմքը Մեծ Անապատն էր. բոլոր ուսուցիչների հոգևոր ծագումը այդտեղից էր։ Եւ Մեծ Անապատը երկար ժամանակ գոյութիւն էլ չը պահպանեց։ Նա սկիզբ դրեց, կորիզ դարձաւ, իսկ նրա գործը շարունակվում էր և այն ժամանակ, երբ նա ինքը այլ ևս գոյութիւն չունէր իբրև այդքան յայտնի միաբանութիւն։

Բնական երևույթ է, որ ամեն մի բարձր, գաղափարական գործ ատելութեան և հալածանքի է արժանանում ժամանակակից խաւար տարրերի կողմից։ Մեծ Անապատը, իբրև մի այնպիսի հիմնարկութիւն, որ մարտնչում էր շրջապատող խաւարի դէմ, բոլորովին ազատ չը մնաց այդ տեսակ վերաբերմունքից։ Այնտեղից դուրս եկած վարդապետները համարձակ քարոզում էին անշահախնդրութիւն, դատապարտում էին հոգևորականութեան անբարոյական արարքները։ Պարզ է որ նրանց պիտի ատէին կեղեքող, անունով միայն հոգևորական կոչվող մարդիկ։ Եւ որովհետև այդ փչացած դասակարգի ամենաբարձր արտայայտութիւնը Մելքիսէթ կաթողիկոսն էր, ուստի նա էլ Մեծ Անապատի առաջին հակառակորդը դարձաւ:

Այդ վեղարաւոր խանը սաստիկ հալածանքներ հանեց վերանորոգիչ վարդապետներից մի քանիսի դէմ, բայց նրա ստոր մատնութիւնները գործին շատ չը վնասեցին։ Մեծ Անապատի վարդապետներից մէկը, Մովսէսը, որ Սիւնիքի Բաղաց գաւառի Խոտանան գիւղից էր, զարմանալի եռանդուն գործունէութիւն ցոյց տուեց։ Դա շատ ճանապարհորդած, շատ խելօք, մի և նոյն ժամանակ վերին աստիճանի անշահասէր մի մարդ էր: Մելքիսէթը շատ ընկաւ Նրա ետևից, շատ փորձեց իր խանական իշխանութեան դառնութիւնը ճաշակել տալ նրան, մինչև իսկ կեղծ մուրհակ շինել տալով, քաշեց Նրան պարսից դատարանը և ամիսներով չարչարեց, բայց և այդպէս, Մովսէսը չընկճվեց, ցոյց տուեց մեծ քաջութիւն և եռանդ ու վերջ ի վերջոյ յաղթող հանդիսացաւ։

Քանի՛ քանի՛ անգամ այդ հոգևորականը գընաց Պարսկաստանի խորքերը, եկեղեցու բարեկարգութեան համար Շահերին խնգիրքներ ներկայացնելու համար։ Դառնալով էջմիածնի վանքի լուսարարապետ, նա վերանորոգեց քարուքանդ եղած մայր տաճարը, մեծ դպրոց բաց արաւ Յովհաննավանքում, որ ղարձաւ փոքր ի շատէ պատրաստված, պարտաճանաչ հոգևորականներ պատրաստող մի հիմնարկութիւն: Մելքիսէթի աւերումներից յետոյ հարկաւոր էր մի այդպիսի շինարար գործիչ. Մովսէսն էր, որ յետ գնեց Մելքիսէթի և միւսների վաճառած եկեղեցական սրբութիւններն ու անօթները։ Դառնալով Էջմիածնի կաթողիկոս, նա իրանով բաց արաւ բարեկարգութիւնների մի շրջան: Նրա աշակերտն էր Փիլիպպոս կաթողիկոսը, որ յաջորդեց նրան։ Այս Փիլիպպոսի աշակերտն էր XVII դարի հայոց միակ գրական պարծանքը — Առաքել Դաւրիժեցին, որ յայտնի է իր գրած «Պատմագրութեամբ»։

Սիւնեաց դպրոցը դեռ ուրիշ շատ գործիչներ էլ է տուել, որոնցից մի քանիսի հետ մենք կը ծանօթանանք յետոյ։ Այս կրթական-վերանորոգչական փոքրիկ ու համեստ կենտրօնը Արևելեան Հայաստանի մէջ հեղինակութիւն սաացաւ: Բայց այդ ժամանակ Արևմտեան Հայաստանում էլ կար մի փոքրիկ հիմնարկութիւն, որի վրա մենք այստեղ պիտի ուշադրութիւն դարձնենք մանաւանդ այն պատճառով, որ նա Սիւնեաց դպրոցի և պակասները լրացնողն էր։

Դա նոյնպէս մի վանական դպրոց էր, որ գտնվում էր Բաղէշ քաղաքում։ Բաղէշը այդ ժամանակներում մի ընդարձակ քրդական խանութեան սեփականութիւնն էր։ Այդտեղ այժմ էլ կայ մի հին վանք, որ կոչվում է Ամրդօլու (Ամլորդւոյ) վանք։ Հին ժամանակներից Ամրդօլուի վանքը ունէր դպրոց, իսկ XVII դարի առաջին քառորդում այդ դպրոցի գլիաւորն էր Բարսեղ վարդապետը։

Բռնութիւնների երկար դարերում ոչ միայն չէր կարելի որ դրսից գիտութեան լոյս մտնէ Հայաստանի մէջ, այլ և կորաւ ու անհետացաւ հայկական հին լուսաւորութիւնլը։ Նրանից մնացած աղքատ, ողորմելի փշրանքներով էր ապրում հայութիւնը անկման դժբախտ ժամանակներում։ Թէ որքան մեծ էր այդ աղքատութիւնը, կարելի է եզրակացնել նրանից, որ Հայաստանի գրագէտ մասը այլ ևս չէր հասկանում հին հայերէն թարգմանութիւնները յունական փիլիսոփաներից, քերականութիւնը, տրամաբանութիւնը, մի խօսքով այն ամենը, ինչ մեր հոգևոր գրականութեան մէջ կոջվում է «արտաքին գիտութիւններ»։  Բարսեղ վարդապետը Ամրդօլուի վանքում մի շատ յանդուգն միտք է յղանում—հասկանալ այդ հին, թագնված գրական գանձերր․ հասկանալ, ի հարկէ, առանց ուսուցիչների օգնութեան, քանի որ ուսուցիչներ չը կային, հասկանալ ինքնակրթութեամբ, յամառ աշխատասիրութեամբ։ Նա միայն մի միջոց ունէր իր համարձակ մտքին հասնելու համար-կարդալ և մտածել: Կարդալ չը հասկանալով, նորից և նորից կարդալ, անվերջ առաջ գնալ ու յետ դառնալ և լարել մի և նոյն ժամանակ միտքը, ջանք դնել ըմբռնել այդ անհասկանալին:

Աշխատասիրութիւնը, ասած է, սարեր է հալեցնում։ Բարսեղ վարդապետը երկար տարիների տանջանքով կարողացաւ յաղթել արգելքների մի մասը։ Կարողացաւ հասկանալ Դաւիթ Անյաղթի «Սահմանք Իմաստասիրութեան» աշխատութիւնը, որի մէջ յունական փիլիսոփայութեան տեսութիւնն է դրված, և ապա անցաւ նոյն Անյաղթի թարգմանած Պորփիւրի «Ներածութեան»։ Բարսեղ վարդապետի կրած չարչարանքները աւելի ևս հասկանալի կը լինեն, եթէ մենք աչքի առջև ունենանք որ Դաւիթ Անյաղթի գրութիւնները սաստիկ խորթ ու խրթին ոճով են գրված, հելլէնաբանութիւններով լիքն են: «Արտաքին գիտութիւնները» առհասարակ քիչ յարգ էին վայելում հայ հոգևորականութեան մէջ, իսկ Դաւիթ Անյաղթի գործերը մանաւանդ շատ սիրելի չէին նոյն իսկ հին ժամանակներում, քանի որ նուրբ ու լուրջ բովանդակութեան հետ ունէին Անյաղթի սարսափելի հայերէնը։ Աւելի առաջ գնալ Բարսեղ վարդապետը չը կարողացաւ։ Բայց նա գոնէ ցոյց աուեց որ «արտաքին գիտութիւնները» անմատչելի չեն, որ նրանց կարելի է ուսումնասիրել և հասկանալ: Իր իմացածը նա հաղորդեց իր աշակերտներին, և որովհետև ինքն արդէն ծերացել էր ուստի խրատեց աշակերտներին չը վախենալ, շարունակել սկսած, գործը:

Իսկ այդ գործը այն ահագին նշանակութիւնն ունէր, որ մտցնում էր հայոց գրականութեան և դպրոցական կրթութեան մէջ գիտնականութիւն։ Սիւնեաց դպրոցը զուրկ պիտի մնար այդ գիտնականութիւնից, եթէ մի կարճ միջոցում կապ չը հաստատվէր նրա և Բաղէշի դպրոցի մէջ: Բարսեղ վարդապետի աշակերտներից մէկն էր Ներսէս վարդապետ Մոկացին, որ կատարելով իր ուսուցչի խրատը, նուիրվեց նրա ուսումնասիրած գիտութեան։ Սակայն Բարսեղի աշակերտները առանձին մի առաջադիմութիւն ցոյց չը տուին և, ինչպէս երևում է, մնացին այնտեղ, ուր կանգնել էր նրանց ուսուցիչը։ Ներսէս Մոկացին, լսելով Մեծ Անապատի համբաւը, գնում է այնտեղ, միաբանութեան անդամ դառնում։ Մի քանի միաբանակիցներ ցանկութիւն են յայտնում սովորելու «արտաքին գիտութիւնները» և Ներսէսը դաս է տալիս նրանց այն, ինչ ինքը գիտէր։ Այսպիսով Բազէշի դպրոցի գիտնականութիւնը մտնում է Սիւնեաց դպրոցի մէջ։

Բայց Ներսէսը դեռ առաջին քայլն էր և նրա բերածը մի մեծ հարստութիւն չէր, մանաւանդ որ նրա աշակերտները շուտով ձանձրացան յունական փիլիսոփայութիւնից և թողին իրանց դասերը։ Միայն մի հատ մարդ գտնվեց Մեծ Անապատում, որ սաստիկ սիրեց «արտաքին գիտութիւնները» և հէնց այդ պատճառով էլ չը հեռացաւ Ներսէս վարդապետից։ Դա Մելքիսէթ անունով միաբանն էր, Արարատեան երկրի Վժան գիւղից։ Մի վերին աստիճանի հետաքրքրական դէմք, որ աշխատասիրութեան մէջ ինքնամոռացութեան հասաւ և դարձաւ Բարսեղ վարդապետի արժանաւոր յաջորդը:

Ներսէս Մոկացին, հետևելով Մեծ Անապատի մէջ հաստատված սովորութեան, մտածեց մի անապատ հաստատել երկրի մի այլ կողմում։ Նա ընտրեց իր հայրենի կողմերը և ճանապարհվեց այնտեղ։ Մելքիսէթը գնաց նրա հետ։ Վանի ծովակի Լիմ կղզում Ներսէսը անապատ հիմնեց և Մելքիսէթը այդտեղ վերսկսեց գիտութեան ուսումնասիրութիւնը Բարսեղ վարդապետի մեթօդով։ Սկզբում նրա հետ միացան հինգ միաբանակիցներ էլ: Պայմանաւորված էր որ ամեն մէկը առանձին առանձին կարդայ գրքերը, իսկ ամեն օր մի ժամ վեց հոգին հաւաքվում էին մի տեղ և իւրաքանչիւրը բացատրում էր իր կարդացածն ու հասկացածը։ Բայց ընկերակցութիւնը քանդվեց երկու տարուց յետոյ. հինգ հոգին ձանձրացան և հեռացան գործից։ Մնաց Մելքիսէթը, բայց նա չը հեռացաւ, չը յուսահատվեց։

Մենակ, յոյսը իր վրա դրած, նա ամբողջ տասը տարի տանջվեց, կամ, ինչպէս գեղեցիկ կերպով արտայայտում է Առաքել պատմագիրը, ինքն իրան խաչ հանեց գիտութեան համար։ Պարտաւորված լինելով միւս միաբանների հետ կատարել անապատականի առօրեայ պարտականութիւնները, նա իր մնացած ժամանակը նուիրում էր իր գործին։ Դա սովորական պարապունք չէր, այլ ճգնութիւն, անձնազոհութիւն։ Երկու տարի շարունակ նա օրը մի հաց էր ուտում և այդ էր նրա կերակուրը․ լուռ ու համր էր, ոչ ոքի հետ չեր խօսում, միշտ կենտրօնացած իր մէջ, իր մտքերի հետ։ Երեկոները ճրագ չէր վառում իր խղճուկ խրճիթի մէջ, որպէս զի մտածէ, կրկնէ մտքում, իր կարդացածից չը հեռանայ․․․

Այդ ֆանատիկոսական սէրը, այդ հսկայական ջանասիրութիւնը հասցրին Մելքիսէթին ցանկալի նպատակին։ Նա յաղթեց․ Պլատօնը, Արիստօտէլը, Պորփիւրը և այլ հին մտածողները բաց արին նրա առջև իրանց գաղտնիքները․ նա տիրապետեց քերականութեան, լաւ ուսումնասիրեց տօմարական գիտութիվնը։ Այսպիսի սքանչելի պատկեր կարելի է տեսնել Իտալիայի Վերածնութեան դարում, երբ յայտնագործվում էին հնութեան մեծ խելքերը։ Բայց աղքատ ու խեղճ հայ անապատականը Վանի ծովում նոր գրքեր չէր գտնում, այլ մենակ, առանց աջակիցների և ղեկավարների, ուսումնասիրում էր ոչ մի տեղ չը թագցրած, բայց կատարելապէս անհասկանալի դարձած գրքերը։ Նոր գործը աւելի դժուար էր, նրա տանջանքները աւելի յարգելի են։

Եւ ահա իր համեստ խուցից դուրս է գալիս գիտնական մարդը։ Ներսէս վարդապետը առաջին պատիւներն է անում, տալով նրան վարդապետական գաւազան, որ շրջելու ուրիշներին ուսուցանելու պարտաւորութեան նշանն է։ Մելքիսէթը յօժարութ՚եամբ կատարում է այդ պարտականութիվն, տեղափոխվելով էջմիածին։ Նրանով Սիւնեաց դպրոցը մեծ նուաճում էր անում գիտութեան գործում։ Եւ Սիւնեաց դպրոցը այդ ժամանակ մի նոր հայրենիք է գտնում իր համար, մի հայրենիք, որ չափազանց կարևոր դեր կատարեց XVII դարում։ Դա Նոր~Ջուղան էր։

IV

Նոր-Ջուղայի նշանակութիւնը:— Շահ-Աբբաս եւ Պասկաստան գաղթեցրած հայերը: —Վաճառականները հովանաւորված:— Խոջա-Նազար եւ Խուջա-Սահար: —Ջուղայի յատակագիծը:— Ապարանքներ:— Շահ- Աբբասի հրովարտակից:—Երկու աւանդութիւն: — Էջմիածինը քանդելու եւ Սպահանում մեծ եկեղեցի հիմնելու ծրագիր:—Արտօնվածները եւ մահմեդական իրականանութիւն: — Շահ-Աբբասի անցթութիւները: —Բռնի թլփատումներ: — Ջուղայի ձեռք բերած հեղինակութիւնը: — Դրա հասարակական նշանակութիւնը:

Շահ-Աբբասի գործած աւերանքների մեջ եթէ կարելի լինի որոնել եւ գտնել մի փոքրիկ մխիթարութիւն, որ գոնէ ամենաչնչին մի հատուցում դառնար Հայաստանի տուած այնքան ահռելի զոհերի փոխարէն,— դա այն էր, որ Ջուղան դարձաւ գաղթականութիւն: Մենք չը գիտենք թէ ինչ կը լինէր այս վաճառականական փոքրիկ համայնքը, եթէ շարունակէր ապրել Արաքսի ժայռոտ ափի վրա: Բայց գիտենք, որ Ջուղան մի զարմանալի երևոյթի կերպարանք ստացաւ, դառնալով հայկական գաղթականութիւն Պարսկաստանի հեռաւոր խորքերում:

Գաղթականութիւնը հայերի համար էր զարհուրելի աղէտ: Շահ-Աբբասի համար դա ինչպէս գիտենք, քաղաքական-տնտեսական մի մեծագործութիւն էր, որի նպատակն էր շէնացնել Պարսկաստանը, ծաղկեցնել նրա մեջ վաճառականութիւնն ու երկրագործութիւնը։ Այդ ծրագիրը կատարվեց վերին աստիճանի բարբարոսական միջոցներով, բայց Արևելքի մեծ բռնակալին ուրիշ միջոցներ անմատչելի էին։

Երբ ահագին ժողովուրդը հասաւ Պարսկաստան, Շահ-Աբբասը իր առանձին հոգացողութիւնների առարկայ դարձրեց նրան և ցոյց տուեց մի աշխարհաշէն թագաւորի մեծ ընդունակութիւնները։ Նրան, ի հարկէ, անյայտ չէր թէ որքան տանջվել է այդ դժբախտ ժողովուրդը այն բռնութիւններից, որ գործադրել էր ինքը. անյայտ չէր և այն, թէ որքան քաղցր է հայրենիքը իւրաքանչիւր ժողովրդի համար, որքան նա դժուար է մոռացվում օտարութեան մէջ։ Որքան էլ ուժեղ և ահարկու լինէր Պարսկաստանը, բայց Շահ-Աբբասը չէր հաւատում որ միայն վախը բաւական լինի գաղթական բազմութիւնը Պարսկաստանի մէջ պահելու համար։ Մի բազմութիւն, որ կոչված էր երկրին ծառայութիւններ մատուցանել իր կուլտուրական ընդունակութիւններով, պիտի ուրիշ պատճառներ ունենար իր նոր, ակամայ հայրենիքը սիրելու, նրա հետ կապվելու համար։ Եւ Շահ-Աբբասը աշխատում էր սիրաշահել իր գաղթեցրած ժողովուրդը, աշխատում էր, նոյն իսկ մոռանալով մի մահմեդականի պարտաւորութիւնները։

Հայ ժողովուրդը բնակեցրվեց Պարսկաստանի զանազան կողմերում, բայց մեծ մասամբ Սպահան մայրաքաղաքում և նրա շրջականերում։ Գիւղական, երկրագործ ժողովուրդը ստացաւ Փէրի և Բուրվարի գաւառներում հողագործութեան համար շատ յարմար, առողջ տեղեր: Նրան մնում էր այդտեղ իր գործով զբաղվել, առանց հոգսեր պատճառելու կառավարութեան և նրանից ակնկալութիւններ ունենալու։

Ուրիշ բան էր վաճառականական դասակարգը, և Շահ–Աբբասը, սեփական օգտի համար, մօտեցրեց նրան իրան, իր հովանաւորութիւնը տարածեց նրա վրա։ Դա մի վաճառական թագաւոր էր, որ ունէր առևտրական լայնարձակ ծրագիրներ։ Այսպէս, նա իր ձեռքում էր կենտրօնացրել Պարսկաստանի և հարևան երկիրների արդիւնաբերած մետաքսի վաճառահանութիւնը, որից էլ ահագին եկամուտներ էր ստանում։ Առևտրական ձեռնարկութիւնները ընդարձակելու համար նա կապեր հաստատեց եւրօպական պետութիւնների հետ, ուղարկելով դեսպանութիւններ, որոնք առևտրական դաշնագրեր էին հաստատում վաճառաշահ կենտրօնների հետ։ Նրա խորհրդատուները երկու անգլիացիներ էին, երկու եղբայրներ, որոնք դեռ XVI դարի վերջում հիւրընկալութիւն էին գտել պարսից արքունիքում, եւրօպական հիմքերի վրա կազմակերպել էին պարսկական զօրքը։ Շուկան պատրաստ էր, Շահ–Աբբասը աշխատում էր զանազան արտօնութիւններով գրաւել եւրօպացի վաճառականներին Պարսկաստան։ Բայց հպարտ և ազատ օտարականների հետ գործ ունենալը դժուար էր։ Եւ ահա Շահը աչք դարձրեց հայերի վրա։ Անձամբ լինելով Ջուղայում, նա տեսաւ թէ որքան փարթամ ու ճարպիկ վաճառականներ են հայերը։ Այնուհետև նրանց վիճակը որոշված էր։

Բնակեցնելով վաճառականներին Սպահանում, ասիական մեծ բռնակալը, որ մի և նոյն ժամանակ և մի վերին աստիճանի ջերմեռանդ շիա էր, ամեն տեսակ լաւութիւներ արաւ այդ քրիստոնեականերին։ «Խօջա» անունը, որ Արևելքում տրվում է վաճառականներին Սպահանի հայերի մէջ դարձաւ «իշխան» անուան համահաւասար։ Ջուղայից գաղթած հայերի մէջ շատ նշանաւոր էին մանաւանդ Խօջա—Նազար և Խօջա-Սաֆար եղբայրները. Շահ-Աբբասը սրանց անձնական բարեկամն էր, պահում էր մէկն ու մէկին իր մօտ նոյն իսկ պատերազմական արշաւանքների ժամանակ։ Այդ երկու փարթամ վաճառականներին էր յանձնված Սպահանի հայ գաղթականութեան կառավարութիւնը, մի իշխանութիւն, որ այնուհետև էլ այդ տոհմի ժառանգական սեփականութիւնը դարձաւ, այնպէս որ Խօջա—Նազարի տան ներկայացուցիչներից մէկի գերեզմանաքարի վրա գրված է թէ նա Հայոց թագաւոր էր։—Խօջա-Նազարն ու Խօջա-Սաֆարը լույսաւորչական հայեր էին։ Բայց ջուղայեցիների մէջ կային և կաթօլիկներ, որոնց ներկայացուցիչներն էին Շէհրիմանեանները, նոյնպէս խոշոր վաճառականներ, ռրոնք ահագին ազդեցութիւն ունէին։

Ջուղայեցի հայերին յատկացրվեց Սպահանի արուարձաներից մէկը և այդտեղ մի կարճ միջոցում գոյութիւն ստացաւ մի ամբողջ վաճառականական քաղաք, որ չէր վախենում իր հարստութիւնները հանդէս բերել մահմեդական իրականութեան մէջ։ Հայ վաճառականները մեծ ճաշակով կարգաւորեցին իրանց նոր հայրենիքը, որ ստացավ Նոր–Ջուղա անունը։ Հարթավայրի վրա գծագրվեց նոր գաղութի կանոնաւոր, գեղեցիկ մակարդակը։ Մի երկար ու լայն փողոց անցնում էր Ջուղայի միջով արևելքից դէպի արևմուտք․ դա կենտրօնն էր, գաղութի աչքը և ի պատիւ Խօջա–Նազարի կոչվեց «Նազարի Խիաւան»։ Տասը երկրորդական փողոցներ զանազան ուղղութեամբ կտրում էին այդ կենտրօնական մեծ փողոցը[27]։ Փողոցների վրա հայ վաճառականները կառուցին փառաւոր ապարանքներ, որոնց նկարագրութիւնը հիացմունքով է բերում Առաքել Դաւրիժեցին իր «Պատմութեան» մէջ։ «Շինեցին, ասում է նա, զյարկս և զբնակութիւնս ինքեանց հրաշալի յօրինուածովք, զարդարեալ և յօրինեալ ի ծաղիկս ոսկւոյ և լաջվարթի և պէս պէս երանգաց ակնախտիտ տեսողաց»։

Այդքանը չէր հայ վաճառականների երջանկութիւնը։ Նրանք ստացան արտօնութիւններ, նրանք մահմեդական մեծ պետութեան մայրաքաղաքում վայելում էին մահմեդականների հետ հաւասար իրաւունքներ։ Ամեն դէպքում Շահ–Աբբասը նրանց հովանաւորն էր։ Մի շարք փաստեր կան, որոնք ցոյց են տալիս թէ ինչ աստիճանների էր հասնում Իրանի հրամանատարի ուշադրութիւնն ու հոգացողութիւնը։ Ջուղայեցիների և Մարնունցի մահմեդականների մէջ տեղի է ունենում մի ինչ–որ կռիւ։ Եւ ահա ինչ է գրում Շահ–Աբբասը իր բարձր պաշտօնեաներից մէկին․

Փարաւազ, երեսները պարզ լինի նրանց (Մարնունցիների), այդ է հիւրեր պահելու եղանակը։ Որովհետև այն ժողովուրդը (հայերը) ի պատիւ մեր բաժանվել է իր հայրենիքից (ուր բնակված էր հազար տարիներից ի վեր) և թողնելով ոսկու և մետաքսի բեռները, եկել է ձեր տունը․ արժե՞ հարիւր հատսեխի և հարիւր լիտր, խաղողի և բամբակի համար կռւել նրա հետ։ Ջուղայում կար տուն, որի ծախսը եղել է երկու հազար թուման[28]. այդպիսի տները աւերեցին և վերցնելով իրանց ընտանիքները, եկան այստեղ։ Արժանի՞ բան է նրանց հետ այդպէս վարվելը։ Շատ և շատ վատ էք գործել։ Զարմանք է որ հայերը չեն սպանել Մարնունի մարդկանց[29]։

Սա արդէն հրաշքի պէս մի բան էր մահմեդական պետութեան մէջ։ Այս պատմական վաւերագրի հետ այսօր էլ Նոր–Ջուղայի ժողովրդի մէջ մնացել են աւանդութիւններ, որոնք նոյն հրաշքն են հաստատում։

Ասում են թէ մի անգամ Շահ–Աբբասը անցնում էր ձիով։ Մի հարբած հայ բռնում է ձիու սանձից և հարցնում է՝ քանո՞վ ես ծախում այս ձին, որ ես ուզում եմ առնել։ Շահը հրամայում է իր ծառաներին որ հարբածին տուն տանեն և միւս օրը բերեն իր մօտ։ Հայը, երբ սթափվում է և իմանում թէ ինչ է արել, սարսափահար է դառնում։ Բայց նա մի խելօք կին է ունենում և նրա խորհրդով միւս օրը, երբ նրան տանում են Շահի մօտ վերցնում, է իր հետ մի շիշ գինի։ Շահ–Աբբասը հարցնում է․ քանո՞վ ես ուզում գնել իմ ձին։ Այն ժամանակ հայը հանում է գինու շիշը և դնում է թագաւորի առաջ։ «Թագաւոր, ասում է նա, ձիդ առնողը սա է ծախողն էլ դու ես․ ես այդ առևտուրի մէջ միայն մի միջնորդ եմ և եթէ ինձ էլ մի բան կը տաս միջնորդութեանս համար, այդ էլ քո ողորմութիւնից է կախված»։ Շահը հավանում է այդ պատասխանը և նոյն իսկ ընծայ է տալիս հային։

Մի ուրիշ անգամ, ինչպէս պատմում է նոյն աւանդութիւնը, մի հայ մեղադրվում էր մի մահմեդականի սպանութեան համար։ Շահ-Աբբասը հարց ու փորձ է անում։ Հայը խոստաովանում է թէ ինքն է սպանել։ Բայց նրան արձակում է Շահը, ասելով թէ նա հարբած է, պէտք է միւս օրը հարցնել։ Միւս օրն էլ հայը նոյն պատասխանն է տալիս, բայց դարձեալ արձակվում է նոյն պատճառով։ Երրորդ օրը, երբ հայը էլի ասում է թէ սպանողը ինքն է եղել, Շահը դիմում է սպանվածի կողմից բողոք ներկայացնողին և ասում է․ «Ես ամեն մի հայի վրա հայի թուման եմ ծախսել, մինչև որ ամենքին բերել եմ այստեղ հասցրել․ տուր ինձ իմ հազար թումանը, և ես կը տամ հրաման որ այս․ մեղապարտին սպանեն»։ Այդպիսի գումար տալուց հրաժարվում է սպանվածքի կողմը և մեղադրվող հայը արձակվում է։

Այս աւանդութիւնների մէջ, անշուշտ, կայ ճշմարտութեան շատ բաժին։ Շահ-Աբբասից զարմանալի չէր այդպիսի վերաբերմունք տեսնել, քանի որ նա նոյն իսկ վճռեց Էջմիածնի վանքը տեղափոխել Սպահան, որպէս զի գաղթական ժողովուրդը իր այդ մեծ սրբութեան միջոցով աւելի պինդ կապվի իր նոր հայրենիքին։ 1607 թւականին Շահը մի այսպիսի հրովարտակ արձակեց։ Որպէս զի Սպահանում բնակեցրած հայերը բարձրագլուխ ման գան, ես կամենում եմ որ իմ մայրաքաղաքում հայերի համար կառուցվի մի մեծ, փառաւոր եկեղեցի։ Եւ որովհետև Էջմիածնի շինութիւնը մեծ մասամբ աւերակ է, իսկ այնտեղի քահանան[30] հանել է այնտեղ թաղված սուրբերի ոսկորները և ծախել է օտարներին ու առհասարակ գցել է Էջմիածնի պատիւը, ուստի հրամայեցինք որ այդ վանքի քարերը բերվեն այստեղ, որպէս զի նոր եկեղեցու շինութեան մէջ զետեղվեն։

Այդ հրամանագրի մէջ Շահ-Աբբասը կամեցել է հաւասարապէս ուշադիր լինել թէ դէպի լուսաւորչական հայերը և թէ՛ դէպի կաթօլիկները։ Եւ այդ պատճառով կարգադրել էր խնդրել Հռօմի պապից, որ նա էլ քահանաներ ուղարկէ` նոյն այդ եկեղեցում աղօթելու համար։ Ի հարկէ, մահմեդական թագաւորը չը դիտէր, որ այդ երկու քրիստոնեայ եկեղեցիները երբէք չեն համաձայնվի միասին լինել, կողք կողքի աղօթել իրանց Աստուծուն։

Սակայն էջմիածինը քանդելու և Սպահան տեղափոխելու միտքը թողնվեց գլխաւորապէս շնորհիւ Խօջա-Նազարի, որ կարողացաւ համոզել Շահին թէ չարժէ այդքան ահագին ծախսեր անել՝ քարերը տեղափոխելու համար։ Շահ-Աբբասը բաւականացաւ այնքանով, որ էջմիածնի քարերից եօթը հատ ուղարկվեցին Ջուղա. ժողովուրդը իր կարօտն առնում էր և այդ քարերից։

Ահա որքան բարերար էր Շահ-Աբբասը։ Բայց այս բոլորը չէր խանգարում որ նա լինի ասիական մի դաժան բոնաւոր։ Հայերը նրա մի ձեռքից այդքան շնորհներ էին ընդունում, իսկ միւս ձեռքից այդքան բարբարոսութեան դառնութիւնն էին խմում: Սակայն այստեղ միայն Շահ-Աբբասին մեղադրել չէ կարելի։ Ճիշտ է որ արտօնվածները երես են առնում։ ճիշտ է և այն, որ այդպիսի արտօնութիւները, համահաւասարութիւնը, նիւթական փառաւոր դրութիւնը աշխարհի վրա ամենից շատ մահմեդական ժողովրդի մէջ են անտանելի։ Մի կողմից հայերն էին տեղիք տալիս, միւս կողմից՝ մահմեդականներն էին գրգռվում և գրգռում թագաւորին։ Իսկ Շահ-Աբբասը, որքան էլ մեծ ու ահարկու բռնակալ լինէր, դարձեալ չէր կարող միանգամայն անտես անել իր ժողովրդի տրամադրութիւնը։ Այդ պաաճառով նա մի քանի անգամ ֆանատիկոսական խժդժութիւններ գործ դրեց իր հովանաւորած հայերի վրա։

Առաջին անգամ Շահի ահարկու կատաղութիւնը իրանց վրա փորձեցին այն հայերը, որոնք գաղթեցրված էին սարսափելի սովի տարին, 1608 թւականին։ Հասնելով Սպահան, այդ գաղթական– որոնք ճանապարհին մսխել էին իրանց ունեցածը, շատ նեղ դրութեան մէջ ընկան, ուստի դիմեցին Շահին, խնդրելով օգնութիւն։ Շահ-Աբբասը այսպիսի պայմաններ առաջարկեց նրանց. գանձարանը բաց է թողնում առանց տոկոսի չորս հարիւր թուման. այդ գումարը գաղթականները պիտի վերադարձնեն երեք տարուց յետոյ, իսկ եթէ չը կարողանան վերադարձնել կամ պիտի իրանց հաւատն ուրանան և մահմեդական դառնան կամ թէ իրանց տղաներին և աղջիկներին պիտի տան Շահին, հաշւելով իւրաքանչիւր տղան չորս թուման, իսկ աղջիկը-երեք։ Գաղթականները համաձայնութիւն յայտնեցին։ Բայց երեք, տարուց յետոյ նրանք չը կարողացան վճարել իրանց պարտքը և Շահ-Աբբասը պահանջեց իր սարսափելի պայմանների կատարումը։

Գաղթականները երկու խմբի էին բաժանված։ Առաջ մի խումբը ենթարկվեց պարսից դահիճների անգթութեան։ Սպահանում գտնվող մի կաթօլիկ եպիսկոպոս փորձեց օգնել խեղճերին, տալով նրանց պարտքի մի մասը, բայց դրանով աւելի ևս վատացրեց նրանց դրութիւնը։ Շահին այնպէս հասկացրին թէ հայերը փոխել են իրանց հաւատը, դարձել են կաթոլիկ և այդ գնով են ստացել եպիսկոպոսից փող։ Թէև դա սուտ էր, թէև հայերը հաւատացնում էին թէ եպիսկոպոսը իրանց փոխ է տուել, բայց մեծ բռնակալը, սաստիկ զայրանալով որ հայերը պատրաստ են կաթօլիկ դառնալ, բայց ոչ մահմեդական, հրամայեց անխնայ տանջել նրանց, մինչև որ մահմեդական կը դառնան։ Տանջանքները սարսափելի էին, բայց ծեծի, կեղեքումների, բանտի ու կապանքների ենթարկված ժողովուրդը հառաչանքի ձայնը մինչև երկինք բարձրացրեց, իսկ հեռանալ իր կրօնից չը կամեցաւ։ Շահ-Աբբասը հրամայեց ամէնքին բռնի կերպով թլփատել, և այդ հրամանը, ի հարկէ, կատարվեց։ Միւս խումբը համեմատաբար քիչ վնասվեց, որովհետև նրա մէջ գտնվեց մի քաջ քահանայ, որ պաշապանեց նրա իրաւունքները և իր համարձակ պատասխաներով զինաթափ արաւ Շահ–Աբբասին։ Ընդհանրապէս, բռնի մահմեդականացրածների թիւը հասնում էր 1000 հոգու։

Մի ուրիշ անգամ Շահ-Աբբասը, պատճառ բերելով մի չնչին դէպք, հրամայեց մահմեդականացնել գիւդերում ապրող հայերին։ Փէրիա և Բուրվարի գաւառներում բարձրացաւ հայերի հեծեծանքը․ մի երկու տեղ նոյն իսկ դիմադրութիւն ցոյց տուին։ Ժողովուրդը փախաւ լեռները, բայց ոչինչ չը կարողացաւ ազատել նրան պարսիկների ձեռքից, որոնք մտնում էին ամեն տեղ և բռնութեամբ թլփատում էին ամենքին։ Մօլլաներ նշանակվեցին՝ մահմեդական կրօնը տարածելու համար, չը նայած որ ժողովուրդը, նոյն իսկ թլփատվելուց յետոյ, շարունակում էր յամառութեամբ մնալ քրիստոնեայ։

Այս բարբարոսութիւնները ցոյց էին տալիս թէ ինչ է սպասում Պարսկասաան գաղթեցրած հայերին։ Սա դեռ նախերգանքն էր, բայց Շահ-Արբասը, այնուամենայնիւ, ամենալաւն էր պարսկական գահի վրա նստող բռնակալների մէջ։ Եւ դժբախտացած հայերը կարող էին գոնէ այն բանով մխիթարվել, որ անգթութիւնը Շահ-Աբբասի բնաւորութեան մի գիծն էր, որ արտայայտվում էր նոյն իսկ իր հարազատների վերաբերմամբ։ Վախենալով որ իր որդիները կարող են գահը խլել իր ձեռքից, Շահ-Աբբասը, ինչպէս այդ յատուկ է արևելեան բռնապետներին, սպանեց իր մեծ որդուն, իսկ մնացած երկուսին կուրացրեց․․․

Ջուղան այդ երկու աղէտալի դէպքերում էլ հանդարտ ու գոհ էր։ Նրան ձեռք տուող չեղաւ, նա շարունակում էր հարստանալ։ Վաճառականութիւնը դրանից աւելի բարեբախտութիւն չէ էլ ճանաչում։ Շահ-Աբբասը շարունակում էր նրան փայփայել, անել նրա համար այն ամենը, ինչ կարելի էր։ Հայ վաճառականների ցուցմունքով էր, որ Շահ-Աբբասը իր թագաւորութեան վերջին տարիներում դաշնակցութիւն հաստատեց Հնդկաստանում գործող անգլիական հռչակաւոր առևտրական ընկերութեան հետ և նրա օգնութեամբ խլեց պօրտուգալացիների ձեռքից Հօրմուզ նեղուցի վրա գտնվող մի գեղեցիկ նաւահանգիստ, որին տուեց Բէնդէր-Աբբաս անունը։ Այդ ճանապարհը հարկաւոր էր հայերին` Հնդկաստանի հետ առևտրական յարաբերութիւններ պահպանելու համար։

Այս նախանձելի դրութիւնը, այս հարստութիւնները, պարսից կառավարութեան կողմից մեծամեծ արտօնութիւններ վայելելը ստեղծեցին Ջուղայի համար մի առանձնաշնորհված, բարձր դիրք։ Ամբողջ հայութեան մէջ չը կար մի ուրիշ այդ տեսակ կենտրօն։ Եւ շատ բնական էր, որ ամենքի աչքը դարձրած լինէր այդ հեռաւոր, փարթամ գաղթականութեան վրա։ Ջուղան մի մեծ հեղինակութիւն դարձաւ և առանց նրա համաձայնութեան չէր կարող վճովել ոչ մի նշանաւոր ազգային գործ։ Էջմիածինը ենթարկված էր նրան, կաթողիկոսի ընտրութեան գործում առաջին ձայնը պատկանում էր Ջուղային։

Եւ պետք է ասել որ Ջուղայի գաղթականութիւը ի չարը չէր գործ դնում իր մեծ հեղինակութիւնը։ Ընդհակառակն, նա նախանձախնդիր էր եկեղեցական բարեկարգութեան, դիմադրում էր փառամոլ կաթողիկոսներին և իր հարստութիւններից մաս էր հանում բարի գործերի և ձեռնարկութիւնների համար։ Այդ զարմանալի յատկութիւնը աւելի ևս հռչակում էր ջուղայեցուն, հռչակում էր ոչ միայն արտասահմանում, ուր նա միշտ օգնող ու խրախուսող էր հանդիսանում, այլ և տանը, Պարսկաստանում։ Ջուղան միայն ճարպիկ և ընդունակ վաճառականներ չէր հանում իր միջից, այլ և դարձաւ մի միջավայր, ուր խրախուսվում էր հասարակական և գրական գործունէութիւնը։ Այդ կողմից էլ նա XVII դարում բարձր հանդիսացաւ բոլոր հայաբնակ տեղերից։

Ջուղայի հիմնարկութեան հետ միասին հիմնվեց և Ամենափրկչի վանքը։ Այդտեղ ահա մուտք գործեց Սիւնեաց դպրոցը, որ․ ինչպես կը տեսնենք, պատրաստեց մի շարք երախտաւոր գործիչներ։ Չէ կարելի երևակայել XVII դարի հայութեան մէջ կրթական-մտաւոր գործունէութիւն առանց Ջուղայի հզօր աջակցութեան և խրախուսանքի։

V

Պրոպագանդայի հիմնարկութիւնը Հռօմոււմ: —Հայերը այդ հիմնարկութեան հոգածութիւնների առարկան են դառնում։ —Լեհաստանի հայ գաղթականութիւնը։ —Կրօնական համայնք. մայրենի լեզուն մոռացված։ —Վաճառականական իդէալներ: —Եկեղեցին ինքնուրոյնութեան միակ նշան։ —Նիկօլը իբրեւ Մելիքսէթ կաթողիկոսի շահամոլութեան պտուղ. 150 ղրուշի վաճառք։ –Եզուիտները Լեհաստանում։ —Նրանց տիրապետութեան հետեւանքները։ —Սիգիզմունդ III։ —Խաւար հոսանքներ: —Միջոցներ բողոքականութեան եւ յունադաւանութեան դէմ։ —Եկեզեցական միութիւն (ունիա)։ —Դիմադրութիւն և կրօնական հալածանքներ։ —Նիկօլը` եզուիտների գործիք։ —Բռնութիւններ։ —Լվօվի հայերի նամակը Մօվսէս կաթողիկոսին։ —էջմիածնի նուիրակները։ —Աւելորդ ջանքեր։ —Փիլիպպոս կաթողիկոս եւ պարսից դեսպանը Լեհաստանում: -Դիմումներ Վլադիսլավ թագաւորին։ —Հաշտութեան քադաքականութիւն։ -Փիլիպպոսը եզուիտական խորամանկութեան զոհ։ —Հաշտութիւնը վերջնական յաղթանակ է բերում եզուիտներին։ —Վարդան Յունանեան եւ կաթօլիկացած հայ հոգեւորականները։

1622 թւականին Գրիգոր XV պապը հիմննեց Հռօմում կրօնական մի մեծ հաստատութիւն, որ ստացաւ «Հաւատի Պրօպագանդա» անունը. իսկ 1627-ին Ուրբանոս VIII պապը աւելացրեց դրա վրա մի դպրոց` քարոզիչներ պատրաստելու համար և մի բազմալեզուեան տպարան։ Պրօպագանդայի նպատակն էր տարածել կաթօլիկութիւն հեթանոսների մէջ, նոյնպէս և ոչնչացնել հերետիկոսութիւնն ու հերձուածները քրիստոնեաների մէջ։ Եւ որովհետե Հռօմի համար հերետիկոս և հերձուածող չէին միմիայն կաթօլիկները, ուստի Պրօպագանդայի առջև բացված էր մի ահագին ասպարէզ և նա դառնում էր մի շատ կարևոր հիմնարկութիւն։ Պրօպագանդան բարձրագոյն ատեանն էր, որին հպատակվում էին աշխարհի վրա գոյութիւն ունեցող բոլոր՝ միսիօնարութիւնները․ նա էր, որ առաքելական յաջորդներ էր ուղարկում հերետիկոսական և հերձուածողական երկիրները՝ քրիստոնեաներին դաւանափոխ անել տալու համար։ Իբրև մի այդպիսի գերագոյն ատեան, հաւատի ծաւալման այդ ժողովը ունէր ահագին դրամական միջոցներ և մի լայն ու մեծ կազմակերպութիւն․ նրա անդամները կարդինալներ էին, որոնց ձեռքի տակ կար ստորին ծառայողների մի մեծ բազմութիւն։ Պրօպագանդայի դպրոցը իւրաքանչիւր տարի հանդէս էր կատարում յունվարի 6-ին և․ այդ ժամանակ նրա աշակերտները քարոզ էին ասում զանազան լեզուներով։

Հայերը Պրօպագանդայի առանձին ուշադրութեան արժանացած «հերձուածող ազգերի» թւում, ի հարկէ, առաջիններից մէկը պիտի լինէին։ Ուրբանոսի դպրոցն ու տպարանը իսկոյն և եթ սկսում են գործ ունենալ հայերի հետ. քարոզչութիւնը Հայաստանում աւելի եռանդոտ է դառնում։ Կաթօլիկ միսիօնարութիւնը ուժեղ ու յաղթական է մանաւանդ այն պաաճառով, որ նրա շարքերում գործում են եզուիտների լէգիօնները, որոնք արդէն իրանց ցանցերի մէջ էին առել համարեա ամբողջ Եւրօպան և քարոզում էին երկրագնդի ամենահեռաւոր, անյայտ ու վայրենի կողմերում անգամ։ Հանրածանոթ հանգամանք է, որ պապականութեան այս խիստ կրթված, ճարպիկ զօրքը իր նպատակին հասնելու համար միջոցների խտրութիւն չէր ճանաչում և դիմում էր թէ թոյնին, թէ կրօնի խօսքին, թէ կաշառքին, թէ բարեգործութեան։ Եւրօպայի արքունիքներն անգամ չէին կարողանում ազատվել այդ մարդկանց խնամակալութիւից, ո՞ւր մնաց հայոց անտէր ու խղճուկ ազգը, որ այնքան առատ հունձ էր խոստանում հոգիներ որսացողներին։ Եզուիտները առանձապէս սիրեցին հայերին. և նախ քան Հայաստանի մէջ գործ սկսելը նրանք Հռօմի համար մի չաղ որս պատրաստեցին Լեհաստանի հայերից, օգտվելով այդ կաթօլիկ պետութեան մէջ իրանց բռնած տիրապետող և կառավարող դիրքից:

Լեհաստանի հայերը եւրօպական ամենախոշոր հայ գաղթականութիւնն էին կազմում։ Նրանք վայելում էին ինքնավարական լայն արտօնութիւններ, հասել էին նշանաւոր բարեկեցութեան, բայց և այդպէս, չը կարողացան մի անկախ ու հաստատուն դիրք գրաւել իբրև առանձին ազգութիւն, այլ սկսեցին կամաց կամաց օտարանալ։ Պատճառը միայն այն չէ, որ նրանք փոքր էին թւով և ենթարկված էին աւելի առաջաւոր ազգերի կուլտուրական հզօր ազդեցութեան։ Բացի այս ընդհանուր օրէնքից գործում էր և մի այլ նշանաւոր պատճառ. Լեհաստանի հայերը բաւականանում էին մնալով լոկ իբրև կրօնական համայնք, որ եկեղեցուց դուրս պաշտամունք էր դարձրել վաճաուականութիւնը և ուրեմն, երբէք չէր կարող ազգային ինքնուրոյնութեան խարիսխներ հաստատել դպրոցական և դրական առաջադիմութեան միջոցով։

Ապրելով անհամեմատ շատ ապահով դրութեան մէջ, քան իր թշուառ հայրենակիցները մայր- հայրենիքում, շրջապատված լինելով աւելի զարգացած, առաջադէմ ազգութիւններով, Լեհաստանի հայութիւնը երկար ժամանակ ներկայացնում էր Հայաստանի մի հարազատ բեկորը, ընկած եւրօպական հողի վրա: Լեհաստանը ոչինչ նշանաւոր բան չարտադրեց մեր գրականութեան մէջ, աչքի ընկնող մի գործով չը հարստացրեց հայկական միտքը։ Այստեղ էլ, Եւրօպայի սրտում, հայը արտադրում էր իր եկեղեցական գրքերը, իր ազգութիւնը միայն կրօնական ծէսերի մէջ էր տեսնում։ Այստեղ էլ գրքի ու գրչի տէրը հոգևորականութիւնն էր, տիրում էր մեռած ու քարացած գրաբարը, որ XVI դարի կէսից անհասկանալի էր դարձել նոյն իսկ հայ քահանաների համար: Լեհաստանցի հայը վերին աստիճանի ճարպիկ և ընդունակ վաճառական էր. նա իր ձեռքումն էր պահում Արևելքի ամբողջ առևտուրը, երիտասարդութիւնից սովորում էր առևտրական թափառումների, լինում էր աշխարհի բոլոր կողմերում, սովորում էր բազմաթիւ լեզուներ, վտանգների և արկածների մէջ ձեռք էր բերում քաջութիւն ու հնարիմացութիւն, նրբացնում էր իր միտքը այն աստիճան, որ նոյն իսկ դիւանագիտական յանձնարարութիւններ էր ստանում Լեհաստանի թագաւորների և իշխանների կողմից[31]: Սիրում էր նա իր հարստութիւններով շլացնել իր դրացի օտարազգիներին, հագնվում էր և ուտում էր իշխանների նման և գիտէր հարկաւոր դէպքերում դրամը զէնք դարձնել իր նիւթական շահերը պաշտպանելու համար:

Բայց այս բոլոր բարեբախտութիւնները, աջողութիւնները չարգելեցին որ լեհահայը անհետանայ իբրև հայ, ընդհակառակն, աւելի ևս նպաստեցին այդ կործանման: Նրան չէր հետաքրքրում մտաւոր գործունէութիւնը, նրա համար աշխարհը մի վաճառանոց էր միայն: Առևտրական այդ միջնորդը չը կարողացաւ կուլտուրական միջնորդ էլ դառնալ Արևելքի և Արևմուտքի մէջ: Հաւատարիմ մնալ հայրենի ծէսերին ու աւանդութիւններին, պայքար մղել իր արտօնութիւնները պահպանելու համար-այսքանն էր լեհահայի ազգային գիտակցութիւնը։ Կղզիանալով իբրև կրօնական համայնք, նա իր աւանդապահութեան մէջ այնքան անյողդողդ էր, որ նոյն իսկ ամեն կերպ աշխատում էր ամուսնական կապերով չը խառնվել օտարազգիների հետ: Այսպէս, XVI դարի երկրորդ կէսում Լվօվ քաղաքի հայերը արդէն այն դրութեան էին հասել, որ համարեա ամենքը կապված էին իրար հետ ազգակցութեամբ և խնամիութեամբ, ուստի և ստիպված էին խնդրել հայոց կաթողիկոսից թոյլտվութիւն՝ ամուսնանալու խնամիական աւելի մերձաւոր աստիճաններում[32]:

Զարմանալի է,որ այդքան ջերմ աւանդապահութեան առարկայ դարձնելով միայն կրօնը, լեհահայերը կատարեալ արհամարհանքի էին տուել ազգային ամենամեծ ստացուածքը—լեզուն։ Հայրենիքից տարած ժողովրդական հասկանալի լեզուն դարերի ընթացքում անխնամ ու անուշադիր է թողնվում, զրկվում է իր հիւթերից, որովհետև այնքան հեռացել է հայրենի հողից, չունի թարմացնող աղբիւրներ և մի և նոյն ժամանակ սաստիկ ենթարկված է լեհերէնի ազդեցութեան։ Նա հետզհետէ մեռնում է, դուրս գալով գործածութիւնից։ Լեզուային տկարութիւնը այն աստիճանին է հասնում, որ ․Ղրիմից եկած թաթարախօս հայերը մի կատարեալ յեղափոխութիւն են առաջացնում կարճ միջոցում․ նրանք լեհերի մէջ ապրող հայերին տալիս են թաթարական լեզուն, որ և դառնում է ժողովրդական։ Հասկանալի է, թէ ինչու աւելի մշակված ու հարուստ լեհերէնի տեղ հայ ընտանիքների մէջ մտնողը կոպիտ թաթարերէնն է․ սրան բերողները հայեր են, որոնք ազդեցութիւն ունեն տեղացիների վրա, աւելի ուժեղ են, թարմ քան բուն լեհահայերը։ Այս հանգամանքը ցոյց է տալիս թէ հայերէն լեզուն էլ կարող էր ժողովրդի վրա տիրել, եթէ այնքան արհամարհված ու անգործածական չը լինէր, եթէ նրանով զբաղվողներ լինէին։ Ինչ և իցէ: Փաստը այն է, որ մնում են միայն հայերէն տառերը, իսկ ամեն ինչ-դատաստանական արձանագրութիւններ

  • }

պատմական յիշատակարաններ գրվում են թաթարերէն․․․ Նոյն իսկ եկեղեցական երգերը հայերէնից թարգմանվում են թաթարերէնի, որպէս զի ժողովրդին հասկանալի լինեն․․․

Միանգամայն աւելորդ դարձնելով մայրենի լեզուն, լեհահայը աւելորդ պիտի համարէր և հայերէն տպագրութիւնը։ Լեհաստանի ճոխ ու փարթամ հայ գաղթականութեան մտաւոր ողորմելի կացութեան մի ամենամեծ փաստն էլ այն է, որ նա տեղ չունի մեր տպագրութեան պատմութեան մէջ: Եւ եթէ ի նկատի ունենանք, որ հայը առհասարակ ուրիշին նմանվելու, ուրիշից ընդօրինակելու մի առանձին ընդունակութիւն ունեցող ազգ է, այդ փաստը համարեա անհաւատալի կը թւայ։ Ամեն օր շփվելով գերմանացի և լեհ ազգերի հետ, ունենալով մի այնպիսի կենտրօն, ինչպէս Լվօվ քաղաքն էր, հայերր տպարան չը հիմնեցին, գիրք չը տպագրեցին։ Մեր խօսքը բուն լեհահայերի մասին է, թէ չէ՝ XVII դարի առաջին հայ տպագրութիւնը լոյս է տեսել հէնց այդ Լվօվ քաղաքում («Սաղմոս», 1616 թ․)։ Բայց Լեհաստանի այս առաջին և վերջին տպագրութիւնը եղել է Հայաստանից եկուոր մի հայի, բաղիշեցի Քարմատանենցի ձեռքով, ուրեմն միայն տպագրութեան տեղովն է լեհահայ գաղթականութեան վերաբերվում[33]: Եւ այսպէս, լեհահայը միայն եկեղեցու միջոցով էր կապված հայութեան հետ։ Բաւական էր խզել և այդ կապը, այնուհետև Լեհաստանի հայերը ազգային գոյութեան որ և է յենակէտ չը պիտի ունենային։ Բայց նոյն իսկ կրօնի շրջանում էլ աւանդապահ և ջերմեռանդ լեհահայը մի առանձին մատենագրական ընդունակութիւն ցոյց չը տուեց։ Հոգևորականութիւնը նոյնպէս անպատրաստ էր և տգէտ, ինչպէս Հայաստանում։ Դեռ աւելի վատ-լեհահայերը կրօնական ուսում, ղեկավարութիւն սպասում էին Հայաստանից։ Իսկ մենք արդէն գիտենք, թէ ինչ էր Հայաստանի դրութիւնը. այդ մտաւոր անապատը ոչինչ, ի հարկէ, չէր կարող տալ իր հեռաւոր զաւակներին մի այնպիսի վճռական ժամանակ, երբ կաթօլիկ կղերը եռանդուն դաւանափոխական գործունէութիւն էր սկսել նրանց մէջ։ Լեհաստանում միմեանց հետ ընդհարվում էին երկու մտաւոր դրութիւններ․ մի կողմում եզուիտներն էին, որոնք բացի ահագին հեղինակութիւնից ու ծածուկ խարդավանքներից՝ զինված էին նաև գիտութեամբ. իսկ հակառակ կողմում կանգնած էր՝ տգէտ, ողորմելի հայ հոգևորականութիւնը։

Էջմիածինը Լեհաստանի համար հայագիտութեան ամենաբարձր կենտրօնն էր: Բայց լեհահայերից շատ քչերն էին գնում այնտեղ հայերէն լեզուն ուսումնասիրելու համար։ Փիլիպպոս կաթողիկոսի օրով, 1646-ին, Լվօվից էջմիածին գնացին Ստեփանոս և Թէոդորոս Վարդանեան եղբայրները, որոնք ազնուական ծագում ունէին: Նրանք Լեհաստանում կրթութիւն էին ստացել, սովորել էին լատիներէն, բայց բոլորովին չը գիտէին հայերէն։ Էջմիածին գնալու նպատակն էլ հէնց հայերէնը սովորելն էր։ Այդ ժամանակ Արևելեան Հայաստանում հայերէն լեզուագիտութիւնը արդէն այնքան առաջադիմել էր, որ Էջմիածինը իսկ որ կարող էր նրանց համար ուսուցիչ հանդիսանալ։ Երկուսն էլ վարդապետ ձեռնադրվեցին, բայց Լեհաստան չը վերադարձան. Էջմիածինը ինքը կարօտ էր կրթված, լատինագէտ վարդապետների։ Ատեփանոսը գրական աշխատութիւնների նուիրվեց, մի քանի թարգմանութիւններ տուեց լատիներէնից, որոնց մէջ յայտնի է Յովսէփոսի կամ Յովսէփ Փլաւիոսի <<Յաղագս պատերազմին Հրէից ընդ Հռովմայեցիս>> յայտնի պատմական երկի թարգմանութիւնը։ Այդ թարգմանութիւնը տպագրվեց էջմիածնում 1787 թւականին։ Ստեփանոսը իրան անուանում էր Ստեփանոս Իլօվացի։

Ոչ մի կասկած չէր կարող լինել, որ պայքարի մէջ յաղթանակը պիտի պատկանէ աւելի լաւ պատրաստված, աւելի բարձր կանգնած կողմին: Լատին կղերը հայ կղերից բարձր էր նոյն իսկ հայերէն լեզուի գիտութեան մէջ։ 1630 թւականին, այն ժամանակ, երբ կրօնական կռիւները լեհահայերի մէջ կատաղի բնաւորութիւն էին ստացել, Էջմիածնից Լեհաստան է գնում մի նուիրակութիւն, որի գլուխն էր այն ժամանակվայ նշանաւոր վարդապետներից մէկը, Խաչատուր Կեսարացի։ Հասկանալի է, որ աւանդապահ լեհահայերը պէտք է մեծ յոյսեր դրած լինէին այդ նուիրակութեան վրա, որ գալիս էր պաշտպանելու հայ եկեղեցին կաթօլիկների յարձակումներից։ Բայց կաթօլիկ պատէրները շատ լաւ էին ճանաչում իրանց հակառակորդներին․ նրանք Էջմիածնի նուիրակներին հրապարակական վիճաբանութեան հրաւիրեցին նոյն իսկ հայերէն լեզուի գիտութիւնը ցոյց տալու համար: Եւ երբ այդ օտարազգիները հարց առաջարկեցին թէ «վարեմ» բառը անո՞ւն է թէ բայ, հայ վարդապետները շփոթվեցին և սկսեցին զանազան պատասխաններ տալ [34], ուստի և ծաղրի առարկայ դարձան։ Եւ չը մոռանանք, որ Խաչատուր Կեսարացին Սիւնեաց դպրոցի աշակերտներից էր, ուրեմն և նրանից աւելի գիտուն մարդ չէր էլ կարելի ճարել Հայաստանում։ Եթէ այդքան տգէտ էր հայ վարդապետը քերականական մի հասարակ հարցի առջև, ի՞նչ կարող էր նա լինել կրօնական բարդ հարցերում։

Ամենից առաջ, ուրեմն, հայ հոգևորականի տգիտութիւնն էր Լեհաստանի հայ եկեղեցու հիմքերը փորողը։ Բայց տգիտութիւնը եթէ մի փոքր պարտաճանաչութիւն ու ազնւութիւն ունենար, ցաւը այնքան մեծ չէր լինի, քանի որ ժողովրդի ջերմեռանդ աւանդապահութիւնը եկեղեցու կողմն էր և պաշտպանում էր նրան։ Դժբախտութիւնը հէնց այն է, որ տգիտութեան հետ միշտ անբաժան են և ամեն տեսակ արատներ։ Յայտնի է, որ Լեհաստանի հայերի պատմութեան մէջ սարսափելի տխրահռչակ անուն է ստացել մի արատաւոր հոգևորական, Նիկօլը։ Բայց ի՞նչ էր Նիկօլը։ —Մելքիսէթ կաթողիկոսի ձեռքի պտուղը։

Մենք արդէն տեսանք այս վեղարաւոր խանին Հայաստանի մէջ։ Տեսանք նրան պարսիկ զինուորների հետ ժողովուրդը անխիղճ բռնութիւններով կեղեքելիս, որպէս զի փող գջլէ և պարսից կառավարութեան վճարէ իր կաթողիկոսութեան կապալավարձը։ Կեղտոտ միջոցներով ձեռք բերած իշխանութիւնը կատարեալ պատուհաս է դառնում փառամոլի համար։ Մելքիսէթը կեղեքում էր, բայց նրան էլ լաւ կեղեքում էին նրա հետ ման եկող պարսիկ զինուորները. ուստի որքան էլ հաւաքում և վճարում էր հայոց կաթողիկոսը, — պարտքը, այնու ամենայնիւ, աճելով աճում էր. և որքան նրան սաստիկ էին խեղդում պարսիկները, այնքան նա սաստկացնում էր իր կեղեքումները ժողովրդի մէջ։ Ժողովուրդը համբերեց, համբերեց, բայց վերջը երես դարձրեց իր կաթողիկոսից, և նա հալածական դարձաւ։

Ոչ մի տեղ ընդունելութիւն և համակրանք չը գտնելով, նա, վերջապէս, փախաւ գնաց Լեհաստան՝ այնտեղի հայերին խուզելու համար: Եւ լեհահայը տալիս էր: «Շատ և յոլով տուգանք տըւաք, անթիւ արծաթ ոսկի տարանք, թէ նովաւ զհոգիս փրկէաք» —ասում է մի լեհահայ ժամանակագիր[35]: Բայց Մելքիսէթի ընչաքաղցութիւնը կամաւոր նուէրներով բաւականացողը չէր. ինչպէս Հայաստանում, այստեղ էլ նա չուզեց զրկել իրան ձեռնադրութիւններից ստացվող եկամուտից․ և կանչում էր վարդապետներին ու տիրացուներին, հարցնում էր ամեն մէկին թէ ինչ կը տան, եթէ եպիսկոպոս կամ վարդապետ ձեռնադրէ։ Սակարկողների թւում էր և Նիկօլը․ կաթողիկոսը համաձայնվեց 150 ղրուշով եպիսկոպոսութիւն տալ նրան։ Ժողովուրդը, որ լաւ էր ճանաչում Նիկօլին, միաբերան բողոք բարձրացրեց, չէր ընդունում նրան․ բայց Մելքիսէ՞թը պիտի ականջ դնէր ժողովրդի ձայնին։ Գիշերը, թագուն կերպով, նա տարաւ Նիկօլին քաղաքից դուրս մի վանք և այնտեղ ձեռնադրեց՝ 150 ղրուշից չը զրկվելու համար։ Ժողովուրդը փորձում է այդտեղ արգելելու, խնդրում, աղաչում է, բայց կաթողիկոսը, ինչպէս պատմում է Աոաքելը, աթոռի վրա նստած ձեռնադրում էր Նիկօլին և մի և նոյն ժամանակ ձեռքում բռնած խաչով սաստում էր բողոքաւորներին։ Խեղճ ժողովուրդը գիտէր իր գլխին գալիքը, այնքան զայրանում է այդ բացարձակ խաբեբայութիւնից և զզուելի կաշառամոլութիւնից, որ «մի քիչ ևս՝ և զէնք կառնէր ու մաս-մաս կը կոտորէր թէ կաթողիկոսին և թէ նրա ձեռնադրածին»[36]: Կաթողիկոսը դիմում է մի նոր խաբէութեան, ասելով թէ Նիկօլը Հայաստանի համար է ձեռնադրված. և այսպէս ազատելով իր օձիքը, Լվօվից գնում է դէպի Կամենեց քաղաքը։ Սակայն ճանապարհին, երևի նոր կաշառք, ստանալով, արհամարհում է ժողովրդի տրամադրութիւնը, թուղթ է գրում լվօվցիներին և նզովում է նրանց, որոնք Նիկօլին չեն ընդունի առաջնորդ։ Կամենեցում Մելքիսէթը վախճանվում է (1626), չը կարողանալով վայելել այդ տեսակ միջոցներով հաւաքած իր փողերը[37]:

Բայց յանցանքը կատարված էր. հայ եկեղեցականութեան արատների վրա բարդվում էր մի նորը, ամենից շատ զզուելին․ դա 150 ղրուշի գումարն էր, Լեհաստանի հայոց եկեղեցու գինը։ Սկսվեցին խռովութիւններ, մաքառումներ, որոնք, երկար տարիներ ալեկոծում էին լեհահայերին։ Բայց զուր էր ամեն ինչ։

Մեզանում առհասարակ ընդունված է կարծել որ Լեհաստանի հայերին կաթօլի կացնողը Նիկօլ եպիսկոպոս Թորոսօվիչն էր և եթէ չը լինէր նա, չէր լինի և այդ դաւանափոխութիւնը։ Բայց այդպիսի մի կարծիքին արժանի չէ այդ սահմանափակ, փառամոլ և բարոյապէս փչացած մարդը, որին չէր տուած խոշոր գործեր կատարելու ընդունակութիւնը։ Թորոսօվիչը իբրև կոյր գործիք, իբրև ուրիշների ցուցմունքներով շարժվող փոքրիկ դաւաճան — այս ճիշտ է միանգամայն։ Մի ամբողջ գաղթականութիւն բռնի, զզուելի միջոցներով իր սեփական եկեղեցուց հեռացնելու հեղի այն սարսափեցնող ոյժն էր, որի անունն է եզուիտութիւն։ Հայերը եզուիտների ընդարձակ ձեռնարկութիւնների մի փոքրիկ, նոյն իսկ ոչ այնքան կարևոր մասնիկն էին կազմում։ Եւ չէ կարելի ասել թէ նրանք յատկապէս հայերով էին զբաղված։ Նրանց գործունէութիւնը չափազանց ընդարձակ էր, չափազանց բազմակողմանի։

Լեհաստանը XVI դարի սկզբում Եւրօսպայի ազատ երկիրներից մէկն էր։ Նրա վրա սաստիկ ազդեցութիւն էր արել իտալական վերածնութիւնը, իսկ բողոքականութիւնը, ազատ մուտք գըտնելով, սկսեց տարածվել լեհ ժողովրդի և գլխաւորապէս ազդեցիկ ազնուականութեան մէջ։ Հոգևորականութիւնը չէր դիմադրում այդ նոր հոսայանքներին, ընդհակառակն, ինքն էլ ենթարկվում էր նրանց և ազատ մտածութիւնը տարածվում էր նոյնպէս և նրա մէջ։ Բողոքականութիւնը մրցում էր կաթօլիկութեան հետ գրականութեան ասպարէզում. բողոքական տպարանների թիւը գերազանցում էր կաթօլիկ տպարանների թիւը։ Լեհաստանը մերժեց Տրիենտի ժողովը, պաշտօնապէս յայտարարեց դաւանութիւնների ազատութիւն։ Կար մի ժամանակ, երբ Հռօմը ձեռքից գնացած էր համարում այդ կաթօլիկ երկիրը:Բայց չը կամենալով առանց կուի զիջել, նա Լեհաստան ուղարկեց Լօյօլայի բանակը։

Եզուիտները Լեհաստան մտան 1565 թւականին։ Սկզբում նոյն իսկ նրանք էլ յուսահատված էին, տեսնելով իրերի դրութիւնը այդ երկրում։ Բայց հէնց այդ յուսահատեցնող դրութիւնը նրանց վրա դնում էր եռանդով գործելու պարտաւորութիւն։ Եւ նրանք սկսեցին գործել իրանց յատուկ նուրբ ու ազդու միջոցներով։ Կրօնական անտարբերութեան դէմ կռւելու համար, նրանք իրանց հարուածները ազատ օրէնքների, ազատասէր ազնուականութեան դէմ չը դարձրին իսկոյն, այլ սկսեցին աւելի հեռուից։ Պէտք էր կրթել հասարակութիւնը պապական—եզուիտական ոգով, պէտք էր պատրաստել մի նոր սերունդ, որ հայրերից տարբեր մտածողութիւն ունենար։ Եզուիտները բաց արին դպրոցներ, եռանդով և մեծ պատրաստականութեամբ նուիրվեցին մանկավարժութեան: Նրանք լաւ պատրաստված, գիտուն մարդիկ էին, ժողովրդի մէջ լաւ համբաւ ստացան և այնքան լաւ էին տանում իրանց դպրոցական գործը, որ նոյն իսկ բողոքականներն էլ իրանց որդիներին ուղար- կում էին եզուիտների փառաւոր կօլլէգիաները, որոնց թիւը շուտով հասաւ 50-ի:

Միաժամանակ եզուիտները նուրբ տարրեր մտցրին և Լեհաստանի քաղաքական կուսակցութեան մէջ։ Նրանց գործունէութեան «ոսկեդարը» սկսվեց 1587 թւից, երբ լեհական գահը բարձրացաւ քսանամեայ Սիգիզմունդ երրորդը։ Դա եզուիտների աշակերտներից էր և դարձաւ մի ողորմելի գործիք նրանց ձեռքում։ Սիգիզմունդին վիճակված էր թագաւորել ամբողջ 45 տարի, մի ժամանակամիջոց, որ շատ բաւական էր կաթօլիկական ֆանատիկոսութեան զարգացման և կատարեալ տիրապետութեան համար։ Ամեն ինչ պատրաստ էր մի խաւար րէակցիայի թագաւորութեան համար։ Եկեղեցին սաստիկ զօրեղացաւ, պետական եկամուտների մեծ մասը նա էր կլանում, այնպէս որ պետութեան առաջնակարգ կարիքների համար էլ յաճախ միջոցներ չէին գտնվում։ Իսկ միայն եզուիտների գանձարանը տարեկան 400․000 ոսկի էր մտնում։ Ոչինչ չէր պակասում՝ 2000 հոգուց բաղկացած եզուիտական բանակին ամենակարող ոյժի դիրք տալու համար։ Սիգիզմունդ երրորդը շրջապատված էր եզուիտներով, նրանց էր լսում, նրանց յորդորներով էր գործում։

Եւ առաջադէմ, լուսաւոր Լեհաստանը, այն երկիրը, որ գրական ոսկեդարի պտուղներն էր վայելում և որ կարող էր հովանաւորել, առաջ տանել մարդկային իրաւունքների, աշխարհական ազատութեան անունով Եւրօպայում սկսված շարժումը, այդ իսկ Լեհաստանը ընկղմվեց մռայլ ֆանատիկոսութեան մէջ, սկսեց գլորվել դէպի անկման անդունդը, ուր պիտի կորչէր իբրև քաղաքական մարմին։

Այդ ծանր, սարսափելի զոհը ոչինչ էր եզուիտների համար։ Նրանք այսպէս էին մտածում. մի ժողովուրդ կարող է կորչել, բայց նրա տեղը դատարկ մնալ չէ կարող, անպատճառ մի ուրիշ ժողովրդի բնակութեան տեղ կը դառնայ. կարևորը այդ չէ, այլ այն, որ այդ երկրի վրա թագաւորէ պապական եկեղեցին։ Եւ այդ յաղթական արշաւանքի առջև ճանապարհ հարթելու համար կռիւ յայտարարվեց ամեն մի ազատ մտքի դէմ, ամեն մի կրօնի դէմ, որ Հռօմին չէ հպատակվում։

Հայկ. Տպագր., I Թշնամիների առաջին շարքերում կանգնած էին, ի հարկէ, բողոքականութիւն ընդունած լեհացիները։ Այդ կռիւը մեծ դժուարութիւններ էր ներկայացնում, նախ այն պաաճառով որ լեհական ազդեցիկ ազնուականութիւնից շատերն էին գտնվում բողոքականութեան շարքերում, երկրորդ, որովհետև Լիւթերի և նրա հետևողների վերանորոգած եկեղեցին շատ էր տարբերվում Հռօմի եկեղցուց։ Բողոքականութիւից յետոյ գալիս էր Լեհական Ռուսիան իր բազմաթիւ յունադաւան (օրթօդոքս) ազգաբնակութեամբ։

Յունական և առհասարակ արևելեան ծիսական ամեն մի եկեղեցու հետ այնքան դժուար չէր հաշիւներ վերջացնելը․ կարելի էր երկուստէք զիջողութիւններով միութիւն (ունիա) կայացնել, սրբագրելով դաւանական կէտերը և դրանց հետ կապված ծէսերը։ Եւ իրաւ, եզուիտներին աջողվեց այդպիսի մի միութիւն ստեղծել. ոուս ազգաբնակութեան մի մասը ընդունեց առաջարկված պայմանները և 1595-ին մի քանի օրթօդօքս եպիսկոպոսներ Հռօմում հանդիսաւոր կերպով պապի հպատակութիւնն ընդունեցին։ Աջողութիւնն այնքան մեծ էր, որ կաթօլիկ պրօպագանդան նոյն իսկ Լեհաստանի սահմաններից դուրս էլ էր գործում: Սիգիզմուդը փայփայում էր այն միտքը թէ իրան կաջողվի նոյն իսկ Մօսկվայի թագաւորութիւնը կաթօլիկացնել:

Սակայն դաւանափոխական շարժումները, եթէ մի կողմից գոհացնում էին կրօնասէրներին, միւս կողմից էլ կազմալուծում էին երկրի ներքին կեանքը, մտցնելով նրա մէջ կրքերի յուզում, դիմադրութեան ոգի և այլ այսպիսի հանգամանքներ, որոնք մահացու էին ամեն մի քաղաքական մարմնի համար։ Իւրաաքանչիւր կրօն ձգտում էր պաշտպանել իրան։ Ռուսական ունիան գրգռեց ոչ միայն ազգաբնակութեան այն մասը, որ հաւատարիմ էր մնացել իր եկեղեցուն, այլ և բողոքականներին, որոնք չէին ուզում թոյլ տալ այդպիսի մի միութիւն, որպէս զի չը վտանգվի Լեհաստանում պաշտօնապէս յայտարարված կրօնական ազատութիւնը։ Եզուիտները այդպիսի արգելքների առաջ կանգնողներից չէին, քանի որ նրանց ձեռքում կար կրօնական ֆանատիկոսութեան ամենամռայլ, զզուելի գործը—հալածանք։ Եվ Յիսուսի անունը կրող կրօնաւորական կարգը յենված լեհական կառավարութեան վրա, ամենայն յօժարութեամբ և եռանդով սկսեց գորֆադրել բռնի միջոցներ, կրօնական վայրենի հալածանքներ։

XVII դարի սկզբում այդ բռնութիւնները, հալածանքները արդէն բռնկված էին Լեհաստանի զանազան կողմերում․ քաղաքներում խլում էին բողոքականների եկեղեցիները կամ ուղղակի քանդում, բողոքականներին զրկում էին պաշտօններից․ անպատւում էին հրապարակով։ Թոյլը տեղի էր տալիս ուժեղին։ Հալածվող բողոքականները կամ հեռանում էին Լեհաստանից կամ կաթօլիկանում էին։ Իսկ այդ աջողութիւնները աւելի ես տարածում էին կաթօլիկ հասարակութեան մէջ անհամբերողութիւն, ֆանատիկոսութիւն։ Կրօնական բռնկումը միայն ոչ-կաթօլիկներին չէր լափում  

այլ և Լեհաստանի քաղաքական և կուլտուրական ոյժերը։ Ժողովուրդը ինքն էր բռնութիւններ գործ դնում «հերետիկոսների» վրա, քանդում էր նրանց տները, սպանում էր նրանց։ Օրթօդօքսութեան հաւատարիմ մնացած ռուս ազգաբնակութիւնն էլ բռնութիւնների էր ենթարկված։ Եւ հալածվողները ոչ մի տեղ արդարադատութիւն չէին գտնում։ Դիմադրութիւնը իզուր էր դէս ու դէն ընկնում․ բոլոր ճանապարհները ծածկված էին եզուիտական ցանցերով[38]։

Հայերին եզուիտները ամենքից ուշ ձեռք առան ինչպէս իրանց հարկաւոր էր։ 1629 թւականը առաջին տարին է, երբ Նիկօլ Թորոսօվիչը լեհական զօրքերով, դպրոցականներով, լատին քահանաներով գնում էր Լվօվի հայոց եկեղեցին բռնութեամբ խլելու։ Բռնութիւնը յաղթող հանդիսացաւ. դա Լեհասաանի հայութեան երկարատև տանջանքների, թշուառութիւնների նախադուռն էր։

Շատ զարմանալի մի հանգամանք է սա։ Ամբողջ ժողովուրդը լուսաւորչական է, նրա առաջնորդը միայն կաթօլիկ է դարձել։ Արդարութիւնը, եթէ նա կարող էր լինել եզուիտականութեան ստրուկ դարձած Լեհաստանում, պիտի կարգադրէր, որ առաջնորդը հեռանայ իր ժողովրդից, գնայ կաթօլիկ եկեղեցին։ Բայց եզուիտական արդարադատութիւնը այսպէս վճռեց․ եկեղեցիները ժողովրդին չեն պատկանում, այլ առաջնորդին։ Եւ երբ ժողովուրդը, համակերպվելով այդ սկզբունքին, խնդրում է որ իրան թոյլ տան գոնէ մի հատ եկեղեցի ունենալ կամ նոյն իսկ մի մասնաւոր տեղ աղօթատուն բաց անել, կառավարութիւնը մերժում է։

Ինքը Նիկօլը, ինչպէս ասացինք, այնպիսի ողորմելի միջակութիւն էր, որ ժողովուրդը շատ շուտ և շատ հեշտ կարող էր վերջացնել իր հաշիւները նրա հետ։ Բայց այդ միջակութիւնը մի խրդուիլակ էր, որի ետևում կանգնած էին եզուիտների բանակը, պապի նուիբակը և նրանց հետ ձեռք ձեռքի տուած Սիգիզմունդ III-ը։ Այդ հեղինակաւոր ոյժերը շատ բաւական էին, որ կատուն առիւծ դառնայ։ Լվօվի հայ ժողովուրդր շատ լաւ հասկանում էր այս, բայց դիմադրութիւն ցոյց էր տալիս որքան ոյժ և կարողութիւն ունէր։

Այս եպիսկոպոս անուանվածը—գրում էին Լվօվի հայերը Էջմիածնի կաթողիկոսին — ոչ միայն չը թողեց մեզ, ուղղափառ հայերիս, մի հատ եկեղեցի անգամ, բայց և նոյն իսկ արգելեց ժամասացութիւն կատարել և մեռածներին թաղել․ մեր կրօնին հաւատարիմ մնացած քահանաներին, որոնք նրա իշխանութիւնը չեն ճանաչում, բռնում է, ծեծում է, կապում է, բանտ է դնում և բաց չէ թողնում, մինչև որ նրանք լատինութիւն չեն ընդունում։ Այս բոլորը անպատիժ է մնում, որովհետև նրա ետևում կանգնած են աշխարհական և հոգևոր իշխանութիւնները, մանաւանդ եզուիտները։ Մենք դիմեցինք թագաւորին, բայց քննութիւն և դատաստան գտնել չը կարողացանք և միայն Աստուծուն է յայտնի թէ երբ կը գտնենք։ Եւ եթէ դատաստան էլ լինի, հազիւ թէ նա կարողանայ բաց անել ճշմարտութիւնը, որովհետև պատի նուիրակը, որ գտնվում է Վարշավայում և բոլոր լատին հոգևորականները, ամենից շատ եզուիտները, սաստիկ պաշտպանում են այս անիծված եպիսկոպոսին։ Մենք եղանք նուիրակի մօտ և գանգատվեցինք, այս բոլոր բռնութիւնների վրա, բայց նա մեզ պատասխանեց թէ այդ բոլորը ոչինչ չէ նշանակում, որովհետև ինչպէս որ բնական մեղքը լուացվում է մկրտութեամբ, այնպէս էլ Թորոսօվիչ եպիսկոպոսի բոլոր գործողութիւնները շտկվում են նրանով, որ նա ընդունել է կաթօլիկական սուրբ եկեղեցու հետ միանալը։ ... Մի խօսքով, մեզ հետ էլ վարվում են այնպէս, ինչպէս մեր աչքի առջև վարվում են յունաց եկեղեցու հետ, որ ահա արդէն քսան տարի է, չէ կարողանում դատաստան և արդարութիւն գտնել։ Եւ այս բոլորը արվում է նրա համար, որ հարկադրեն մեզ կորցնել մեր եռանդը և ապա թեքվել դէպի ունիա[39]:

Այս նամակը, որ գրված է Մովսէս կաթողիկոսին 1631 թւականի յուլիսի 25-ին, շատ գեղեցիկ կերպով պատկերացնում է կաթօլիկ պրօպագանդայի քաղաքականութիւնը: Վերցրէք այդ նկարագրութիւնը իբրև պատկերի ընդհանուր ֆօն, տեղաւորեցէք նրա վրա զզուելի, վայրենութեան հասնող բռնութիւնները, որոնց մանրամասնութիւնները բերելու հարկ չը կայ, և դուք կստանաք 55 տարվայ պատմութիւնը, երբ Նիկօլ Թորոսօվիչը բազմած էր Լեհաստանի հայերի առաջնորդական աթոռի վրա։ Լվօվից յետոյ հերթը հասաւ Կամենեցի և ուրիշ քաղաքների հայերին: Ամեն տեղ մի և նոյնը. բռնութիւն, խաբէութիւն մի կողմից և դիմադրութիւն, իրաւունք, կանչող ժողովուրդ միւս կողմից։ Լեհահայ ժողովրդի արիւն-արտասունքով է գրված այդ 55-ամեայ պատմութիւնը, -մի ժողովրդի, որ դարաւոր պանդխտութեան մէջ կորցնելով իր ազգային ստացուածքները, պինդ կպել էր իր մայրենի եկեղեցուն և ուզում էր որ գոնէ այդ սեփականութիւնը չը խլվի:

Բայց ի՞նչ օգնութիւն կարող էին ունենալ հայերը այդ անհաւասար կռւի մէջ։ Նրանց ամբողջ յոյսը դրված էր Էջմիածնի վրա։ Սակայն Ասիայի մի անկիւնում խարխուլ, կիսաքանդ դրութեան մէջ հազիւ իր աւերմունքները կարկատաններով ծածկող այդ վանքը կարո՞ղ էր եզուիտական ոյժի դէմ դուրս գալ այդքան հեռաւոր տեղից: Չը նայած այս դրութեան, Էջմիածնի կաթողիկոսները անում էին, ինչ կարողանում էին։ Մովսէս կաթողիկոսը նուիրակներ ուղարկեց իր լաւագոյն վարդապետներից, որոնցից մէկն էր Խաչատուր վարդապետ Կեսարացին։ Բայց Լեհաստանում ո՞վ ինչ կարող էր անել եզուիտների գործիք Նիկօլին։ Նրան բանադրեցին, բայց նա էլի մնաց իր տեղը։ Հայերը նոյն իսկ Հռօմ դիմեցին, աղաչեցին պապին, բայց Կղեմէս X պապը Նիկօլին շնորհեց Յիսուսի և Մարիամի շքանշանը։

Սիգիզմունդ երրորդին յաջորդեց Վլադիսլավը: Սա իր հօր հակապատկերն էր ներկայացնում և չէր ուզում որ շարունակվեն կրօնական հալածանքները։ Հայերը յոյս առան. Մովսէս կաթողիկոսը 1633-ին մի կօնդակ ուղարկեց Վլադիսլավին, խնդրելով նրա գութը իր տանջված հօտի վրա[40]: Սակայն Վլադիսլավը անկարող էր ոչնչացնել եզուիտական բանակը։ Նա անձամբ ցանկութիւն յայտնեց որ հայերին գոնէ մի եկեղեցի դրվի։ Նիկօլը ներկայացաւ նրան և յայտնեց որ ինքը պատրաստ է սպանվել, բայց չի թոյլ տայ որ Աստուծու դէմ մի այդպիսի յանցանք գործվի։ Բայց իրանից չէր ասում այդ խրոխտ խօսքերը․ եզուիտների սովորեցրածն էր կրկնում։ Նիկօլը նահատակութեան ընդունակ մարդկանցից չէր. նա չէր կարող մահվան առաջ գնալ, քանի որ իբրև մարդ էլ նա փչացած էր, անբարոյական։

Սակայն հայ եկեղեցիներին բռնութեամբ տիրանալը դեռ չէր վճռում գլխաւոր հարցը։ Ժողովուրդը եկեղեցի չէր գնում, ծածուկ էր հոգևոր արարողութիւններ կատարում, իսկ իր դատը առաջ տանելու համար օգտվում էր ամեն բարեյաջող հանգամանքից։ Ամենագլխաւոր պաշտպանը շարունակում էր մնալ էջմիածինը, և Լեհաստանի հայերը շուտ շուտ պատգամաւոր էին ուղարկում հայոց կաթողիկոսին, նկարագրում էին իրանց անտանելի դրութիւնը և ճար էին խնդրում։

Փիլիպպոս կաթողիկոսը շարունակում էր իր նախորդի, Մովսէս կաթողիկոսի ջանքերը, բայց դարձեալ ապարդիւն։ Հետաքրքրական է, որ կաթողիկոսը լվօվցիների մի նամակին պատասխանեց երեք տարուց յետոյ։ Պատճառն այն էր, որ 1638 թւականին վերսկսվեց պարսկա-թիւրքական պատերազմը, որի բեմը դարձաւ Երևանի և Էջմիածնի երկիրը։ Հարստահարութիւնները, կողոպուտները դարձեալ վրդովեցին Արարատեան դաշտի կեանքը։ Կաթողիկոսը, ինչպէս գրում է լվօվցիներին 1640 թւականի իր կօնդակում, հարկադրված էր թողնել ամեն ինչ և աստանդական կեանք վարել։ Ինչպէս հին Իսրայէլը դեգերում էր Բաբիլօնի զանազան կողմերում և իր կտակարանները կախելով ուռենիներից, ողբում էր Երուսաղէմը, այսպէս էլ հայոց կաթողիկոսը. «ոչ տեղի հանգստեան և ոչ ժամ աղօթից, ոչ դադար կարասեաց և ոչ երևումն գերապայծառ կարգաւորութեան մերոյ»[41]: Ուշ ու միտք հաւաքելու, մտածելու ժամանակ չը կար։ Եւ այսպիսի թշուառութեան մէջ տանջվող մէկը փրկիչ պիտի հանդիսանար մի ամբողջ ժողովրդի, որ մատնված էր զզուելի կամայականութիւնների, բռնութեամբ հեռացվում էր իր եկեղեցուց...

Այնուամենայնիւ, Փիլիպպոս կաթողիկոսը անուշադիր չը մնաց դէպի իր հեռաւոր հօտի աղաղակները։ Նա նոյն իսկ դիմեց պարսից կառավարութեան, օգտվելով այն հանգամանքից, որ Շահի կողմից Մուսաբէկ անունով մի քրիստոնեայ մարդ դեսպան էր ուղարկվում Լեհաստան: Դեսպանը յանձն առաւ բարեխօսել թագաւորի առաջ և տարաւ Փիլիպպոսի մի կօնդակը, որ ուղղված էր Վլադիսլավ թագաւորին և հայ ժողովուրդը պաշտպանելու աղերսանքն ունէր իր մէջ։ Իր խօսքին աւելի ևս ոյժ տալու համար՝ կաթողիկոսը կօնդակի հետ ուղարկեց Վլադիսլավին և մասունքներ։

Այդ աղերսանքն էլ անհետևանք մնաց։ Հայրերը Լեհաստանում բացառութիւն կազմել չէին կարող. եթէ եզուիտները նրանց վերաբերմամբ թուլութիւն ցոյց տային, ի՞նչպէս պիտի կարողանային հասնել իրանց նուիրական նպատակին։ Հայերից անհամեմատ ուժեղ դաւանութիւնները ոչինչ չէին կարողանում անել, որովհետև Լեհաստանում հաստատված կրօնական ֆանատիկոսութիւնը պատրաստ էր նոյն իսկ արիւնահեղութիւնների մէջ թաթախել պապի տիրապետութեան «քրիստոնէական և առաքելական» գործը։

Փիլիպպոս կաթողիկոսը այլ ևս ոչ մի միջոց չունէր լեհահայերին օգնելու։ 1654 թւին նա գրում էր որ եթէ իր մահով հնար լինէր Լեհաստանի հայութեան համար փրկութիւն ձեռք բերել, նա այդ էլ չէր խնայի։ Եւ իրաւ, դրանով էլ բան չէր դառնայ։ Ուրիշ ճար չը գտնելով, կաթողիկոսը աշխատեց հաշտեցնել հայերին Նիկօլ Թորոսօվիչի հետ։ Բայց այստեղ կաթողիկոսը զոհ էր իր միամտութեան և երկու ոտով ընկաւ այն թակարդի մէջ, որ սարքել էին եզուիտները։ Գլխաւորապէս լեհահայերին մի օգնութիւն անելու համար, կաթողիկոսը 1652-ին գնաց Կ.Պօլիս։ Լվօվցի հայերը մի պատգամաւորութիւն ուղարկեցին նրա մօտ, բայց Նիկօլն էլ, միշտ հլու գործիք իր մեծաւորների, այսինքն եզուիտների ձեռքում, նոյնպէս շտապեց Կ․ Պօլիս, ուր գործեց նոյն մեծաւորների տուած հրահանգներով: Մանր ու բարակ մի գործ չէր դա, այլ պարզապէս մի խաբէութիւն։ Նիկօլը հնազանդութիւն յայտնեց կաթողիկոսին և փոխարէնը ստացաւ նրանից ներում։ Այդքանը բաւական չէր: Փիլիպպոսը թէ Լվօվ ուղարկած իր նուիրակի միջոցով, թէ իր կօնդակներով յորդորեց հայերին հաշտվել Նիկօլի հետ, հնազանդվել նրան: Թէ որքան միամիտ էր ճարպիկ խաբէութեան զոհ դարձած կաթողիկոսը, երևում է 1654-ին նրա գրած կօնդակից, ուր պատուիրում է Լվօվի հայերին վրէժխնդիր լինել հայրենի աւանդութեան համար և «ամենևին եկեղեցական արարողութեան մէջն աւելի պակաս բան չը խառնէք»[42]:

Նիկօլը վերադարձաւ Լվօվ, հաշտվեց ժողովրդի հետ, բայց չը դադարեց Նիկօլ լինելուց: Կամաց-կամաց նա կատարեց իրան յանձնած գործը։ Եւ երբ նա այլ ևս հարկաւոր չէր եզուիտներին, հեռացրվեց պաշտօնից իբրև արատաւոր մարդ։ Մի վիճակ, որ, բարեբախտաբար, միշտ անխուսափելի է Նիկօլի պէս մարդկանց համար...

Կէս դար տևած աղմուկներից ու տառապանքներից յետոյ միութիւնը կաթօլիկ եկեղեցու հետ կատարված իրողութիւն էր։ Ուրիշ ելք չէր կարող լինել Լեհաստանի այն ժամանակվայ դրութեան մէջ։ Բայց դաւանափոխութիւնը դեռ հայութեան ջնջում չը պիտի նշանակէր. Լեհաստանի հայերը, դադարելով լուսաւորչական լինելուց, պիտի շարունակէին հայ մնալ։ Տարաբախտաբար, նրանք հիմնաւորապէս ոչնչացրել էին այն բոլոր կապերը, որոնք եկեղեցուց դուրս էլ կարող էին նրանց կապել հայութեան հետ։ Նիկօլի սխրագործութիւնները մի ոտանաւոր ողբի մէջ նկարագրող ժամանակակիցն ասում է Լեհաստանի հայ քահանաների մասին.

Չգիտեն բընաւ սահման ուսման,

Եւ չգիտեն զլեզուս հայկեան.

Եւ զինչ կարդան՝ չի հասկանան

Ել գիտողաց վրայ խրոխտանան[43]:

Եթէ այսպէս էին քահանաները, ի՞նչ պիտի լինէր վաճառական ժողովուրդը։ Եւ այդ է պատճառը, որ երբ կրօնափոխութիւնը տեղի ունեցաւ, Լեհաստանի հայութիւնը, այսպէս ասած, օդի մէջ կախված մնաց։ Բաւական էր որ մի սերունդ անցնէր, և նա կորած, անյայտացած էր լեհ ժողովրդի մէջ, մի անորոշ մութ աւանդութիւն պահելով իր ծագման մասին։

Նիկօլին յաջորդեց Վարդան Յունանեանը, որ ամենայն ջերմեռանդութեամբ, լցված հիացմունքով դէպի իր նախորդը, շարունակեց և վերջացրեց նրա գործը։ Եզուիտները շատ լաւ գիտէին, որ կաթօլիկ կրօնաւորները, չը նայած իրանց ոյժին և ճարպիկութեան, չէին կարողանայ հեշտութեամբ հասնել իրանց նպատակին, եթէ նրանց չաջակցէին կաթօլիկացած հայ հոգևորականները։ Սա մի պաստմական օրէնք է, որը նկատել կարող ենք նոյն իսկ մեր օրերում։ Յայտնի է, որ կաթօլիկութիւնը առաջին անգամ Հայաստանի մէջ մտցնողները հայեր էին (ունիթօրները), յայտնի է որ այդ ֆանատիկոսները կատաղի անհաշտութեան այնպիսի անվայել աստիճանների էին հասնում, որ նոյն իսկ Հռօմի աթոռը ստիպված էր լինում սանձահարել նրանց։ Հայը այդպէս էր ոչ միայն Հայաստանում, այլ և Եւրօպայում։ Լեհաստանի գործը հայի ձեռքով սկսվեց, հայի ձեռքով էլ վերջացաւ։

Այդ գործը մէկն էր այն պատմական տրագեդիայի արարուածներից, որի բեմ հանդիսացաւ Լեհաստանը XVII դարում։ Դա ինքն ըստ ինքեան վերցրած՝ մի դժբախտութիւն էր, բայց մի և նոյն ժամանակ մի փոքրիկ կտոր այն ընդհանուր դժբախտութեան, որին մատնվեց ամբողջ Լեհաստանը եզուիտների առաջնորդութեամբ։ Լուսաւոր, բարգաւաճ երկիրը ընկղմվեց խաւարի մէջ․ կորաւ նրա գրական հարստութիւնը, ժողովրդի արիւնը թունաւորվեց, և երկիրը դիմեց դէպի մահ: Տանջանք, արիւն, կրակ, ստորութիւն, խաբէութիւն... և այս բոլորը ի՞նչ անունով, ինչու՞ համար։ Քրիստոսի անունով և կղերի աշխարհական տիրապետութեան համար...

Անկեղծ մարդը, որ դաւանական նախապաշարմունքներից վեր է և որի համար ամենից նուիրականը մտքի ու խղճի ազատութիւնն է, չէ կարող զզուանքով երես չը դարձնել այդ տեսարաններից, որոնց մէջ հերոսները կամ տգէտ ու բութ հայ հոգևորականներն են, կամ արևմտեան աւելի զարգացած, բայց ֆանատիկոս, կրօնը քաղաքական տիրապետութեան գործիք դարձրած կղերը։ Այդ տեսարանները միայն այն են հաստատում, որ մարմնով գերի ու հարստահարվող հայը բռնութիւնների, տանջանքների առարկայ էր և հոգու գործերի մէջ։ Եւ ի՞նչպէս այդ մարդը պիտի կարողանար հասկանալ թէ աշխարհի մէջ կայ և ազատութեան գաղափար...

VI
Պրօպագանդան նեղ կրօնական հիմնարկութիւն է և մտաւոր սնունդ չէ տալիս. նրա տպագրած առաջին հայ գրքերը. այբբենարան, ֆլօրենտինեան ժողովի կանօնադրութիւնը. այդ ժողովի հանգամանքները։ «Առաւել Պարզաբանութիւն»։ -Ֆրանցիսկօ Րիվօլայի բառարանը:

Մենք ասացինք, որ Հաւատի Պրօպագանդան միաժամանակ աւելի եռանդուն դարձրեց իր գործունէութիւնը և Հայաստանում։ Այդտեղ, Նախիջևանի գաւառում, վաղուց գոյութիւն ունէր հայ կաթօլիկների /ունիթօրների/ համայնքը, որ կարող էր կաթօլիկութեան կորիզ դառնալ, բայց երկար ժամանակ համարեա մոռացութեան էր մատնված Հռօմի կողմից։ Պրօպագանդան իր սկզբնաւորութեան օրից ուշադրութիւն դարձրեց իր այդ հեռաւոր հօտի վրա, որի թիւը, եթէ հաւատանք ունիթօր վարդապետների ցուցմունքներին, XVII դարի սկզբում հասնում էր 19․000․–ի[44]: Պրօպագանդան Նախիջևանի գաւառում բաց արեց մի դպրոց, որի ուսուցիչները Եւրօպայից ուղարկված կրօնաւորներն էին և որը, ուրեմն, բարձր պիտի լինէր Հայաստանում եղած բոլոր միւս դպրոցներից: Բացի դրանից, կաթօլիկ հայը կրթութիւն կարող էր ստանալ և Հռօմում, Պրօպագանդայի դպրոցում։ Բայց որքան էլ եւրօպական կրթութիւնը մօտիկ լինէր հայ կաթօլիկ համայնքին, մենք չենք տեսնում, որ նա զարգացումով բարձր լինէր միւս հայերից, որոնց կրթարանները աղքատ ու տգէտ վանքերն էին։ Գոնէ հայ կաթօլիկներից չեն դուրս գալիս յայտնի եկեղեցական գործիքներ կամ այնպիսի ընդունակ մարդիկ, որոնք նոյն իսկ կարողանային հաւասարվել Սիւնեաց դպրոցի աշակերտներին իրանց գրական վաստակներով։

Ի՞նչ է սա ցոյց տալիս։ Պրօպագանդան միմիայն կաթօլիկութիւնն ունէր ի նկատի և նրա դպրոցները նեղ դաւանական հիմնարկութիւններ էին, որոնց մէջ լատինական լեզուն էր առաջնակարգ տեղը գրաւում։ Հայ կաթօլիկ վարդապետների ողորմելի հայերէնը, որի շատ նմուշներն են մնացել, մի լաւ ապացոյց է, որ կաթօլիկ եկեղեցին ամենևին միտք չունէր իր ծոցում պատրաստել կրթված հայեր. նրա համար բաւական էր և այն, որ հայը, ոչնչով չը զանազանվելով իր տգէտ հայրենակցից, լաւ իմանար դաւանական հարցերը, եկեղեցական գրքերի հետ ծանօթ լինէր։ Եւ այնքան խակ ու խեղճ էին հայ կրօնաւորները, որ նոյն իսկ չը կարողացան իրանց աշխատութիւններով ծանօթացնել եւրօպացիներին հայերի, նրանց լեզուի, գրականութեան հետ։ Որ այս անկարողութիւնը լոկ տգիտութեան նշան էր, կարելի է իմանալ նրանից, որ լատին կրօնաւորները. իրանց քարոզչութեան հետ կապում էին նաև հայերէն լեզուի ուսումնասիրութիւնը գիտական նպատակով և այդպիսով էլ հայագիտութեան սկիզբը դրին Եւրօպայում։

Այսպէս միակողմանի ու սահմանափակ էր Պրօպագանդայի նաև տպարանական գործունէութիւնը: 1623 թւականին նա հրատարակում է երկու հայերէն գիրք․ մէկը «Այբբենարան», որ Պրօպագանդայի տպարանի առաջին գործն է, իսկ միւսը ունի հետևեալ վերնագիրը. «Միաբանութիւն Հայոց ընդ Հռովմայ սուրբ եկեղեցւոյն, վասն պարզաբանութեան նոյն օրինացն, և եօթն խորհրդոց սուրբ եկեղեցւոյ. և այլ ևս բազում սուրբ խորհրդոց, որ եղև հրամանօք Էւճենիոսի չորրորդի սուրբ փափին ի ժողովն Ֆիօրենցւոյ, թ․ 1439: Եւ հրամանաւ սրբազան Գրիգորիոսի հնգետասաներորդի սուրբ փափին․ այլ ևս սուրբ ժողովոյն, որ վասն հաստատութեան հաւատոյ են կարդեալ կազմեալ եղև»։ Այս գիրքը թարգմանել է Բարդուղիմէոս Աբգար անունով մի հայ կաթօլիկ քահանայ։

Ֆիօրենցայի կամ ֆլօրենտինեան եկեղեցական ժողովի մասին մենք արդէն խօսել ենք։ Կաւելացնենք այստեղ այն, որ միայն հայերը չէին, որ այդ ժողովում միացան կաթօլիկ եկեղեցու հետ։ Կար մի աւելի մեծ եկեղեցի, որ ճանապարհ բաց արաւ այդ միութեան համար։ Դա յունաց եկեղեցին էր։ Երբ օսմանեան թիւրքերի արշաւանքները բոլորովին ջլատեցին յոյների ոյժը և անխուսափելի դարձրին Բիւզանդիայի վերջնական անկումը, այն ժամանակ Կ․ Պօլսի արքունիքը սկսեց դաշնակիցներ որոնել Արևմտեան Եւրօպայում և այդ բանը աջողեցնելու համար՝ համաձայն էր վերացնել նոյն իսկ կրօնական հակառակութիւնները արևմտեան և արևելեան եկեղեցիների միացմամբ, թէև այս միացումը ոչինչ համակրութիւն չունէր բիւզանդական պետութեան մէջ։ Ֆլօրենտինեան ժողովում ներկայ էին յունաց կայսրը, պատրիարքը, նշանաւոր եկեղեցականները, որոնք երկար ու անօգուտ աստուածաբանական վէճերից յետոյ հարկադրված եղան ընդունել Հռօմի գերիշխանութիւնը, համոզված լինելով, որ պապը ամէնազօրեղ իշխանաւորն է Եւրօպայում, կարող է ամեն ժամանակ հրամայել արևմտեան թագաւորներին միանալ Բիւզանդիայի հետ՝ միասին կռւելու թիւրքերի դէմ։ Եւգենիոս պապը հրաւէր էր ուղարկել նաև նեստօրականներին, ղպտիներին։ Այս բոլոր քրիստոնեաները ներկայացուցիչներ ունէին ժողովում և յոյների հետ ընդունեցին միութիւնը։ Այդպէս էլ գրվեց:

Բայց միութեան համաձայնութիւնը անկեղծ չէր, քաղաքական հաշիւների ճնշման տակ էր տեղի ունեցել։ Երբ Հռօմը անկարող եղաւ արդարացնել Բիւզանդիայի քաղաքական ակնկալութիւնները, յոյները հրաժարվեցին իրանց տուած համաձայնութիւնից․ հայ հոգևորականներն էլ ընդդիմացան միութեան, որովհետև կաթողիկոսը պատգամաւորներ էր ուղարկել առանց նրանց համաձայնութեան. և վերջ ի վերջոյ ֆլօրենտեան միութիւնից մնաց միայն մի թղթի կտոր և Հռօմի պապը երբէք չը տեսաւ իրան միապետ բոլոր քրիստոնեայ եկեղեցիների վրա։ —Ահա այս հին դարմանն էր, որ քամու էր տալիս  Պրօպագանդան, մօտ երկու հարիւր տարուց յետոյ հրատարակելով Եւգենիոսի կօնդակը հայերէն լեզուով։ Նպատակը ինքն ըստ ինքեան հասկանալի է[45]։

Պրօպագանդայի տպարանի հայերէն բաժինը սկզբում շատ աղքատիկ գործունէութիւն ունեցաւ։ Եօթը տարի լալուց յետոյ, նա 1630-ին տպագրեց <<Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան» անունով կրօնական գիրքը, որ թարգմանված էր ֆրանսերէնից Պօղոս-Պետրոս հայ քահանայի ձեռքով։ Այնուհետե գալիս է աւելի երկար ընդմիջում։ Տպարանը մի քիչ եռանդ ցույց է տալիս XVII դարի կէսից, բայց հաւատարիմ մնալով մի և նոյն նեղ կրօնական-դաւանաբանական ուղղութեան։ Կաթօլիկութեան տարածման համար հասատաված. այս բարձր ատեանը արժան չէր համարում, որ ամեն կողմից զրկված հայը իր մայրենի լեզուով մի քիչ լայն ու բազմակողմանի կրթութիւն ստանայ։

Մենք ասացինք, որ լատին կրօնաւորները գիտական նպատակով ուսումնասիրում էին հայոց լեզուն։ Շաա չէ այդպիսիների թիւը․ և առաջինը, որ իր աշիատութիւնների պտուղները հրատարակեց տպագրութեամբ, կանօնիկոս Ֆրանցիսկօ Րիվօլան է։ 1624 թւին նա Միլանում հրատարակել էր հայերէն լեզուի քերականութիւնը լատինական լեզուով և այդ ժամանակ էլ խոսաացել էր շուտով լոյս հանել և իր կազմած հայ-լատիներէն բառարանը։ Այս աշխատութիւնը, իրաւ, լոյս տեսաւ 1633-ին, բայց այս անգամ Պարիզում, ուր արքունական տպարանը ձեռք էր բերել հայերէն տառեր և առհասարակ աշխատում էր արևելեան լեզուներով հրատարակութիւններ անել, որպէս զի այդ միջոցով Ֆրանսիայի ազդեցութիւնը տարածվի Արևելքում։ Րիվօլայի բառարանը բազմաթիւ պակասութիւններ ունի, բայց և այդպէս, պիտի համարվի երախտագիտութեան արժանի մի գործ: Կազմել հայերեն լեզուի բառարան այն ժամանակներում, երբ չը կար այդպիսի փորձ հայերի մէջ—անկասկած մի մեծագործութիւն է մանաւանդ մի օտար մարդու նկտամամբ։ Այդ աշխատութիւնը ցոյց էր տալիս թէ եւրօպական կրթութեան տէր մարդիկ շատ բարերարութիւններ կարող էին անել Արևելքի խեղճ քրիստոնեաներին, եթէ նրանց առաջին և ամենակարևոր նպատակը կրօնական որսորդութիւնը չը լինէր։ Դժբախտաբար, կաթօլիկ կրօնաւորը կարծում էր թէ հայը, նեստօրականը, ղպտին միանգամայն երջանկութեան կը հասնեն, եթէ, օրինակ, պատարագի ժամանակ ջուր խառնեն բաժակի հետ և կամ մի այլ ծիսակատարութեան մէջ հետևեն Հռօմի հրահանգներին։ Արարողութիւններով կաթօլիկ, բայց հոգով ու մտքով խաւար ասիացի—այսպիսի հօտ էր հարկաւոր արևմտեան եկեղեցականներին:


VII

Տպագրութիւնը զարգացնելու ջանքեր հայերի մէջ: –Սրապիոն կաթողիկոսի կտակը։ —Ջուղայի Ամենափրկիչ վանքը։ —Խաչատուր Կեսարացի։ —Սիմէօն աբեղայ։ —Խաչատուր Կեսարացին տնային միջոցներով տպարան է շինում: —«Հարանց Վարք» և նրա յիշատակարանի թողած տպաւորութիւնը։ —Յովհաննէս վարդապետը ուղարկվում է Եւրօպա՝ տպագրական արուեստը ուսումնասիրելու։ —«ժամագիրք». վարպետ Մինաս նկարիչ։ —Յովհաննէս վարդապետը Իտալիայում։ —Արգելքներ Հռօմի մէջ, Լիվօրնօ։ —«Սաղմոս»։ —Վերադարձ հայրենիք։ —Տպագրութիւններ Ջուղայում։ —Տպարանի խափանում: —Յովհաննէս Անկիւրացի։ —Նրա տպագրութիւնները։ —«Յիսուս Որդի»։

Մենք հասանք XVII դարի համարեա կէսին, յիշատակելով այն բոլոր հրատարակութիւնները, որոնք լոյս տեսան այդ ժամանակամիջոցում։ Որքան յուսահատ դանդաղկոտութեամբ է առաջ գնում հայկական տպագրութիւնը։

Նրա սկզբնաւորութիւնից արդէն հարիւր տարուց աւել է անցել, բայց, ինչպէս տեսնում էք, նա դեռ ևս պատահական, անհաստատ բան է, դեռ թափառում է Եւրօպայի զանազան քաղաքներում և գործում է շատ թոյլ ,երկար ընդհատումներով։ Ի վերջոյ մնացել են երկու օտար հիմնարկութիւններ, որոնք մի մի յիշեցնում են հայերին որ նրանք սկսած գործ ունեն, բայց միայն այդքանը և ոչ աւել։ Դրանցից մէկը Հռօմի Պրօպագանդան է, միւսը Պարիզի արքունական տպարանը։ Մենք տեսանք թէ ինչպէս էր Պրօպագանդան վերաբերվում հայերի կրթական պահանջներին. յոյս դնել նրա վրա չէր կարելի, ինչպէս նաև Պարիզի տպարանի վրա, որ Րիվօլայի բառարանը և «Առաւել պարզաբանութիւն» գրքի երկրորդ տպագրութիւնը հրատարակելուց յետոյ բոլորովին մոռացութեան տուեց իր հայերեն տառերը։

Նշանաւոր է որ մեր յիշած ժամանակամիջոցում Հայաստանից մարդ չէ գնում Եւրօպա՝ տպագրութեամբ զբաղվելու։ Մենք գիաենք թէ ինչու էր այդպէս, քանի որ արդէն ծանօթ ենք այն տանջանքների հետ, որոնք թափվեցին հայերի գլխին։ Պէտք է, սակայն, աւելացնենք, որ քաղաքական և ընտանի տագնապների մէջ անգամ գտնվում էին հայեր, որոնք չէին մոռանում տպարանը։ Շահ-Աբբասի աւերածութիւնների ժամանակ մենք տեսանք էջմիածնում Սրապիոն կաթողիկոսին։ Սա, լինելով գրասէր մարդ, շատ էր մտածում գրքեր տպագրելու մասին, բայց այն սոսկալի ժամանակներում, ի հարկէ, անկարելի էր մի այդպիսի ցանկութիւն իրագործելը. ուստի կաթողիկոսը իր աշակերտ Գրիգոր Կեսարացուն կտակեց իր բաղձանքը, պարտք դնելով նրա վրա որ աշխատէ տպարան հիմնել։ Սակայն Գրիգորն էլ չը կարողացաւ գլուխ բերել այդ գործը և իր կողմից Սրապիոնի կտակը յանձնեց Յովհաննէս Անկիւրացուն[46]։

Մելքիսէթի երկարամեայ կաթողիկոսութեան օրով վայրենացած հոգևորականութիւնը չէր կարող նոյն իսկ մտածել և կտակներ թողնել տպագրութեան մասին։ Մելքիսէթին յաջորդեց նրա եղբօրորդի Սահակը, որ պարտք համարեց իր տխրահռչակ հօրեղբօր մի հարազատ կտորը մնալ. նոյնպէս շրջապատված պարսիկ հարկահաններով, նոյնպէս աստանդական՝ ժողովրդի արիւնը ծծելու համար և նոյնպէս անարգված ժողովրդից: Բայց Սահակը երկար չը կարողացաւ իր քաջագործութիւնները ցոյց տալ։ Հայ ժողովրղի մէջ արդէն այնքան գիտակցութիւն և ոյժ էր հաւաքվել, որ նա կարողանում էր դիմադրել ու պատմել գոնէ իր վեղարաւոր խաներին։ Եւ այդ սանձահարող գիտակցութիւնը գալիս էր գլխաւորապէս Նոր-Ջուղայից։ Նա էր, որ կաթողիկոսական աթոռի վրա գրեց բարեխիղճ, շինարար Մովսէսին. նա էր, որ յամառութեամբ չուզեց ընդունել Սահակին, որ և է կերպով աջակցել նրան։ Եւ Սահակը հարկադրված էր փախչել Օսմանեան երկիրը, ուր աշխատում էր կաշառքներ տալով և հարկեր խոստանալու միջոցով կաթողիկոս դառնալ թիւրքահայերի վրա, բայց խայտառակվեց, մեծ վէզիրի հրամանով սաստիկ ծեծ կերաւ և հազիւ ազատվելով մահից, գնաց Էջմիածնի խուցերում իր մեղքերը ապաշխարութեամբ քաւելու իբրև մի պարզ միաբան։

Ջուղան ազդում էր ոչ միայն այն պատճառով, որ հարուստ էր և ինքնավար, այլ և այն պատճառով, որ ներկայացնում էր մի մտաւոր կենտրօն։ Հայասաանից այդտեղ էին փոխադրված բազմաթիւ գրքեր, այնպէս որ Ամենափրկչի վանքը այն ժամանակներում կարող էր Հայաստանի ամենահարուստ գրադարանը համարվել. իսկ Ջուղայի առաջնորդ Խաչատուր Կեսարացին ամեն ջանք գործ էր դնում մի լաւ դպրոց էլ պահելու վանքում։ Դա նոյն Խաչատուր վարդապետն էր, որ Լեհաստանում չէր իմացել թէ «վարեմ» բառը ինչ է — բա՞յ թէ անուն։ Նրա հետ էր մի երիտասարդ աբեղայ, Սիմէօն անունով, որ նոյնպէս ենթարկվել էր լատին կրօնաւորների ծաղրին նոյն այդ տգիտութեան պատճառով։ Վերադառնալով էջմիածին, Խաչատուրն ու Սիմէօնը գտան այդտեղ Լիմ կղզու անապատի մեզ ծանօթ Մելքիսէթ վարդապետին, որ այնքան դառն տանջանքներով ուսումնասիրել էր գիտութիւնը։ Խաչատուր վարդապետը այնպիսի մարդկանցից էր, որոնց համար սովորելը երբէք ուշ չէ։ Եւ նա Սիմէօն աբեղայի հետ սկսեց դասեր առնել Մելքիսէթ վարդապետից[47]:

Այդքան բարեխղճութիւն ունեցող մարդը չէր կարող լուսաւորութեան բարեկամ չը հանդիսանալ։ Եւ Ջուղայի Ամենափրկչեան վանքում Խաչատուրը հաւաքեց աշակերտներ, ամեն յարարութիւներ ստեղծեց, որ նրանք առաջադէմ ու կրթված լինեն։ Այդ դպրոցը, որ Ջուղայի պատմագիրներից մէկը անուանում է համալսարան, ազատում էր աշակերտին ամեն տեսակ կողմնակի հոգսերից, տալով նրան այն ամենը, ինչ հարկաւոր էր ապրուստի համար. դրա փոխարէն աշակերտը պիտի նուիրվէր իր գրքերին։ Սիմէօն վարդապետը Խաչատուրի աջ թևն էր․ նա կրթական գործը հասցրեց նախանձելի դրութեան, ինքն էլ զբաղվում էր գրաւոր աշխատութիւններով և շուտով հռչակվեց ամբողջ Հայաստանի մէջ իբրև գիտնական վարդապետ։

Հասկանալի է, որ Ամենափրկչեան վանքի շրջանում պիտի լաւ զգացվէր տպարանի կարևորութիւնը։ Եւ որովհետև անկեղծ ոգևորութիւնը ընդունակ է գործ ստեղծել նոյն իսկ ոչնչից, ուստի և Խաչատուր վարդապետը իր օգնականների հետ գլուխ բերեց մի այնպիսի գործ, որ աւելի հրաշքի էր նման։ Նա բաց արաւ Ջուղայում տպարան և 1640 թւականին հրատարակեց «Հարանց Վարք» անունով գիրքը: Տպարան Պարսկաստանի խորքերում, այն էլ այդ խաւար ու բարբարոսական ժամանակներում–—սա ինքն ըստ ինքեան մի մեծագործութիւն էր, որ պատիւ էր բերում հայի կուլտուրական ընդունակութիւններին։ Բայց հրաշալին այդ չէ, այլ այն, որ Ջուղայի տպարանը ամբողջովին շինված էր տնային միջոցներով։ Խաչատուր վարդապետը ոչ ոքից չէր սովորել տպագրական արուեստը, այդպէս էին և նրան շրջապատողները։ Բայց նրանք կարողացան խելքով ըմբռնել, թէ ինչ է պահանջվում և փորագրեցին տառեր, շինեցին մամուլ, մինչև իսկ թուղթն էլ պատրաստեցին տեղն ու տեղը շարեցին, տպագրեցին։ Ասել հարկաւոր չէ, որ այդպիսի ինքնահնար միջոցներով գլուխ բերած գործը խոշոր պակասութիւններ պիտի ուևենար. և իրաւ, Ջուղայի այդ անդրանիկ տպագրութիւնը տգեղ էր ու անկատար, աշխատողների անհմտութիւնն էր ցոյց տալիս։

Բայց պակասութիւները ոչինչ են այն փաստի առաջ, որ այդ բոլորը պատրաստված էր հայ մարդու ձեռքերով, Ասիայում, առանց մասնագէտ վարպետների ցուցմունքների և աջակցութեան: Միայն դէպի գործն ունեցած սասաիկ սէրն էր կարող դրդել Խաչատուր վարդապետին և նրա օգնականներին յանձն առնել այդքան ծանր աշխատանքը, չը յուսահատվել հազարաւոր դժուարութիւննեից։ Այս է ամենից կարևորը։

Գրքի յիշատակարանը թողնում է ձեզ վրա գեղեցիկ տպաւորութիւն։ Դուք երևակայում էք մահմեդական աշխարհի մի հեռւաւոր անկիւում շինած քրիստոնէական մի վանք, ուր սովորական ծուլութեան և հացկատակութեան տեղ եռում է գաղափարական գործունէութիւնը․ մտածում են, ծրագիրներ են կազմում, թէ ինչպէս անեն, որ լոյս ստանայ սարսափելի դժբախտ ժողովուրդը Հայաստանում և ինչպէս ստեղծեն այն գործիքը, որ այգ լոյսն է տարածում։ Հաւաքված են հոգևորականներ և աշխարհականներ, ծեր ու երիտասարդ, քահանայ ու վարդապետ, աշակերտ ու վարպետ, բաժանել են աշխատանքը և գործում են մեծ համբերութեամբ։ Անտարբեր ու անգործ չէ նոյն իսկ ծերունի խոհարար Տէր Յուսիկը, նա էլ օգնում է եղբայրներին։ Նայելով շրջապատող պարսկական իրականութեան, մտաբերելով, որ այդ աշխատաւորներից շատերը տարիներ առաջ բռնութեամբ հեռացրված էին իրանց հայրենի հողից և արտասունքներով էին թրջում այն երկար ճանապարհը, որ վերջը բերեց հասցրեց նրանց այստեղ, տեսնելով թէ որպիսի յոյսերով և սրբազան ակնկալութիւններով են այդ մարդիկ պատում իրանց ձեռքով շինած անարուեստ, կոպիտ մամուլի շուրջը, դուք յիշում էք ֆրանսիական հռչակաւոր պատմաբան Միշլէին, որ XIX դարի աոաջին կէսից հիացմունքով նայում էբ XVI դարի վենետիկեան մեծ տպագրիչների դաժան աշխատութիւններին և բացականչում էր․ «Սուրբ գործ»։

Իր սարքած տնային գործով Խաչատուր Կեսարացին, բնականաբար, չէր կարող բաւականանալ այդ պատճառով էլ աղաչում էր ընթերցողներին ներողամիտ լինել տպագրական պակասութիւնների վերաբերմամբ, որովհետև, ասում է, այդքանը միայն կարելի եղաւ անել։ Բայց նա մի և նոյն ժամանակ միջոցներ է ձեռք առնում, որ օգտակար գործը կատարեալ ու գեղեցիկ էլ լինի: Առանց Եւրօպայի օգնութեան յոյս չունենալով հասնել այդ նպատակին, նա 1639 թւին, երբ «Հարանց Վարքը» դեռ տպված վերջացած չէր, Եւրօպա ուղարկեց իր աշխատակիցներից մէկին. Յովհաննէս վարդապետին, արուեստը ուսումնասիրելու և նոր տեսակ տառեր պատրաստել տալու համար։

Չը սպասելով վարդապետի վերադարձին, նոյն այդ ինքնահնար տպարանը 1642-ին լոյս է հանում և մի <<Ժամագիրք>>, որ ցոյց է տալիս թէ Ամենափրկչեան վանքի աշխատաւորները բաւական առաջադիմել էին իրանց գործի մէջ. տպագրութիւնը, առաջինի հետ համեմատած, աւելի լաւ է, բայց նշանաւորը այն է մանաւանդ, որ պատրաստվել են նոր, աւելի կանօնաւոր տառեր: Ջուղայում հեշտ էր նկարչական նրբութիւններ հասկանալը, հեշտ էր անբաւական մնալ եղածով և աւելի լաւին ձգտել։ Այնտեղ կար գեղագիտական զարգացած ճաշակ։ Հայ մեծատունների ապարանքների պատերը այդ ժամանակ ծածկված էին գեղեցիկ ծաղկանկարներով և պատկերներով. և այդպէս զարդարողը երևելի պատկերահան վարպետ Մինասն էր, մի ջուղայեցի հայ, որին Առաքել պատմագիրը անուանում է հայոց ազգի պարծանք։ Այդ տաղանդաւոր մարդը նկարչութիւն սովորել էր Բերիայում, մի ֆրանսիացու մօտ, և իր ճարտարութեամբ ու հիանալի գործերով Պարսկաստանի մեջ մեծ անուն հանեց, դարձաւ պարսից շահի պալատական նկարիչ։ Մենք չը գիտենք, թէ վարպետ Մինասը ինչ մասնակցութիւն ունեցաւ Ջուղայի տպագրութեան մէջ․ բայց չէնք կարող կասկածել, որ նրա նկարների վրա գեղարուեստական ճաշակ զարգացրած ջուղայեցին չէր կարող բաւական համարել և այն առաջադիմութիւնը որ ցոյց էր տուել Ամենափրկչի տպարանը երկու տարվայ մէջ։ Ուստի Խաչատուր վարդապետը «Ժամագրքի» յիշատակարանի մէջ էլ ներողութիւն է խնդրում և յայտնում է, որ Յովհաննէս վարդապետը արդէն շրջում է «լատինացոց աշխարհում»՝ տպարանական գործը լաւ սովորելու համար։

Այս ճանապարհորդի հետ մենք էլ պիտի տեղափոխվենք Իտալիա, ուր նորից եռանդուն փորձեր են լինում՝ հայերէն տպագրութիւն հաստատելու համար։ Յովհաննէս վարդապետը ճանապարհորդում է մի ամբողջ տարի և վերջը ստիպված է լինում կանգ առնել Իտալիայում, որովհետև հայերէն տառերի հետ այդտեղ էին ծանօթ: Շրջելով Վենետիկի տպարանները, նա չը հաւանեց այնտեղ եղած հայերէն տառերը և, չը գտնելով հմուտ վարպետներ, անցաւ Հռօմ։ Այստեղ նրա առաջ մեծամեծ արգելքներ հանդիսացան. գլխաւորը այն էր, որ Պրօպագանդան, իբրև կաթօլիկութեան սիւն, չէր կարող թոյլ տալ, որ իր քթի տակ մի «հերձուածող եկեղեցու» վարդապետ տպարան կազմէ, թէև դա չը պիտի մնար Իտալիայի ուղղափառ հողի վրա, այլ պիտի գնար մի խեղճ ու խաւար երկիր։ Այս երկրի հոգիների փրկութեան համար շատ էր մտածում կրօնական այդ մեծ ժողովը, ուստի այնտեղ տպարան տանելը և նրա միջոցով հերետիկոսութիւն տարածելը շատ վտանգաւոր մի հանգամանք էր բարեպաշտ ֆանատիկոսութեան տեսակէտից։ Յովհաննէս վարդապետը չը յուսահատվեց այն արգելքներից և հակառակութիւններից, որոնք գործադրվում էին նրա ձեռնարկութիւնը խափանելու համար։ Ամեն տեսակ վիշտ ու տառապանք կրելով, նա կարողացաւ իր սկսածի մի մասը գլուխ բերել Հռօմում, իսկ երբ արգելքները աւելի ևս սաստկացան, նա վերցրեց իր վարձած վարպետներին ու արդեն պատրաստ տառերը և տեղափոխվեց Լիվօրնօ քաղաքը, ուր այդ ժամանակ արդեն գոյութիւն ունէր հայ վաճառականների մի գաղթականութիւն։

Այստեղ, չը նայած որ Պրօպագանդան արդեն հայերին իր հսկողութեան տակ էր առել կաթօլիկ հայ հոգևորականների միջոցով, պայմանները համեմատաբար նպաստաւոր էին, մանաւանդ որ հայ վաճառականները նիւթական օգնութիւն էին հասցնում վարդապետին։ Լիվօրնօի մէջ վերջացաւ այն գործը, որի համար Յովհաննէսը երեք տարի և երեք ամիս մաքառել ու տանջվել էր։ Իր տառերով նմուշը Ջուղայի առաջնորդին ցոյց տալու համար նա 1643 թւին, 80 օրվայ ընթացքում, տպագրեց մի «Սաղմոս» (1050 օրինակի), որի յիշատակարանում հաշիւ տուեց իր կատարած գործերի մասին։ Այդտեղից իմանում ենք, որ նա պատրաստել էր տուել զանազան մեծութեան տառեր, բազմաթիւ տպարանական զարդեր, նոյն իսկ նօտաներ՝ երգերի եւ շարականների համար։ Նկարագրելով իր կրած սաստիկ նեղութիւնները, նա ներողութիւն էր խնդրում առաջնորդից որ չը կարողացաւ աւելին անել և իրան համեմատում էր մի մարդու հետ, որ մտնում է պատերազմ և արիւնով մի բան է ստանում։ Այսքան դժուար է եղել խլել աննպաստ հանգամանքների և մանաւանդ Պրօպագանդայի բերանից այդ տպարանական հարստութիւնը։ Եւ դա ճիշտ որ հարստութիւն էր. Յովհաննէս վարդապետը համարեա մի նոր դարագլուխ է բաց անում հայ տպագրութեան արուեստի մէջ, այնքան նա կարողանում է գեղեցիկ և վայելուչ ձև տալ հայերէն տառերին, բազմատեսակութիւն մտցնել նրանց մէջ։ Չը գիտենք, այդ վերանորոգութիւնը ամբողջապէս վարդապետի գեղագիտական զարգացմա՞ն արդիւնք է թէ նա Ջուղայից բերել էր նկարներ և նմուշներ։ Յամենայն դէպս, վարդապետը հայ տպարանի երախտաւորներից մէկն է։

Վերջացնելով գործը Իտալիայում, Յովհաննէս վարդապետը ուղարկում է տպարանր Ջուղա և ինքն էլ վերադառնում է այնտեղ՝ տարիների փորձով հմտութիւն ձեռք բերած։ Բայց տանը նրան սպասում էր հիասթափութիւն․ Խաչատուր Կեսարացին վախճանվել էր և Ամենափրկչեան վանքում արդէն կային մարդիկ, որոնք աւելորդ էին համարում տպագրական գործը։ Վարդապետը ստիպված է լինում Ջուղայում էլ մաքառել, այս անգամ հայրենի տգիտութեան դէմ, և սկսում է տպագրութիւններ, թէև առանձին աջողութիւն չէ ունենում։ Յայտնի է հասատաապէս, որ նա 1647 թւին հրատարակեց «Պարզատումար Ազարիայի»[48] անունով գիրքը. կայ վկայութիւն, թէ նա ուրիշ գրքեր էլ տպագրեց (օրինակ, ինչ-որ «Լիակատար Պուտմութիւն»), մինչև իսկ սկսեց Աստուածաշունչի տպագրութիւնն էլ, որը, սակայն, հարկադրված եղաւ կիսատ թողնել[49]: Խաչատուր Կեսարացու մահից յետոյ հինգ տարի Ջուղան մնաց առանց առաջնորդի և կառավարվում էր նրա աշակերտ Դաւթի ձեռքով։ Այդ ժամանակ Յովհաննէս վարդապետի դէմ հակառակութիւնը այնքան սաստկանում է (գուցէ կռուածաղիկը առաջնորդական աթոռն էր), որ նա հարկադրված է լինում գնալ Էջմիածին, ուր նրան եպիսկոպոս են ձեռնադրում և ուղարկում Հին Ջուղա։ Այդտեղ հմուտ տպագրիչը, իր ժողովրդի իրաւունքները պաշտպանելիս, սպանվեց. Ջուղայի տպարանը առժամանակ փակված մնաց։

Յովհաննէս վարդապետից առաջ Եւրօպա էր գնացել և հայերէն տպագրութեան համար աշխատում էր մի ուրիշ Յովհաննէս, Անկիւրացի։ Սրան էր անցել, ինչպէս ասացինք, Սրապիոն կաթողիկոսի կտակը Գրիգոր Կեսարացու միջոցով։

Յովհաննէս Անկիւրացին նոյնպէս հայ տպարանի համար չարչարվածներից էր։ Եւ նրա չարչարանքը աւելի երկարատև էր—ամբողջ վեց տարի, թէև նա, ինչպէս երևում է, ջուղայեցու պէս խիստ ընդհարումներ չէ ունեցել կաթօլիկ կղերի հետ։ Ընդհակառակն, իմանալով իտալերէն լեզուն, նա այնքան մօտիկ յարաբերութիւններ ունէր օտարազգիների հետ, որ նոյն իսկ նրա անունը դարձրել էին Ջօվաննի Մուլինօ։ Իսկ Պրօպագանդան ոչ միայն չէր հալածում նրան, այլ նոյն իսկ յանձնարարութիւններ էր տալիս նրան: Այսպէս է վկայում այն «Խորհրդատետրը», որ հայերէն ու լատիներէն լեզուներով հրատարակեց Պրօպագանդայի տպարանը 1642-ին: Այդ գրքի մէջ Յովհաննէս Անկիւրացին վաւերացրել է հայերէնի և լատիներէնի համեմատական ճշտութիւնը, այսինքն կատարել է մի պաշտօն, որ ենթադրել է տալիս թէ նա Հռօմում կարևոր դիրք ունեցող մի անձն էր։ Բայց այդ բոլոր յարմարութիւնները չազատեցին նրան անախորժութիւններից ու տանջանքներից, երբ հարկաւոր էր կատարել Սրապիոն կաթողիկոսի կտակը։ Միայն 1642-ին, գտնելով Վենետիկում երկու բարեսէր օտարազգիներ, Անկիւրացին նրանց հաշւով կարողացաւ տպագրել «Սաղմոս», իսկ հետևեալ տարին-Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի» անունով նշանաւոր աշխատութիւնը։ Սա հայ մատենագիրների առանձին հրատարակութեան առաջին փորձն էր: Անկիւրացին միտք է ունեցել և Աստուածաշունչ տպագրել և, ինչպէս երևում է, ուզում էր տպարան հիմնել Կ․ Պօլսում։ Բայց այդ երկու տպագրութիւններով էլ վերջանում է նրա գործունէութիւնը և յայտնի չէ թէ ինչ եղաւ նա յետոյ։

VIII

Կրթական շարժումը հետզհետէ նկատելի է դառնում։ –Մրցութեան պահանջ կաթօլիկ քարոզիչների դէմ։ —Պօղոս Պիրօմալի։ —Նրա հայերէնագիտութիւնը։ —Ոսկան վարդապետ Երեւանցի։ —Նրա կենսագրութիւնը։ —Լատինացրած հայերէն։ —Կղեմէս Գալանոս։ —Քարոզիչ հայերի մէջ։ —Խռովութիւններ Կ. Պօլսում: —Գաւառացիների եւ բնիկների թշնամութիւն։ —Թիւրքիայի անկումը եւ հայ տեղանաւորների իշխանութիւնը։ —Ընդհարումներ պատրիարքական աթոռի շուրջը։ —Գալանոսը խռովութիւնների մէջ։ —Նա աշխատում է պաշտօնանկ անել պատրիարքին եւ վռնդում է Կ. Պօլսից։ —Գալանոսի «Միաբանութիւն Հայոց եկեղեցւոյ» աշխատութիւնը։ —Նմուշներ։ —Գրքի կատարած դերը Եւրօպայում։ —․Քերականութեան եւ տրամաբանութեան դասագիրքը։ Գալանոսը իբրև հայագէտ։ —Լվօվի պապական դպրոցը։

Հայ տպագրիչները յանձն են առնում ամեն տեսակ զրկանքներ, չարչարվում են օտարութեան մէջ, բայց նրանց տպագրածները միայն եկեղեցական գրքեր են։ Կարծես, տպարանի հետ կապված է այն հասկացողութիւնը թէ դա մի գործարան է, որ պիտի արտադրէ Սաղմոս ու Ժամագիրք։ Ժամանակակից գրագէտ հայը հեռու է նրանից և մամուլի տակ չեն մտնում նրա ինքնուրոյն կամ թարգմանական աշխատութիւնները։ Եւ սակայն չենք կարող ասել թէ XVII դարը իր նախորդի հարազատ շարունակութիւնն էր։ Այժմ այլ ևս այն համատարած սև անապատը չէ, այժմ մօնղօլական սարսափների թողած խաւարում երևում են վառ ճրագներ և Հայաստանը կարող է ասել որ թէև ինքը աւերակ է, բայց գոնէ գրագէտ երկիր է։

Մենք քայլ առ քայլ հետևեցինք այն մտաւոր գործունէութեան, որ կեանք առաւ ընդհանուր վայրենացման և ապականութեան օրերում։ Այդ գործունէութեան առաջին կայանն էր Սիւնեաց դպրոցը, որ, ինչպէս գիտենք, կատարեց երկու գործ—վերանորոգեց գրագիտութիւնը և փոքր ի շատէ բարեկարգեց հոգևորականութիւնը։ Այնուհետև այդ դպրոցի առաջադիմութեան երկրորդ աստիճանը մենք տեսնում ենք Ջուղայում. այստեղ արդէն հասարակ գրագիտութիւն չէ, որ դժուար դրութեան մէջ է ընկնում, երբ հարց է լինում թէ ի՞նչ բան է «վարեմ» բառը, այստեղ արդէն Մելքիսէթ վարդապետի ուսումնասիրած քերականութիւնն ու փիլիսոփայութիւնը ունեն այնպիսի ներկայացուցիչ, որպիսին է Սիմէօն վարդապետը։ Սերունդները առաջացնում են սկսված գործը։ Մովսէս կաթողիկոսը Սիւնեաց դպրոցի մարդ է, նրա աշակերտներից Խաչատուր Կեսարացին Ջուղայի «համալսարանն» է հիմնում, իսկ Փիլիպոսը, Մովսէսից յետոյ կաթողիկոս դառնալով, 1640-ին բաց է անում մի մեծ դպրոց Էջմիածնում։

Այս կրթական շարժումը, այնուամենայնիւ, համարեա ոչինչ ազդեցութիւն չէ անում տպագրութեան վրա մինչև XVII դարի կէսը։ Մամուլը նոր, ժամանակակից գրականութեան գործիք չէ․ շարունակվում է դեռ հին դրութիւնը, այսինքն լոյս են հանվում անցեալից մնացած հատ ու կտոր, ամենագործածական գրքեր, որոնք աւելի եկեղեցուն են հարկաւոր։ Եւ չէ կարելի ասել թէ ժամանակակից հեղինակութիւն բոլորովին չը կայ: Օրինակ, հէնց նոյն հռչակված Սիմէօն վարդապետ Ջուղայեցին գրել է մի քերականութիւն. դա դասագիրք էր դպրոցներում, գործ էր ածվում, երևի, շատ տեղ, որովհետև համարեա առաջին հայերէն քերականութիւնն էր, բայց․և այդպէս, տպագրվեց միայն 1725 թւին: Եւ այսպէս ահա, տպագրութիւնը հայերի մէջ սկզբից և եթ ընդունում է միակողմանի, նեղ, մասնաւոր ուղղութիւն:

Եւ եթէ այդպիսի միակողմանիութեան մէջ էլ հայ տպագրութիւնը չը քարացաւ, դրա պատճառը կաթօլիկ քարոզիչներն էին։ Որքան էլ այդ կրօնաւորները ատելութիւն և հակառակութիւն էին մտցնում ազգի մէջ, անուրանալի է և այն, որ նրանց արշաւանքը այսպէս թէ այնպէս առաջացնում էր շարժում։ Հայերը ստիպված էին մաքառել, տեսնում էին իրանց անպատրաստականութիւնը, լցվում էին հակառակորդների նման լինելու, նրանց զէնքերով մրցելու և դիմադրելու ձգտումներով։ Եւ կաթօլիկ քարոզիչները շատ յաճախ հանդիսանում էին հայ հոգևորականների համար ոչ միայն իբրև հակառակ կողմ, թշնամի, այլ և իբրև ուսուցիչ։

Մենք յիշեցինք, որ Նախիջևանի կաթօլիկ հայերի համար բացված դպրոցում ուսուցչութիւն էին անում Եւրօպայից ուղարկված կրօնաւորներ։ Այդպիսիներից մէկն էր դօմինիկեան կրօնաւոր Պօղոս Պիրօմալի, որ 1632 թւականից՝ հաստատվեց Հայաստանում։ Ինչպէս երևում է, դա բաւական խելացի և ընդունակ մարդ էր, որ հասկանում էր թէ կաթօլիկ քարոզչութիւնը պէտք է առաջ տանել մեղմութեամբ, առանց կրքեր վառելու, առանց խռովութիւնների։ Այդ պատճառով էլ նա շատ լաւ ընդունելութիվն էր գտնում ոչ միայն Հայասաանի զանազան կողմերում, ուր ճանապարհորդում էր, այլ և Էջմիածնում, կղերականների շրջանում։ Պիրօմալին քսան տարուց աւել պաշտօն վարեց Հայաստանում և կարողացաւ բաւականաչափ տեղեկանալ հայոց լեղուին։ Այնքան մեղմ ու բարեկամական էին յարաբերութիվները դօմինիկեան քարոզչի և հայ հոգևորականների մէջ, որ առաջինը նոյն իսկ քարոզում էր հայոց եկեղեցիներում։ Եթէ քրիստոնէութիւնը միայն ծէսերի և հնաւանդ ու ժանգոտած նախապաշարմունքների պաշտամունք դարձած չը լինէր, ազգերի մէջ քրիստոնէական ընդհանուր գաղափարները վաղուց եղբայրութիւն կը հաստատէին և Պիրօմալին հայոց եկեղեցում մի արտասովոր բան չէր ներկայացնի, այլ հայը կաթօլիկի, կաթօլիկը յոյնի, բողոքականը նեստօրականի եկեղեցում կարող կը լինէին խօսել իբրև բարեկամներ, իբրև մի ընդհանուր աղբիւրից փոխադարձ սիրոյ, համերաշխութեան գաղափարներ ստացողներ։ Բայց այսպիսի բախտից աշխարհը վաղուց էր զրկվել, և ազգերը վաղուց անջատված էին միմեանցից կղերականների անէծքներով ու հայհոյանքներով։ Որքան էլ Պօղոս Պիրօմալին բաց ասպարէզ ունէր ցոյց տալու համար թէ իսկական քրիստոնէութիւնը շատ և շատ բարձր է դաւանական և ծիսական նախապաշարմունքներից, բայց նա էլ կղերական էր, այն էլ կաթօլիկ միսիօնար, որի համար բոլոր ճշմարտութիւններից առաջ պապն էր կանգնած իր համաշխարհային տիրապետութեան տենչանքով․ ուստի նա էլ չէր կարող մոռանալ բաժակի մէջ ջուր խառնելու, Լևոնի տումարի, պասի ժամանակ ձուկ ուտելու կամ չուտելու հարցերը։ Եւ նա սկսեց ուսումնասիրել հայերէն հին հեղինակութիւնները, որպէս զի ապացուցանէ հայերին թէ նրանք թիւրիմացութեամբ են Հռօմի կողմից հերձուածողների կարգում գրվել, քանի որ սկզբից և եթ կաթօլիկ են եղել։

Արա՞ւ նա այդպիսի գիւտ թէ ոչ-այդ մեզ չէ կարող հետաքրքրել։ Մեզ համար նշանակութիւն ունեցողը այն է, որ դօմինիկեան կրօնաւորը 35,000 հայերէն բառեր հաւաքեց և կազմեց հայ-լատիներէն բառարան, որը, սակայն անտիպ էլ մնաց։ Պիրօմալի գրեց նաև Քաղկեդօնի ժողովի պատմութիւնը, մի կրօնական վիճաբանութիւն Սիմէօն Ջուղայեցու դէմ և «Յաղագս ճշմարտութեան հաւատոյն քրիստոնէականի առ Շահ Ապպաս արքայ Պարսից» գիրքը, որ տպագրվեց Պրօպագանդայի տպարանում 1674–ին: Աւելի նշանաւոր է այն, որ Պիրօմալի մտերմացաւ մի հայ վարդապետի հետ, սկսեց նրանից հայերէնի դասեր առնել և ինքն էլ լատիներէնի դասեր տալ նրան: Դա նշանաւոր Ոսկան Երևանցին էր։

Այս վարդապետը մեծ անուն է ստացել մեր տպագրութեան պատմութեան մէջ և իր ժամանակի լաւագոյն, լուսաւորված հոգևորականներից մէկն էր։ Ուստի շատ հետաքրքրական պիտի լինի մեզ համար նրա թողած ինքնակենսագրութիւնը[50], որի մէջ դուրս են բերված և մեզ ծանօթ մի քանի համակրելի դէմքեր։

Երևանցի էր կոչվում Ոսկան վարդապետը այն պատճառով, որ նրա հայր Թորոսը և մայր Գօհարազիզը, դեռ երիտասարդ հասակում, Շահ Աբբասի Երևանից տարած գաղթականութեան հետ տարվեցին Սպահան, ուր և ամուսնացան։ Ինքը, Ոսկանը, ծնվել է Սպահանում 1614 թւականի յունվարին։ Պատանեկութեան հասակում նրան գրագիտութիւն սովորեցրին տեղական քահանայի մօտ։ Ծնողները այդքան բաւական էին համարում, բայց Խաչատուր Կեսարացու ժամանակ Ջուղայում զարգացած դպրոցական գործը այնքան գրաւում է Ոսկանին, որ նա, հակառակ ծնողների կամքին, մտաւ Ամենափրկչի վանքի դպրոցր։ Այդտեղ Ոսկանը սովորում է այնքան, ինչ կարող էր այդ ժամանակ տալ Սիւնեաց դպրոցը։

Շուտով Խաչատուր Կեսարացին , Մովսէս կաթողիկոսի յանձնարարութեամբ, գնում է Լեհաստան, իսկ Ոսկանին կաթողիկոսը, Սպահանից վերադառնալիս, իր հետ տանում է Էջմիածին։ Այստեղ նա տեսնում է Լիմ կղզուց եկած Մելքիսէթ վարդապետին․ սակայն գիտութեան համար այնքան չարչարված մարդը բոլորովին մոռացութեան էր մատնված։ Ոչ ոք չէր ուզում աշակերտել նրան, որովհետև ամենքը իրանց գիտուն էին համարում, իսկ վարդապետի ձեռք բերած գիտութիւնը ոչ միայն չէին հաւանում, այլ և դատապարտում էին։ Ինքը, Ոսկանն էլ, չը գնահատեց այդ մարդուն, բայց այն պատճառով, որ շատ էր ջահիլ և չէր հասկանում գիտութեան նշանակութիւնը։

Երբ Խաչատուր Կեսարացին և նրա աշակերտ Սիմէօն Ջուղայեցին, որ Ոսկանի աշակերտակիցն էր, վերադառնում են Լեհաստանից, Մելքիսէթ վարդապետի արհամարհված գիտութիվնը բոլորովին այլ նշանակութիւն է ստանում։ Խաչատուրն ու Սիմէօնը ուղղակի դիմում են Մելքիսէթին, որ Երևանում էր ապրում և սկսում էն նրանից դասեր առնել։ Ոսկանն էլ միանում է նրանց և դասակից է դառնում։ Միայն այդ ժամանակ Էջմիածնի միաբանութիւնը, նախանձից դրդված, պահանջում է կաթողիկոսից որ կամ Մելքիսէթ վարդապետը գայ Էջմիածին և ամենաքին դասեր տայ կամ թէ միաբաններին իրաւունք տրվի գնալ Երևան և այնտեղ աշակերտել նրան։ —Մելքիսէթը կանչվեց Էջմիածին, բայց Խաչատուր Կեսարացին մնաց Երևանում։ Նրա հետ պիտի մնար աշակերտներից մէկն ու մէկը - կամ Ոսկանը կամ Սիմէօնը, որովհետև աշակերտ լինել մի վարդապետի մօտ այն ժամանակները նշանակում էր լինել և նրա սպասաւորը։ Եւ Սիմէօնն ասում է. «Տես, Տէր Ոսկան, պետք է որ մեզանից մեկը մնայ այստեղ մեր վարդապետի հետ․ այս գիտութիւնն էլ շատ հարկաւոր է մեզ, որպէս զի գնալով Սպահան, սովորեցնենք միմեանց։ Եթէ դու կամք ունես սովորելու, դու գնա, ես այստեղ կը մնամ վարդապետին ծառայելու, իսկ եթէ չունես, ես կը գնամ և դու կը ծառայես վարդապետին»։

Դեռ երեխայ էր Ոսկանը, դեռ գիտութեան նշանակութիւնը լաւ չէր ըմբռնում, բացի դրանից, Սիմէօնը նրանից տարիքով մեծ էր․ ուստի նա թոյլ տուեց որ Սիմէօնը գնայ Էջմիածին, իսկ ինքը մնաց Երևանում։ Սիմէօնը Մելքիսէթից սովորեց այն ամեն, ինչ այդ վարդապետը սովորել էր Լիմի անապատում։ Յետոյ, երբ Խաչատուր Կեսարացին նորից դարձաւ Ջուղայի առաջնորդ, երկու աշակերտներն էլ, Սիմէօնն ու Ոսկանը, գնացին նրա հետ և Ոսկանը Սիմէօնից սովորեց ինչ պակաս էր թողել իր կրթութեան մէջ։

Փիլիպպոս կաթողիկոսի ժամանակ Ոսկանը կանչվեց էջմիածին։ Այս անգամ Ոսկանը էջմիածնում գտաւ Պիրօմալիին, մօտեցաւ նրան, թողեց ամեն ինչ և սկսեց եռանդով աշակերտել լատին վարդապետին։ Իր նոր ուսուցչից Ոսկանը այնքան սովորեց լատիներեն լեզուն, որ սկսեց թարգմանութիւններ անել։ Բացի լատիներէնից, նա սովորեց և քերականութիւն, բնաբանութիւն, փիլիսոփայութիւն, աստուածաբանութիւն, երկրաչափութիւն, աստղաբաշխութիւն։ «Բայց այս բոլորը, աւելացնում է Ոսկանը, ոչ լիապէս, ինչպէս ինքը կը կամենար, այլ փոքր չափերով»։

Այսքանն էլ չը տեսնված բան էր և Ոսկանը շուտով նեղն ընկաւ էջմիածնի նախապաշարմունքների մէջ։ Օտար, այլակրօն վարդապետին այդպիսի ուշադրութեամբ և սիրով աշակերտելը արդէն չափազանցութիւն էր հայրենի աւանդապահութեան աչքում։ Նա ցոյց էր տալիս որ Ոսկանն էլ օտարանում է կամ օտարացել է արդէն։ Եւ նրան սկսում են ծուռ նայել, նեղել, արհամարհել։ Այս վիճակն են ունեցել մեզանում այն բոլոր մարդիկ, որոնք օտարների մօտ կրթութիւն էին ստանում՝ իրանց խաւար հայրենիքին ծառայելու համար։ Այսպէս էին, ինչպէս աւանդում է պատմութիւնը, նոյն իսկ հինգերորդ դարի նշանաւոր գործիչներից շատերը։ —Խօսք չունենք, որ Ոսկանը կարող էր չափազանց ոգևորված լինել իր ուսուցչով և իր սովորածով։ Բայց փաստը մնում է փաստ։ Արհամարհված Ոսկանը չէ յուսահատվում, շարունակում է իր գրական զբաղմունքները, թարգմանութիւններ է անում, քերականութիւն է կազմում։

Իբրև թարգմանիչ, Ոսկանը ընկաւ նոյն ծայրայեղութեան մէջ, որ յատուկ էր լեզուի անկման դարերին։ Լատիներէնը հայ թարգմանիչներին հարկադրում էր աղճատել իրանց մայրենի լեզուն։ Կարծես զգալով որ հայոց գրական լեզուն այլ ևս չէ կարող կենդանանալ հարստանալ իր սեփական միջոցներով, մի շարք թարգմանիչներ ձգտում էին փրկութիւն որոնել լատիներենի մէջ և նրանից փոխ առած ձևերով նոր կերպարանք տալ հայերէնին։ Ամենից առաջ հայ ունիթօրներն էին այդ տգեղ աղճատումը կատարողները։ Ամեն ինչ չափազանցութիւն էր այդ նեղսիրտ ֆանատիկոսների մէջ: Նրանք տգէտ էին թէ լատիներէնի և թէ մանաւանդ հայերէնի մէջ, բայց կրօնական ջերմեռանդութեան պահանջ էին համարում անչափ լատինամոլութիւնը, ուստի աշխատում էին լատինացնել ոչ միայն հայերի հոգին, այլ և լեզուն։ Եւ գրաբարը անողորմ կերպով աղճատելու մէկ կաթօլիկ հայ վարդապետները այն աստիճան առաջացան, որ նոյն իսկ լատին հոգևորականները հասկացան թէ այդպէս չէ՛ կարելի և յոյս չունէին թէ նրանք կարող են թարգմանութիւններ անել ու եկեղեցական գրքերը սրբագրել[51]:

Զարմանալի է, որ Ոսկան վարդապետը ոչ միայն չը հասկացաւ այդ, այլ և սկսեց եռանդով բարեփոխել առանց այդ էլ անկենդան գրաբարը ունիթօրների մեթօդով։ Նա մինչև անգամ սկսեց սրբագրել հին հայերէն գրուածքները, իր կանօններին ենթարկել նրանց լեզուն։ Այդպիսի բռնութիւններով լեզու չէր հարստանայ․ ընդհակառակն, Ոսկանի «բարեփոխած» գրաբարը մի անհեթեթ քաօս էր, և եթէ այդ վարդապետը կարողացաւ ընդ միշտ կապել իր անունը հայոց գրականութեան պատմութեան հետ, դրա պատճառը լեզուի աղճատումները չէին, այլ միմիայն նրա տպագրական գործունէութիւնը։

Պօղոս Պիրօմալիից աւելի եռանդուն և անուանի է մի այլ լատին կրօնաւոր, թէադինեան կարգից, Կղեմէս Գալանոս անունով։ Սա 1636—ին ուղարկված էր Վրաստան, ուր քարոզչական պաշտօնը ծածկում էր բժիշկի մասնագիտութեան տակ։ Վրացիների մէջ նա երկար չը մնաց, այլ, սովորելով հայերէն լեզուն, սկսեց հայերի մէջ «հունձ անել Հռոմի համար» մի եռանդով, որի նմանը չունէր Պիրօմալին և մի ճարպիկութեամբ, որ եզուիտներին կարող էր պատիւ բերել։ Իր հայենագիտութիւնը նա ծառայեցրեց միսիօնարական նպատակներին և յօրինեց կղերական վիճաբանութիւնների գրքեր։ Իսկ երբ, ինչպէս ասում է մի կաթօլիկ վարդապետ, «աւելի արդիւնաւոր հունձերի համար» նա ուղարկվեց Կ․ Պօլիս, այն ժամանակ դէն դրեց իր գրիչն էլ, գիտութիւնն էլ և հրապարակ նետվեց իբրև որսորդական եռանդով տոգորված մի կրօնաւոր, որի համար շատ նպասաաւոր հանգամանքներ էր պատրաստել թիւրքաց մայրաքաղաքի փչացած հայ հոգեորականութիւնը:

Էջմիածնի աթոռի պէս Կ․ Պօլսի պատրիարքական աթոռն էլ դարձել էր առուծախսի առարկայ, որի շուրջը պտտում էին փառքի ու հարստութեան համար հոգի տալու պատրաստ սևագլուխները։ Կ․ Պօլսի ամբողջ հայութիւնը ալեկոծվում էր․ նա բաժանված էր զանազան կուսակցութիւնների, որոնցից իւրաքանչիւրը մի վարդապեա կամ եպիսկոպոս ունէր` պատրիարքական աթոռի վրա նստեցնելու համար։ Սաստիկ մրցութիւն էր, կրքեր բորբոքող մի այնպիսի մրցութիւն որ վառում է ըմբշամարտի հաւաքված ամբոխը, երբ ամեն մէկը պատրաստ է իր կեանքն անգամ զոհել իր ընտրած ըմբիշի յաղթանակի համար։ Բայց այս պատրիարքական ըմբշամարտի մէջ յաղթութիւն որոշողը թեկնածուների անձնական ոյժը չէր, լինէր դա ֆիզիկական թէ մըտաւոր ոյժ։ Միմեանց տապալելու, միմեանցից վրէժ հանելու համար կուսակցութիւնները ոսկի էին թափում թիւրք փաշաների գրպանները, և ահա այս միջոցով մի պատրիարք, ցած էր քաշվում աթոռից, միւսը նստում էր նրա տեղը։ Եւ թիւրք կառավարութիւնը մատների արանքով էր նայում այդ իրարանցումներին. ռայեան ոչինչ պետական վտանգ չէր ներկայացնում, նա նոյն ստրուկն էր, նոյն խուզելու ոչխարը։ Ստրուկները, միմեանց գզգզում էին և դա ամեն կողմից ձեռնտու էր տէրերին։ Շաա շատերը վատնեցին իրանց ամբողջ հարստութիւնը փաշաների դռներում, աղքատութեան վերջին ծայրին հասան. աւելի շատ էին այնպիսիները որոնք բանտի և աքսորի մատնվեցին: Հարստահարելու, քերթելու առիթ և միջոց ինքը, ռայեան էր տալիս և ինչո՞ւ տիրողները պիտի հրաժարվէին այդ յարմարութիւններից։ Հայոց եկեղեցիները կողոպտված էին և պարտքերի տակ ընկած, որովհետև անյատակ էին կաշառակեր փաշաների գրպանները, իսկ կաշառք, տուողների եռանդը անսպառ։

Պէ՞տք է աւելացնել, որ այսքան զզուելի միջավայրում պատրիարքական աթոռի վրա նստողները չէին կարող ունենալ բարոյական արժանաւորութիւններ։ Պէ՞տք է ասել, որ վաճառվող հոգևորականութիւնը փողաւորների վարձկան ըստրուկն էր և իր իշխանութիւնր, իր ամբողջ հեղինակութիւնը ծառայեցնում էր իր բարերար ամիրաներին ու աղաներին։

Հետաքրքրականն այն է, որ այդ մրցութիւնների և իրարանցումների մէջ ամենից շատ անզուսպ և կատաղի էր բուն պօլսեցիների թշնամութիւնը ղաւառներից եկած հայերի դէմ։ Պօլսեցին ատելով ատում էր դաւառացուն, նրան մարդ չէր համարում և կեղեքում էր ամենաանխիղճ կերպով[52] Երևի այն ժամանակից է «խըմպըլ» արհամարհական անունը, որ մինչև այսօր էլ պօլսեցիները տալիս են գաւառացիներին։ Շատ բնորոշ է այդ թշեամութիւնը այն դերի տեսակէտից, որ կատարում էր Կ․ Պօլսի հայ գաղթականութիւնը բուն Հայաստանի վերաբերմամբ և մենք չենք կարող առանց ուշադրութեան թողնել այդ հանգամանքը։

Թիւրքաց մայրաքաղաքը յամենայն դէպս գաւառների պէս չէր: Այստեղ համեմատաբար շատ չէին բռնութիւններն ու հարստահարութիւնները․ այստեղ ռայեան պաշտպանվելու միջոցներից այնպէս չէր զրկված, ինչպէս վայրենի քրդերից, քաղցած պաշտօնեաների, աւազակային խմբերի անսահման կամայականութեան ենթարկված գաւառներում։ Կ․ Պօլսում քրիստոնեան, գտնելով առևտրական և վաշխառուական շատ յարմարութիւններ, կարողանում էր նոյն իսկ օգուտներ քաղել այն անկումից, որին մատնվել էր թիւրք պետութիւնը դեռ XVI դարի կէսից։ Բնական է, որ Պօլիսը պիտի դէպի իրան քաշէր գաւառացիներին։ Բուն պօլսեցի հայեր չը կային. այդպէս անուանվում էին այն եկուորները, որոնք վերջնականապէս հաստատվել էին այդտեղ և գործեր ունէին։ Բայց գաւառները ուղարկում էին այդտեղ նաև մեծ քանակութեամբ ժամանակաւոր պանդուխտներ, որոնք գաւառի խեղդող իրականութեան զոհեր էին և մայրաքաղաքում էին փորձում հաց աշխատել իրանց հեռաւոր ընտանիքները ապրեցնելու համար։ Այդ «խըմպըլները» հողի մարդկանց, երկրի ներկայացուցիչներն էին և մտցնում էին Կ․ Պօլսի հայութեան մէջ գաւառների, այսինքն բուն ժողովրդի շահերի պահանջը: Իսկ բուն պօլսեցիներին ձեռնտու չէր, որ ժողովրդի իրաւունքը պաշտպանված լինի: Կ. Պօլսում արդէն կազմակերպվել էր հայ վաշխառուների դասակարգը, որ հղօր ու անպարտելի էր, որովհետև թիւրք բարձրաստիճան պաշտօնեաների հովանաւորութեան տակ էր գտնվում։

Սկսած այն ժամանակից, երր նուաճող օսմանները աւանդութիւնների կարգն անցան, երբ սուլթանները և նրանց շրջապատող իշխանաւորները սկսեցին զեղխութեան և վաւաշոտ հեշտանքների մէջ որոնել կեանքի իդէալները, իսկ ենիչէրական գնդերը ահարկու զօրքից դարձան թշնամուց փախչող և տանը կողոպտող խմբեր,—թիւրք պետութիւնը դարձաւ նեխված ճահիճ, որի մեջ լուծվում էին նրա կենսական բոլոր հիւթերը։ Երկիրը կառավարողները հարեմներն էին ու ներքինները․ փարթամ ծոյլ ու մեղկ կեանքի համար պահանջվում էին ահագին ծախսեր, և իշխանութիւն ունեցողները սկսած սուլթաններից, պաշտօնները վաճառում էին փողով։ Պօլսեցի հայը տոկոսով փող էր տալիս փաշաներին, իր ձեռքն էր առնում նրանց դրամական գործերը, դիրք, ազդեցութիւն էր ստեղծում իր համար։ Փաշաները և բէյերը, վաշխառուի ձեռքով պլոկված, գայլերի պէս ընկնում էին ժողովրդի վրա և կեղեքում նրան։ Հայերը հարկերի կապալառուներ էին և այնպէս էին քերթում իրանց «խըմպըլ» ազգակիցներին, որ 1660 թւին մենք տեսնում ենք Կ․ Պօլսում Կամախից, Սեբաստիայից և Տիվրիկից եկած հայերին, որոնք մեծ վէզիրին գանգատ են ներկայացնում հայ հարկահանների դէմ, նկարագրելով նրանց կատարած անտանելի կեղեքումները[53]։ Ահա թէ ինչ հանգամանքներից էր բխում պօլսեցի և գաւառացի հայերի մէջ եղած խորին ատելութիւնը։ Պօլսեցուն հարկաւոր էր հարստահարվող գաւառ, իսկ գաւառացին ատում էր նրան դրա համար։ Պատրիարքը Թիւրքիայի բոլոր հայերի կրօնական ներկայացուցիչն էր, որին յատկացրված էին շատ իրաւունքներ։ Մեծ նշանակութիւն ունէր, թէ այդ բարձր պաշտօնեան ում կողմն է․Կ․ Պօլսի վաշխառու ամիրայական դասը աշխատում էր իրան հլու հպատակ պատրիարք ունենալ։ Դա կաշու հարց էր նրա համար։ Եւ այդ ունևոր ու զօրեղ դասակարգի հետ ընդհարվում էին հակառակ շահեր ունեցողները։ Իսկ հոգևորականները մէջ տեղ իրանց փառասիրական ձգտումներին էին հետևում, միանալով այս կամ այն կուսակցութեան։ Խայաառակութիւնը այն աստիճանին հասաւ, որ պատրիարքական աթոռը նոյն իսկ աշխարհական մարդկանց ձեռք էլ էր ընկնում կաշառքների միջոցով։

Այս անկերպարան դրութեան մէջ երերվող ժողովրդի սիրտը մտած հ․ Կղեմես Գալանոսը այնքան խեղճ չէր, որ չը կարողանար հասկանալ թէ որքան հեշտ է հայ փառամոլ հոգևորականներին կաշառքներով և ճարպիկութիւններով որսալը։ Եւ նա մտնում է պատրիարքարան, փոխելով իր զգեստը և հագնելով հայ հոգևորականի զգեստ, քարոզութիւններ է անում և կարճ միջոցում գրաւում է շատերին։ «Տիրոջ հունձը» առատութիւն է խոստանում, և Գալանոսը արգէն իր փրկած հոգիների հաշւի մէջ գրում է նաև պատրիարք Կիրակոսին և այս առիթով նոյն իսկ շնորհաւորութիւն է ստանում Հռօմից։ Որսը որս է, ինչ կերպարանք էլ նա ունենայ․ ամեն դէպքում անփոփոխ է մնում այն հանգամանքը, որ որսողը աւելորդ է համարում որսվողի հոգու հետ գործ ունենալ, այսինքն կշռել և չափել թէ որքան ազնւութիւն և շիտակութիւն կայ այդ հոգու մէջ, որքան անկեղծ ու ճշմարիտ է նրա ընկճվելը։ Կրօնական որսորդը բռնված է մի ինչ-որ տենդով, նրան հարկաւոր են միաւորներ՝ դարձի եկածների հաշիւը բազմացնելու համար․ այդ պատճառով էլ շատ և շատ անգամ որսորդն ու որսը խաբում են միմեանց, մի վարմունք, որ չէ կարելի անբնական համարել այդպիսի դէպքերում։ Գալանոսն էլ խաբված տեսաւ իրան հայոց պատրիարքարանում․ խաբել էին թէ Կիրակոս պատրիարքը, թէ նրա փոխանորդը և թէ ուրիշները։ Եւ ահա Հռօմի գործակատարը հաւաքում է մի խումբ հայ հոգևորականներ, ծրագրում է փողով կաշառել թիւրք կառավարութիւնը և պաշտօնանկ անելով պատրիարքին, նրա տեղը նստեցնել իր կուսակիցներից մէկին։ Կարծեօք առաջին անգամն էր, որ մի օտար հոգևորական այսպիսի համարձակությամբ խառնվում էր հայոց եկեղեցու գործերի մէջ։ Եւ եթէ այս միջամտութիւնը Գալանոսի եռանդի և ճարպիկութեան վկայական է, միւս կողմից նա ցոյց է տալիս թէ որ ասաիճան ստոր ու անբարոյական էին հայ հոգևորականները։ Մելքիսէթ կաթողիկոսը անհատական երևույթ չէր, այլ ժամանակի կղերականութեան մի ընդհանուր, հաւաքական տիպ։ Արևելեան Հայասաանում Սիւնեաց դպրոցը կարողացաւ գոնէ առ ժամանակ հեռացնել այդ տիպը ասպարէզից, իսկ Արևմուտքին նա չը հասաւ և այնտեղ շահամոլ հոգևորականութիւնը դեռ երկար պիտի շարունակէր իր խայտառակութիւնները․․․

Բայց Գալանոսի դաւադրութիւնը աջողութիւն չունեցավ. նրան մատնեցին թիւրք, կառավարութեան ձեռքը և նա հազիւ կարողացաւ ֆրանսիական դեսպանի միջոցով ազատվել մահից և փախչել Իտալիա։ Այդտեղ նա Պրօպագանդայի դպրոցում հայերէնի ուսուցիչ նշանակվեց և ապա ուղարկվեց Լեհաստան` հայերի յամառութիւնը կոտրելու և կաթօլիկացման գործը շտապեցնելու համար։ Պօղոս Պիրօմալին էլ Պրօպագանդայից այդպիսի յանձնարարութիւն էր ստացել, բայց չը կարողացաւ մի բան առաջացնել, որովհետև այնպիսի խաղաղացնող դիրք բռնեց, որ եզուիտները վրդովվեցին և հեռացնել տուին նրան։ Գալանոսը, ի հարկէ, այդպէս չէր: Նրան յանձնված էր Լվօվի մեջ հայերի համար բացված պապական դպրոցը, բայց նա միայն մանկավարժ չէր, այլ և ղեկավարում էր այն բռնութիւնները, որոնք այնքան անպատիժ կերպով գործադրվում էին հայերի դէմ։ Հայերին նա սիրելու հիմք չունէր, ինչպէս ցոյց են տալիս Կ․ Պօլսի դէպքերը․ և հայերի վերաբերմամբ նա այն կարծիքն ունէր թէ դա մի խաբեբայ ագգ է։ Լեհաստանում էլ նա մեոաւ, մեծ ցաւ պատճառելով Պրօպագանդային, որովհետև կաթօլիկ ուղղափառութիւնը այդ մարդուն համարում էր «Աստուծու խարազան՝ Արևելքի հերետիկոսների համար»[54]:

Ահա այդ տեսակ կրքերով վառված մի մարդ յանձն է առնում պատմագրի պաշտօնը և գրում է «Միաբանութիւն Հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ> անունով մեծ աշխատութիւնը, բաղկացած երեք հատորներից, որոնցից առաջինը պատմական մասն է պարունակում իր մէջ, իսկ մնացած երկուսը-վիճաբանական մասը։ Առաջին հատորը լոյս տեսաւ 1650 թւականին, ի հարկէ, Պրօպագանդայի տպարանից։ Հայերէնի հետ դրված էր և լատիներէն թարգմանութիւն: Դա առաջին խոշոր երևոյթն էր հայկական տպագրութեան մէջ։ Առաջին անգամն էր, որ մի եւրօպացի հայագէտ խօսում էր հայ ազգի անցեալի մասին, շօշափում էր նրա համարեա 1200 տարվայ հոգևոր կեանքը, որի մեջ ցոլացել էր ազգի ամբողջ մտաւոր կարողութիւնը։ Բայց ի՞նչպէս էր այդ հայագէտը կատարել իր գործը։

Նախ և առաջ արդար ու անկողմնապահ լինենք դէպի մարդկային մտքի պտուղները։ Գալանոսի գրած երեք խոշոր, մեծադիր հատորները ցոյց են տալիս մի ահագին աշխատասիրութիւն, որ առաջին իսկ անգամից զարմանք է պատճառում տեսնողին: Այդ ահագին նիւթը հեշտութեամբ չէ ձեռք բերել Գալանոսը։ Եթէ յիշենք այն ժամանակվայ մեր գրականութեան դրութիւնը, յիշենք որ մեր ամբողջ հին մատենագրութիւնը դեռ ձեռագիր էր, ցրված զանազան վանքերում, մենք մի թեթև հասկացողութիւն կը կազմենք թէ որքան շատ աշխատած ու տանջված պիտի լինի կաթօլիկ հոգևորականը՝ իր նպատակին հասնելու համար։ Աչքի առաջ ունենանք նաև այն, որ այդ օտարականը այնքան էլ լաւ չէր իմանում հայերէն լեզուն, և սակայն կարդացել է շատ ու շատ հայերէն գրքեր։ Ամեն մէկը կը խոստովանէ, որ այն ժամանակվայ հայ հոգևորականներից ոչ մէկն էլ չէր կարող այդպիսի մեծ աշխատասիրութիւն ցոյց տալ իր մայրենի գրականութեան մէջ, այդպիսի խիստ սիստեմով դասաւորել նիւթերը և այնքան լաւատեղեակ լինել հայ աղբիւրների վերաբերմամբ։ Գալանոսը, ճիշտ որ, մի չը տեսնված բան էր տալիս հայ գրականութեան։

Իսկ ի՞նչ արժանաւորութիւններ ունէր նրա այդ հսկայական աշխատասիրութեան պտուղը։

Ասացինք որ առածին հատորը պարունակում է իր մէջ պատմական մասը: Գալանոսը տալիս էր հայոց եկեղեցու պատմութիւնը, լուսաբանված մի կաթօլիկ կրօնաւորի հայեացքներով։ Նրա նպատակն էր ապացուցանել որ հայոց եկեղեցին սկզբից և եթ եղել է հռօմէական և եթէ եղել են շրջաններ, երր նա շեղվել է Հռօմի ուղղափառութիւնից, հակառակորդի դիրք է բռնել նրա վերաբերմամբ, պատճառը եղել են հերետիկոսական մտքերով տոգորված հայ հոգևորականները, որոնց Գալանոսը ոչ միայն «սուտ վարդապետ» է անուանում, այլ և ուղղակի հայհոյում է։ Դրա հակառակ, այն հայ հոգևորականները, որոնք, Գալանոսի կարծիքով, հակված են եղել դէպի Հռօմի աթոռը, արժանացել են պատուաւոր տիտղոսների, հայր են կոչվում և այլն։

Գալանոսը նախահայր էր, որ հիմք դրեց, սիստեմ մշակեց. այնուհետև նրան հետևեցին այն բոլոր հայ-կաթօլիկ վարդապետները, որոնք գրեցին եկեղեցական պատմութիւն կամ որոնք հայոց «հերձուածող» մասի վերաբերմամբ դատողութիւններ յայտնելու առիթներ ունեցան։ Սակայն մենք տեսնենք թէ ինչպէս է կատարել Գալանոսը պատմագրի պաշտօնը։

Տարրական հասկացողութիւն է, որ պատմութիւն գրելու համար հարկաւոր է բարեխիղճ, բազմակողմանի ուսումնասիրութիւն, պէտք է ազատ լինել կրքերից և նախապաշարմունքներից։ Գալանոսը չունէր մի այդպիսի ուսումնասիրութիւն կատարելու յարմարութիւնները։ Երբ մարդկային տեսութիւնը մթնացած է նեղ, անհաշտ աղանդաւորութիւնից, այն ժամանակ փաստերն ու իրողութիւնները մոռացութեան և արհամարհանքի են մատնվում, իսկ պատմութիւնը դառնում է ոչ թէ ճշմարտութեան, այլ ստութիւնների և աղճատումների հայելի։ Գալանոսը չէր կարող անկողմնապահ, սառնասիրտ պատմագրող լինել։ Բայց նա իր այդ բացասական յատկութիւնները այնքան մեծ չափով ի չարն էր գործ գրել, որ հարիւր տարուց յետոյ նրա գործի առաջ իր վրդովմունքը չէր կարողանում պահել նոյն իսկ այնպիսի մի կաթօլիկ պատմագիր, ինչպիսին էր Հ․ Չամչեանը։

Վերցնելով Գալանոսի պատմութիւնից մի կտոր, Չամչեանը սուր քննադատութեան ենթարկեց նրան[55] և ցոյց տուեց թէ գործը ինչ արժանաւորութիւններ ունի։ Գալանոսի պատմութեան աղբիւրը մի ինչ-որ պատմագիր է, որի անունը նա երբէք չէ տալիս և որը ոչ ոքին յայտնի չէ։ Բացի այդ գրաւոր աղբիւրից՝ թէադինեան քաջ կրօնաւորի առաջ եղել են զանազան բերանացի աւանդութիւններ, առասպելներ, որոնց նա լսել է իր ժամանակի ծերերից, հաւանականօրէն՝ կաթօլիկ հայերից։ Եւ ահա այդ կասկածելի նիւթերի վրա հիմնված, նա ինքնավսաահ կերպով խօսում է հայ եկեղեցու մասին, մեծ-մեծ վճիռներ է կայացնում, մի խօսքով անում է այն, ինչ կարող էր անել մի կաթօլիկ միսիօնար, որի համար անհասկանալի, յուզիչ ու անտանելի բան էր թէ ինչու հայերը յամառութեամբ կպած են իրանց եկեղեցուն և չեն ուզում Հռօմ գնալ, այն էլ իր պէս մի «բարեխիղճ» կրօնաւորի առաջնորդութեամբ։ Հերետիկոսներ փրկելու համար նա նոյն իսկ անվայել խարդախութիւններ է արել։ Այսպէս, նա մի տեղ վկայութիւն է բերում մի եկեղեցական ժողովից, որին նոյն իսկ լատին եկեղեցին չէ ընդունում, իսկ մի ուրիշ տեղ նա խարդախել է Եփեսոսի ժողովի մի որոշումը, որպէս զի ցոյց տայ թէ հայերը այդ որոշումով պարտաւորված էին հնազանդվել Հռօմի պապերին։ Եւ այլ այս տեսակ քաջագործութիւններ՝ մարդկանց մոլորեցնելու, խաբելու համար...

Այսպէս է այդ ստուար աշխատութեան առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները վիճաբանական են, այսինքն պարունակում են երկար ու անվերջ վէճեր դաւանական, ծիսական զանազան հարցերի վերաբերմամբ, օրինակ, այն մասին թէ մեռածները իսկո՞յն էն ներկայանում Աստուծուն (իհարկե, եթէ արդար են) թէ ժամանակ անցնելուց յետոյ։ Վիճաբանութեան մանրամասնութիւնների մէջ մենք չենք մտնի այն պարզ պատճառով, որ այդ բոլորը համարում ենք աստուածաբանական հնոտիք, որի վրա զուր ժամանակ և աշխատանք է վատնված։ Բայց Գալանոսին բնորոշելու համար կասենք որ նա վիճում է կրքով, վիճում իբրև նեղսիրտ աղանդաւոր, որի համար մի հատ ճշմարտութիւն և հեղինակութիւն կայ աշխարհում—Հռօմը։

Ոչինչ լուսաւոր միտք, ոչինչ համբերողութիւն դէպի ուրիշի կարծիքները։ Ուր որ հարկաւոր է, թէատինեան վարդապետը ընկղմվում է միջնադարեան խաւար նախաշարմունքների մէջ։ Այսպէս, նա լրջութեամբ հաւատացնում է որ սատանան երկու անգամ դժբախտացրեց աշխարհը։ Առաջին անգամը նա կապված էր դժողքում, բայց իր արբանեակների միջոցով կարողացաւ այնպէս անել, որ Դուինում կազմվեց չարափառ ժողովը, այսինքն այն ժողովը, ուր հայերը մերժեցին Քաղկեդօնի ժողովը։ Երկրորդ անգամում արդէն սատանան արձակված էր կապանքներից և նա իր հետ աշխարհ բերեց... մահմեդականութիւնը։

Այդ բոլոր աստուածաբանական սոփեստութիււնները, միջնադարեան բոլոր կոպիտ բռնութիւնները, ինքուիզիցիայի կրակները, երեսնամեայ պատերազմի արիւնահեղութիւնները այն վերջնական նպատակն ունէին, որ հաստատեն թէ պապն է ամենքի գլուխը, եկեղեցու առաջնակարգ իշխանը, Քրիստոսի միակ փոխանորդը աշխարհի վրա։ Հասկանալի է որ Գալանոսը մանաւանդ այս կէտում պիտի իր հռետօրական, պերճախօսական ամբողջ թափը ցոյց տար։ Հայ վարդապետներից մէկը համարձակվել էր իր գրուածքներից մէկում ասել թէ հայոց եկեղեցին Հռօմի եկեղեցուն հավասար է։ Գալանոսը մի սոսկալի հերձուած է յայտարարում այս միտքը և մի ահագին գլուխ է նուիրում Հռօմի եկեղեցու առաջնութեան, գլխաւորութեան և ըեդհանրականութեան հարցին։ Չը բաւականանալով իր բերած ապացոյցներով, նա առ ժամանակ թողնում է վիճաբանութիւնը և դիմում է անում հայոց եկեղեցու հայրերին և վարդապետներին։ Այդ դիմումից մի քանի կտորներ կը բերենք, որպէս զի Գալանոսի ոճի և մանաւանդ հայերէնագիտութեան նմուշներ տանք։

Հայոց եկեղեցու անկախութիւնը պաշտպանած վարդապետներին Գալանոսն ասում է․

Ապա ընդ՞եր, ո՛վ Մխիթար, ո՛վ Վարդան, ո՛վ Տաթևացի, ո՛վ հակառակասէրք ճշմարտութեան․ ընդե՞ր նախանձավոր սրտիւ և չարաչար գրով, առ ի կորուստ ազգիդ ձերոյ, և ընդդեմ ուղղափառութեան մարտնչելով, ոչ պարապիք անիրաւութեամբ մեծաւ ընդդէմ լինել գերապատիւ փոխանորդիս Քրիտոսի և բարերարիս քաղցրատես հօրդ ձերոյ և խնամարկու հովուիս ամենայն քրիստոնէից։ Ո՛վ օձք, ծնունդք իժից, որ թիւնաւոր խածիւք կռծէք զարգանդ սնուցիչ մօրն ձերոյ Հռովմայ եկեղեցւոյս••• Ո՛վ գայլք ափշտակողք վասն ո՞յր պատճառի յօժարեցիք շրջել ի յառաքելական սուրբ աթոռոյս զոչխարն և սիրելի դուստրն նորա գեկեղեցիդ հայկազունեաց քաջաց։

Զգալով որ հայհոյանքները դեռ փաստեր չեն, Գալանոսը սկսում է հայի հայրենասիրական լարերի վրա խաղալ։

Ո՛վ աշխարհ Հայաստանեաց, որքա՞ն երանելի յառաջն էիր, ո՞րքան հզօրագոյն տէրութեամբ և փառաւորագոյն վայելչութեամբ զարդարէիր, յորժամ զարդն քո և պայծառութիւն և զիշխանութիւն ի Պետրոսի սուրբ աթոռոյն ընկալայիր։ Աւա՜ղ, եղո՜ւկ, զիա՞րդ իշխանդ գաւառաց եղեր ընդ հարկիւ, զիա՞րդ ոսկին քո փոփոխեցաւ յերկաթ, զիա՞րդ ամենայն բարեզարգութիւնքն քո ոչինչ ինչ եղեն: Բայց ես զի՞նչ արարից առ ի քեզ օգտելոյ․ առ ո՞վ կարդացից լինել քեզ օգնական՝ մանաւանդ ի մնացորդն վշտաց, որ վերա կայ չարագոյն քան զառաջինն։ Արդ, ի ձեզ ապաւինիմ, և առ ձեզ աղաղակեմ և զձեզ աղաչեմ բազկատարած, ո՜ Հայոց սուրբ հարք և հայրապետք։ Դուք, որ ստոյգ զիրն գիտէք, և որ կարողն և պարտական էք ազանց և անձանց ձերոց օգնել ողորմեցարուք վշտաց և նեղութեանց ձերոց, բժշկեցէ՛ք զվէրս ձեր, կանգնեցէք զկոխեալ անուն և զհամբաւն ազգիդ ձերոյ, ջատագով լերուք փրկութեան առասպեալ հայրենեաց ձերոց։

• • • Ապա եթէ ես, որ ոչ եմ հայ, և ո՛չ յոյժ հայերէն բարբառով տեղեկացեալ և ոչ զայլ ինչ ի ձերում միջի կարող առնել, բայց միայն թլվատ լեզուով աղաղակել և ասել թէ ես ձայն բարբառոյ ի հայս, պատրաստ արարէք զճանապարհ Տեառն․․․ Թէպէտ և արարի զայդ առատապէս գրով և անգիր, սակայն տակաւին երկնչիմ յարդարադատ դատաւորէն․ և օր ըստ օրէ ինձ թուի լսեը զձայնն զահաւորն թէ տուր զհամար տնտեսութեան քո։

Ողբաց Հայոց աշխարհը, հայ ազգի պատուի նախանձախնդիր դարձաւ, իր հոգու մասին մտածեց, որ պիտի տանջվի, քանի որ հայերի հոգին չէ ազատել։ Այս բոլորը բաւական չէ։ Գալանոսը ի վերջոյ շահագործում է այն յոյսը, որ արևելեան դժբախտ քրիստոնեաները ունէին հնուց թէ ֆրանկները պիտի գան և իրանց ազատեն։

Ուրեմն գալոց են հռովմայեցիքն փրկել զաշխարհն և զազգն ձեր,—ասում է նա: —Բայց զիա՞րդ ձեր ազինքն պատրաստ արարին նոցա զճանապարհ, կամ յո՞րժամ համարեն առնուլ ի նոցանէ զհանգիստ և զբարերարութիւն զայս մեծ։ Մի՞թե յորժամ պղծեալ զդաշինս հնագոյն միաբանութեան՝ ընդդէմ զինեն Պետրոսի և Սեղբեստրոսի սուրբ աթոռոյն։ Ո՞ իցէ այսքան յիմար, որ զայդպիսի թշնամական պատրաստութիւն պատերազմի համարիցէ գոլ յարմար օգնակոչ հրաւիրումն հռովմայեցւոցն առի փրկել զաշխարհդ զայդ։

Մի խօսքով, հոգևոր և մարմնաւոր դրախտ էր խոստանում Գալանոսը, եթէ հայերը այրեն հակապապական գրութիւնները, սրբագրեն եկեղեցական գրքերը: Թէ ինչ տեսակ դրախտ կարող էր տալ Հռօմը, այդ մենք տեսանք Լեհաստանում: Կաթօլիկ եկեղեցու պաշտօնեան շարունակ շահագործում էր այն պատմական փաստը, որ սկզբում հայերը եկեղեցականապէս բաժանված չէին արևմտեան եկեղեցուց։ Բայց նա հասկանալի զգուշութեամբ և խորամանկութեամբ խուսափում էր այն հարցից թէ արդեօք Հռօմի եկեղեցին մնացե՞լ էր նախնական պարզութեան մէջ, արդեօք չէ՞ր շեղվել հոգևոր հիմնարկութեան շաւղից, ընկնելով համաշխարհային տիրապետութեան ետևից, նուիրագործելով եզուիտութիւնն ու ինքնուիզիցիան իբրև աշխարհի վրա տիրելու միջոցներ...

Մենք երկար ուշադրութիւն դարձրինք Գլանոսի և նրա գրուածքի վրա, որովհետև, ինչպէս ասացինք, հայերէն ինքնուրոյն աշխատութիւններ XVI դարի սկզբից մինչև XVII-ի կէսը չէին լոյս տեսնում տպագրութեամբ։ Մի գրականութիւն չէ կարող ապրել լոկ անցեալի գործերով. նա ժամանակի հետ առաջացող պիտի լինի, անցեալի հետ նա պիտի ունենայ և ներկայ։ Գալանոսի պատմութիւնը առաջին գրական նորութիւնն էր, որ ժողովրդականանում էր տպարանի միջոցով, այնքան երկարատև գրական ամլութիւնից յետոյ։ Մենք տեսանք թէ ինչ արժանաւորութիւն ունէր այդ նորութիւնը։ Պրօպագանդան կղերական-սխօլաստիական վէճերով ու գրական անբարեխղճութիւններով ծանրաբեռնված մի աշխատութիւն էր շնորհում հայերին: Եւ հայերը այդպիսի սնունդ՞ի էին կարօտ,-այն հայերը, որոնք առանց այդ էլ ունէին մի բացառապէս կրօնական գրականութիւն, այնքան տանջվել էին ուղղափառական վիճաբանութիւններից, հալածանքներից ու անէծքներից։ Հէնց այն հանգամանքը, որ մի այդպիսի աշխատութիւն անգամ ուշադրութեան արժանի մի գրական երևոյթ էր հայերի մէջ, ցոյց է տալիս թէ դեռ որքան ողորմելի դրութեան մէջ էր մեր գրականութիւնը այն դարում։

Մի ուրիշ հանգամանք էլ կարևորութիւն է տալիս այդ գործին։ «Աստուծու խարազանը» կաթօլիկ եկեղեցու մէջ հեղինակութիւն էր ձեռք բերել իր քարոզչական և պատմադրական տխուր քաջագործութիւններով։ Այդ պատճառով էլ շատ հեղինակներ կուրօրէն հետևեցին նրան, կրկնելով այն ամենը, ինչ կար նրա գրքի մէջ։ Այսպիսով արևմտեան աշխարհը հայի քրիստոնէութեան մասին կարծիք կազմեց Գալանոսի գրքի վրա. իսկ դա փոքր զրկանք չէր հայութեան շահերի տեսակէտից առհասարակ։ Բացի դրանից, Գալանոսի պատմութիւնը սաստիկ ազդեց և լուսաւորչական հայերի վրա, բայց գոնէ այն օգուտը առաջացրեց, որ հարկադրեց նրանց պաշտպանվել, պատասխանել։ Մենք շատ հեռու ենք այդ հակաճառութիւնները, ընդդիմախօսութիւնները գրական փոքր ի շատէ աչքի ընկնող գործերի շարքում

դնելու մտքից, բայց տպագրական գործի, գրական զգայնութեան զարգացման տեսակէտից չենք կարող ասել, թէ դրանք միանգամայն անօգուտ էին: Յատկապէս կաթօլիկ քարոզչութեան դիմադրելու նպատակով, ինչպէս յետոյ կը տեսնենք, 1687-1688 թվականներին վերաբացվեց Ջուղայի տպարանը և Ամենափրկչի միաբանութեան անդամներից երկուսը, Յովհաննէս Մրգուզ և Ալէքսանդր (որ յետոյ կաթողիկոս եղաւ) տպագրեցին իրանց հեղինակութիւնները, որոնցով հերքում էին կաթօլիկների ամբաստանութիւնները։ Իսկ եթէ էլ առաջ գնանք, կը տեսնենք որ XVIII դարի կէսում նոյն Գալանոսին հերքելու համար առաջ է գալիս նոյն իսկ ձրի հրատարակութիւնը, գուցէ առաջինը հայերի մէջ։ Մի անյայտ մարդ իր ծախսով տպագրել է տալիս Գէորգ վարդապետի մի վիճաբանական դրուածքը փոքր դիրքով, գրպանի կամ ծոցի մէջ պահելու համար, և տարածում է այդ դիրքը ձրի։ Մրցութեան կարիքը նոր երևոյթներ էր ծնեցնում հայերի մէջ։ Բոլոր այդ երևոյթները ուրախալի չէին․ ըեդհակառակն, շատ շատերը կատարեալ դժբախտութիւն էին ազգի համար։

Սակայն եթէ Գալանոսը չափազանց նեղսիրտ էր և միակողմանի, մենք չը պիտի նոյն այդ կերպով էլ վերաբերվենք, նրա ամբողջ գոբծունէութեան: Հայոց գրականութեան պատմութիւնը չէ կարող մոռանալ, որ նոյն Գալանոսը կազմեց նաև հայերէն քերականութեան և տրամաբանութեան դասագիրք, որ տպագրվեց Պրօպագանդայի տպարանում 1645 թւին։ Երկար տարիներ հայերեն լեզուի ուսուցչութեան պաշտօն վարելով, Գալանոսը հայագիտութեան մէջ հեղինակաւոր մարդու համբաւ էր վայելում և նրա դասագիրքը, ի հարկէ, գործածական էր՝ գոնէ բոլոր հայ կաթօլիկ դպրոցներում։ Բայց չենք կարող ասել, թէ Գալանոսը, իբրև հայագէտ, կարողանար իր քերականութեամբ մի բան անել հայոց լեզուի անկման դէմ։ Բաւական է, օրինակի համար, աչքի առաջ ունենալ նրա սիրելի աշակերտ Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն յերկինս» անունով թարգմանութիւնը, որ տպագրված է Հռօմում 1671-ին, և մենք կը տեսնենք թէ ինչ սոսկալի հայերէն էր աւանդվում պապական դպրոցներում։ Եւ դեռ այդ Վարդան Յունանեանը համարվում էր քաջ հայագէտ և ընդունակ գրող, Լվօվի դպրոցի փառք ու պարծանք․․․

Այս դպրոցի մասին մենք շատ ասելիք չունենք, քանի որ արդէն նկարագրել ենք, թէ ինչ էին ներկայացնում ս․ Պետրոսի գանձանակի միջոցներով պահվող դպրոցները առհասարակ։ Լվօվի դպրոցը, որ այնպիսի ներբողներով նկարագրում են նրա մէջ ուսուցչութիւն արած լատին կրօնաւորները[56], բռնութիւններով ստեղծված, եզուիտական գաղափարներով ղեկավարվող մի կաթօլիկ կղերանոց էր։ Նրան յատկացրած էր ահագին դեր Լեհաստանի հայերէ կաթօլիկացման գործի մէջ․ նա պիտի գրաւէր յամառ հայերին նրանով, որ հայերէն լեզուն էլ էր աւանդում։ Բայց դա մի շինծու միջոց էր, պատրուակ միայն։ Հայերէնի դասատուները լատին կրօնաւորներն էին, որոնք այդ լեզուն մի կերպ սովորել էին Գալանոսից։ Ի՞նչ ազդեցութիւն կարող էր անել մի այդպիսի հիմնարկութիւնը հայերի մտաւոր կեանքի վրա։

IX

Մատթէոս Ծարեցի. ուղեւորվում է Եւրօպա տպագրութեան համար. Պրօպագանդայի յարուցած արգելքները։ —Ծարեցին Ամստերդամում. Հօլլանդիա. պայմանագիր տառեր փորողի հհտ, «Յիսուս Որդի»։ —Ծարեցու մահը. Աւետիս Երեւանցի. տպարանը նուիրվու է Էջմիածնին։ —Բօվիսի տպագրութիւնները Վենետիկում։ —Ոսկան վարդապետը ուղեւորվում է Եւրօպա։ —Լիվօրնօ. հայ գաղթականութիւնը եւ Պրօպագանդան։ —Ոսկանի անհաջողութիւնը Հռօմում, ուղեւորութիւն Ամստերդամ։ –Ոսկանեան հրատարակութիւններ. «Աստուածաշունչ»։ —«Առաքել Դաւրիժեցի»։ —«Խորենացու Աշխարհագրորթիւն» եւ «Աղուէսագիրք». դրանց նշանակութիւնը իբրեւ ընթերցանութեան գրքեր ժողովրդի համար. միւս հրատարակութիւններ։

Փիլիպպոս կաթողիկոսը վախճանվեց 1655 թւականին և նրան յաջորդեց Յակոb Ջուղայեցին, որ արժանաւոր հոգևորականի համբաւ ունէր։ Էջմիածինը յետ էր ստանում այն, ինչ կորցրել էր աւերումների, խոր տգիտութեան ժամանակներում․ Յակոբն էլ շինարար էր և իր անձնական հարստութիւնը ծախսում էր վանքերը վերանորոգելու վրա։ Ջուղայի դպրոցի այդ աշակերտը իր առջաին հոգսերից մէկը դարձրեց տպագրութեան հետամուտ լինելը․ և այդ նպատակով նա 1656–ին Եւրօպա ուղարկեց Փիլիպպոս կաթողիկոսի քարտուղար և սպասաւոր Մատթէոս դպիր Ծարեցուն։

Ծարեցին էլ, ինչպէս նրանից առաջ գնացողները իր քայլերն ուղղեց նախ դէպի Վենետիկ։ Բայց այստեղ յարմարութիւններ չը գտնելով, ստիպավծ եղաւ անգործ մնալ 14 ամիս, որովհետև կամենում էր Յովհաննէս Ջուղայեցու նման բախտ փորձել Հռօմում, իսկ այնտեղ համաճարակ հիւանդութիւն կար և բոլոր ճանապարհները փակված էին։ Հիւանդութիւնն էլ վերացաւ, ճանապարհներն էլ բացվեցին, բայց Հռօմը Հռօմ մնաց և Ծարեցին իզուր էր այնտեղից օգնութիւն սպասում։ Արդէն Վենետիկից սկսվել էին այն արգելքները, որոնք յանուն ճշմարիտ և ուղղադաւան քրիստոնէութեան պատրաստ էին հալածելու լոյսի և գիտութեան ետևից ման եկող «հերետիկոսներին»։ Մի քանի ակնարկութիւններից երևում է, որ արգելք հանդիսացողները գլխաւորապէս հայ կրօնաւոներն էին։ Հոօմում, ուր Մատթէոս դպիրը մնաց ամբողջ ութ ամիս, Պրօպագանդան բացարձակ կերպով արգելեց տպարանական գործին մօտիկ մարդկանց որ ոչինչ օգնութիւն չանեն հայոց կաթողիկոսի հաւատարմատարին։ Եւ իզուր Ծարեցին ծեծում էր կարդինալների դռները, իզուր դիմեց մինչև անգամ պապին։ Նրա դէմ որոտում էին կաթոլիկ հոգևորականութեան սպառնալիքները։

Բայց Ծարեցին, ինչպէս ինքն է ասում, չահաբեկվեց այդ որոտմունքներից։ Թափ տալով իր ոտների փոշին, նա հեռացաւ Իտալիայից, որովհետև հասել էր այն ճիշտ եզրակացութեան, որ եթէ ս․ Պետրոսի աթոոը այդքան հակառակ է հայկական տպագրութեան, պէտք է, ուրեմն, բախտ փորձել այնպիսի տեղ, ուր պապականների «ոչ կարեմք»-ը ոչինչ հեղինակութիւն չունէր։ Եւ նա գնաց Հօլլանդիայի Ամսաերդամ քաղաքը, որ առևտրարական մի խոշոր կենտրօն լինելով, ծանօթ էր, ինչպէս գիտենք, նաև հայ վաճառականներին։ Եւ այդ վաճառականների թիւը այնքան աչքի ընկնող էր, որ XVII դարի կէսում մենք այնտեղ տեսնում ենք և հայոց եկեղեցի։

Հիւսիսային Եւրօպայի այս փոքրիկ երկիրը հերոսական պատերազմներով և բիւրաւոր նահատակների արիւնով կարողացել էր ազատվել կաթօլիկ բռնապետութիւնից և կազմել էր մի ազատ բողոքական հանրապետութիւն, որ ժամանակի ամենահարուստ պեաութիւնն էր, շնորհիւ իր լայնածաւալ, համաշխարհային առևտրի։ Ուր կայ ազատութիւն, այնտեղ է և առաջադիմութիւնը․ և հօլլանդական գրականութիւնն ու արուեստները ծաղկած դրութեան մէջ էին։ Ամստերդամի դռներով մտած Մատթէոս Ծարեցին մէկն էր այն հազարավոր մարդկանցից, որոնք, փախչելով միտք և հոգի սպանող բռնակալութեան և ֆանատիկոսութեան հալածանքներից, գտնում էին այդ քաղաքում հանգիստ և ազատ ապաստան։ Հօլլանդիան էլ մէկն է այն առաջնակարգ երկիրներից, որոնք, տպագրութեան արուեստը ծաղկեցրին և կատարելագործութեան հասցրին։ Եթէ Վենետիկի փառքն ու պարծանքը Ալդօների ընտանիքն է, Հօլլանդիան էլ ունեցել է ոչ պակաս հռչակաւոր Էլզէվիրների տոհմը, որ նոյնպէս անմահացել է տպարանական գործունէութեամբ[57]։ Մատթէոս Ծարեցու ժամանակ Ամստերդամում գործում էր Լիւդվիգ և Դանիէլ էլզէվիրների հարուստ տպարանը, որի համար տառեր փորագրողը մեծ անուն հանած Քրիստօֆօր Վան-Դիկն էր։ Ահա այս արուեստագէտին դիմեց Ծարեցին, և 1658 թւի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրով նա յանձն առաւ պատրաստել հայերէն երեք տեսակ տառեր՝ Աստուածաշունչ տպագրելու համար։ Պէտք է աւելացնել որ Աստուածաշունչ տպագրելու առանձնապէս Ամստերդամի տպարանների սիրած գործն էր․ հէնց այդ ժամանակները էլզէվիրների տպարանն էլ սկսել էր մի մեծ Աստուածաշունչի տպագրութիւնը, որ պատուաւոր տեղ ունի պատմութեան մէջ։

Վան-Դիկ ուշ վերջացրեց իր վերցրած պատուէրը․ 1660-ին պատրաստ էին դեռ մի տեսակ տառեր Ծարեցին դրանցով սկսեց տպագրել Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի»-ն։ Բայց նրան վիճակված չէր տեսնել իր գործի վերջը․ գրքի տպագրութիւնը դեռ չէր վերջացել, երբ նա հիւանդացաւ։ Մահվան երկիւղը ներշնչեց նրան խելացի կանխատեսութիւն, և տպարանի վիճակը տնօրինելու համար նա իր մօտ կանչեց մեր յիշած Ոսկան վարդապետի եղբայր Աւետիսին, որ



ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն վաճառականական գործերով Ամստերդամում էր գտնվում, առաջարկեց նրան ընկերանալ իր հետ։ Ծարեցին արդէն բավականաչափ պարտքի տակ էր ընկել․ Աւետիսին ընդունւմ էր այն պայմանով, որ սա պարտքը վճարէ և ապա տպարանից ստացած շահին հաւասար չափով ընկերանայ, իսկ եթէ Ծարեցին մեռնէր, այն ժամանակ տպարանը ամբողջովին անցնում էր նրա ընկերին։ Աւետիսը, մերժելով շահադիտական նպատակը, առաջարկեց տպարանը նուիրել էջմիածնին և ս․ Սարգսի վանքին։ Այդ պայմանով նա պատրաստ էր ոչ միայն իր բաժին փողը տալ, այլ և անձամբ աշխատել տպարանում։ Այդպէս էլ համաձայնութիւն կայացաւ․ Ծարեցին կտակ գրեց և վախճանվեց 1661-ի սկղբին, իսկ նրա սկսած հիմնարկութիւնը ստացաւ «Էջմիածնի և ս․ Սարգսի տպարան» անունը։

Սա առաջին դէպքն էր հայերի մէջ, որ տպարանը բարեգործական նպատակով նուիրվում էր մի հիմնեարկութեան, և այդ առաջին գործը կատարողը Պարսկաստանի հայ գաղթականութեան պատկանող վաճառական Ղւիջենց Աւետիսն էր։ Ծարեցու մահից յետոյ նա վճարեց տպարանի պարտքերը, հարկադրեց Վան–Դիկին փութացնել միւս տառերի փորագրութիւնը։ Այդ բոլորը դեռ հեշտ էր կատարել մի վաճառականի համար․ բայց ինչ անել կիսատ մնացած «Յիսուս Որդին»։ Ծարեցին միայն սրբագրում էր, որովհետե շարողները Հօլլանդացիներ էին։ Իսկ Աւետիսը ոչ միայն չը գիտէր սրբագրելը, այլ և հայերէն իմանում էր այնքան, որքան հարկաւոր էր մի վաճառականի։ Մի քանի ամիս նա տատանվում է, բայց վերջը, տեսնելով որ օտար երկրի մէջ միայն ինքն է, իր վրա է վերցնում և սրբագրութեան գործը ու այդպէս կարողանում է մի կերպ վերջացնել տպագրութիւնը։ Իր վաճառականական հայերէնով Աւետիսը մի յիշատակարան աւելացրեց այդ գրքին ոչ թէ պարծենալու կամ իր արժանաւորութիւնները ցոյց տալու համար, այլ, ասում է նա, «վասն որոյ աշխատանք ունիմ ի վերայ այս գործիս, թէ դրամով և թէ այլ օգնութեամբ և ուխտադիր եղեր եմ, որ մինչ ի մահս պիտի որ աշխատիմ վասն սուրբ Էջմիածնուն… Մատթէոսն որ մեռաւ, թէ որ ես չէի՝ ո՞վ պիտի տիրէր ի վերայ քէրխանային, որ հինգ հարիւր մառչիլ չէր արժեր… յանձն առի յորժամ մեռաւ»։

Բայց համեստութեան օրէնքներին հաւատարիմ մնալով էլ պէտք է ասել, որ Աւետիսը իրաւունք ունէր իր անունը մտցնելու հայ տպագրութեան պատմութեան մէջ։ Նրա շնորհիւ էր, որ Հօլլանդիայի հողը դարձաւ հայերի լուսաւորութեան երկրորդ հայրենիք։

Նախ քան Մատթէոս Ծարեցու վախճանվելը, 1660-ին, նոյն «Յիսուս Որդի»–ն տպագրվել էր Վենետիկում։ Այս հրատարակութիւնը առանձին ուշադրութեան արժանի է նախ այն պատճառով, որ նա կատարվել է մի իտալացի տպարանատիրոջ խնամքով։ Հետաքրքրական, նոյն իսկ սրտառուչ է մանաւանդ տպագրութեան շարժառիթը։ Տպարանատէրը, որ իրան անուանում է Ճուան Պագիսդ Պօվիս (Ջօվան Բատիստ Բօվիս) բոլորովին անծանօթ է հայերէն լեզուին, բայց շատ աշխատութիւններով, առանց ուրիշի օգնութեան, պատրաստում է հայերէն տառեր, որպէս զի գրքեր տպագրէ։ Ինչո՞ւ։ «Շատ ժամանակ է — ասում է նա — ես սէր և բարեկամութիւն ունիմ հայերի հետ և ամեն ժամանակ ցանկանում էի տեսնել հայոց շքեղաշուք իշխան Խօջա-Սաֆրազին[58] բայց չկարողացայ հասնել այս իմ ցանկութեան, որովհետև նա փոխվել է Աստուծու մօտ»։ Ահա թէ այդ սէրը և թէ հայ իշխանաւորի կարօտը հարկադրում են իտալացուն մի լաւութիւն անել հայերին։ Եւ իբրև տպարանատէր, նա ուրիշ ի՞նչ նշանաւոր լաւութիւն կարող էր անել, եթէ ոչ գրքեր տպագրելով նրանց համար։ Բօվիս մի ջուղայեցու աջակցութեամբ սկսում է այդ գործը, որ բացի սիրոյ և համակրության մի սրտառուչ յիշատակարան լինելուց` ունի գեղեցիկ արժէք նաև տպարանական արուեստի տեսակէտից։ Գիրքը տպված է խնամքով, մաքուր. տառերը Պրօպագանդայի տպարանի տառերն են։

Բացի այդ գրքից, Բօվիս տպագրեց և Սաղմոս։ Չարժէ՞ր որ Յովհաննէս Ջուղայեցուն, Մատթէոս Ծարեցուն և ուրիշ նրանց նմաններին հալածող կաթօլիկ կարդինալները քիչ օրինակ վերցնէին այս հասարակ, բարեսիրտ արհեսաաւորից, որ Քրիստոսի ներկայացուցիչը լինելու յանդգնութիւնը չունէր, չէր պահում երկնքի բանալիները իր գրպանում, բայց գիտէր, որ քրիստոնէական եղբայրութեան պարտք է գրքեր տալ հայոց անօգնական ժողովրդին, որ ցանկանում էր գրքեր ունենալ, բայց զրկվում էր գրքերից, որովհետև բաժակի մէջ ջուր չէր խառնում․․․ Թողնենք, սակայն, բարեսիրտ Բօվիսին, որ այդ երկու հրատարակութիւններով էլ բաւականացաւ, և դիմենք դարձեալ Աւետիսին։

Մի վաճառական մարդ, ինքն էլ ոչ վարժ գրագէտ, ի հարկէ, չէր կարող մենակ տանել տպարանի գործը։ Երևի նա այդ մասին յայտնել էր Էջմիածնին և իր եղբայր Ոսկան վարդապետին։ Բայց չը սպասելով թէ ինչ կանեն Էջմիածնում, նա տպագրեց և մի համառօտ Ժամագիրք։ Հետևեալ տարին (1662) Ամստերդամում հրատարակված Սաղմոսի յիշատակարանից իմանում ենք, որ Աւետիսը այլ ևս մենակ չէ, այժմ նրա հետ է Ոսկանի աշակերտ Կարապետ վարդապետ Անդրիանեցին, որ սրբագրողի պաշտօն է կատարում։ Տպարանը առաջադիմում է․ Ամստերդամում գտնվող հայ վաճառականները, գլխաւորապէս ջուղայեցիները, օգնում են դրամով, տպվում է նաև մեծադիր ժամագիրք։ Հօլլանդական նաւերը իրանց բեռների վրա աւելացնում են և մի նոր տեսակի ապրանք-հայերէն գրքեր․ «Յիսուս Որդի»–ն տպվել էր 1200 օրինակ, «Սղմոսը»–2700, «Ժամագիրքը»—3000։ Այդ ամբողջ քանակութիւնը փոխադրվում է Արևելք, հրապարակ է հանվում․ գրքերի, գոնէ կրօնական ամենագործածական գրքերի առատութիւն է երևում հայերի մէջ։

Այս ուրախալի երևոյթը չէր կարող չը խրախուսել հայ հոգևորականներին։ Մանաւանդ այն հանգամանքը, որ Ամստերդամի տպարանը պատկանում էր Էջմիածնին, պիտի դրդէր Յակոբ կաթողիկոսին աւելի ևս ուշադիր լինել դէպի այդ հիմնարկութիւնը և նրա կառավարութիւնը յանձնել մի կարող և հասկացող մարդու։ Այդպիսի մարդը Ոսկան վարդապեան էր, որին կաթողիկոսը 1662–ին ուղարկեց Եւրօպա։ Դա մի շատ աջող ընտրութիւն էր։ Ոսկանը պատրաստ ունէր մի ամրողջ հրատարակչական ծրագիր։ Ամենից շատ նրան յափշտակել էր Աստուածաշունչ տպագրելու միտքը։ Եւ որպէս զի հեշտ լինի մի այդպիսի մեծ գործ կատարելը, նա վճռեց նախ քան Ամստերդամ գնալը՝ աջակիցներ որոնել Իտալիայում։ Զմիւռնիայից նա նամակ է գրում իր աշակերտ Կարապետ վարդապետին, յանձնարարելով նրան գործը երեսի վրա չը գցել մինչև իր տեղ հասնելը։ Կարապետը ոչ միայն գործը երեսի վրա գցող չէր, այլ և փորձեց մի քայլ անել դէպի առաջ, տպագրելով ձայնագրած Շարական։ Նա պատրաստել տուեց եկեղեցական նօտաներ և սկսեց այդ գործը, որ հայ տպագրութեան մէջ մի նօրութիւն էր։

Ճանապարհին Ոսկան վարդապետը կանգ առաւ Լիվօրնօ քաղաքում, ուր հանդիպեց իր եղբայր Աւետիսին, որ վերադառնում էր հայրենիք։ Այդտեղ նա երկար թախանձում էր հարուստ հայերին, որպէս զի աջակցեն իրան՝ Աստուածաշունչը տպագրելու համար: Բայց նրա ջանքերը զուր անցան. լիվօրնօցի հայերը ոչ մի ձեռնտւութիւն յանձն չառան։ Հաստատ չը գիտենք, թէ ինչ պատճառներով խուլ վաճառականները խուլ մնացին Էջմիածնի ներկայացուցչի այդ թախանձանքներին․ բայց եթէ նայեք Լիվօրնօի հայ գազթականութեան այն ժամանակվայ գործերին, շատ բան հասկանալի կը դառնայ։ Մենք արդէն ասացինք, որ Պրօպագանդան իր ձեռքն էր առել Լիվօրնօի հայերի հովւութիւնը։ Այդ նպատակով նա այնտեղ կաթօլիկ վարդապետներ էր պահում և տեղացի բոլոր հայերին էլ կաթօլիկ էր համարում։ Բայց թէ ամենքը կաթօլիկ չէին, այդ ցոյց է տալիս այն հանգամանքը, որ երբ մի մի անգամ հայ—լուսաւորչական հոգևորական էր գալիս Լիվօրնօ, տեղացի հայերը միանում էին նրա հետ և մի անգամ նոյն իսկ վռնդել տուին Հռօմից իրանց համար ուղարկված հովիւներին։ Հայերը ուզում էին եկեղեցի կառուցանել Լիվօրնօի մէջ, բայց Պրօպագանդան սաստիկ հակառակվում էր այդ մտքին։ 1663—ին, այսինքն մօտաւորապէս այն ժամանակները, երբ Ոսկանը այնտեղ էր գտնվում, հայերը Հռօմի մերժումների պատճառով այն աստիճանին էին հասել, որ տեղացի նշանաւոր վաճառականներից մէկը, Ապրօ Զէլէպի, ուրիշ ճար չը գտնելով, ստիպված եղաւ դիմել Պրօպագանդային և երաշխաւորել, որ հայերի եկեղեցին միշտ հպատակ պիտի մնայ կաթօլիկ դաւանութեան։ Բայց Պրօպագանդան պատասխանեց պապական նուիրակին․ «Չէ պիտոյ վստահիլ հայ ժողովրդին, որ իրեն յատուկ ազգային ծէսերն և արարողութիւնքն կատարելու պատրուակաւ կարող է ս․ գահին (Հռօմի) հանդէպ, և ակն յանդիման ամենուն հերձեալ եկեղեցի մի կանգնել»[59]։ Ապրօն դրա դէմ այն առարկութիւնն արաւ, որ Պրօպագանդան կարող է մշտական հսկողութիւն ունենալ հայոց եկեղեցու վրա տեղական առաջնորդի և ինքուիզիցիայի միջոցով։ Բայց հիմա էլ Հռօմը առաջարկեց, որ Ապրօն նախ ներկայացնէ իր հաւատի դաւանութիւնը․ վիրաւորված հայ վաճառականը մերժեց այդ առաջարկութիւնը և եկեղեցու հարցը ձգձգվեց տասնեակ տարիներ։

Այսպիսի դրութեան մէջ լիվօրնօցի հայերի համար ձեռնտու չէր օգնել էջմիածնից եկած վարդապետին, որպէս զի նա Աստուածաշունչ տպագրէ, այն էլ մի բողոքական երկրում, որ հերձուածող Հայաստանից աւելի ատելի էր պապական արքունիքին։ Երեի այդ անյարմարութիւնը վերացնելու պատճառով էր, որ Ոսկանը գնաց Հռօմ։ Բայց ի՞նչ ընդունելութիւն կարող էր գտնել այդտեղ։ Կաթօլիկ կղերականները Ոսկանին համարում էին կաթօլիկ[60] երևի այն պատճառով, որ նա Պօղոս Պիրօմալիի հետ թարգմանութիւններ էր արել և նրա մտերիմն էր։ Հասկանալի է, թէ որպիսի հիասթափումն պիտի առաջացրած լինի նա Հռօմում, քանի որ գործում էր իբրև Էջմիածնի միաբան։ Ձեռնունայն մնալով այդտեղ, նա նորից վերադառնում է Լիվօրնօ և այս անգամ կարողանում է գտնել երեք ջուղայեցի վաճառականներ, որոնք յանձն են առնում հրատարակել Աստուածաշունչը և ստանալի արդիւնքը յատկացնում են Էջմիածնի, Երուսաղէմի և ս․ Սարգսի վանքերին։ Այնուհետև Ոսկանը ուղևորվում է Հօլլանդիա, ուր և սկսում է իր արդիւնաւոր գործունէութիւնը։

Տեղ հասնելուն պէս նա շտապում է նախ և առաջ գրագիտութեան ամենաանհրաժեշտ ձեռնարկը-Այբբենարան-հրատարակել, վերջացնում է Կարապետ վարդապետի սկսած Շարականը և ապա ձեռք է առնում Աստուածաշունչի տպագրութիւնը, - մի արդարև մեծ գործ, որ, ինչպէս տեսանք, վաղուց ի վեր պահանջ էր դարձել ազգի մէջ և շատերի տենչանքն էր, բայց մնացել էր երազ։ Այստեղ կարիք չը կայ մի առ մի բացատրելու, թէ ինչ դժուարութիւններ էր ներկայացնում առաջին անգամ Աստուածաշունչ տպագրելը։ Ոսկանը երկար ժամանակ աշխատանք էր թափել նրա վրա ոչ միայն իբրև տպագրող, այլ և իբրև խմբագրող։ Նա համեմատել է հայերէն Աստուածաշունչը լատիներէնի հետ, տնատել է լատիներէնի համաձայն, կազմել է բոլոր յատուկ անունների մի շատ մանրամասն ցանկ, նոյն իսկ նրա մի մասը (Սիրաքի գիրքը) նորից թարգմանել է տուել Ստեփանոս Լեհացուն։ Գրքի վերջում Ոսկանը զետեղեց մի քանի կտոր թարգմանութիւններ ս. Հերոնիմոսից, որոնք, երևի, իր գործն էին։ Աւելացրէք այդ բոլորի վրա անսխալ, պատկերազարդ մաքուր և գեղեցիկ տպագրութիւնը, և դուք մի հասկացոդութիւն կը կազմէք Ոսկանի կատարած գործի մասին։ Տպագրական մամուլը առաջին անգամ էր լոյս հանում այն փաստը, որ հայն էլ ընդունակ է երկար ու դաժան աշխաատութիւններով խոշոր հրատարակութիւններ անել։ Պակասութիւնը միայն այն էր, որ Ոսկանը չը կարողացաւ իր լատինաբանութիւններից և անհարազատ ձևերից ազատել իր թարգմանութիւններն ու բացատրութիւնները։ Սիրաքի նոր թարգմանած գիրքն էլ կրում էր լատինամոլների բոլոր նորմուծութիւնները։

Հայերէն Աստուածաշունչը տպագրվեց երկու տարվայ ընթացքում. նա մտաւ մամուլի տակ 1666-ին և դուրս եկաւ 1668-ին: Ի նկատի ունենալով այն ժամանակվայ տպագրական գործի դրութիւնը, բայց մանաւանդ այն հանգամանքները, որոնց մէջ գործում էր Ոսկանը օտար հողի վրա, մենք չենք կարող չը զարմանալ այդ արագութեան վրա։ Էջմիածնի անունը կրող տպարանից դուրս եկած Աստուածաշունչը կարելի էր համարել Էջմիածնի հրատարակութիւն․ և մինչև այսօր Էջմիածինը չը կարողացաւ գոնէ մի անգամ էլ կրկնել այդ հրատարակութիւնը։

Ամստերդամում Ոսկանը մնաց չորս տարի, մինչև 1670 թւականը և այդ ժամանակամիջոցում տպագրեց 17 գիրք, հաշւելով այդ թւի մէջ թէ այն կիսատ Շարականը, որ նա ընդունեց Կարապետ վարդապետից ու վերջացրեց, և թէ այն Շարականը, որ նա ինքը սկսեց, բայց կիսատ թողնելով՝ հեռացաւ Հօլլանդիայից։ Տարին միջին թւով 4 գիրք, հրատարակված մի և նոյն տպարանից, մի և նոյն անձի ձեռքով-դա դեռ չեղած երեոյթ էր։ Բայց Ոսկանի գործունէութիւնը մի նշանաւոր նորութիւն էր նաև հրատարակած գրքերի բովանդակութեան և արժանիքի կողմից։

Ամենից շատ, ի հարկէ, եկեղեցական գրքերի պակասութիւնն էր երևում վարդապետի աչքին և ամենից շատ էլ աշխատանք պիտի գործադրվէր այդ պակասութիւնը լրացնելու համար։ Ոսկանը հրատարակեց Սաղմոս, Ժամագիրք, առաջին անգամ տպագրեց Մաշտոց, Նոր Կտակարան։ Բայց դրա հետ միասին՝ տպարանը նրա ձեռքի տակ սկսեց ժամանակակից գրողներին էլ ծառայել։ Այսպէս 1666-ին նա տպագրեց իր թարգմանած և խմբագրած «Քերականութիւնը», իսկ 1669-ին հրատարակեց XVII դարի ամենալաւ հեղինակութիւնը-Առաքել վարդապետ Դաւրիժեցու «Պատմագրութիւնը»։ Առաքելը դեռ կենդանի էր, երբ տպագրվեց նրա հեղինակութիւնը ․[61])․ Մի և նոյն ժամանակ դա առաջին տպագրած գիրքն էր, որ խօսում էր ժամանակակից կեանքի մասին, դուրս էր բերում դեռ կենդանի գործիչների պատկերները։ Դա առաջին հայերէն գիրքն


ԹավատառՇեղատառՀղումՆերկառուցված նիշքԾանոթագրություն էր, որ թշնամական կրքեր յարուցեց, հալածվեց: Երբ Առաքելի պատմագրութիւնը ուղարկվեց Լեհաստան՝ վաճառելու համար, Գալանոսի արժանաւոր յաջորդ հ. Ալոյիսոս Պիդու շտապեց կաթօլիկական արգելքի թաթը դնել այդ գրքի վրա, որովհետև նրա մէջ նկարված էիՆ Նիկօլի և Լեհասաանի եզուիտների դէմքերր։ Հետաքրքրականը այն է, որ այդ լատին կրօնաւորը իր գրած պատմութեան մէջ չէ խնայել Նիկօլին, տալով նրան շահամոլ, փառասէր և անպէտք մի մարդու կերպարանք իսկ երբ Լվօվի դատաւորները հարցրին թէ ինչու է արգելվում Դաւրիժեցու գիրքը, նա մտաւ նոյն այդ Նիկօլի փէշերի տակ և պատասխանեց թէ ինքը, <<լինելով առաքելութեան ծառայ, չէ կարող հաւանութիւն տալ, որ վաճառվեն ու տարածվեն այնպիսի գրքեր, որոնց մէջ անարգված է իրանց հովիւը>>[62]:

Սա, ինչ ասել կուզի, կեղծաւոր մի պատրուակ էր միայն։ Լեհաստանի հայերիՆ բռնի կաթօլիկացնողները ամեն կերպ աշխատում էին, որ «հերետիկոս» հայերը ոչինչ յարաբերութիւն չունենան նրանց հետ և երկրից դուրս էին վռնդում ամեն մէկին, որ աւանդապահութիւն ու ազգասիրութիւն էր ցոյց տալիս։ Այդ բռնաւորներին սաստիկ կատաղեցնում էր մանաւանդ Ամստերդամի տպարանը, որ համարձակում էր հերետիկոսական գրքեր տպագրել, և այդ պատճառով արգելված էին այդտեղի բոլոր գրքերն առհասարակ։ Ոսկան վարդապետի անուան պատիւ էր բերում այն, որ նա վարակված չէր կաթօլիկ կղերի այդ ֆանատիկոսութեամբ։ Ընդհակառակն, այնքան լայն սրտի և ազատ մաածողութեան տէր էր նա, որ իր գործունէութեան ընթացքում մի քանի անգամ թոյլ տուեց տպել Էջմիածնի տպարանում կաթօլիկ գրուածքներ` կրօնական բովանդակութեամբ։

Վերջապէս, Ոսկանի գործուեէութիւնը նշանաւոր է և այն կողմից, որ նա առանց ուշադրութեան չը թողեց հայոց հին մատենագրութիւնը։ Մենք գիտենք, որ նրանից առաջ երեք անգամ հրատարակվեցին Ներսէս Շնորհալու հոգևոր երգերը։ Որքան էլ այլ երգերի մէջ շատ են ինքնուրոյնութիւնն ու տաղանդը, բայց նրանք մի առանձին, բացառիկ երևոյթ չէին կազմում գրականութեան մէջ, քանի որ միւս բոլոր գրքերի նման խօսում էին երկնքի և հոգու մասին։ Մեր հին գրականութիւնը հետազօտող մարդը կրօնական գրքերի մեծամեծ կոյտերի մէջ անձկութեամբ որոնում է այնպիսի աշխատութիւններ, որոնք քիչ էլ աշխարհային գործերի մասին ճառէին, որոնք ընթերցողին մտցնէին խունկի և հրեշտակների հետ ոչինչ առնչութիւն չունեցող շրջանները։ Կարելի է ամբողջ դարերի գրականութիւնը քրքրել և չը գտնել մի այդպիսի գեղեցիկ բացառութիւն։ Շատ սակաւաթիւ գրուածքներից մէկը, որ չէ կրում ընդհանուր կրօնական-աստուածաբանական կնիք, մի Աշխարհագրութիւն է, որի հեղինակը Մովսէս Խորենացին է համարվում։ Այդ աշխատութիւն հրատարակեց Ոսկանը 1669-ին, կցելով նրան և «Աղուէսագիրքը»։ Մի թեթև հայեացք գցելով մինչև այդ տպագրված բոլոր գրքերի վրա, մենք լուրջ, օգտակար գրական երկերի շարքից պիտի հանենք ու դէն գցենք 1513-ին հրատարակված «Աղթարքը» և «Ուրբաթագիրքը»․ իբրև խաւար մտքի խաւար գործեր. և այնուհետև մենք կը գանք այն եզրակացութեան, որ աշխարհական գրականութեան առաջին հաստատ հիմքը Ոսկանի այս հրատարակութիւնն է։ Ողջունենք այդ նոր երևոյթը․․․

Մովսէս Խորենացու կարծեցեալ թէ իսկական Աշխարհագրութիւնը, ինչ ասել կուղի, արդէն շատ հնացած էր XVII դարի մարդու համար, որ հարուստ ու ճիշտ տեղեկութիւններ ունէր երկրի ու երկնքի մասին։ Ժամանակակից գիտութեան տեսակէտից Խորենացու Աշխարհագրութիւնը լոկ հնագիտական հետաքրքրութիւն կարող էր ներկայացնել. բայց հայերը շատ հեռու էին այն ազգերից, որոնք իրաւունք ունէին այդպէս վերաբերվել այդ Աշխարհագրութեան։ Սաղմոսների և շարականների ժողովուրդը զուրկ էր աշխարհիկ, տիեզերական իրականութեան հետ ծանօթացնող գրքերից, ուստի նրա համար նորութիւն էր նոյն իսկ այդ հնացած աշխարհագիտութիւնը։ Ապշեցնող հակասութիւն կար հայի իրական կեանքի և գրականութեան մէջ։ Իրական կեանքում հայը մի համաշխարհային թափառական էր, որ անդադար շրջում էր, որի համար արգելք չէին ծովերն ու անապատները, որ շփվում էր բազմաթիւ ազգերի հետ և ունէր այնպիսի հարուստ աշխարհագրական տեղեկութիւններ, որոնք կարող էին գրգռել շատ ազգերի նախանձը։ Բայց իր գործնական կեանքից դուրս, իր գրականութեան մէջ, դա մի զարմանալի անտեղեակ, միամիտ ազգ էր․ նա ամբողջապէս ամփոփված էր այն նեղ տարածութեան մէջ, որ եկեղեցու գմբէթի ծայրից ձգվում էր դէպի երկինք։ Այդ անձկութեան մէջ փակված՝ նա չը գիտէր թէ ինչ է ֆիզիկական աշխարհը, թէ ինչեր են կատարվում լուսնի տակ։ Նա կարող եղաւ Տաթևացու ահագին հատորները արտադրել՝ երկնքի գործերը քննելու և մանրամասն կերպով վերլուծելու համար, բայց չը կարողացաւ կազմել մի փոքրիկ աշխարհագրութիւն, որի մէջ հայ ընթերցողը տեսնէր աշխարհը, մի ընդհանուր պատմութիւն, որի մէջ ազգերը պատմէին իրանց չարն ու բարին, իրանց առաքինութիւներն ու արատները։ Սեփական խեցիի մէջ կուչ եկած մի ժողովրդի համար, որ մարդկային համայնք լինելուց առաջ աստուածաբանների ժողով դառնալու տխուր հարկի մէջ էր դրված, Խորենացու աշխարհագրութիւնն էլ իմաստութեան մի մատեան էր, թէև հրատարակվում էր այն դարում, երբ արդէն Նիւտօն կար․ գոնէ այդ գիրքը պատռում էր առանձնացման և անգիտութեան չինական պատը, գոնէ տալիս էր ազգերի ու երկիրների անուններ, հօրիզօն էր լայնացնում։

Իսկ «Աղուէսագիրքը», որ կցած էր Խորենացու Աշխարհագրութեան, առակների մի ժողովածու էր։ Ամենքին յայտնի է թէ առակները որքան սիրելի են բոլոր ազգերի մէջ, ուրեմն Ոսկանը տալիս է մի գիրք, որ ժողովրդական լինելու բոլոր հանգամանքներն ունէր։ Հայկական առակների մեջ չէ կարելի գտնել հայ ժողովրդի ինքնուրույն ստեղծագործութեան շատ խոշոր հետքերը հայ հոգեւորականութիւնը անիկայ հալածէլով և խեղդելով ժողովրդի հանճարի բանաստեղծական արտայայտութիւնները, իր ծանր ձեռքը դրել էր նաև առակների վրա։ Դրանք խմբագրված էին յարմարեցրած կղերական խրատներին ու քարոզներին, չունէին ժողովրդի լեզուն, պատմելու ձևը ինքնուրոյն աշխարհայացեղութիւնները, մի խոսքվ արհեստականացրած էին, անկերնդան գրաբարին ենթարկված։ Բայց և այնպէս, եթէ եղած դրականութիւնից կարելի էր ընտրել նիւթ ընդհանուրի ընթերցանութեան համար, այդ միայն առակների ժողովածուն կարող էր լինել, քանի որ առակները, այնուամենայնիւ կրում էին իրանց մէջ ժողովրդական տարրեր, գրավիչ ու զուարճալի պատմվածքներ էին պարունակում։ Կար ժողովրդի մէջ և բանաստեղծութիւն. բայց կղերական-սխօլիստական դարը նրան ուշադրութան արժանացնել չէր կարող։ Ժողովրդի երգերն ու վէպերը գրքի չէին առնված, գրաբար լեզուով չէին, մանաւանդ հոգևորականների վավերացման չէին արժանացած, ուստի և հեռու էին և շատ երկար ժամանակ դեռ հեռու պիտի մնային տպագրական մամուլին հասնելու պատուից։

Այսպէս էր ահա Ամստերդամի տպարանի չորսամեայ գործունէութիւնը։ Աւելի մեծ պահանջներ չանենք Ոսկան վարդապետից․ նա տալիս էր այն, ինչին կարօտ էր եկեղեցին և ինչ պահանջում էր ընթերցողը։ 1668-ին նրա տպագրած «Տօմարագրքի» մէջ զետեղված էին և «Մարմնախաղացն» ու «Եբազահանը», որոնց մենք տեսանք «Աղթարքի» մէջ։ Բայց կարո՞ղ ենք դատապարտել սրա համար Ոսկանին, երբ նոյն իսկ մեր օրերում, XX դարի մէջ էլ, այդ գուշակութիւնները դեռ ևս շարունակում են լոյս տեսնել՝ հայ ժողովրդի նախապաշարմունքներին առատ կերակուր և հրատարակիչների գրպանին շահ մատակարարելու համար…

Պակասութիւնները, եթէ դրանից շատ ու խոշոր էլ լինէին, մոռացվում են Ոսկանի տոկունութեան ու եռանդի դիմաց։ Հերոսութիւն էր այդքան բեղմնաւոր հրատարակչական գործունէութիւն ցոյց տալը այն ժամանակներում։ Շատ և շատ էին այն դառնութիւնները, որ կրում էր այս մարդը օտար երկնքի տակ, զրկված դրամական զօրաւոր աջակցութիւնից։ Բայց հերոսութիւնն էլ յայտնի սահմաններ ունի. եկաւ ժամանակ, երբ Ոսկանն էլ պիտի յաղթվէր ձախորդ հանգամանքներից։

X
Ոսկանի անհաջողութեան պաճառները. գրավաճառութիւն չը կայ: —Ոսկանի դիմումը լեհահայերին. քահանայ Համազասպեան: —Տպարանը ուրիշ տեղ փոխադրելու անհրաժեշտութիւնը. նը ընտրում է Ֆրանսիան: —Ոսկանը Լիվօրնօ քաղաքում. «Պարտէզ հօգեւոր» եւ «Քրիստոնեական». տատանումներ, ծանր հօգւեր. ընկերակցութիւն Համազասպենաի հետ: —Հռօմի ձեռնարկած միջոցներ Ոսկանի դեմ. հ. Պիդու եւ Մարսէլի արքեպիսկոպոսը. «Գրկուկ կարևոր». «Ժամագրքի» տպագրութիւնը. Համազասպեանի մատնութիւնները: —Ոսկանի մահը. զոհ էր նա՝ հայ տպարանի հաստատութեան համար: —Ոսկանի ժառանգ Սողոմոն Լեւոնեան, նրա հավատարմատար Նասիր Գրիգորեան. Համազասպեան շարունակում է մատնութիւնները: —Յովհաննէս Հոլով հայ-կաթոլիկ քահանան գրաքննիչ: -Մարսելի առաջնորդը եւ Հայրապետեան հայ-կաթոլիկ քահանան. յահսենականներ եւ եզուիտներ: -Նասիրեանի ջանքերը եւ Հյրապետյանի հաւատաքննական ծայրայեղութիւնները: -Մարսելի հրատարակութիւնները մինչեւ 1683 թւականը. «Արհեստ համարողութեան», «Կանոնք զգուշութեամբ պահելոյ զանձն»: -Տպարանը տեղափոխվում է Մարսելից: -Տպագրութիւններ Հռօմում. Թովմա Կեմպացի: -Վենետիկի հրատարակութիւններ. Յովեաննէս Հոլովի աշխատութիւնները. Միքայել Բարբօնիի տպարանը:

Մի խոշոր գործի յարատևութեան համար բավական չէ, որ ձեռնարկող ունենայ երկաթե կամք ու յամառ տոկունութիւն: Հարկաւոր են և նիւթական միջոցներ: Տպարանը բազմատեսակ ծախսեր պահանջող հիմնարկութիւն է. միշտ չեն


 կարող գտնվել բարերարներ, որոնք յանձն առնէին այդ ծախսերը տալ, ուստի տպարանը փոքր ի շատէ ապահով դրութեան մէջ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ նրա հետ միասին զարգանում է գրավաճառութիւնը։ Բայց հայերի մէջ առևտրի այդ նոր տեսակը համարեա յայտնի չէր: Գիսաւոր աստղերի պէս երևացող և յանկարծ անյայտացող հայ տպարանները, անշուշտ, հետևանք էին այն գլխաւոր պատճառի, որ գրավաճառութիւնը նրանց աջակիցը չէր․ տպագրիչները հրատարակիչներ էլ էին, նրանք գրքեր էին լոյս հանում և ոչինչ չէին ստանում այդ հրատարակութիւհներից․ ուստի մնում էր կամ բարերարի դիմել ու մի կարճ գործունէութիւն ցոյց տալ կամ խրվել պարտքերի մէջ ու անյայտանալ։

Ոսկանը հասկացել էր այս հանգամանքը և աշխատում էր կազմակերպել գրավաճառութիւնը։ Մեծ անյարմարութիւն էր այն, որ նրա տպարանը գտնվում էր Եւրօպայի մի անկիւնում, հայութիւնից շատ հեռու։ Այդ պատճառով նա դեռ 1665-ին միտք ունէր փոխադրել տպարանը Լվօվ քաղաքը, որ Հօլլանդիային ամենից շատ մօտիկ հայկական խոշոր գաղթականութիւնն ունէր իր մէջ և կարող էր, Լեհաստանի միս հայաբնակ տեղերի հետ միասին, աջակցել գործին։ Ոսկանը նամակով յայտնեց Նիկօլին այդ միտքը։ Հ․ Ալոյիսիոս Պիղու, պատմելով այս եղելութիւնը[63] շատ իրաւացի կերպով նկատում է թէ Ոսկանը,  երևի, չը գիտէր որ Գալանոսը, ինքը, Պիդուն գտնվում են Լեհասատնում։ Եւ իրաւ, եթէ Ոսկանը իմանար այդ, առնուազն աւելորդ կը համարէր դիմում անել լեհահայերին։ Ամստերդամի տպարանը, ինչպէս գիտենք, ահագին անհանգստութիւն էր պաաճառում ջերմեռանդ պատերներին։ Նրանք շատ ուրախացան Ոսկանի առաջարկութեան վրա, իսկոյն հասկանալով որ տպարանը Լվօվ փոխադրելով կարելի էր խափանել «շատ չարիքների առիթը», այսինքն` այլևս չէին տպվի այնպիսի գրքեր, որոնց մէջ, օրինակ, ասված լինի թէ ս. Հոգին բղխում է միայն հօրից և ոչ թէ Հօրից ու Որդուց և կամ թէ՛, օրինակ, Գրիգոր Տաթևացին սուրբ կոչված լինի։ Նիկօլը Պիդուի խորհրդով մի «շատ հանճարաւոր» նամակով համոզեց Ոսկանին կատարել իր այդ միտքը։ Բայց Ոսկանը ծուղակի մէջ չնկաւ. և, իմանալով որ Լվօվում իր տպարանը պիտի դնէ Պիդուների հրամանատարութեան տակ, աւելի լաւ համարեց մնալ Ամստերդամում և լինել ազատ, թէև նիւթապէս շատ անապահով դրութեան մէջ։

Նա յոյս ունէր թէ տպագրված գրքերի վաճառումից կը ստացվի բավականաչափ դրամ` գործը շարունակելու համար։ Բայց իզուր։ Մի նաւ, որ Կ․ Պօլիս էր տանում բազմաթիւ աստուածաշունչեր և շարականներ, ընկղմվեց, մեծ վնաս պատճառելով Ամստերդամի տպարանին. բացի դրանից, տեղ հասած գրքերն էլ շատ դանդաղ և անկանօն էին վաճաովում։ Պարտքերը դիզվում էին պարտքերի վրա, և Ոսկանը ստիպված

 էր թէ իր ծանր գործը տաներ և թե պարտատերերի ձեռքին տանջվել: «Ես շատ ստրկացայ ինձ վրա բարդված պարտքերի պաճառով», ասում է նա 1673-ին տպագրված Ժամագրքի մեջ: Այդ ստրկութիւնն էր պատճառը, որ նա չորս տարուց աւել չը կարողացավ դիմանալ Ամստերդամում, յուսահատվեց, ինչպես որ բնական էր, աչքաթող արաւ իր սիրած գործը:

Մնում էր օգնութեան մի աղբիւր-Էջմիածինը. Յակոբ կաթողիկոսը խոստացել էր մի քանի գրքերի ծախսը տալ, բայց այդ էլ չեղաւ, որովհետև այդ ժամանակ ինքը, կաթողիկոսն էլ շատ նեղ դրութեան մէջ էր։ Կ. Պօլսի փառամոլ և սանձարձակ հոգևորականութեան խայտառակութիւնները ծայրայեղութեան աստիճանին էին հասել․ հայոց կաթողիկոսը բացի խրատներից և աղաչանքներից ոչինչ չունէր անկարգութիւնների, կատաղի կռիւների առաջին առնելու համար և ստիպված էր գնալ Երուսաղէմ, որ այդ խայտառակութիւնների մի հանգոյցն էր դարձել: Մենք յետոյ կը տեսնենք այդ զզուելի իրաբանցումները. առ այժմ չը թողնենք ստրկացած Ոսկանին, որ Եւրօպայում նստած` իզուր օգնութիւն էր սպասում իր տգէտ և անբարոյական կարգակիցներըից և տեսնում էր որ նրանց կռիւները սպանում են և տպարանի գործը։ Նրա համար անհրաժեշտութիւն էր դառնում պարտատէրերի ձեռքից մի ուրիշ տեղ փոխադրվելը։

Պէտք է նկատել, որ Ոսկանը մենակ չէր Եւրօպայում։ Բացի հայ աշակերտներից, նա ունէր և գործակիցներ․ դրանցից մեզ արդէն ծանօթ է Կարապետ վարդապետ Անդրիանեցին, այժմ յիշատակենք Ոսկանի քրոջ որդի Սողոմոն Լևոնեանին և Թադէոս Համաղասպեան անունով քահանային, որ նոյնպէս Սպահանից էր և նոյնպէս կոջվում էր երևանցի։ Այս վերջինը Ոսկանի գործի չար հրեշտակը և կործանման պատճառը դարձաւ, ուստի և հարկաւոր է նախ ծանօթանալ նրա հետ։

Հայոց պատմութեան մէջ հազիւ թէ կարելի լինի գտնել շատ այնպիսի անկիւններ, ուր չերեւար մատնիչ հայի գարշելի դէմքը։ Ոչ մի տեսակ դիրք, պարապմունք չէ կարողացել յետ կանգնեցնել հային այդ սև պաշտօնից․ մատնիչ է եղել հայ իշխանը, հայ քահանան, հայ կաթողիկոսը, վաճառականը, գեղջուկը։ Կարելի պիտի սպասել, որ հայերի մէջ սկսված տպագրական գործը գոնէ ազատ կը լինի հայի այդ յատկութիւնից, մանաւանդ որ նա հայրենի հողի վրա չէր հաստատված, այլ դեգերում էր Եւրօպայի զանազան կողմերում։ Բայց հայ մատնիչի համար չը կան աշխարհագրական սահմաններ․ նա ամեն տեղ է, մանաւանդ այնպիսի տեղ, ուր կան իր ազգակիցներից գոնէ մի քանիսը։ Ոսկանի տպագրական ընտանիքի մէջ էլ շուտ գոյացաւ մի այդպիսի աւերիչ ցեց։ Դա քահանայ Համազասպեանն էր։

Այս մարդը, ինչպէս յատուկ է բոլոր մատնիչներին կարողացաւ գրաւել Ոսկանի առանձին վստահութիւնը, ընկերացաւ նրան, կատարում էր զանազան յանձնարարութիւններ։ Ինչպէս գիտենք, Լիվօրնօի երեք ջուղայեցի վաճառականները յանձն էին առել Աստուածաշունչի տպագրութեան ծախսերը։ Ոսկանը Ամստերդամից ուղարկեց Թադէոս քահանային Լիվօրնօ` այդ վաճառականների հետ հաշիւները վերջացնելու։ Այդ գործի պատմութիւնը գրել է ինքը, Համաազասպեանը[64], աշխւատելով, ի հարկէ, արդարացնել իրան և մեղադրել վաճառականներին, որոնք, որպէս թէ, առանց որ և է պատճառի հրաժարվեցին իրանց խոստումը կատարելուց և բացի դրանից` յափշտակեցին Ոսկանի ուղարկած բոլոր գրքերը։ Թէ այդպէս չէ եղել գործը, երևում է նրանից, որ Թադէոսը դիմել է դատարանին, բայց փոխանակ վաճառականներին պատժելու` ինքր դատապարտվել է բանտարկութեան։ Բանտից նա ազատվեց պապի նուիրակի միջնորդութեամբ. մի հանգամանք է սա, որ ցոյց է տալիս, թէ Համազասպեան արդէն բաւական գնահատելի մարդ էր կաթօլիկ հոգևորականների համար: Ինչպէս երևում է, նոյն այդ Թադէոս քահանան էր, որ Լվօվ տարաւ Ամստերդամի հրատարակութիւնները, որոնց մէջ էր և Առաքելի պատմագրութիւնը։ Այդքան մօտիկ և հաւատարիմ ձևացող անձնաւորութիւնը անշուշտ մեծ ազգեցութիւն ունեցած պիտի լինի Ոսկանի վրա յուսահատութեան այն ժամանակներում, երբ տպարանի գոյութիւնը իսպառ վտանգված էր ևրևում։ Չէ կարելի չենթադրեի որ Թադէոսը, իր նախամտածած նպատակների համար կամ գուցէ և կաշաոված պապականների ոսկով ու խոստումներով, համոզում էր Ոսկանին հանել տպարանը Հօլլանդիայից։

Բայց ու՞ր կարելի էր տանել նրան։ Կաթօլիկ հոգևորականութեան ինտրիգներն ու մեքենայութիւնները, ինչպէս տեսանք, նեղում էին նրան և Հօլլանդիայում, արգելքներ յարուցանելով գրքերի տարածման դէմ։ Բացի դրանից երեւում է, որ եթէ Ոսկանի հրատարակութիւնները դանդաղ էին վաճառվում, պատճառներից մէկն էլ այն էր, որ նրանք տպագրվում էին մի բողոքական երկրում, իսկ սա, խաւար ժամանակի հասկացողութիւնների տեսակէտից, մի հանգամանք էր, որ ապացուցանում էր, թէ այդ գրքերը անհարազատ են, աղճատված։ Այս բոլորը պիտի հասկացնէր Ոսկանին, որ զիջողութիւն անել հարկաւոր է և պէտք է գործունէութիւն սկսել մի կաթօլիկ աշխարհում։ Ամբողջ Եւրօպայում նա միայն Ֆրանսիան յարմար համարեց իր մտքի համար․ այս իրողութիւնը մի փաստ է, թէ նա աշխատում էր չարիքներից փոքրագոյնն ընտրել։

Ֆրանսիան թէև կաթօլիկ երկիր էր, թէև Հռօմի աւագ դուստրի պատուանունն էր կրում, իսկ նրա թագաւորները «ամենաքրիստոնեայ» տիտղոսով էին փայլում, բայց ունէր եկեղեցական ինքնավարութիւն, որ յայտնի է գալլիկանութիւն անունով։ Դա չէր նշանակում ոչ անկախութիւն, ոչ էլ ընդդիմադիր մի հոսանք Հռօմի դէմ։ Ֆրանսիական եկեղեցին, դաւանական հարցերի մէջ ընդունելով իր կախումը Հռօմից, վարչական ինքնօրէնութիւն էր պահպանում։ Գալլիկան եկեղեցու, գլխաւոր սկզբունքներն էին․ 1) պապը ոչինչ իրաւունքներ չունի աշխարհական գործերի մէջ Ֆրանսիայում․ 2) կրօնական հարցերի մէջ նրա կարգադրութիւնները չը պիտի հակասէին այն եկեղեցական ժողովների որոշումներին, որոնց ընդունում էր ֆրանսիական եկեղեցին։ Ոսկանի ժամանակ Ֆրանսիայի թագաւորն էր Լուդովիկոս XIV։ Յայտնի է, որ այս թագաւորը ծայրայեղ զարգացման հասցրեց բոնապետութիւնը, բարձրացրեց իր անձնաւորութիւնը այն աստիճան, որ նրան համարում էին Աստուծու մինիստր այս աշխարհի վրա, Ասաուծու տեղապահ և նոյն իսկ Աստուծու կենդանի պատկեր[65]։ Ֆրանսիայի այդ կէս-աստուածը, որ երկրպագութիւն էր ընդունում իր հպատակներից, աւելի ևս զարգացրեց գալլիկանութիւնը․ պապին նա հարկադրեց ճանաչել իր գերազանցութիւնը, եկեղեցականներին հեռացրեց պետական բարձր պաշտօններից, կասկածով էր վերաբերվում նրանց, որովհետև եկեղեցական զգեստները և սրբազան պարտաւորութիւնները կրօնական հեղինակութիւն էին տալիս նրանց։ Մի և նոյն ժամանակ Լուգովիկոս XIV Արևելքում հետևում էր մի մեղմ և հաշտեցնող քաղաքականութեան։ Պարտք համարելով, իբրև կաթօլիկ թագաւոր, հովանաւորել Թիւրքիայում գործող քարոզիչներին, նա մի և նոյն ժամանակ խորհուրդ էր տալիս աշխատել զգուշութեամբ, աւելորդ եռանդ ցոյց չը տալ և այնպիսի ձեռնարկութիւններ չը սկսել, որոնք կարող են խռովութիւններ յարուցանել, կրքեր շարժել[66]:

Ահա այսպիսի հանգամանքներ արտաքուստ գրաւիչ էին դարձնում Ֆրանսիան։ 1669 թւականին Ոսկանը մի աղերսագրի հետ ուղարկում է Լուդովիկոսին իր տպագրած Աստուածաշունչը։ Թագաւորը ընդունում է այդ նուէրը իրան յատուկ սիրալիր քաղաքավարութեամբ և Ոսկանը, խրախուսված այդ բարձր ուշադրութիւնից, շտապում է Պարիզ, ուր խնդրում է իրաւունք՝ հայ տպարան բաց անելու Մարսէլում կամ Լիօնում և կամ թէ Ֆրանսիայի մի ուրիշ քաղաքում։ Այստեղ ահա հայ վարդապետը համոզվում է, որ ամենաքրիստոնեայ թագաւորի երկրում չը կայ ազատութիւն այն չափով, ինչպէս կարելի էր սպասել։ Թոյլտւութիւն նրան տուին, բայց այն պայմանով, որ տպարանից լոյս տեսնող գրքերը «հռօմէական ուղղափառ կրօնին և հաւատալիքներին հակառակ բան չը պարունակեն»։ Այս պայմանը երկսայրի սուր էր․ նրան կարելի էր հասկանալ այնպէս, թէ հռօմէական եկեղեցու դէմ ուղղած գրուածքներ չը պէտք է տպագրել, կարելի էր հասկանալ և այն մաքով, թէ հայոց կրօնական գրքերը պէտք է սրբագրել այնպէս, որ նրանց մէջ կաթօլիկ եկեղեցու ընդունած ձևերին՝ հակառակ բան չը լինի․ չէ՞ որ Հռօմի նշանաբանն էր— «ով ինձ հետ չէ, նա ինձ հակառակ է»։ Թոյլտւութիւնը հէնց այդ երկրորդ մտքով էլ հասկացվեց․ Ոսկանը ընդունեց պայմանը, երևի, յոյս ունենալով, որ այդ սահմանների մէջ էլ կարելի է գործ տեսնել։

Դուրս գալով Հօլլանդիայից, նրա տպարանը հէնց որ մտաւ կաթօլիկ աշխարհը, ենթարկվեց Պրօպագանդայի իշխանութեան: Ոսկանը ընտրել էր Մարսէլ քաղաքը․ բայց նախ քան այդտեղ գնալը, տպարանը բաց է անում Լիվօրնօ քաղաքում, ուր և 1670-ին տպագրվում են երկու հատ հայերէն կրօնական գրքեր, երկուսն էլ զուտ կաթօլիկական, «Պարտէզ հոգևոր» և «Քրիստոնէական» վերնագրով։ Այնուհետև Ոսկանի տպարանանը դատապարտվում է անսովոր անգործութեան մինչև 1673 թւականը։ Դա Ոսկանի յուսահատութեան, տատանումների և ծանր հոգսերի ժամանակն էր։ Ծերունի վարդապետը [67] մի կողմից անհանգիստ էր Լուգովիկոս XIV-ի կառավարութեան դրած պայմանի պատճառով, բայց յուսահատութիւնից միանգամայն խափանել Էջմիածնի տպարանը չէր կարողանում, այնքան նուիրված էր այդ գործին։ Վերջը, վստահանալով կառավարութեան խոստումների անկեղծութեան վրա, բաց արաւ տպարանի դռները՝ դարձեալ Էջմիածնի և ս․ Սարգսի անունով։ Միւս կողմից նրան տանջում էր դրամական հարցը, որ հարկադրեց նրան ի վերջոյ ընկերացնել իր հետ Թադէոս Համազասպեանին։ Ընկերակցութեան պայմանագիրը կնքվեց այդ երկուսի մէջ 1673–ին։ Ինչպէս երեւում է, Ոսկանը այդ ժամանակ այնքան հասկացել էր թէ ինչ մարդ է այդ քահանան, որ հարկաւոր համարեց մի քանի զգուշութիւններ գործ դնել։ Ամենակարևորը այն էր, որ Ոսկանը միայն իրան վերապահեց տպագրելի գրքերի սրբագրութիւնը։ Ընկերութիւնը այսպէս էր կազմվում․ Ոսկանը և Թադէոսը հազարական դահեկան գումար էին դնում ծախսերի համար․ տպագրված գրքերից 350 օրինակ վերցնում էր Ոսկանը իբրև սրբագրութեան վարձ, իսկ մնացածը հաւասար չափով բաժանվում էր երկուսի մէջ։

Սակայն ձեռք առած նախազգուշութիւնները չօգնեցին։ Պրօպագանդան, հէնց որ լուր առաւ թէ հայ տպարանը բացվել է Մարսէլում, շտապեց հրամանագրել տեղական եպիսկոպոսին, որ իր հսկողութեան տակ առնէ Ոսկանին, որովհետև նա յարաբերութիւն ունի Էջմիածնի կաթողիկոսի հետ։ Հռօմում հայ տպարանի առիթով վայնասուն բարձրացնողներ քիչ չը կային և դրանց միացաւ հ․ Պիդու, որ նոր էր եկել Լեհաստանից՝ մի քանի հարցեր պաբզելու համար։ Նիկօլը արդէն բաւականաչափ ձանձրացրել էր կաթօլիկ հոգևորականներին, որոնց նա այլևս շատ հարկաւոր չէր, ուստի և կանչվել էր Հռօմ, ուր պատուաւոր բանտարկութեան էր ենթարկված, պահելով իր աստիճանը և Լեհաստանի հայերի առաջնորդական պաշտօնը։ Պիդու պահանջում էր Հռօմի կալանաւոր արքեպիսկոպոսից, որ Լեհաստանում միմիայն այն մի քանի հատ հայերէն գրքերը, որոնք սրբագրված էին և ուղղափառ դարձրած Հռոմում, իսկ մնացած գրքերը, իբրև հերձուածողական, ոչնչացվեն․ նա մինչև անգամ չէր ուզում, որ այդ հերձուածողական գրքերը յանձնվեն արևելեան հայերեն։ Կաթօլիկ կղերի հայեացքներին չը համապատասխանող գիրքը մի սարսափելի թշնամի էր, որին պետք էր անհետացնել աշխարհից։

Ահա հայ գրքերի այս ուխտեալ թշնամին, Հռօմից գնալով Տօսկանա, հանդիպեց այնտեղ Մարսէլի եպիսկոպոսին, որ ֆրանսիական կառավարութեան կողմից դեսպանութեան պաշտօնով եկել էր Տօսկանայի իշխանի մօտ։ Հ․ Պիդու իսկոյն խոսք բացեց Ոսկանի տպարանի մասին և սկսեց թախանձանքով խնդրել եպիսկոպոսից, որ նա հայերին թոյլ չը տայ տպագրել մի կաթօլիկ պետութեան մէջ և մանաւանդ մի բարեպաշտօն եպիսկոպոսի վիճակի մէջ «յիմարական գրքեր, որոնք մեծ վնաս են կաթօլիկ հաւատին»։ Մարսէլի եպիսկոպոսը խնդրեց նրան գրաւոր տեղեկութիւններ տալ իրան թէ տպարանի և թէ Ոսկանի մասին, որին նա կաթօլիկ էր համարում․ ստանալով այդ տեղեկությունները, նա խոստացավ ամեն ջանք գործ դնել Պիդուի «օրինաւոր պահանջը» կատարելու համար[68]։ Եւ իրաւ, եպիսկոպոսը խիստ միջոցներ ձեռք առաւ,որ Ոսկանը «յիմարական գրքեր» չը տպագրէ․ նախ նա պահանջեց, որ վարդապետը հայերէն և լատիներէն լեզուներով գրէ թէ էնքը կաթօլիկ է․ ապա յանձնեց իր փոխանորդին հսկել տպարանի վրա, իսկ տպվելի գրքերի քննութիւնը իր վրա առաւ։ Ինքը հայերէն չը գիտէր, և գրաքննիչի պաշտօնը պիտի կատարէր մի հայ քահանայի միջոցով, որ պիտի ուղարկվէր Հռօմից։

Քանի՜ մթնոլորդների ճնշման տակ էր դրված Ոսկանը։ Ամենից ծանրն ու խեղդողը այն էր, որ գրաքննութիւնը իրապէս յանձնված էր հայերին։ Եւ այնուամենայնիւ, ծերունին արիաբար գործի կպաւ ու 1673-ին սկսեց տպագրել «Գրկուկ կարևոր» անունով գիրքը, որ օրացոյցի պէս մի բան էր և պարունակում էր իր մէջ զանազան օգտակար գիտելիքներ, մանաւանդ վաճառականների համար։ Բայց Ոսկանին ոգևորողը մի մեծադիր և պատկերազարդ Ժամագրքի տպագրութիւնն էր, որի համար էլ նա ըկերացել էր Համազասպեանի հետ։ Միայն սաստիկ ոգևորութեամբ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Ոսկանը, ինչպէս երևում է, մոռացել էր իրան շրջապատող իրականութիւնը, մոռացել էր որ Ժամագիրքը այնպիսի մի հրատարակութիւն էր, որի վրա կաթոլիկ գրաքննութիւնը կարող էր իր բոլոր խստութիւնները ցոյց տալ։ Երևի, ծերունի տպագրիչը յոյս է ունեցել մի կերպ քնացնել այդ արգոսին կամ գոնէ ազատել նրա ճանկերից շատ այնպիսի բաներ, որոնք կարող էին ուշադրութիւնից վրիպել։ Բայց այդ դէպքում կար ընտանի մատնիչը։ Ըստ երևոյթին, Համազասպեանը պիտի նոյնպէս ցանկանար որ Ժամագիրքը անվտանգ դուրս գայ մամուլի տակից, քանի որ նրա տպագրութեան համար ծախսվում էր և նրա փողը։ Սակայն այդպէս չեղաւ։ Գրքի առաջին թերթը դեռ նոր էր մամուլի տակ մտել, երբ Համազասպեանը, ինչպէս ասված է Ոսկանի բերանից մի յիշատակարանում[69], «կառուցեց անօրէնութեան ամրոցներ և դղեակներ»։ Նրա միտքն էր խափանել ոչ միայն Ժամագրքի տպագրութիւնը, այլ և ամբողջ տպարանը։ Այդ սև նպատակին հասնելու համար բաւական էր տանջել առանց այդ էլ շատ տանջված ու չարչարված Ոսկանին։ Իսկ տանջել կարելի էր մատնութիւններով, շարունակ յիշեցնելով կաթօլիկ հոգևորականներին թէ Ոսկանը ուղղափառ չէ, հերետիկոսական բաներ է տպագրում։ Նրան պատրաստ էին լսելու ամենամեծ ուշադրութեամբ։ Եւ ալէզարդ հայ տպագրիչը, որ իր միւս դասակիցների նման աթոռների, փառքի և հարստութեան ետևից չէր ման գալիս, այլ կեանք էր մաշեցնում տպարանական փոշու մէջ, մի հեռաւոր, անծանօթ երկրում, արգելքների ու զրկանքների տակ ճնշված,— հարկադրված էր կուել ընտանի թշնամու դէմ, որ բոլոր տեսակ թշնամիների մէջ ամենաանգութն ու ահաւորն է։ Ընտանեկան այդ կռիւը այնքան ծանր ու դառն էր, որ բազմերախտ ծերունին չը դիմացաւ և վախճանվեց 1674 թւականի սկզբին։

Եթէ անպատճառ հարկաւոր է, որ իւրաքանչիւր նոր գործ ունենայ իր զոհերը, մենք Ոսկան վարդապետին կարող ենք համարել ամենախոշոր զոհը, որ ստանում էր տպագրական գործը հայերից։ Այդ մարդու ութամեայ կեանքը Եւրօպայում ցոյց է տալիս թէ որքան շատ բան կարող էր նա անել, եթէ զոհի վիճակին չենթարկվէր։ Նա առաջին հայ մարդն էր, որ կանօնաւոր ու յարատև դրութիւն ստեղծեց տպարանի համար. նա առաջին հայ հրատարակիչն էր, որ ունէր համեմատաբար շատ լայն հայեացք իր գործի վրա, որ գիրք տալիս էր ոչ միայն տիրացուին, այլ և վաճառականին, հասարակ ընթերցողին։ Առաջին անգամ հայերէն Աստուածաշունչ տպագրող մարդը կարող էր դեռ շատ հսկայական ու դաժան աշխատասիրութիւն մտցնել իր լուսաւոր գործի մէջ, տալ ուրիշ մեծ գործեր էլ։ Բայց նա մենակ էր, համարեա զուրկ նիւթական միջոցներից և, որ ամենից վատն է, ճնշված անիրաւ հսկողութիւնների և կասկածների տակ։ Ոսկանի մահից մի երեսուն տարի անցած՝ նոյն լուսաւոր նպատակով Եւրօպա էր դիմում մի ուրիշ մեծ երախտաւոր-Մխիթար Սեբաստացին։ Բայց որպիսի տարբերութիւն նրա և Ոսկանի մէջ։ Մխիթարը շրջապատված էր աշակերտներով և օգնականներով, վայելում էր դեսպանների հովանաւորութիւնը, օժանդակութիւն էր ստանում կաթօլիկ կղերից և նոյն իսկ Վենետիկի կառավարութիւնը առանձին արտօնութիւններ շնորհեց նրան՝ իբրև բացառութիւն։ Մխիթարը բախտ ունէր, իսկ Ոսկանը-զոհ էր։ Զոհ հայրենի տգիտութեան և խաւարի, զոհ իր զարմանալի եռանդի, որ ոչ մի կողմից աջակցութիւն չէր ստանում, և վերջապէս՝ զոհ ընտանի մատնիչի, որ սպանեց նրան կաթօլիկ ինքուիզիցիայի ձեռքով։

Որքան և ցաւալի լինի զոհը ինքն ըստ ինքեան, բայց նրա մէջ միշտ մարմնանում է մի գաղափարի յաղթանակ, նրանով մի յայտնի գործ արմատանում է աւելի հաստատ ու պտղատու հողի մէջ։ Այսպէս էր և Ոսկանը։ Նա մեռաւ վշտերի և յուսահատութեան մէջ, բայց հայ տպարանը արդէն մի հաստատութիւն էր դարձել և այլ ևս կորչելու, անյայտանալու վտանգի մէջ չէր։ ճիշտ է, նրա տպարանը մաս մաս եղաւ, ցրիւ եկաւ, բայց այդ բեկորները նոր և նոր տպարանների կորիզներ դարձան Մարսէլում, Ամստերդամում, Վենետիկում, Կ․ Պօլսում։ Ոսկանը պատրաստեց հայ տպագրիչների սերունդ, որ նրանից յետոյ շարունակեց գործը և այնքան եռանդոտ ու ժիր էր, որ նոյն իսկ շարունակեց նաև նրա կռիւը։

Այդ կուի ասպարէզը Մարսէլի տպարանն էր։ Հէնց որ Ոսկանը փակեց իր աչքերը, Թադէոս քահանան շտապեց կառավարութեան ձեռքով կնքել տալ տպարանը։ Սկսվեց մի երկար վէճ նրա և Ոսկանի ժառանգ Սողոմոն Լևոնեանի մէջ։ Վերջինս պատրաստ էր ճշտութեամբ կատարել Ոսկանի ստորագրած պայմանները Ժամագրքի տպագրութեան վեբարերմամբ և այդպիսով միանգամայն վերջացնել բոլոր հաշիւները Համազասպեանի պէս մի մարդու հետ։ Եւ այդ կռւածաղիկը մէջտեղից վերացնելու համար նա ոչինչ չը խնայեց։ Տպագրութիւնը առաջ էր գնում նրա եռանդուն հաւատարմատար Նասիբ Գրիգորեանցի ձեռքով, իսկ կաթօլիկ կղերի կասկածները ոչնչացնելու համար նա խնդրեց գրաքննիչ և նրա հաշւով Հռօմից ուղարկվեց Յովհաննէս Հոլով անունով հայ կաթօլիկ քահանան։ Բայց Թադէոս երէցը այդքան հեշտութեամբ ձեռքից զոհ բաց թողնողը չէր։ Նա ուղղակի դիմեց դատաւորին և յայտնեց թէ Ոսկանի Ժամագրքի մէջ հերետիկոսական տեղեր շատ են մնացել, ուստի պահանջում էր, որ արդէն տպագրված ութ թերթերը նորից տպագրվեն. նա նոյն իսկ Յովհաննէս Հոլովից էլ ջերմեռանդ կաթօլիկ էր ձևանում, նոյն իսկ նրան էլ ոչ–բաւականաչափ բարեմիտ և ուղղափառ կաթօլիկ էր համարում։

Դատաւորը կայացրեց վճիռ որ արատաւոր համարվող ութ թերթերը նորից տպագրվեն և բացի դրանից, ինչպէս պահանջում էր գանգատաւոր քահանան, գրքի վրա նշանակել թէ նա հրատարակվում է Ոսկանի և Համազասպեանի հաշւով։ Նասիբ Գրիգորեանը բողոքեց այդ վճռի դէմ և պարլամենտը (նահանգական բարձրագոյն դատարան) ջնջեց դատաւորի վճռի այն մասը թէ պէտք է նորից տպագրել ութ թերթերը։ Դրա փոխարէն պարլամենտը որոշեց, որ հերետիկոսութիւնների հարցը ամբողջովին յանձնվի տեղական առաջնորդի բարեհայեցողութեան։ Համազասպեանը, կամենալով միանգամից ազատվել Նասիբից, որ այդքան ժիր ու հասկացող ախոյեան էր հանդիսացել, նորից դիմեց ստոր մատնութեան, յայտնելով թէ նա նենգավաճառ է, դատարկաշրջիկ և սնանկացած։ Նասիբը բանտարկվեց և հազիւ 1676–ին կարողացաւ ազատվել, բողոք ներկայացնելով իր կալանաւորման վճռի դէմ։ Շատ զարմանալի է, որ այս մարդը կարողանում էր արդարադատութիւն գտնել Լուդովիկոս XIV–ի Ֆրանսիայում, ուր տիրում էր ոստիկանական կամայականութիւնը միայն։

Մնում էր, ուրեմն, տեղական եպիսկոպոսի վճիռը, որպէս զի վերջանայ այդ դժբախտ գործը։ Բայց այստեղ աւելացաւ մի նոր հանգամանք, որ աւելի ևս խճճեց հարցը։ Թովմաս Հայրապետեան անունով մի հայ—կաթօլիկ քահանայ այդ միջոցին Մարսէլով անցնում էր դէպի Փարիզ․ եպիսկոպոսը նրան յանձնեց Ժամագրքի քննութիւնը և ֆանատիկոս հայը գերազանցեց ոչ միայն Յովհաննէս Հոլովին, այլ նոյն իսկ Համազասպեանին։ Նա շատ քիչ համարեց վերջինիս կազմած հերետիկոսութիւնների ցուցակը և բացի արդէն արգելքի տակ դրված ութ թերթերից՝ ուրիշ ութ թերթ էլ արգելեց, ասելով թէ պէտք է նորից տպագրել, որովհետև հերետիկոսութիւններով լիքն են։ Եւ զարմանալի էլ չէ այդ վճիռը։ Հայ ինքուիզիտօրը այն աստիճան մոլեռանդ ու կատաղի էր, որ չէր թոյլ տալիս հայ Ժամագրքի մէջ նոյն իսկ այնպիսի տեղեր, որոնք կային Հռօմում տպած եկեղեցական գրքերի մէջ։ Թշնամութիւնը ամեն մի հայկական ծէսի, մինչև անգամ հայ անուան դէմ անխնայ էր, ֆանատիկոսական…

Նասիբ Գրիգորեանը դէմ չէր այդ ուղղագրութիւններին․ միայն նորից չը տպագրելու և աւելորդ ծախսեր չանելու համար նա առաջարկում էր, որ կազմվի սրբագրութիւնների մի ցուցակ և տպագրվի գրքի վերջում։ 1678–ին պարլամենտը, որի վաւերացման էր ներկայացրած այս առաջարկութիւնը, նորից տեղական եպիսկոպոսի մօտ ուղարկեց վիճող կողմերը, ասելով թէ միայն նա կարող է վճռել թէ ինչպես է յարմար սրբագրել Ժամագիրքը։ Բայց այդ միջոցին եպիսկոպոսը փոխադրվեց ուրիշ տեղ և նրա պաշտօնը ժամանակաւորապէս, մինչև նոր առաջնորդ նշանակելը, յանձնվեց Ֆիլիպ դը–Բօսէ անունով քահանային, որ պարտք համարեց ամեն կերպ պաշտպանել Հայրապետեանին։ Հետաքրքրական է այդ վերաբերմունքի շարժառիթը, որ ցոյց է տալիս թէ հայերը ինչ կողմնակի, բոլորովին իրանց հետ կապ չունեցող նկատումների զոհ էին դառնում։

Գրանքննիչ կամ, աւելի ճիշտն ասած, ինքուիզիտօր Հայրապետեանը հզօր պաշտպանութիւն էր գտնում ոչ թէ այն պատաճառով, որ արդար էր իր անխնայ վճիռների մէջ, այլ որովհետև դը-Բօսէն յանսենական էր։ Ֆրանսիայում նոր էր երեւան եկել այս վարդապետութիւնը, որ իր անունը ստացել էր Իպրի եպիսկոպոս Յանսէնից և գլխաւորապէս ուղղված էր եզուիտների անբարոյական արարքների ու վարդապետութիւնների դէմ։ Եզուիտները, սակայն, մտել էին Լուդովիկոս XIV-ի փէշերի տակ և նրա կրօնական քաղաքականութեան ջատագովներն էին։ XVII դարում եզուիտական կարգը արդէն դարձել էր քաղաքական մի ահեղ կազմակերպութիւն․ նա ունէր ահագին կալուածներ, մեծ դրամագլուխներ, որոնց բազմապատկելու համար Յիսուսի անունը կրող հայրերը չէին քաշվում նոյն իսկ առևտրական և բանկային ձեռնարկութիւններից։ Ֆրանսիական հոգեորականութիւնը, ինչպէս ասացինք, այդ ժամանակ գալլիկան եկեղեցու ազատութիւններն էր պաշտպանում Լուդովիկոս XIV-ի հետ։ Եզուիտները այդ ազատութիւնների ջերմ պաշտպաններ հանդիսացան և թագաւորին դուր գալու համար նոյն իսկ այն աստիճանին հասան, որ իրանց համար էլ կատարեալ անկախութիւն էին պահանջում․ մի և նոյն ժամանակ, իրանց վտանգաւոր թշնամի յանսենականների մասին շշնջում էին թագաւորի ականջին թէ նրանք, հանրապետականներ են, ուզում են տապալել միապետութիւնը։ Բարեպաշտ մատնութիւնը, ի հարկէ, իր հետեանքներն ունեցաւ․ Լուդովիկոսը հալածում էր յանսենականներին։ Իննօկենտիոս XI պապը դիմադրում էր գալլիկանութեան ձգտոււմներին և իբրև եզուիտական ցանցերի մէջ փաթաթված կառավարութեան դէմ մարտնչող՝ նա վայելում էր եզուիտների թշնամի յանսենականների համակրութիւնը: Մարսէլի տեղապահը, իր հովանաւորութեան տակ առնելով Հայրապետեանին, դրանով պատւում էր Հռօմի գահը։ Նա մինչև անգամ հիմնեց Մարսէլում մի կրօնական ընկերակցութիւն, որ Հռօմի Պրօպագանդայի պատճէնը պիտի լինէր և նրա պէս պիտի աշխատէր բոլոր հերետիկոսութիւնները վերացնելու համար։

Եւ այսպէս, հայոց դժբախտ Ժամագիրքը կռիւների առարկայ էր և այն պատճառով, որ կար յանսենականութիւն, կար մրցում Հռօմի և Պարիզի մէջ։ Այսպիսի հանգամանքներում միամտութիւն կը լինէր յուսալ թէ կարելի է Հայրապետեանի պէս ֆանատիկոսներին յաղթել։ Սողոմոն Լևոնեանը Նասիբի և գրաշար Մատթէոս Յովհաննիսեան Վանանդեցու եռանդուն աշխատութեամբ 1679-ին վերջացրեց Ժամագրքի տպագրութիւնը և դատաստանական վճռի համաձայն դրեց նրա վրա թէ Ոսկանի և թէ Համազասպեանի անունը, ապա պահանջեց, որ վերջացնվեն հաշիւնեը: Սակայն գրաքննիչ Հայրապետեանը ոչինչ զիջողութիւն չէր ուզում անել. բանը այն տեղին հասաւ, որ այդ մարդը սկսեց պահանջել, որ Գրիգորեան տօմարը մտցնվի Ժամագրքի մէջ, մի բան, որ չէին ընդունել Արևելքի կաթօլիկներն անգամ։ Հռօմը ոչ միայն հարկաւոր ՝չը համարեց չափաւորել իր մոլեռանդ ծառայի բռնաւորական եռանդը, այլ և վարձատրեց նրան, նշանակելով առաքելական քարոզիչ Մարսէլում և հայերէն գրքերի քննիչ երեք տարի ժամանակով։

Լևոնեանին մնում էր արդարութիւն որոնել Պարիզում։ Նրա բողոքների վրա ուշադրութիւն դարձրին նոյն իսկ մի քանի ֆրանսիացի հոգևորականներ, որոնք անիրաւութիւն էին համարում այդ արգելքները։ Սակայն հայ տպագրիչները շատ քիչ օգուտ կարող էին քաղել այդ պաշապանութիւնից։ Հարցը ընդունեց կրօնական բանակռւի ձև, նա դարձաւ պարիզցի և մարսէլցի աստուածաբանների անձնական պատուի հարց։ Իսկ ֆրանսիական կառավարութեան համար աւելի նշանակութիւն ունէր այն, որ Հայրապետեանին այդպիսի լիազօրութիւններ տուող Հռօմը կամեցել է իր վարչական իրաւունքները հասատատել Մարսէլում, մի բան, որ գալլիկան ազատութիւնների հակառակ էր և չէր կարող կասկածներ չը յարուցանել։ Ուստի 1683-ին Հայրապետեանը հարց ու փորձի կանչվեց և կարողացաւ ջրել կառավարութեան կասկածները, ասելով թէ ինքը ինքուիզիտօրի պաշտօն չունի ֆրանսիական հողի վրա։ Հարցաքննող դատաւորը, վերջապէս, այն եզրակացութեան եկաւ, որ հայ քահանան կարող է մնալ Մարսէլում, միայն չը պիտի խառնվի հայ տպարանի գործերի մէջ, իսկ տպարանը պարտաւոր է ճշտութեամբ կատարել 1669-ի պայմանը, այն է՝ չը տպագրել կաթօլիկ եկեղեցուն հակառակ գրքեր։ Բայց Հայրապետեան դրանով էլ չը սանձահարվեցին: Առաջնորդական տեղապահի աջակցութիւնը վայելելով, նա սկսեց ամբաստանութիւնների հեղեղ թափել հայ տպագրիչների վրա, մեղադրելով թէ նրանք հերետիկոսութիւններ են տպագրում․ և այդպիսի բաներ նա գտնում էր ոչ միայն Ոսկանի սկսած Ժամագրքի մէջ, այլ և այն գրքերի մէջ, որոնք տպագրվել էին նրա մահից յետոյ։ Լևոնեանը միտք ունէր նորից տպագրել Աստուծաշունչը, բայց Հայրապետեանը պահանջեց, որ հայերէն Աստուածաշունչը սրբագրվի ճիշտ և ճիշտ լատիներէնի համաձայն: Ահա ինչ հրէշաւոր չափերի էր կարողանում հասնել կրօնական ֆանատիկոսութիւնից բղխած թշնամութիւնը համարիւն ազգակիցների մէջ. ահա ինչեր կարող էր անել նի հայ միւս հայի դէմ:

Եւ այս հանգամանքների մէջ ի՞նչ կարող էին անել Մարսէլի տպարանին ծառայող մի բուռն հայերը։ Որքան էլ արդար լինէր նրանց դատը, որքան էլ Պարիզի հոգևորականներից Ռիշար Սիմօն ազդու կերպով հերքէր Հայրապետեանի ամբաստանութիւնները և նկարադրէր հայերի կրած տանջանքները, բայց վերջ ի վերջոյ մնում էր այն փաստը, որ հայ տպագրիչները մի հերձուածող եկեղեցու են պատկանում։ Իսկ այդպիսիների համար շատ էլ անվտանգ բան չէր շարունակ ծեծել ֆրանսիական իշխանաւորների դռները և արդարութիւն խնդրել։ Լուգովիկոս XIV վարչական սիստեմն էր` հոգևորականութիւնը հեռու պահել իր անսահման միապետութեան դէմ որ և է ազդեցութիւն գործելու դիրքից․ բայց դա չէր նշանակում թէ ժողովուրդն էլ պիտի ազատ լինի հոգևորականների խնամակալութիւնից․ ընդհակառակն, միապետութեան շահերը պահաջում էին, որ ժողովուրդը եկեղեցու հլու հօտը լինի։ Կռիւ Հռօմի դէմ՝ ֆրանսիական եկեղեցուն վարչական անկախութիւն տալու համար, ֆրանսիական հոգևորականութիւնը կատարելապէս հպատակված թագաւորական գահին, իսկ ժողովուրդը - հոգևորականութեան,- այսպէս էր Լուդովիկոսի շրջանի ոգին։ Թագաւորը կաթօլիկութեան հեղինակութիւնը մազի չափ խախտելու միտքը չունէր։ Իբրև եկեղեցու աւագ զաւակ, մանաւանդ իբրև Աստուծու մինիստր այս աշխարհի վրա՝ նա վերացրեց նոյն իսկ այն ազատութիւնը, որ վայելում էին ֆրանսիացի բողոքականները (հուգենօտներ). քանդել նրանց եկեղեցիները, բռնութեամբ նրանց երեխաներին կաթօլիկ մկրտել, նրանց հոգևորականներին անգութ հալածանքների ենթարկել - սրանք բարեպաշտական մեծագործութիւններ էին այդ թագաւորի համար, որ կրօնի մասին հասկացողութիւն էլ չունէր, ապրում էր սիրուհիներով շրջապատված, բայց կաթօլիկ կզերի կեղծաւոր հիացմունքի առարկայ էր և մեծ, աստուածային տիտղոսների ու փառաբանութիւնների էր արժանանում։

Լևոնեանը և իր ընկերները յոգնել էին տասը տարվայ մաքառումներից։ Նրանք գործել էին և լաւ էին գործել պաշտպանելով հայ տպարանի իրաւունքները։ Գեղեցիկ տպաւորութիւն է. թողնում  կաթօլիկ բռնակալութեան ենթարկված այդ մի բուռն գործաւորների տոկունութիւնը. նրանք տպագրութեան միջոցով հասարակութեան դատաստանին յանձնեցին Համազասպեանի սև գործերը, բայց գործնական կռւի դաշտից էլ խոյս չը տուին։ Մի կողմից կռւելով քահանայ Հայրապետեանի բարբարոսութիւնների դէմ, նրանք միւս կողմից շարունակում էին գրքերի հրատարակութիւնները Ոսկանի անունից։ 1675-ին Մարսէլի տպարանից լոյս տեսան ամբողջ հինգ գիրք, որոնց մէջ պատահում ենք այնպիսի նորութիւնների, ինչպէս են «Արհեստ համարողութեան» (թարգմանած յատկապէս հայ վաճառականների համար), «Կանոնք զգուշութեամբ պահելոյ գանձն» (առողջապահական խրատներ)։ Հետևեալ տարին հրատարակվում են երեք գիրք, իսկ 1677-ին մի գիրք։ Այնուհետև, մեր նկարագրած անցքերի պատճառով, Լևոնեանը հարկադրվում է անգործ մնալ մինչև 1683 թւականը, այսինքն մինչև այն ժամանակ, երբ արգելվեց Հայրապետեանին խառնվել նրա տպարանական գործերի մէջ․ օգտվելով սյդ ազատութիւնից, Լևոնեանը հրատարակեց «Ակն հոգեկան» կրօնական գիրքը և «Պարտէզ հոգևոր» գրքի երկրորդ տպագրութիւնը։ Բայց շարունակել չը կարողացաւ․ տեսնելով որ անհնարին է ամեն անգամ կռւով մի տպագրութիւն խլել կաթօլիկ գրաքննութեան և մանաւանդ Հայրապետեանի ճանկերից, Լևոնեանը փակեց տպարանը, բայց ոչ իսպառ նրան լռեցնելու համար։ Գրաշար Մատթէոս Յովհաննիսեան Վանանդեցու հետ նա վերցրեց տպարանը և նորից գնաց Ամստերդամ։ Վաղո՜ւց պէտք էր բռնել վերադարձի այդ ճանապարհը։ Ազատ Հօլլանդիան, ուր չը կային ոչինչ արգելքներ ու հսկողութիւններ, նորից կենդանութիւն ու եռանդ պիտի ներշնչէր տանջված հայ տպագրիչներին, ինչպէս ներշնչում էր Լուդովիկոսի բռնութիւններից փախած հազարաւոր ֆրանսիացիներին։

Բայց Ամստերդամի տպագրական գործունէութեան այս երկրորդ շրջանի մասին մենք յետոյ կը խօսենեք։ Այժմ, քանի չենք հեռացել կաթօլիկ երկիրներից, տեսնենք թէ ուրիշ ինչ գրքեր հրատարակվեցին այնտեղ։

Մեզ արդէն ծանօթ է Յովհաննէս Հոլով կաթօլիկ քահանան, որ Մարսէլի տպարանի առաջին գրաքննիչն էր։ Հոլովը, որ կոչվում է և պօլսեցի, XVII դարի հայ կաթօլիկների մէջ ամենից շատ բեղմնաւոր գրական գործունէութիւն է ունեցել գլխաւորապէս իբրև թարգմանիչ։ «Պարտէզ հոգևոր» աղօթագիրքը, որ տպագրվեց Ոսկանի տպարանում երկու անգամ, նրա թարգմանութիւնն էր: 1647—ին լոյս տեսան հոլովի երեք աշխատութիւնները-մէկը թարգմանական, երկուսը ինքնուրոյն։ Թարգմանականը, որ հրատարակվեց Պրօպագանդայի տպարանից, Թովմա Կեմպացու հռչակաւոր միստիքական գրուածքն էր՝ «Համահետևումն Քրիստոսի»։ Այդ թարգմանութեամբ հայրեն էլ միանում էին այն ազգերին, որոնք հիանում էին XV դարի նշանաւոր միստիկի այդ կրօնական հովուերգութեան վրա, որի մեջ յափշտակողը  հաւատացեալի անկեղծ, մաքուր, մանկական սէրն է։ Կեմպացին այդտեղ հերքում է գիտութիւնն ու քաղաքական ազատութիւնը, բայց դա արգելք չէր, որ գիրքը թարգմանվի բոլոր լեզուներով, տարածվի ամեն տեղ ահագին քանակութեամբ, մի խօսքով դառնայ մէկը այն գրական գործերից, որոնք մի որ և է ազգին չեն պատկանում, այլ ամբողջ աշխարհին։ Որքան էլ գիրքը իր բովանդակութեամբ կրօնական էր, իսկ թարգմանիչը լատինամոլ հայ գրող, բայց մենք չը պիտի մոռանանք, որ հայ տպարանը առաջին անգամն էր լոյս հանում եւրօպական մեծ հռչակ վայելող մի երկի թարգմանութիւնը։ Մեզանում էլ Կեմպացին աջողութիւն գտաւ և հրատարակվեց մի քանի անգամ։

Հոլովի թարգմանութիւններին առանձին նշանակութիւն չէ կարելի տալ այն պատճառով, որ նա, իբրև կաթօլիկ հոգևորական, նոյնպէս պարտաւորութիւն էր համարում լատինացնել հայոց լեզուն։ Այս ձգտումը նա ցոյց է տուել իր գրած քերականութեան մէջ, որ, ի լրումն ամենայնի, կրում է «Զտութիւն հայկաբանութեան» անունը։ Այդ երևակայական զտութիւնը տպեց Պրօպագանդայի տպարանը, իսկ միւս ինքնուրոյն աշխատութիւնը—«Համառօտ ճարտասանութիւն» (Առաջին տպագրվածը) հրատարակվեց Ոսկանի տպարանից։ Բացի այդ բոլորից, ջանասէր քահանան թարգմանեց «Խոկումն քրիստոնէական», «Խոստովանարան կամ Ամբաստանարան ըստ կարգի պատուիրանաց տասանց պատգամաց և եօթանց մեղաց գլխաւորաց» «Նորագոյն ծաղիկ զօրութեանց», «Նուագարան երանուհւոյ կուսին Մարիամու և սրբոյ հրեշտակին պահապանի», «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի»։ ՎերնաԳիրներն էլ բաւական են ցոյց տալու համար, որ այդ գործերը ոչինչ նորութիւն չեն ներկայացնում գրականութեան համար և նրանց կարելի է յիշատակել միայն իբրև գրքեր, որոնք տպվեցին մասամբ Պրօպագանդայի, մասամբ Ոսկանի տպարաններում և Վենետիկում։

Բօվիսի տպագրութիւններից յետոյ Վենետիկը հայերէն գիրք չը հրատարակեց մինչև 1678 թվականը։ Այդ տարվանից հայկական հրատարակութիւններին հետամուտ է լինում մի օտարազգի, Միքայէլ Բարբօնի անունով, որ իր այդ գործունէութիւնը շարունակում է բաւական երկար (մինչև 1690 թւականը), տպագրելով մեծ մասամբ եկեղեցու համար գործածական գրքեր-Աւետարան, Սաղմոս, Ժամագիրք, Խորհրդատետր, Տօնացոյց, զանազան աղօթագրքեր։ Յիշենք և այն, որ այդ միջոցներում Պրօպագանդան հրատարակեց «Մանաւանդականք» անունով մի վիճաբանական գիրք, որ պիտի ցոյց տար մահմեդականներին, հրէաներին, ինչպէս նաև հերձուածող քրիստոնեաներին կաթոօլիկ եկեղեցու ուղղափառութիւնը։ 1677-ին տպագրած «Խորհրտատետրը» վկայում է, որ Պրօպագանդայի տպարանը արդէն շատ առաջ էր գնացել հայերէն տառերի կատարելագործութեան մէջ։ Գիրքը տպված է սև և կարմիր թանաքով, մեծ ու գեղեցիկ տառերով։ Կաթօլիկների գործածութեան համար նշանակած այդ գրքի մէջ հետաքննական է առանձին յաւելուածը, որի մէջ սրբագրված են Ոսկանի տպած «Շարականն» ու «Ժամագիրքը»։

Հռօմի և Վենետիկի այս հրատարակութիւնները վկայում են, որ Ոսկանի մահից յետոյ հայ տպարանը դարձեալ ամփոփվում է միայն եկեղեցու շրջանակի մէջ։ Բայց կենդանի էին Ոսկանի աշակերտները, որոնք մի անգամ էլ պիտի՝ հանդէս հանէին Ամստերդամում այդ վարդապետի համեմատաբար լայն հրատարակչական ծրագիրը։

XI
Հայաստանի դրութիւնը XVII դարի երկրորդ կէսում. պատերազմները դադարում են, բայց կեղեքումները շարունտկվում են։— Թիւրքական հարկահանութիւն. մի պատկեր պարսկական հարկահանութիւնից. մարդկային իրաւունքների պաշտպանութեան համար դիմումներ պարսից արքունիքին։—Բռնի կրօնափոխութիւներ. XVII դարի վերջը օրհասական է քրիստոնեութեան համար։—Խառնակութիւները Կ. Պօյսում. Թօմա պատրիարք. մատնութիւն նրա դէմ. բանտարկութիւն եւ սպանութիւն։ –Թլթլեան կուսակցութիւն. բռնութիւներ եւ աւարառութիւներ» պատրիարքական թեկնածուների արարքները։—Եղհազար ԱԱյնթապցի, կաթոդիկոսութիւն Երուսաղէմում. Մատթէոս Կամայեցի. խռովութիւներ 14 տարվայ ընթացքում. պատրիարք դառնալ կամեցողների կռիւներն շու անբարոյական արարքները։—Երուսաղէմի դրութիւնը. աւազակային գործեր:

Գրական պահանջները հետզհետէ զարգանում էին։ Բայց ո՞րքան էր այդ երևոյթր ժողովրդական, ո՞ր աստիճան նա կախում ունէր հայկական իրականութիւնից։ Սովորական ձև է՝ նմանեցնել գրականութիւնր հայելիի, որի մէջ ցոլանում է մի ազգի դրութիւնը։ Ել այս ճշմարտութիւնը ակներև է. չէ կարող լինել գրականութիւն օդի մէջ կախված, առանց իրական հողի, կենդանի միջավայրի։ Գրականութիւնը նոյն ազգեն է. գնում է, կանգնում է, ապրում է ու մեռնում է նրա հետ իբրև նրա մտքի ու սրտի ծնունդ։ Այդ պատճառով գրականութեան հետեւողը պիտի յաճախ կանգ առնէ և նայէ ժողովրդի կեանքին, որոնէ այդ կեանքի մէջ թէ յանկարծակի երևան եկող լուսաւոր առաջադիմութեան առիթներն ու դրդիչները, թէ մաահացնող հանգամանքները։

Մենք թողեցինք հայերին աւերումների և հեծեծանքների այն սև շրջանում, որ սկիզբ առաւ Շահ-Աբբասի արշաւանքների հետ և բռնեց XVII դարի ամբողջ առաջին քառորդը։ Մենք տեսանք թէ ինչպէս բարբարոսութիւնը, միացած սովի, հիւանդութիւնների հետ, դատարկում էր երկիրը, սպառում էր նրա կեանքը. տեսանք աւերակների մէջ մեռնողների հետ և այն կենդանի մնացածներին, որոնք փախչում էին իրանց անբախտ հայրենիքից, ինչպէս ժանտախտից։ Բարեբախտաբար, որքան առաջ էր գնում ժամանակը, այնքան հասատավում էր համեմատաբար խաղաղ ապրելու հնարաւորութիւնը։ Հայոց երկրի դժոխային տանջանքների գլխաւոր պատճառը, ինչպէս գիտենք, Թիւրք-պարսկական պատերազմներն էին։ Շահ-Աբբասի մահից յետոյ այդ պատերազմների մի արիւնահեզ գործողութիւնն էլ տեղի ունեցաւ հայաստանի հողի վրա, երը 1635-սուլթան Մուրադ IV անձամբ պաշարեց Երևանը և մի ամբողջ շաբաթ ռմբակոծելուց յետոյ՝ գրաւեց նրան։ Բայց դեռ նոր էր Մուրադը յաղթողի փառքով մտել Կ. Պօլիս, երբ պարսիկները յար ձակվեցին Երևանի վրա և յետ խլեցին օսմանցիների ձեռքից։ Այս գործողութիւնների միջոցին ամբողջ Արարատեան երկիրը և նրա սահմանակից գաւառները դարձեալ քարուքանդ եղան, բնակիչների մեծ մասը գերի տարվեց և նոր շունչ առած երկիրը դարձեալ ծածկվեց աւերակներով։ Մովսէս կաթողիկոսը հազիւ էր կարողացել մի քանի շինութիւններ բարձրացնել էջմիածնի աւերակների մէջ, բայց դրանք էլ տապալվեցին յանկարծահաս պատերազմական փոթորիկներից և նրա յաջորդ Փիլիպպոս կաթողիկոսին մնում էր նորից զինվել համբերութեամբ և նորից շինել քանդվածները։

Բայց այդ կործանումը ունէր գոնէ այն միւիթարական հանգամանքը, որ վերջինն էր XVII դարում․ թիւրք—պարսկական ընդհարումներ այլ ևս տեղի չունեցան Հայաստանի այս կողմերում և երկար ժամանակ ժողովուրդը ազատ էր աշխարհաւեր պատուհասից ու մրջիւնի չարքաշութեամբ կարող էր նորից ճիգեր թափել իր քանդված բոյները վերաշինելու համար։ Դա արդէն մեծ թեթևութիւն էր. հայ ազգի առաջ այլ ևս միայն արիւնոտ իրականութիւնը չէր, որ մոռացնել է տալիս մարդկային բոլոր միւս հոգսերը և մանաւանդ այնպիսիները, որոնք մտքի զարգացման են վերաբերվում։ Այդ համեմատաբար խաղաղ ժամանակների արդիւնքն են վանական դպրոցները, Ոսկան վարդապետը, տպագրված գրքերը։

Սակայն ժողովուրդը, ինչ ասել կուզի, նոյն պիղծ ռայեան էր, նոյն ստրուկը։ Չըկայ, ճիշտ է, ընդհանուր սրածութիւնը, ամբողջ գաւառներ չեն դատարկվում և լուռ գերեզմանոցներ դառնում, բայց թաթարական իսլամի լուծը շարունակում է արիւն—արտասունք կաթեցնել, թունաւորել քրիստոնեայ նախրի հոգին ու ուղեղը։ Խաղաղ կեղեքումները, մասնական աւերումները չեն վերացել և վերանալ չեն կարող։ Եւ կարո՞ղ ենք ասել թէ այդ դանդաղ, քիչ նկատելի տանջանքները ոչինչ են՝ համեմատած պատերազմական աւերմունքների հետ։ Թիւրք հեղինակներից մէկը, Խօջի—բէկ, սուլթան Մուրադին ներկայացրած մի մանրամասն զեկուցագրի մէջ ասում էր․ «40 կամ 50 ասպէրի փոխարէն, որ ստացվում էր իւրաքանչիւր տանից, գիւղացին այժմ տալիս է գլխահարկ 240 ասպէր․ 40 ասպէր կողմնակի տուրքերի փոխարէե գիւղացիներից այժմ առնում են 300, իսկ իւրաքանչիւր ոչխարից՝ կէս ասպէրի փոխարէն առնում են 7 կամ 8 ասպէր․․․ Կարճ ասելով, այսպիսի հարստահարութիւններ և կեղեքումներ դեռ երբէք տեղի չեն ունեցել ոչ մի երկրում, ոչ մի պետութեան մէջ։ Եւ սակայն, եթէ մուսիլմանական երկիրների բնակիչներից մէկը ենթարկվում է նոյն իսկ թեթև կեղեքումների, ահեղ դատաստանի օրը դրա համար պատասխանատու է միապետը և ոչ թէ պաշտօնեաները․ և միապետը չը պիտի կարողանայ արդարանալ տիեզերքի Տիրոջ առաջ, ասելով․ «ես այս պաշտօնեաներին էի յանձնել իմ հպատակներին»։ Սովից մեռնողների հեծեծանքներից քանդվում են տների պատերը, իսկ կեղեքվողներ ի արտասունքները խեղդում են կայսրութիւնները կործանման ալիքների մէջ»[70]: Այս տողերը գրված են դեռ 1630-ին, այն ժամանակ, երբ Թիւրքիայի տէրը քաջ և ուժեղ Մուրադ IV-ն էր, որ նախկին զինուոր-սուլթանների օրինակն էր ցոյց տալիս, որից վախենում էին և որ աշխատում էր ահագին պետութեան մէջ կարգ ու կանօն պահպանել։ Իսկ ի՞նչ պիտի լինէր դրութիւնը նրա թուլամորթ և մեղկ յաջորդների ժամանակ, երբ կառավարողը իրապէս հարեմի հարճերն էին և ներքինիները։ Խօջի-բէկը այսքան ճշմարտութիւն էր ասում ահարկու փադիշահի դեմքին․ իրականութիւնը, անշուշտ, աւելի ևս դառն խօսքերի առիթ պիտի տար․ և կեղեքումներ մերկացնող թիւրքը․ անշուշտ, գլխաւորապէս մահմեդական հարկատուների հեծեծանքներն ունէր ի նկատի․․․

Կարիք չը կայ ասելու, որ դրութիւնը լաւ չէր և Պարսկաստանում։ Տեսնենք հարկահանութեան մի պատկեր, որ տալիս է Զաքարիա պատմագիրը[71]: Գործողութիւնը կատարվում է Քանաքեռ գիւղում։ Զմեռն է, Երևանի խանի կողմից գիւղն է եկել մի ոմն Ասլան-աղա, որ Թիւրքիայից է փախել, անցել խանի մօտ և հարկերի տեսուչ է նշանակվել, հետևաբար նրա գործողութիւնները կարող են և Թիւրքիայում գործադրվող հարկահանական սիստեմի մի նմուշ դառնալ։ Ասլան ազան հրամայում է գիւղացիներին «ցոյց տալ գլուխները», այսինքն իր առջև հանել այն ամենքին, որոնք հարկ պիտի տան և ցուցակագրվեն։ Գիւղացիները տանում են իրանց երեխաներին նրա մօտ։ «Իմ հայր Մկրտիչը—ասում է Զաքարիան—շալակեց ինձ, իսկ իմ եղբայր Խաչատուրին առաջ գցած՝ գնաց։ Եւ երբ Ասլան աղան տեսաւ մեղ փոքր և կաղլիկ, ծուռ ոտներով, բարկացաւ և ասաց հօրս` «քո առողջ որդին պահել ես, իսկ անդամալոյծները բերել»․ և հրամայեց, որ նրան երեսի վրա գետին գցեն. և ջուր բերին ու թափեցին նրա վրա, ոտքից մինչև գլուխ ջրողող արին․ մի մարդու նստեցրեց նրա գլխի վրա, միւսին—ոտների վրա և հրամայեց չորս զինվորներին, որ երկու կողմից խփեն․ այնքան խփեցին, որ մորթը մարմնից բաժանվեց և ինքը անշնչացաւ․ այնպէս համարեցին թէ նա մեռել է և քարշ տալով` թաղեցին աղբակոյտի մէջ»։ Այսպէս և ուրիշներին։ Բարսեղ և Ղազար անունով մարդկանց քսան եղունգները (ձեռքերի և ոտների) հանեցին․ մի ուրիշին կախեցին մի ձեռքից ու այնքան ծեծեցին, որ մարմնի յօդերը խախտվեցան։ Այս բոլորից յետոյ, ինչ խօսք, սարսափ տիրեց ամբողջ գիւղի վրա և նոյն իսկ կաթնակեր երեխաներին էլ հանեցին բարբարոս հարկահանի առաջ։ Եւ ահա թէ Ասլան աղան որպիսի իմաստութեամբ էր վճռում թէ ով է հարկատուն։ Երբ նրա առջևը եկողը ծեր մարդ էր, նա հրամայում էր նրան յետ ու առաջ գնալ․ եթէ ծերը գլուխը կորացրած էր պահում և երկու ձեռքերը ետեից էր տանում, նա ազատվում էր հարկից․ իսկ եթէ գլուխը բարձր էր պահում և ձեռքերը առջևից էր տանում, հարկատու էր գրվում։ Մանուկների հարկատուական կարողութիւնը որոշվում էր այսպէս։ Հարկահանը թել էր անցկացում երեխայի պարանոցի շուրջը և ապա թելի երկու ծայրերը դնում էր նրա բերանը ու հրամայում էր ատամներով բռնել ծայրերը. այս դրութեան մէջ եթէ թելի օղը անցնում էր երեխայի գլխով, նա, ուրեմն, ազատ էր հարկից, իսկ եթէ չէր անցնում, նշանակում էր, որ նա խանի հարկատու հպատակն է։ Եւ այս կերպով Ասլան աղան ցուցակագրեց եւ հարկի ենթարկեց ամեն ինչ, որ կայ գիւղում—մարգ, կով, ձի, ջորի, էշ, ոչխար, ջրաղաց, ձիթահանք, բրնձաղաց, արհեստներ, այգի, պարտէզ։

Մարդկային հօտի այս տեսարանը հարկահանի առաջ—դեռ հասկանալի էր։ Դեռ իսլամի հիմնադիր Մուհամմէդն էր սահմանել այսպիսի կարգ անհաւատների համար. ով զէնքով դիմադրում էր մուսիլմաններին, նա պիտի սպանվէր, իսկ ով յօժար կամքով հպատակվում էր նրանց, նա իրաւունք ունէր ապրել և մնալ իր կրօնի մէջ միայն այն պայմանով, որ դրա համար գլխահարկ տայ։ Դա դաշնադրութիւն էր մուսիլմանի և անհաւատի մէջ. քանի որ անհաւատը վճարում էր գլխահարկը, մուսիլմանը իրաւունք էր տալիս նրան ապրելու. իսկ եթէ նա անհաւատարիմ էր գտնվում և հարկը չէր վճարում, այն ժամանակ մուսիլմանի և նրա մէջ կայացած դաշնագիրը ոչնչացած էր համարվում, այսինքն մուսիլմանը այլ ևս պարտաւոր չէր ապրելու իրաւունք շնորհել անհաւատին։ Այս պարզ կարգը, սակայն, սրբութեամբ  չէր պահպանվում մուսիլմանների կողմից: Եւ քրիստոնեաները շատ անգամ էին հարկադրված լինում դիմել շահերին և սուլթաններին, աղերսելով իրանց համար արտօնութիւններ։ Աչքի անցկացնելով բարձրագոյն իշխանութեան տուած զանազան արտօնագրերը, մենք տեսնում ենք, որ հայերը յաճախ ստիպված են եղել իրանց տարրական իրաւունքներն անգամ պաշտպանել աղերսագրերով։ Այսպէս, փոքր Շահ-Աբբասի մի հրովարտակը իրաւունք է տալիս հայերին ունենալ անշարժ կայքեր և հրամայում է մահմեդականներին չը բռնանալ այդ իրաւունքի վրա։ Շատ են մանաւանդ հրամաններ, որոնք թոյլ են տալիս հայերին կատարել իրանց կրօնական արարողութիւնները։ Այդ թոյլտւութիւնները հիմնված են հայերի այն գանգատների վրա, թէ մահմեդականները արգելում են զանգակ խփել, հանդէսով մեռելաթաղ կատարել, քանդված եկեղեցիները նորոգել և այլն։

Դժուար էր մանաւանդ պահպանել կալուածատիրական իրաւունքները։ Մի քանի հրովարտակներ խօսում են այն մասին, որ մահմեդականացած հայերը իրաւունք չունեն խլել իրանց քրիստոնեայ ազգականներից նրանց կալուածները[72]: Բայց այս կարգը քմահաճութիւններից չէր բխում, այլ մի դրական և պարզ օրէնք էր, որ գործադրվում էր մահմեդական աշխարհում։ Քրիստոնեայ ընտանիքի մի անդամը, ընդունելով մահմեգականութիւն, դառնում էր այդ ընտանիքի բոլոր կալուածների միակ ժառանգը, իսկ քրիստոնեայ մնացողները զրկվում էին այդ կալուծներին տիրելու իրաւունքից։ Մահմեդականութիւնը տարածելու նպատակով սրբագործված այս օրէնքը թոյլ էր տալիս և կամայականութիւններ ամենալայն չափերով։ Այսպէս, շատերը, մահմեդական դառնալով, կողոպտում էին բոլորովին հեռու, նոյն իսկ անծանօթ ընտանիքները, դառնալով նրանց կալուածների ժառանգ։ Այդ աւազակութիւնը շատ հեշտ միջոցով էր կատարվում․ պէտք էր միայն գտնել մահմեդական վկաներ, որոնք դատաւորի առաջ հասատէին, թէ ժառանգութիւն որոնողը իր ցոյց տուած ընտանիքի հետ բարեկամութիւն ունի։ Իսլամ վկայի դէմ, ինչպէս յայտնի է, չէր ընդունվում քրիստոնեայի վկայութիւնը, ուստի և հայերը միշտ տանուլ էին տալիս այդ աշկարայ անարդար գործերը և մահմեդականացած հայը շատ անգամ տիրանում էր մեռած ազգականի ոչ միայն կայքին, այլ և ընտանիքին, յափշտակում էր նրա երեխաներին, կնոջը և դարձնում էր ամենքին մահմեդական[73]։

Դժբախտ քրիստոնեան, իր երեխաների համար մի կտոր կալուած, մի կտոր հաց թողնելու հոգսից տանջվելով, դիմում էր յուսահատական միջոցների։ Նա կտակում էր իր կալուածը մի մահմեդականի, որպէս զի իր մահմեդականացած ազգականը ժառանգ չը հանդիսանայ, իսկ կտակով կալուածի տէր դարձող մահմեդականը պարտաւորվում էր իր կողմից կալուածը տալ կտակողի զաւակներին։ Բայց սա մի շատ վտանգաւոր միջոց էր, որին կարող էր դիմել միայն անճարութեան ծայրին հասած քրիստոնեան։ Նշանաւոր է, որ փրկութեան այս ճանապարհը քրիստոնեաներին ցոյց տուողները մահմեդական թուրքերն էին։ Այս փաստը մի աւելորդ անգամ էլ վկայում է, որ մահմեդական հայը աւելի անգութ էր իր ազգակիցների վերաբերմամբ, քան բուն մահմեդականները. սա մի հանրածանօթ իրողութիւն էր, միանման մահմեդական աշխարհի բոլոր անկիւններում—թէ Բալկանեան թերակղզու վրա, ալբանացիների, յոյների, բօլգարների մէջ և թէ, օրինակ, Նոր-Ջուղայում կամ Քանաքեռ գիւղում, հայերի մէջ։ Իսլամը չէր կարող աւելի անգութ զէնք ու պատուհաս հանել իր թշնամի քրիսոնէութեան դէմ, քան այս անչափ ֆանատիկոս, դաժան ու անողորմ նորադարձները։

Եւ խօսելով մահմեդականացած քրիստոնեաների մասին, մենք չը պիտի կարծենք, թէ դրանք անհատական երևոյթներ էին կազմում։ Ընդհակառակը, XVII դարը քրիստոնէութեան ճգնաժամն էր մահմեդական Արևելքում։ Յոյները, ալբանացիները, սերբերը, բօլգարները խմբերով էին դիմում իսլամի գիրկը․ ամբողջ գաւառներ գլխովին մահմեդականանում էին։ Հայերի մասին կցկտուր տեղեկութիւններ են մնացել, բայց դրանք էլ բաւական էն ցոյց տալու համար, որ նրանց մէջ էլ տեղի ունէր նոյն կրօնափոխական շարժումը։ Առհասարակ, իսլամը այնքան յաղթական ընթացք էր բռնել, որ XVII դարի վերջերում արդէն թւում էր, թէ քրիստոնէութիւնը Արևելքում դատապարտված է անդառնալի և վերջնական կորստի[74]։

Իսլամի այդ խոշոր աջողութիւնները շատ պատճառներ ունէին բռնի կրօնափոխութիւնը ամեն տեղ չէր նկատվում (օրինակ Թիւրքիայում), բայց Պարսկաստանի բաժնի հայերը մշտապէս ենթարկված էին այդ տեսակ բռնութիւնների։ Յայտնի են Շահ–Աբբաս մեծի գործ դրած բարբարոսական միջոցները իր գաղթեցրած հայերի մի մասը մահմեդականացնելու համար․ յայտնի է, որ ամբողջ գիւղեր բռնի կերպով թլփատվում էին, մանաւանդ յայտնի է, որ այդ գործողութիւնների մէջ պարսիկների աջակիցները մահմեդականացած հայերն էին։ Բայց բռնութիւնները միշտ Շահերի գահից չէին բղխում․ տեղական խաները, բէկերը և առհասարակ ուժեղ մարդիկ աշխատում էին գեաւուրների անպաշտպան հօտերից պատառներ խլել Ալլահի փառքի համար։ Շահերի տուած հրովարտակների մէջ մենք հանդիպում ենք հրամանների, որ հայերին բռնի կերպով չը հարկադրեն մահմեդականութիւն ընդունել։

Բայց կրօնափոխութիւնների ամենագլխաւոր շարժառիթը, ի հարկէ, տնտեսական շահն էր։ Մահմեդական էին դառնում, որովհետև այդպէս անելը շատ ձեռնտու էր․ նորադարձը ազատվում էր յատկապէս քրիստոնեաների համար սահմանված հարկերից և գտնում էր հարթ ու լայն ճանապարհ դէպի փառք ու իշխանութիւն։ Կրօնական զգացմունքը չէր կարող շատ մեծ դեր կատարել այդ աշխարհային հաշիւների մէջ, քանի որ քրիստոնեայ ամբոխը տեսնում էր իր եկեղեցին ստորացած, անպաաիւ դարձրած։ Իսկ եեղեցուն այդպիսի մահացու հարուածներ տուողը միայն իսլամը չէր իր անարդար օրենքներով և ֆանատիկոսական բռնութիւններով։ Նրա թողած պակասը լիուլի լրացնում էին իրանք քրիստոնեաները․․․

Երբ խօսք է լինում քրիստոնէութեան անունը արատաւորողների, եկեղեցու նշանակութիւնը ոչնչացնողների մասին, ամենից առաջ հրապարակ էն գալիս հէնց այդ իսկ եկեղեցու պաշտօնեանը։ Նախընթաց գլուխներում մենք բաւական խօսեցինք թէ ինչպէս և որքան էր հայոց եկեղեցին նահատակվում փչացած հոգևորականութեան ձեռքին։ Առաջ տանելով մեր պատմական տեսութիւնը, մենք այժմ նորից հարկադրված պիտի լինենք տեսնել կղերական խայտառակութիւնների աւելի ևս զզուելի տեսարաններ։ Դա պատմագրողի մի տխուր պարտականութիւնն է, որից խուսափել, դժբախտաբար, չէ կարելի, քանի որ հայկական կեանքի մէջ միայն այդ խռովութիւններն ու անկարգութիւններն են երևում և չը կան ուրիշ երևոյթներ, որոնք աւելի նշանաւոր լինէին, աւելի տևողական, համազգային։

Աչքի անցկացնելով XVII դարի յիշատակարանները, մարդ չէ հասկանում թէ ինչ հրաշք էր, որ մնաց հայ եկեղեցի, մնացին հայ հաւատացեալներ։ Սրբութեան ի՞նչ հասկացողութիւն կարող էր պահպանել եկեղեցին, երբ նա համարեա ամեն տեղ դարձել էր վեղարաւոր ենիչէրիների աւազակային շահատակութիւնների ասպարէզ․ ի՞նչ հաւատ կարող էր պահպանել այդպիսի հոգևորականութիւնը, որի համար ոչինչ հոգս ու պարտականութիւն չը կար, բացի փառամոլ նպատակներով ամենակեղտոտ գործեր կատարելուց։ Դիտողը ակամայ համաձայնվում է մեր նորագոյն մերկացնողներից մէկի, Միքայէլ Նալբանդեանի հետ, որ 1860-ական թւականների սկզբում գրում էր․ «Եթէ հայոց ազգը իր կրօնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալութիւն մահմեդականութեան․ սա բացասաբար պահպանեց հայերի կրօնը։ Ազգը որչափ ևս թաղված լինէր խաւար տգիտութեան մէջ, այնու ամենայնիւ, եթէ մի մասը գիտակցութեամ, միւս և աւելի մեծ մասը ֆանատիկոսութեամբ, հեռու մնալով մահմեդականութիւնից, պահեց իր կրօնը, հետևաբար և ազգութիւնը։ Թող հայոց ազգը, իր թագաւորութեան կործանման օրից, ստրկանար որ և է քրիստոնեայ կառավարութեան, այն ժամանակ կը տեսանէինք․․․»[75]

Այսպիսի մի դառն խոստովանութիւն արդարացնում են պատմական բազմաթիւ փաստերը։ Փոխադրվեցէք մտքով Կ․ Պօլիս XVII դարի կէսը, տեսէք ինչ զարհուրելի դէպքեր էին տեղի ունենում այնտեղ, դեպքեր, որոնք անընդհատ շարունակվեցին մինչև XVIII դարի սկիգբը և որոնք վկայում են թէ բարոյական ինչ սոսկալի անկման էր հասել հայ ազգը։ Տեղափոխվեցէք Կ․ Պօլսից Երուսաղէմ, մտէք Քրիստոսի գերեզմանին ծառայող հայ հոգևորականների մէջ, և դուք կը սարսափէք յուսահատ իրականութիւնից։ Այդ բոլոր իրարացումները մենք չենք կարող նկարագրել մանրամասնաբար, ժամանակագրական կարգով։ Բայց քանի որ մեզ հարկաւոր է տեսնել հայ ազգի կեցութեան պատկերը, մի պատկեր, որ ցույց տար թէ մտաւոր-գրական ինչ առաջադիմութիւն կարելի էր սպասել ազգից, ուստի կը բաւականանք մի քանի բնորոշ փաստեր բերելով այդ կեցութիւնից։

Կ․Պօլսի պատրիարքարանում փառքի և իշխանութեան համար բորբոքված մրցութիւնների մասին խօսելիս՝ մենք տեսանք, որ Կղէմէս Գալանոսը աշխատում էր պատրիարքական աթոռի վրա նստեցնել իր հավանած մի հայ վարդապետին, բայց աջողութիւն չունեցաւ։ Այդ վարդապետը Թօմա Բերիացին էր, որ հարկադրված եղավ իր պաշտպանի նման փախչել Հռօմ։ Պատրիարքական թեկնածուների կռիւները այն աստիճանին էին հասել, որ կուսակցութիւնները չէին թողնում որ և է մէկին պատրիարք նստել․ և պատրիարքարանի գործերը կառավարում էին զանազան տեղակալներ՝ աշխարհական ազդեցիկ աղաներից և նրանց ստրուկ հոգեւորականներից։ Այս հանգամանքի վրա ուշադրութիւն դարձրեց թիւրքաց կառավարութիւնը․ հռչակաւոր մեծ վէզիր Քէօփրիւլիւ Մէհէմմէդը, տեղեկութիւններ հաւաքելով, կանչեց պատրիարքարանին տիրացած աղաներից մի քանիսին և սաստիկ յանդիմանեց նրանց, ապա և բանտ ուղարկեց։ Բայց ոչ թիւրքական բանտը, ոչ մեծ տուգանքները, որոնց միջոցով ազատվեցին բանտարկվածները, չը խրատեցին շահամոլ մեծաւորներին։ Գլխովին փչացած այն հանգամանքից, որ Թիւրքիայում ամեն ինչ կարելի էր առնել կաշառքով, այդ մարդիկ խոստացան տարին 40 հազար փող աւելորդ տուրք տալ (պատրիարքարանը արդէն տալիս էր 100 հազար փող) կառավարութեան, միայն թէ իրանց չը հարկադրեն պատրիարք ընտրել։

Բայց կաշառքներ տալը ուրիշներն էլ գիտէին։ Բերիացի Թօմա վարդապետը, վերադառնալով Եւրօպայից, իր վաղեմի տենչանքը իրագործելու ետևից գնաց։ Նա ընկաւ թիւրք իշխանաւորների դռները, կաշառքներ բաժանեց առատօրէն, իսկ կառավարութեան խոստացաւ 140 հազար փող տուրքի փոխարէն՝ տարին վճարել 400 հազար փող, եթէ իրան կը տան թէ Կ․ Պօլսի և թէ Երուսաղէմի պատրիարքութիւնները։ Կառավարութիւնը, ի հարկէ, ընդունեց այդ պայմանը և Թօմային երկու տեղերի պատրիարք նշանակեց։ Այդ յաղթանակը աւելի ևս գրգռեց հայ աղաներին․ նրանք էլ սկսեցին կաշառքներ տալ, որպէս զի արգելեն Թօմայի պատրիարքութիւնը։ Սակայն Թօմայի կաշառքները, ինչպէս երևում է, աւելի չաղ էին․ նրա հակառակորդները բանտարկվում, ծեծվում էին մեծ վէզիրի հրամանով, մինչդեռ, նա պատրիարքութիւն էր անում՝ շրջապատված թիւրք զինւորներով, որոնց ռոճիկ էր տալիս և որոնք նոյն իսկ եկեղեցում չէին հեռանում նրանից։ Հայ մեծամեծները ժողով կազմեցին, հայի համար մի անսովոր միաբանութեամբ վճռեցին ոչինչ չը խնայել պատրիարքին ոչնչացնելու համար, չը խնայել մանաւանդ փող։ Նրանք մաշեցին փաշաների դռները, կաշառեցին ում կարելի էր կաշառել-սկսած ծառաներից։ Եւ երբ տեսան, որ այդ միջոցները քիչ են օգնում, ուղղակի մատնութեան դիմեցին։ Նրանք յայտնեցին Թիւրք կառավարութեան թէ Թօման հայ չէ, այլ ֆրանկ և լրտեսութիւն է անում Կ․ Պօլսում։ Պատրիարքը բանտարկվեց։ Բանտում աւելի հեշտ էր նրա հետ հաշիւներ վերջացնելը. և հայերը կաշառքների ու այլ ստորութիւնների միջոցով սպանել տուին նրան բանտի մէջ։ Այնուհետև սկսվեցին աւելի զզուելի արարքներ։ Պատրիարքի դիակը երկու օր ընկած էր բանտի մօտ և վայրենի ուրախութիւնների առարկայ էր դարձել. շատերը ոտով խփում էին փառասիրութեան զոհ գնացած վարդապետի գլխին, թքում էին նրա վրա։ Յագեցնելով բարբարոսական վրէժխնդրութեան ծարաւը, հայերը կաշառեցին բանտապետին և անպատւած դիակը ծովը գցել տուին։ Բացվեց նոր տեսարան։ «Եւ թաւալվում էր նա ջրերի երեսին —ասում է պատմիչը[76]․ — և նրա գիսաւոր գլուխը ծփում էր ալիքների մէջ` Ղալաթիայի և Ստամբուլի մէջտեղը․ և տեսնողները սաստիկ նախատում էին հայերին, այնպիսի բաներ էին ասում, որոնց չէր կարող տանել ականջը» (1658)։

Ահա թէ ուր էր հասցրել պատրիարքական աթոռի հետ կապված իշխանութիւնը, որ կեղեքելու, յափշտակելու հնարաւորութիւն էր տալիս թէ հոգևորականին և թէ աշխարհականին։ Բայց այդ արիւնոտ դէպքը դեռ երկունքների սկիզբն էր։ Վանեցի Թըլթըլ (թոթովախօս) անուանված Աստուածատուր քահանան հանդիսացաւ Թօմա պատրիարքի մահվան վրէժխնդիր և կազմեց իր կուսակցութիւնը, որ կոչվեց թըլթըլեան։ Այդ կուսակցութիւնը այնքան ուժեղ ու ճարպիկ էր, որ երկար ժամանակ կարողացաւ խռովարարի խոշոր դեր կատարել։ Նա էր, որ կառավարութեան ականջին հասցրեց Թօմա վարդապետի վրա գործադրած եղեռնագործութիւնը և պատիժ խնդրեց․ բայց նա ինքը օրինաւորութեան ու կարգի կուսակցութիւն չէր, այլ նոյն հարստահարութիւնների, կեղեքումների վայրենի եռանդով լի մի հրոսակ։ Մեծ վէզիրից հրաման ստանալով, թլթլեանները սկսեցին խուզարկութիւններ՝ պատրիարքի սպանութեան պատճառ դարձած աղաներին բռնելու նպատակով։ Աղաները թագնվում էին, իսկ թլթլեանները նրանց ծանօթներին ու բարեկամներին էին բռնում և արձակում էին, խոշոր տուգանքներ ստանալով։ Դա մի շահաւէտ գործ էր․ Թօմա վարդապետի մահը երկրորդական նշանակութիւն ստացաւ, և այդ հայ ենիչէրիները ամեն գիշեր դուրս էին գալիս որոնելու և ձերբակալելու, որ նրանց նիւթական շահ էր տալիս։ Աւելորդ է ասել, որ այդպիսի միջոցով յափշատկած փողերի մեծ մասը թլթլեանները կոխում էին թիւրք իշխանաւորների և զինւորների կոկորդը։ Յանդգնութիւնը և անիշխանութիւնը այն աստիճանին էր հասել, որ թլթլեանները կազմակերպեցին կանօնաւոր աւարառութեան գործը։ Նրանց եկեղեցու մի մասը այրված էր․ պատճառ բռնելով թէ ժողովուրդ քիչ է գալիս կիսով չափ այրված եկեղեցին, հետևաբար արդիւեք քիչ է ստացվում, նրանք պայմանաւորվեցին բօստանճի կոչված զինւորների հետ և գործի կպան։ Զինւորները բռնութեամբ եկեղեցի էին բերում պատահած հայերին, որոնց այդտեղ թալանում էին թլթլեանները։ Այդ էլ քիչ թւաց այդ վայրենիներին․ գիշերները նրանք, միացած զինւորների հետ, մտնում էին տները, անմեղ մարդկանց դուրս էին քաշում իբր թէ արքունի հրամանով ձերբակալելու համար, ծեծում, տանջում էին խեղճերին և ստանում էին, ինչ ուզում էին։

Մինչդեռ Կ․ Պօլսի հայութինը ծփում էր այդ խռովութիւնների մէջ, Երուսաղէմում յոյները մեծ կաշառքների միջոցով խլեցին հայերից ս․ Յակոբի վանքը։ Դա էլ մի նոր դժբախտութիւն էր ժողովրդի համար։ Հայերն էլ պիտի մեծ կաշառքներ տային, որպէս զի կարողանային յետ խլել իրանց դարաւոր սեփականութիւնը։ Աստուածատուր պատրիարքը Կ․ Պօլսում արդարութիւն էր աղերսում թիւրք պաշտօնեաների մօտ, բայց իզուր․ իսկ Եղիազար Այնթապցի վարդապետը նոյն նպատակով աշխատում էր Երուսաղէմում․ նա հայոց վանքում գտաւ ոսկու և արծաթի մեծ գումար և ուղարկեց Կ․ Պօլիս՝ մեծ վէզիրին և ուրիշ պաշտօնեաներին կաշառելու համար։ Բայց պօլսեցիները այդ ժամանակ այնքան էին խորասուզվել Թօմա պատրիարքին սպանելու գործի մէջ, այնքան գրգռված էին փոխադարձ թշնամութիւնների մէջ, որ Երուսաղէմի գործը մոռացվեց, իսկ ս․ Յակոբի համար ուղարկված գումարը վատնվեց Թօմա պատրիարքի սպանութիւնը աջողեցնելու համար։ Հեշտ է երևակայել թէ ինչ դրութեան հասած պիտի լինէին Կ․ Պօլսի հայոց եկեղեցիները․ այդքան փողերը, որ կռւող կողմերը անխնայ վատնում էին կաշառքներ, տուգանքներ տալու համար, ծանր տոկոսներով պարտք էին վերցրած օտարներից և վերջ ի վերջոյ ժողովրդից պիտի հանվէին։ Երբ եկաւ վճարման ժամանակը, վէճեր ու կռիւներ բարձրացան այդ առիթով։ Պարտքի մի մասն էլ Երուսաղէմի վրա էր դրված․ բայց թէ Աստուածատուր պատրիարքը, թէ Եղիազար վարդապետը, որ նոյնպէս Կ․ Պօլիս էր եկել, հրաժարվում էին մի փող անգամ տալուց։ Վէճերը ամիսներ տևեցին․ գանգատներ տրվեցին կառավարութեան, եղան հարց ու փորձեր, ժողովներ կազմեցին եկեղեցիներում․ բայց ամեն տեղ-թէ կառավարութեան դիւանատներում, թէ եկեղեցիներում, թէ հրապարակում մի և նոյն խայտառակ իրողութիւնն էր տիրում։ Վիճողները երկու մասի էին բաժանված․ մէկը ասում էր թէ պարտքերը պիտի հատուցանեն այն մարդիկ, որոնք սպանել են տուել Թօմային, իսկ հակառակ կողմը ապացուցանում էր, թէ սպանութիւնը կատարված է ամենքի համաձայնութեամբ, ուստի ամենքն էլ պիտի հատուցանեն այդ ոճիրի համար ծախսած փողերը։ Հինգ ամիս վիճելուց, միմեանց օձիք քաշելուց, միմեանց մատնելուց յետոյ, վերջապէս հաշտութիւն կայացրին կողմերը․ բայց հաշտութիւնը կարո՞ղ էր ջնջել անբարոյական իրողութիւնը-այդ հասարակական սառն դատողութիւնները, վէճերը մի մարդասսպանութեան մասին, որ կատարվել էր լոկ այն պատճառով, որպէս զի մի անբարոյական Թօմայի տեղ իշխեն տասնեակ անբարոյական կեղեքիչները…

Հազիւ մի կերպ վերջանում է այդ սպանութեան ամօթալի պատմութիւնը, և ահա պատրիարքարանի մշտական իրարանցումների մէջ գլուխ է բարձրացնում Մարտիրոս վարդապետ Կաֆայեցին և փողով առնում է պատրիարքութիւնը։ Մի տարուց յետոյ նրան գահընկէց է անում Ղազար եպիսկոպոսը, տալով կառավարութեան մեծ կաշառք։ Բայց նա իր գնած փառքը միայն երկու տարի կարողացաւ վայելել․ էջմիածնից նուիրակ է գալիս Յովհաննէս անունով մի վարդապետ, որ հաւաքած նուէրները, փոխանակ էջմիածին ուղարկելու՝ տալիս է մեծ վէզիրին և պատրիարքութիւնը խլում է Ղազարից, բանտարկել տալով վերջինիս թլթլեանների միջոցով։ Բայց Յովհաննէսի երջանկութիւնն էլ երկարատև չէր․ Երուսաղէմի նուիրակ Սարգիս վարդապետը Ղրիմում իր հաւաքած նուէրների մեծ մասը ուտում է․ Եղիազար վարդապետը հարկադրում է նրան տոկոսով փող վերցնել օտարազգիներից և վճարել Երուսաղէմի պարտքը. Սարգիսը այդպէս էլ անում է, և երբ պարտատէրերը սկսում են նրան սաստիկ նեղել, նա գնում է Կ. Պօլիս, որպէս զի մի ճար գտնէ, բայց այդտեղ բանտարկվում է։ Մի տարուց աւելի մնալով բանատում, ճարպիկ վարդապետը կարողանում է օտար վաշխառուների հետ կապվել, փող է վերցնում ահագին տոկոսներով, ազատվում է բանտից և ուղղակի գնում է մեծ վէզիրի մօտ, կաշառքներ է տալիս և դառնում է պատրիարք։ Տոկոսները խեղդում են խեղճին, ժողովրդից ստացվածը քիչ էր և պարտատէրերը իրանց ծառաներով ու ձիաններով ապրում էին պատրիարքարանում, ծծում էին իրանց պարտականին։ Այդքանը քիչ է. պատրիարքը լուր է առնում, որ իր գլորած Յովհաննէսը չէ ուզում յաղթված մնալ. թլթլեանների ձեռնտւութեամբ նա կաշառքներով ապաւինում է մեծ վէզիրին, որ այդ ժամանակ պատերազմի էր գնացել գերմանացիների դէմ. Յովհաննէսն էլ գնաց զօրքի հետ և երկար ժամանակ դեգերում էր մեծ վէզիրի բանակում. վերջը վերադարձաւ Ադրիանուպօլիս։ Այդտեղ գնաց և Սարգիսը. որպէս զի արգելէ իր հակառակորդի ջանքերը․ օսմանեան բանակում երկու փառամոլ վարդապետները ընդհարվում են միմեանց հետ, բայց յաղթվում է Սարգիսը և Յովհաննէսը նորից պատրիարք է դառնում։

Ադրիանուպօլիս էր գնացել և Եղիազար Այնթապցին, տանելով իր հետ մեծ քանակութեամբ ոսկի։ Այս մարդը ունէր այն երախտիքը, որ յամառութեամբ բաղխելով թիւրք իշխանների դռները, կարողացել էր յետ խլել ս․ Յակոբի վանքը յոյների ձեռքից։ Բայց այդ լաւութիւնը էժան չը նստեց հայ ժողովրդի վրա։ Եղիազարի մէջ թագնված էր մի փառասիրութիւն, որի առջև անմեղ բաներ էին պատրիարքական թեկնածուների բաղձանքները։ Եղիազարը կամեցաւ հասնել հոգևոր բարձրագոյն իշխանութեան, այսինքն կաթողիկոսանալ․ նրա միտքն էր բաժանել թիւրքահայերին էջմիածնից և առանձին ու անկախ աթոռ հաստատել, ինչպէս մի քանի տասնեակ տարի առաջ փորձել էր անել տխրահռչակ Սահակը։ Եւ Եղիազարը աւելի բախտաւոր եղաւ, քան իր նախորդը․ իր հետ տարած մեծ հարստութիւնը դնելով թիւրք կառավարութեան տրամադրութեան տակ, նա ստացաւ կաթողիկոսական հրովարտակ։ Անձնական փառքի համար հայոց ապականված հոգևորականները որքա՜ն գանձեր էին թափում մահմեդականների անյատակ գրպանները։ Դրանք հարստահարված, խեղճ ու տգէտ ժողովրդի հիւթերն էին, մի ժողովրդի, որ այնքան կարօտ էր մտաւոր լոյսի, որի համար գրքեր տպող մարդիկ Եւրօպայում խեղդվում էին աղքատութիւնից, չը գտնելով ոչինչ օժանդակութիւն, ոչինչ համակրանք ու խրախոյս։

Եղիազարի կաթողիկոսութիւնը նոր խռովութիւնների ու բարդութիւնների դուռ բացեց։ Իզուր էջմիածնի ծերունի Յակոբ կաթողիկոսը խրատի և աղերսանքի թղթեր էր ուղարկում ամեն տեղ, խնդրելով պառակտումների պատճառ չը դառնալ և Եղիազարին կաթողիկոս չընդունել․ իզուր նա իր վարդապետներից մէկին ուղարկեց Եղիազարի մօտ, խաղաղութեամբ հասկացնելու համար թէ նա ինչ դժուարութիւններ և աղէտներ է պատրաստում իր արարքներով։ Վերջապէս, իզուր էր աշխատում նաև ժամանակի հասկացող և զարգացած գրագէտ մարդը, Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան։ Եղիազարը դրան էլ չը լսեց․ նա ունէր արքունի հրաման կաթողիկոսութեան մասին և ուրիշ ոչինչ չէր ուզում լսել ու հասկանալ։

Այնուհետև Եղիազարի դէմ դուրս եկաւ Մարտիրոս վարդապետ Կաֆայեցին և սկսվեց մենամարտութեան պէս մի բան այդ երկու հոգևորականների մէջ։ Մենամարտում էին, ի հարկէ, ոչ թէ սրով ու հրազէնքով․ կաշառել թիւրքերին, հրամաններ հանել միմեանց դէմ—ահա կուի զէնքերը։ Կաֆայեցին սկզբում աջողութեամբ էր տանում իր պայքարը։ Եղիազարին չէին թողնում մնալ Երուսաղէմում․ տեղական վալիներին կաշառքներ տալով հալածական էին անում նրան, իսկ նա տեղի էր տալիս, փախչում էր դէս ու դէն, բայց ամեն մի յարմար դէպքում նորից երևան էր գալիս և իր գնած իրաւունքները գործադրում։ Կամենալով իրան Կ․ Պօլիս գցել, Եղիազարը վաճառականի շորերի մէջ ծպտած՝ փախչում էր իջևանից իջևան, աշխատելով թագնվել իրան հալածողներից։ Բանտը, ծեծը, արհամարհանքը ոչինչ էին այդ կաթողիկոսի համար։ Կ․ Պօլսում սկսվեցին աղմուկները․ Մարտիրոս Կաֆայեցին ամբաստանում էր նրան կառավարութեան առաջ, բայց Եղիազարը եռանդի և տոկունութեան հետ ունէր նաև խօսելու ու փաստաբանելու կարողութիւն․ յաղթել նրան շատ դժուար էր, մանաւանդ որ նա հարուստ քսակ ունէր և կարողանում էր թիւրք պաշտօնեաներին խօսքի հետ ոսկի էլ մատուցանել: Կ. Պօլսի ամիրայական դասակարգի մէջ կազմվեց Նոր կաթողիկոսին համակրող կուսակցութիւն և ժողովուրդը սիրով ընդունեց նրան: Այդ բոլոր հանգամանքները ստիպեցին Յակոբ կաթողիկոսին գնալ Կ. Պօլիս (1666)՝ խռովութիւններին անձամբ վերջ տալու համար:

Ծերունի կաթողիկոսն էլ ճնշված էր ծանր պարտքերի տակ և նրա հետևորդների մէջ էին և էջմիածնի պարտատէրերը։ Բայց դեռ որքան ծախսեր էիՆ հարկաւոր թիւրքաց մայրաքաղաքում: ԱյՆտեղի հայերի վրա նա լաւ տպաւորութիւն գործեց իր խաղաղասէր և հեզ բնաւորութեամբ․ բայց և այդպէս, միայն մեծ կաշառքների միջոցով կարողացաւ ստանալ մեծ վէզիրից թուղթ, որի մէջ հաստատվում էին Էջմիածնի կաթողիկոսների ընդհանրական իրաւունքները։ Եղիազարը, որ այդ ժամանակ ճանապարհվել էր Երուսաղէմ, չը կարողացաւ խափանել Յակոբ կաթողիկոսի ջանքերը և զրկվեց նոյն իսկ Երուսաղէմի պատրիարքութիւնից, որը գնել էր կաթողիկոսութեան հետ միասին. Մարտիրոս Կաֆայեցին ստացաւ այդ պատրիարքութիւնը․ բացի դրանից, Յակոբ կաթողիկոսի օգնութեամբ նախկին Սարգիս պատրիարքն էլ խլեց Կ․ Պօլսի աթոռը Յովհաննէսի ձեռքից։

Խռովութիւնները, այնուամենայնիւ, չը դադարեցին։ Անցան 14 տարիներ, բայց Եղիազարը, Մարտիրոսը, Կ․ Պօլսի պատրիարքական թեկնածուները շարունակում էին կռւել, միմեանց քաշ քշել։ Կ․ Պօլսում ութ տարի մի արտասովոր խաղաղութիւն տիրեց այդ ժամանակ մեռաւ Սարգիսը, չորս տարի պատրիարքութիւն անելուց յետոյ․ նրան յաջորդեց Ստեփանոս Մեղրեցին, որ երեք տարի պաշտօն վարելով, նոյնպէս մեռաւ։ Բայց հազիւ էր նրա յաջորդ Յովհաննէս Թօփալը պատրիարք դարձել, երբ թլթլեան կուսակցութիւնից Անդրէաս երէց անունով մէկը, որին ժողովուրդը տուել էր «ճէհէննէմ մէրտիվէնի» (դժողքի սանդուղք) անունը, մատնութիւն արաւ և խլեց պատրիարքութիւնը։ Մարտիրոս Կաֆայեցին չը հաւանեց դժոխքի սանդուղքին և մեծ փող ծախսելով, պաշտօնանկ արաւ նրան, բայց նրա տեղը դրեց դժոխքի մի ուրիշ սանդուղք։ Դա մի բոլորովին տգէտ, անազնիւ կեսարացի քահանայ էր՝ Կրպօ անունով (Կարապետ)։ Եթէ Կրպօն կարողանում էր պատրիարք լինել, ինչու՞ նոյնը չէր կարող անել օսմանեան բանակում հացթուխի պաշտօն կատարող էքմէքճի Սարգիսը։ Սա էլ ստացաւ իր ուզածը, վռնդեց Կրպօին և քահանայ ձեռնադրվելով՝ դարձաւ պատրիարք։ Բայց Կրպօն շատ էլ կորած խեղճերից չէր․ նա էլ վռնդում էր ուրիշներին, պատրիարք էր դառնում, էլի ընկնում։ Այդպիսով այդ տգէտ եկեղեցականը հինգ անգամ պատրիարքական աթոռը բարձրացաւ։

Եթէ մէնք, ընթերցողներս ձանձրանում ենք այս յուսահատական և զզուելի շահատակութիւների անվերջ շարքից, պետք է մի և նոյն ժամանակ չը մոռանանք, որ դրանք աղէտներ էին ժամանակակիցների համար, աղէտները, որոնք գուցէ աւելի մեծ վնասներ հասցրած լինեն հայ ազգին, քան մի որ և է բարբարոսի արշաւանքը։ Ապականված բարքերի մի կատարեալ դժոխք էր այդ ժամանակը։ Յակոբ կաթողիկոսը ստիպված էր երկրորդ անգամ ճանապարհորդութիւն սկսել, չը նայած իր զառամեալ հասակին։ Կ․ Պօլսից նա նամակ գրեց Եղիազարին և խնդրում էր նրան նայել Կ.Պօլսի մէջ տեղի ունեցող աղէտներին և խղճալ ազգը. հրաւիրում էր գալ իր մօտ, որպէս զի կարելի լինի միասին հոգ տանել։ Բայց մինչև Եղիազարի գալը, մահը եկաւ լուծելու երկու հակառակորդ կաթողիկոսների պայքարը: Յակոբը մեռաւ 1580-ին. Էջմիածնի միաբանութիւնը ի վերջոյ համաձայնութեան եկաւ և գտաւ դժուարութիւնից դուրս գալու միջոցը. փոխանակ նոր կաթողիկոս ընտրելու՝ նա հրաւիրեց Եղիազարին շարունակել իր կաթողիկոսութիւնը էջմիածնում։ Դա մի բախտաւոր ելք էր. Եղիաղազարը իր փառասիրութեան լիակատար հատուցում ստացաւ, իսկ ազգը ազատվեց մի կամակոր և անբարեխիղճ մարդուց, որ տասնեակ տարիներ խառնակութիւններ էր յարուցել, զոհելով ժողովրդի ամենակարևոր շահերը իր անձնասիրութեան։ Նշանաւոր աջողութիւն էր մանաւանդ այն, որ հայոց փառամոլ հոգևորականների մէջ չը գտնվեց մէկը, որ հետևէր Եղիազարին, և Երուսաղէմի կաթողիկոսութիւնը շարունակելու ոչ մի փորձ էլ չեղաւ։ Բայց անփոփոխ մնացին միւս չարիքները։ Եղիազարի ժամանակ և նրանից յետոյ էլ Կ․ Պօլսի աթոռը շարունակում էր կռուածաղիկ լինել և ձեռքից ձեռք յափշտակվել։ Դրութիւնը մի և նոյնն էր և Երուսաղէմում։ Մենք կը դիմենք մի ժամանակակից և ականատես պատմողի, որի նկարագրած դէպքերը թէև ժամանակով մի քիչ յետ են XVII դարից, բայց միանգամայն պարզ և բնորոշ կերպով են պատկերացնում անբարոյական վարչութեան կամ, աւելի ճիշտ ասած, անիշխանութեան առաջացրած դրութիւնը։ Այդ ականատես պատմողը Երուսաղէմի Յովհաննէս Հանն է հայ վարդապետն է[77]։

Շատ անգամ էր լինում—ասում է նա—որ մի տարվայ մէջ երկու և երեք պատրիարքներ էին փոխվում։ Բոլոր ազգերի մէջ հայոց պատրիարքութիւնը նախատինք էր դարձել։ Խօսքը, ի հարկէ, Կ Պօլսի պատրիարքութեան մասին է, որովհետև XVII դարի վերջից Երուսաղէմի առանձին պատրիարքութիւնը վերացրվել էր։ Կ․ Պօլսի պատրիարքները այնքան շատ կաշառքներ էին տալիս թիւրք պաշտօնեաներին, որ այլ ևս անհնարին էր պատրիարքարանի սեփական միջոցներով կառավարվել․ ուստի նրանք կառավարութիւնից գնում էին և Երուսաղէմի պատրիարքութիւնը, որ եկամուտների մի նոր աղբիւր էր։ Կ Պօլսում Երուսաղէմի ուխտաւորներից ստանում էին այն բոլոր տուրքերը, որոնք պիտի հասնէին ս․ Յակոբի վանքին․ ուխտաւորները Երուսաղէմ տանում էին միայն անդորրագրեր, որոնք վկայում էին թէ ամեն ինչ ստացված է Կ․ Պօլսում։ Երուսաղէմի հայոց վանքերը, զրկվելով իրանց եկամուտներից, ահագին պարտքերի տակ ընկան և խայտառակ իրողութիւնների ասպարէզ դարձան։

Պատրիարքները և նրանց արբանեակները ուղարկում էին Երուսաղէմ իրանց ազգականներին և ծանօթներին` տեղակալների և հաւատարմատարների պաշտօնով, այսինքն կատարեալ տէրերի իրաւունքով։ Դրանք կատարեալ աւազակային արշաւանքներ էին։ Այդ մարդիկ, <<արաբացի լափլիզող գայլերի և արեան ծարաւ կատաղի շների» պէս կողոպտում և թալանում էին այն ամենը, ինչ տեսնում էին։ Բարոյական որ և է զսպանակ չը կար նրանց համար, որովհետև արատաւոր մարդիկ էին, մեծ մասամբ յանցաւորներ, որոնք իրանց գործած ոճիրների համար շատ անգամ էին բանտ նստել և աքսորվել։ Երուսաղէմի միաբանութիւնը թշուառութեան ծայրին էր հասել․ նա քաղցած էր, միշտ չարչարվում էր։ Վանքում տիրապետողները միայն տեղակալներն ու հաւատարմատարները չէին, այլ և նրանց կանայք, ու որդիքը․ միաբաններին ուտելու հաց չէին տալիս և խեղճերը ստիպված էին ուխտաւորներից ողորմութիւն խնդրել։ Անպակաս էին կռիւները միաբանների և աւազակ տիրապետողների մէջ, կռիւներ, որոնք տանում էին երկու կողմերրը թիւրք իշխանութիւնների մօտ և կաշառքներ էին հանում թէ կեղեքողների և թէ կեղեքվողների գրպանից։ Հայը, կրօնական ջերմեռանդութիւնից դրդված` արհամարհում էր երկար տարածութիւնները և գնում էր Քրիստոսի գերեզմանին երկրպագելու. բայց ի՞նչ էր տեսնում այդ բարեպաշտական ճանապարհորդութեան միջոցին։ Կ. Պօլսում նրան թալանում էին, իսկ Երուսաղէմի նուիրական վայրերում նա ականատես էր լինում խայտառակութիւնների և աւազակային արարքների։ Նա իր հոգու փրկութեան համար նուէրներ էր տալիս, բայց տեսնում էր իր աչքի առջև և լսում էր, որ ջերմեռանդ տուրքը մտնում է թիւրք փաշաների և նրանց ծաոաների գրպանը, որովհետև կղերականները կռւում էին միմեանց հետ, կողոպտում, հարստահարում էին և պիտի աջակցութիւն ստանային թիւրքերից։

Յափշտակութիւնը, աւարառութիւնը հետզհետէ հրէշաւոր չափեր ընդունեցին։ Վանքի անշարժ կալուածները ծախվեցին. սրբազան անօթները գողացվում էին, հալվում և վաճառքի հանվում, կամ թէ բացարձակ կերպով գրաւ էին դրվում։ Երուսաղէմում համարեա այլ ևս չէր մնացել մարդ, որին հայոց վանքը պարտական չը լինէր․ վերջ ի վերջոյ կողոպտողները այն դրութեան հասցրին, որ ոչ ոք այլ ևս չէր հաւատում և փող չէր տալիս։ Բայց այդ հանգամանքից էլ չէին քաշվում «արաբական գայլերը»։ Նրանք կաշառքով երաշխաւորներ էին գտնում և խաբում էին մարդկանց․ որոնց դեռ կարելի էր խաբել։ Եւ Երուսաղէմի հրապարակներում սովորական բան էր տեսնել հայոց եկեղեցական անօթները ծաղրով և անարգանքով ծախելիս։ Պարտատէրերը կատարելապէս ստրկացրել էին վանքը․ մի որ և իցէ թիւրք պարտատեր գալիս էր իր պահանջներն անելու, կապում էր իր ձին եկեղեցու դռնից և չէր թոյլ տալիս, որ մտնող ու դուրս եկող լինի։ Մի ուրիշը արգելում էր պատարագը կամ ժամասացութիւնը։ Եղան դէպքեր, երբ պարտատէրը բարձրանում էր սեղանը պատարագի ժամանակ և խլում էր սկիհը պատարագչի ձեռքից[78]։ Բայց ոչ մի բռնութիւն չէր վախեցնում հայոց սնանկացած, անպատիւ վանքը։ Եւ պարտատէրերը, վերջապէս, ստիպված եղան հրաման բերել տալ Կ․ Պօլսից, որ իրանց պարտքերի փոխարէն ծախեն ս․ Յակոսի վանքը և ուրիշ եկեղեցիները։ Դրանցից մէկը, ս․ Փրկչի վանքը, արդէն նշանակված էր աճուրդի։ Եւ եթէ պատմութեան մէջ տեղի չունեցաւ մի այդպիսի խայտառակ իրողութիւն, պատճառն այն էր, որ Երուսաղէմի մի քանի խեղճ ու պլոկված վարդապետներ կարողացան հասկանալ դրութիւնը, սրա ու նրա դռներն ընկան և աղաչանքով, պաղատանքով մի կերպ յետաձգել տուին պարտքը։

Աւելի հեռու գնալու տեղ չէր մնացել։ Եւ սակայն այդ սոսկալի դրութիւնը ոչինչ հոգս ու անհանգստութիւն չէր պատճառում հայ սևագլուխներին և նրանց արբանեակներին, որոնք  հաւաքվել էին Երուսաղէմում կարծես միայն այն մտքով, որ նորից արդարացնեն Քրիստոսի խօսքերը․ «Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք նրան դարձրիք աւազակների որջ»։ Կռիւներն ու լրբութիւնները անպակաս էին․ սովորական երևոյթ էր տեսնել, թէ ինչպէս ջարդվում են խուցերի դռները և պատուհանները, ինչպէս միմեանց միրուք են փետում, հայհոյում են միմեանց, թքում միմեանց երեսին։ Օսմանեան զօրքերը հարկադրված էին յաճախ ներս խուժել կատաղած վանականների խուցերը՝ կարգ և հանդարտութիւն հաստատելու համար։

Եւ այսպիսի տեսարան ներկայացնում էր ոչ թէ մի հեռաւոր ու մոռացված կղերանոց Հայաստանի լեոներում, այլ քրիստոնէութեան համար ամենանուիրական այն վայրերում, ուր իւրաքանչիւր ազդ ունէր իր ներկայացուցիչները, ուր աշխարհի բոլոր անկիւններից հաւաքվում էին ահագին քանակութեամբ ուխտաւորներ։ Այսպիսի համաշխարհային կենտրօններում են ազգերը ծանօթանում միմեանց հետ, հասկացողութիւն կազմում միմեանց մասին։ Ի՞նչ տեսակ համբաւ կարող էր ստանալ հայ ազգը այն անամօթ արարքների մէջ, որոնց թատերաբեմն էին դարձել Կ․ Պօլսի և Երուսաղէմի պատրիարքարանները։ Հաննէ վարդապետը ուղղակի վկայում է, որ հայը ամաչում էր ասել, թէ ինքը հայ է։ Եւ սա չափազանցութիւն չէ․ մեր պատմութիւնը քիչ չէ ունեցել այնպիսի միջոցներ, երբ ազգային պատուի մասին բարձր հասկացողութիւն ունեցող հայը ամաչել է որ հայ է ծնվել․․․

XII

Եզուիտները Հայաստանում. դաւանափոխական ջանքեր. Նախիջեւանի հայ-կաթօլիկ հասարակութիւնը եւ Լուդվիկոս XIV: -Յակոբ կաթողիկոս. Էջմիածնի գաղտնի ժողովը 1678-ին. հայ պատգամաւորութիւնը ուղեւորվում է Կ. Պօլիս՝ Եւրօպա անցնելու համար. կաթողիկոսի մահը Կ. Պօլսում. Իսրայէլ Օրի:-Կաթօլիկացման ջանքերը ապարդիւն են անցնում. Շարդէնի եւ Տուրնըմօրի վկայութիւները. կրօնական երկպառակութիւնը Նոր-Ջուղայում. այնտեղ յատկապէս դրա համար բացվում է տպարան. «Գիրք, որ ասի վիճաբանական», «Գիրք իսկապէս համառօտ վասն նօմարիտ հաւաստոյ»:-Փոխադարձ մատնութիւներ. տպարանի փակվելը. միջնադարեան մի հանդէս Ջուղայում:-Քաղաքական մատնութիւներ. կաթօլիկները փորձում են հայերի դաւանափոխութիւները պետական հաւատարմութեան հարց դարձնել. լուսաւորչական հայերն էլ դիմում են մատնութիւների:- Յովհաննէս վարդապետ Մրքուզ. նրա վայելած հռչակը. «Վիճաբանութիւնը առ Շահ-Սլեմանն Պարսից» գիրքը. այդ գործի արժանաւորութիւնը:-Ջուղայի անկումը. Ստեփանոս եպիսկոպոս եւ եզուիտները:

«Ուր լէշ կայ, այնտեղ հաւաքվում են արծիւները»։ Հայ ժողովուրդը, դարերով ծեծված, տգիտութեան մէջ թաղված, անբարոյական հովիւների ձեռքը մատնված, ներկայացնում էր մի գետնատարած, արիւնաքամ դիակ։ Եւ նրա վրա հաւաքված արծիւները, ինչպէս գիտենք, միայն Մեկկայի երկրպագուներից չէին. Հռօմի երկրպագուները նոյնպէս շատ լաւ էին զգում ժամանակի և հանգամանքների յարմարութիւնները և իրանց եռանդի վրա նոր և նոր եռանդ էին աւելացնում։

XVII դարը «մի ժամանակ էր-ասում է Գերվինուս[79]—երբ պապականութիւնը կատարեալ ազատութիւն տուեց իր ծայրայեղ մոլեռանդութեան՝ բոլոր հերձուածողների դէմ»։ Եւ իրաւ, միայն Երեսնամեայ պատերազմը, որ դիակներով ու աւերակներով պատեց Միջին Եւրօպան և որի հետևանքները այնքան զարհուրելի էին, բաւական է ցոյց տալու, թէ ինչ բարբարոսութիւնների է ընդունակ զինված կաթօլիկութիւնը։ Մահմեդական Արևելքը իր ճնշված ու ստրուկ քրիստոնեայ համայնքներով այնքան աննշան կտոր չէր, որ չարժանանար կաթօլիկութեան կատաղի ջանքերին։ Այդտեղ չը կային կրօնական պատերազմներ․ այդտեղ գողերից, աւազակներից, հասարակութեան ամեն տեսակ տականքներից կազմված հրոսակները չէին գնում արիւնով և կրակով պապականութիւն տարածելու։ Բայց դրա փոխարէն Արևելքում գործող կրօնաւորական զանազան կարգերի վրա աւելացան եզուիտները, որոնց ձեռքին արդէն հեծում էր Եւրօպան։

Եզուիտական արշաւանքը դէպի Արևելք միանգամից չէր տեղի ունենում։ Սկզբում պապականութեան այդ ահարկու զինուորները հաստատվեցին Թիւրքիայի եւրօպական մասում և Միջերկրական ծովի ափերին․ նրանք յունաց եկեղեցին ենթարկեցին այնպիսի վրդովեցուցիչ հալածանքների, որոնք չէին տեսնված նոյն իսկ սուլթան Մէհէմմէդ II-ի ժամանակ: Ֆրանսիան և Աւստրիան, որպէս կաթօլիկ պետութիւններ, առանձին դաշնադրութիւններով արտօնութիւններ ստացան Թիւրքիայից՝ նրանց համար. և յենվելով այդպիսի ուժեղ աջակիցների վրա, եզուիտները կարողանում էին արագ կերպով վերջացնել հաշիւները ամեն մէկի հետ, որ փորձում էր կանգնել նրանց ճանապարհին: Այդպիսիններից մէկն էր յունաց պատրիարք Կիւրեղը, որին թիւրք կառավարութիւնը, եզուիտների ջանքերով, խեղդել տուեց Եէդի- Կուլէի բանտում: Կիւրեղի յաջորդը այդ սարսափելի դասից խրատված՝ կամայ ակամայ տանում էր եզուիտների ամեն տեսակ բռնութիւնները: Եզուիտներն էին նոյնպես, որ 1628- ին յարձակվեցին յունական տպարանի վրա և գրավեցին նրա բոլոր գրքերը:

Հետզհետէ առաջանալով, եզուիտները 1650 թւականից մուտք գործեցին և հայերի մէջ, սկսելով Պարսկաստանի գաղթականութիւններից. Նոր-Ջուղայում, Շիրազում նրանք իրաւունք ստացան վանքեր և ուսումնարաններ հիմնելու:

Յայտնի է, որ Լօյօլայի աշակերտները գլխովին տգէտ ֆանատիկոսներից չէին կազմված. նրանց մէջ կային և խելքի ու գիտութեան մարդիկ, որոնք իրանց ձեռքն էին առել շատ տեղերի կրթութեան գործը: Ինչպէս ամեն տեղ, հայերի մէջ էլ եզուիտները լավ ընդունելութիւն էին գտնում այն պատճառով, որ փորձված, գիտուն բժիշկներ էին, ձրի օգնութիւն էին հասցնում հիվանդներին: Պարսից թագավորներին նրանք զարմացնում էին իրանց դիտակներով և աստղաբաշխական հմտութիւններով։ Բայց միայն գիտութիւնը բաւական չէր Պարսկաստանի պէս մի երկրում դիրթ և ազատ յարմարութիւն ստեղծելու համար։ Եզուիտը ամեն տեղ աշխատում էր քաղաքական հովանաւորութիւն գտնել, մի և նոյնն էլ նա Պարսկաստանում էր անում։ Լուգովիկոս XVI, որ եզուիտական կարգի անդամ էր դառել դեսպանութիւնների և բարեկամական նամակների միջոցով աշխատում էր պարսից Շահի համակրութիւնը գրաւել դէպի կաթոլիկ պրօպագանդան։ Պատրուակ կար, և այդ պատրուակը դարձան Նախիջևանի կաթոլիկ հայերը, որոնք անսպասելի կերպով քաղաքական գործօնի դրութեան մէջ ընկնելով, արժանացել էին Ֆրանսիայի «ամենաքրիստոնեայ» թագաւորի քնքշութիւններին։ Լուդովիկոսը խնդրում էր ամեն տեսակ դիւրութիւններ տալ այդ հայերին և մանաւանդ եզուիտներին, որոնք նրա առանձին բաբեհաճութիւնն էին գրաւում։ Այդ բարեկամական միջնորդութիւնները ազդու և հեղինակաւոր էին թէ այն պատճառով, որ գալիս էին Եւրօպայի ամենահռչակաւոր, աշխարհակալ թագաւորի կողմից և թէ մանաւանդ այն պատճառով, որ նրանց հետ թանգագին ընծաներ էլ էին գնում։ Լեհաստանի թագաւորն էլ, պապի և լեհական արքունիքում վխտացող եզուիտների խորհրդով, դեսպանութիւններ էր ուղարկում Պարսկաստան և նոյնպէս խնամք էր տանում, որ եզուիտները ապահով ու հեղինակաւոր լինեն պարսկական Հայաստանում․ նրա ջանքերով էր, որ եզուիտական մի փոքրիկ բոյն հիմնվեց Շամախում։

Դաւանափոխական պրօպագանդան այս անգամ ուրիշ հիմքերի վրա էր հաստատվում: Քարոզութեամբ համոզելուց աւելի գործադրվում էին քաղաքական միջոցներ։ Եւ այդ կողմից կաթօլիկ գործիչների արարքները երկդիմի էին, յաճախ նոյն իսկ խարդախ, ինչպէս առհասարակ վայել է եզուիտական քաղաքականութեան։ Բարւոքել կաթօլիկ հայերի դրութիւնը քաղաքականապէս, նախանձելի դարձնել նրան միւս հայերի աչքում - սա Հռօմի և եզուիտների ծրագրի մի կողմն էր: Կասկած չը կայ որ այդ միջոցը ամենից շատ գործնական էր և խոստանում էր Հռօմին ահագին օգուտներ, եթէ միայն աջողվէր։ Եթէ կեղեքվող քրիստոնեան իր երկրաւոր շահերի համար մահմեդականութիւն էր ընդունում, աւելի յօժարութեամբ նա կը մտնէր կաթօլիկութեան ծոցը, երբ պարզ տեսնէր, որ միայն կաթօլիկ դառնալը բաւական է՝ համեմատաբար հանգիստ կեանք գտնելու համար։ Այս միտքը լուսաւորչական հայերի մէջ ժողովրդականացնելու նպատակով կաթօլիկ գործիչները միաժամանակ պիտի աշխատէին, որ ոչ-կաթօլիկ հայերը աւելի ևս հարստահարված ու իրաւազուրկ լինեն։ Եւ մենք տեսնում ենք, որ ֆրանսիական արքունիքը քայլեր է անում այս ուղղութեամբ։

Մահմեդականացած հայը, ինչպէս գիտենք, քրիստոնեայ հայից մնացած կալուածների ժառանգն էր դառնում. այդ մի և նոյն իրաւունքը խնդրում էր կաթօլիկ հայերի համար Լուդովիկոս XIV իր մի նամակով, որ գրված էր Շահ-Աբբասին 1667 թւականի յունիսի 23-ին[80]: Քրիստոնեայ թագաւորը հաւատացնում էր մահմեդական միապետին, որ մի այդպիսի օրէնք արդարութիւն կը լինէր կաթօլիկ հայերի վերաբերմամբ, որոնց հովանաւորն է ինքը:Եւ ի՞նչ ասել կուզի, որ մեծահռչակ թագաւորի այդ եզուիտական միջնորդութիւնների շնորհիւ կաթօլիկութեան նշանակութիւնը միանգանից շատ բարձրանում էր Հայաստանում: Լուդովիկոսը մինչև իսկ նամակ էր գրում Նախիջևանի կաթօլիկ եպիսկոպոսին, ուրախութիւն էր յայտնում, որ հայ-կաթօլիկների դրութիւնը բարւոքվում է պարսից Շահի հոգացողութեամբ, խոստանում էր աւելի ևս աշխատել, աւելի շատ խնամք ցոյց տալ (1674): Պէտք է երևակայել թէ ինչ ահագին տպաւորութիւն պիտի գործէր արքայական այդ բարձր ուշադրութիւնը Ասիայի մի խեղդված անկիւնում տանջվող ժողովրդի վրա, մի ուշադրութիւն, որ պլատօնական չէր, այլ իրական, օգուտներ էր բերում։ Անշուշտ նա գեղեցիկ ակնկալութիւններ պիտի ծնեցնէր և միւս հայերի մէջ, նորից արծարծելով այն հին յոյսը թէ կարելի է կրօնափոխութեամբ ձեռք բերել քաղաքական ապահովութիւն։ Այդպէս էլ եղաւ։ Չորս տարուց յետոյ, 1678-ին, Էջմիածնում գումարված մի փոքրիկ ժողով վճռում է հպատակութիւն յայտնել պապին։ Այդ Ժողովի նախաձեռնողը Յակոբ կաթողկոսն էր, Սիւնեաց դպրոցի վերջին ներկայացուցիչը կաթողիկոսական աթոռի վրա։ Մենք տեսանք թէ այդ ծերունին որքան վշտացած ու տանջված էր սանձարձակ հոգևորականների արարքներից: Կ․Պօլսի և Երուսաղէմի խայտառակութիւնները, եկեղեցական իշխանութեան, ամեն մի կարգապահութեան կատարեալ անկումը, համարեա իւրաքանչիւր օր լոյս ընկնող խռովարար, անբարոյական թեկնածուները և ժողովրդի կրած տանջանքները պիտի համոզէին խաղաղասէր կաթողիկոսին թէ Հռօմի օգնութեան դիմելը մի փրկարար անհրաժեշտութիւն է։ Իսկ քաղաքական տագնապները, հարստահարութիւնները, մահմեդականութեան աջողութիւնները հայերի մէջ, Էջմիածնի վրա ծանրացած պարտքերը աւելի ևս պիտի հաստատէին այդ անհրաժեշտութիւնը։ Պակաս չէին և եզուիտների շշնջոցները, որոնք ազատութիւն և բարեկեցութիւն էին խոստանում պապի հովանաւորութեան տակ։ Եւ հայոց կաթողիկոսին ի հարկէ, լաւ յայտնի էր, որ ինքը առաջինը չէ այդ տեսակ մի փորձ ձեռնարկում. նա, ի հարկէ, գիտէր որ նախորդ դարում Ատեփանոս և Միքայէլ կաթողիկոսներն էլ նոյն քայլերն էին արել՝ ժողովուրդը և եկեղեցին վերջնական կորստից ազատելու համար։

Էջմիածնի ժողովը գաղտնի էր և նշանաւոր նրանով, որ մասնակցում էին նաև աշխարհական անձինք հաւասար թւով—վեց հոգևորական և վեց աշխարհական: Բացի դրանից՝ նշանաւոր է, որ աշխարհականների մի մասը—համարեա կէսը-Հայաստանի մի հատ գաւառից էր, այն է՝ Ղարաբաղի կողմերից, մի լեռնային երկրից, ուր հայերը դեռ պահպանում էին կիսով չափ անկախութիւն:

Ինչո՞ւ այդքան փոքր, սակաւամարդ էր Էջմիածնի ժողովը, որ պիտի վճռէր այնքան կարևոր, համազգային հարց։ Վախը՝ թէ մահմեդականները կիմանան գեաւուրների գաղտնի նպատակը, անշուշտ, կար, բայց միակ պատճառը չէր։ Ամենագլխաւորը, թւում է, այն պիտի լինի, որ օտար միջամտութեամբ ազատութիւն գտնելու միտքը ժողովրդականութիւն չունէր։ Եւ չէր էլ կարող ունենալ մի երկրում, ուր ազգաբնակութիւնը վերջին ծայր հարստահարված էր, սերունդների մի երկար շարքի սարսափները ժառանգած և հասած ստրկական այն հասկացողութեան, թէ պէտք է լուռ, ու համբերատար լինել և չը գրգռել տիրողներին: Այդ է պատճառը, որ ամբողջ պարսկական Հայաստանում միայն մի լեռնաստան համակրութեամբ վերաբերվեց այդ քաղաքական քայլին․ այդ է պատճառը, որ ապագայում էլ ազատական շարժումը ․Ղարաբաղի լեռներում սկսվեց և այդտեղ էլ ամփոփվեց, արձագանք չը գտնելով միւս տեղերի հայերի մէջ։ Անպատճառ պէտք է աւելացնել և այն, որ Հռօմին հպատակվելու միտքը, ինչպէս միշտ, այս անգամ էլ, երևի, ընդհանուր համակրանք չը գտաւ հայ հոգևորականութեան մէջ: Ապացոյց այն, որ պատգամաւորութիւնը, Յակոբ կաթողիկոսի հետ հասնելով Կ․ Պօլիս այդտեղից չը շարունակեց ճանապարհը և, ինչպէս գիտենք, Յակոբը թիւրքաց մայրաքաղաքում աւելի մտածում էր Եղիազարի հետ համաձայնութիւն կայացնելու և տեղական խռովութիւնները դադարեցնելու մասին։ ճիշտ է, ծերունի կաթողիկոսը Կ․ Պօլսում էլ վախճանվեց, բայց և այդպէս, կար, ինչպէս երևում է, մի արգելք, որ մահից առաջ էր կտրել նրա ճանապարհը դէպի Հռօմ։ Գոնէ մի օտարազգի հեղինակ, Ռիկօ, գրում է հետևեալը․ «1670 թւին, երբ ես Զմիւռնիայից Անգլիա գնալու համար բռնեցի Հռօմի և Իտալիայի ճանապարհը, շշուկ էր տարածված ամբողջ Եկեղեցական Պետութեան մէջ, թէ հայոց աոաջին պատրիարքը, իր մի քանի միտրօպօլիտների ուղեկցութեամբ, շուտով գնալու է Հռօմ պապին հպատակութիւն յայտնելու համար։ Այնուհետև ես մի քանի ամիս մնացի Իտալիայում, բայց այնտեղ այդ պատգամաւորութեան մօտենալու մասին ոչ մի լուր չը ստացվեց, ուստի այն ժամանակից ես եկել եմ այն եզրակացութեան, որ հայոց պատրիարքը նոյնքան հեռու էր մի որ և է օտար եկեղեցուն հպատակվելու դիտաւորութիւնից, որքան Հայաստանը հեռու է Հռօմէական կրօնի աթոռից»[81]: Եւ սակայն այդ պատրիարքը էջմիածնից դուրս էր գնացել՝ յատկապէս Հռօմ գնալու համար։ Պարզ է ուրեմն, որ ճանապարհին նրան յետ էին կանգնեցրել այդ մտքից[82]: Այսպէս թէ այնպէս, հայ պատգամաւորութիւնը լուծվեց դեռ ճանապարհին։ Բայց նա միանգամայն ապարդիւն չէր։ Կ․ Պօլսում նրա անդամներից մէկը շարունակեց ճանապարհը մենակ, գնաց Վենետիկ, ապա անցաւ Ֆրանսիա, ուր մտաւ զինուորական ծառայութեան մէջ։ Սա շատ հազուագիւտ դէպքերից մեկն էր, գուցէ և առաջինը, երբ հայը Արևմուտք էր դիմում ոչ թէ կրօնաւոր դառնալու կամ վաճառականութիւն անելու նպատակով, այլ զինուորութիւն սովորելու համար, մի գործ, որ վաղուց մոռացված էր հայերի մէջ։ Այսպիսի քայլեր անողը հայ ազնուականութեան բեկորներից մէկն էր—հռչակաւոր Իսրայէլ Օրին, որ տարիներից յետոյ պիտի վերադառնար հայրենիք իբրև եւրօպական մտքերով տոգորված մի քաղաքական գործիչ, իբրև մի աշխարհական հայրենասէր, որ հայրենիքի գաղափարը բարձր էր դասում կրօնական նախապաշարմունքներից և պատրաստ էր շատ ծանր զոհեր մատուցանել այդ գաղափարին…

Որ Յակոբ կաթողիկոսի քաղաքական ծրագիրը համակրութիւն չէր գտնում հայ հոգևորականութեան մէջ, այդ կարելի է եզրակացնել և նրանից, որ ծերունու մահից յետոյ կաթօլիԿ պրօպագանդան գարձեալ խութերի ու ժայռերի հանդիպեց: Եւ միսիօնարները, ինչպէս երևում է, շատ էլ մեծ ակնկալութիuններ չունէին թէ իրանց խոստացած քաղաքականր բարիքները միանգամայն բաւական են` հայերին կրօնափոխ անելու համար, ուստի շարունակում էին դիմումներ անել պարսից արքունիքին։ 1685-ին Շահ-Աբբասը, պատասխանելով Լուդովիկոս XIV-ի մի «սիրալիր>> նամակին, ասում էր թէ արդէն հրամայել է Հովանաւորութիւն ցոյց տալ Նախիջևանի գաւառի կաթօլիկ հայերին։

Եւ դրանք դատարկ խոստումներ չէին․ ճիշդ որ, պարսից արքունիքը խօսքից գործի էլ էր անցնում, հրամաններ արձակելով Շահի անունից: Հովանաւորելով հայերի մի մասին, պէտք էր զըրկել ու ճնշել միւս մասը, որ չունէր հզօր միջնորդներ Եւրօպայում։ Եւ լուսաւորչական հայերը ստիպված էին մեծ կաշառքների միջոցով համոզել պարսիկ իշխանաւորներին, որ նրանք չը գործադրեն Շահի հրամանները։ Կաթօլիկ քարոզիչները, ինչ խօսք, ազատ ու համարձակ շրջում էին ամեն տեղ, քարոզում էին։ Հռօմը ոչինչ չէր խընայում` իր գործակատարներին շքով և իշխանական կարողութեամբ շրջապատելու համար։ Միսիօնարները շատ յաճախ փողով էին կրօնափոխներ առնում` այնքան առատ էին նրանց տրամադրութեան տակ դրած դրամական միջոցները։ Նրանցից շատերը Պարսկաստան գնում էին կամ իբրև Հռօմի, Ֆրանսիայի, Լեհաստանի դեսպաններ կամ ունենալով իրանց հետ այդ կառավարութիւնների յանձնարարական նամակները։ Եզուիտները հաստավեցին Թիւրքաց Հայաստանի զանազան կողմերում, բոյն դրին մինչև իսկ էջմիածնի կողքին, Երևանում։ Նրանք գործում էին իստակ եզուիտական եռանդով․ քարոզում էին քաղաքներում, բայց մանաւանդ գիւղերում․ աւելի յաճախ ընկերանում էին առևտրական կարաւաններին և, օգուտ քաղելով ամեն մի հանգամանքից, յորդորում էին մարդկանց հասկանալ, որ առանց Հռօմի չը կայ փրկութիւն։

Երևանի եզուիտների ուշադրութեան գլխաւոր առարկան, ի հարկէ, էջմիածինն էր․ նրանք աշխատում էին իրանց ցանցերի մէջ գցել հայոց կրօնական այդ կարևոր կենտրօնը և դրա համար մի կողմից շահագործում էին պարսից կառավարութեան ունեցած համակրանքը դէպի իրանց գործը, իսկ միւս կողմից քաղաքական յոյսեր էին ներշնչում, շարունակելով հաւատացնել թէ ֆրանսիական թագաւորը կը լսէ պապին, երբ այս վերջինը կառաջարկէ նրան հովանաւորել հայերին։ Եւ պէտք է խոստովանել, որ հայ եկեղեցականների մէջ կային և այնպիսիները, որոնք կարող էին եզուիտների համար համբերողութեան և ազատամտութեան օրինակներ դառնալ։ Այսպէս, Նահապետ կաթողիկոսը թոյլ տուեց այդ կրօնաւորներին ազատ մտնել հայոց եկեղեցիները, քարոզել այնտեղ։ Եւ երբ հայ հոգևորականները այս պատճառով գահընկէց արին Նահապետին, եզուիտները կարողացան ընծաների միջոցով Շահից հրամաններ  բերել տալ և Նահապետին նորից կաթողիկոս նստեցնել։

Այս իրողութիւնները ցոյց են տալիս թէ որպիսի ահագին եռանդով էր կաթօլիկ պրօպագանդան գործ սկսել Հայաստանում։ Բայց արդի՞ւնքը: -Հռչակաւոր ճանապարհորդ Շարդենը գրում է.«Դժուար է նկարագրել այն բոլոր հնարքներն ու ծախսերը, որ Հռօմը գործ դրեց հայերին կաթօլիկ դարձնելու համար, բայց ապարդիւն»։ Միւս գիտնական եւրօպացին, Տուրնըֆօր, որ ճանապարհորդեց Հայաստանում XVII դարի վերջում, կատարելապէս յուսահատված է խօսում կաթօլիկացման գործի մասին. նա էլ վկայում է, որ ամնեափայլուն միսիօնարութիւնն անգամ չէ կարող միր բան գլուխ բերել, մինչև որ Աստուած չը կակղեցնէ հերձուածող հայերի սիրտը։

Առաջին հայեացքից դրութիւնը այդպէս է երևում։ Եւ իրաւ, եզուիտական հնարագիտութիւնը բազմակողմանի էր, ճարտար, թէև, ինչպէս միշտ և ամեն տեղ, անբարոյական։ Հայաստանի պէս մի խեղճ ու խաւար երկրում նրանք ահագին աջողութիւն պիտի ունենային։ Չէ՞ որ նրանք այն իսկ կրօնաւորներից էին, որոնք 1640 թւականի յօբելեանական տօնախմբութեան ժամանակ ասում էին. «Մինչև վերջին շունչը պիտի պաշտպանենք կաթօլիկ հօտը գայլերից. մի յուսաք թէ խաղաղութիւն կը լինի. մենք ծնվել ենք կրելով մեր կրծքում ատելութեան սերմեր և պատրաստ ենք դանակներով կռւել»։ Չէ՞ որ եզուիտական կարգի գեներալներից (գլխաւորներից) մէկը այսպէս էր բնորոշում այդ կրօնաւորներին. «Մենք գառների պէս ներս ընկանք, իսկ կառավարեցինք որպէս գայլեր. մեզ շների պէս կարտաքսեն, իսկ մենք կը թռչենք իբրև արծիւներ»: Այսքան համարձակութիւն ու կորով ունեցող մարդկանց դէմ ի՞նչ պիտի անէին ողորմելի հայ վարդապետները, որոնց համար մի հասարակ գրագիտութիւնն էլ ահագին իմաստութիւն էր և որոնց մէջ չը կար անձնազոհութեան կաթիլ անգամ: Չը նայած այդ բոլորին, եզուիտականութիւնը առատ հունձեր չունեցաւ Հայաստանում: Հայ ժողովուրդը ընդունում էր արևմտեան հոգևորականներին իբրև գիտուն, հասկացող մարդկանց, ինչպէս վկայում է Տուրնըֆօր. բայց նա այնքան աւանդապահ էր, այնքան սերտ կերպով կապված էր իր հաւատալիքների հետ, այնքան ձուլել էր կրօնը իր ընտանեկան կեանքի, իր հնադարեան ամենամեծ սրբութեան-օջախի հետ, որ չէր ընդունում նրանց իբրև հոգի փրկողներ:

Թէև այսպէս, բայց չէ կարելի ասել, թէ կաթօլիկութիւնը ոչ մի աջողութիւն չունէր մեզանում, ինչպէս կարելի է եզրակացնել Շարդէնի և Տուրնըֆօրի խօսքերից: Ո՛չ. կրօնափոխութիւնը տարածվում էր, թէև դանդաղ, թէև փոքր չափերով: Գլխաւորը այն էր, որ յաղթանակ էր տանում կաթօլիկութեան գաղափարը, որովհետև նրա կողմն էր գիտութիւնը, որովհետև նա տարածվում էր ոչ միայն կենդանի խօսքի, այլ և տպարանի միջոցով: Եւ այդ յաղթանակը այնքան անմեղ ու անվտանգ բան չէր հայ հոգևորականութեան համար, որ փոթորիկներ չը յարուցանէր ազգի մէջ, հալածանքների, ընտանի երկպառակութիւնների փոթորիկ։ Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել. անհնարին էր, որ մի տեղ եզուիտ երևար և այնտեղ խաղաղութիւն ու համաձայնութիւն տիրէր։ Խռովութիւնները սկսվեցին Նոր–Ջուղայից։

Հայաստանի մէջ գործող եզուիտներից անուն է հանել մանաւանդ Յակոբ Վիլլօտ, որ այնպէս լաւ սովորել էր հայոց լեզուն որ հայերէն գրքեր էլ շարադրեց։ Վիլլօտ առանձնապէս ուշադրութիւն դարձրեց Նոր-Ջուղայի վրա․ այդտեղ բացված էր եզուիտական դպրոց և Շէհրիմանեան հայ-կաթօլիկ հարուստ ընտանիքը ամեն կերպ աջակցում էր պրօպագանդային։ Լուսաւորչական հայերի առաջնորդը այդ ժամանակ Ստեփանոս եպիսկոպոսն էր․ բացի նրանից՝ Ամենափրկչի վանքի միաբանութեան մէջ յայտնի էին Յովհաննէս Մրքուզ վարդապետը, որ ստացել է «տիեզերալոյս» մականունը և Աղէքսանդր վարդապետը, որ յետոյ կաթողիկոս եղաւ։ Ահա այս երեք հոգևորականները կռիւ յայտարարեցին կաթօլիկ քարոզութեան դէմ։ Սկզբում այդ դիմադրութիւնը խաղաղ միջոցներով էր կատարվում։ Ստեփանոս եպիսկոպոսը վերանորոգեց Ամենափրկչի տպարանը, որ անգործ էր մնացել Յովհաննէս վարդապետից յետոյ և սկսեց հրատարակութիւններ, որպէս զի կարելի լինի տպագրական խօսքով հերքել կաթօլիկների քարոզութիւնները և ապացուցանել, որ հայերը հերձուածող ու հերետիկոս չեն։

1687 թւին Ջուղայի տպարանը հրատարակում է Աղէքսանդր վարդապետի «Գիրք, որ ասի վիճաբանական», աշխատութիւնը, որի մէջ վիճաբանութիւններ կան կաթօլիկների դէմ։ Հետևեալ տարին լոյս է տեսնում մի նոր աշխատութիւն, այս անգամ Յովհաննէս Մրքուզի շարադրածը, որ ունի այսպիսի վերնագիր. «Գիրք իսկապէս համառօտ վասն ճշմարիտ հաւատոյ»։ Յիշատակարանի մէջ տպագրողները, իրանք էլ զգալով իրանց տպարանի պակասութիւնները, ասում են, որ ուրիշ հնար չը կայ հայոց եկեղեցին պաշտպանող գրուածքներ հրատարակելու․ «Ֆրանկների երկրում» տպել անկարելի է, որովհետև այդ տեսակ գրքերը հակառակ են նրանց վարդապետներին, որոնք, և ամեն կերպ արգելք են հանդիսանում։ Դա մեզ շատ լաւ ծանօթ, հին իրողութիւն է։ Եւ որովհետև կարիքը հնարագիտութեան հայրն է, ուստի վերանորոգվում են Ջուղայի տպարանի աւերակները։ Մինչև այդ ոչ ոքի չէր էլ յիշել, որ եղել է տպարան, որ տպարանը լաւ բան է, որ նրա համար Յովհաննէս վարդապետը տարիներ տանջվել է Եւրօպայում։ Այժմ եզուիտների դէմ կռւելու անհրաժեշտութիւնը ստիպեց հայ կղերակներին ոչ միայն գրքեր շարադրել, այլ և յիշել ու նորից կենդանացնել տգիտութեան և խաւարասիրութեան պատճառով մոռացված լուսատու հիմնարկութիւնը, այն տպարանը, որ Խաչատուր Կեսարացու ու նրա օգնականների վառ ոգևորութեան առարկան էր մի 40—45 տարի առաջ։

Եզուիտները, ի հարկէ, հասկանում էին թէ ինչ վտանգաւոր զէնք է բարձրացել իրանց դէմ։ Եւ սկսվեցին խռովութիւնները, որոնք պտտում էին տպարանի շուրջը։ Ստեփանոս եպիսկոպոսը, առանց աջ ու ձախ նայելու, դիմեց պարսից կառավարութեան և գանգատվելով եզուիտների արարքների վրա, մատնութիւն էլ արաւ, ասելով թէ կաթօլիկները Պարսկաստանում լրտեսութիւն են անում։ Պարսիկները, ի հարկէ, պիտի օգտվէին դեաւուրների այդ խառնակութիւններից։ Շէհրիմանեանները եզուիտների թիկունքը դարձան, իսկ հարուստ լուսաւորչականները եպիսկոպոսի կողմն անցան։ Երկու կողմերը սկսեցին կաշառել պարսիկ իշխանաւորներին՝ միմեանց դէմ հրանմաններ հանելու համար։ Վերջապէս յաղթեցին լուսաւորչականները, որոնք, 1689-ին, ստանալով Շահ-Սուլէյմանից հրաման, քանդեցին մի կաթօլիկ եկեղեցի և արտաքսեցին եզուիտներին, որոնց մէջ էր և Յակոբ Վիլլօտ։

Այդ բռնութիւնների միջոցին փակվեց Ջուղայի տպարանը։ Կաթօլիկներն էլ մատնութեան դիմեցին, յայտնելով կառավարութեան թէ տպարանից հրատարակված գրքերի մէջ Ղուրանին հակառակ բաներ կան։ Ստեփանոս եպիսկոպոսը այդ ամբաստանութիւնից ազատվելու համար ստիպված եղաւ մօտ 500 թուման փող ծախսել իշխանաւորների դռներին։ Ամբաստանութիւնը հերքվեց, բայց պարսից կառավարութիւնը արգելեց հայերէն գրքեր տպագրելը։ Գրգռված այս անաջողութիւններից, Ստեփանոս եպիսկոպոսը սարքեց մի եկեղեցական հանդէս, որ միջնադարեան մի զզուելի պատկեր էր ներկայացնում և որի նմանը հազիւ թէ մի ուրիշ անգամ ցոյց տուած լինի հայոց եկեղեցին։ Առաջնորդը զգեստաւորված հոգևորականներով և սևացրած մոմեղէններով թափօր կազմեց և դուրս եկաւ Ջուղայի հրապարակը: Այդտեղ, բազմութեան առաջ, նա անիծեց Շէհրիմանեաններին[83], որոնք այդ բոլոր խռովութիւնների պատճառն էին համարվում[84]:

Կրօնական անհամբերողութեան այդ հրապարակային տօնախմբութիւնը մի պարզ նշան էր թէ որքան թշուառ է հայ ժողովուրդը, որքան շատ է նա թունաւորվում երկու եկեղեցիների անհաշտ մրցութեան պատճառով։ Մտաւոր ոչինչ առաջադիմութիւն, համաշխարհային լայն գաղափարներ չէին կարող պատուաստվել մի միջավայրում, ուր այս տեսակ գործեր էին կատարվում։ Բայց մի՞թէ միայն հայ հոգևորականն էր մեղաւոր այդ խաւար ու զզուելի գործի մէջ։ Անաչառութիւնը պիտի հարկադրէ ամեն մէկին բացասական պատասխան տալ այդ հարցին և խոստովանել, որ ամենից շատ կաթօլիկ կղերն էր մեղաւոր։ Մենք արդէն շատ անգամ առիթ ունեցանք յիշատակելու, որ հայ եկեղեցականները յաճախ այնքան համբերող էին կաթօլիկ քարոզիչների վերաբերմամբ, որ նոյն իսկ թոյլ էին տալիս նրանց մտնել հայոց եկեղեցիները և քարոզել այնտեղ։ Բայց կար այս համբերողութեան նմանութիւնն անգամ կաթօլիկների մէջ։ Ո՛չ։ Ջուղայի այս անկարգութիւնները հայ ժողովրդի տառապանքների սկիզբն էին միայն. կրօնական երկպառակութիւնները այնուհետև էլ շարունակեցին փոթորկել Պարսկաստանի խորքերն ընկած այդ գաղթականութիւնը և անցան XVIII դարը։ Եվ ահա կաթօլիկ հոգևորականները հարց են դնում. պէ՞տք է, որ կաթօլիկը գնայ իր հերձուածող ազգակցի եկեղեցին։ Հարցը հասնում է Հռօմի աթոռին և Կղեմէս XI պապը 1709 թուին դնում է վճիռ. «Պէտք չէ, արժան չէ»[85]։ Եւ այնուհետև կաթօլիկ հայի համար լուսաւորչական եկեղեցին մի տեղ է դառնում, ուր կարելի է մտնել ոչ թէ աղօթելու, հոգու փրկութիւն գտնելու համար, այլ լոկ «թամաշա» անելու համար, ինչպէս մտնում են մի թատրօն կամ մի այլ զուարճատեղի։ Եղբայրասպան ֆանատիկոսութեան կողմից ոչ ոք չէ կարողացել հաւասարվել Հռօմին. և հայ հոգևորականը իր բարբարոսական անհաշտոութեան


մեծ մասը նոյն այդ Հռօմից էր վերցնում։

Բայց ֆանատիկոսական անհամբերողութեան ամենաահռելի ծնունդը քաղաքական մատնութիւններն էին, որոնց յաճախ դիմում էին երկու մրցող կողմերը և որոնք սարսափելի աղէտներ էին պատճառում թէ մէկին և թէ միւսին։ Քանի՛ քանի տներ են քանդվել, քանի՛ քանի մարդիկ են մաշվել բանտերի մէջ, արիւե թափել կախաղանների վրա, հալածվել, անյայտացել աքսորավայրերում։ Եւ այդ բոլոր սարսափները շնորհիւ այն հանգամանքի, որ դաւանական խտրութիւնը անտանելի բան էր դարձել արիւնակից եղբայրների մէջ և մի եղբայրը կրօնասիրական առաքինութիւն էր համարում մատնել միւսին մահմեդական իշխողի ձեռքը և սիրտ հովացնել, տեսնելով նրա տանջանքները։ Մենք չենք ասում թէ այս ողբալի դրութիւնը միայն հայերի մէջ գոյութիւն ունէր։ Ո՛չ, նա ամեն տեղ էր, ուր Հռօմը ճիգեր էր թափում վերականգնելու իր համաշխարհային տիրապետութիւնը․ Եւրօպան էլ ազատ չէր այդ առիթով թափվող արիւնից ու արտասունքներից։ Բայց այդ համատարած իրողութիւնը չէ կարող, ի հարկէ, արդարացնել ոչ ոքին։ Պատմութիւնը, անարգ սիւնին բևեռելով հեղինակներին, չէ կարող բարոյական մաքրութեան վկայական տալ և այնպիսիներին, որոնք. մատնութիւնները և նրանց հետ կապված սարսափելի հետևանքները գործ էին ածում իբրև պաշտպանողական միջոց։

Լուսաւորչական հայերն էլ իրանց պաշտպանելու համար էին մատնութիւնների դիմում։ Նրանց արդարացնել, ի հարկէ, չէ կարելի։ Բայց մեղաւորը մենակ նրանք չէին․ անբարոյականութիւնը դարձեալ Հռօմի կողմից էր գալիս։ Հռօմի գործակալներներն էին, որ կրօնափոխութեան գործը հեշտացնելու համար օգնութեան կանչեցին թաթարական անգթութիւնները․ փոխանակ յոյս դնելու քարոզի, խաղաղ միջոցներով համոզելու վրա` Քրիստոսի փոխանորդ համարվողները սուլթանների, շահերի, խաների ու փաշաների բարբարոսական կրքերի վրա էին յենվում։ Իսկ թէ այստեղից որքան տառապանքներ պիտի ծնվէին այն թշուառների համար, որոնք գէթ կրօնի, հոգու գործերի մէջ ուզում էին մի քիչ ազատ, ընտրող, անկախ լինել—այդ հասկանալի է և առանց երկար բացատրութիւնների։

Բերենք մի փաստ։ Պապական նուիրակի պաշտօնով Պարսկաստան գնացած Անսիրի արքեպիսկոպոսը մի մանրամասն զեկուցագրի մէջ յայտնում էր պարսից Շահին թէ ինքը, որպէս պապի ներկայացուցիչ, հարկադրված է բողոքներ ներկայացնել, որովհետև Պարսկաստանում ստորացնում են իր պատիւր և արժանաւորութիւնը։ Ստորացնողները հայերն են։ Մեծ և անտանելի վիրաւորանք էր պապական նուիրակի համար այն, որ հայերը յամառում են իրանց հերձուածի մէջ: Եւ ահա թէ ինչպէս։ Յայտնի է, ասում էր արքեպիսկոպոսը, որ պապը Յիսուս Քրիստոսի տեղապահն է երկրիս երեսին և աշխարհիս բոլոր թագաւորները հպատակվում են պապին ու պատւում

0ւցւիւ26օ1 ե7 են նրան իբրև այդ աստիճանը կրողի։ Սակայն, չը նայած բոլոր ազգերի այդ համաձայնութեան, մի բուռն հայեր, քրիստոնեայ լինելով հանդերձ, մերժում են հպատակվել պապին։ Այդ դեռ բաւական չէ, մի բուռն հայերը, իրանց ըմբոստութեան մէջ աւելի պինդ պահվելու համար, իրանց մէջ այնպիսի մարդկանց են հոգևոր բարձր աստիճաններ տալիս, որոնք յայտնի են իբրև պապի ամենախիստ հակառակորդներ։ Հայերը իրանց ամբարտաւանութիւնը նոյն իսկ այն աստիճանին են հասցնում, որ որոշ տօներին նզովներ են կարդում իրանց եկեղեցիներում պապի նախորդների դէմ։ Մի շինծու գոռոզութեամբ դիպլօմատ-արքեպիսկոպոսը յայտարարում էր, թէ այդ հանգամանքը աւելի արհամարանքի է արժանի, բայց մի և նոյն ժամանակ առաջ էր բերում մի այսպիսի նուրբ փաստաբանութիւն։ Պապը, ասում էր նա, իր հպատակների մէջ պահպանում է մի խորին պատկառանք, դէպի նորին մեծութիւն Շահը, բայց կարող է գանգատավել, որ Շահն էլ նոյնը չէ անում իր վերաբերմամբ. անշուշտ պապը պիտի կարծէ թէ այդ բոլորը կատարվում է հայերի մէջ Շահի հրամանով կամ թույլտւութեամբ, թէև իսկապէս կատարվում է առանց նորին մեծութեան գիտութեան[86]։

Դիւանագիտական այս նուրբ մանուածքի մէջ դժուար չէ նկատել, որ «սուրբ» հայրերը, առանց խղճահարվելու, պետական անհաւատարմութեան կասկածներ էին տարածում ամբողջ հայ Ժողովրդի վրա, շահագործում էին «Քրիստոսի փոխանորդի» քաղաքական գիրքը այն նպատակով, որ բռնութիւնների փոթորիկ յարուցանեն մի ազգի դէմ, որ առանց այդ էլ խորովվում էր օր ու գիշեր: Հային տանջում, կեղեքում էին՝ մահմեդականացնելու համար․ Քրիստոսի փոխանորդները տեսնում էին այդ, և ոչ միայն չէին համարձակվում ծպուտ անգամ հանել այդ իրոզութեան դէմ, այլ և ուզում էին, որ իրանց էլ տրվի՝ հարստահարելու, կեղեքելու նոյն իրաւունքը, որպէս զի մահմեդականութեան ճանկերից ազատված պատառները կարելի լինի պապական դարձնել։ Եւ նկատեցէք․ բերանի մի անկիւնով այսպիսի բաներ շշնջալով պարսից կառավարութեան ականջին, նրանք միւս անկիւնը դարձնում էին դէպի հայերը և յուսադրում էին նրանց Եւրօպայի օգնութեամբ...

Եթէ Հռօմի գործակատարները հնարաւոր էին համարում այս տեսակ ստորութիւններով յաղթել հայերի յամառութիւնը, հայերն էլ ոչինչ անյարմարութիւն չէին տեսնում այն բանի մէջ, որ յայտնում էին պարսից իշխանութիւններին, թէ լատինները լրտեսութիւն են անում Պարսկաստանում, թէ նրանք կրօն չեն տարածում, այլ ապստամբութեան և յեղափոխութեան մտքեր։ Տուրնըֆօր հաւատացնում է թէ այս մատնութիւնները տեղ էին հասցնվում կաշառքների միջոցով և հայերը այդպիսով կարողացան, վերջ ի վերջոյ, հեռացնել քարոզիչներին իրանց երկրից։ Այդ պատճառով էլ Տուրնըֆօր այնքան վրգովված է «հերձուածող հայերի» դէմ և բացականչում է թէ նրանք «ոչ մի բանից այնքան չեն վախենում, ինչպէս մեր (կաթօլիկ) քահանաների սուրբ առաջադիմութիւնից»։ Այս խօսքերի մէջ նստած է XVII դարի կաթօլիկը, թէև նա մի և նոյն ժամանակ գիտուն բուսաբան էլ էր։ Ուրիշ կերպ չէ կարելի հասկանալ թէ ինչպէս էր, որ այդ գիտնականը իր ճանապարհորդութեան ժամանակ ոչ մի տեղ չը զգաց, թէ երբ մի ժողովուրդ յամառութեամբ կպած է իր կրօնին, իր հաւատալիքներին , նրան զօռով, ակամայ, բռնի կերպով կրօնափոխ անելը անարդարութիւն է և թէ չէ կարելի այդքան վրդովվել «սուրբ առաջադիմութեան» խանգարման համար, քանի որ այդ առաջադիմութիւնը սուրբ լինել չէր կարող հէնց այն պատճառով, որ ձեռք էր բերվում քաղաքական ինտրիգների միջոցով, մի ամբողջ ժողովրդի պառակտման, արտասունքների գնով․․․

Ի զուր, սակայն, կարծում էին Քրիստոսի տեղապահները թէ պարսից շահերը այն աստիճան երեխաներ են, որ իրանց ձեռքով կը հասցնեն կրօնափոխութեան պտուղը և կը գցեն պրօպագանդայի բերանը։ Պարսիկն էլ կրօն ունէր և նոյնպէս պարտաւորված էր իր կրօնին հետևողների թիւը աւելացնել։ Եթէ հայերը որս էին, ինչո՞ւ նրանք չը պիտի որսացվէին Մուհամմէդ մարգարէի համար, այլ պիտի յանձնվէին գեաւուր պապի ձեռքը։ Ջուղայի խռովութիւնները, մատնութիւնները հէնց այդ միտքը տուին պարսիկներին, և Շահ-Յուսէինը կամեցաւ հրաման արձակել, որ հայերը մահմեդական դառնան։ Բայց նոյն Յովհաննէս Մրքուզ վարդապետը, որին տեսանք եզուիտների դէմ կռւելիս, պաշտպանեց քրիստոնէութեան ճշմարտութիւնը պարսիկ հոգևորականների առաջ և խափանեց Շահի մտադրութիւնը։ Ջուղան չը մոռացաւ իր ազատարարին և յարգեց նրա յիշատակը սուրբի հռչակով։ Մենք էլ պիտի ծանօթանանք այդ դէմքի հետ։

Ժողովրդական աւանդութիւնը հրաշքներ է պատմում Յովհաննէս վարդապետի գիտնականութեան մասին։ Ասում են, որ երբ Շահ—Յուսէինը հրամայեց իր գիտնական մօլլաներին կրօնական վէճի նստել հայ վարդապետի հետ, պարսից այդ իմաստունները ծունկ չոքեցին և աղաչեցին թագաւորին չանել այդպիսի բան. որովհետև, ասում էին, Յովհաննէս վարդապետը գիտնական է, մենք նրանից ենք իմաստութիւն սովորում և նրա դէմ գնալ չենք կարող [87]: Վարդապետը հմուտ պարսկագէտ և արաբագէտ էր, թարգմանել էր ամբողջ Աւետարանը պարսկերէն և արաբերէն լեզուներով. բացի դրանից նա ճարտար նկարիչ էր, այնքան բնատուր ընդունակութիւն ունէր, որ նոյն իսկ անուաւոր ժամացոյց էլ շինեց։ Եւ վերջապէս նկատի առնենք նրա ստացած «տիեզերալոյս» անունը, որ ահագին գիտնականութեան մի վկայական է։ Գուցէ մասամբ հասկանալի լինի այդ տիտղոսը, եթէ աչքի առաջ ունենանք վարդապետի մեծ աշխատասիրութիւնը․ նա գրել է 19 հայերեն շարադրութիւններ, բոլորն էլ կրօնական բովանդակութեամբ․ հայ պորտաբոյծ և հացկատակ հոգևորականութեան մէջ այնքան անօրինակ էր այսչափ գրասիրութիւնը, որ Յովհաննէս վարդապետի վերաբերմամբ չափազանցութիւն չը պիտի համարվէր «տիեզերալոյս» անունն անգամ։ Բայց բացի այդ տիտղոսից, նրան յատկացրված էր և «Թագաւորաց աստուածաբան» պատուանունը, որովհետև նախ քան Շահ-Յուսէինի հետ կրօնի մասին խօսելը, նա հռչակված էր իբրև մի հեղինակ, որ քրիստոնէութեան վերաբերութեամբ երկար բացատրութիւններ էր տուել և նրա հօրը, Շահ-Սուլէյմանին։ Պատմում են, որ մի անգամ Շահ-Սուլէյմանը, այցելելով Ամէնափրկչի վանքը, հարց ու փորձ է սկսում պատկերների մասին. Յովհաննէս վարդապետը պատասխաններ է տալիս և ապա հաւաքելով թագաւորի հարցերն ու իր պատասխանները, կազմում է մի գիրք, մի երեսը հայերէն և մի երեսը պարսկերէն, ու ներկայացնում է Իրանի ինքնակալին։ Ամբողջ պալատը հիանում և սքանչանում է վարդապետի իմաստութեան վրա և մեծ պատիւներ է անում նրան։

Ահա այդ «գլուխ-գործոցը» մենք ունենք մեր առջև դրած [88] և կարող ենք հասկացողութիւն կազմել միւս աշխատութիւնների մասին, որոնք որքան յայտնի է, մեծ մասամբ չը հրատարակվեցին և անյայտութեան մէջ էլ կորան։ Գրուածքը, եթէ նրա հետ կապված պահենք հեղինակի ստացած հռչակը, մեր առջև պարզում է ժամանակի դրութիւնը, նրա ամբողջ հոգեբանութիւնը։ Որքա՜ն քիչ բան էր հարկաւոր այն տգէտ դարում՝ «տիեզերալոյս» դառնալու համար։ Եթէ ճիշտ է որ Շահինշահի ամբողջ արքունիքը հիացած էր հայ վարդապետի իմաստութեան վրա, եթէ ճիշտ է, որ վախենում էին նրա հետ վէճի բռնվելու, դա միայն կարող է հաստատել այն, յամենայն դէպս անսխալ, իրողութիւնը, որ պարսից արքունիքն էլ չէր բարձրացել մտաւոր զարգացման այն ստոր աստիճանից, երբ մի վարժ ու ընդունակ գրագէտ, մի շատ կարդացած մարդ ապշեցնում է մարդկանց։ Մեր «տիեզերալոյսը» իր մտաւոր նեղ ու սահմանափակ հօրիզօնով, իր աղքատիկ պաշարներով մէկն էր այն հայ վարդապետներից, որոնք միջնադարեան սխօլաստիկայի չոր ու ցամաք սնունդը գործ էին դնում աստուածաբանական հարցեր լուծելու համար և որոնց գրուածքները ոչնչով լաւ կամ վատ չեն Յովհաննէս վարդապետի փիլիսոփայութիւններից, թէև «տիեզերալոյս» կոչվելու բախտին չեն արժանացել։ Նոյն իսկ լեզուի կենդանութիւն, ոճի հարստութիւն, ուռուցիկ պերճաբանութիւն կամ վճիտ պարզութիւն մենք չենք գտնում Ջուղայի գոված գիտնականի մօտ։ Այլ ևս չենք խօսում այն մասին, որ մինչև իսկ սխօլաստիկան էլ չէր կարող ցոյց տալ այդ գրքի մէջ մի հատ նորութիւն, մի գոհար։

Բայց ի՞նչպէս էր, որ մի այդպիսի սովորական միջակութիւն արժանացաւ այդքան մեծ պատիւների։ Այս հարցի պատասխանը պէտք է որոնել ժամանակի դրութեան մէջ։

Ջուղան հետզհետէ ընկնում էր։ Կարճատև էր այդ փարթամ ու փայփայված գաղթականութեան փայլը հայկական հօրիզօնի վրա։ Նա մի գիսաւոր աստղի կեանք ստացաւ․ և աւելի չէր կարող ունենալ, քանի որ այնքան մօտիկ հարևան էր պարսից մայրաքաղաքին։ Զրկեցէք վաճառականին արտօնութիւններից, և նա կը դառնայ ջրից հանած ձուկ։ Պարսից կառավարութիւնը մի ժամանակ քաջալերում էր հայ վաճառականներին, բայց դա մի ժամանակ էր։ Շահ—Աբբաս մեծի ժամանակը։ Այժմ ուրիշ աչքով էին նայում Ջուղային․ թագաւորները ծծել էին ուզում հարստացած հայերին, և Ջուղան ընկնում էր, իսկ նրա ազգաբնակութիւնը ուղևորվում էր դէպի հարուստ Հնդկաստանը։

Անկումը ամեն կողմով էր։ Ամենափրկչեան դպրոցը համարեա այլ ևս չը կար։ Մենք գիտենք արդէն, որ նա մեծ առաջադիմութիւն էր միայն ժամանակի ընդհանուր անգրգիտութեան համեմատությամբ․ բայց իսկական «տիեզերալոյսներ» տալու վիճակից, ի հարկէ, շատ հեռու էր Պարսկաստանի խորքում կղզիացած, դրսից որ և է լոյս չը ստացող այդ հիմնարկութիւնը։ Բայց երբ մարում էր այդ ճրագը, երր նորից ընդհանուր անգրագիտութեան խաւարն էր գալիս, բնական էր, որ իր անցեալով փառաւոր դպրոցի լաւագոյն աշակերտ Յովհաննէս վարդապետը սքանչացողներ, մեծամեծ տիտղոսներ հնարողներ ունենալ։ Ուրեմն մեր տիեզերալոյսի ուռցրած գիտնականութիւնը ժամանակի տգիտութեան չափն էլ է որոշում։

Կար, ի հարկէ, և այն հանգամանքը, որ Յովհաննէս վարդապետը կարողացել էր ազատել հայոց եկեղեցին պարսիկների ձեռքից․ և այդ կողմից միանգամայն հսկանալի և բական է թէ յետագաների երախտագիտութւնը։ Եւ կասկած չը կայ, որ այդ երախտագիտութիւնը աւելի մեծ չափեր կւնենար, եթէ վարդապետը նոյն աջողոթիւնն ունենար և եզուիտների դէմ սկսած կռւի մէջ։ Բայց այստեղ անհնարին էլ էր աջողութիւն ունենալ։ Ստեփանոս եպիսկոպոսը, Ջուղայի մէջ հալածանք հանելով կաթօլիկների դէմ, կամեցաւ ընդհանրական դարձնել այդ հալածանքը ամբողջ Հայասաանում․ և հէնց, երևի, այդ էր պատճառը, որ երբ ջուղայեցիների ջանքերով գահընկէց եղաւ Նահապեա կաթողիկոսը, Ստեփանոսը շատպեց կաշառքներով կաթողիկոսութիւն ձեռք բերել և գնաց էջմիածին։ Բայց դա վտանգաւոր խաղ էր։ Նահապետը եզուիտների աջակցութեամբ շուտով էլի գահ բարձրացաւ, իսկ Ստեփանոսը մատնվեց Երևանի խանի ձեռքը, ծեծվեց, բանտարկվեց և բանտում էլ մեռաւ 1695-ին։ Հեշտ բան չէր եզուիտների դէմ մարտնչելը․․․

Եզրափակենք մեր խօսքը յիսուսեան այս կրօնաւորների մասին։ Նրանք երկար չը մնացին հայերի մէջ․ բայց անարդարութիւն կը լինէր ուրանալ նրանց գործունէութեան դրական կողմը։ Երկու խոշոր շարժումներ, որոնք մեր նոր պատմութեան անկիւնաքարերն են կազմում, առանց որոնց հայութիւնը դեռ շատ ժամանակ լճացած ու յետադէմ կը մնար, եզուիտական ազդեցութեան տակ սկզբնաւորվեցին, սաղմնային դրութեան մէջ մտան։ Այդ շարժումներից մէկն այն է, որ Իսրայէլ Օրիի անուան հետ է կապված, իսկ միւսը -Մխիթար Սեբասաացու հետ։ Առաջինը քաղաքական շարժում, երկրորդը-գրական։

XIII

Տպագրութեան փորձեր Կ.Պօլսում. աննպաստ միջավայր։—Երեմիա Չելեպի Քէօմիւրնեան. նրա տպարանը. նրա դերը Կ. Պօլսի խռովութիւնների մէջ։ —Քէօմիւրնեան իբրև հեղինակ եւ թարգմանիչ. ժամանակակից անցքերի պատմութիւնը. Մաղաքիա դպիր Ճէվահիրճէան։—Զաքարիա սարկաւագ եւ նրա «Պատմագրութիւնը»։—Մարտիրոս Ղրիմի եւ Մինաս Համդեցի. Համդեցու «Ազգաբանութիւն հայոց» իբրեւ հայոց պատմութեան առաջին փորձ։

Դեռ Աբգար Թօխաթեցու մասին խօսելիս՝ մենք ընդգծեցինք այն կարևոր նշանակութիւնը, որ վիճակվում էր Կ․ Պօլսին հայկական տպագրութեան գործի մէջ։ Աբգարը, հարկադրված լինելով իր գործունէութիւնը մի այլ տեղ փոխադրել, ընտրեց, ինչպէս գիտենք, թիւրքաց մայրաքաղաքը։ Կ․ Պօլսի հայութիւնը, ինչպէս Հայաստանին ամենից մօտ մի խոշոր գաղթականութիւն, այն փոքր ի շատէ յարմար միջավայրն էր, ուր հայոց եկեղեցին կարող էր ազատ, առանց կաթօլիկ գրաքննութեան խստութիւններին ենթարկվելու, օգտվել տպագրական մամուլից իր պէտքերի համար։ Սակայն Աբգարի ժամանակից անցաւ հարիւր տարուց աւել, և Կ. Պօլիսը տպարանական ոչինչ գործունէութիւն ցոյց չը տուեց։ Հայ վարդապետները Եւրօպայի հեռաւոր կողմերում էին ազատ մամուլի տեղ որոնում․ ի՞նչպէս էր, որ Կ․ Պօլիսը, նրանց ճանապարհի վրա գտնվելով, չը կարողացաւ կայան դառնալ նրանց ուղած տպարանի համար և հարիւր տարվայ ընթացքում մի տպագրած տող էլ լոյս չը հանեց։

Մեզ արդէն ծանօթ փաստերը հասկացնում են, թէ ինչ էր այդ երևոյթի պատճառը։ Մի տեղ, ուր բարքերը կատարեալ վայրենացման են հասնում, ուր սանձարձակ կրքերը, հալածանքները, փոխադարձ մատնութիւնները տակն ու վրա են անում հասարակութիւնը մի ամբողջ դար, ստեղծելով համարեա մի մշտական ահաբէկ դրութիւն, մի տէրրօր,—մի այնպիսի տեղ չէին կարող պատուաստվել առհասարակ կուլտուրական ձեռնարկութիւներ և մանաւանդ ապարան, որ պահանջում է որոշ աստիճանի մտաւոր պատրաստութիւն։ Խաւարը Գուտենբերգի գիւտի ամենամեծ թշնամին է․ իսկ մենք գիտենք, թէ որքան թանձր էր խաւարը այն հոսանքների մէջ, որոնք բռնացել էին Կ․ Պօլսի հայերի վրա, ինչպէս տգիտութիւնն էր ու ամբարտաւան փառասիրութիւնն էր ասպարէզի տէրը դարձել, իսկ ենիչէրական սանձարձակութիւնը—նպատակին հասնելու ամենաապահով մի միջոցը։ Ո՞վ այդպիսի ժամանակներում պիտի մտածէր գրքի մասին և մանաւանդ ո՞վ պիտի տանջանքներ ու վնասներ յանձն առնէր ժողովրդին գրքեր տալու բարձր, վերացական գաղափարի համար։

Բայց XVII դարում Կ. Պօլսի հայութիւնը պատած այդ խաւարի մէջ երևում է մի փոքրիկ համեստ շող։ Դա մի հասարակ մարդ էր, Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան։ Յանկարծ, անսպասելի կերպով, 1677 թիւն Կ․ Պօլսում հիմնվում է մի տպարան՝ այդ աշխատասէր, զարգացած մարդու ջանքերով։ Նա պատրաստել է տալիս տառերի մայրեր, սարքում է տպարանը, մինչև իսկ փորձի համար երկու փոքրիկ տետրակ է հրատարակում — մէկը իր սեփական ոտանաւոր աշխատութիւնը, որ Երուսաղէմի նուիրական վայրերի նկարագրութիւնն է (պատկերազարդ), իսկ միւսը Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի» քերթուածի մի մնացորդ կտորը։ Դրանից աւելին չը կարողացաւ անել Երեմիա Չէլէպին իր անկատար և աղքատիկ տպարանում, և այնուհետև ամբողջ քսան տարի էլ Կ․ Պօլսում ոչ մի հատ գիրք չը տպվեց։

Քէօմիւրճեանի այսքան կարճատև և աննշան տպարանական գործունէութիւնը յիշատակութեան արժանի չէր լինի, եթէ նրա պատրաստել տուած մայրերը նոյն դարի վերջում ուրիշները կարգի չը բերէին, չը բարեփոխէին ու նոր տպարան չը բաց անէին։ Այդպիսով Երեմիան առաջինն էր, որ զարկ տուեց, գաղափար կենդանացրեց XVIII դարում տպագրութիւնը ծաղկեց Կ․ Պօլսում և շատ եռանդուն գործունէութիւն ցոյց տուեց. ուրեմն, այդ գործունէութեան նախահայրը ամենայն իրաւունքով Քէօմիւրճեանը պիտի համարվի։ Անշուշտ, նա կարող էր աւելի բեղմնաւոր տպագրիչ լինել, որովհետև մի շատ լաւ պատրաստված, հասկացող մարդ էր. բայց, ինչպէս երևում է, ժամանակակից հանգամանքները աւելի զօրեղ հանդիսացան, այնպէս որ նա սստիպված եղաւ բաւականանալ երկու տետրակների հրատարակութեամբ։

Բանն այն է, որ ապրելով մի խռովայոյզ ժամանակում, Երեմիա Չէլէպին ձեռքերը ծալած, անտարբեր չը մնաց։ Իբրև մի հմուտ աշխարհական հեղինակ, նա մէկն էր այն հազուագիւտ մարդկանցից, որոնք երևացել են մեր պատմական անցեալում, դարերի այն երկար շրջանի մէջ, երբ գրագիտութիւնը, մանաւանդ հեղինակութիւնը հոգևորական դասի արտօնութիւնն էր կազմում[89]: Մինչև Երեմիայի ժամանակները մեր պատմութիւնը շատ չէ ճանաչում այնպիսի աշխարհականներ, որոնք նրա պէս պատկառելի դիրք գրաւէին իբրև լեզուագէտ, իբրև հեղինակ, մի խօսքով՝ իբրև լուսաւորված մարդ։ Եւ Քէօմիւրճեանը խուցի հեղինակ չէր , ոչ էլ իրանց գիտնականութեամբ անմատչելի ու բարձրաթռիչ մարդկանցից մէկը. նա գործում էր ժողովրդի մէջ, իր ոյժերը ծառայեցնում էր հասարակութեան շահերին։ Մի հասարակական գործիչ էր գրքերի սիրահար այդ մարդը և այնքան խելօք ու հասկացող, որ նոյն իսկ հոգևորականութիւնը դիմում էր նրա խորհուրդներին, շատ դէպքերում հպատակվում էլ էր նրա հեղինակաւոր խօսքին։

Տարաբախտաբար, մենք շատ աղքատիկ տեղեկութիւններ ունենք այս նշանաւոր գործիչի կեանքի մասին։ Յայտնի է այնքանը, որ Քէօմիւրճեանը շատ գործունեայ դեր է կատարել Կ. Պօլսի և Երուսաղէմի խառնակութիւնների և անկարգութիւնների ժամանակ։ Նա Մարաիրոս Կաֆայեցու անձնական բարեկամն էր և քարտուղարը։ Մօտիկ կանգնած լինելով պատրիարքական աթոռի շուրջը կռւոզներին, նա աշխատում էր մեղմացնող, հաշտեցնող դեր կատարել։ Որովհետև չարիքը միանգամից արմատախիլ անել չէր կարելի, ուստի Երեմիային մնում էր որքան կարելի է շատերին համոզել, թէ ինչ դժբախտութիւններ են ծնեցնում անսահման ու անվերջ գժտութիւնները։ Նա ջանք չէր խնայում կռւողների բռնկված կրքերը հանգցնելու համար, գրում էր, անձամբ գործում էր, խրատում։ Երբ Եղիազարը ստացաւ առանձին կաթողիկոսութեան հրովարտակ, Կ. Պօլսում գտնվեցին հայեր, որոնք սարսափահար եղան այն պառակտումից, որ մտցնում էր ազգի մէջ այդ փառամոլ կղերականը։ Երեմիա Ջէլէպին այդպիսիների գլուխն անցաւ և նրանց կողմից պատգամաւոր գնաց Եղիազարի մօտ, Բերիա, խօսելու և հասկացնելու համար։ Երկար ժամանակ նա համոզում էր Եղիազարին յետ կանգնել թիւրքահայերի համար առանձին կաթողիկոսութիւն հիմնելու մտքից, հասկացնում էր թէ ինչ վտանգներ են կապված այդ քայլի հետ։ Բայց զուր էին նրա բոլոր ջանքերը…

Տեսնելով որ ոչ մի քարոզ, ոչ մի ապացոյց չէ ազդում, Քէօմիւրճեանը այնուհետև աշխատում էր գոնե մեղմացնել այն կատաղութիւնը, որով Եղիազարն ու Մարտիրոս Կաֆայեցին կռւում էին իրար դէմ,մի կռիւ, որից միայն խոովութիւնների քաոսն էր տակն ու վրա լինում, առանց դրական որ և է օգուտ տալու։ Այո′, անհաշտութեան և վայրենի կրքերի բոցերը հանգցնելն էլ այն տխուր ժամանակներում բարերարութիւն էր։ Այնքան հեռու էին գնացել անձնական կռիւները, որ այլ ևս հնար չը կար հաստատելու թէ ո՞րն է արդար և որը՝ մեղաւոր. միակ հնարաւոր ելքն էր հաստատել խաղաղութիւն, ինչպէս էլ լինի նա։ Դժուար է հասկանալ թէ ուր պիտի հասցնէր Եղիազար-Մարտիրոսեան մենամարաութիւնը, եթէ Քէօմիւրճեանի հաշտեցնող ազդեցութիւնը յաղթանակ չը տանէր։ Երբ Յակոբ կաթողիկոսը երկրորդ անգամ Կ․ Պօլիս գնաց, Երեմիան ներկայացաւ նրան և համոզեց ուղարկել Մարտիրոսին Երուսաղէմ՝ Եղիազարի հետ հաշտվելու համար։ Այդ խորհուրդը, բարեբախտաբար, ընդունվեց և հաշտութիւնը կայացաւ․ դա նշանակում էր, որ մէջտեղից վերացաւ խռովութիւնների, կեղեքումների, կաշառակերութեան մի մեծ պատճառ էլ։

Բայց գործանէութեան այսպիսի եղանակը չը պիտի կարծել տայ թէ Երեմիան հարկաւոր դէպքում չէր բողոքում։ Երբ Մարտիրոս Կաֆայե ջանքերով Կ․ Պօլսի պատրիարք դարձավ Կրպօն, Քէօմիւրճեանը յանցանք համարեց լռելը և մի նամակի մէջ յանդիմանեց Մարտիրոսին, որ նա մի տգէտ ու անպէտք տէրտէրին պատրիարքութիւն է տուել։ Մարտիրոսը, մոռանալով Երեմիայից վայելած բարերարութիւնները, այդ յանդիմանական նամակը ուղարկեց Կրպօին։ Երկուսն էլ կատաղած էին այդ համարձակութիւնից և միասին ետևից ընկան՝ Քէօմիւրճեանին բռնելու համար։ Բայց սա կարողացաւ թագնվել և ազատվեց երկու հոգևորականների վրէժխնդրութիւնից։ Այդ բանը դժուար չէր նրա համար, որովհետև թիւրքերի մէջ էլ պատիւ էր վայելում իբրե խելօք մարդ և հեղինակ։

Չիմանալով Երեմիա Չէլէպիի կեանքի մանրամասնութիւնները, մենք չենք կարող ասել թէ կարո՞ղ էր նա առհասարակ մի ազգու ղեկավարող դեր կատարել այն ժամանակվայ հայութեան մէջ։ Բայց, յամենայն դեպս, կասկածելու տեղիք չը կայ, որ Կ․ Պօլսի մէջ մի նոր հոսանք կարող էր ստեղծվել, և հայ ազգը ինքնասպանութեան շատ գործերից ձեռք կը վերցնէր, եթէ Երեմիայի նման մարդկանց թիւը շատ լինէր։ Յուսահատ մենակութեան ձայն է լսվում նրա այն նամակից, որ գրված է Եղիազար կաթողիկոսին 1690 թւականին՝ ժամանակակից դէպքերի առիթով։

Այդ դէպքերը գնալով աւելի ողբալի կերպարանք էին ընդունում։ Բաւական չէին պատրիարքների և պատրիարքացուների կռիւները, որոնք շարունակում էին նախկին կատաղութեամբ քարուքանդ անել ժողովրդի բարեկեցութիւնը, ամեն մի օրինակսն կարգ ու կանօն-և ահա սկսվում է մի նոր աղէտ։ Կրօնական կռիւները Ջուղայից թռչում են Կ․ Պօլիս, այստեղ էլ տակն ու վրա են անում հայերին և «հերձուածող ու ուղղափառ», «հայ և ֆրանկ» անունները հրապարակ են նետվում՝ լուսաւորչական և կաթօլէկ հայերին բաժան—բաժան անելու, խառնելու, թշնամացնելու համար։ Կ․ Պօլսում առաջին անգամն էր, որ հայը ասում էր թէ ինքը հայ չէ, այլ ֆրանկ․ բայց այդ տխուր հանգամանքը վաղուց էր յայտնի Հայաստանում, դեռ ունիթօռների ժամանակից։ Եւ դա բնական էր մի ազգի համար, որ իսկապէս վաղուց էր դադարել ազգ լինելուց, այս բառի լայն մտքով, վաղուց էր դարձել մի կրօնական համայնք, գտնվելով կրօնաւորի խնամակալութեան տակ, մինչև ոսկորների ծուծը տոգորվելով վանական գաղափարներով և կորցնելով հայրենիքի շահերի հասկացողութիւնը։ Այսպիսի համայնքի մէջ կրօնը ազգութեան գաղափարից բաժանվել չէր կարող, և անհնարին պիտի լինէր զարգացնել այն միտքը թէ հայը, կաթօլիկուիւն ընդունելով, շարունակում է հայ մնալ։ Պատճառն այն էր, որ չը կար աշխարհական՝ աւելի լայն ու համբերող կրթութիւն, չը կային մարդիկ, որոնք սովորած լինէին արեգակի տակ գտնվող աշխարհի չարն ու բարին էլ գնահատել։

Ահա ինչ էր գրում Երեմիա Չէլէպին յիշեալ նամակի մէջ․ «Ապա ուր դնենք այստեղ եկած հասած ատելութիւնն ու նախանձը, հայերի մէջ սկսված նոր վրդովմունքը, որից առաջանում է գայթակղութիւն շատերի համար, որովհետև շշնջում են «կաթօլիկ և հերձուածող, ֆրէնկ և հայ»․ ու վերջը ո՞վ գիտէ որտեղ է լինելու»։ Երեմիան հասկանում էր, որ այդ ժամանակ խռովութիւնները դեռ միայն սկսվում են։ Սա մարգարէական հեռատեսութիւն էր. եղբայրասպան ատելութիւնը ի՜նչ զզուելի տեսարաններ պիտի բաց անէր Կ․ Պօլսում այդ նամակից մի տասը տարի անցած: «Մենք մեր ցաւն ունէինք-շարունակում է նա- և այժմ հասկանալով, որ սա դեռ երկունքի սկիզբն է, շուարած ենք մնացել․ մէկն օրհնում է, միւսը անիծում, իսկ երրորդը, որ աւելի ևս չար է, հանում է մեզ հաւատից»[90]:

Ահա ինչպիսի մարդիկ էին պակասում հայերին։ Քէօմիւրճեանը մենակ էր և նրան չէին լսում: Նա գանգատվում է, թէ երբ ուզում է խօսել և հասկացնել, մարդիկ սկսում են յանդիմանել և ասում են թէ ո՞վ է նրան իշխան և դատաւոր կարգել իրանց վրա։ Այդ պատճառով էլ նա դիմում էր հայոց կաթողիկոսին, որպէս զի գոնէ դրանով կատարած լինի իր պարտականութիւնը։ Սակայն ի՞նչ պիտի կարողանար անել Եղիազարը, մի մարդ, որ ինքն էր այնքան վատ օրինակ հանդիսացել իբրև փառասիրական ձգտումների համար անվերջ խռովութիւններ յարուցանող. ո՞ւմ պիտի նա հասկացնէր թէ վատ են այն արարքները, որոնց մէջ նա ինքը երկար տարիներ այնպիսի տխուր հռչակ էր հանել։ Եւ բացի դրանից, նա շուտով մեռաւ (1691), իսկ նրան յաջորդած Նահապետ կաթողիկոսը թէև սկսեց լաւ երևալ կաթօլիկների աչքում, բայց դրանով միայն կասկած յարուցեց թէ լատինամոլ է և աւելի ևս գրգռեց հայ հոգևորականների հալածողական կրքերը: Երեմիա Չէլէպին չը տեսաւ այդ կրքերի կատաղութեան շրջանը։ Նա վախճանվեց 1695 թւին՝ 60 տաարեկան հասակում։

Հեղինակներ կան, որոնք բախտի խորթ զաւակներ են։ Այդպիսիներից մէկն է և Քէօմիւրճեանը։ Նա թողել է բազմաթիւ գրական վաստակներ, բայց, որքան մէնք գիտենք, տպագրվածը միայն մի հատն է. այն փոքրիկ տետրակը, որ լոյս տեսաւ հեղինակի տպարանից. իսկ մնացած աշխատութիւնների մասին միայն կցկտուր տեղեկութիւններ են մնացել, և հայոց գրականութէան պատմութիւնը, դժբախտաբար, այդ վայր ի վերոյ տեղեկութիւններով պիտի միայն բաւականանայ։

Երեմիա Չէլէպին յայտնի է թէ իբրև թարգմանիչ և թէ իբրև հեղինակ։ Նա շատ լաւ գիտէր թիւրքերէն, յունարէն և լատիներէն։ Եւ ահա այդ լեզուագիտութեան արդիւնքը. թիւրք, գրագէտների խնդիրքով նա թիւրքերէնի է թարգմանել Խորենացու պատմութիւնը քաղուածօրէն, ամբողջ նոր կտակարանը և մի քանի կտորներ հին կտակարանից. յունարէնից և լատիներէնից շատ բաներ թարգմանեց հայերէնի։ Իսկ նրա ինքնուրոյն հեղինակութիւններն են. ընդարձակ պատմութիւն օսմանեան թագաւորների՝ հինգ գրքի մէջ, այդ պատմութեան համառօտութիւնը, նոյնպէս և մի ուրիշ համառօտութիւն ոտանաւորով. Պարսկաստանի, Հնդկաստանի և Անատօլիայի նկարագրութիւնը, գրված գերմանական դեսպանի առաջարկութեամբ, մի աշխատութիւն, որի մէջ ընդարձակ տեղեկութիւններ կային Հայաստանի, հայ կաթողիկոսական թեմերի, վանքերի մասին և որին կցված էր աշխարհացոյց քարտէզ։ Բացի այդ բոլորից մեծ թիւ են կազմում նրա ոտանաւորները, ճառերը, քարոզները, նամակները։

Բայց ամենից նշանաւոր է ժամանակակից անցքերի պատմութիւնը, որը Քէօմիւրճեան դրել է, ինչպէս վկայում են տեսնողները, հմտութեամբ և ստուգութեամբ։ Շատ ցանկալի է, որ այդ պատմութիւնը մինչև այսօր չէ տպագրված․ իսկ թէ որքան մեծ զրկանք է դա հայ պատմագրութեան համար, կարելի է իմանալ հետևեալ վկայութիւնից, որ տալիս է ձեռագրին ծանօթ մարդը [91]:

Հինգ մասն բաժանած է հեղինակը՝ իր պատմական գլխաւոր գրուածքը. յորս ազգին զանազան եկեղեցեաց ի տաճկաց աւերելն ու քանդիլը մի առ մի կը յիշատակէ. ու շարունակելով Առաքելի Դավրիժեցւոյ պատմութիւնը՝ թուրքաց, պարսից և օսմանեան իշխողաց և բռնակալաց իրարու դէմ տուած պատերազմաց և յաղթութեանց աղետալի անցքը կաւանդէ ու այն առթիւն եղած մանկաժողովոց սրտաճմլիկ նկարագիրն կընէ, երբ այլազգիք բռնութեամբ քրիստոնէից տղայքն իրենց զօրաց բանակին մէջ կը խառնէին, ու զանոնք պատերազմաց դաշտերը կը տանէին։ Մեջ կը բերէ անոնց ատելութիւնն ու մախանքն ընդդէմ քրիստոնէից, ու նոր նահատակաց պատմութիւններն, երբ աստուածախրախոյս արիութեամբ՝ հաւատոց ճշմարտութեան վրայ յօժարամիտ իրենց արիւնն ու կեանքը կը դնէին։

Դժնդակ ու տագնապալից ժամանակք էին մեր ազգին համար։ Երկիրն աւերակ ու ոտնակոխ, ուժոյ և բռնութեանց տխուր ասպարէզ ու նշաւակ եղած։ Եկեղեցիք հիմնայատակ տապալած, անոնց մէջ իրենց հոգւոյն սփոփանքն փնտռող ժողովրդեան արտասունքն ու հառաչանքը արհամարհելով։ Ուր որ կը հասնէր այն անգութ հրոսակաց ոտքը, վախն ու բարեպաշտութիւնը կը բռնադատէր երկրին բնակիչքը՝ անոնցմէ հեռու փախստեան մէջ իրենց փրկութիւնն ու ազատութիւնը փնտռել։ Սակայն որչափ ծանրագնի կըլլար իրենց այդ ապահովութիւնը։ Քանիներ առջի օրուան հարուստք, անակնկալ ու բռնադատ աղքատութեան մը դատապարտուած՝ փախստեան ճամբաներնուն վրայ սովէն կիյնային կը մեռնէին, և ընկեցիկ՝ դազանաց ճարակ և կերակուր կըլլային։ Քանիներ ամուր ապաստարան մը գտնել կարծած ատեննին, իրենց յուսոյն մէջ խաբուած, վրայ կը հասնէին թշնամիք, և ունեցածնին յափշտակելէն ետքը՝ զիրենք ալ կրակով կայրէին։ Ո՜րչափ աղէկտուր գորովալից էր ծնողաց թափած արցունքը և հառաչանաց ձայնը, իրենց գրկէն ու սրտէն յափշտակուած սիրելի զաւակաց ետևէն․ քանի փեսայք և հարսունք իբարմէ զատուած որոշուած ի հեռաւոր և յանդարձ պանդխտութիւն։ «Վայ և եղուկ էր բնակչաց գաւառին, կւսէ պատմիչն, յորս խստասիրտքն և անօրէնքն արշաւէին»։

Այսպիսի ահաւոր արեանց և դառն արտասուաց պատմութիւնն է Երեմիայի երկասիրութիւնը, շարունակելով, ինչպէս կըսէ, Մեծոփեցւոյն ու Առաքելի գրուածները, ու աչքին առջև ունենալով երկիր մը՛ որուն համար իրաւամբ կերկրորդէ մարգարէին խօսքը․ «Աշխարհ ձեր աւերակ, երկիր ձեր հրձիգ»։ Այս աեսակ մի հեղինակ իրաւունք ունի պահանջելու, որ իր յետագաները երախտագէտ ու պարտաճանաչ լինեն իր վերաբերմամբ, ազատելով իր թողած վերին աստիճանի հետաքրքրական և կարևոր աշխատութիւնը անյայտութեան խաւարից և դարձնելով նրան ըեդհանուրի սեփականութիւն: Այդ կողմից Քէօմիւրճեանի բախտակից է նրա բարեկամ Մաղաքիա դպիր Ճէվահիրճեան, որ շարունակել է նրա պատմութիւնը և որի գործն էլ անյայտ է մնում մինչև, այսօր[92]:

XVII դարի վերջերին գործ է և Զաքարիա սարկավագի «Պատմագրութիւնը»[93]:Սա իսկապես ժամանակագրութիւն չէ, այլ կցկտուր պատմուածքների մի ժողովածու, որի մէջ առասպելը խառնված է իրողութեան հետ, ժամանակագրական կարգ չէ պահպանված, դէպքերը կուտակված են անկարգ։ Ինքը, հեղինակը, մի քանի տեղ խոստովանում է, թէ չը գիտէ որն է սուտ և որը ճշմարիտ, այլ գրի է առնում այն ամենը, ինչ լսել է ու տեսել։ Յովհաննավանքում (Էջմիածնի մօտ) ուսում ստացած և 50 տարի սարկաւագութիւն արած Զաքարիան ժամանակակից է այնպիսի յայտնի կաթողիկոսների, ինչպէս են Փիլիպպոս, Յակոբ․ նա շատ դէպքերի առիթով հարց ու փորձ է արել նոյն իսկ Առաքել պատմագրից, ճանապարհորդել է շատ տեղեր, եղել է Կ․ Պօլսում, Զմիւռնիայում, Թաւրիզում։ Բայց և այդպէս, նա ժամանակակից վանական կրթութեան նեղ ու սեղմված շրջանից բարձրանալ չը կարողացաւ և նրա տեսածներին նոյնքան դժուար է հաւատալ, որքան լսածներին։ Այսպէս են հրաշագործ սուրբերի, նահատակների գերեզմանների վրա իջնող լոյսերի, մարդկանց խաբող դևերի պատմութիւնները, դէպի որոնց հեղինակը տածում է մի միամիտ, վանական հաւատ։ Այդ միամտութիւնը շատ տեղերում յատուկ է և Առաքել պատմագրին, բայց այս վերջինը անհամեմատ բարձր է Զաքարիայից թէ իր պատրաստութեամբ, թէ նկարագրական ձիրքերով և թէ դասաւորելու, վերլուծելու կարողութեամբ։

Դրա փոխարէն Զաքարիան ունի մի ուրիշ առաւելութիւն, որից զուրկ են նրա նախորդները։ Նրա անպաճոյճ, վայրիվերոյ՝ «Պատմագրութեան»

 մէջ հաւաքված են բազմաթիւ փաստեր ժողովրդական կեանքից․ այստեղ աւելի պարզ գծերով, քան երբ և իցէ առաջներում, երևան է գալիս Արարատեան երկրի գիւղը (գլխաւորապէս Քանաքեռը, ուր ծնվել է հեղինակը) և մենք տեսնում ենք շատ առօրեայ երևոյթներ, որոնք թէև չունեն պատմական նշանակութիւն, բայց մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում իբրև ժողովրդական նիստ ու կացի, հաւատալիքների, կրած ճնշումների ու կեղեքումների պատկերներ։ Հեղինակը մեզ մտցնում է ժողովրդի կեանքի մէջ—ահա թէ ինչն է գնահատելին նրա գործի մէջ. շատ դէմքեր ու դէպքեր բաւական կենդանի կերպով են նկարված. շահագրգիռ մանրամասնութիւններ են հանդէս գալիս այնպիսի տեղերում, ուր խստապահանջ պատմագրողը կը բաւականանար անցողակի, համառօտ յիշատակութեամբ։ Հետաքրքրական են մանաւանդ այն աւանդութիւնները, անեկդօտները, ուր գործողները պարսից Շահերն են, գլխաւորապէս Շահ-Աբբաս մեծը։ Ասիական այս ահարկու բռնաւորի արարքները, ինչպէս երևում է, ժողովրդին խօսակցութեան առատ նիւթեր էին տալիս, կազմելով շատ այնպիսի պատմուածքներ, որոնց մէջ Հայաստանի աւերողը բաւական համակրելի գծեր էր ընդունում։

Մի խօսքով Զաքարիան դրել է իր ժողովածուի մէջ այն ամենը, ինչ ձեռք է բերել մարդկանց—և գլխաւորապէս հասարակ մարդկանց—հետ խօսելիս։ Մի տեղ գտնում ենք Շահ-Աբբասի ուշադրութեան արժանացած մի գեղեցիկ, բայց անառակ կնոջ արկածները․ մի ուրիշ տեղ դուրս է բերված իր աղջկանը թուրքերին ծախող փչացած տանուտէրը։ Յանկարծ տեսնում էք, որ նա խօսք սկսեց Թիւրք—գերմանական պատեբազմի մասին և իմանում էք, որ այդ պատմութիւնը նա լսել է մի ուղտապան թիւրքից, որ փախել էր օսմանեան բանակից։ Մէկ էլ տեսնում էք, որ նա մէջ բերեց թուաբանական խնդիրներ և տուեց նրանց լուծումը[94], այն էլ ի՜նչ զարմանալի լուծում։ Ահա մի օրինակ։ «Հարց․ Ջաղացպանն և իւր աղջիկն, երէցն և իւր կինն, բաղարջ ամենին մէկը տուր սաղ, կտոր չանես։ Լուծումն․ ջաղացպանի աղջկն երիցու կինն է, երեք են, երեք բաղաբջ տուր ամենուն մինն․ այդ է լուծումն»։ Կամ թէ լսեցէք թէ ինչ է ասում հեղինակը մի սրտապատառ մարգու մասին։ Գիւղական մի օջախի մօա նա տեսնում է մի երիտասարդի, որի դէմքը մի ժամում տասն գոյն էր փոխում․ կամ սևանում էր հնդիկի նման, կամ սպիտակում էր ձիւնի նման և կարմրում բոցի նման - Պատճառը, ասում է հեղինակը, այն է, որ այդ երիտասարդը իր սիրած աղջկան փախցրեց, տարաւ մի քարայր, բայց այդտեղ դուրս եկաւ մի վիշապ, և կլանեց աղջկան․ ինքը մնաց,բայց ահից իր սիրտը պատռվեց․ այդ օրից նրա երեսը այդպէս գունափոխվում է։ Եւ այդ բանը տեսել է Զաքարիան։ Ինչերի ասես չէին հաւատում մեր նոյն իսկ գրագէտ հայրերը մի երկու դար առաջ․․․

Ահա թէ ինչ տեսակ «պատմագրող» է Զաքարիան։ Բայց ինչու՞ անպատճառ նայել նրան իբրև պատմագրի։ Աւելի արդար, աւելի պատուաբեր կը լինէր` վրացական ծագում ունեցող մեր սարկաւագին դնել ժողովրդական գրողների թւում։ Այդտեղ Զաքարիան իր գրքով աւելորդ չէր լինի, ընդհակառակն, կը գրաւէր առաջաւոր տեղ։ Նրա ժողովածուի մեջ քիչ չեն էջեր, որոնցից ժողովրդական պարզութիւն ու թարմութիւն է բուրում։ Մօտ երկու դար յետոյ ծնված միւս մեծ քանաքեռցու-Խաչատուր Աբովեանի դրական նախահայրն է Զաքարիան։

Դարի գրական աղքատութիւնը աչքի առաջ ունենալով, մենք կամայ ակամայ պիտի յիշատակութեան արժանի հեղինակների թւում դասենք և Մարտիրոս Ղրիմեցուն (երևի մեզ ծանօթ Կաֆայեցին է) և Մինաս վարդապետ Համդեցուն։ Երկուսն էլ փորձել են կազմել հայոց պատմութեան կմախքը, համառօտելով զանազան հայ հեղինակներից։ Մարտիրոսը գրել է ոտանաւոր ժամանակագրութիւն, որի մեջ յիշատակվել է հայոց թագաւորներին՝ սկզբից մինչև Ռուբինեան գահի անկումը։ Յայտնի չէ թէ ուր է գտնվում այդ աշխատութիւնը, որից մի կտոր միայն թարգմանված է ֆրանսերէն[95]։ Իսկ Մինաս Համդեցին, որ XVII դարի վերջերում պատրիարք էր Երուսաղէմում, նոյն այդ ծրագրով գրել է «Ազգաբանութիւն հայոց» [96]: Որքան էլ համառօտ լինի այդ աշխատութիւնը, զուրկ ինքնուրոյնութիւնից, նոյն իսկ սխալներով լիքը, բայց մենք չը պիտի աւելորդ և անօգուտ գործ համարենք նրան, նկատի առնելով դարձեալ ժամանակը։

Մինչև այստեղ մենք ամենայն ուշադրութեամբ հետևեցին երկու դարի (XVI-XVII) հայկական գրականութեան, բայց չը տեսանք մի փոքր ի շատ է լուրջ գործ, որ նպատակ ունենար ծանօթացնելու հայերին իրանց քաղաքական անցեալի հետ, այսինքն այն ժամանակների հետ, երբ Հայաստանը մի յայտնի չափով անկախութիւն էր վայելում, իր սեփական գործերի տէրն էր։ Եթէ մենք նայենք V դարից յետոյ շարունակված հայ մատենագրութեան, կը նկատենք այն հանգամանքը, որ մեր պատմագիրներից շատերի համար կարգ էր` նախքան իրանց ժամանակի դէպքերը նկարագրելը, գոնէ համառօտ կերպով յիշատակել նախկին շրջանները, կապել իրանց ժամանակը անցեալի հետ։ Այդ սովորութիւնը անյայտացաւ XV դարից, այսինքն այն ժամանակներից, երբ թաթարական ցեղերիր բերած կրակն ու աւերանքը սպանեցին թէ գրականութիւնը, թէ ժողովրդի բարեկեցութիւնը և թէ ազգային զգացմունքը։ XVII դարի նոյն իսկ այնպիսի առաջնակարգ, բազմակողմանի տեղեկութիւնների տէր պատմագիրը, ինչպիսին է Առաքել Դաւրիժէցին, հարկաւոր է համարում իր ժամանակից բաւական յետ գնալ, մանրամասն տեղեկութիւները տալ օսմանեան թագաւորներ մասին, դնում է և պարսից թագաւորների ազգաբանութիւնը, Իսկ իր ազգի անցեալի մասին ոչինչ չէ խօսում։ Բնորոշ է մանաւանդ Առաքելի կազմած ժամանակագրութիւնը[97], որ սկսվում է 561 թւականից: Մանրամասն յիշատակելով ամեն մի դէպք, որ հետաքրքրութիւն ունի եկեղեցականութեան համար, ինչպէս են, օրինակ, վանքերի կառուցումը, կաթողիկոսների յաջորդութիւնը, «Անձինք» շարականի յօրինման ժամանակը, կամ նոյն իսկ մի այնպիսի «եղելութիւն», ինչպէս է «արձակումն սատանայի», որ իրրե թէ տեղի է ունեցել 1029 թւին, պատմիչը Բագրատունի թագաւորներից միայն մէկին է յիշում, Սմբատին, այն էլ իբրև Անիի պարիսպները շինողի։ Նոյնքան չնչին ու աղքատիկ են տեղեկութիւնները նաև Ռուբինեան մի երկու-երեք թագաւորների մասին։ Դնենք այս թշուառ փշրանքների մօտ կրօնական պատմութիւնների, աստուածաբանական գրուածքների հարստութիւնը, որ գնալով աճում, աւելի ևս առատանում էր — և մեր առջևը կանգնած կը լինի այն ժամանակվայ հայութիւնը, իր անցածը մոռացած, քաղաքական մտածողութիւնների անընդունակ դարձած մի նեղսիրտ ու տգէտ կրօնական համայնք։

Այդպիսի միջավայրում, ի հարկէ, կարևորութիւն պիտի ստանար և Մինաս համդեցու խղճուկ կարկատանքը։ Կարո՞ղ ենք արհամարհել նրան, կարո՞ղ ենք մոռանալ այն թշուառ փաստը, որ ժամանակակից հայի համար այդ աղքատութիւնն էլ հարստութիւն էր։ Գոնէ նա անուններ էր սովորեցնում և այդ անունների հետ կապում էր մի քանի ածականներ։ Առանց համդեցու օգնութեան հայը չէր կարող նոյն իսկ այդքան խղճուկ տեղեկութիւններ սաանալ իր անցեալի մասին, քանի որ նրանք ցրված էին բազմաթիւ պատմագրութիւնների մէջ, որոնց գտնելը միայն ահագին դժուարութիւն էր։ Աւելացնեն և այն, որ համդեցին հայ թագաւորների ցուցակին կցել է և Հռօմէական թագաւորների ցուցակը, աղբիւր ունենալով, ի հարկէ, Հայ պատմագիրների տուած վայրիվերոյ տեղեկութիւնները և Հին առասպելները։ Այդ էլ, այնուամենայնիվ, մի բան էր չինական առանձնացման մէջ սեղմված հայ ընթերցողի համար։

Այժմ տեսնենք, թէ դրական այս պաշարի վրա XVII դարի վերջերում ինչ էին աւելացնում Եւրօպայում գործող հայ տպարանները։

XIV
Վենետիկի տպագրութիւններ.Մօրետտիի տպարանը։—Գասպար Սաերասեանի եւ Թադեոս քահանայ Համազսպեանի ընկերցութիւնը «Խորհրդատետր» եւ «Ճաօոց».«»։— Արաքոի հովիտը իբրևւ հայաստանի վուճաււաէաակա6 կեՕտրօն. ԱգոււիՕ, ցրա աււեւտրական դասակարգը. Ջուքարիա Ագուլեցի, 1ձգուլիսի,աղաքակրթական դերը։–Խօշա ․Նահապետ ԳիւլՏադոս>« եաՕ. աււաշիՕ աօխուրհաըուր գիրքը—^ՊարգարաՕութիւՏ Սաղմոսացճ. այս նոր երեւոյթի հանգամանքները։—Ս.նտօն Րօրտօլիի տպարանը ՎեՕետիկում. Տիմոթէոս ԳաււՕուկ, 1;ջմիածնի եւ ս. Սաւ՚գսի տպարան Լիվօրնօի մէջ։—Խաչատուր վարդապետ Կարնեցի։—«Գիր, Սօթն հմաստասիրուց», այդ վէպի նօանակութիւնը. ժողովրդական վէպիրացուկայութիւՕր մեզանում. «Եօթն Իմաստասիրուց» վէպը կաՕւսցց հարցին է նուիրվաձ եւ այդ պատճքաւով ժողովրդական նութիւն է վայելում։ — Լիվօրնօի միւս - է^ատարակ ութիւ Տները, «Պատմութիւն դարձի եւ մկրտաթեան ք>^8(1ու ՅովսէՓայ», «ք․ւսռարան> Երեմիա վարդապետի. «Ս^փխյԱէ՚տոգրութիւնւ Խորենացու եւ «ւԼղուէսագիրք», «Թէոփիլ^ււաքԼփվօրՕօի տպարանը տեղսսիոխվում է ․1^Ո0իս։

Հայկական տպագրութեան գործը Եւրօպայում 1683~ից յետոյ,ինչպէս ներկայացնում էր այսպիսի դրութիւն.քանդված էր Ոսկանի տպարանը,նրա մնացորդները տեղափոխւել էին Ամստերդամ,ուր դեռ ջանքեր պիտի լինէին՝ պակասութիւններ լրացնելու,խախտւած ու քայքայւած գործը նորից կենդանացնելու համար. հայերէն գրքեր տպագրվում էին միայն Վենետիկում, Միքայէլ Բարբօնիի մօտ։

1684—1685 թւականներին, երբ ծանր հարւածը հայ տպարանի ճգնաժամ պիտի ստեղծէր, Բարբօնի բավական եռանդուն հրատարակչական գործիչ է հանդիսանում, լոյս հանելով վեց գիրք։ 1685-ից հայերէն բաժին է բացվում և մի այլ իտալացու, Մօրետտիի տպարանում, ուր տպվում են երկու գիրք: Իսկ յաջորդ տարին բացվում է Վենետիկում մի նոր տպարան` այս անգամ հայերի ձեռքով։

Բացողը մեզ լավ ծանօթ Թադէոս քահանայ Համազասպեանն էր։ Ոսկանին գերեզմանի ափը հասցնող, իսկ նրա ժառանգներին կաթօլիկ հաւատաքննութեան և ֆրանսիական դատարանների շէմքերում քաշքշող այդ քահանան վերջը գալիս է Վենետիկ՝ իր սև յանցանքները քաւելու։ Այդտեղ նա ընկերանում է ջուղայեցի հարուստ վաճառական Գասպար Սահրատեանի հետ (որ Շէհրիմանեան ընտանիք էր), բաց է անում նրա ծախսով տպարան, որի համար փորագրել է տալիս գեղեցիկ տառեր։ Սահրատեանի ծախսով էլ նա տպագրեց երկու գիրք-«Խորհրդատետր» և «Ճաշոց»։ Տպարանական տեսակէտից նշանաւոր գործ է <<Ճաշոցը>>, որ վկայում է թէ Սահրատեանի առատաձեռնութեան և թէ Համազասպեանի հմտութեան և ընտիր ճաշակի մասին։

Հետաքրքրական է, որ երկու գրքերի յիշատակարանների մէջ էլ Համազասպեանը իրան ցոյց է տալիս Էջմիածնի հպատակ մինչդեռ մենք գիտենք թէ ինչ տեսակ մատնութիւններով էր նա աշխատում վնասել Ոսկանին, յուսահատեցնել Լեւոնեանին: Իր այս քաջագործութիւնների մասին Թադէոս քահանան, ի հարկէ, կատարեալ լռութիւն է պահպանում. նա միայն զեկուցանում է Եղիազար կաթողիկոսին թէ վառված լինելով գրքեր տպագրելու ցանկութեամբ, Սպահանից գնաց Մարսէլ, տեսաւ Ոսկանի տպարանը քանդված, ուստի եկաւ Վենետիկ, ուր և բաց արաւ Սահրատեանի տպարանը, գործի մէջ մտցնելով և իր ունեցած դրամը: Սակայն եթէ Համազասպեանը սրանից էլ մեծ գործեր կատարած լիներ, նա դարձեալ պիտի մնար այն տխուր դիրքում, որ պահել է նրա համար մեր տպագրութեան պատմութիւնը. մատնիչի համար ոչ մի թողութիւն չը կայ: Եւ նրա պատմութեան անպատիւ էջը փակելու համար մեզ կը մնայ ասել, որ վերոյիշեալ երկու գրքերի տպագրութիւնից յետոյ անհետանում է Համազասպեանի անունը:

Իսկ Սահրատեանի տպարանը գոյություն է պահպանում մի տարի էլ, տպագրում է Յովաննէս Հոլովի «Խոկումն Քրիստոնեական» անունով թարգմանութիւնը[98] և դրանով էլ վերջ է դնում իր գործունեության: Բայց մի և նոյն տարին նոյն Վենետիկում բացվում է հայերէն մի նոր տպարան` դարձեալ հայ վաճառականի ձեռքով։ Այս ագամ Ջուղան չէ հայ տպագրութեան մեկենասի հայրենիքը, այլ մի ուրիշ, նոյնպէս յայտնի վաճառականական գիւղ—Ագուլիսը։ Բայց նախ քան մեկենասի մասին խօսելը, մի քանի տեղեկութիւններ տանք նրա հայրենիքի մասին, որ Հայաստանի հետաքրքրական անկիւններից մէկն է ներկայացնում։

Շատ խոշոր և հետաքրքրական է հայ ազգի կուլտուրական պատմութեան այն փաստը, որ Հայաստանում վաճառականութիւնը ամենից շուտ և ամէնից շատ ծաղկեց Արաքսի ափերի վրա։ Հայկական այս մեծ գետը միջազգային առևտրական մի ճանապարհ էր շատ հին ժամանակներից։ Յայտնի է, որ քրիստոսից չորս դար առաջ Յունաստանը առևտրական յարաբերութիւններ սկսեց Հնդկաստանի և Միջին Ասիայի հետ, Անդրկովկասի վրայով։ Սև ծովից երկու ճանապարհ կար դէպի Կասպից ծովը․ մէկը Րիօն և Կուր գետերից էր կազմվում, միւսը Ճորոխ և Արաքս գետերից: Այդ ճանապարհների վրա հիմնվեցին բազմաթիւ յունական գաղութներ, որոնք հնդկա-եւրօպական առևտրի պահականոցներն էին. այդտեղ էլ զարգացան տեղական խոշոր առևտրական կենտրօններ։ Այսպէս, Արաքսի վրա միմեանց յաջորդած հայոց մայրաքաղաքները—Արմաւիր, Արտաշատ, Դուին յայտնի էին և իբրև շուկաներ, ուր փոխանակվում էին Արևմուտքի և Արևելքի ապրանքները։ Արաքսը այդ քաղաքների համար նաւամատոյցի դեր էր կատարում։ Բայց քաղաքական անցքերը, դարերի ընթացքում յեղափոխելով ազգերի ճակատագիրը, անհետացրին Անդրկովկասեան առևտրական գաղութները, խլացրին և ամայի դարձրին Հնդկաստանի այդ մեծ ճանապարհները։ Արաքսի հովիտը, ենթարկվելով բարբարոսական արշաւանքների, կորցրեց իր առևտրական առաջնակարգ նշանակութիւնը և երկար ժամանակ այն տեղ չէին երևում ոչ առանձնապէս աչքի ընկնող վաճառանոցներ, ոչ էլ վաճառականների նշանաւոր դասակարգ։

Սակայն XVI դարից յանկարծ վերակենդանացած ենք տեսնում հին առևտրականութիւնը դարձեալ Արաքսի հովտում, բայց այս անգամ նրա այն մասում, ոբ Սիւնիքի սահմանագլուխն է կազմում։ Կարծես դարերի մոխրի տակից նոր նոր դուրս են գալիս հին վաճառականական գաղութները։ Ի՞նչ էին դրանք անյայտութեան այնքան երկար շրջանում—մենք չը գիտենք։ Տեսնում ենք միայն, որ տեղացի հողագործ` ազգաբնակութեան մէջ կղզիացած և շրջապատող ժովովրդին բոլորովին չը նմանվող, կարծես՝ մի ուրիշ ցեղ, ուրիշ ծագում ներկայացնող գիւղաքաղաքներ կան, որոնց բնակիչները առևտրականներ են, այն էլ հեռաւոր աշխարհներում գործող, զարմանալի ճարպիկութիւն և փորձառութիւն ձեռք բերած առևտրականներ։ Այդպիսի տեղերից մէկը արդէն լաւ ծանօթ է մեզ —հռչակաւոր և իր նմանը չունեցած Ջուղան։ Նրանից յետոյ գալիս է նրա հարևան Գողթան լեռնոտ գաւառի կենտրօն Ագուլիսը, իսկ երրորդ, գուցէ և աւելի աննշան տեղը բռնում է Մեղրի գիւղը:

Ագուլիսը չենթարկվեց Ջուղայի բախտին, նա մնաց իր տեղը։ Բայց դա չէ նշանակում թէ իբրև համաշխարհային վաճառականների հայրենիք՝ Ագուլիսը այնքան աննշան էր, որ չէր կարող գրգռել Շահ-Աբբասի նախանձը։ Դեռ Շահ-Աբբասից առաջ Ագուլիսը, իբրև վաճառականական գիւղաքաղաք, արտօնութիւններ էր վայելում պարսից կառավարութիւնից։ Այսպէս, XVI դարում նա «խաս» էր, այսինքն համարվում էր Իրանի Շահերի սեփականութիւն և հարկ էր տալիս անմիջապէս պարսից արքունիքին[99]․): Այդ դրութիւնը շարունակվեց Շահ-Աբբասի ժառանգների ժամանակ։

Իբրև վաճառական՝ ագուլեցին կամ զօկը ինչպէս սովորաբար անուանում են նրան, ջուղայեցու չափ խիզախ ու ձեռնարկող ոգի ունէր, նոյնպէս արհամարհում էր աշխարհագրական տարածութիւնները, նոյնպէս երևում էր բոլոր յայտնի վաճառանոցներում։ XVII դարի ագուլեցի վաճառականներից մէկը, ումն Զաքարիա, թողել է մի շատ հետաքրքիր օրագրութիւն կամ, ինչպէս ինքն է ասում, «դավթար»[100] տեղեկութիւններ հանել զօկերի վաճառակութեան մասին։ Այդտեղից մենք իմանում ենք, որ առևտրական գործերը տանում էին ագուլեցուն Սպահան, Թավրիզ, Թիֆլիս, Ջմիւռնիա, Բրուսա, Կ․ Պօլիս, Լիվօրնօ, Վենետիկ, Ամստերդամ․ իր ճանապարհորդութիւնների ժամանակ նա լինում էր Ֆրանսիայի, Սպանիայի, Պօրտուգալիայի, Իտալիայի ծովափեայ քաղաքներում, մի խօսքով ծանօթ էր Եւրօպայի մի նշանաւոր մասի հետ։

Ջուղայի անհետանալուց յետոյ Ագուլիսին էր մնում կուլտուրական դեր կատարել արևելեան Հայաստանում, որովհետև գա էր ամենից նշանաւոր տեղը, որի բնակիչները շփվում էին քաղաքակրթված աշխարհի հետ և տուն էին բերում թէ հարստութիւն և թէ հասկացողութիւններ եւրօպական կեանքի ու առաջադիմութեան մասին։Որ Ագուլիսը այդպիսի դեր կատարել է, դա անուրանալի է։Հարց կարող է լինել միայն չափի մասին և եթէ հարկաւոր լինի համեմատութիւն դնել ջուղայեցու և զօկի մէջ, մենք կը տեսնենք, որ վերջինս առաջինի կօշիկներն անգամ վերցնելու արժանի չէ։ Ջուղայեցին կարողացաւ վաճառականական ոգու հետ միացնել աւելի բարձր, մտաւոր շահերի, համայնականութեան հասկացողութիւնյ, մինչդևռ ագուլեցին մնաց մեծ մասամբ գծծի, եսամոլ վաճառողական, որի համար ամենից առաջ և ամենից բարձր՝ սեփական շահերն են:[101] Այս վատ յատկութիւնը Ագուլիսը ցոյց տուեց մի խայտառակ փաստով. XVIII դարի առաջին կէսում, ինչպէս կը տեսնենք իր տեղում, Ագուլիսը, իր վաճառականական բարեկեցութիւնը չը վտանգելու համար, նոյն իսկ թշնամական գործողութիւններ սկսեց Դաւիթ−բէկի դէմ, երբ սա իր հռչակաւոր ազատական պատերազմների մի մասը փոխադրեց Գողթան գաւառը. և ո՞վ գիտէ, գուցէ Դաւիթ−բէկի մահից յետոյ ազատութեան գործը այնպէս շուտ չը խորտակվէր, եթէ ագուլեցիները դաւաճանութեամբ սպանած չը լինէին այդ գործի քաջ և հեղինակաւոր աշխատակիցներից մէկին, Մէլիք−Փարսադանին...

Բայց և այդպէս, չէ կարելի ասել թէ ընդունակ և հարուստ ագուլեցու դերը միշտ բացասական էր հանրային տեսակէտից։ Եթէ ինքը, ագուլեցին, անձամբ շատ քիչ էր հանրաշահ գործերի հեղինակ հանդիսանում շատ քիչ էր իր դրամն ու եռանդը նուիրում այդպիսի գործերին, այնու ամենայնիւ, նա, իբրև աշխարհ տեսած, զարգացած մարդ, ազդեցութիւն ունէր շրջապատող ազգաբնակութեան վրա։ Անշուշտ այդ ազդեցութեան շնորհիւ էր, որ հարևան Ղափանը, չը նայած իր լեռնոտ և անմատչելի դիրքին, նոյնպէս վաճառականներ ուղարկեց Վենետիկ և Արևմուտքի ուրիշ կողմերը․ այդ վաճառականներից մէկի ընտանիքում էլ ծագեց Դաւիթ–բէկի պատերազմների միտքը [102]։ Ազդեցութեան նշանակութիւնը ցոյց տալու համար վերցնենք նաև հայկական տպագրութիւնը։ Այս գործը, ինչպէս գիտենք, գլխաւորապէս հայ վաճառականների օժանղակութեամբ էր պահվում Եւրօպայի մէջ։ Ագուլեցիները շատ աննշան մասն ունէին այդ օժանդակութեան մէջ․ Ոսկան վարդապետին օգնողների մէջ մի հատ ագուլեցի ենք տեսնում, իսկ մի ուրիշ ագուլեցի, Ոսկան Մարտիրոսեան անունով, 1685 թւին Վենետիկի Բարբօնիի տպարանում հրատարակեց մի Աւետարան։ Բայց այդքանով չը պիտի մենք դատենք ագուլեցիների արածների մասին։ Մեր գործի սկզբում մենք ասացինք, որ հայ վաճառականի ետևից Եւրօպա էր գնում հայ գրագէտը, սովորելու և սովորեցնելու տենչով վաոված հայ մարդը։ Ագուլիսը այդպիսի ուղեցոյց եղաւ իր մօտ գտնվող Վանանդ գիւղի համար, որտեղից դուրս եկան երեք նշանաւոր տպագրական գործիչներ, որոնք Ամստերդամում գեղեցիկ գործեր կատարեցին։

Բուն ագուլեցի վաճառականներից հայկական տպագրութեան մեկենաս հանդիսացաւ Խոջա-Նահապետ Գիւլնազարեանը։ Դա էր, որ Սահրատեանի տպարանի փակված տարին, 1687-ին, բաց արեց նոր տպարան իր սեփական տան մէջ։ Գիւլնազարեանը բաւական նշանաւոր վաճառական էր և գործեր ունէր Զմիւռնիայի, Կ․Պօլսի, Հօլլանդիայի, Լիվօրնօի մէջ։ Ինչպէս երևում է, մի մարդ էր դա, որին ամբողջապէս չէին կլանել առևտրական հաշիւները և որ շատ ժամանակ էր գտնում մտածելու իր ազգակիցների մտաւոր շահերի մասին։ Ագուլեցի խօջան իր տպարանով մի արտակարգ և երկարատև գրական ծառայութիւն չը մատուցեց ազգին, բայց այնքանն էլ բաւական է, որ նա աշխարհական ընթերցողների դատի պաշտպան հանդիսացաւ և կարողացաւ մի աշխարհաբար գրքի հրատարակութեան պատճառ, դառնալ։ Այդ գիրքը «Պարզաբանութիւն Սաղմոսաց»-ն է, նրա տպարանի միակ հրատարակութիւնը։

Ապրելով իտալացիների մէջ, նա տեսել էր, որ գոյութիւն ունեն ժողովրդական հանրամատչելի լեզուով գրված գրքեր և ամեն մէկը, վաճառական թէ արհեստաւոր, կարող է իր կարդացածը հեշտ հասկանալ․ մինչդեռ հայերի մէջ գրքերը միմիայն այն դասակարգի. համար են, որ գիտէ գրաբար, այսինքն եկեղեցականների համար։ Դա մեծ զրկանք էր հայ հասարակ ժողովրդի համար, որ այդպիսով հեռու էր քշված գրականութիւնից: Հոգևորականութիւնւը չէր նկատում այդ, կամ եթէ նկատում էլ էր, այնքան անպատրաստ ու պահպանոզական էր, որ ոչինչ չէր կարողանում․ կամ չէր ուզում անել։ Խօջա-Նահապետը իր բնատուր խելքով հասկացաւ ժողովրդական պահանջը և աշխատեց նրան բաւարարութիւն տալու փորձն անել։ Նա ուզում էր Սաղմոսի աշխարհաբար բացատրութիւնը պատրաստել տալ ժողովրդի համար և երր առևտրական գործերով գնաց Կ․ Պօլիս, այնտեղ որոնում էր մի մարդ, որ կարողանար իր այդ փափագը կատարել։ Բայց իզուր էին այդ որոոնումները։ Վերադառնալով Վենետիկ, Գիւլնազարեանցը այդտեղ գտաւ Յովհաննէս Հոլովին, որ յանձն առաւ և կատարեց այդ գործը լատիներէնի և յունաբէնի օդնութեամբ։

Աշխարհաբար գիրք հրատարակելը այնքան անօրինակ և անհասկանալի բան էր, որ Հոլովը առաջաբանի մէջ պարտք համարեց բացատրութիւններ տալ, մեղադրանքներից արդարանալու համար։ Կաթօլիկ վարդապետը շտապում է յայտնել թէ իր աշխատութիւնը եկեղեցականների համար չէ, որոնք լաւ գիտեն գրաբարը և կարող են ճաշակել գրքերի քաղցրութիւնը, այլ աշխարհականների համար է, որոնք, զբաղված լինելով աշխարհային գործերով և չիմանալով գրաբարը մի անդամայն զրկված են գրքերից: Թէև այսպէս բայց Հոլովը գիտէր, որ ամեն մէկը, բաց անելով գիրքը և տեսնելով նրա մէկ աշխարհաբար պիտի ասէ թէ նա հայերեն չը գիտէ։ Այսպէս էր ժամանակը․ հայերէն գիտցողը նա էր միայն, որ կարող էր հասկանալ և գործածել թունդ գրաբարը։ Ուստի վարդապետը, այդ վիրաւորական կարծիքը ջրելու համար, խնդրում է, որ չը կարծեն թէ ինքը հը գիտէ այդ լեզուն, բայց գործ է ածում աշխարհաբարը հարկից ստիպված, ակամայ, ժողովրդին բան հասկացնելու համար։

Այսպէս ահա, XVII դարի վերջերում աշխարհաբար լեզուն մի աշխարհական մարդու միքոցով դարձեալ փորձում է մտնել գրականութեան մէջ։ Բայց նրա անհրաժեշտութիւնը, նրա գոյութեան իրաւունքը չեն ճանաչում գրականութեան տէր հոգևորականները․ նրան միայն թարգմանի, բացատրողի դեր է յատկացվում, նա հայերեն լեզու չէ համարվում։ Հոլովի գրչի տակից դուրս եկած խոստովանութիւնները շատ լաւ ապացոյցներ են, որ հայը չունէր գրականութիւն ամբողջ ազգի համար,-ժողովրդական, ամենքի սեփականութիւնը դառնալու յարմարութիւններն ունեցող մի գրականութիւն։ Բայց գոհ լինենք, որ գտնվեց գոնէ մի մարդ, մի Խօջա–Նահապետ, որ աշխարհաբար տպագրած գիրքը իրողութիւն դարձնելու համար մի ամբողջ տպարան հիմնեց, ծախսեր արաւ ազնիւ թուղթ գնելու, պատկերներ փորագրելու համար, թէև այդ միջոցին նրա գործերը, առևտրի ընդհանուր նուազման պատճառով, լաւ չէին։ Եւ պէտք է ասել, որ աշխարհաբար առաջին տպագրութեան մեկենասը ոչինչ չէ խնայել՝ այդ գործի վայելչութեան և գեղեցկութեան համար։ «Պարզաբանութիւնը» մի ստուար հատոր է (840 մեծադիր երես), պատկերազարդ, բաւական մաքուր տպագրված խոշոր տառերով, ընտիր թղթի վրա։ Գրքի սկզբում գրված է Գիւլեազարեանի պատկերը, որ հասկացողութիւն է տալիս թէ ինչ տարազով էին հագնվում հայ վաճառականները։

Դիմելով գրքի լեզուին, որ Գիւլնազարեանի ջանքերով և այնքան վերապացումներով մտցրած է այդ տպագրութեան մէջ, մենք պիտի ասենք թէ դա աշխարհաբար է կոչվում այն պատճառով, որ զուտ գրաբար չէ․ աւելի ճիշտ կը լինէր նրան անուանել գրափարախառն աշխարհաբար, բայց չէ կարելի չը համարել նրան մի նշանաւոր քայլ՝ գիրքը ժողովրդին մօտեցնելու և ժողովրդի գործածական լեզուի ձևերը դրական դարձնելու գործի մէջ[103]։ Գրքի երեսները բաժանված են երկու սիւնակների․ աջ սիւնակում դրված է Սաղմոսի բնագիրը, իսկ ձախում–—բացատրութիւնը։ Ստուար հատորի տպագրութիւնը հեշտութեամբ չը վերջացաւ․ Գիւլնաղարեանն ասում է, որ մի քանի անգամ հարկադրված էր կիսակատար թողնել գործը, արձակել աշխատաւորներին և ապա նորից սկսել։

Երևի հէնց այդ նեղութիւնների պատճառով էլ Խօջա–Նահապետը փակեց իր տպարանը։ Այնուհետև նրա անուանը մենք հանդիպում ենք մի անգամ։ 1694–ին Վենետիկում սկսում է հայերէն գրքեր տպագրել Անտօն Բօրտօլէ իտալացին։ Այս տպարան մասին մենք առայժմ չենք խօսում․ Բօրտօլիի մեծ գործունէութիւնը և հայերին մատուցած ահագին ծառայութիւնները XVIII դարին են վերաբերում։ Ասենք միայն այսքանը, որ այս տպարանից դուրս եկած առաջին հայերէն գիրքը հրատարակել է Գիւլնազարեանը, ջուղայեցի Անտօն անունով վաճառականի հետ։ Տպագրված գիրքն է «Դաշանց թուղթ» անունով հին անվաւեր գրուածքը, որ ցոյց է տալիս թէ միաբանութեան դաշինք է եղել կապված Հռօմի Սեղբեստրոս պապի և Գրիգոր Լուսաւորչի մէջ։ Տպագրութիւնը լոյս տեսաւ 1695–ին․ բայց այդ ժամանակ Գիւլնազարեանը կենդանի չէր․ նա մեռաւ 1694–ի դեկտեմբերի 31–ին, պատուիրելով, որ իր ժառանգները կարճ միջուցում երկու հազար պատարագ մատուցանել տան իր հոգու փրկութեան համար[104]։

Յիշատակենք այստեղ Բօրտօլիի տպարանում հետևեալ տարին տպված «Տօմար» անունով գիրքը, որ մի արտատպութիւն է Ոսկանի՝ նոյն անունը կրող հրատարակութիւնից, և մենք վերջացրած կը լինենք XVII դարի ընթացքում Վենետիկի մէջ եղած հրատարակութիւնների ցուցակը։

Վենետիկից դուրս, բացի Պրօպագանդայի տպարանից, XVII դարի վերջին տասնամեակներում հայերէն տպագրութիւններ տալիս են և իտալական երկու ուրիշ քաղաքներ—Պադուա և Լիվորնո։ Առաջին քաղաքում 1690–ին մի ինչ–որ «Տիմոթէոս Գառնուկ Ասորոց արքեպիսկոպոս» տպագրում է վերոյիշեալ «Դաշանց թուղթը» և «Հաւատով խոստովանիմ» աղօթքը։ Աւելի արդիւնաւոր է տպագրութեան գործը Լիվօրնօ քաղաքում, ուր 1691 թւականից սկսում է գործել մի տպարան՝ դարձեալ Էջմիածնի և ս․ Սարգսի վանքի անունով։ Որոշ տեղեկութիւններ այդ հիմնարկութեան մասին մենք չունենք, բայց թէ անունը ր թէ տպագրական տառերի ձևը թոյլ են տալիս ենթադրելու, որ դա Ոսկանի տպարանի մի մասն է, փոխադրված, երևի, Մարսելից։ Յայտնին այն է, որ Լիվօրնօի տպարանը գործեց տասը տարի, մինչև 1701 թւականը։ Առաջին գիրքը, որ տպագրվեց այդտեղ, կարնեցի Խաչատուր վարդապետ Առաքելեանի «Քերականութիւնն» էր։ Երկու խօսք այս հեղինակի մասին, որ իր ժամանակին գիտնական վարդապետի հռչակ էր վայելում և թողել է շատ գրուածքներ։

Նա ծնվել է 1666–ին։ ՈՒսում ստանալու համար նա գնաց Էջմիածին, բայց այդտեղ նրան որսաց Վարգան Յունանեայնն է, որ մի հայ եպիսկոպոսի սպասաւոր էր, նրա հետ գնաց Լեհաստան, բայց այդտեղ թողեց իր եպիսկոպոսին և մտաւ կաթօլիկ վարդապետների մօտ։ Մենք վերևում[105] ասացինք, որ Յունանեանը Կղեմէս Գալանոսի սիրելի աշակերտն էր և Լվօվի պապական դպրոցի փառքն ու պարծանքը։ Լինելով մի վերին աստիճանի ֆանատիկոս նորադարձ, նա արժանացավ մեծ ուշադրութեան, ուղարկվեց Հռօմ, ուր աշակերտեց Պրօպագանդայի դպրոցում: Նախկին ողորմելի հայ տիրացուն այնքան ճարպիկ և եռանդոտ էր, որ պատրաստվում էր Նիկօլի յաջորդը լինել։ Բայց որովհետե Նիկօլը շուտ չէր մեռնում, թէե ծեր էր, ուստի Յունանեանը, ժամանակը զուր սպասողութեան մէջ անց չը կացնելու համար, գնաց Հայաստան` հերետիկոսներին խելքի բերելու համար։ Ամենից շատ նա աշխատում է իր հայրենի Եւդօկիա (Թօխաթ) քաղաքում։ Այն փաստը, որ նորադարձ հայը անհամեմատ շատ ֆանատիկոս և կատաղի էր քան բուն կաթօլիկը, մի նոր հաստատութիւն գտաւ այս մարդու անձի մէջ[106]: Ժողովրդի մէջ անբաւականութիւններ ծագեցին և Յունանեանը արգելվեց Էջմիածնում։ Այս ժամանակ էր (1682), որ Խաչատուր Կարնեցին հանդիպեց նրան և համաձայնվեց գնալ նրա հետ Հռօմ, ուր մտաւ Պրօպագանդայի դպրոցը և դարձաւ կաթօլիկ քահանայ։

Գործունէութեան ասպարէզ նա ընտրեց Կ․ Պօլիսը։ Այդտեղ թէ քարոզում էր և թէ գրում, ու հռչակվեց իբրև գիտնական մարդ։ Բացի Քերականութիւնից, որ տպվեց Լիվօրնօի տպարանում, նրա գրչի աակից դուրս եկան կրօնական բովանդակութեամբ հատորներ («Աստուածաբանութիւն ընդարձակ», «Բովանդակութիւն Աստուածաբանութեան», «Բարոյական Աստուածաբանութիւն» «Մեկնութիւեշն երգոց երգոյն», «Ներածումն առ քրիստոնէական կատարելութիւն»)։ Կարնեցի Խաչատուրը ջուղայեցի Յովհաննէս Մրքուզի նման մի «տիեզերալոյս» կը լինէր, եթէ միմիայն այսպիսի հեղինակութիւեներ գրած լինէր։ Բայց Խաչատուրր առաջին մարդն էր, որ միջնորդ հանդիսացաւ արևմտեան գիտութեան և հայերի մէջ, գրելով «Բովանդակութիւն ամենայն ուսմանց» անունով աշխատութիւնը (երկու հատոր), որի մէջ խօսում էր գիտութիւմների մասին (մարդակազմութիւն, տիեզերագիտութիւն, բուսաբանութիւն, կէնդանաբանութիւն, բժշկութիւն, մաթեմատիկա, երաժշտութիւն, մետաֆիզիկա) ի հարկէ այն չափով և ուղղութեամբ, որ ներելի էր մի աստուածաբան վարդապետի։ Բայց այս նշանաւոր աշխատութիւնը, ինչպէս և Խաչատուրի միւս գործերի մեծ մասը, ազգի սեփականութիւն դարձան XVIII դարում, երր նա տեղափոխվեց Վենետիկ՝ տպագրութիւններով զբաղվելու համար։ Առ այժմ ասենք որ Խաչատուր վարդապետը 1697 բարեկամացաւ Մխիթար Սեբաստացու հետ և անկասկած մեծ ազդեցութիւ գործեց այդ ոգևորված, խրախոյս և աջակցութիւն որոնող երիտասարդ վարդապետի վրա՝ իբրև հմուտ և գիտուն հեղինակ, թէև աշխատում էր յետ կանգնեցնել Մխիթարին վանական միաբանութիւն կազմելու մտքից։

1696 թւին Լիվօրնօի տպարանը հրատարակեց «Եօթն Իմաստասիրաց» յայտնի վէպը հետևեալ վերնագրով․ «Գիրք պատմութեան Կայսերն Փոնցիանոսի և կնոջն և որդւոյն Դիոկղետիանոսի, և յեօթանց իմաստասիրաց»։ Մի շատ տարածված, միջազգային վէպ է դա, որի հայրենիքը Հնդկաստանն է։ Հնդկաստանը, ինչպէս յայտնի է, ստեղծագործել է այնպիսի գեղարուեստական գործեր, որոնք մեծ ժողովրդականութիւն են գտել բոլոր ազգերի մէջ․ այսպէս է Յովասափի և Բարաղամի հռչակաւոր վէպը, այսպէս են նաև կախարդող երևակայութեան ստեղծած այն հէքիաթները, որոնք մտել են արաբական «Հազար ու մի գիշերներ»-ի մէջ։ Բայց հնդկական մտքի այդ գործերր հարազատութեամբ, անփոփոխ չեն տարածվել ազգերի մէջ, այլ խմբագրվել են զանազան կերպով. ստացել են ուրիշ կերպարանք, պահպանելով միմիայն կորիզր։ Այս տեսակ վիճակի է ենթարկվել և «Եօթև Իմաստասիրաց» պատմութիւնը. նա թարգմանվել է յունարէն և հրէական լեզուներով, վերջին լեզուից փոխադրվել է լատիներէնի և տարածվել է եւրօպական ազգերի մէջ, ստանալով այդտեղ զանազան խմբագրական ձևեր։ Այդ ձևերից մէկի թարգմանութիւնն է հայերէնը, բայց թէ ե՞րբ է կատարվել այդ թարգմանութիւնը — որոշ յայտնի չէ[107]: Բանասիրական մի ուսանելի հարց է՝ թէ արդեօք հայերը չունէ՞ին այդ վէպի թարգմանութիւնը նախ քան արևմտեան խմբագրութեան ծանօթանալը, այսինքն մի թարգմանութիւն, որ աւելի հին լինէր, արևելեան թարգմանութիւններից վերցրած։ Բայց թողնենք բանասիրական հարցերը, տեսնենք թէ այդ դիրքը ի՞նչ տեղ ունի հայոց գրականութեան մէջ։

Նայելով <<Եօթն Իմաստասիրաց>> պատմութեան իրբև մի գրական գործի, որ մեծ ժողովրդականութիւն է վայելել ամեն տեղ, ուր թարգմանվել է, մենք նախ և առաջ կանգ ենք առնում մի հանգամանքի դիմաց.— գրական արժանաւորութիւնները չեն, որ սիրել են տալիս մի գիրք ժողովրդին, այլ առհասարակ պարզ ու անպաճոյճ պատմուածքը, հետաքրքրաշարժ բովանդակութիւնը, որ համապատասխանում է ամբոխի հասկացողութիվներին: Մեր օրից մի 20-30 տարի առաջ, երբ արդէն գոյութիւվն ունէր աշխարհիկ գրականութիւն, <<Եօթն Իմաստասիրաց>> գիրքը դեռ կարդացվում էր ամենամեծ հետաքրքրութեամբ և համարվում էր խելքի ու գիտութեան մի բարձր գործ։ Այդ ժողովրդականութիւնը, անկասկած անհամեմատ մեծ ու ընդարձակ էր անցեալ դարերում, երբ գրքերը միայն աղօթքներ և կրօնական բացատրութիւններ էին պարունակում իրանց մէջ։ Եօթն իմաստասէրների պատամութիւնը մեզանում չորս կամ աւելի տպագրութիւն ունեցաւ, և սա, ի հարկէ, մի ապացոյց է, որ նա մեր հայրերի առանձին ուշադրութեան, առանձին սէրին արժանացած մի մտաւոր սնունդ էր։

Սակայն ի՞նչ տեսակ սնունդ է դա։ Ամենաթեթև, ամենաներողամիտ քննադատութիւնն անգամ անկարող է հաշտվել այդ պատմուածքի չափազանց արուեստական, միամիտ ձևի հետ։ Իսկապէս դա առակների մի ժողովածու է, առակներ, որոնց մէջ մի շինծու, խեղճ կապ հաստատելու համար յերիւրված է Փոնցիանոսի, նրա կնոջ ու որդու պատմութիւնը։

Դէպքը պատահում է, որպէս թէ, Հռօմում։ Փոնցիանոս կայսրի կինը Դիոկղետիանոս անունով մի որդի է ծնում ու մեռնում. կայսրը որդուն յանձնում է եօթն իմաստասէրներին կրթելու համար, իսկ ինքը ամուսնանում է երկրորդ անգամ։ Երկրորդ ամուսինը, իբրև խորթ մայր, ուզում է ոչնչացնել Դիոկղետիանոսին և ստիպում է իր ամուսնուն բերել տալ նրան եօթն իմաստասէրների մօտից։ Այդ իմաստասէրները աստղագէտներ են․ Դիոկղետիանոսն էլ ուսումնասիրել է այդ արհեստը և նայելով աստղին, հասկանում է, որ ինքը, մեծ վտանգից ազատվելու համար, պիտի եօթն օր անխօս մնայ։ Տանը խորթ մայրը առանձնանում է նրա հետ և առաջարկում է նրան իր մարմինը․ Դիոկղետիանոսը մերժում է և մի և նոյն ժամանակ թագուհուն շրջապատող աղջիկներից մէկի մէջ ճանաչում է ծպտեալ սիրականին, որ ապրում էր նրա հետ։ Այդ մայրը հասկացնում է իր ամուսնուն, թէ որդին կամենում էր իրան բռնաբարել. կայսրը հրամայում է սպանել որդուն։ Եւ սկսվում է մի մրցութիւն թագուհու ու եօթն իմաստասէրների մէջ։ Թագուհին առակով համոզում է Փոնցիանոսին սպանել տալ որդուն, իսկ եօթն իմաստասէրները հերթով մի մի առակ են ասում և ազատում իրանց աշակերւտին։ Եօթն օր տևում է այդ մրցութիւնը․ կայսրը կամ իր կնոջն է լսում կամ իմաստասէրներին․ եօթն օրից յետոյ խօսում է Դիոկղետիանոսը, մի մեծ առակ է պատմում և խայտառակում է խորթ մօրը, մերկացնել տալով նրա ծպտեալ սիրականին։

Թէև այսքան խեղճ ու աղքատիկ գրական գործ է «Եօթն Իմաստասիրաց» պատմութիւնը, թէև նրա մէջ շատ ու շատ բան առասպելական է, անբնական, հիմնված հին մարդու սնոտիապաշտութիւնների և մանաւանդ դիւրահաւանութեան վրա, բայց չէ կարելի ընդունել նրան իբրև մի գրական երևոյթ մեր մէջ, որ ոչինչ ուշադրութեան արժանի չը լիներ։ Դա առաջին աշխարհական վեպն է — այսքանն էլ բաւական է, որ մենք կանգ առնենք նրա առաջ։

Մեզանում, գրականութեան սկսված օրից, տիրապետեց խիստ կրօնական ուղղութիւն․ մենք ունեցանք շատ գրողներ, բայց դրանց մէջ չը գտնվեց մէկը, որ տար մի պատմուածք, մի վէպ աշխարհիկ կեանքից։ Եւ սա մեր, հայկական մի առանձնահատկութիւնն է։ Չէ կարելի ասել, թէ մենք աւելի կրօնամոլ, աւելի կղերական էինք՝ քան, օրինակ, բիւղանդական շրջանի յոյները․ և սակայն բիւզանդացիները ժամանակ էին գտնում նաև աշխարհիկ գրականութեան ծառայելու, իսկ մենք—ո՛չ։ Դեռ չորրորդ դարից սկսած յոյների մէջ գոյութիւն ունէր սիրային-էրօտիական վէպը, որ պահվեց մինչև Բիւանդիայի անկումը։ Շատերն էին այդպիսի վէպեր գրում. և եթէ բիւզանդական վէպը գրական շատ արժանաւորութիւններ չունէր, մարդկային ստեղծագործութիւնների շարքում մեծ անուն չը թողեց, բայց գոնէ կար այն, որ նա թարմութիւն ունէր, պատկերներ էր հանում ժողովրդական կեանքից, շօշափում էր ժամանակի բարքերն ու սովորութիւնները, ոճի ու ճաշակի հետ ընթերցանութեան նիւթ էր տալիս։ Վէպը Բիւզանդիայից անցաւ Եւրօպա, մեր-ժամանակակից վէպերի նախահայրը դարձաւ, իսկ դէպի արևելք, դէպի Հայաստան, անցնելու ճանապարհ չը գտաւ։ Բայց հայերը որպիսի ջերմեռանդութեամբ էին աշակերտում յոյներին կրօնական- սխօլաստիական գրականութեան մէջ...

Այդ արհամարհանքը դէպի աշխարհական գրուածքը մի սուրբ աւանդութիւն դարձաւ մեր գրականութեան համար և պահվում էր նոյն իսկ այն ժամանակներում, երբ Եւրօպան բանաստեղծական նշանաւոր արտադրութիւններ էր տալիս։ Ու հասկանալի է, որ պատահաբար թարգմանած «Եօթն Իմաստասիրաց» պատմութիւնը պիտի լինէր հայ ընթերցողի համար մի գանձ, որի մէջ նա գտնում էր հետաքրքրական, խրատական պատմութիւններ, տեսնում էր անկեղծ սիրող տղամարդկանց և սիրոյ հետ խազացող, սէր վաճառող կանանց, տեսնում էր կրքեր ու մոլութիւններ, միամտութիւն ու խարդախութիւն, մի խօսքով աշխարհային զանազան գործեր։ Աւելացնենք այս բոլորի վրա և բաւական աշխոյժ պատմուածքը, թեթև լեզուն, որ շատ տեղ, հասկանալի դառնալու համար, փոխվում է աշխարհարարի-և կը տեսնենք, որ այս գիրքը բարձր է «Պղնձէ քաղաքի պատմութիւն» անունով միստիքական գրուածքից, որ նոյնպէս ժողովրդի ընթերցանութեան համար էր թարգմանված XIII դարում արաբերէնից, աշխարհաբար լեզուով։

Բայց մենակ այդ չէր առակների այս ժողովածուին այնքան ընդարձակ ժողովրդականութիւն տուողը։ Մի գրքի գտած աջողութիւնը կապված է և այն հանգամանքի հետ, թէ որքան նա համապատասխանում է ընթերցող հասարակութեան տրամադրութեանը, որքան կարողանում է լուծում տալ մարդկանց հետաքրքրող հարցերին։ Այս կողմից էլ բաւական աչքի ընկնող գործ է «Եօթն Իմաստասիրաց» գիրքը․ Նա ամբողջովին նուիրված է կանանց հարցին։

Թող տարօրինակ չը թւայ, որ XVII դարի մի գրուածքի վեբարերմամբ մենք գործ ենք, ածում մի տերմին, որ մեր նոր, ազատարար ժամանակների ստեղծածն է։ Կանանց հարց, մենք կարծում ենք, գոյութիւն ունէր ամեն ժամանակ, սկսած այն հին դարերից, երբ կինը, կորցնելով իր նշանակութիւնը և դիրքը նախնական համայնքի մէջ, դարձաւ տղամարդու ստրուկը, նրա տան իրերից մէկը։ Այդ ժամանակից ստրկատէր տղամարդուն միշտ յուղել է այն հարցը, թէ ինչպէս պէտք է վերաբերվել իր գեղեցիկ սեփականութեան։ Հին աշխարհի մէջ քրիստոնէութիւնն էր, որ եկաւ սրբագործելու կնոջ մարդկային իրաւունքները, որ բռնեց նոյն իսկ պոռնիկ կնոջ ձեռքից և ցոյց տալով նրան հասարակութեան, ասաց թէ ոչ ոք պոռնիկից այնքան բարձր չէ, որ իրաւունք ունենայ քար նետել նրա վրա։ Կինը և տղամարդը հաւասար հռչակվեցին եկեղեցու, կրօնի առաջ։ Բայց երբ քրիստոնէութիւնը դարձաւ ձև, երբ նրա ոգին կորաւ կղերական բացատրութիւնների մէջ, դուրս եկաւ, որ քրիստոնէութիւնն էլ կին մարդուն արհամարհելու, ոտնակոխ անելու, կողմնակից է։ Միջին դարերում, երբ եկեղեցականութեան հեղինակութիւնրը ամեն ինչ էր աշխարհի վրա, երբ քարոզվում էր ճգնաւորութիւն, կատարեալ արհամարհանք դէպի աշխարհային կեանքը՝ երկնքի քաղաքացիներ դառնալու համար, կինը դասվեց դևերի ու սատանաների հետ։ Ախօլաստիական նրբութիւններով սնված ուղեղը չէր մոռանում, ի հարկէ, որ մարդր դրախտից զրկվել է Եւայի պատճառով. նոյն Եւան է պատաճառ որ այժմ, կորցրած դրախտը նորից գտնելու համար, մարդը հարկադրված է ճգնաւորական կենցաղ վարել, այսինքն հրաժարվել աշխարհից և նրա բոլոր քաղցրութիւններից․ իսկ սա մի շատ ծանր զոհ էր, մի զոհ, որբ դեռ կարելի էր հեշտութեամբ գլուխ բերել, եթէ չը լինէին Եւայի աղջիկները։ Կինն է, որ չէ թոյլ տալիս տղամարդուն թագնվել վանքի պատերի ետևում և մոռանալ աշխարհը․ կինն է, որ փորձութեան է ենթարկում նոյն իսկ ամենաբարեպաշտ անապատականին, շատ անգամ խանգարում նրա հանգստութիւնը իբրև յիշողութիւն, իբրև, երազ[108]։ Կինը շարունակում էր լինել սատանայի գործիք, ուրեմն և պէտք էր նրան անտես անել, յամենայն դէպս զգուշանալ նրանից։

Ահա այս մտքերն էլ անց են կացրած «Եօթն Իմաստասիրացն» գրքի մէջ, սկզբից մինչև վերջը: Կինը անհաւատարիմ է, կինը բնական հակում ունի իր օրինաւոր ամուսնու անկողինը պղծելու և մի օտար մարդուն իր մարմինը վաճառելու․ կնոջը չէ կարելի հաւատալ նոյն իսկ այն դէպքում, երբ նա իրան սաստիկ սիրող է ցոյց տալիս։ Եւ այդ սէր ասած բանը անասնական հաճոյքի նման մի կիրք է: Եօթն իմաստասէրներ, փորձված, գիտուն աշիւարհի բոլոր գաղտնիքները հասկացած, միաբերան այս են քարոզում իրանց առակների մէջ․ կարելի՞ է դեռ երկմտել։ Եւ վերջապէս, հէնց ինքը, Փոնցիանոսի կինը, մի կէնդանի պատկեր է կնոջ, նենգամտութեան, խարդախութեան և դիլական հնարագիտութեան։ Որքան ջանք ու խելք էր հարկաւոր` նրան մերկացնելու համար։ Հետաքրքրական է, որ պատմութիւնը ներկայացնում է կանօնաւոր պայքար երկու կողմերի-կնոջ և տղամարդու մէջ։ Եօթն իմաստասէրները առակներ են ասում, բայց նոյնն անում է և կայսրի կինը. նա ցոյց է տալիս, որ տղամարդիկ էլ մաքրափայլ գառնուկներ չեն և տղամարդ էր այն սենեկապետը, որ փողով վաճառեց իր կնոջը, հակառակ վերջինիս ցանկութեան, մի հիւանդոտ և այլանդակ թագաւորի, որից զզվում էին բոլոր կնայք։ Բայց այսպիսի հակաճառութիւնները ոչինչ էին և յաղթողներ եօթն իմաստասէրներն են, իսկ առակախօսութեան կողմից նրանց հաւասարվող կինը խայտառակվում է։

Ահա ինչու հայ ըթերցողը մի առանձին ուշադրութիւն պիտի նուիրէր այդ գրքին։ Այդպէս էր և նրա աշխարհայեացքը, այդպէս նայում էր կնոջը և նա ինքը։ Մեզ մօտ էլ հոգեորականութիւնը երկար աշխատել էր որ մարդիկ հրաժարվեն աշխարհից, դառնան ճգհաւորներ և մեզ մօտ էլ կինը ճգնաւորական իգէալի տեսակէտից, ուրիշ ոչինչ չէր․ Բայց միայն խաբող, փորձութեան ենթարկող, ուղիղ ճանապարհից հանող մի արարած։ Եւ մեր գրականութեան մէկ էլ կինը սատանայի ու դևերի գործի, էր Հռչակվում։ XIII դարի մատենագիր Կիրակոս գանձակեցին, մի լուրկ բարեխիղճ հեղինակ, յանկարծ ընդհատում է իր , պատմութիւնը և դնում է մի գլուխ, որի մէջ ամենահասաատ կերսլով ասում է, թէ Գողթան գաւառում մի դև, կնոջ կերպարանք առած խառնակվում էր մի տղամարդու հետ։ Կասկածի ոչինչ տեղի, չը տալու համար Կիրակոսը հաւատացնում է, թէ դէպքը իրան պատմել է ականատես Յովսէփ վարդապետը [109]: Կիրակոսից չորս դար յետոյ էլ հայեացքները մի և նոյնն են․ Զաքարիսարկաւագը վրդովվում է այն անձանց դէմ, որոնք չեն հաւատում այդ տեսակ պատմութիւններին և հաստատում է Կիրակոսի աւանդածը, բերելով մի պատմութիւն թէ ինչպէս մի թուրք ճանապարհին պատահում է մի գեղեցիկ հագնված կնոջ, ինչպէս նա յանկարծ տեսնում է, որ այդ կինը նստել է իր ձիու գաւակին և յայտնում է նրա հետ ապրելու ցանկութիւն․ թուրքը, ի հարկէ, համաձայնվում է, թէև բարեպաշտ մարդ էր և գիտէր, որ սիրուն կինը կերպարանափոխված դեև է։ Եւ Զաքարիան աւելացնում է, թէ այդ «եղելութեան» պատմութիւնը ինքը լսել է նոյն այդ թուրքից[110]։ Այսպիսի հասկացողութիւնների մէջ սնված մի ժողովրդի համար գերագոյն իմաստութեան ներկայացուցիչներ պիտի լինէին եօթն իմաստասէրները իրանց պատմութեան հետ․ և մենք կարոդ ենք երևակայել, թէ քանի հայ կանանց դժբախտութեան պատճառ է դարձել այդ ժողովրդական գիրքը, աւելացնելով նրանց ամուսինների կասկածոտութիւնն ու արհամարհանքը դէպի կինը, դէպի նրա զգացմունքները, նրա անկեղծութիւնը․․․

Դառնանք Լիվօրնօի հրատարակութիւնների շարքին։ 1697 թւին տպագրվեց իտալերէնից թարգմանված «Պատմություն դարձի և մկրտութեան Յովհաննու Յովսէփայ Քաիտիքեան մեծանուն հրէի ըաբունւոյ» գիրքը։ Այդ մեծանուն հրէան հինգ ընտանիքների հետ ընդունել էր քրիստոոնէութիւն, գրել էր այդ դարձի պատմութիւնը, որ և թարգմանվեց հայերէնի՝ եդեսացի Յակոբ վարդապետ Ջրպետեանի ձեռքով։ Դրանից յետոյ, 1698-ին, տպագրվեց մեղրեցի Երեմիա վարդապեաի կազմած «Բառարանը»։ Դա մի մեծ գործ չէ և յատկապէս Աստուածաշնչի բառերի բացատրութիւնն է պարունակում իր մէջ։ Երեմիային աջկակցել է մի ոմն Սարգիս եպիսկոպոս։ Նոյն տեսակ մասնաւոր բնաւորութիւն ունի 1695–ին Հռօմում տպագրված լատիներէն-հայերէն բառարանը, որ կազմել է Աստուածատուր Ներսէսօվիչ լեհահայ եպիսկոպոսը և որի մէջ բացատրված են Աստուածաշունչի և Ժամագրքի բառերը։ Ընդարձակ բառարաններ, որոնց մէջ ամփոփված լինէր հայոց լեզուի ամբողջ հարստութիւնը, չէին մնացել հին ժամանակներից, իսկ նոր ժամանակներում, ինչպէս տեսանք, բառարանների հոգսը քաշում էին օտար հայագէտներ (Րիվօլա և Պիրօմալլի)։ Այս պատճառով այս երկու հայ վարդապետների աշխատութիւնները, որքան էլ նրանք, մասնաւոր բնաւորութիւն ունենային, պիտի համարվեն ազգի մէջ ծագած պահանջի արտադրութիւն․ նրանք ցոյց էին տալիս, որ հեռու չը պիտի լինի մի ժամանակ, երբ կը կազմվի ու կը հրատարակվի նաև ամբողջացրած, հարուստ, լիակատար բառարանը։

Նոյն 1698–ին հրատարակվում է նաև Մովսէս Խորենացու «Աշխարհագրութիւնը», որին կցված էր «Աղուէսագիրքը», ճիշտ այնպէս, ինչպէս հրատարակել էր Ոսկանը Ամստերդամում ուղիղ երեսան տարի առաջ։ Վերջապէս, 1701 Լիվօրնօի մէջ տպվում են երկու կրօնական գրքեր՝ «Թէոփիլոս այսինքն խօսակցութիւն Թէոփիլոսի ընդ վարդապետին յաղագս ճշմարտութեան և ջերմեռանդութեան» և «Պարզատումար Հռօմէական»։  Թէ ինչ է դառնում տպարանը այնուհետև—մենք հաստատապէս չը գիտենք։ Բայց կարելի է ենթադրել, որ նա փոխադրված պիտի լինի Կ․ Պօլիս։ Այս կարծիքին ոյժ է տալիս այն, որ 1700—1705 թկականներին Կ․ Պօլսում լոյս տեսած մի, քանի գրքերի վրա նշանակված է «Ի տպարանի ս․ Էջմիածնի և ս․ Սարգսի զօրավարի» իսկ մենք գիտենք, որ Լիվօրնօի տպարանն էլ այդ այդ անունն էր կրում։ Բացի դրանից՝ Լիվօրնօի մի, քանի հրատարակութիւների վրա (օր․ Մովսէս Խորենացու «Աշխարագրութեան») տպված է․ «Ի սուրբ Էջմիածին Երեմիա վարդապետէ»․ դա ցույց է տալիս, որ տպարանի կառավարիչը Էջմիածնի Երեմիա վարդապետն էր։ Նոյն այդ մակագրութիւնը մենք տեսնում ենք, Կ․ Պօլսում 1701 թւականին տպված «Տաղարանի» վրա[111], մի նշան, որ ցոյց է տալիս թէ վարդապետը տեղափոխվել էր, երևի իբ տպարանի հետ, թիւրքաց մայրաքաղաքը։ Այս բոլորի վրա աւելացնենք և այն, որ տասնութերորդ դարի սկզբից Կ․ Պօլսում գործածութեան մէջ են Ոսկանի տառերը և փորագրել տուած պատկերները։ Վերջապէս, յայտնի հայագէտ Շրեօդէր, որ ապրում էր այդ ժամանակներում, նոյնպէս վկայում է, որ տպարանը տեղափոխվեց Կ․ Պօլիս։

XV
Ամստերգդամ. Մատթէոս Վահանգեցի. Շարական եւ Ժամագիրք. Թովմաս եպիսկոպոս Նուրիջանեան, նա տեղափոխվում է Եւրօպա` գրքերի տպագրութեան համար: —Ղուկաս Վանանդեցի: —Նոր ժամանակի հոսանքներ մեր գրականութեան մէջ. հայ դասակարգեր. վաճառականութիւնը եւ նրա առաջացրած պահանջը. հոգեւորականութիւնը ստիպված է ենթարկվել այդ պահանջներին․ սկսվում է մեզանում աշխարհիկ գրակաւնութիւն։ -«Համատարած Աշխարհացոյց»։ —Մովսէս Խորենացու Պատմագրութեան առաջին տագրութիւնը. այդ գործի նշանուկութիւնը. Խորենացին եւ նրա կատարած դերը մեր գրակունութեան մէջ։ —Խորենացու տպագրութեան անմիջական հետեւանքները։ —Նուրիջանեանների միւս տպագրութիւնները, Թովմա Կեմպացի, «Նոր Կտակարան», «Ձայնքաղ Շարական», «Համաձայնութիւն հնգետեսակ ամրոց», «Դուռն իմաստութեան»,«Գանձ չափսց, կօռոց, թուոց եւ դրամից», «Բնաբանութիւն», «Իրողութեանց սահմանք», «Պաշտօն Աստուածային»։ —Թովմաս եպիոսկոպոսի մահը. Շրօդէր եւ նրա «Արամեան լեզուին գանձ» աշխատութիւնը։ —Խօջա–ՍաՖար եւ Ֆրանսիացին։ -Ղուկաս Վանանդեցու աշխատութիւնները. «Հայելի Աստուածաշունչ հին կտակարանին», «Պատկերասէր Պատկերատեաց». Նուրիջանեանների տպարանը իբրեւ հայր Վենետիկի Մխիթարեան տպարանի։ —Եզրակացութիւն.— XVII դարի հանգամանքները. առաջադիմութիւն. հայերի մէջ մտնում են եւ քաղաքական թարմացնող հոսանքներ։

Ամստերդամում հայերէն տպագրութիւնը վերսկսվեց 1685 թւին, Մարսէլի տպարանի փակվելուց երկու տարի յետոյ։ Բայց այստեղ մենք չենք հանդիպում ոչ Ոսկանի ժառանգ Սողոմոն Լևոնեանին, ոչ էլ սրա ժիր հաւատարմատալ Նասիր Գրիգորեանին։

Դատելով այն հանգամանքից, որ Ֆրանսիայի հողից հեռանալուց յետոյ Ոսկանի մարդիկ ամրողջ երկու տարի դատապարտված էին անգործութեան, մենք պիտի ենթադրենք, որ նրանց մի մասը, հանդիպելով դժուարութիւնների, թողեց տպարանի գործը և հեռացաւ։ Մնաց միայն Մատթէոս Յովհաննիսեանը կամ Վանանդեցին, որ գրաշարութիւն էր անում Մարսէլի տպարանում և կանգնած էր այդ տպարանի համար կուողների շարքում: Մնալով մենակ, Վանանդեցին իր սեփական միջոցներով աշխատեց կենդանութիւն տալ իր սիրած գործին և պատրաստել տուեց տառեր։ Ապա ընկերացաւ Յովհաննէս քահանայ Երևանցու և ջուղայեցի վաճառական Պօղոսի հետ՝ «Շարական և Ժամագիրք» տպագրելու համար և առաջին գիրքը լոյս հանեց 1685-ին, իսկ երկրորդը—հետևյալ տարին։Երկու տարի անգործ մնաց Մատթէոսը և 1688-ին կրկնեց իր «Ժամագրքի» տպագրութիւն որից յետոյ արդէն ամբողջ եօթը տարի լուռ մնաց: Այդ լռութիւնը մի գեղեցիկ գործունէութեան նախապատրաստութիւն էր: Բայց մենք դեռ իմանաք,թէ ով էր Մատթէոսը և ինչպես էր ընկնել Եւրօպա:

Վանանդեցի կոչումը արդեն ցույց է տալիս, որ նա Վանանդ գյիւղից էր,Գողթան գավառում,Ագուլիսի մոտ: Այդ գյուղից էր և Թովմաս վարդապետ Նուրիջանեան, որի մօրեղբոր որդին էր Մատթէոսը: Վարդապետը գրասէր մարդ էր և

            — 417 —        

երիտասարդութիւնից ցոյց տուեց հմտութիւն գրելու մէջ։ Նա շարադրեց մի երկու, աշխատութիւններ, որոնցից յիշատակութեան արժանի կարող է համարվել ուխտատեղիների մի ոտանաւոր նկարագրութիւնը, գրված 1661 թւին[112]: Չը գիտենք թէ ու՛ր ինչ պաշտօններ է վարել նա, բայց 1677-ին տեսնում ենք, նրան ճանապարհորդելիս դէպի արևմուտք։ Այդ թւին Թովմաս վարդապետը, ինչպէս ինքն է գրում <<շրջակայութեան պատճառով>> հասնում է Կիպրոս կղզին, ուր մնում է տարի ու կէս[113]։ Նրա հետ էր և Մատթէոսը, որ սպասաւորի պաշտօն էր կատարում։ Այսպէս կարելի է հասկանալ 1685-ին Մատթէոսի տպագրած «Շարակնոցի» յիշատակարանից, ուր նա ասում է, թէ «իմ արիւնակից վարդապետի հետ եկայ Հռօմ»[114]։ Այդ արիւնակիցը կարող է լինել միայն Թովմասը։ Նրա Հռօմ գնալը տեղի ունեցաւ հէնց այն միջոցին, երբ Ոսկանի տպարանը Ամստերդամից տեղափոխվել էր Լիվօրնօ, այսինքն 1670 թւինը: Թովմաս վարդապետը ուղևորվում է ուրիշ տեղ, իսկ Մատթէոսը գնում է Լիվօրնօ, ուր սովորում է տպագրական արուեստը Ոսկանի աշակերտ Կարապետ վարդապետի մօտ։

Այնուհետև նա ծառայում է Ոսկանին և Սողոմոն Լևոնեանին ամբողջ 14 տարի, առանց որ և է վարձատրութեան։ Թէ որքան ողորմելի միջոցներով էր Ոսկանը գործ տեսնում Եւրօպայում, այդ երևում է նրանից, որ Մատթէոսի պէս մի հմուտ և ժիր աշխատաւորին անհնարին էր լինում վարձ տալ։ Դրա փոխարէն Յակոբ կաթողիկոսը կերակրում էր Մատթէոսին խոստումներով․ յորդորում էր նրան չը հեռանալ Ոսկանից և նրա տպարանից, խոստանում էր վարձատրել և ապահովեցնում էր, որ եթէ ինքը, կաթողիկոսը, վախճանվելու էլ լինի, վարձատրելու պարտքը կը մնայ Էջմիածնի վրա և յաջորդ կաթողիկոսը կը կատարէ այդ պարտքը։ Բայց Մատթէոսը չը տեսաւ այդ խոստումների կատարումը, և չը նայած դրան, հաւատարմութեամբ ու բարեխղճութեամբ ծառայեց գործին։ Մի մարդ էր դա, որ կարող էր ասել, թէ ծառայում է գաղափարին։ Եւ անձնական այդպիսի բարեմասնութիւնների հետ նրա մէջ միանում է տպագրիչի խոշոր ընդունակութիւնը։ Մատթէոսը այնքան գեղեցիկ կերպով ուսումնասիրեց արուեստը, որ եւրօպացի վարդապետներից յետ չէր մնում և նրա կատարած մի քանի գործերը ամենայն վստահութեամբ կարող են համարվել հայկական տպագրութեան գոհարներ։

Բայց հմուտ, նոյն իսկ տաղանդաւոր տպագրի լինել բաւական չէր գրքեր հրատարակելու համար. պէտք էր ունենալ նաև գրական պատրաստութիւն և մանաւանդ դրամական միջոցներ։ Քանի որ ընկեր էին երևանցի քահանան և ջուղայեցի վաճառականը, գործը կարող էր երեսի վրա չը մնալ. Մատթէոսը իր հմտութիւնն էր մէջ բերում, քահանան իր գրագիտութիւնը, վաճառականը իր դրամը։ Բայց ընկերութիւնը շուտով քայքայվեց և Վանանդեցին մենակ ու անօգնական մնաց օտար երկնքի տակ, մի դրութիւն, որին ենթարկված էին նրանից առաջ եղած բոլոր հայ տպագրիչները։ Եւ նա ստիպւած եղաւ վերադառնալ հայրենիք, գուցէ հէնց յատկապէս այն նպատակով, որ մարդիկ գտնէ իր թողած գործը շարունակելու համար։ Այդ ժամանակ Թովմաս վարդապետը արդէն Գողթան գաւառի եպիսկոպոս էր. նրան դիմեց Մատթէոսը, համոզեց թողնել եպիսկոպոսական աթոռը, անցնել Եւրօպա և ձեռք առնել հայ տպարանը։ Այդպիսի մի հրաւէրով էլ մի ժամանակ, ինչպէս գիտենք, Ղլիջենց Աւետիսը դիմեց իր եղբայր Ոսկան վարդապետին։

Եւ Թովմաս եպիսկոպոսը մի նոր Ոսկան հանդիսացաւ. նա տուեց իր համաձայնութիւնը և ծեր հասակում անդառնալի պանդխտութեան գաւազանը վերցրեց, չը նայած որ սաստիկ սիրում էր իր գեղեցիկ Վանանդը, Գողթնը: Որ Մատթէոսը գնացած է եղել հայրենիք, այդ երևում է նոյն իսկ Թովմաս եպիսկոպոսի վկայութիւնից (Մովսէս Խորենացու Պատմութեան յիշատակարանի մէջ). նա ասում է թէ նախ քան իր Եւրօպա ուղևորւելը, ինքը Ամստերդամ ուղարկեց Մատթէոսին, որպէս զի հարկաւոր պատրաստութիւնները տեսնէ։ 1695-ին Ամստերդամի տպարանը վերսկսում է իր գործունէութիւնը Թովմաս եպիսկոպոսի ղեկավարութեամբ։ Բայց նա, ի հարկէ, այդ թւականից կանից շատ առաջ պիտի հասած լինէր Հօլլանդիայի գեղեցիկ մայրաքաղաքը, որովհետև այն գործերը, որոնք լոյս տեսան 1695–ին, երկար նախապատրաստութիւն էին պահանջում։

Գողթանի եպիսկոպոսի հետ Ամստերդամում են և նրա երկու, եղբօրորդիները, Ղուկաս և Միքայէլ, որոնց մասին ասված է տպագրված գրքերից մէկի յիշատակարանում թէ «վարժ ու հմուտ են լատինական լեզուին և ստացել են բազմակողմանի փիլիսոփայական կրթութիւն»։ Այսպիսով կազմվել է մտերիմ ազգականների մի ընկերակցութիւն, հրատարակչական և գրական մի ընտանիք, որի գլուխը եպիսկոպոսն է՝ իբրև անօրէն և դրամական միջոցներ հայթայթող, նրա մօրեղբօր որդին տպարանի հոգին է, իսկ երկու եղբօբորդիները իրանց ստացած կրթութիւնն են մէջ բերել։ Երկու եղբայրներից մէկը, Միքայէլը, շատ քիչ է մնում գործի մէջ, գոնէ նրա անունը այնքան յաճախ չէ յիշվում և պէտք է կարծել, որ նա շուտ է հեռացել տպարանից։ Ինչ վերաբերում է Ղուկասին, դա մի շատ արդիւնաւոր աշխատող հանդիսացաւ, միակ գրական ոյժը, որ հեղինակութիւններ էր պատրաստում տպագրութեան համար։ Ղուկասը շատ զարգացած մարդ էր․ բացի լատիներենից, ինչպէս վկայում է յայտնի գիտնական հայագէտ Շրօդէր, նա լաւ գիտէր և զանազան արևելեան լեզուներ։ Մի տեղ Ղուկասը իրան անուանում է «սնունդ Հռովմայու»․ և իրաւ, այդքան լաւ պատրաստված մի մարդ չէր կարող լինել Հայաստանի դպրոցների սնունդ։ Հռօմի ազդեցութիւնն է երևում նրա հայերէնի մէջ, որ ազատ չէ լատինացրած հայերենի ձևերից ու մթութիւնից․ այդ ազդեցութեան մի նշանն էլ այն է, որ Ղուկասը իր ստացած կրթութեամբ աւելի կրօնական մարդ էր, քան աշխարհական:

Բայց այս հանգամանքը արգելք չեղաւ, որ Թովմաս եպիսկոպոսի տպագրական ընտնիքը սկսէ իր գործունէութիւնը մի հրատարակութեամբ, որ ընդհանուր կրթական նշանակութիւն ունէր և ուղղակի հետևանք էր աշխարհային, գործնական այն պահանջի, որ պահպանում էր մեզանում վաճառականութիւնը։ Այս պահանջը մի խոշոր գործօն էր մեր գրական առաջադիմութեան համար և մենք չը պիտի անտես անենք նրան։

Նոր ժամանակը հայերի մէջ էլ էր մտցնում իր հովերը, թէև շատ դանդաղ, շատ աննկատելի կերպով։ Որքան էլ հայը թշուառ ու կղզիացած լինէր ասիական աշխարհի մի անկիւնում,բայց նա էլ իր գաղթականութիւնների, իր առևտրական դասակարգի միջոցով շփվում էր լուսաւորված աշխարհի հետ և նրա համար էլ գոյութիւն ունէին այն հարցերը, որոնք արդէն վճռվել էին Արևմտեան Եւրօպայում, ստեղծելով նոր ժամանակի ոգին, որ վերջ դրեց միջին դարերի խաւար տիրապետութեան։ Կեանքի և մահվան հարց էր դրված և մեր գրականութեան առաջ, ինչպէս դրված էր եւրօպական գրականութիւնների առաջ XV և XVI դարերում-կամ փտել, ոչնչանալ, մնալով բացառապէս կրօնական-սխօլաստիական, կտրված կեանքից ու իրականութիւնից, կամ վերանորոգվել, դառնալ կեանքի, աշխարհի, մտածող և ապրող մարդկութեան գրականութիւն։ Սակայն ի՞նչպէս պիտի կատարվէր մեզանում այդ փոփոխութիւնը: Արևմտյան Եւրոպայում կղերական ուղղութեան ջախջախողը այն ինտելիգենցիան էր, որ առաջ եկաւ Վերածնութեան դարում, հրատարակեց անհատի ազատութիւնը, բարձրացրեց մարդու արժանաորութիւնը, փոխեց դպրոցի, դաստիրակութեան վանական սիստեմը և դաւանում էր թէ «Իսկական մարգարէները այն աչքերն են, որոնք ուշադրութեամբ ուսումնասիրում են ամբողջ շրջապատը», այսինքն թէ մարդը երկնքի խորքերում և կրօնական աւանդութիւնների մէջ չը պիտի որոնէ իր իրական երջանկութիւնը, այլ իր հողի վրա, իրան շրջապատող բնութեան, վերջապես իր անձի մէջ: Դա մի ահագին շարժում էր, որ առաջ բերեց մրցութիւն, ընդհանում, պայքար կամ, ուրիշ խոսքերով, այնպիսի իրարանցումներ, որոնց մէջ կռում կոփվում են գաղափարները և յաղթական գնացքով տարածվում են կեանքի մէջ:

Մեզանում չը կար այդ երևոյթը և չէր էլ կարող լինել այն դառն պայմանների շնորհիւ, որոնք մեզ էին վիճակված: Մեզանում XVII դարն էլ դեռ միջին դարերից մէկն էր, մինչդեռ միջին դարերից ազատված Եւրոպան այնքան առաջ էր գնացել, որ ուներ Շէքսպիրներ, Մօլիէրներ, Սերվանտեսներ, Միլտօններ: Մեր իրականութեան մէջ, ուր վանական խղճուկ մթնոլորտն էր տիրում, մէկ էլ մահմեդական զզուելի լուծը, ի հարկէ, տեղ չը պիտի լինէր փոքր ի շատէ նշանաւոր տաղանդի համար, բայց ներելի պիտի լինէր յուսալ, որ հայկական գրականութիւնը կը գնայ այն շաւղով, որը վաղուց անցել էր եւրօպական գրականութիւնը։ Բայց ո՞վ պիտի ցոյց տար այդ շաւիղը։ Հայ ժողովուրդը բաղկացած էր երեք դասակարգից․ դրանցից երկուսը-երկրագործն ու արհեստաւորը հազիւ հազ կարողանում էին տանել իրանց․ վրա ընկած ստրկական լուծի ծանրուրութիւնը և մի կերպ գլուխ պահել։ Մնում էր վաճառականական դասակարգը, հարուստ, առաջաւոր, տիրապետող, համեմատաբար ապահով։ Թէև նա էլ նոյն տգէտ ազգի մի բեկորն էր, բայց երկար թափառումների միջոցին շատ ու շատ դէպքերի ու փորձերի էր հանդիպում, որոնք, ըստ երևոյթին, պիտի զարթեցնէին նրա մէջ ազգային զգացմունք, հասկացնել տային թէ ինչ է պակասում հային մի պատուաւոր ազգ դառնալու համար։ Մի րօպէ մտնեն, վաճառականների այն խնճոյքը, որ խօսակցութիւնների ձևով պատկերացրել է հայագէտ Շրօդէր[115]։ Առատութիւն ու ճոխութիւն է տիրում այդ յարկի տակ-դա ինքն ըստ ինքեան հասկանալի է․ հայ վաճառականը մինչև իսկ Եւրօպայից բերած իրերով է զարդարել իր ապարանքը։ Մէկը պատմում է այսպիսի բան․ Եւրօպայում ինքը ասել է շատերին, որ հայոց երկրում խաղողը բազմաթիւ տեսակներ ունի, բայց ոչ ոք չէ հաւատացել այդ խօսքերին, որովհետև գիտեն եւրօպացիները, որ հայերը անկիրթ ազգ են և նրանց ասածներին նշանակութիւն տալ չի լինի: Մի շատ պերճախօս փաստ, որ պիտի ծակէր հայ վաճառականի կաշին։ Բայց կայ աւելի լաւը։ Սեղանակիցներից մի ուրիշը բերում է այսպիսի մի ասացուածք, որ նա լսել է Եւրօպայում․ «Այսօր հայր ոչ թուր ունի, ոչ գրիչ, ուրեմն նրան խարբալելու ժամանակն է»։ Ո՜րքան գեղեցիկ կերպով է արտայայտված այս խօսքերի մէջ հայի դժբախտ, յուսահատական ճակատագիրը․ ճիշտ որ մի ազգ իր կենդանութեան համար համ թուր պիտի ունենայ համ գրիչ, այսինքն կորով և առաջադիմութիւն, ֆիզիքական և մտաւոր ոյժ: Հայը զուրկ էր երկուսից էլ, ուրեմն նրան հեշտ էր մաղել, տակն ու վրա անել։

Ահա ինչ դառն ճշմարտութիւններ գիտէին հայ վաճառականները։ Բայց ի՞նչպէս էին նրանք վերաբերվում այդ ճշմարտութիւններին։ Երրորդ սեղանակիցը վերջ է տալիս եւրօպացիների և հայերի մասին եղած խօսակցութեան այսպէս. «Թող ինչ կուզեն` ասեն. ինչպէս որ Աստուած զմեզ ստեղծել ա` էնհէնց ենք. ոչ էնդոնք, գիտեն զմեզ փոխել, ոչ մեզ հաջաթ ա էնդունց ղարշու խօսել։» Շատ բնորոշ վերջաւորութիւն․ և հայ վաճառականը ուրիշ կերպ չէր էլ կարող վերաբերվել դրութեան, որովհետև նա ամենից առաջ վաճառական էր, նրա գործը փողն էր, հաշիւը, նա պատասխանատու չէր այն հանգամանքի համար, որ նոյն իսկ այնպիսի մէ հասարակ իրողութիւն, թէ Հայաստանում շատ տեսակ խաղողներ են լինում, ընդունելի չէ Եւրօպայում և այդ այն պատճառով, որ այդ հանգամանքը պատմողը մի տգէտ ազգ է: Նմանապէս վաճառականի գործ չէր մտածել այն մասին թէ այդ ի՞նչպէս է, որ հայոց վանքերում այնքան գրքեր կան և հայ վարդապետները շարունակում են գրիչ շարժել աստուածային գործերի համար, բայց և այդպէս եւրօպացին ասում է, թէ հայր գրիչ չունի։

Այսպէս ահա, հայ հոգևորականութեան պահպանած աստուածաբանական—սխօլաստիկ գրականութիւնը ոչինչ դիմադրութեան չէր հանդիպում հայ ժողովրդի ոչ մի դասակարգի կողմից․ այդ դասակարգերից ոչ մէկը չունէր և չէր կարող ունենալ այնքան զարգացում, գիտակցութիւն, որ մի որոշ կազմակերպված ծրագրով դուրս գար հին քարացած ուղղութեան դէմ, հասկանալով ժամանակի պահանջները, կեանքի և մահվան հարց համարելով այն պայքարը որ յեղափոխութիւն է մտցնում գրականութեան, հասկացողութիւնների մէջ։ Թէև այսպէս, բայց հայ վաճառականը անգիտակցաբար, առանց ընդհարումների և վէճերի, պատաճ էր դառնում, որ մեր գրականութիւնը կամաց կամաց, կրիայի դանդաղկոտութեամբ, կերպարանափոխվի, մօտենայ ժամանակի պահանջներին։Կղերը պարտաւորված էր նկատի առնել և վաճառականի յարմարութիւնները, աշխատել և նրա համար։ Եւ այդ ստիպողական ուշադրութիւնը դէպի մի աշխարհիկ դասակարգ մենք ամբողջովին պարտական ենք, տպագրութեան։

Առաջներում, քանի որ չը կար տպագրութիւն, հոգևորականութիւնը իր համար էր միայն գործում և այն գաղափարն ունէր, թէ աշխարհական մարդուն շատ էլ հարկաւոր չէ գիրքը, իսկ եթէ հարկաւոր էլ լինի, աշխարհականը պիտի գընայ եկեղեցու մօտ` կարդալու ու սովորելու համար, և ոչ թէ եկեղեցին—աշխարհականի մօտ: Բայց ահա տպարանը պահանջ է դառնում․ մի կողմից նա անչափ հարկաւոր է եկեղեցականութեան, իսկ միւս կողմից մի հիմնարկութիւն է նա, որ կարող է գոյութիւն ունենալ միայն այն դէպքում, երբ նրա արտադրութիւնները վաճառվում են։ Գրավաճառութիւնը, իբրև տպարանի յարատևութեան ամենաանհրաժեշտ պայման, հարկադրում էր փոքր ի շատ է լայնացնել դրական գործունէութեան սահմանափակ շրջանը, հարկադրում էր այնպէս անել, որ տպված գրքերի համար գնողներ էլ լինեն: Եկեղեցական դասակարգից դուրս փոքր ի շատէ գրագէտ դասակարդը վաճառական ականն էր․ երկրագործն ու արհեստաւորը կարող էին առանց գրքի ու գրչի էլ ապրել, մինչդեռ վաճառականը հէնց իր պարապմունքից ստիպված` սովորում էր գրել-կարդալ։ Այդ դասակարգն էլ գլխաւորապէս հայերէն գրքերի գնողն էր։ Նա ունէր գնելու միջոցներ․ գիրքը դեռ թանգ էր, այնքան թան ու դժուարագիւտ, որ մենք տեսնում ենք շատ դէպքեր, երր արտագրվում են տպագրած գրքերը։ Վաճառականութիւնը, լինելով տպագրութեան գլխաւոր օժանդակողը, թէ իբրև մեկենաս և թէ իբրև գրքեր գնող, բնականաբար պիտի իրաւատէր էլ լինէր։ Պէտք էր մի մի անգամ տալ նրան և այնպիսի գրքեր, որոնք անհրաժեշտ են նրան գործնական կեանքի մէջ: Ահա այս ստիպողական հարկաւորութիւնը դառնում է այն ուժեղ գործօնը, որ կենդանութեան նշոյլներ է մտցնում գրականութեան մէջ։ Մենք տեսանք արդէն, որ Ոսկանը ու նրա յաջորդները տպագրում էին գրքեր յատկապէս վաճառականների համար. տեսանք, որ հայ վաճառականի ջանքերով կազմվեց և տպագրվեց աշխարհաբար գիրք, որպէս զի նա մատչելի լինի վաճառականներին կամ որ նոյնն է—ժողովրդի առաջաւոր դասին:

Նոյն վաճառականական դասակարգի յարմարութիւնն էր մի գլխաւոր պատճառ, որ Թովմաս Վանանդեցին ամենից առաջ շտապեց մի հիանալի գործ լոյս հանել։ Հայ վաճառականը յարաբերութիւններ ունէր աշխարհի հեռաւոր մասերի հետ, ահագին տարածութիւններ էր անցնում ծովով և ցամաքով, գործ ունէր զանազան ազգերի և լեզուների հետ։ Նրան, ուրեմն, հարկաւոր էր աշխարհագրութիւն, հարկաւոր էր և քարտէզ, որ ցոյց տար ամբողջ աշխարհը։ Վանանդեցին, ինչպէս ինքն է ասում, այդ պահանջը լրացնելու համար էր գլխաւորապէս, որ 1695-ին հրատարակեց «Համատարած Աշխարհացոյց» անունով քարտէզը, իսկ հետևեալ տարին—այգ քարտէզի բացատրութիւնը կամ «Բանալին»։ Այդ մեծ, փառաւոր գործը մի ամբողջ գիւտ պէտք է համարել այն ժամանակվայ մեր մտաւոր աղքատութեան մէջ: Թէև հայ վաճառականն էր նրա երևան գալու մի պատճառը, բայց մենք չը պիտի այդպէս մասնաւորենք երևոյթի նշանակութիւնը, որովհետև այն ամենը, ինչ անվում էր վաճառականի համար, հաւասար չափով պիտանի և հարկաւոր էր ազգի բոլոր մասերին։

Այժմ էլ, երկու հարիւր տարուց յետոյ, «Համատարած Աշխարհացոյցը» հիացմունք է պատճառում տեսնողին։Դա պղնձէ տախտակների վրա փորագրած մի մեծ քարտէզ է, որ ներկայացնում է երկրագնդի երկու կէսերը։ Ամբողջ գործը նուրբ է և ճաշակով պատրաստված։ Գեղեցիկ են մանաւանդ հին յունական դիցարանութիւնից վերցրած պատկերները և աստղաբաշխական նկարները, որոնք զարդարում են այդ առաջին հայերէն մեծ քարտէզը։ Նրա վրա տպագրված փոքրիկ ոտանաւոր յիշատակարանը ցոյց է տալիս, թէ ով ինչ է արել մի այդպիսի գործ դուրս բերելու համար․ հրատարակիչը, ի հարկէ, Թովմաս եպիսկոպոսն է, որ ոչինչ չէ խնայել գործի գեղեցկութեան համար․ փոխագրել են Ադրիան և Պետրոս Ըսկօնպէկ (Hadrianus et Petrus Damianus Schonbeek) եղբայրները, որոնց աշխատակիցը եղել է Ղուկաս Նուրիջանեանը։ Մատթէոսն էլ, ի հարկէ, ունեցել է իր բաժին աշխատանքը․ քարտէզ տպելը այժմ էլ, երբ այնքան կատարելագործութիւններ կան, հեշտ բան չէ, բայց տասնապատիկ դժուար պիտի լինէր այն ժամանակները, երբ տրպագրական գործիքը միայն մամուլն էր։ Եւ զուր չէ, որ Մատթէոսը «Բանալի Համատարած Աշխարհացոյցի» գրքի յիշատակարանում անուանվում է «յոգներախտ և միակ բուն անուանի տպագիր հայոց»։

«Աշխարհացոյցի» ամենագլխաւոր  աշխատութիւնը, որ այնքան գեղեցկութիւն և վայելչութիւն է տալիս ամբողջ գործին, փորագրութիւնն է, որ կատարված է, ինչպէս տեսնում էք, օտարների ձեռքով։ Պարծենալ դրանով կարող է, ուրեմն, հօլլանդական արուեստը, թէև Հօլլանդիան դրանից աւելի գեղեցիկ, աւելի հռչակաւոր գործեր ունի պարծենալու համար։ Հօլլանդական փորագրութիւնները հռչակել և զարմանալի նրբութեան էին հասցրել Րուբէնս և Րէմբրանդտ հանճարեղ նկարիչները. նրանք առանձին, ինքնուրոյն դպրոցների հիմնադիրներ էին և նրանց հետևողները այնպիսի կատարելութեան հասցրին փորագրութիւնը, որ ամբողջ Եւրօպայում շատ քիչ մրցակիցներ ունէր Հօլլանդիան. այդտեղ շատ ծաղկած էր և քարտէզագրութիւնը։ Հօլլանդական արուեստի և մտաւոր հարսաութեան տեսակէտից գուցէ այնքան էլ մեծ ու պանծալի գործ չէր մեր քարտէզը. բայց ինչ էլ լինի, մենք, հայերս, միայն խորին երախտագիտութիւն պիտի զգանք դէպի այն փոքրիկ հայ ընտանիքը, որ հաստատվելով այդ հիւրասէր երկրում, վերցնում էր նրա հարստութիւններից բաժին և հայերի համար, հայացնում էր արուեստի և առաջադիմութեան մի մասը։ Միայն այս մեծագործութիւնը բաւական էր Թովմաս Վանանդեցու և նրա ընկերների անունները երախտապարտութեան և անմոռանալի յիշատակութեան արժանացնելու. միայն այսքանը բաւական է, որ Նուրիջանեանների տոհմը Ոսկան վարդապետի ետևից դասվէր ազգի լուսաւորիչների թւում։ Բայց միայն այդ գործը չէր վիճակված  այդ մարդկանց․ կար մի ուրիշ նշանաւոր ձեռնարկութիւն էլ որ լոյս հանվեց «Համատարած Աշխարհացոյցի» հետ միաժամանակ։ Եւ դա Մովսէս Խորենացու հռչակաւոր պատմագրութիւնն էր։

Հարիւր ութսուն և երկու տարի էր անցել այն օրից, երր առաջին հայերէն գիրքը մտաւ Գուտենբերդի մամուլի տակ, իսկ Խորենացին նոր միայն էր արժանանում տպագրութեան։ Ո՜րպիսի անուշադրութիւն։ Տպագրվեցին բազմաթիւ այնպիսի գրքեր, որոնք կարող էին և չը տպագրվել. տպագրվեցին քաղկեդոնական անհամ վէճերին նւիրված հատորներ, որոնք ոչինչ չէին ապացուցանում և ոչ ոքին չէին համոզում․ իսկ Խորենացին մոռացված էր․ և Թովմաս եպիսկոպոսը վկայում է, թէ իր ժամանակ հայոց պատմահայրը դժուար էր ճարվում․․․ Հազիւ թէ սրանից աւելի պերճախօս փաստ լինի` այդ խեղճ դարերը բնորոշելու և հասկանալու համար։ Եթէ մեզանում լինէր ինքնաճանաչութիւն, եթէ մենք ստրուկ ու խաւար մի ժողովուրդ չը լինէինք, Խորենացու պատմագրութեան պէս մի հեղինակութիւնը տպագրական առաջին գործերից մէկը կը լինէր, բայց մենք «Աղթարքների», «Երազահանների», եզուիտական աստուածարանութիւնների մի քանի տպագրութիւններից յետոյ միայն ձեռք առանք Խորենացուն։

Զարմանալի ճակատագիր է վիճակված հայոց Հերօդօտին։ Նա երկու տեսակ զգացմունք է ներշնչել իր գրքով—կամ խորին ատելութիւն ու հալածանք կամ հիացմունք և երկրպագութիւն։ Հին աւանդութիւնները ասում են, որ այդ հայ հեղինակը հանգստութիւն չը գտաւ նոյն իսկ մահից յետոյ, որ նրա ոսկորները գետը թափվեցին։ Այնուհետև նա դասվեց սուրբերի կարգում, հռչակվեց երկրորդ լուսաւորիչ, իսկ մեր օրերում պատմական քննադատութիւնը նորից աշխատում է նրան ցած քաշել բարձր պատուանդանից և արդէն այն աստիճանին է հասել, որ պատկերացնում է այդ մարդուն իբրև ապուշ, խարդախ, ստախօս, գող և աչքակապ։ Այդ զարմանալի ճակատագիրը մասամբ հասկանալի է. Մովսէս Խորենացին մի բոլորովին առանձին, արտակարգ երևոյթ է մեր ամբողջ անցեալի մէջ։ Քրքրեցէք մեր ամբողջ գրականութիւնը և դուք նրա գրքի պէս մի ուրիշ գիրք չէք գտնի։ Ահա ինչու նա յարուցել է կրքեր-կամ հիացմունքի կամ ատելութեան կրքեր, և երբէք չէ հասկացվել այնպէս, ինչպէս արժանի էր։

Խօսել մեր ժամանակներում Մովսէս Խորենացու մասին նշանակում է քրքրել այն հարցը,թէ ո՞ր դարի հեղինակ էր նա-հինգերո՞րդ, ինչպէս ինքն է ասում, թէ ութերորդ կամ իններորդ, ինչպէս ուզում են ապացուցանել և արդէն ապացուցած են համարում մի քանի ժամանակակից քննադատներ։ Բայց մենք չենք մտնի այդ հարցի մէջ․ Խորենացին այսպէս, ինչպէս մենք ենք ուզում նայել նրան, ոչինչ չի կորցնի, եթէ մինչև անգամ կարողանան հաստատել թէ ութերորդ դարում էր ապրում նա։ Մեզ հետաքրքրողը պիտի լինի այն, թէ ինչ էր այդ հեղինակը հայոց գրականութեան, հայ ազգի համար։ Թերթելով հայոց մատենագրական բոլոր յիշատակարանները սկզբից մինչև XVIII դարի կէսը, մենք չենք գտնում Խորենացու մեծութիւնն ունեցող մի այլ հեղինակ։ Խնդիրը, ի հարկէ, տաղանդի, ոճի մասին չէ։ Խորենացին կատարել է մի այնպիսի մեծագործութիւն, որի նմանը նրանից առաջ և նրանից յետոյ ոչ ոք չէ կատարել։ Նա էր, որ հասկացաւ, թէ մի ագգ պիտի ունենայ իր պատմութիւնը․ հայ հոգևորականների մէջ նա էր միայն, որ փորձեց անցնել Տրդատ թագաւորի և Գրիգոր Լուսաւորչի ժամանակից դէնը, խորասուզվել հնութեան խաւարի մէջ և դուրս կանչել այնտեղից ստուերներ։ Այնքան լուսաւոր և լայն հայեացքի տէր էր այս հոգևորականը, որ կարողացաւ հասկանալ, թէ իր սքեմը չի բողոքի, եթէ նա մօտենայ հեթանոս հայութեան, սիրէ նրան, ականջ դնէ նրա երգերին ու զրոյցներին։ Աոանց մանրամասն նկարագրութիւնների էլ դժուար չէ ըմբռնել, թէ ինչ սոսկալի դժուարութիւնների պիտի բաղխվէր Խորենացին իր խիզախ միտքը իրագործելիս։ Գրաւոր յիշատակարաններ չէին մնացել երկրի մէջ, բերանացի աւանդութիւնները, երգերը առասպելները ոչնչացրվել էին քրիստոնեայ կղերի ձեռքով։ Հայաստանը չունէր մտաւոր խոշոր կենտրօն, զուրկ էր հարուստ գրադարաններից․ հաւաքել եղածը, տալ գոնէ կցկտուր տեղեկութիւններ — այդ էլ վիթխարի աշխատութիւն էր։ Այդ գործը ունէր շատ թերութիւններ, և միանգամայն հրաշք կը լինէր, եթէ ոչինչ թերութիւն չունենար։ Մեր ժամանակի քննադատը, նստած հարուստ գրադարանի մէջ, շրջապատված աղբիւրների առատութեամբ, հեշտ գտնում է Խորենացու սխալները, մանաւանդ այն դէպքերում, երբ նրա տուած տեղեկութիւններն ու թւանշանները չեն համաձայնում արտաքին պատմագրութիւնների հետ։ Բայց հարց է․ ինքը Խորենացին էլ ունե՞ր այդ բոլոր յարմարութիւնները այն հին ժամանակներում, Հայաստանի մի վանքի մէջ։— Ի հարկէ, ոչ։ Հարկադրված լինելով դիմել երկրորդական, կասկածելի աղբիւրների, ունենալով իր առաջ ազգային կցկտուր աւանդութինների, առասպելների, երգերի մի խառն կոյտ, նա այնքան հեղինակական հոտառութիւն, քննադատական մեծ կարողութիւն ունէր, որ դասաւորեց հնար եղածին չափ ընտրութիւն անելով, զանազանեց պիտանին անպիտանից, պատմական հաւաստիութիւն ունեցող նիւթերը շահագործեց զգուշութեամբ։

Մենք այժմ չենք կարող երևակայել անգամ այն ազդեցութիւնը, որ գործած պիտի լինի այդ պատմութիւնը, երբ դուրս գալով ծերունի հոգևորականի խուցից, մատչելի դարձաւ ժողովրդին։ Եթէ չը մոռանանք, որ ազգերը իրանց վերածնութեան միջոցին ամենից առաջ իրանց պատմութիւնն են որոնել, եթէ աչքի առաջ ունենանք, որ ինքնաճանաչութեան, գիտակցութեան առաջին պայմաններից մէկն է իմանալ, թէ ինչ էր մի ժողովուրդ երէկ, անցեալ օր, որտեղից է գալիս նա և ուր է գնում, ինչ ազդեցութիւններ է կրել ընդհանուր պատմութեան ասպարէզում,—այն ժամանակ հեշտ կը լինի ընդունել, որ հայ ժողովրդի համար մի ամբողջ յայտնագործութիւն պիտի լիներ ալևոր հնութեան այդ պատկերը, ուր կանգնած էին Հայկեր, Արամներ, Տիգրաններ, Արտաշէսներ և այլ ազգային առասպելական թէ պատմական հերոսներ։ Խորենացին աւանդեց հայերին հայրենասիրութիւն, որ կապում է մարդուն երկրի հետ, բաց է անում նրա հոգու առաջ երկրաւոր գործերի խորհուրդը, հասկացնում է թէ երկինքը և երկնաքաղաքացիութիւնը չէ միայն, որի համար պէտք է ուրանալ անձը, զոհել կարողութիւնը, քրտնել, աշխատել։ Եւ տպաւորութիւնը ահագին պիտի լինէր։ Քրիստոնէութիւնը, որ մի ամբողջ դար (IV դարը) ոչնչացրել, հալածել էր հեթանոսութիւնը, վերջապէս հաշտվում էր իր այդ թշնամու հետ․ հայրենի աստուածներին երկրպագած մարդկանց մէջ շատ սիրելի անուններ յայտնվեցին, որոնք դարձան ազգի պարծանք․ աշխարհի ունայնութիւն և երկնային սքանչելիքներ երգող եկեղեցական մեղեդիների մէջ ձայն բարձրացրեց հայ հին գուսանի բամբիռը։ Խորենացին փառքի գագաթնակէտին հասաւ։

Եւ այդ փառքը բնական էր, քանի որ Խորենացին մի հատ էր։ Հէնց այդ հանգամանքից, որ մէնակ էր Խորենացին, բղխում են հայոց պատմութեան պակասութիւնները, և մեծ ծերունին, ճշմարտութեան այդ զարմանալի սիրահարը, շատ էլ բաւական չը պիտի մնար, եթէ իմանար որ մինչև վերջն էլ այդպէս մենակ պիտի մնար, որ իրան վիճակված է այդքան բացառիկ, վերին աստիճանի պատասխանատու դիրք գրաւել պատմագրութեան մէջ։ Հարկաւոր էին շատ այդպիսի ուսումնասէր, լայն հոգու և հայեացքների տէր անձինք։ Հօ չէ կարելի պահանջել, որ Խորենացին ամենագէտ լինէր, որ նրան յայտնի լինէին բոլեր աղբրիւները, բոլոր այն պատմական նշանակութիւն ունեցող երգերն ու զրոյցները, որոնք ցրված էին հայ ժողովրդի մէջ։ Միայն մի «գինևէտ Գողթան» ինչեր կարող էր տալ, եթէ այնտեղ գնային, ամիսներով նստէին մի քանի հատ Խորենացիներ։ Որքան շատ լինէին այդպիսի մարդիկ այնքան աւելի շատ յիշատակարաններ կը լինէին պահպանված, աւելի հարուստ ու բովանդակալից կը լինէր հայի անցեալ պատմութիւնը ուրեմն և աւելի մօտիկ ճշմարտութեան, աւելի հեշտ ուսումնասիրելի։ Բայց հայոց ազգին այդպիսի բախտ չէր վիճակված․ Խորենացուն ընդօրինակում էին, բայց Խորենացու ոգին ոչ ոք չը ժառանգեց։ Ու ծերութեան հասակում շտապ-շտապ տեղեկութիւններ ժողոված, պատմութեան մի ուրուագիծ ստեղծած Խորենացին մնաց միակ հեղինակաւոր անձն հայ պատմագրութեան մէջ, միակ խոշոր մեծութիւնը, որի պակասութիւններն ու սխալներն անգամ նուիրագործվեցին, դարձան սրբազան ճշմարտութիւններ, բայց որի տաղանդն ու ոգին թէ առասպելի, թէ իրողութեան և թէ մոլորութեան մէջ—խոստովանենք այս-բոլորովին ինքնուրոյն ու գեղեցիկ են, մեր մէջ չը տեսնված, իրանց նմանը երբէք չունեցած։

Ահա այս հռչակաւոր գիրքն էր, տգիտութիւնն ու վայրենացումը թաղել էին մոռացութեան փոշիների մէջ և որը Թովմաս Վանանդեցին տպագրութեամբ վերակենդանացրեց XVII դարի վերջում: Թովմասը զգաց, որ «անտանելի աղետ» է Խորենացու գրքին վիճակված այդ մոռացումը. նա իր համար առանձին երջանկութիւն յայտարարեց այն, որ իր տպագրական գործունեութեան իբրև առաջին պտուղ տալիս է ազգին այդ պատմագրութիւնը: Ընթերցողին ցոյց տալու համար, թէ ինչ է նոր աշխարհ եկող այդ գանձը, նա դրեց գրքի վրա մի այսպիսի երկար վերնագիր սև և կարմիր տառերով. «Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան, յորինեցևալ ի Մովսեսէ Խորենացւոյ, յեռամեծ վարդապետէ յոգներախտ անզգայ,քերթողահօրէ ի խնդրոց Պայազատապետի Սահակայ Բագրատունւոյ: Հարազատ և բուն պատմութիւն նախնեացն առաջնոց, թագաւորաց, իշխանաց, նախարարաց և հայրապետաց Արամեան ազգին: Սկսեալ ի Հայկ Քաջէ, մինչև ց' Արտաշիր թագաւորն մեր»։ Բացի դրանից նա մի ոտանաւոր ներբող էր նուիրում քերթողահօրը, դնում էր տեղեկութիւններ նրա մասին և ի վերջոյ աղաչում էր ընթերցողներին սիրոյ և մեծարանքի առարկայ դարձնել «բազմահմուտ, աշխատասէր, ճշմարիտ զրոյցներ հաւաքող ու յայտնագործող» Խորենացուն:

Եւ հայոց պատմահայրը երախտապարտ չը մնաց այդ ուշադրութեան համար: Եթէ հայ գրականութիւնը դեռ այնքան անպատրաստ էր ու անզգայ որ իսկոյն չը ճանաչեց ու չը մեծարեց իր մեծ հեղինակին, դրա փոխարէն եւրօպացի գիտնականները ուշադրութիւն դարձրին Խորենացու վրա և իրանց քննութիւնների և հետազօտութիւնների առարկայ դարձրին նրան։ Մինչև այդ՝ հայ ազգը եւրօպացուն ներկայացել էր կամ իբրև մի կրօնական համայնք, որ ունէր իր դաւանական առանձնայատկութիւնները, կամ թէ իբրև հմուտ և ճարպիկ և մի և նոյն ժամանակ տգէտ վաճառական,որի ասածներին հաւատ չէր ընծայվում:Խորենացին Ամստերդամից գնաց ներկայացնելու հայերին իբրև պատմական ազգ, իբրև իր անկախութիւնը, իր քաղաքական դիրքը պահպանած մի հին ցեղ, որ շփվում էր Ասորեստանի, Պարսկաստանի, Հռօմի և Բիւզիանդիայի հետ: Մի քսան տարի չանցած՝ Խորենացին աղբիւր էր ծառայում գիտնական Շրօդէրին՝ լեզուաբանական և պատմական հետազօտութեան համար:Քիչ յետոյ գիտնական Լակրոզ և անգլիացի Վիստօն եղբայրները գրագրութիւն են սկսում միմեանց մէջ՝ Խորենացու առիթով, և որքան էլ Լակրօզ աննպաստ կարծիք ունէր հայ պատմագրի մասին, բայց սա արգելք չեղաւ, որ Վիստօնները թարգմանեն Խորենացին լատիներեն լեզուով և հրատարակեն Լօնդօնում: Այստեղից արդէն մի քայլ էր մնում, որ մեր պատմահայրը մտնէ այն անթիւ աղբիւրների շարքը, որոնցից մեծահռչակ անգլիացի պատմաբան էգուարդ Գիբբօն կազմեց իր երևելի «Հռօմէական պետութեան անկման և քայքայման Պատմութիւնը»։ Հայերը, Խորենացու շնորհիւ, տեղ գրաւեցին այս համաշխարհային պատմութեան մէջ իբրև մէկը այն բազմաթիւ ազգերից, որոնք գործողներ հանդիսացան Հռօմէական մեծ պետութեան անկման երկարատև դրամայի մէջ։

Եւ այս բոլորի սկզբնապատճառը Նուրիջանեանների ընտանիքն էր։ Շրօդէր հայերէն սովորեց Թովմաս եպիսկոպոսի մօտ, Վիստօն եղբայրները իրանց թարգմանութեան համար աջակցութիւն գտան լեզուագէտ և հմուտ Ղուկասից [116]։ Առհասարակ, Ամստերդամի հայ տպագրական փոքրի ընտանիքը աշխատում էր պատուաւոր դիրք բռնել եւրօպացիների մէջ իբրև մտաւոր գործերով հետաքրքրվող և մանաւանդ իբրև իր ազգը ներկայացնող մի խումբ։ Ղուկասը ծանօթացաւ գերմանական հռչակաւոր փիլիսօփայ Լէյբնիցի հետ, որի մօտ տարաւ նաև իր եպիսկոպոս հօրեղբօրը։ Լէյբնիցի մի նամակից իմանում ենք, որ Թովմասը հէնց սկզբից մտադրութիւն ունէր տեղափոխել իր տպարանը հայրենիք, Գողթան գաւառը [117]: Հայրենի գաւառը այնպիսի սիրով և կարօտով յիշատակող Թովմասի համար շատ գրաւիչ և գեղեցիկ մի միտք պիտի լինէր հեռաւոր Վանանդի մէջ տպարանական գործ սկսելը։ Սակայն դա մի երազ էր. Հայաստանի հողի վրա Գուտենբերգի գիւտը չէր կարող ապրել, ուր մընաց զարգանալ։ Եւ եպիսկոպոսը թողեց իր միտքը ստիպված եղաւ իր բուռն զգացմունքները զոհել տպարանի սէրին։

Նուրիջանեան տունը 1696-ին հրատարակում  է Թովմա Կեմպացու «Համահետևումն Քրիստոսի» անունով մեզ ծանօթ գրքի երկրորդ տպագրութիւնը. մի տարի ընդհատումից յետոյ լոյս է հանում «Նոր Կտակարան» և «Ձայնքաղ Շարական», ապա և «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց Հռօմայեցւոց, Ազարիայ, Հայոց, Հրէից և Տաճկաց» տօմարագիտական գիրքը։ 1690–ին տպագրվում է Մատթէոսի և Ղուկասի յօրինած «Դուռն իմաստութեան կամ Ոսկեայ դուռն դպրատան» անունով դասագիրքը՝ աշակերտներնեի համար։ Այդտեղ, բացի այբուբենից, կան քերականական գիտելիքներ, պատմուածքներ կենդանիների կեանքից, զանազան օգտակար տեղեկութիւններ, նոյն իսկ էժանագին բժշկական դեղերի ցուցակ, ինչպէս և անխուսափելի երազացոյց, գաղտնիքների գուշակող և այլն։ Վաճառականական պահանջների արդիւնքն, է նոյն 1699—ին հրատարակված «Գանձ չափոց, կշռոց, թուոց և դրամից բոլոր աշխարհի» գիրքը։ Ինչպէս վերնագիրն էլ ցոյց է տալիս, այդ գիրքը, որի հեղինակն էր Ղուկասը, բացատրում էր թէ աշխարհի զանազան կողմերում ինչ տեսակ չափեր, կշիռներ, դրամներ են գործ ածվում վաճառականութեան մէջ։ Բայց աւելի նշանաւոր է Ղուկասի մի այլ աշխատութիւնը՝ «Բնաբանութիւնն» անունով, որ տպագրվեց 1702 թւականին։ Դա հայերէն լեզուով առաջին բնական պատմութիւնն էր, որ բացաարում էր թէ ինչից են գոյանում ամպը, անձրևը, եղեամը, ձիւնը, կայծակը, գետնաշարժը և այլ այդպիսի բնական երևոյթները։  Այս հրատարակութիւնների արժանաւորութեան մասին կարիք չը կայ երկար խօսելու․ ինքն ըստ ինքեան հասկանալի է, թէ կրթական որպիսի լաւ ձեռնարկներ կարող էին լինել դրանք ժամանակակից խաւար ու անգէտ հայութեան համար։ Ամստերդամի տպարանը իր ձեռնարկած գեղեցիկ գործերի շարքը լրացրեց 1704 թւականինւ տպված մի աշխատութեամբ, որ ունի հետևեալ վերնագիրը․ «Յոգնադիմի ասաուածաբանական, բարոյական և քաղաքական իրողութեանց սահմանք»։ Մի հաւաքական աշխատութիւն, որ այբուբենական կարգով պատմում էր զանազան գիտելիքներ ինքնակըթութեան համար։ Այսպէս էլ ասում է գիրքը «Ով դպրոցում չէ սովորել կամ փիլիսոփայութեան ասպարէզում չէ կրթել իր անձը, եթէ այս «սահմանները» ուսումնասիրէ, մեծ գիտութեան կը տիրանայ»։ Սյնուհետե ապարանը դարձեալ անցնում է հոգեշահ և բարեպաշտական գրուածքներին։ 1704–ին Ղուկասը տպագրում է իր հեղինակած «Պաշտօն Աստուածային» գիրքը, որ պաատրագի մեկնութիւնն է, իսկ 1705–ին․ երկրորդ տպագրութեամբ հրատարակվում է Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն յերկինս» անունով թարգմանութիւնը, լատինացրած հայերէնի մի անճոռնի շեղջակոյտ, որ պիտի սովորեցնէր, թէ ինչպէս պէտք, է ապրել աշխարհում երկնաքաղաքացի դառնալու համար։

Այդ թւականից յետոյ գալիս է երկարատև անգործութեան մի շրջան։ Երևի Թովմաս, եպիսկոպոսի դրամական միջոցները սպառվել էին և այլ ևս չէր կարելի հրատարակութիւնները շարունակել։ Միւս կողմից ծերութիւնն ու հայրենիքի կարօտն էին պատճառ, որ երբ Շրօդէր գնաց Ամստերդամ՝ Նուրիֆանեանների մօտ հայերէն լեզուն սովորելու համար, եպիսկոպոսը արդէն պաարաստվում էր իր մարդկանց հետ հեռանալ Հօլանդիայից։ Շրօդէր վճիւեց Թովմասի հետ գնալ Հայաստան, բայց ճանապարհվելու միջոցին եպիսկոպոսը ծանր հիւանդացաւ և Շրօդէր ստիպված էր մենակ գնալ Արխանգելսկի վրայով Մոսկվա, ուր պիտի սպասէր Նուրիֆանէանների գալուն։ Սակայն Նուրիֆանեանների փոխարէն Մոսկվա հասավ. լուր` թէ Թովմաս եպիսկոպոսը վախճանվել է Ամստերդամում։ Շրօդէր վճռեց մենակ շարունակել ճանապարհը, բայց չը կարողանալով ստանալ թոյլտւութիւն ռուս կառավարութիւնից` Աստրախան գնալու համար, ստիպված եղաւ վերադառնալ Հօլլանդիա։ Այդտեղ մնում էր Ղուկասը, որի մօտ էլ գիտնական գերմանացին շարունակեց հայերէնի ուսումը։ 1711 թւականին նա տպագրեց իր «Արամեան լեզուին գանձ» (Thesaurus linguae Armenicae) ուսումնասիրութիւնը, որ մասամբ կարող է և հայերէն հրատարակութիւն համարվել, քանի որ ունի իր մէջ հայերէն շատ կտորներ, որոնք տպագրված են վանանդեցիների տառերով։ Այդ ընդարձակ աշխատութեան մէջ Շրօդէր լատիներէն լեզուով տեղեկութիւններ է տալիս հայերի և նրանց լեզուի ծագման է անցեալի մասին, իհարկէ, կրկնելով այն բոլորը տուել է Մովսէս Խորենացին։ Շրօդէր առաջինն էր, որ հայերէն լեզուն հնութեան կողմից նոյն, իսկ եբրայեցերէն լեզուից էլ նախապատիւ համարեց և ընդունեց, որ հայերէնը եթէ նոյի լեզուն էլ չէր, գոնէ անկասկած գոյութիւն ունէր աշատրակաշինութեան ժամանակ։ Այս միտքը XVIII դարում աւելի ես արծարծեցին Մխիթարեանները, որոնք այնքան առաջ գնացին, որ նոյն իսկ Ադամի լեզու յայտարարեցին հայերէնը։ Շրօդէր խօսեց նաև հայոց եկեղեցու դաւանութեան մասին, թարգմանելով «Խոսաովանիմք և հաւատամք» անունով աղօթքը մանրամասնր բացատրութիւեներով[118]։ Ամենից նշանաւոր հանգամանքն այն է, որ մինչդեռ հայ գիտունները արհամարհանքով էին վերաբերվում աշիւարհիկ լեզուին և սրբապղծութիւն էին համարում նրան ձեռք տալը, Շրօգէր գրաբարի քերականութեան հետ զբաղվեց և աշիսարհաբարի քերականութեամբ, նկաաի ունենալով գլխաւորապէս Գողթան գաւառի աշխարհաբարը, այսինքն այն, որ ամենից լաւ ծանօթ էը նրա ուսուցիչ Ղուկասին։ Աշիւարհաբարի մասին ճաշակ տալու համար հայագէտը զետեղել է իր գրքի մէջ երեք ընդարձակ խօսակցութիւններ, որոնց մէջ պատկերացած են հայ քահանան իր եկեղեցու ուղղափառութիւնը սլաշտպանելիս, հայ վաճառականը Ամստերդամում և վաճառականների խնջոյքը Ագուլիսում։ Երեք պատկերներն էլ գեղեցիկ նիւթեր են տալիս այն ժամանակվայ հայկական կեանքը ուսումնասիրելու համար։  Հեռատես և խորաթափանց եւրոպացին որքա՜ն բարձր էր հայ սխօլաստիկ հեղինակներից, որոնց համար իրականութիւն, ժողովրդական կեանք չը կար։

Շրօդէրի այդ գրքից մենք հարկաւոր ենք, համարում բերել այստեղ ջուղայեցի վաճառական Սաֆարի խօսակցութիւնը մի ֆրանսիացու հետ, որ տեղի է ունենում Ամստերդամ (մեր վաճառականները անուանում էին Մսրդամ) քաղաքում։ Շրօդէրը դրել է այդ խօսակցութիւնը իրրև գաւառական բարբառի նմուշ․ բայց նա մեզ համար շատ հետաքրքրական է և իբրև ջուայեցի հայ վաճառականի գորձունէութեան և հայեացքների նկարագրութիւն[119]։

Ֆանսիացի․ Ի՞նչ գլխաւոր սանիաթ հայոց մէջն։

Սաֆար. Ամենայն հասարակ սանիաթ մեր ազգին մէջն կայ, ինչպէս ասենք դերձիկ, գթակակար, րարուչկար, դալլաք, խառատ, դուրգեար, որմնադիր, ոսկերիչ, դարրին, ջուլհակ, ծրագիր, կազմարար, ծաղկարար, ներկարար, մագաղաթագործ, ապրշմագործ, զառրաֆ, նաջդաքու, սահաթսազ, ապագիր,բասմաչի, և այլ բազումս։

Ֆր․ հիմա շաղավաթ արա ձեր վաճառականների առ ու ծախսն ինձ ասա ինչ բաբաթ ապրանք, կու բանեցնեն ու ինչ երկիր կէրթան։

Սաֆ․ Մեր ազգի մէջն բարաթ բաբաթ բազրկան կան, որն երկրէն դուրս չեն գնալ մա դուքանումն նըսաած այլ և ամեն երկրի ճոթ կու ծախէ, որն Հնդկաստան, Արաբստան, Հռոմացտան, Ֆրանսիական, Ռուսաստան և այլ ուրիշ երկրի խրիդ կըբերին․ էստոնց մօտ ամէն բաբաթ ապրանք, կլնի, ջավայիր, մարգարիտ,  չուխա, չիթ, ապրշմեղէն, տան զիննաթ, ձեռագործ և այլ մանր մունր ապրանք։

Ֆր. Մա պարոն Սաֆար, ձեր վաճառականքն ինչպէս ճանապարհ կանեն այնքան ապրանօք էն ձեր մեծ և լայն տարած երկրուցե դէպի Հնդկաստան, Ռումելի, Արաբստան և այլ աշխարհ, չուն որ ձեր երկրումն ծով և նաւագնացութիւն չկայ։

Սաֆ․ Խիստ հեշտ և սաֆայով, զարա երբ որ շատվոր են և շատ ապրանք կայ, կարավան կու դառնան, և ունեն իւրեանց քեարնավրաշին, չավուշն է թֆանգչին,օսմէն փասաթովն ապրանքն ուղտերն է ձի կամ ջորի կու բառնան. Ախրեան, ձիաւոբ, ինչպէս մին մեծ օրդու կուգնան ու ամենրք քեարվանբաշու հրամաւն աստ կամ անդ իջևանեն. ունեն իւրեանց հետ ամէն թուրլու տեսակ թոշակ և զախիրայ ուտելիք ինչ տեղ որ կուզեն, վրան և չադիր կուտան, և իւրեանց պէտքն կամ կարիքն լի ալի կատարեն․ յետոյ խրեանց ճանապարհն յառաջ գնան։

Ֆր․ Զարմանալի ճանապարհ ա, և առաւել մեզ, որ չենք տեսել, մա էտ խօսքդ կարավան ինչ լեզու ակամանչ ասել։

Սաֆ․ Մեզ էլ մեծ զարմանք ա երբ որ նաւի հաքաթ կու լսենք։ Կարավան որ թուրքն քեարվան կասէն հայոց լեզու ա ասելն սաքի կարող վանելոյ, որ աշխարհօրէն կասեն ղարշու կենալու կարող։ Ես էլ Սպահանայ կարավանի հետ եկի Թարվէզ։ Տեղէն Արզրում, Թօխաթ, միջչև Իզմիրն և Իզմիրու նաւ մտայ, չորս ամսուցե հասանք Թասիլն․ ինչ տեղէ էս օր ինն օր ա որ քաղաք եմ մտել։

Ֆր․ Տեղս շա՞տ կու մնաս։

Սաֆ․ Պիտի մնամ մինչև որ ապրանքս ծախեմ, թէ որ ծախս հետացաւ, բեկերիս մօտ ապրանքս կը թողնում, կանեմէ Մոսկովի վերան Աստուծով տուն կերթամ։

Նուրիջանեանների ապարանքը նորից կենդանանում է 1711 թւին, տպագրելով Յովհաննէս վարդապետ Ջուղայեցու (երևի Մրքուզի) «Համառօտ Քերականութիւնը և Տրամաբանութիւնը»։ Այնուհետև մէկ էլ երկու տարուց յետոյ է նա սկսում մի քիչ կանօնաւոր կերպով գործել։ Թովմաս եպիսկոպոսը իր տպարանը և բոլոր կայքերը կտակել էր Ղուկասին, բայց, ինչպէս երևում է, փող չէր թողել․ ուստի նրա ժառանգը, ինչպէս ինքն է պատմում, մեծամեծ նեղութիւնների մէջ ընկաւ, պարտքեր արաւ․ Ղուկասը ամեն տեղ ողբում էր․ որ որբ մնաց եպիսկոպոսից յետոյ։ Որբ էր և տպարանը․ առաջվայ շուքը չը կայ այլևս, չէ երևում «միակ բուն հայ տպագիրն Մատթէոսը. այժմ Ղուկասին օգնում է պատանի Յովհաննէս Նուրիջանեան, երևի Ղուկասի եղբայրը կամ եղբօրորդին, որ գրաշարութիւն է անում։ Հայ տպարանը պահվում է բացառապէս ջուղայեցի և այլ տեղացի վաճառականների օժանդակութեամբ։ Հրատարակութիւնների արժէքն էլ ընկած է․ այժմ տպվում են եկեղեցական գրքեր (Սաղմոս, Ժամագիրք) և Ղուկասի կրօնական շարադրութիւնները։ 1713 թւականին նա տպագրում է իր «Հայելի Աստուածաշունչ հին կտակարանինն անունով աշխատութիւնը, որ պատմում է ս․ Գրքի բովանդակութիւնը համաձայն այն բացատրութիւնների, որ մշակել էր արևելեան աստուածաբանութիւնը։ «Նախերգանքի» մէջ Ղուկասը իր համար պարծանք է համարում, որ բացատրութիւնների մի մասը վերածել է ոտանաւորի և ասում է թէ գրքի մէջ կայ «աւելի քան հազար հինգ հարիւր զոյգ» ոտներ։ Բայց այդ ոտանաւորների մէջ մի առանձին բան չէ կարելի գտնել․ և առհասարակ Ղուկասը, իբրև կրօնական հեղինակ, նշանակութիւն չունի մեր գրականութեան մէջ։ Այսպէս, օրինակ, համարեա աննկատելի, մնաց նրա «Պատկերասէր Պատկերատևաց» գիրքը, որ տպվեց 1716 թւականին։ Աշխատութիւնը ցոյց է տալիս թէ որքան լաւ տեղեակ էր Ղուկասը թէ կրօնական գրքերին և թէ օտար լեզուներին, բայց գրուածքը կրում է սխօլաստիկ բնաւորութիւն, ապացուցանում է թէ պատկերները պէտք է պաշտել, թէ հրէական աւանդութիւնների մէջ եղած դէպքերը քրիստոնէական եկեղեցու պատկերն էին ներկայացնում, վիճում է հրէաների ու բողոքականների դէմ և այլն։

Այսպիսի աննշան գործունէութեամբ Ամստերդամի հայ տպարանը հասնում է 1717 թւականին, երբ Ղուկասը տպագրում է մի համառօտ Ժամագիրք վաճառականների համար ու դրանով էլ վերջ է դնում տպարանի գոյութեան։ Պարտատէրերը գրաւում են տպարանը և Վանանդեան նշանաւոր ընտանիքը կորչում է անյայտութեան մէջ՝ այնքան փայլուն գործեր կատարելուց յետոյ։ Տասներկու տարի անցնելուց յետոյ Մխիթար Սեբաստացին մի հայ վաճառականի միջոցով պարտատէրերից դնեց Նուրիջանեանների տառերի մայրերը և փոխադրեց Վենետիկ։ Այսպիսով Թովմաս եպիսկոպոսի տպարանը հայկական ամենահռչակաւոր տպարանի—Վենետիկի Մխիթարեան տպարանի—հայրն է[120]։Բայց եթէ չը մոռանանք, որ Թովմասի տպարանն էլ Ոսկանի տպարանից էր ծնվել, այն ժամանակ դուրս կը գայ, որ Ոսկանի հիմնած գործարանը այժմ էլ գործում է Եւրօպայում և Ս․ Ղազարի տպարանը իր նախահայր պիտի համարէ հայ առաջին ամենանշանաւոր տպագրիչին։ Հասնելով Ամստերդամի տպարանի վերջին, մենք հասած ենք լինում նաև XVII դարի տպագրական գործի վախճանին։ Այժմ մնում է մի ընդհանուր հայեացք գցել այդ ժամանակամիջոցի վրա։

——————————————————————————

Ո՛րքան տարբերութիւն դարի վերջի և սկզբի մէջ։ Սկզբում արիւնողող, աւերակների ծխի մէջ կորած Հայաստանն է փռված մեր առջև։ Կատարեալ վայրենացում, սարսափելի թանձր խաւար է տիրում աւերակների այդ կոյտի վրա։ Բայց մահի և արտասունքների թագաւորութեան մէջ նկատելի են ոտքի կանգնելու, առաջանալու ջանքեր։ Վերաշինվում են, որքան հնարաւոր է, աւերակները․ մտածում են և մտաւոր աւերանքների մասին։ Մեծ են այդ ջանքերը․ խաւար հոսանքները այնպէս են բռնացել ամեն տեղ, որ ամբողջ կէս դար կենդանութեան նշոյլներ շատ քիչ են երևում։ Լոյսը շատ նուազ ու երերուն է, իսկ գիշերը չափազանց երկար ու մեռելային։ Դարի երկրորդ կէսից իրականութիւնը մի քիչ մեղմանում է․ ժողովուրդը հարստահարութիւնների է միայն ենթարկված, կեղեքվում է, բայց և այդպէս բնաջինջ չէ դառնում, ապրելը շունչ քաշելը համեմատաբար հեշտ է։ Դրա համեմատ էլ մտաւոր գործն է սկսում կամաց-կամաց բարձրանալ անկման խորխորատից, այնպէս որ դարի սկզբում մի հասարակ այբբենարանից անգամ զուրկ հայը դարի վերջում ունենում է արդէն «Համատարած Աշխարհացոյցի» նման շքեղ ու բարձր հրատարակութիւն։

Տպագրութիւնը այդ կէս դարում անընդհատ զարգանում է թէ արուեստի և թէ տպած գրքերի ներքին արժանաւորութիւնների կողմից։ Այդ առաջադիմութիւնը ամբողջովին հայ գաղթականութիւնների գործն է և վաճառական դասակարգի ջանքերով է պահպանվում։ Տպագրութեան գործի այնպիսի տոկուն վաստակաւորներ ու նահատակներ, ինչպէս են Ոսկան վարդապետը և Թովմաս եպիսկոպոսը, յարատևութիւն են տալիս գործին: Հայ տպարանը դարձեալ թափառական է, ինչպէս նախորդ դարում, դարձեալ հեռու է մայր–հայրենիքից: Նրա հետ թափառում է և հայ գրականութիւնը, որ կամ Ամստերդամում է լոյս ընկնում ու իր վրա կենտրօնացնում ընդհանուրի ուշադրութիւնը, կամ Մարսէլում, կամ թէ Լիվօրնօի և Վենետիկի մէջ: Այս թափառական դրութիւնը մեր գրականութեան մի մշտական յատկութիւննէ դառնում։ Մինչև այդ՝ գրագիտութեան և դպրութեան տեղերը Հայաստանի վանքերն էին. բայց տպարանը հանում է դրականութիւնը մայր երկրից և տանում է իր հետ զանազան տեղեր, ուր կան հայ գաղթականութիւններ և ուր երկար կամ կարճ միջոցով վառվում է գրական լոյսը:

XVII դարի ընթացքում էլ՝ փոխվում է հայերէն գրքի ճակատագիրը․ նա դուրս է գալիս եկեղեցական պահանջների նեղ շրջանից, փորձում է աշխարհական ուղղութիւն, նոյն իսկ աշխարհիկ լեզու ընդունել: Այդ նոր հանգամանքները զարգանում են յետագայ երկու դարերի ընթացքում և մեր գրականութիւնը ստանում է նոր ընթացք։

Բացատրել վերակենդանութեան այդ բոլոր նշանները միայն պատահական երևույթներով, անհատների ջանքերով, ի հարկէ, չէ կարելի։ Ինքը կեանքն էլ առաջ մղող հանգամանքներ էր ստանում։ Հայ ազգը, իբրև Արևելքի մահմեդական լուծի տակ ճնշված մի քրիստոնեայ ժողովուրդ, պիտի ենթարկվէր նոր, անծանօթ հոսանքներին, որոնք ծնվում էին քաղաքական հանգամանքներից։ Ծագում էր ազատութեան արշալույսը, որ պիտի թարմացնէր ստրուկ ժողովուրդների արիւնը, ջարդէր ստրկական յուսահատ գաղափարները, ներշնչէր այնպիսի հասկացողութիւններ, որոնք բարձրացնում են հոգին, աւելի գործունեայ են դարձնում նրան, ստեղծագործական կրակ են հաղորդում նրան։ Գրականութիւնը, իբրև ժողովրդի հոգու ու մտքի արտադրութիւն, թարմանում է, կենսունակ է դառնում այն ժամանակ, երբ եռանդուն ու ոգևորիչ է ինքը կեանքը, երբ նրա առջև բացվում էն գեղեցիկ, յուսատու հեռանկարներ։ Հայոց կեանքի մէջ մտած այդ նոր հոսանքին մենք կը նուիրեն, հետևեալ գլուխները։

XVI

Կ. Պօլսի նուաճումը թիւրքերի ձեռքով. բիւզանդական արատներ. աղէտ ամբողջ քրիստոնէութեան համար. Առաֆել Բաղիօեցու ողբը: —Արևելեան քրիստոնեաների ակնկալութիւնները ցնորք չեն. Եւրօպա եւ թիւրքական նուաճումներըմ. խաչակրաց արօաւանքի ծրագիրներ. Նիկօլ V պապ։— Ազատարար արշաւանքները իրականանալու վրա են. Հունիադ, Բէլգրադի յաղթութիւնը Իսքէնդէրբէյ։ —Պիոս II-ի ջանքերը. Մոսկվայի պետութիւնը եւ նար վերաբերմունքը ղէպի յոյները եւ սլաւօնները. Ռուսաստանը—Բիւզանդիայի յաջորդ։ — Սուլթանները արհամարհում են եւրօպական ջանքերը. նրանց ոյժը, Կ. Պօլսի դիրքը, համաձայնութիւնը անհնարին է պետութիւնների մէջ։ —Առեւտրական ու քաղաքական շահեր եւ քրիստոնէութիւն. Ֆրանցիսկոս I. խաչի եւ կիսալուսնի դաշնակցութիւն։ — Արեւելեան հարցի նոր կերպարանքը․ նրան լուճողը այլ եւս խաչակիր արշաւանքները չեն. քաղաքական շահերի տարբերութիւն եւ պատերազմներ.ռայծան նշանակութիւն է ստանում։ —Արեւելեան քրիստոնեաները սկսում են պատրաստվել. յունական կլէֆտները եւ արմատօլները. ժողովրդական երգեր։— Հայդուկներ ս։աւօնական երկիրներում, սերբիական երգերը.— Դիմումներ եւրօպական պետութիւններին. հայրենասիրական բանաստեղծութիւն. համասլաւօնական գաղափար. Մոլդովիա եւ Ռուսաստան. յոյների ջանքերը. Պարթենիոս պատրիարքը կախաղան է հանվում. Թիւրքիայի,քայքայումը ակներեւ է։

1453 թւականի մայիսի 29-ի լուսաբացը մի ահաւոր աղէտ էր ամբողջ քրիստոնեայ աշխարհի համար։ Այդ ժամին օսմանեան թիւրքերը մտան Կ․ Պօլիս։ Դեռ արևը չէր ծագել, երբ քաղաքի պարիսպների մօտ, ներսի կողմում, բացվեց այսպիսի տեսարան։ Արաբական գեղեցիկ նժոյգ հեծած մի տղամարդ մի բուռն քաջերի հետ յարձակվեց ներս խուժող թիւրքերի ահագին բազմութեան վրա, և սկսվեց կոտորածը։ Ձին, վէրք ստանալով, ընկաւ, բայց ձիաւորը շարունակեց կռւել հետիոտն: Սակայն, օսմանեան հեղեղի դէմ կանգնել չէր կարելի. վերջապէս այդ անվեհեր տղամարդն էլ. գետին փռվեց և մի կարճ միջոցում կորաւ դիակների կոյտի մէջ:

Դա Կոնստանտին XIII կայսրն էր։ Տեսնելով որ ամեն ինչ կորած է և չը կամենալով մնալ կայսր առանց կայսրութեան, նա հերոսի մահ էր որոնում ենիչէրիների սրերի տակ։Մեռաւ կայսրը և նրա հետ մեռաւ Բիւզանդիան, արևելեան այն ահագին պետութիւնը, որ մօտ հազար տարի գոյութիւն էր պահպանել Բօսֆօրի չքնաղ ափերում, որ այնքան շլացնող փառք և վիթխարի արատներ էր ցոյց տուել աշխարհին․․․

Նոյն օրը Կ․ Պօլսում հասատավեց Բիւզանդիայի յաջորդը։ Կէսօրին մօտ, արիւնոտ մայրաքաղաքի դռներով մուտք գործեց երջանիկ յաղթողը։ Մէհէմմէդ երկրորդն էր դա, քսան երեք տարեկան մի հերոս, որի նախնիքները՝ այդ օրից 150—200 տարի առաջ Փոքր Ասիայի լեռներում թափառող մի աննշան խաշնարած ցեղի առաջնորդներն էին։ Ո՞վ կարող էր կարծել թէ այդ վայրենիներին է վերապահված հաստատ իշխանութիւն հիմնել Եւրօպայի հարաւ-արևելեան անկիւնում—մի բան, որ դարերից ի վեր չէր աջողվել Դարեհներին, Քսէրքսէսներին, սասանեան և արաբական աշխարհակալներին, արիւնըռուշտ Ալփ-Ասլաններին, մինչև իսկ «Աստուծու պատուհաս»։ Մայիսեան այդ խոնաւ առաւօտը (գիշերը յորդ անձրև էր եկել) Մէհէմմէդ երկրորդը սոսկ մի սպանութիւն չէր կատարում փառաւոր անցեալի տէր մի մեծ պետութեան վրա, այլ և լուծում էր հին, արիւնալից պայքարը․ —արևելեան հարցը այդ օրից մտնում էր մի նոր, աղէտալի կերպարանքի մէջ։

Բիւզանդիան էր սեփական արատների, թուլութեան և վաղուց պատրաստվող քայքայման զոհը դարձաւ։ Ինչպէս մի մարմին, որ սպառել է իր կենսական հիւթերը և կամակորութեամբ դիմում է դէպի գերեզման, Բիւզանդիան արհաւիրքների այդ ժամանակներում կեղեքվում էր ներքին երկպառակութիւններից․ գահի թեկնածուները կոյր, փառասիրական մրցութիւնների մէջ ոչ միայն չէին մտածում հայրենիքի բախտի մասին, այլ նոյն իսկ դիմում էին օսմանեան սուլթանների օգնութեան, և պատմութիւնը իբրև բիւզանդական ստորութեան և անբարոյականութեան փաստ՝ արձանագրել է այն հանգամանքը, որ կայսերական թագի համար կռւողներից մէկը, Կոնստանտին Կանտակուզէն, իր հակառակորդներին ոչնչացնելու համար, դաշինք կապեց սուլթան Օրխանի հետ և նրա հարեմն ուղարկեց իր Թէոդորա աղջկան։ Բիւզանդիայի հոգեվարքն էր․ թիւրքերը առանց դժուարութիւնների հասատավեցին եւրօպական հողի վրա և Ադրիանուպօլիսը մայրաքաղաք դարձնելով,սկսեցին նուաճումներ անել Բալկանեան րակղզում։ Բայց դեռ ամեն ինչ կորած չէր․ ահագին կայսրութիւնից մնացել էր մի փոքրիկ, բայց չքնաղ կտոր—Կ․ Պօլիսը։ Շատ շուտով Արևելքի այդ պերճ թագուհին, որի անունը հիացմունք էր պատճառում ամեն տեղ, կռուածաղիկ դարձաւ. թուլամորթ, անբարեխիղճ բիւզանդացի յոյների և ուժեղ ու ֆանատիկոս թիւրքերի մէջ:

Քանի տևում էր այդ հոգեվարքը, ոչ ոք չը կար, որ խղճար։ Արևմտեան քրիստոնեայ աշխարհը թողել էր Բիւզանդիան ճակատագրի կամքին. իսկ այն փոքրիկ կալուածներում, որոնք գեռ պատկանում էին Կ․ Պօլսին, ժողովուրդը տրամադիր էր աւելի թիւրքերին համակրելու, այնքան բռնակալ և հարստահարող էր բիւզանդական կառավարութիւնը։ Մնում էր հոգևորականութիւնը , որ կայսերական գահը դարձրել էր հարստանալու, տիրելու միջոց․ բայց նա էլ վերջին, օրհասական ժամերին երես էր դարձնում կայսրից։ Կ․ Պօլսի հազարաւոր վարդապետների մէջ արդէն կազմվել էր թիւրքասէր կուսակցութիւն, որովհետե Կօնստանտինը , պետութեան փշրանքները պահպանելու համար, հարկադրված էր եղել նորոգել Ֆլօրենտեան միութիւնը կաթօլիկ եկեղեցու հետ [121], իսկ սա այնքան սարսափելի էր յոյն մոլեռանդ կղերի համար, որ մինչդեռ Մէհէմմէդը դրսից պաշարել էր Կ․ Պօլիսը, ներսում հոգևորականները բացարձակ ասում էին. «Լաւ է թիւրքի չալման, քան կաթօլիկ եպիսկոպոսի խոյրը»։ Հռօմի պապը, ընդունելով բիւզանդական հպատակութիւնը, շտա ամենից առաջ իր եպիսկոպոսին ուղարկել Կ․ Պօլիս` ս․ Սօֆիայի տաճարում կաթօլիկ ծէսերը կատարելու համար․ իսկ նրա խոստացած՝ օգնական զօրքը այնպէս էլ չը հասաւ պաշարված մայրաքաղաքը։ Կօնստանտինը համարեա մենակ էրյոյները պարտք չէին համարում կուել. մինչեւ վերջին ժամը նրանք սպասում էին, որ երկնքից կիջնէ Աստուածամայրը մայրը և կը հալածէ թիւրքերին․ անբարոյականութիւնը այն աստիճանին էր հասել, որ ահագին քաղաքում միմիայն 7000 հոգի գտնվեցին, որոնք զէնք վերցրին՝ պարիսպները պաշտպանելու համար։

Չը նայած այս բոլորին, Կ․ Պօլսի նուաճումը ահեղ ցնցումներ պատճառեց քրիստոնեայ աշխարհին։ Երևացին բազմաթիւ ողբեր, որոնց մէջ Արևմուտքն ու Արևելքը ողբում էին քրիստոնէութեան այս սարսափելի պարտութիւնը։

Ողբացին և հայերը, թէև նրանք շատ վաղուց էին հեծում այն ստրկութեան մէջ, որին նոր էր ենթարկվում Բիւզանդական կայսրութեան խրոխտ ու արատաւոր մայրաքաղաքը։ Թւում էր, թէ հայերը արտասունք չը պիտի ունենային մի քաղաքի համար, որ դարերով իրանց կատաղի թշնամին էր եղել։ Քայքայման, սպանութեան որքան սև գործեր էր կատարել այդ Բիւզանդիան Հայաստանի մէջ։ Նա էր պատճառներից մէկը, որ թուլացաւ, ոչնչացաւ Արշակունիների թագաւորութիւնը․ նա էր, որ արաբական տիրապետութեան միջոցին կրօնական հալածանքների փոթորիկ բարձրացրեց հայերի մէջ։ Բագրատունի թագաւորութեան հոգեհան հրեշտակը հանդիսանալով, նա իր հարուածները ուղղեց և Կիլիկիայի դէմ, երբ այնտեղ հաստատվեց հայկական անկախութիւն։ Նրա հալածանքները չը դադարեցին և այն ժամանակ, երբ հայերը զրկվել էին սեփական իշխանութիւնից և մահմեդական բռնակալների ստրուկներ էին։ Բիւզանդիան երբէք, ոչ մի հանգամանքի մէջ, չը խղճաց հայերին․․․

Բայց և այդպէս, նրա թշուառ վախճանը հայերին չը յիշեցրեց Նաւում մարգարէին, որ ծափահարութեան արժանի էր համարում հրէական ազգին այնքան տանջանքներ պատճառած Նինուէի կործանումը[122] հայերը մոռացան անցեալը և անկեղծ կերպով ողբացին Բօսֆօրի ափերին տեղի ունեցած ահագին աղէտը։ Հայ ողբասացներից մէկը, Առաքել բաղիշեցի, որ ապրում էր XV դարում և գուցէ նոյն իսկ ականատես է եղել Կ․ Պօլսի դժբախտութեան, իր հառաչանքները վերջացնում էր ապագայի գեղեցիկ յոյսերով․ նա հաւատում էր, որ Բիզանդիան պիտի վերանորոգվի և զատվի թիւրքաց բռնակալութիւնից։ Ահա ինչպէս պիտի կատարվի այդ յոյսը․

Ցորժամ ֆրանգաց ազգըն շարժին

Կամօք անմահ թագաւորին,

Որ և յառաջ զայս ասացին

Սուրբ հայրապեաքն ասաուածային,

Որ սուրբ հոգւովրն իտօսեցին

Եւ ըզ գալոցն սլատմէին,

Վասն գալոյ ֆըռանգ ազգին

Ի ժամանակս յաւուրն յետին:

Ամենեքեան առհասարակ

Արիական ազգըն շարժին,

Յորդորելով ըզ ամենեսին

Աստուածառաք պատերազմին։

Գայցեն ծովով և ցամաքով

Որպէս զաւազ որ ոչ թուին,

Որպէս առիւծ մռնչելով

Ի յայլազգիս համարձակին:

Նախ զՍտամբօլ քաղաքն առնուն

Ամենազօր կամօք Փրկչին,

Ապա յառաջ համարձակին

Եւ ի բոլոր աշխարհ սփռին:

Եւ սա բանաստեղծական ցնորք չէր...

Այս ակնկալութիւնը կար և ապրում էր մահմեդական լուծի տակ տանջվող քրիստոնեայ ազգերի մէջ և հիմնված էր իրական փաստերի վրա։ Ֆրանգստանը այսինքն Եւրօպան, խաչակիրների ութ արշաւանքներով ցոյց էր տուել, որ ինքը անտարբեր չէ դէպի նոյն իսկ Փոքր-Ասիայի, քրիստոնեաների վիճակն անգամ։ Իսկ երբ իրողութիւն դարցաւ, որ օսմանեան թուրքերը հաստատվել են Բալկանեան թերակղզում, Եւրօպան հասկացաւ, որ քաղաքական մեծ անհրաժեշաութիւն է նրանց նորից վռնդել Ասիա. այդ նպատակով նա երկու անգամ խաչակիր արշաւանքներ հանեց, որոնք, սակայն, առողջութիւն չունեցան. թիւրքերը շատ պինդ էին նստել Եւրօպական հողի վրա, թէև քրիստոնեայ զինուորութիւնը արիաբար էր կռւում նրանց դէմ։ Պատերազմական վերջին արիւնահեղ գործողութիւնները տեղի ունեցան Կ.Պօլսի նուաճումից մի քանի տարի առաջ (1444 և 1448 թւերին). կաթօլիկ կղերը կռւում էր խաչակիր զօրքերի շարքում և Վիդդինի արիւնահեղ, բայց քրիստոնեաների համար դժբաղդ պատերազմի մէջ զինւորի մահ գտան մի քանի եպիսկոպոսներ: Կ․ Պօլսի գրաւումը այն սոսկալի հարուածն էր, որ կիսալուսինը հասցնում էր Խաչին։ Նա սարսափ և ցնցում տարածեց ամեն տեղ․ արևելեան հարցի նոր կերպարանքը, Եւրօպայի համար մի խեղդող իրականութիւն էր դառնում, զինված իսլամը սպառնում էր տնկել իր ահաւոր դրօշը արևմտեան աշխարհի սրտում։ Օսմանցիներին Եւրօպայից վռնդելու հարցը աւելի ևս ստիպողական, հրատապ հարց էր դառնում։ Մէհէմմէդ II-ի Կ․ Պօլսում հաստատվելուց չորս ամիս յետոյ Նիկօլայ V պապր հրատարակեց կոնդակ մի նոր խաչակիր արշաւանքի մասին թիւրքաց սուլթանի, «երկրորդ Սենեքերիմի» դէմ։ Նա համոզում էր քրիստոնեայ թագաւորներին միանալ, սահմանում էր տասանորդ եկեղեցական բոլոր արդիւքներից, խաչակիրներին մեղքերի թոդութիւն էր խոստանում։ Թիւրքերի դէմ պատերազմ սկսելու միտքը սկսեց արծարծվել Գերմանիայում, ուր յատուկ ժողովներ գումարվեցին գերմանական իշխանների ներկայացուցիչներից և հոգևորականներից։ Ամենքը զգում էին, որ անհրաժեշտ է կռիւ յայտարարել կիսալուսնին, բայց ահագին մեծամասնութիւնը հաստատում էր, որ այդ պատերազմը սկսելուց առաջ անհրաժեշտ է բարեկարգութիւններ մտցնել եկեղեցական գործերի մէջ։ Հարցը ձգձգվեց և մինչև բաւարար լուծում ստանալը` Նիկօլայ V մեոաւ, խորտակված այն վշտից, որ պատճառել էր նրան Կ․ Պօլսի անկումը։ Բայց թիւրքերի դէմ պատերազմ մղելու միտքը այնուհետև դարձաւ մի պարտաւորութիւն, որ կարդինալների ժողովը դընում էր իւրաքանչիւր նոր ընտրվող պապի վրա[123]:

Նուաճված յոյներին մնում էր ապագայի յոյսը։ Արևմտեան Եւրօպայի յուզմունքը մի առաջնորդ էր նրանց համար, որ ցոյց էր տալիս թէ երկար չը պիտի տևէ 1453-ի մայիսի 29-ին հաստատված արիւնոտ իրականութիւնը։ Պատմագիր Ֆրանցա, նկարագրելով Կ. Պօլսի և Յունաստանի նուաճումը, գուշակում էր, որ թիւրքաց սուլթանները միայն 365 տարի գոյութիւն կունենան[124]: Մարգարէական գուշակութիւններ արին և Լևոն Իմաստունը, Մեթօդիոսը, Ագաթանգելոսը և ուրիշները. սրանք ասում էին թէ կը գայ մի ազգ, որ կը յաղթէ իսմայէլացիներին ու կազատէ Կ. Պօլիսը[125]։ Ահա այսպիսի գուշակութիւններն է ակնարկում Առաքել Բաղիշեցին։ Ժողովուրդը, գոնէ նրա այն մասը, որ հասկանում էր հայրենիքին վիճակված դժբաիտութեան ամրոզծ ծանրութիւնը, հաւատում էր այդ գուշակութիւններին, պահում էր նրանց իր սրտի մէջ իբրև միակ մխիթարութիւն։ Իսկ Եւրօպան շարունակ թելադրում էր Նրան, որ այդպէս էլ հարկաւոր է, որ պէտք է յուսալ և սպասել։

Նիկօլայ V-ի յաջորդ Կալիկստոս III ծերունի պապը եռանդուն պատրաստութիւններ էր տեսնում թիւրքերի դէմ պատերազմ սկսելու համար․ նա չնչին գնով վաճառեց իր նախորդի հաւաքած գեղարուեստական գործերը, դադարեցրեց նրա սկսած փառաւոր շինութիւնները, որպէս զի միջոցներ ունենայ իր նուիրական միտքը իրագործելու համար։ Կաթօլիկ հոգևորականութիւնը ամեն տեղ բորբոքում էր թագաւորներին և նրանց հպատակներին իր քարոզներով։ Մի քանի թագաւորներ, այդ կրակոտ հրաւէրների ազդեցութեան տակ, իրանց ուսերի վրա կարեցին կարմիր խաչեր, բայց շարժումը մեծ չափեր չընդունեց. արքունիքները, բարձր դասակարգը անտարբեր մնացին։ Եւ սակայն որպիսի յարմար միջոց էր Եւրօպան ձեռքից փախցնում։ Օսմանեան բռնապետութիւնը ունէր իր սահմանների վրա երկու անողոք թշնամիներ, երկուսն էլ քրիստոնեայ, երկուսն էլ մեծահռչակ հերոսներ, որոնք շատ անգամ ջարդել էին անպարտելի համարվող թիւռքեռին՝ Դրանցից մէկը Ունգարիայի կառավարիչ Եանուշ Հունիադն էր, միւսը Ալբանիայի իշխան Իւրի Կաստրիօտ, որին թիւրքերը անուանում էին Իսկէնդէր-բէկ։

Մաջար հերոսը ոչ միայն ոգևորում էր իր զօրքերը և տանում նրանց ենիչէրիների ահեղ բանակի դէմ ու մեծ յաղթութիւններ տանում (նա միայն մի անգամ յաղթվեց թիւրքերից), այլ և ջերմապես հրաւիրում էր արևմտեան ազգերը միանալ, օգնութիւն ուղարկել, որովհետև թիւրքերին Եւրօպայից վռնդելը քրիստոնեայ ազգերի ոչ միայն շահն է պահանջում, այլ և պատիւը:Սակայն հերոսի աւազակներն էլ արձագան չէին գտնում Եւրօպայում. այստեղ իւրաքանչիւր խոզ իր մանր մունր գործերով, ներքին պատերազմներով ու վէճերով էր զբաղված։ Այդ է պատճառը, որ պապի հրաւէրները, հոգևորականութեան քարոզներն էլ անպտուղ էին մնում և հունիադ չնչին ուժերով էր մղում իր հերոսական պատերազմները։ Միայն ֆրանցիսկեան վարդապետ Կապիստրանօ կարողացաւ իր պերճախօս քարոզներով հաւաքել Գերմանիայում 60,000 մարդ և տանել հունիագի մօտ։ Այդ խաչակիր բանակը բաղկացած էր հասարակութեան տականքներից— զանազան բախտախնդիրներից, փախստականններից վատ բարքի տէր քաղաքացիներից։ Բայց մաջար հերոսի ռազմական տաղանդը կարգ ու կանօն հաստատեց այդ խառնիճաղանճ ամբոխի մէջ։ Հունիադ, ունգարական զօրքերի և այդ ամբոխի գլուխն անցած դուրս եկաւ Կ․ Պօլիսը նուաճողի դէմ, որ 150,000 ընտիր զօրք, ունէր իր հրամանի տակ։Բէլգրադի շուրջր բոլորվեց պատերազմ, քրիստոնեաները այնքան սարսափելի ջարդ տուին օսմանցիներին, որ Մէհէմմէդը կատաղած՝ կռւի մէջ մտաւ․ բայց ստանալով ծանր վէրք, այդ Հռչակված աշխարհակալը ստիպված եղաւ յետ քաշել իր զօրքերը ու այնուհետև ամեն անգամ, երբ հիշում էր, որ իրան այդպէս չարաչաք.յաղթողը դէսից-դէնից հաւաքած մարդկանց և վարդապետների մի բանակ էր, ամօթից կատաղում էր։

Բէլգրագի փառաւոր յաղթութիւնից յետոյ Հունիադ դարձեալ օգնութեան կանչեց արևմտեան թագաւորներին․ նա յոյս ունէր, որ քրիստոնեայ երկիրները վեց ամսում յետ կը խլվեն իսլամի ճանկերից և Եւրօպայում այլ ևս մի հատ թիւրք չի մնայ։ Թէև ամեն տեղ հիացմունք էր պատճառում Հունիադի յաղթութիւնը, բայց և այդպէս, ոչ ոք տեղից չը շարժվեց նրան օգնելու և հերոսը վարակվելով մի ծանր հիւանդութիւնից, մեռաւ Կապիսարանօ վարդապետի գրկում (1456)։ Մնաց միւս, աւելի մեծահռչակ հերոսը, ալբանացի Իսքէնդէր-բէկը։ Այս մարդը իր խելքի ոյժով, իր քաջութեամբ միացրեց ալբանական ցեղերը, հայրենասիրական զգացմունք ներշնչեց այդ կոպիտ լեռնցիներին և Ալբանիան համաշխարհային դեր էր կատարում։ Զուր էին թիւրքերի բազմաթիւ փորձերը։ Մէհէմմէդ II շատ անգամ յարձակումներ գործեց, բայց հանդիպեց նոյն հերոսական դիմադրութեան, որը կոտրել չէր կարողացել և նրա հայր Մուրադը․ նրա զօրքերը յաղթվում էին, այնպէս որ վերջ ի վերջոյ օսմանցի աշխարհակալը ստիպված էր ճանաչել Ալբանիայի անկախութիւնը։

Իւրի Կաստրիօտ բաւականանում էր իր Ալբանիան պաշտպանելով․ նա չունէր Հունիադի լայն ծրագիրները՝ թիւրքերին Եւրօպայից վռնդելու մասին։ Բայց և այդ նեղ սահմանների մէջ հերոսը դարձել էր քրիստոնեայ աշխարհի պարծանքը, իսկ երբ Հռօմի գահը բարձրացաւ Պիոս || պապը, Իսքէնգէր-բէկը հրաւէր ստացաւ խաչակիր զինուորութեան գլուխն անցնելու։ Ալբանիայի իշխանը չը հրաժարվեց այդ մեծ և պատասխանատու պաշտօնից, բայց երկար և ապարդիւն կերպով սպասեց Եւրօպայի խաչակիրներին։

Պիոս II իր նախորդի նման ոչինչ ջանք չը խնայեց սրբազան պատերազմ սկսելու համար։ 1459 թւին նա վեհաժողով հրաւիրեց Մենտեուա քաղաքը՝ այդ պատերազմի մասին թագաւորների և իշխողների մէջ համաձայնութիւն կայացնելու համար։ Բայց եւրօպական անտարբերութիւն այս անգամ էլ եկաւ ցոյց տալու, որ խաչակրական արշաւանքների ժամանակը անցել է անդառնալի կերպով։ Մենտուայի ժողովը սակաւամարդ էր․ Քրիստոսի փոխանորդի հրաւէրը ընդունել էին միայն մի քանի իտալական և գերմանական մանր թագաւորներ և մի քանի դեսպաններ։ Ժողովին նախագահում էր պապը, և բացվեց մի տեսարան, որ այնքան սովորական դարձաւ այնուհետև արեւելեան հարցի պաատմութեան մէջ։ Եղան փայլուն ճառախօսութիւններ, որոնց մէջ յայտնվում էր ատելութիւն դէպի թիւրքերը։ Բայց չեղաւ մէկը, որ պատրաստականութիւն յայտնէր իսկոյն զօրք հանելու կամ գոնէ մի որ և է նուիրատւութիւն անելու յօգուտ խաչակիր արշաւանքի։ Դա եւրօպական առաջին կօնգրէսն էր, Յունաստանն ու Բօսնիան ուղարկել էին նրան իրանց աղաչաքններն ու հեծեծանքները, բայց դրանք չը փոխեցին ժողովի տրամադրութիւնը։ Պապը, այնուամենայնիւ, չը յուսահատվեց։ Նա կոնդակ հրատարակեց հրաւիրում էր քրիստոնեաներին զինվել մահմեդականների դէմ և այդ նպատակով տասանորդական հարկ դրեց քրիստոնեաների և նոյն իսկ հրէաների վրա։ Կոնդակը նոյնպէս աջողութիւն չունեցաւ․ այն ժամանակ Պիոսը մի երկար գրութեամբ դիմեց Մէհէմմէդ II–ին, համոզելով նրան ընդունել քրիստոնէութիւն և իր կողմից խոստանալով ճանաչել նրան, մկրտութիւնից յետոյ, Կօնստանտին XIII–ի յաջորդ և Բիւզանդիայի կայսր։ Այս դրութիւնը ամենից լավ բացատրում է թէ Հռօմի պապերը ինչպէս էին հասկանում արևելեան հարցը։ Դա քրիստոնէութեան հարց էր, և եթէ Օսմանի գոռոզ ժառանգը, որ իր յաղթութիւնների համար ստացել է Ֆաթիհ (յաղթող) անունը, ընդունէր իրան ուղարկված հրաւէրը՝ քրիստոնեայ մկրտվելով, ի հարկէ կաթօլիկ եկեղեցու ծէսով, այնուհետև ամեն ինչ վերջացած կը համարվէր և այլ ևս ոչինչ վտանգ ու անյարմարութիւն չէր լինի, որ օսմանցիները նստել են եւրօպական հողի վրա։ Եթէ Կ․ Պօլսին վիճակված էր նորից իր մէջ ունենալ մի քրիստոնեայ կայսր, Պիոս II կը կամենար, որ այդ կայսրը լինի մի կաթօլիկ թիւրք, պապի հովանաւորութեան տակ, և ոչ թէ մի օրթօդօքս յոյն[126]։ Այսպէս, ուրեմն, Հռօմի համակրանքները դէպի արևելեան քրիստոնեաները ամենից առաջ և ամենից շատ կաթօլիկ պրօպագանդայից էր բղխում։ Բայց Մէհէմմէդ Ֆաթիհը համոված էր, որ առանց կրօնափոխութեան և առանց պապի հաճութիւնը ստանալու էլ կարելի է տիրել Բիւզանդիայի աւերաէլների վրա։ Տեսնելով, որ իր դիմումը ապարդիւն է, Պիոս II պատերազմ յայտարարեց թիւրքերի դէմ, գլխաւոր հրամանատար նշանակելով Իսքէնդէր-բէկին։ Նա գնաց Անկօնա, ուր սպասում էր, թէ երբ կը պատրասավի նաւատօրմը` կուի գնալու։ Բայց հէնց այդտեղ էլ վախճանվեց և նրան ուղեկցող կարդինալները վերադարձան Հռօմ` նոր պապ ընտրելու համար, որի վրա պարտք պիտի դնէին շարունակել պատերազմի պատրաստութիւնները։

Եթէ կրօնական զգացմունքները այնքան թոյլ էին, որ պապերի կոչերը չէին կարողանում բորբոքել արևելեան քրիստոնեաների սպասած «Աստուածառաք պաաերազմը», կար համակրութեան մի ուրիշ կապ, որ աւելի հիմնաւոր էր, աւելի երկարատև։ Դարի առաջաւոր հոսանքները ստեղծել էին մի վառ հելլէնասիրութիւն, որ գնալով ծաւալվում էր ամեն տեղ և մանում էր բոլոր շրջանների մէջ։ Թիւրքական նուաճումները հարկադրեցին զարգացած յոյներին թողնել իրանց դժբախտ հայրենիքը և անցնել Իտալիա, տանելով իրանց հետ իրանց կլասիկներին։ Այդտեղ փախստականները բացին դպրոցներ, ուսուցիչ հանդիսացան ու սկսեցին արծարծել հեթանոսական Ելլադայի մաքուր լոյսը։ Հումանիստները, դասական գրականութեան և արուեստների այդ ոգևորված աշակերտները, որոնք իրանց ժամանակի ամենահեղինակաւոր մարդիկն էին, մեծ կսկիծով էին յիշում, որ Հոմերոսի, Ֆիդիասի, Պերիկլէսի Արիստօտէլի չքնաղ հայրենիքը մատնված է ասիական բարբարոսների իշխանութեան։ Ինչպէս մի ժամանակ խաչակիրները վառված էին Քրիստոսի գերեզմանը ազատելու մտքով, այնպէս էլ վերածնութեան դարերի կրթված մարդուն ոգևորում էր այն հողի ազատութիւնը, որի վրա մի ժամանակ ապրել և գործել էին այնքան անմահներ։

Սակայն հելլէնասիրութիւնն էլ բավականանում էր միայն պլատօնական բարի ցանկութիւններով, որոնք, որքան, էլ վառ և անկեղծ լինէին, չէքն կարող սասանեցնել Օսմանեան պետութեան հիմքերը։ Աւելի իրական և ծանրակշիռ էին թըւում այն յոյսերը, որ զարթեցնում էր Ռուսաստանը։ Հիւսիսային այս պեաութիւնը դեռ այնքան թոյլ էր և չը կազմակերպված, որ դեռ չէր կատարում եւրօպական գործերի մէջ, բայք կարևորութիւն էր ստանում Կ. Պօլսի նուաճումից յետոյ։ Ռուսաց պետութիւնը Բիւզանդիայի պտուղն էր․ յոյներից էին ռուսները վերցրել քրիստոնէական հաւատը, յոյներն էին ռուս ժողովրդի ուսուցիչները կրօնական գործերի, գրականութեան, քաղաքակրթական հարցերի մէջ։ Այն օրվանից, երբ Բիւզանդիան փչեց իր վերջին շունչը, Մօսկօվեան թագաւորութիւնը մնաց միակ յունադաւան երկիրը, որ ազատ էր ու անկախ։ Բնականաբար, այդ պետութիւնն էլ պիտի իրան համարէր Բիւզանդիայի միակ ժառանգը։

Այս գիտակցութիւնը այնքան արմատացաւ ռուս ժողովրդի մէջ, որ շատերը սկսեցին նոյն իսկ հաստատել թէ Մօսկվան երրորդ Հռօմ է։ Այդ բանը այսպէս էին փաստաբանում․ Հռօմում չը կայ թագաւոր, և որպէս տիեզերական քրիստոնէութեան մայրաքաղաք նա կորցրել է իր նշանակութիւնը դեռ VIII դարից, երբ արևմտեան և արևելեան եկեղեցիները բաժանվեցին երկրորդ. նոր Հռօմը, այսինքն Կ․ Պօլիսը, թիւրքաց նուաճումից յետոյ չէ կարող համարվել օրթօդօքսութեան գլուխ, քանի որ այնտեղ այլ ևս չը կայ թագաւորական իշխանութիւն։ Բիւզանդական սիստեմը թագաւորական գահի և եկեղեցու միութիւնն էր հաստատել և թագաւորին ճանաչում էր եկեղեցու գլուխ։ Յունական եկեղեցին ամբողջ տիեզերքում ճանաչում էր մի հատ թագաւոր և դա Կ․ Պօլսի թագաւորն էր․ մնացածները, նրա կարծիքով, բռնութեամբ են իւրացրել թագաւորի տիտղոսը։ Քանի կանգուն էր Բիւզանդիայի կայսերական գահը, նոյն իսկ Ռուսաստանը եկեղեցական կողմից համարվում էր Բիւզանդիայի կալուածք։ Եւ երբ ոուսաց մեծ իշխաններից մէկը փորձեց ազատել ոուսաց եկեղեցին այդպիսի կախումից, Կ․ Պօլսի յոյն պատրիարքը գրեց նրան․ «Անկարելի է, որ քրիստոնեաները ունենան եկեղեցի, բայց չունենան թագաւոր, որովհետև թագաւորութիւնը և եկեղեցին սերտ կերպով կապված են իրար հետ և անհնարին է բաժանել նրանց իրարից»[127]: Դա մի սկզբունք էր, որ գալիս էր ծառայելու ռուսներին այն ժամանակից, երբ Կ․ Պօլսում այլ ևս չը մնաց քրիստոնեայ թագաւոր։ Նշանակում էր, որ այնուհետե եկեղեցին պիտի իր գլուխ ճանաչէր Մօսկվայի թագաւորին։ Յայտնի է, որ մեծ իշխան Իվան III ամուսնացաւ Սօֆիա Պալէօլօգի հետ, որ Կօնստանտին XII-ի եղբօր աղջիկն էր և Բիւզանդիայի կայսերական տան վերջին ժառանգը։ Այդ ամուսնութիւնը տեղի ունեցաւ քաղաքական նպատակով։ Վենետիկի ծերակոյտը առաջարկում էր այդ ամուսնութիւնը իբրև մի միջոց ժառանգելու բիւզանդական կայսրութեան իրաւունքները․ և Ռուսաստանում հէնց այդպէս էլ ընդունվեց Սօֆիայի ամուսնութիւնը, որից յետոյ ռուսաց պետական նշանադրոշմի հետ միացաւ բիւզանդական երկգլխեան արծիւը․ ռուս եկեղեցին ստացաւ անկախութիւն, իսկ ռուսաց Ցարը այդ եկեղեցու վերաբերմամբ բռնեց բիւզանդական կայսրի տեղը այսինքն դարձաւ եկեղեցու գլուխ և ներկայացուցիչ։

Այսքան ամուր էին այն կրօնական, քաղաքական և կուլտուրական կապերը, որոնք կապում էին ռուսներին յոյների հետ։ Ռուսների մէջ ժողովրդականացած էր այն միտքը՝ թէ իրանց է վերապահված աղատել օրթօդօքսութիւնը իսլամի ծառայութիւնից և նորից քրիսատոնէական խաչ տնկել Սօֆիայի մզկիթի վրա։ Բայց եթէ յոյները միայն կրօնական կապերով էին միացած Ռուսաստանի հետ, թիւրքաց, տիրապետութեան տակ կային և այնպիսի ազգեր, որոնց միացնում էին նոյն հիւսիսային պետութեան հետ բացի կրօնից նաև ցեղային ծագումը, լեզուն։ Դրանք Բալկանեան թերակղզու սլաւօն ազգերն էին։ Արևմտեն հելլէնասիրութիւնը ի նկատի ունէր միայն յոյներին, մինչդեռ Ռուսաստանը փրկիչ էր համարվում թէ յոյների և թէ եւրօպական Թիւրքիայի բոլոր միւս քրիստոնեայ ազգերի կողմից։ Թէև Ռուսաստանը դեռ այնպիսի դրութեան մէջ չէր, որ կարողանար շօշափելի գործերով ցոյց տալ իր դաւանակից և ցեղակից ազգերին իր կոչումը, բայց պահպանում էր նրանց հետ յարաբերութիւններ, վառ էր պահում ճնշվածների յոյսերը ապագայի վերաբերմամբ։ Արդէն XVI դարի երկրորդ կէսում, ինչպէս գրում էր Վենետիկի դեսպանը իր կառավարութեան, թիւրքաց սուլթանները վախենում էին Ռուսաստանից, որովհետև Բօլգարիայի, Սերբիայի, Բօսնիայի, Յունաստանի ժողովուրդները պատրաստ էին զէքնք վերցնել և ապստամբվել՝ թիւրքաց լուծը թօթափելու և Մօսկվայի իշխանութեան հպատակվելու համար[128]:

Ահա այս բոլոր հանգամանքները այնքան ծանրակշիռ էին դարձնում Ռուսաստանի կոչումն ու դերը արևելեան հարցի լուծման մէջ, որ Եւրօպան սկսեց համոզմունք կազմել թէ առանց Ռուսաստանի մասնակցութեան չէ կարելի ազատել քրիստոնեաներին թիւրքաց լուծից։ Ինքը Եւրօպան սկսեց ռուսներին մտցնել արևելեան գործերի մէջ, և ամեն անգամ, երբ Արևմուտքում ազատարար պատերազմի միտք էր ծագում, Ռուսաստան էին ուղարկվում դեսպանութիւններ, որոնք համոզում էին Մօսկվայի տիրողներին միանալ պատրաստվող արշաւանքին և միասին կռւել Թիւրքիայի դէմ։

Ի՞նչպէս էր վերաբերվում Թիւրքիան այն ջանքերին, որ գործ էր դնում քրիստոնեայ աշխարհը նրա դէմ։ Թիւրքաց սուլթաններին, ի հարկէ, շատ լաւ յայտնի էր, որ Եւրօպայի տենչանքն .է Ասիան վերագարձնհլ օսմանցիներին։ Այդ բացարտձակ իրողութիւնը նրանց առջև էր այն օրից, երբ Օսմանի դրօշակը անցաւ Եւրօպա և քրիստոնեայ ազգերի դիակների վրա հիմնեց զինուորական բռնապետութիւն։ Բայց սուլթանները ունէին ոչ միայն ոյժ, այլ և հանճարեղ կանխատեսութիւն․ նրանք ըմբռնել էին, որ քրիստոնեայ ազդերը չեն կարող մի ահաւոր միութիւն հանել օսմանցիների դէմ, նրանք, հասկացել էին, որ քաղաքական ձգտումները, դաւանական տարբերութիվնները միշտ մրցութիւն, նախանձ և անհամաձայնութիւն կը ստեղծեն եւրօպացիների մէջ։ Կ․ Պօլսի նուաճումը միանգամայն ապահովում էր այդ դրութիւնը։ Բիւզանդական հռչակաւոր մայրաքադաքը ոչ միայն տալիս էր օսմանցի նուաճողներին Եւրօպայի, Ասիայի և Աֆրիկայի վրա տիրապետելու մի գեղեցիկ դիրք, այլ և ստեղծում էր օսմանեան գահի համար մի միջազգային երջանիկ դրութիւն, որ ամեն տեսակ զօրքերից ու զէնքերից տասնապատիկ աւել ապահովութիւն էր իբրև գոյութիւվն պահպանելու միջոց։ Արևելեան հարցը Կ․ Պօլսի անկումից յետոյ ստացաւ այն կերպարանքը, ինչ ունի և այժմ։ «Ամեն մի խաչակիր դաշնակցութեան բոլոր մասնակցողները-ասում է Գերվինուս[129]-պաարաստ էին պահանջել իրանց բաժին որսը և երբէք չէին համաձայնվի տալ իրանցից մէկին գլխաւոր բաժինը»։ Իսկ գլխաւոր բաժինը Կ. Պօլիսն էր։ Համաձայնութիւն կարող էր կայանալ Թիւրքիայի այս կամ այն կը կտորի վերաբերմամբ, բայց թէ ինչ պէտք է անել Կ.Պօլիսը-այդ մասին լռում էր Պիոս II պապը Մենտուայի ժողովում. ինչպէս XIX դարի սկզբում Նապօլէօն I, դաշնակցութիւն առաջարկելով Ալէքսանդր կայսրին, ոչինչ չասաց, երբ կրկնվեց նոյն հարցը Կ. Պօլսի մասին։ Ահա այս կէտը, որի վերաբերմամբ համաձայնութիւն կայանալ չէր կարող պետութիւնների մէջ, Թիւրքիայի փրկութեան խարիսխն էր դառնում։ Կ. Պօլիսը ոչ ոքի ձեռքում չը պիտի լինի—այսպէս էր եւրօպական միջազգային քաղաքականութեան հիմնաքարը, և Կ. Պօլիսը մնաց միայն թիւրքերի ձեռքում։ Այսպէս է մինչև մեր օրերը, այսպէս կը մնայ և այսուհետև, մինչև կը յայտնվի մի նոր Ալէքսանդր Մակեդօնացի և կը լուծէ այդ գօրդեան հանգոյցը։

Այդքան հրաշալի քաղաքը իր մայրաքաղաք դարձնելուց յետոյ՝ Թիւրքիան այնքա՛ն ուժեղացավ, այնքան յղփացաւ յաղթութիւններից, որ միայն արհամարհել կարող էր պապերի անպտուղ քարոզները, ֆրանսիական Կարռլոս VIII թագաւորի երևակայական ծրագիրները Կ. Պօլսի գահի վրա նստելու և Երուսաղէմը ազատելու մասին: Թիւրքիան ոչ միայն չէր վախենում եւրօպական ազգերի յարձակողական դաշնակցութիւնից, այլ ինքն էր սպառնում Եւրօպային․ Մէհէմմէդ Ֆաթիհը տիրեց նոյն իսկ Իտալիայի ափերին․ նրա թոռն Սէլիմ Եավուզը Լարն արնախում նուաճեց Եգիպտոսը խալիֆի տիտղոսի հետ ու մի օր, աւելորդ համարելով, որ քրիստոնեաներ ապրեն իր պետութեան մէջ, հրամայեց կամ իսլամացնել ամենքին կամ բնաջինջ անել։ Այդ բարբարոսական կարգադրութիւնը չը կատարվեց թիւրք հոգեորականութեան շեորհիւ, որ կարողացաւ հասկացնել կատաղի սուլթանին, թէ քրիստոնեաներն էլ ապրելու իրաւունք ունեն․ և եթէ չը լինէր շէյխ-իւլ-իսլամ Ճէմալին[130], ո՞վ գիտէ քրիստոնեաների ո՞րքան արիւն պիտի թափվէր Սէլիմի քմահաճութիւնը կատարելու համար։ Ճիշտ է, նոյն այդ միջոցին Եւրօպայում դարձեալ հրատապ խնդիր էր արևելեան հարցը, բայց ի՞նչ կարելի էր սպասել այնտեղից։ Հրապարակական ժողովներում, յիշատակագիրների և շրջաբերական թղթերի մէջ քննվում էր թէ ինչ միջոցով պէտք է միացնել բոլոր քրիստոնեաներին՝ թիվրքերի դէմ պատերազմելու համար և նոյն իսկ խօսք էր լինում այն մասին, թէ ինչպէս պիտի բաժանվեն պետութիւնների մէջ այն երկիրները, որոնք կը խլվեն Թիւրքիայից։ Լեոն X պապը բանակյցութիւններ սկսեց իր ժամանակի բոլոր թագաւորների հետ դեսպանութիւն ուղարկվեց և Ռուսաստան և ստանալով ամենքից սիրալիր պատասխաններ, այնքան ոգևորվեց, այնքան համոզվեց թէ այժմ աջողութիւնը ապահովված է, որ 1518 թւականի մարտի 31-ին Հռօմում մի հանդիսավոր թափօր սարքեց. ինքը, պապը, իր կարդինալների հետ ոտով գնաց Միներվայի Աստուածածնի տաճարը և այնտեղ լսեց մի պերճախօս ճառ, որի մէջ գիտնական կարդինալ Ջակօբօ Սօդօլէտ աւետում էր թէ շուտով քրիստոնէութիւնը յաղթանակ կը տանէ իսլամի վրա։ Արնախում Սէլիմը տեղեակ չէր այս անցքերին, բայց եթէ տեղեակ էլ լինէր, կարող էր միայն ծիծաղել, որովհետև եւրօպական թագաւորների գործերը չէին համապատասխանում նրանց խոստումներին[131]: Խօսք, վէճ, ոգևորութիւն շատ կար, բայց իրականութիւնն այն էր, որ պետութիւնները աւելի Թիւրքիայի բարեկամութիւնն էին որոնում, քան նրա դէմ թշնամութիւն սկսելուվմասին մտածում։ Նոյն իսկ Ռուսաստանը, չընայած որ ինքն իրան Բիւզանդիայի յաջորդ էր համարում և օրթօդօքս քրիստոնէութեան պաշտպան, աշխատում էր դաշինք կապել սուլթան Սէլիմի հետ[132]:

Սէլիմի որդի Սիւլէյման Կանունին (Օրէնսդիր), որին պատմութիւնը յատկացրել է Մեծ, Նուաճող, Հոյակապ անունները, աւելի ևս հիմք ունէր հեգնութեամբ և արհամարհանքով նայելու եւրօպական ջանքերին։ Նա իր յաղթութիւններով և մանաւանդ իր խելքով հասցրեց Թիւրքիան փառքի և ոյժի գագաթնակէտին։ Ծրագրելով մի շարք նոր նուաճումներ, Կանունին աշխատում էր գժտութեան և մրցութեան առիթներ ցանել պետութիւնների մէջ, որպէս զի սրանք երբէք, չը միանան իր դէմ։ Եւ քաղաքական այդ նուրբ ծրագիրը որ Սիւլէյմանի յաջորդների համար ղեկավարող սկզբունք դարձաւ ու ինքնապաշտպանութեան աւելի ուժեղ միջոց էր քան նոյն իսկ աշխարհակալի սուրը, լիովին աջողվեց։ Ֆրանսիայի Ֆրանցիկոս I թագաւորը և գերմանական կայսր Կարլոս V միմեանց դէմ պատերզմներ սկսեցին և երկուսն էլ դիմեցին Սիւլէյմանին, առաջարկելով դաշնակցութիւն կապել։ Սուլթանը ընդունեց Ֆրանսիայի առաջարկութիւնը և դարձաւ նրա դաշնակիցը։ Դա այն Ֆրանսիան էր, որ մի ժամանակ խաչակիր զինուորութիւնների հոգին էր, որ իրան անուանում էր Հռօմի անդրանիկ դուստր և որի թագաւորը կրում էր «ամենաքրիստոնեայ տիտղոսը։ Այժմ նոյն այս թագաւորը գրում էր թիւրքաց սուլթանին թէ իր խնդրած դաշնակցութեան փոխարէն նա խոստանում է լինել «մեծ կայսրի (սուլթանի) անձնուէր ծառայ»։ Այսպէս էին պահանջում քաղաքական և առևտրական շահերը, նոր ժամանակների այս վիթխարի գործօնները, որոնք միջազգային յարաբերութիւնների շրջանում ոչնչացնում էին վերացական գաղափարները, սրտի զգացմունքները։ Եւրօպայի վերաբերմունքը դէպի քրիստոնեայ ազգերը ստրկացնող մահմեդական բռնապետութիւնը ընդունում էր մի նոր կերպարանք, որ այժմ էլ գոյութիւն ունի։ Խաչի և կիսալուսնի այդ նիզակակցութիւնը զայրոյթի և յուզմունքի հեծեծանքներ բարձրացրեց Եւրօպայում․ ֆրանսիացիներն էլ դատապարտում էին իրանց թագաւորի արած քայլը։ Այնքան ուժեղ ու միահամուռ էր հասարակական կարծիքի վրդովմունքը, որ Ֆրանցիսկոս ամաչեց և ոչ միայն չէր համարձակվում պաշտպանել իր կատարած գործը, այլ և սկսեց ուրանալ թիւրք-ֆրանսիական դաշնակցութեան գոյութիւնը։

Բայց այդ աչքակապութիւնը շուտ բացվեց, երբ սկսվեց պատերազմը։ Դաշնակցութիւնը կար և յանուն այդ իսկ դաշնակցութեան Սիւլէյմանը քանդեց ու աւերեց շատ քրիստոնեայ երկիրներ. դաշնակիցների նաւատօրմները գործում էին միասին։ Եւ թողնելով, որ հասարակական կարծիքը յուզվի ու բորբոքվի որքան կամենում է, Ֆրանցիսկոս I սկսեց խիստ ծածուկ կերպով շահագործել թիւրքական բարեկամութիւնը։ 1536–ին երկու պետութիւնների մէջ կնքվեց առևտրական դաշնակցութիւն, որի զօրութեամբ Ֆրանսիան մշտական դեսպանութիւն էր հաստատում Կ․ Պօլսում և հիւպատոսութիւններ էր բաց անում ամեն տեղ, ուր կը կամենայ, իսկ ֆրանսիական հպատակները ստանում էին թիւրքաց սահմաններում առևտուր անելու արտօնութիւն․ Թիւրքիայում ապրող ֆրանսիացիները ազատվում էին թիւքական դատարաններից և այլ կամայականսւթիւններից և իրանց շահերն ու իրաւունքները պաշտպանում էին ֆրանսիական հիւպատոսների ձեռքով։ Չը մոռացվեց և կաթօլիկ եկեղեցին․ Ֆրանսիան Թիւրքիայում եղած կաթօլիկներին իր հովանաւորութեան տակ էր առնում և Հռօմը լայն իրաւունքներ էր ձեռք բերում Պալեստինի սուրբ տեղերի վրա։ Բոլոր միւս ազգութիւնները միայն այն դէպքում կարող էին առևտուր անել թիւրքաց ջրերում, երբ նրանց նաւերը կրում էին ֆրանսիական դրօշակ։

Ֆրանսիայի այս բացարձակ տիրապետութիւնը, ի հարկէ, չէր կարող նախանձ չը յարուցանել: Ազդեցութիւնների և շահերի հաւասարակըշռութիւն պահպանելու համար, միւս պետութիւններն էլ սկսեցին գործել նոյն ուղղութեամբ։ Ժամանակի ընթացքում նրանցից իւրաքանչիւրը առանձին- առանձին սկսեց բարեկամական դաշինքներով իրաւունքներ և արտօնութիւններ ստանալ իր հպատակների համար, ստեղծել իր շահերը Թիւրքիայում։ Այլ ևս անկարելի պիտի լինէր հաւաքել ամբողջ Եւրօպան մի խաչակիր դրօշակի տակ՝ օսմանցիների դէմ։ Ընդհանուր համաձայնութիւն և գաղափարական եղբայրակցութիւն կայացնել չէր կարելի մի տեղ, ուր շահերի ընդհարում կար, ուր ամեն մէկը պիտի ձգտէր տիրապետող դիրք, ստանալ։ Բայց արևելեան հարցը, այսինքն քրիստոնեաների ազատութեան հարցը, քաղաքական այս նոր դրութեան մէջ չէր ոչնչանում։ Թիւրքիան, իբրև մի զինւորական բոնապետութիւն, յաճախ ընդհարվում էր իր հարևան պետութիւնների հետ և այդ պատերազմների ժամանակ արծարծվում էր նրա լուծի տակ ճնշված ժողովուրդների հարցը։ Այսպէս, 1571 թւականին քիչ էր մնում, որ կատարվեն Առաքել Բաղիշեցու և միւսների գուշակութիւնները․ Վենետիկի, Սպանիայի և Գենուայի միացած նաւատօրմները Լեպանտօի ծովածոցում ոչնչացրին թիւրքաց բոլոր նաւերը։ Կիսալուսնի խորտակումը ահաւոր էր. քրիստոնեաների այդ մեծ յաղթութեան հետևանքը պիտի լինէր, ինչպէս սպասում էին, Կ․ Պօլսի ազատումը, բայց դաշնակիցները չը կարողացան օգուտ քաղել իրանց աջողութիւնից և Թիւրքիան նորից ոտքի կանգնեց։

Պատերազմների մշտական բեմ էր և Թիւրքիայի հիւսիսային սահմանագլուխը, ուր օսմանեան արշաւանքները ընդհարվում էին Աւստրիայի, Ունգարիայի, նոյն իսկ Լեհաստանի հետ։ Եւրօպային մշտական վտանգ էր սպառնում այդ կողմից. արդէն մի անգամ Սիւլէյմանը իր զօրքերը հասցրել էր Վիէննայի պատերին։ Աւստրիան ամեն ջանք գործադրում էր, որ գոնէ հիւսիսային ազգերի մի դաշնակցութիւն հանէ թիւրքական հարուածների դէմ. պապը համոզում էր ռուսներին մտնել այդ դաշնակցութեան մէջ, բայց նրանք դեռ հեռու էին պահվում Բիւզանդիան յափշտակած բռնապետութեան դէմ թշնամական գործողութիւններ սկսելու մտքից։ Դաշնակիցներ որոնելու անհրաժեշտութիւնը, վերջապէս, պարզեց քրիստոնեայ պետութիւնների համար և այն, որ կիսալուսնի խորտակման լաւ միջոց կարող են դառնալ նրա երկաթէ բռունցքի տակ ճխլված քրիստոնեաները։ Եւ աշխատում էին ոտքի կանգնեցնել, ռազմիկ ոյժ դարձնել այդ հարստահարված ստրուկներին։ XVI դարի վերջերում Բալկանեան թերակղզու հիւսիսային մասերում, Դունայ գետի ափերին, տեղի ունէր մի ազատական շարժում․ Վենետիկի և Հռօմի գործակալները պատրաստում էին քրիստոնեաների ապստամբութիւն։ Դերերը բաժանված էին, որոշված էր թէ ինչ ծրագրով պիտի բորբոքվի և ինչպէս պիտի գործէ ապստամբութիւնը, զէնքերի պաշար էր պատրաստված [133]։

Այսպիսով, եթէ Թիւրքիայի դիրքը միջազգային շահերի շնորհիւ աւելի և աւելի ամրանում էր, քրիստոնեաների ազատութեան հարցն էլ նոր կերպարանք էր ստանում։ Ստրկացած ազգերը չը պիտի նստէին իրանց տեղը և սպասէին թէ երբ խաչակիր զօրքեր կը գան ու իրանց կազատեն, այլ պիտի իրանք էլ կռւեին։ Այսպէս էր որոշվում իսլամի հպատակ քրիստոնեայ ազգերի ճակատագիրը, և դա մի անդառնալի վճիռ էր, որ բղխում էր մարդկային ցեղի պատմութեան ոգուց։ Երկար ժամանակ Եւրօպան ազատութեան յոյսեր էր տալիս այդ ազգերին, «գալու, ազատելու» յոյսեր, որոնց իրագործողը պիտի լինէր պետութիւնների քրիստոնէական եղբայրակցութիւնը։ Բայց երբ անհնարին դարձաւ մի այդպիսի ազատարար եղբայրակցութիւն կազմելը, նոյն Եւրօպան սկսեց ներշնչել քրիստոնեաներին թէ յուսալ, այնու ամենայնիւ, պէտք է, բայց այսուհետև յոյսը իրագործողը պիտի լինեն նախ և առաջ իրանք, այդ ստրուկ քրիստոնեաները, իրանց ապստամբութիւններով։

Ել ռայեան սկսեց աշխատել մրջիւնի համբերատարութեամբ։ Ոչ «աստուածառաք պատերազմի» չիրագործվելը, ոչ թիւրքական ոյժի ահագին զարգացումը, ոչ մահմեդական լուծի անտանելի ծանրութիւնը, ոչ նոյն իսկ այն միութիւնները, որոնք առևտրական և քաղաքական նպատակներով կապվում էին խաչի և կիսալուսնի մէջ, չը մարեցին այն կայծերը, որոնց մէջ փայլում էր ստրկութիւնից ազատվելու ակնկալութիւնը։ Ժողովուրդները դարերի ընթացքում արծարծում էին իրանց սրտի մէջ այն կրակը․ որ ապագայում պիտի հրդեհէր Օսմանի բռնապետութիւնը զանազան կողմերից։ Այդ դարաւոր պատրաստութիւնների մէջ առաջաւոր տեղը բոնում էին յոյները։

Ահռելի աղէտը, որ Կ․ Պօլսի աւերակների տակ թաղեց բիւզանդական գահը, բարբարոսական արշաւանքները, որոնք ամայացրին հին Ելլադան, տասնեակ հազար դիակները, հարիւրաւոր կոյսերն ու տղաները, սրոնք տարվեցին Մէհէմմէդ II-ի հարեմը, ցաւ արտասոքւնք ու հառաչանք էին պատճառում․ յաղթվածները տեղի էին տալիս յաղթողներին, խոնարհվում էին նրանց առաջ, բայց կար և ապրում էր յոյսը թէ այդ աւերակների տակից մի օր պիտի յարութիւն առնէ յունական անկախութիւնը։ Այդ յոյսը չէին կարող խլել նուաճողները, որովհետև նա երգ էր, որ անդադար չշշնջում էին ստրկացածների շրթունքները։ Յոյն ժողովուրդը հնուց ունէր բազմաթիւ երգեր, որոնց մէջ խօսում էին սէրը, ընտանեկան կեանքը, ծէսերը, պատմութիւնը։ Անկախութիւնը կորցնելուց յետոյ այդ երգերի մէջ մտնում է մի զօրաւոր, անմեռ շեշտ-հայրենասիրութիւն, ազատասիրութիւն։ Յոյների զինուորական դասակարգը թիւրքաց նուաճումներից յետոյ անցաւ Եւրօպա և ծառայում էր եւրօպական զօրքերի մէջ: Այդ ակամայ պանդուխտները մի նշանաւոր կազմակերպութիւն ստեղծեցին և երգեր յօրինեցին, որոնց մէջ դրված էին անցեալի աւանդութիւնները, սէր դէպի հայրենիք և ազատութիւն [134]: Բայց բուն Յունաստանում էլ պակաս չէին այդ տեսակ երգերի նիւթեր։

Հիւսիսային Յունաստանի, Մակեդօնիայի, Թրակիայի և Ալբանիայի սարերում կազմվում էին աւազակային խմբեր, որոնց նպատակն էր վնասել թիւրքերին։ Դրանք հռչակաւոր կլէֆտներն էին, հարստահարված ժողովրդի յոյսն ու ապաւէնը։ Թիւրքական կեղեքումների զոհերը և առհասարակ ամեն մի ազատասէր տղամարդ հեռանում էին հայրական տանից, զէնք էին վերցնում, դառնում «պալիկար» (ուժեղ կտրիճ)։ Կլէֆտը, վառված մի անհաշտ թշնամութեամբ թիւրքերի դէմ, քաջագործութիւններ էր կատարում, իսկ ժողովրդական երգիչը պատմում էր նրա գործերը երգի մէջ։ Կլէֆտական երգերը բազմաթիւ են, հարուստ։ Նրանք հիւսվում էին ստրկութեան դարերի ընթացքում, հիւսվում էին լեռնային անմատչելի բարձրութիւնների վրա, ահաւոր կիրճերում, ուր կտրիճները սարքում էին իրանց հերոսական արշաւանքները․ նրանք տոգորված են բարձր ոգևորութեամբ և լի են քնարերգական գեղեցկութիւններով․ նրանց մեջ մեծարվում էր կլէֆտի քաջութիւնը, քարոզվում էր վրէժ և ատելութիւն ստրկացնողների դէմ, ազատութիւն և հայրենասիրութիւն։ Եւ ժողովրդական հանճարի այդ գոհարները դուրս էին գալիս արծուի այն բոյներից, ուր նրանք ստեղծագործվել էին, այդտեղից նրանք ծաւալվում էին ժողովրդի մէջ։ Դըրանք բերանացի երգեր էին և պահողը, սերունդից սերունդ աւանդողը, ժողովուրդն էր։

Կլէֆտները իրանց յանդուգն անվախութեամբ այնքան նեղում էին թիւրքերին, որ XVI դարի սկզբում սուլթան Սէլիմը յոյներից էլ կազմեց այդ աւազակների դէմ գործելու համար «արմատօլների» (մի տեսակ միլիցիա) գնդեր։ Բայց արմատօլները յաճախ միանում էին կլէֆտների հետ և բանը այնտեղին էր հասնում, որ թիւրքերը հարկադրված էին լինում նրանց յանձնել այս կամ այն գաւառի կառավարութիւնը։ Աւազակութիւնը մի անհրաժեշտութիւն էր ժողովրդի համար․ այն ընտանիքները, որոնց որդիները կլէֆտ էին, համեմատաբար ազատութիւն էին վայելում, որովհետև թիւրքերը վախենում էին վրէժից։ Կլէֆտները չէին էլ ճանաչում թիւրքաց սուլթանին․ նրանք ասում էին որ իրանց թագաւորը մի ժամանակ սպանված էր, բայց չէր նուաճվել․ իրանք այդ թագաւորի զօրականներն էին[135], որոնք շարունակում էին կռւել անմատչելի ամրոցներից։

Եւ նրանց կռւի գործերը հնչում էին «Օլիմպոս և Օսսա», «Կլէֆտի հրաժեշտը հայրենիքին», «Կլէֆտի մահը» երգերի մէջ [136]:

Մի և նոյն երևոյթը կրկնվում էր և Բալկանեան թերակղզու սլաւօնական երկիրներում։ Այստեղ գործող աւազակները անուանվում էին հայդուկներ: «Հայդուկ» ունկարական բառ է և մի ժամանակ հետևակ զօրքի անուն էր։ Բայց երբ հարաւային Ունգարիան ընկաւ թիւրքերի իշխանութեան տակ, երևացին աւազակային խմբեր, որոնք իրանց նոյն անունն էին տալիս։ Այդտեղից հայդուկութիւնը տարածվեց դէպի հարաւ և դարձաւ մի անհրաժեշտ հիմնարկութիւն Սերբիայում, Բօլգարիայում, Բօսնիայում, Հերցեգօվինայում[137]։ Սերբիական երգերն էլ շատ ճոխ ու հարուստ են և դրանց մէջ առանձին մեծ տեղ բռնում են պամական և հայդուկական երգերը։ Սերբ ժողուրդը չէր մոռացել իր հին թագաւորներին, չէր մոռացել այն կռիւները, որ մղում էին քրիստոնեանը թիւրքերի դէմ, նոյն իսկ Հունիադին սերբ հերոս էր դարձրել։ Երգում էին այդ բոլորը, երգում էին և հերոս հայդուկներին, որոնք շարունակում էին կռիւ անսահման ատելի անհաւատների դէմ։ «Երգը կենդանի կերպով պատկերացնում է այն անթիւ վտանգները, որոնց ենթարկվում է հայդուկը, այն ժայռը, որի ետևից նա դիտում է թիւրքին, այն քարայրը, որի մէջ նա թագնվում է և ուր նրան վիճակվում է մեռնել սովից, վերջապէս նրա արագ և յաղթական յարձակումը։ Նկարագրում է հրացանաձգութիւնը բոլոր մանրամասնութիւններով. թէ ինչպէս է հայդուկը բռնում՝ հրացանի մէջտեղից, ինչպէս է չոքում մի ծնկան վրա, դնում է հրացանը միւսի վրա, ինչպէս է աչքով նշան դնում»։ Մի խօսքով ժողովրդական ստեղծագործութիւնը չէր մոռանում ոչ մի հանգամանք, որ նրա ազատասիրական գաղափարներին նիւթ էր տալիս։ «Եւ այսպէս մենք տեսնում ենք, որ նոյն իսկ խաղաղ ժամանակն էլ ժողովուրդը անդադար զբաղեցնում էր իր երևակայութիւնը մի պատերազմով, որ ուղղված է նրանց դէմ, որոնց նա հպատակվում էր»[138]։

Ռայան միայն չէր երգում. նա դիմում էր և քաղաքական ագիտացիայի միջոցին ամեն անգամ, երբ միջազգային գործերի դրութիւնը պատեհութիւն էր տալիս։ Այդ կողմից արթուն և ժիր էին մանաւանդ յոյները, որոնց եռանդը սկսեց սաստկանալ առաւելապէս XVII դարում, երբ արդէն սկսվել էր, ինչպէս ասացինք, Թիւրքիայի քայքայումը։ Զարմանալի տեսարան է ներկայացնում այդ դարը։ Քայքայվել է սկսում Օսմանի, Մուրադների, Բայէզիդի, Մէհէմմէդի հիմնած պետութիւնը և քրիստոնեայ հպատակների դրութիւնը աւելի ևս ծանր ու անտանելի է դառնում, այնպէս որ իսլամացումը լայն չափեր է ընդունում նրանց մէջ։ Բայց հենց այդ դառն ժամանակներում էլ հիմք է առնում այդքան հարստահարված քրիստոնեաների մտաւոր վերածնութիւնը։ Այսպէս, այդ դարում էլ յոյները ըմբռնում են ժողովրդական լեզուն գրականութեան լեզու դարձնելու և հին յունարէնը մի կոդմ թողնելու անհրաժեշտութիւնը։ Յունական գրականութեան ամբողջ փայլը կենտրօնացած էր Կրետէ կղզում, որ վենետիկցիների իշխանութեան տակ էր գտնվում և համեմատաբար ազատութիւն էր վայելում։ Այդտեղ էլ Լևոն Ալլացին գրում է իր «Էլլադա» պօէման, որի մէջ ոգևորված նկարագրում էր հին հելլէնական փառքն ու նրա անկումը և աղաչում էր կարդինալ Րիշիլեօին օգնել Յունաստանին, որը ծուատում են թիւրքերը։ Կրետացի բանաստեղծը առաջինն էր, որ հայրենասիրական հպարտ զգացմունքը և խորին վիշտը միացնում էր մի գեղեցիկ բանահիւսութեան մէջ [139]: Նա դարձաւ մի շարք բանաստեղծների նախահայր, որոնք երգում էին հայրենիքի ազատութիւնը։ Բայց Կրետէն էլ XVII դարի կէսում նուաճվեց թիւրքերի ձեռքով։ Դրանով օսմանեան պետութեան մէջ աւելանում էր մի թշնամի, ատելութեամբ լցված տարր էլ, որ սրբազան պարտք դարձրեց նուաճողների դէմ զէնք գործ ածելը։

Եւրօպական ազգերին արած դիմումները թէև ապարդիւն էին մեծ մասամբ, բայց ցոյց էին տալիս, որ կեղեքվող ռայեան երբէք չէ յուսահատվում, գիտէ այն ճանապարհը, որով պիտի գնար՝ իր դրութիւնից դուրս գալու համար։ XVII դարի առաջին քառորդում եւրօպական մի քանի արքունիքներին ներկայացաւ Ալէքսանդր Օտտօմանուս անունով մի մարդ, որ ունէր իր հետ արևելեան քրիստոնեաներին թիւրքերի դէմ ապստամբեցնելու ծրագիրը։ Նա իրան անուանում էր սուլթան Մէհէմմէդ III–ի որդի, ծնված Հեղինէ անունով յոյն կնոջից, որ մնացել էր քրիստոնեայ և կարողացել էր իր որդու հետ փախչել սուլթանի հարեմից: Այժմ նա խնդրում էր պետութիւնների աջակցութիւնը։ Սակայն այդ խորհրդաւոր մարդը չը կարողացաւ աջողեցնել իր ծրագիրը[140]: Աթենացի Լէօնարդ Ֆիլար 1652 թւին դիմեց անգլիական հուչակաւոր բանաստեղծ Միլտօնին, որպէսզի նրա միջոցով Անգլիայում համակրանքներ զարթեցնէ դէպի յոյները. բայց Միլտօնը միայն իր բարի ցանկութիւնները կարող էր յայտնել յոյն հայրենասէրին։

XVII դարում էլ առաջին անգամ սկսվում է համասլաւօնական գաղափարի քարոզութիւնը, որ յատկացնում էր ռուսներին սլաւօնական ցեղերը հաւաքելու և նրանցից մի միութիւն կազմելու նախաձեռնութիւնը։ Սերբիացի Իւրի Կրիժանիչ ռուսաց Ալէքսէյ թագաւորին ներկայացրած իր մի հեղինակութեան մէկ խորհուրդ էր տալիս, որ ռուսները լայնացնեն իրանց պետութեան սահմանները դէպի հարաւ, ազատեն սլաւօն ցեղերը թիւրքաց լուծից։ Բայց այդ ժամանակ ցեղական ընդհանուր շահերը դեռ այնպէս չէին գնահատվում, ինչպէս կրօնակցական միութիւնը։ Ինքը, այդ ծրագրի հեղինակը, կաթօլիկ էր և աքսորվեց Սիբիր, որովհետև քննադատել էր ռուսական կարգերը։ Աւելի հասկանալի էր կրօնակցութիւնը։ Ալէքսէյ թագաւորը փայփայում էր իր մէջ յուանադաւան քրիստոնեաներին ազատելու յոյսը։ 1654 թւականին Թիւրքիայի հպատակ Մօլդավիան բանակցութիւններ սկսեց Մօսկվայի հետ, որոնց միտքն էր ռուս-թիւրքական պատերազմ յարուցանել՝ Մօլդավիան ազատելու համար. դրա փոխարէն Մօլդավիան խոստանում էր հպատակութիւ ռուսներին, պահպանելով իր ներքին անկախութիւնը։ Առաջարկութիւնը ընդունվեց ռուսների կողմից, բայց չիրագործվեց: Յոյները, ի հարկէ, քնած չը մնացին՝ և իրանց դատն էլ առաջ քաշեցին, օգտվելով այդքան բարեյաջող հանգամանքներից։ 1657 թւի Զատկին ռուսաց Ցարը, ընդունելով յոյն վաճառականներին, մի երկար ճառ ասաց քրիստոնեաների ազատութեան մասին։ «Եթէ Աստուծուն հաճելի լինի—այսպէս վերջացրեց նա իր խօսքը—ես կը վատնեմ իմ բոլոր զօրքերը, կը թափեմ իմ արիւնը մինչև վերջին կաթիլ, բայց կաշխատեմ ազատել նրանց»[141]: Այսպիսի դրական խոստումը աւելի ևս վառեց յոյների եռանդը և նրանք աշխատում էին, որ մօլդավօ-ռուսական համաձայնութիւնը իրականանայ։ Կ․ Պօլսի Պարթենիոս պատրիարքը գրագրութիւն սկսեց Մօսկվայի և Մօլդավիայի հետ։ «Հասել է թիւրքական բռնութեան վախճանը—գրում էր նա Մօլդավիայի իշխանին․-մօտեցել է ժամանակը, որ քրիստոնեաները տիրապետեն ամբողջ տիեզերքին»[142]: Այս թղթերը ընկան թիւրք կառավարութեան ձեռքը և պատրիարքը զգեստաւորված կախաղան հանվեց Կ․Պօլսում 1658-ին:

Մի և նոյն տարին էր, երբ սպանվեց և հայոց Թոմա պատրիարքը, է որի մասին խօսեցինք IX գլխում։ Բայց այդ երկու մահերի մէջ տարբերութիւն կար․ հայոց պատրիարքը իր ժողովրդի ստոր հակումների, իր սեփական փառասիրութեան զոհն էր, մինչդեռ յունական պատրիարքը կախազան բարձրացաւ յանուն այն գործի, որի աջողութիւնը ահագին զոհաբերութիւններ էր պահանջում։ Դա առաջին մեծ զոհն էր, որ դնում էր ազատութեան գաղափարը հայրենիքի սեղանի վրա: Նրան կախեցին, որովհետև նա ասել էր թէ թիւրակական բռնակալութեան վերջն է։ Բայց կախաղանը չը փոխեց իրողութիւնը․ Թիւրքիայի քայքայումը այլ ևս գաղտնիք չէր ոչ ոքի համար...

XVII

 Արեւելեան հարցր. քրիստոնէութիւն եւ Հայաստան, հայերը ամենից շուտ են ենթարկվում արեւելեան հարցի հարուածներին: -Հայերն էլ ունեն ռազմիկ տարրեր. կիսանկախ լեռնականներ - Զէյթուն, Սասուն, Մոկս, Շատախ, Սավուր, Խզու, Իսեան. Իսեանի նկարագրութիւնը:-Բայց հայերը չունեն հայրենասիրական դիւցազներգութիւներ. բանաւոր գրականիւթիւն. «Սասունցի Դավիթ» մեր պատմութեան հին շրջանը. Նոր Պատմութեան մեջ հայերը մոռացել են իրանց անցեալը: -Ժողովրդական գրավոր բանաստեղծութիւն. աշուղներ. երգասաց հեղինակներ. վեղարաւոր սիրահարներ. արհեստական եւ անկենդան բանաստեղծութիւն: -Չը կայ ազգային ինքնաճանաչութիւն. իսկ քաղաքական հանգամանքները հայերի առջեւ դնում են արեւելեան հարցի լուծումը. թուրք-աւսորիական պատերազմները. «հիվանդ մարդը». ազատասիրական շարժումներ ռայեայի մեջ. Պետրոս Մեծ. Կարլօվիցի դաշնադրութիւնը. Թիւրքիայի ճակատագիրը:-Իսրայել Օրի ճանապարհվում է Հայաստան:

Արեւելեան հարցը, շատ հեղինակաւոր մտածողների կարծիքով, մի հին պայքար է Եւրօպայի և Ասիայի մեջ, պայքար եւրօպական կուլտուրայի և ասիական բռնակալ, ստրկացնող ոգու մեջ, պայքար, որի առաջ բերած արիւնահեղ ընդհարումները համաշխարհային պատմութեան ամենանշանաւոր էջերն են գրավում:

Այդ դարաւոր ընդհարումները սկիզբ առան այն ժամանակից, երբ փոքրիկ Յունաստանում եւրօպացի մարդը վառեց առաջադիմութեան լոյսը: Արեւմուտքում այդ ստեղծագործող գաղափարն էր կանգնած, իսկ Արևելքում Պարսկաստանը, որ ժառանգել էր Ասօրեստանի արնախում, կատաղի բռնակալական իդէալները: Այսպիսի սկզբունքների մեջ էր բորբոքված յամառ, երկարատև կռիւը, որ շարունակվեց սերունդից սերունդ փոփոխակի աջողութեամբ, որ շարունակվում է և այժմ: Բայց Եւրօպա և Ասիա ասելով, չը պետք է հասկանալ աշխարհագրական այն խիստ որոշված երկու մեծ մասերը. եւրօպական քաղաքակրթութիւնը մշակվում էր և Ասիայի արևմտեան ափերին, ուր ցրված էին յունական ծաղկած գաղթականութիւներ: Չորրորդ դարից սկսած՝ եւրօպական կուլպուրան ձուլվում է քրիստոնէութեան հետ և այնուհետև հին պայքարը ընդունում է կրօնների ընդհարման կերպարանք. եւրօպական մտքով կազմակերպված քրիստոնէութեան դէմ է նախ պարսից մազդեղականութիւնը, ապա արաբական իսլամը:

Քրիստոնեութիւնը Արևմտեան Ասիայի մէջ իր գիկն առաւ և այնպիսի ազգութիւներ, որոնք մինչև այդ՝ Արևելքի և Արևմուտքի պայքարի մեջ աւելի առաջինի կողմն էին բռնում երկրորդի դեմ: Այդպէս էին և հայերը։ Ընդունելով քրիստոնեութիւն, նրանք ընդ միշտ բաժանվեցին իրանց հարևան, ոչ քրիստոնեայ ազգերից և դարձան Արևմուտքի առաջաւոր պահակները Ասիայի մեջ: Պարկաստանը, որի հետ հայերը մի ժամանակ կապված էին կրօնական սկզբունքներով և կուլտուրական հասկացողութիւններով, դարձաւ քրիստոնեայ Հայաստանի անհաշտ թշնամի․ այդ թշնամութիւնը հետզհետէ կորցրեց իր քաղաքական-դինաստիական բնաւորութիւնը և ստացաւ կրօնական-կուլտուրական գոյն։ Աւարայրի պատերազմը, որ տեղի ունեցաւ 451 թւականին, այն պարտաւորութիւնների արտայայտութիւնն էր, որ դնում էր հայերի վրա յունական գաղափարներով տոգորված քրիստոնէութիւնը: Դա քաղաքական անկախութիւնը պաշտպանելու կամ մի նոր անկախութիւն ստեղծելու համար սկսված ընդհարում չէր․ հայերը պարսից հպատակութեան դէմ չէին զէնք վերցրել, այլ այդ զենքը պաշտպանում էր այն հոգևոր ստացուածքը, որ ներկայացնում էր արևմտեան աշխարհայեցողութիւնները և որ կապում էր հայերին Արևմուտքի հետ։ Տղմուտ գետի ափերին արևելեան հարցի կնճիռներից մէկն էր դրված։

Իբրև քրիստոնէութեան առաջաւոր պահականոց՝ Հայաստանը շատ դժբախտ վիճակ էր ստանում։ Նրա աշխարհագրական դիրքը շատ աննպաստ էր՝ առջևից թափվող հարուածներից պաշտպանվելու համար․ իսկ թիկունքից չը կար օգնութիւն, որովհետև այդ կողմից նրա և արևմտեան քրիստոնէութեան մէջ անդունդներ էին փորել կրօնական խտրութիւնները։ Կղզիացած Հայաստանը իր չորս կողմն ունէր թշնամիներ միայն, բայց շարունակեց կատարել մի քրիստոնեայ երկրի դերը․ —նա անդադար հարուածներ էր ընդունում, քանդվում էր մենակ ու անօգնական, մնալով արևմտեան աշխարհայեցողութիւններին սրտով ու մտքով կպած մի ժողովուրդ, որին ճակատագիրը գցել էր ահեղ սասանումների ու արիւնահեղ յեղափոխութիւնների այն խառնարանը, որ Ասիայի այդ կողմն էր ներկայացնում։

Հայ ազգի վրա արևելեան հարցը ընկած էր իր ամբողջ ծանրութեամբ դեռ այն ժամանակ, երր յոյնը, սլաւօնը չը գիտէին էլ թէ ինչ է արևելեան հարցը: Եւ եթէ մահմեդական լուծի տակ մտնելուն պէս՝ Բալկանեան թերակղզին և Ելլադան սկսում են հասկանալ թէ ջանքեր են հարկաւոր այդ լուծից ազատվելու համար, չէ կարելի ասել թէ հայերին անծանօթ մնացին այդ ազատական ձգտումները։ Ռուբինեան Կիլիկիան այդ ձգտումների մի պտուղն էր։ Երբ կործանվեց և այդ անկախութիւնը, երբ Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելեան կղզիները հեղեղեցին թաթարական օրդուները, այն ժամանակից մնացին մի քանի լեռներ, որոնց վրա հայ մարդը զէնքի ոյժով պահպանում էր իր գլխի ազատութիւնը։

Այդպիսի տեղերից յայտնի են Զէյթունը և Սասունը[143] ասիական Թիւրքիայում և Ղարաբաղը - Հայաստանի պարսկական բաժնում։ Բայց կային և այլ անկախ լեռներ, որոնց անունները շատ չեն յայտնի։ Այսպէս են Մոկս և Շատախ գաւառները Վասպուրականի նահանգում։ Աւելի նշան աւոր է Դիարբէքիրի նահանգը, ուր մի քանի գաւառներում հայերը իբրև քաջ և պատերազմող լեռնցիներ՝ ազատութիւն էին պահպանում քրդերի հետ միացած․ - դրանք են Սավուր, Խզու, Իսեան գաւառները[144]։ Տեսնենք Իսեանի լեռները։

Իսեան նշանակում է Ապստամբութիւն։ Այդտեղի հայ գիւղերը սովորաբար խօսում էին քրդերէն և հազիւ հազ պահպանում էին իրանց քրիստոնէական կրօնը։ «Հայերը առհասարակ հետևակ են և հրացանաձիգ, շատ ճարտար են գնդակները նպատակին խփելու մէջ, որովհետև իրանց որդիներին հինգ տարեկան հասակից և եթ վարժեցնում են այս արհեստին։ Այս է նրանց արհեստը և ապրուստի միջոցը, որովհետև աւելի աւազակութեամբ են պարապում քան արհեստով․․․ մարմնով յաղթանդամ են, բարձրահասակ և շատ զօրաւոր․ պատերազմական գործերի մէջ հնարագործ և ճարտար․ միշտ շրջում են սպառազինված, ինչպէս և նրանց մանուկները։ Լուսնկայ գիշերները, շրջելով աւազակութիւնների համար, հագնում են ոտքից մինչև գլուխ սպիտակ շորեր, այնպէս որ ճանապարհորդներին թւում է թէ դրանք սպիտակ քարի կտորներ են․․․ Պատերազմի ժամանակ՝ իրանց տան ունեցած–չունեցածը թաղում էն գետնափոր գաղտնի փոսերի մէջ․․․ կանանց և երեխաներին դնում են ամրացրած աւանի մէջ, իսկ իրանք հետևակ և հեծելազօր խմբերով իջնում են պահպանելու լեռնային անցքերը․․․ Կուի ժամանակ կանայք և երախաները աւանի մէջ ուրախութեան ձայն բարձրացրած՝ երգեր են երգում թշնամու դէմ․ այնքան սիրելի է նրանց համար պատերազմը, որ թշնամիների գալստեան լուրը աւետիս են համարում»[145]։

Այսպէս, ուրեմն, դարերով հարստահարված հայութեան մէջ գոյութիւն ունէին և այնպիսի տարրեր, որոնք կարող էին կլէֆտների և հայդուկների նման մարմնացնել ժողովրդի լաւագոյն յոյսերը։ Բայց հայ ազգը չափազանց շատ մեծ տարածութեան վրա էր ցիր ու ցան ընկած, չափազանց շատ էր խառնված մահմեդական ցեղերի հետ, ուստի և միմեանցից այնքան հեռու գտնվող ազատ լեռների ոգին այդ բարձրութիւնների վրա էլ կղզիացած մնաց, երբէք այնտեղից ցած չիջաւ, չը տարածվեց իբրև ընդհանրութեան բաղձացած գաղափար և հէնց այդ պատճառով էլ ժողովրդական բանաստեղծութիւն չը դարձաւ։

Շատ կարևոր է այս հանգամանքը։ Եթէ թերթենք այն ազգերի պատմութիւնը, որոնք, սեփական ջանքերով թօթափել են իրանց վրա ծանրացած լուծը, մենք կը տեսնենք, որ նախ քան վճոական գործ սկսելը այդ ազգերի մէջ երևան է եկել գրական վերանորոգութիւնը։ Հայրենիքի ազատութեան համար մարտնչող հերոսից առաջ ծնվել ու ընդհանրութեան սիրելին է դարձել գերութեան շղթաները, ազատութեան յոյսերը երգող ժողովրդական գուսանը։ Այսպէս են վկայում նոր պատմութեան շատ խոշոր փաստեր։ այսպես էին Յունաստանը, Իտալիան , Սերբիան XIX դարի սկզբին, այսպէս էին Հիւսիսայէն Ամերէկան, Իրլանդիան XVIII դարի երկրորդ կէսում։ Եւ այս կողմից հայերը մի շատ խեղճ ու անկենդան ազգ են ներկայացնում։ Նայենք նրա բանաւոր և գրաւոր ժողովրդական գրականութեան, և մեզ համար շատ բան կը պարզվի։

Մեր ժողովրդական բանաւոր գրականութիւնը, գոնէ այն, որ հաւաքված է մինչև այժմ և մատչելի է քննադատութեան, ունի բազմակողմանի մօտիվներ, բայց սրանց մէջ հայրենիքի գաղափարը, հերոսական կռիւը, քաջագործութիւնները այդ գաղափարի համար—համարեա միանգամայն բացակայում են։ Հայը իմացել է երգել վիշտ, սէր, կարօտ, իմացել է պարել, մանաւանդ ողբալ այդ երգերի ներդաշնակութեամբ, բայց նա չէ ունեցել հերոսներ, որոնք ներկայացնէին իրական կեանքէց դուրս եկած և իրական չարիքների դէմ մարտնչող ոյժը։ Այնպէս էլ այդ ժողովրդական երգերի և պատմութիւնների մէջ պատկերացած է նրա ստրկական, տափակացած ոգին․ ապրել ինչպէս թոյլատրվում է, վայելել կեանքի բարիքները ինչպէս հնարաւոր է, և չունենալ աւելի բարձր հանրային ու քիչ էլ վտանգաւոր ձգտումներ-ահա ինչն է մեր ժողովրդի ոգին։ Նոյն իսկ այնքան երկարատև ստրկութիւնը հայ ժողովրդի սրտի մէջ չէ ծնեցրել սուր դժգոհութիւն։ Մենք խօսում ենք այնպիսի դժգոհութեան մասին, որ լռելեայն չը կուլ գնար արտասունքների հետ կեանքի մէջ, այլ դառնար կրակոտ երգ կամ բանաստեղծական մի այլ հիւսուածք։

Հայ ժողովուրդը չունի դիւցազներգութիւն, հերոսական վէպ։ Բացառութիւն կազմում է միայն «Սասունցի Դաւիթը»։ Բայց այստեղ մէնք, պիտի ասենք, որ նախ՝ նկատի չունենք այն կղզիացած լեռնաստանները, ուր խօսքով և գործով պաշտում էին անկախութիւնը և ուր, անշուշտ, ուրիշ այդպիսի բանահիւսութիւններ էլ կը գտնվեն։ Երկրորդ՝ «Սասունցի Դաւիթը» աւելի հին ժամանակների գործ է, իսկ մենք խօսում ենք Նոր Պատմութեան հայերի մասին։

Մեր հին և միջին պատմութեան շրջանները տուել են շատ հերոսական դէպքեր։ Այն ժամանակ հայերի մէջ կար պատերազմիկ տարր—ազնուականութիւն, որի գործերը նիւթ էին տալիս ժողովրդական ստեղծագործութեան։ Փաւստոսը, Խորենացին շատ պատմուածքներ ունեն, որոնք ոչ այլ ինչ են, եթէ ոչ նախարարական տներում յօրինված դիւցազնական երգեր։ Միայն Գայլ Վահանի պատմութիւնը, որ աւելի վէպ է, քան պատմութիւն, բաւական է ցոյց տալու համար թէ հայ ժողովուրդն էլ, ինչպէս և առհասարակ ամեն մի ժողովուրդ, սիրում էր քաջութիւնը, անվեհերութիւնը, հայրենասիրական հնարիմացութիւնը զարդարել իր երևակայութեան ծաղիկներով։ «Ուր կրակ չը կայ, այնտեղից ծուխ չի բարձրանայ»։ Վերցնենք հէնց նոյն իսկ XI դարը, երբ ընդհանուր ապականութեան և թուլամորթութեան

պատճառով կործանվում էին Անիի, Կարսի, Վասպուրականի թագաւորութիւնները։ Այսպիսի դժբախտ դարում էլ հայ ազգից դուրս եկան Գագիկ Բագրատունու, Վասակ և Վահրամ Պահլաւունիների, Թոռնիկ Մամիկոնեանի նման ամեհի քաջեր, որոնք իրանց գործերով կարող էին զարդարել հերոսական ամեն մի վէպ։

Բայց այդ բոլորը նոր պատմութեան հայի համար դարձաւ արեան գետերով բաժանված անցեալ։ Հայաստանի համար Նոր Պատմութեան դռները բաց անողը Լէնկթիմուրն էր։ Եւ երբ նրա ու նրա նմանների տարածած արիւնաներկ անապատների մէջ նորից շունչ առնել է սկսում մի ստրուկ, ցիրուցան հայութիւն, ամեն ինչ արդէն խորտակված ու փշրված է նրա սրտի և յիշողութեան մէջ։ Չը կայ կապ անցեալի հետ, չը կայ մարտնչող դասակարգ, որ վառ պահէ ազատասիրական զգացմունքները։ Ամեն ինչ գլուխ է իջեցնում բարբարոսութեան առաջ և գալիս են երկարատև խաւարն ու վայրհնացումը։ Հերոս պատերազմողների բազմողների փոխարէն բազմանում և ժողովրդի սէրն են գրաւում անսպառ համբերութեամբ և հեզութեամբ լցված նահատակները, որոնք ամեն տեսակ չարչարանք, յանձն են առնում կրօնի համար։ Այդ տեսակ նահատակութիւններն են դառնում ժողովրդական իդէալ, որ հնչում է երգի, աւանդութեան մէջ, ոչնչացնում է ամեն տեսակ դիմադրութեան հասկացողութիւնը, ապացուցանելով թէ որքան անօգուտ, անտեղի և նոյն իսկ աստուածընդղէմ բան է դիմադրութիւնը։ Այսպէս էր հայ ժողովրդի ահագին մեծամասնութիւնը։ Նրա մի քանի փոքրիկ հատուածները անմատչելի սարերի գլխին շարունակեցին մանր տեղական կռիւներ ազատութեան համար,բայց այդ լեռնային ոգին, ինչպէս ասացինք, չիջաւ անմատչելի բարձրութիւննեըից, չը տարածվեց տանջվող բազմութիւնների մէջ։ Եւ ժողովուրդը իր բանաստեղծութեան մէջ խորթ մնաց դիւցազներգութիւններին։ Նոյն իսկ թիւրք ժողովուրդը, չը նայած որ միշտ նուաճող է եղել, միշտ ուրիշներին լացացնող, ստեղծել էր այնպիսի հերոսական պատմուածքներ, որոնց մէջ դրված էր իւրաքանչիւր ուղղահաւատ մուսիլմանի համար պարտաւորական իդէալ․ —հերոսական վէպը ներշնչում էր թիւրքին ատելութիւն դէպի քրիստոնեաները, խրատում էր պինդ պահել այն ամենը, ինչ ձեռք է բերվել զէնքով։ Չը նայած որ այդ իդէալները ընդհանուր մուսիլմանութեան համար ամեն օր երգում էր իսլամը, թիւրք ժողովուրդը հարկաւոր էր համարել իր սեփական, ազգային, ստեղծագործութեամբ էլ ամրացնել այդ բոլորը իբրև նուիրական ուխտ։ Իսկ հայը լուռ ու մունջ էր․ նա չունէր ցեղական ուխտ, չունէր որոշ անուն կրող թշնամի, այդ թշնամու վերաբերմամբ որ և է կարծիք, ծրագիր ու հայեացք...

Դիմենք այժմ ժողովրդական գրաւոր բանաստեղծութիւններին։ XV դարից հայերի մէջ բազմանում են երգասաց հեղինակներ, որոնցից շատերի անունները ու գործերը մնեացել են տաղարանների մէջ։ Թէ այդ տաղարանները և թէ այն Հանգամանքը, որ երգերը մեծ մասամբ աշխարհիկ բովանդակութիւն ունէին, գրվում էին կամ բոլորովին աշխարհաբար, կամ աշխարհաբարին շատ մօտիկ գրաբար լեզւով, բավական են վկայելու, որ այդ գրաւոր բանաստեղծութիւնը կարելի է ժողովրդական անուանել։ Երգասաց հեղինակները նոյն ժողովրդական աշուղներն էին, այն զանազանութեամբ, որ դրանք գրագէտ էին, ուստի և կարողանում էին գրի անցկացնել իրանց հիւսւածքները։ Եւ որովհետև գրագէտ էր գլխաւորապէս հոգևորական դասակարգը, ուստի երգասաց հեղինակները մեծ մասամբ հոգևորականներ էին - վարդապետներ, եպիսկոպոսներ, մինչև իսկ կաթողիկոսներ։

Հայ աշուղական դասակարգը, անկասկած հին ծագում ունի և նշանաւոր դեր է խաղացել Ժողովրդի կրթութեան գործում, երբ գրագիտութիւնը էր տարածված, երբ գաղափարները մի տեղից միւս տեղ անելու համար միայն այդ թափառական երգիչները գոյութիւն ունէին։ Աւելի հին ժամանակների մասին մենք դատելու նիւթ չունենք։ Բայց գոնէ XV դարից հայ աշուղը աչքի է ընկնում մի յատկութեամբ․ դա այն է, որ այդ ժողովրդական երգիչը բանաստեղրութիւնը հայրենիք չունի, եթէ բանաստեղծական թոյլ ընդունակութիւն ունեցող ազգերը պիտի կամայ-ակամայ մուրացկան դառնան — դրա կենդանի օրինակը հայ աշուղն է։ Նա սպասաւորել է արևելեան բանահիւսութեան, տարածել է պարսկական թիւրքաց վէպերն ու տաղերը, աւելացրել է դրանց վրա իր սեփական ստեղծագործութիւներն էլ, բայց փոքր ի շատէ ինքնուրույնութիւն կարողացել է պահպանել միմիայն կրօնական հարցերի մէջ, երբ նրան, իրրև քրիստոնեայ երգչի, հարկավոր էր լինում վէճի բռնվել մահմեդականների հետ։ Մնացած դեպքերում հայ աշուղի ազգութիւնը համարեա չէր երևում։ «Ցաւալու ու ծանր ասելու բան է, ինչպէս հայ մայրն օրօրքն ասելում` քունը կոտրելով ու գուրգուրելով մեծացրել է որդուն պարսից ու թուրքերու համար երգիչ», ասում է Ախվերդեանը[146]: Հայ ազգի որ և է աւանդութիւնը, որ կապ չունենար կրօնական հաւատալիքների հետ, հայ որ և է հերոսի գործերի նկարագրութիւնը երբէք չէին ոգևորում հայ աշուղին։ Նա իր ժողովրդի հարազատ որդին էր․․.

Այսպիսի անինքնուրոյնութիւնն ու ազգային անտարբերութիւնը յատուկ են և երգասաց հեղինարներին։ Դրանց գործերը ամենամեծ մասով ներկայացնում են ողորմելի տափակութիւն, վերին աստիճանի արհեստական նմանողութիւններ, որոնց մէջ տաղտկալի միանմանութեամբ կրկնվում են վարդի ու սոխակի, գինու ու գեղեցկութեան գովասանքները։

Փայլուն հանճարները գաճաճ նմանվողների լէգէօններ են թողնում իրանց ետևից։ Հաֆիզւ արևելքի այս ամենախոշոր քնարերգակ բանաստեղծը, իր դիւթող երգերով նուաճեց ամեն մէկին, որին մատչելի էր նրա լեզուն։ Նրան նմանվում էին շատ շնորհալի և անշնորհք, բանահիւսներ․ նմանվում էին եւ թիւրքերը, նմանվում էին եւ երգելու ընդուեակութիւն զգացող հայ վարդապետները։ Տարօրինակ հանգամանք: Յովհաննէս Թլկուրանցին, որ եղել է Սիսի կաթողիկոս,Գրիգոր Աղթամարցէի, որ եղել է Աղթամարի կաթողիկոս, երգել են սէր կոյսի գեղեցկութիւն։ Բայց ինչ գոյն, զգացմունքի ինչ խորութիւն կարող է ունենալ այդպիսի երգը կուսակրօն հոգևորականի բերանում, մի դասակարգի է, որ անբնական երևոյթ է կազմում կեանքի մէջ իբրև բնական օրէնքների մի միստիքական աղճատում, մի դասակարգի, որ սիրային զգացմունքների ուրախ և կենսաթրթիռ հակումների կատարեալ ժխտումն է։ Ուզում ենք ասել, որ սիրահարական, զուտ աշխարհային գործերի մէջ կեղծ էր կուսակրօնի դրութիւնը, իսկ կեղծութիւնից չէ կարող անկեղծութիւն դուրս գալ։ Հոգևորական դասը խորթ չէ եղել բանաստեղծական բուռն զգացմունքներին։ Բայց ի՞նչ շրջանի մէջ։ -Այնտեղ, ուր Գրիգոր Նարեկացին կամ Ներսէս Շնորհալին ողբեր ու փառաբանութիւններ են հիւսել, այսինքն կրօնական հասկացողութիւնների շրջանում։ Իսկ վեղարաւոր սիրահարները տուել են բառակոյտեր, որոնք եթէ մի քիչ էլ վկայում են հեղինակական կարողութեան մասին, բայց ճշմարիտ բանասաեղծական արժանաւորութիւններ, ի հարկէ, չեն ներկայացնում։ Նոյն իսկ լեզուի կողմից էլ անմշակ ու խակ են այդ երգերը․ գրաբարը խառն գաւառաբարբառի և օտար, գլխաւորապէս, ի հարկէ, պարսկերէն բառերի հետ-այսպիսի լեզուն չէր կարող ազդել, յուզել, պահվել երկար ժամանակ։

Այսքան ողորմելի էր ազգային ինքնաճանաչութեան և ինքնուրոյնութեան արտայայտութիւնը։ Եւ մենք, ի հարկէ, բոլորովին զուր վաստակած կը լինէինք, եթէ միամտութիւն ունենայինք որոնել այդ բանաստեղծութիւնների մէջ ազգային որ և է գաղափար, որ և է պատմական կամ ժամանակակից փաստ, որ բլբուլին, վարդին ու բահարին չը վերաբերվէր, այլ և կեցութեան, կեանքին։

Գրականութիւնը մի ազգի հոգին է։ Մենք շատ անգամ տեսանք, որ նոյն իսկ պատմագրական աշխատութիւնների մէջ էլ մոռացված էր ազգի անցեալր։ Ամեն ինչ կամ ողբ էր, կամ նահատակութիւնների նկարագրութիւն։

Եւ սակայն հայ ազգի առջև էլ դրված էր քաղաքական վերածնութեան նոյն անհրաժեշտութիւնը, որ զգում էր յոյնը, սլաւօնը։ Կար մի ժամանակ, որ հայն էլ սպասում էր թէ կը գան և իրան էլ կազատեն։ Մենք տեսանք, որ երեք կաթողիկոսներ զանազան ժամանակ մտածել են հայերին էլ մտցնել այն ազգերի թւի մէջ, որոնց Եւրօպան պատրաստվում էր ազատել։ Դրա համար նրանք, նախ և առաջ համաձայնվում էին կրօնակցական միութիւն հաստատել արևմտեան աշխարհի հետ։ Քանի որ ծրագրվող խաչակիր արշաւանքների հոգին Հռօմն էր, անկարելի էր, որ հայերը, մնալով Հռօմի թշնամի, իրաւունք ունենային սպասելու թէ կաթօլիկութիւնը, առանց որ և է  փոխարինութեան, ձեռք կը տար և ոտքի կը կանգնեցնէր նրանց։ Բայց երբ եւրօպական քադաքականութիւնը ստացաւ այնպիսի ընթացք, որ մահմեդական լուծի տակ ճնշվածներին ցոյց էր տալիս սեփական ջանքերով ազատվելու ճակատագրկան անհրաժեշտութիւնը, —այլ ևս բաւական չէր կրօնական, նոյն իսկ ցեղային ազդակցութիւնը։ Եւ Յակոբ կաթողիկոսը, եթէ նոյնիսկ Հռօմ էլ հասնէր, պիտի զգար, որ այլ ևս չի վերադառնայ այն ժամանակը, երբ քրիստոնէութիւնը լոկ քրիստոնէութեան համար, սրբազան պատերազմ էր հրատարակում իսլամի դէմ։

Գաղափարները թեաւոր են, նրանք թռչում են երկրից երկիր։ Եթէ պաւլիկեան աղանդը Հայաստանից անցաւ Բօլգարիա և այնտեղից Արևմտեան Եւրօպա, ուրիշ ազգերի մէջ պատրաստված գաղափարներն էլ կարող էին անցնել Հայաստան։ Եւրօպական արքունիքներին դիմումներ անելը և սեփական միջոցներով ազատարար շարժումներ ստեղծելը օրթօդօքս երկիրների մէջ սահմանափակված չը մնաց։ Հայերի մէջ էլ երևացին մի և նոյն միջոցների անհրաժեշտութիւնը զգացող անհատներ, թէև ազգի ամբողջութեան տրամադրութիւնը հոդ չունէր պատրաստած այդ տեսակ գործողութիւնների համար։ Ժամանակը յանկարծակիի է բերում ազգերը, բաց անելով նրանց առաջ գործելու ստիպողական անհրաժեշտութիւնը։ Այդպիսի մի ժամանակ էր XVII դարի վերջին քառորդը։

Թիւրքիայի և Աւստարիայի պատերազմները այդ ժամանակ աւելի տևողական, յամառ բնաւորութիւն ստացան։ Քրիստոնեայ աշխարհը այժմ մաքառում էր վստահութեամբ․ Աւստրիան, Լեհաստանը և Վենետիկը յարձակողական դաշնակցութիւն կազմեցին։ Այժմ այլ ևս ահարկու Սէլիմներն ու Սիւլէյմանները չէին թիւրքաց զօրքերի առաջնորդները. այժմ ամենքի անհերքելի իրողութիւն էր, որ Օսմանի գահը խախուտ է, քայքայվում է։

1683 թւականին թիւրք զօրքերը պաշարեցին Վիեննան։ Բայց այստեղ նրանց համար պատրաստված էր մի սոսկալի թակարդ։ Լեհական թագաւոր Եան Սօբէսկի յարձակում գործեց օսմանեան բանակի վրա և փառաւոր յաղթութիւն տարաւ. յաղթվածները անկարգ փախան, թողնելով իրանց բանակը, զէնքերը յաղթողների ձեռքին։ Այդ սարսափելի պարտութիւնը ահագին տպաւորութիւն թողեց Եւրօպայում․ երեք պետութիւնների դաշնակցութիւնը պաշտպանողական դիրքից դուրս գալով, յարձակողական դիրք բռնեց և սկսեց արշաւանքներ ասիական բռնակալաւթեան դէմ։

Յաջորդ տարին (1684) աւստրիական մի դեսպանութիւն գնաց Մօսկվա` հրաւիրելու ռուսներին, որ մտնեն դաշնակցութեան մէջ։ Դեսպան բարօն Բլիւմբերգ արտասանեց մի նշանաւոր ճառ, որի մէջ պատկերացրեց Եւրօպայի տրամադրութիւնը և ընդհանուր կարծիքները։ Նա առաջինն էր, որ Թիւրքիայի դրութիւնը նմանեցրեց անբուժելի հիվանդ մարդու դռության—մի անուն, որ մինչև այժմ էլ պահպանել է իր գոյութիւնը։ Ահա ինչ էր ասում Բլիւմբերգ այդ հիւանդ մարդու» մասին:

«Օսմանեան պեաութեան մեռելանման դէմքը և նրա այն ուժասպառութիւնը, որ յատուկ է միայն մահվան դատապարտված մարմնին և որ շուտով պիտի դիականանայ, — կատարեալ քայքայման նախակարապետներն են։ Վիեննայի պարտութեամբ նա զրկվեց ոյժից և կարողութիւնից․ նրան տիրած ահը ոչնչացրել է նրա աշխուժութիւնը․ ամօթալի փախուստի արագութիւնը վերջնականապէս խորտակել է նրան. հասել է նրա համար կործանման և քայքայման ժամը։ Թիւրքիան ճնշված է սեփական ծանրութեան տակ և ոյժ է գործ դնում ազատվել, ցնցումների ենթարկելով իր ներքին կազմուածքը, ազատվել այն ամենից, ինչով ծանրաբեռնված է նրա ստամոքսը, այն ստամոքսը, որ լցված է երկրի կողոպտած հարստութիւններով... Ամբողջ Յունաստանը և Ասիան սպասում են ձեզ․․․ Սառցակոյտը արդէն ճեղքվել է: Առիւծը արդէն պատրաստվում է արծիւների կերակուր դառնալ, սուլթանական սուրը բթացել է։ Հաւատացնում եմ ձեզ, որ ներկայ սուլթանը մի պառաւ կնիկ է, որ չը գիտէ մանել, այլ գիտէ միայն լաց լիներ[147]։

Դեսպանի այս խօսքերը հաստատում էին այն դէպքերը, որոնք տեղի ունեցան դրանից յետոյ։ Մի կողմից Աւստրիան, միւս կողմից Վենետիկը հարուծում էին օսմանեան վիշապը, կտորներ էին խլում նրանից։ Ու տագնապի մէջ էր թաթարական իսլամի ահաւոր ներկայացուցիչը ճիշտ է, նա էլ մի մի ցոյց էր տալիս իր նախկին ճիրանները, յետ էր խլում իր կորցրած պաատառները,րայց այդ աջողութիւնները ժամանակաւոր էին և չէին կարողանում փոխել իրերի դրութիւնը - այն, որ յաղթողը, անդադար առաջ գնացողը քրիստոնէութիւնն է։ Շուտով աւստրիական դաշնակցութեան մէջ մտաւ և Ռուսաստանը։

Այդ միահամուռ ջանքերը, այդ յաղթական գործողութիւնները յոյսերի նոր, փայլուն ճառագայթներ տարածեցին յոյն և սլաւօն ժողովուրդների մէջ։ Նրանք ուքի կանգնեցին և կանչում էին հաւատակից ու ցեղակից ռուսներին առաջ տանել ազատարար արշաւանքները։ Երուսաղէմից, Սերբիայից և այլ աեղերից բարձրաստիճան հոգևորականների նամակներ էին թռչում Մօսկվա։ «Այլ ևս այսպիսի յարմար ժամանակ չէք գտնելու», գրում էր Երուսաղէմի պատրիարք Իօսի Ֆէյ[148]: Սկսվեց ընդհանուր շարժում։ Մօլդավիան և Վալախիան բանակցութիւններ էին վարում Ռուսաստանի հետ, հաստատ խոստումներ էին ստանում նրանից։

Իսկ պատերազմը շարունակվում էր փոփոխակի աջողութեամբ. նա ձգձգվում էր տարիներով։ 1666-ին Ռուսաստանը առաջին յաղթութիւնը տարաւ թիւրքերի դէմ, նուաճելով Ազօվ քաղաքը։ Դա Պետրոս Մեծի գործն էր և մի նոր հրճուանք տարածեց Արևմուտքում։ Պետրոսը իր դեսպանի միջոցով յայտարարեց լեհական արքունիքին, թէ ինքը մտադիր է հրաւիրել պետութիւնները որ միասին ազատարար արշաւանք սկսեն՝ արևելեան քրիստոնեաներին անօրէնների իշխանութեան տակից հանելու համար։

Իր այդ մտադրութեան մասին թագաւորը նամակով յայտնեց յունաց պատրիարքին, աւելացնելով, որ մինչև իր վերջին շունչը պիտի աշխատէ։ Հօլլանդիայում Պետրոս Մեծը պատրաստել տուեց իր պատկերը, որի շուրջը գրված էր․ «Պետրոս, ռուս-յունական թագաւորութեան միապետ»։

Նոյն 1697 թւականին աւստրիական զօրքերի հրամանատար Եւգենիոս Սավօյացին ահաւոր ջարդ տուեց թիւրքերին Տիսա գետի մօտ, մի ջարդ, որ մոռացնել էր տալիս նոյն իսկ Վիեննայի պարտութիւնը։ Եւ յաղթահարված, ուժասպառ Թիւրքիան հարկադրված եկաւ գլուխ իջեցնել այն գեաւուրների առաջ, որոնց մինչև այդ արհամարհում էր։ Յաղթողները պահանջում էին խաղաղութեան դաշինք կապել, և յաղթվածը բացի համաձայնվելուց ուրիշ մի ճար չունէր։ Կարլօվից անունով աւանում հաւաքվեցին պետութիւններ ի ներկայացուցիչները, որոնք 1698-ին կազմեցին Կարլօվիցի դաշնադրութիւնը։ Դա առաջին ահեղ հարուածն էր, որ հանեց թիւրք պետութեան հիմքերը կազմող քարերից մէկը։ Պատմութիւնը այդ թւից բերում է Թիւրքիայի համար լուծվելու, մանրանալու, հետզհետէ դէպի յետ, դէպի Ասիա քաշվելու ճակատագիրը։ Օսմանների և Մուրադների շինութիւնը սկսում էր կամաց կամաց փլչել․ Եւրօպան իր անողոք կամքն էր թելադրում սուլթանին և սրան մնում էր միայն հնազանդվել․․․

Այդ իսկ նշանաւոր տարին, երբ Կարլօվիցի բանակցութիւնները դեռ շարունակվում էին, մի մարդ Եւրօպայից ճանապարհվեց դէպի Հայաստան։ Նա դուրս եկաւ գերմանական Դիւսէլդօրֆ քաղաքից 1698 թւի օգոստոսի 2—ին, անցաւ Կեօլն, Ֆրանկֆուրտ, Նիւրնբերգ քաղաքները և հասաւ Վիեննա։ Այստեղ նա կարևոր տեսակցութիւն ունեցաւ կայսրի պալատական հոգևորականի հետ, ապա շարունակեց ճանապարհը. աւստրիական մի բերդում մի երեք, ամիս բանտարկված մնալուց յետոյ, նա անցաւ Լեհաստանի վրայով դէպի Ռուսաստան։ Արդէն ձմեռ էր․ նա տեղեկացաւ, որ Կասպից ծովով չէ կարելի գնալ, որովհետև ծովը սառել է, ուստի փոխեց ճանապարհը, գնաց Մօլդավիայով դէպի Սև ծովը, Տրապիզօն անցնելու համար։ Այդտեղ էլ նա հանդիպեց արգելքների և խոչընդոտների, մինչև որ կարողացաւ գնալ Կ․ Պօլիս և այնտեղից Թօխաթի վրայով դէպի Արարատեան երկիրը։

Ճանապարհորդը տանում էր իր հետ կարևոր քաղաքական թղթեր, ուստի ամեն տեսակ զգուշութիւններ էր գործ դնում։ Նա գիտէր, որ իւրաքանչիւր անխոհեմ քայլ կարող է փչացնել մի մեծ ծրագիր, որ նա պահում ու փայփայում էր իբրև սրբութիւն։

Այդ մարդը Իսրայէլ Օրին էր։

XVIII

ՊՖալց Օրին եւ կուրֆիւրստը․ եզուիտների աջակցութիւնը։ -Օրին Կ․ Պօլսում. Կ. Պօլսից Երեւան. դաւանափոխութեան հարց․ տեսակցութիւն Նահապետ կաթողիկոսի հետ։ —Օրին իր հայրենական տանը. քոյր եւ եղբայրները. գաղտնապահութիւն. Անգեղակոթ. Մեւիք-Սաֆագ. հաշտութիւն նրա եւ Ամիր–բէկի մէջ:—Անգեղակոթի ժողովները. կատարեալ համաձայնութիւն. Օրին եւ մէլիքները Գացձասարի վանքում. միաբանութեան անհամաձայնութիւնը, Մինաս վարդապետ Տիգրանեան։—Անգեղակոթում պատրաստած թղթեր. խնճոյք եւ ոգեւորութիւն։ —Օրիի ծրագիրը. եւրօպական դաշնակցութիւն հայերի ազուտութեան համար. նրա զօրքերի տեղափոխւթիւնը մինչեւ Շամախի. արշավանքներ Շամախուց չորս ուղղութեամբ. Թաւրիզր պիտի գրաւվի. թիւրքիայի դիրքը այդ պատերազմի վերաբերմամբ։ —Ծրագիր հայերի ընդհանուր ապստամբութեան մասին. չափազանցութիւններ. միակամութիւն, ընդհանուր ապստամբութեան պատրաստութիւն չը կայ հայերի մէջ։ —Փրկութիւնը միայն Գէրմանիան չէ. Ռուսաստան եւ հայ վաճառականների դիրքը այնտեղ. Պետրոս Մեծ. Անգեղակոթի ժողովը դիմում է անում եւ Ռուսաստանին։ —Ինչ էր Օրին հայութեան համար։

Դիւսսէլգօրֆ քաղաքը, որտեղից ճանապարհ ընկավ Իսրայել Օրին, այն ժամանակ պատկանում էր Պֆալցի կուրֆիւրստութեան, որ տարածված էր Հոենոսեան Պալատինատ: Դա մէկն էր այն բազմաթիւ մասնակիցներից, որոնցից բաղկացած էր Գերմանիան: ԱՅդ մասնիկները, առանձին վերցրած, համարեա կատարեալ անկախութիւններ էին, բայց միասին՝ կազմում էին այսպէս անուանված «Հռօմէական–գերմանական սրբազան կայսրութիւնը», որի գլուխն էր Հաբսբուրգեան տանից ընտրվող կայսրը, իսկ մայրաքաղաքն էր Վիեննան։ Մեծ ու փոքր էին գերմանական կայսրութեան առանձին, անկախ մասնիկները․ նրանք կառավարվում էին «ֆիւրստերի ձեռքով։ Ֆիւրստ նշանակում է իշխան։ Բայց կային և եօթը «կուրֆիւստեր»․ այս անուն կրող իշխանները զանանվում էին ֆիւրստերից նրանով, որ դրանք էին կայսր ընտրում։ Կայսրի և բազմաթիւ տեղական իշխանների մէջ գոյութիւն ունէր թոյլ, ձեւական կապ․ կայսրը անունով համարվում էր այդ բոլոր իշխողների գլխաւոր․ բայց իւրաքանչիւր ֆիւրստ իր երկրի սահմաններում մի կատարեալ միապետ էր, լիակատար իրաւունքներով։

Ահա այդ տեսակ իշխաններից մէկը, Պֆալցի կուրֆիւրստը, իր ձեռքն առաւ Հայաստանի ազատութեան հարցը։

Իսրայէլ Օրին, ինչպէս գիտենք, բաժանվեց այն պատգամաւորութիւնից, որ Յակոբ կաթողիկոսի հետ 1678 թւին գնում էր Եւրօպա՝ հայերի համար ազատութիւն հայցելու։ Այդ ժամանակ Օրին երիտասարդ էր։ Նրա մասին մենք շատ բան չը գիտենք․ չը գիտենք նոյն իսկ թէ ո՞ր տեղից էր նա։ Յայտնին այն է, որ նա Ղարաբաղից էր, Պռօշ իշխանի տոհմից և պատգամաւորութեան մասնակցում էր իր հօր փոխարէն, որ ծերութեան պատճառով տանը մնաց։ Իսրայէլ Օրին գնաց Ֆրանսիա, ուր մնաց տասներկու տարի և ծառայում էր ֆրանսիական զօրքերի մէջ, ստացաւ օֆիցէրական աստիճան, մասնակցեց զանազան պատերազմների։ Մի պատերազմում նա գերի ընկաւ անգլիացիների ձեռքը, և ազատութիւն ստանալուց յետոյ այլևս չը վերադարձաւ Ֆրանսիա, այլ գնաց Պֆալց, ուր կօմիսարի պաշտօն վարեց չորս քաղաքներում։

Այդ ժամանակ նա այնքան մօտեցաւ Պֆալցի կուրֆիւրստ Յովհան Վիլհելմին, որ կարողանում էր խօսել և այնպիսի առարկաների մասին, որոնք, չէին վերաբերվում ծառայութեան։ Արևելքի դէպքերը, որոնq, գրաւել էին ամբողջ արևմտեան աշխարհի վառ հետաքրքրութիւնը, հարկադրեցին Օրիին խօսել իր հևռաւոր հայրենիքի մասին։ Նա, ի հարկէ, չէր մոռացել Ցակոբ. կաթողիկոսի պատգամաւորութիւնը և առաջարկեց կուրֆիւրսին Հայաստանի ազատութեան գործը և Հայաստանի թագը։ Յովհան-Վիլհելմը իր համաձայնութիւնը տուեց և գրելով նամակներ. հայ մէլիքների ու վրաց Գրիգօրի իշխանի անունով, ուղարկեց Օրիին իբրև իր հաւատարմատալ հայերի հետ գործի հանգամանքները քննելու ու մանրամասն ծրագիր մշակելու համար։ Կարևոր է այս տեղ յիշատակել, որ Օրիին աջակցում էր կաթօլիկ կղերը, ստանալով խոստում թէ հայերը պապական կը դառնան։ Պֆալցի արքունիքում աշխատում էր եզուիտ Պօտիէ։ Եկեղեցական տարրի աջակցութիւնը հարկաւոր էր մանաւանդ այն պատճառով, որ կուրֆիւրստը մտածում էր այդ մեծ ձեռնարկութիւնը ձեռք բերել կայսրի օգնութեամբ։ Յովհան-Վիլհելմ, թէև մի մասնաւոր երկրի իշխան, ազգակցական կապեր ունէր եւրօպական շատ վեհապետների հետ. ի միջի այլոց, նա Լէօպօլդ կայսրի քենակալն էր։ Որքան և այդ կապերր ազդեցիկ դիրք, տային նրան, բայց Վիեննայում իշխողները և ղեկավարողները եզուիտներն էին և առանց այդ կրօնաւորների հաճութեան` կայսրը ոչինչ չէր անի։

Եւրօպայում զինուորական կրթութիւան ստացած հայ ազնուականը շատ լաւ ծանօթ էր քաղաքական հանգամանքներին, և նրան մենք կարող ենք համարել նշանաւոր դիպլօմատիական գործիչ: Այդ ընդունակութիւնը նա ցույց տուեց իր ճանապարհորդութեան ժամանակ։ Վիեննայում տեսակցութիւն ունենալով կայսրի պալատական հոգևորականներից մէկի հետ, նա իմացաւ, որ Լէօպօլդը անյարմար է համարում կուրֆիւրստի առաջարկութիւնը ընդունել մի այնպիսի ժամանակ, երբ նոր էր խաղաղութեան դաշինք կապվում Թիւրքիայի հետ։ Ապա, հասնելով Ադրիանուպօլիս, Օրին ներկայացաւ ֆրանսիական դեսպանին, հրաւիրվեց նրա մօտ ճաշի և խօսակցութիւն ունեցաւ ընթացիկ քաղաքական հարցերի մասին։

Իր իսկական ծագումը և ճանապարհորդութեան նպատակը Իսրայէլ Օրին, ի հարկէ, թագցնում էր ամենայն խնամքով․ նա գործում էր մի զարմանալի զգուշութեամբ։ Միայն մեծ վէզիրը, որին ներկայացաւ Օրին մի գանգատ տալու համար, հասկացաւ թէ նա ֆրանսիացի չէ։ Բայց Կ․ Պօլսում, երբ Օրին գնաց տեսնելու սուլթանական պալատը (սուլթանը սովորաբար Ադրիանուպօլիս էր ապրում), թիւրք բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը մեծ վէզիրի նրբամտութիւնը չունեցաւ եւ ընդունելով այցելուին ֆրանսիացի, նրա հետ խօսակցութեան բռնվեց ժամանակակից յուզող քաղաքական հարցերի, Կարլօվիցի դաշնագրութեան մասին, պատմեց թէ որպիսի սարսափ էին տարածել թիւրքերի մէջ քրիստոնեաների յաղթութիւնները, ինչպէս ամենքը սպասում էին թէ յաղթողները կը հասնեն Կ․ Պօլսին, ինչպէս շատ թիւրքեր իրանց հարստութիւնները ուղարկում էին Պրուսա քաղաքը։

Երևում է, որ Օրին տեսնվեց և Կ․ Պօլսի հայոց պատրիարքի հետ, որ այդ ժամանակ Մելքիսեդեկ Սուպհին էր: Բայց շատ հաւանական է, որ նա իր ծրագիրները չը յայտնեց պատրիարքին. նախ որ թիւրքաց Հայաստանը չէր մտնում նրա ծրագրի մէջ և երկրորդ, որ Կ․ Պօլսի հայութեան մէջ Օրիի մտքերը այդ խառն ու փոթորկալից ժամանակներում հազիւ թէ որ և է համակրութիւն գտնէին։ Պատրիարքը միայն նրանով օգնեց Օրիին, որ յանձնարարեց նրան էրզրում գնացող երկու թիւրք, օֆիցէրների, որոնց հետ էլ նա ճանապարհ ընկաւ։ Անցաւ թիւրքաց Հայաստանով, սակայն ոչ մի տեղ կանգ չառաւ ու չը խօսեց հայերի հետ՝ պատրաստվող գործի մասին։ Նա շտապում էր պարսկական Հայաստանը և 1699 թւի ապրիլի 4-ին արդէն Երևանումն էր։

Օրին շատ լաւ էր ճանաչում և իր հայրենիքը։ Իբրև քաղաքական և զինուորական գործերին հմուտ մարդ, նա հասկանում էր, որ հայ ժողովրդի մէջ ընդհանրապէս չը կայ պատրաստութիւն գործելու այնպէս, ինչպէս ինքն էր ծրագրել, այսինքն մի համատարած ապստամբութեան միջոցով։ Եւ մէնք տեսանք, որ հայ ազգը ընդհանուր առմամբ այդպիսի յեղափոխական տրամադրութիւն չունէր պատրաստած իր մէկ։ Մնում էր դիմել երկրի այն կողմերը, ուր կային ռազմիկ ոյժեր։ Այդպիսի տեղ մի հատ էր ամբողջ պարսկական Հայաստանում—այն լեռնաստանը, որ պարունակում է իր մէջ Ղարաբաղը և Սիւնեաց երկիրը։ Այն տեղ էր շտապում Օրին։ Բայց կար մի կարեւոր հարց, որ պէտք էր լուծել նախքան Երևանից հեռանալը։ Դա կաթօլիկութիւն ընդունելու հարցն էր, Օրիի ծրագրի ամենահիմնաւոր կէտերից մէկը։ Անհրաժեշտ էր կրօնակցական միութիւն ստեղծել այն եւրօպական ազգերի հետ, որոնք, յանձն էին առնում գլուխ բերել հայերի ազատութեան գործը անհրաժեշտ էր դա մանաւանդ այն պատճառով, որ գործի գլուխ պիտի անցնէր Հռօմի պապը։ Քաղաքական շահը պահանում էր մի զոհ, որի վեբարերմամբ համաձայնութիւն էին յայտնել երեք հայ կաթողիկոսներ։ Եւ Օրին ուղևորվեց Էջմիածին։

Այդ ժամանակ կաթողիկոսը Նահապետն էր։ Կաթօլիկ աղբիւրները միաբերան հաւատացնում են, թէ Նահապետը հպատակութեան թուղթ էր ուղարկել պապին։ Եթէ դա միանգամայն ճիշդ լինէր, եթէ կաթողիկոսը սրտով յարած լինէր կաթօլիկութեան, Օրին ոչինչ դժուարութիւն չը պիտի գտներ Էջմիածնում․ Նահապետին կը մնար նորից մի թղթով հաւատացնել պապին թէ իր հպատակութիւնը գործնական փաստերով էլ կապացուցանէ, և Օրին միանգամայն ապահոված կը համարէր իր ծրագրի այն մասը, որ դաւանափոխութեան էր վերաբերվում։ Բայց հայ քաղաքական գործիչը հեռացաւ Էջմիածնից բոլորովին հիասթափված․ նա համոզվեց, որ Նահապետին հետաքրքրողը ոչ կաթօլիկութիւնն էր, ոչ էլ դրա հետ կապված ազգային ամենակարևոր հարցը, այլ պարսիկ պաշտօնեաներին կաշառելու միջոցով իշխելը։ Այս իրողութիւնը ցոյց է տալիս, որ չը պէտք է առանձին կարևորութիւն տալ այն թղթին, որ Նահապետը ուղարկել էր Հռօմ։ Եզուիտներից աջակցութիւն գտած կաթողիկոսը սիրտ սիրաշահելու համար գրած պիտի լինի հպատակութեան թուղթը, որի հետևանքը կը լինէր կաթօլիկ կրօնաւորների հետ հաշտ ապրելը։ Բայց երբ եկաւ վճռական րօպէն, երբ պէտք եղաւ գրածը գործով ապացուցանել, կաթողիկոսը բացէ ի բաց մերժեց կաթօլիկանալու միտքը․․․

Իսրայէլ Օրին ուղևորվեց իր հայրենի տունը։ Այստեղ երևում է մեծ գաղափարին ամբողջ հոգով նուիրված մարդը, որ գիտէ թէ ձեռնարկութեան աջողութեան համար պէտք է ուրանալ ծնողներին ու ազգականներին անգամ։ Մի գիշեր է մնում նա իրանց տանը իբրև հիւր։ Նրա քոյրը, իմանալով, որ հւրը հեռաւոր տեղից եկած մի օտարական է, սկսում է հարց ու փորձ անել նրանից թէ արդեօք չէ՞ տեսել Եւրօպայում իր եղբօրը, որ քսան տարի առաջ հեռացել է հայրական տնից և չէ երևում։ Չը կամենալով սկզբից և եթ աղմուկ բարձրացնել, խախտել այն գաղտնապահութիւնը, որ ամենից շատ հարկաւոր էր գործի համար, Իսրայէլը քսանամեայ բացակայութիւնից յետոյ այնքան, քաջութիւն ունեցաւ իր մէջ, որ թագցրեց թէ ինքն է այդ եղբայրը, և միայն ասաց, թէ մի ժամանակ ճանաչում էր Ֆրանսիայում մի այդպիսի հայի։ Քոյրը կանչում է եղբայրներին, աւետելով թէ իրանց հիւրը տեղեկութիւններ գիտէ Իսրայէլի մասին։ Հաւաքվում են եղբայրները, բայց չեն հաւատում թէ օտարականը ճիշտ է ասում․ նրանք հաւատացած էին թէ այս նոր մարդն էլ մէկն է շատերից, որոնք զանազան ժամանակ եկան յայտնեցին, թէ գիտեն Իսրայէլի տեղը, փող ստացան, բայց յետոյ երևաց, որ խաբեբաներ էին։ Այս սրտառուչ տեսարանն էլ չէ կարողանում հարկադրել Օրիին բացվել իր եղբայրների առաջ։ Այդպէս էլ մնալով անծանօթ ու օտար հիւր, նա քնեց հայրական յարկի տակ. իսկ միւս օրը, թողնելով անկողնում իբրև յիշատակ իր ժամացոյցն ու մի քանի մեդալներ, նա հեռացավ գնաց իր գործին։

Սիւնեաց երկրի Սիսիան գաւառում հոսում է բաւական յորդ ու լեռնային մի գետ, Որոտն անունով, որ գալիս անցնում է Տաթևի վանքի մօտով։ Այդ գետի ձորում, Տաթևից բաւական հեռու դէպի հիւսիս-արևմուտք, այժմ տեղաւորված է մի փոքրիկ ու աննշան գիւղ։ Նրա անունն է Անգեղակոթ։ Որոտան գետը անցնելով գիւղի առջևից, մի գեղեցիկ տեսարան է բաց անում։ Այս է միակ նշանակելի հանգամանքը. մնացածը ներկայացնում է Սիսիանին յատուկ աղքատութիւնը և կորածութիւնը։ Գիւղի այժմեան բնակիչները նոյն իսկ բնիկներ էլ չեն, եկուոր են Պարսկաստանից։ Բայց XVII դարի վերջում Անգեղակոթը մի գիւղաքաղաք էր, ուր բնակվում էր տեղային մէլիքը, Սափրազ կամ Շաֆրազ անունով։ Ահա այդ մէլիքի մօտ գնաց Օրին, և Անգեղակոթը այնուհետև հասցրեց իր անունը նոյն իսկ եւրօպական արքունիքներին։

Մէլիք—Սաֆրազը 1678-ին Էջմիածնում գումարված գաղտնի ժողովին մասնակցողներից մէկն էր։ Օրին նրա մօտ այլ ևս չը թագցրեց իրան. նրա համար դժուար չէր թէ հաւաստիքներ ներկայացնել, որ ինքը Օրին է և թէ բաց անել նրա առաջ իր քաղաքական ձեռնարկութիւնը։ Լեռնցի կիսանկախ իշխանը ուրախութեամբ ընդունեց այդ անակնկալ հիւրին և մեծ համակրութեամբ վերաբերվեց հին ծրագիրը նոր մանրամասնութիւններով վերակենդանացնելու մտքին։

Բայց Իսրայէլ Օրին ամենից առաջ ձեռնարկեց մի գործի, որ գեղեցիկ կերպով բնորոշում է նրա կազմակերպող ընդունակութիւնը, քաղաքագիտական նրբամտութիւնը։ Հայ մէլիքներից մէկը, Մարտիրոսի որդի Ամիր բէկը, թշնամացել էր Սաֆրազի հետ, և ինչպէս այս յատուկ է լեռնային տգէտ բարքերին ու համայնական օգուտների մասին հասկացողութիւն չունեցող ժողովրդին, Ամիր-բէկը ջգրու միացել էր տեղացի մահմեդական իշխողների հետ, որպէս զի Սաֆրազի համար ուժեղ և շատ վնասակար թշնամի դառնայ։ Օրին նախ խօսեց՝ այդ թշնամութիւնը վերացնելու, և նրա տեղ կատարեալ հաշտութիւն հաստատելու մասին․ Անգեղակոթի դէրը բորբոքվեց այդ առաջարկութիւնից և յայտնեց, որ հաշտութիւնը երբէք չի կայանայ։ Բայց Օրին սկսեց համոզել նըրան, ցոյց տուեց թէ որքան վտանգաւոր է այդպիսի կատաղի թշնամութիւնը երկու ազդեցիկ իշխողների մէջ, երբ անհրաժեշտ է, որ երկրի բոլոր առաջաւոր ոյժերը միանան, մի հոգի դառնան։ Կակղեցնելով Սաֆրազին, նա գնաց Ամիրբէկի մօտ, որը սկզբում նոյնպէս կատաղեց Սաֆրազի հետ հաշտվելու մտքից, բայց յետոյ, երբ Օրին ասաց, թէ երկու տների թշնամութեան պատճառով չի կարելի վտանգի ենթարկել ամբողջ երկրի շահերը, նոյնպէս զիջեց։ Հաշտութիւնը կայացաւ և հաստատվեց Ամիր-բէկի 10-ամեայ աղջկայ և Սաֆրազի 14-ամեայ տղայի նշանադրութեամբ։

Դա մի գեղեցիկ նշան էր։ Մոռանալ այդքան սուր կերպարանք ստացած թշնամութիւն ընդհանուր մեծ գործի համար, եղբայրութեան ձեռք մեկնել իրար․ համերաշխ ու հոգեկից լինելու համար այնտեղ, ուր ամենից առաջ և ամենից շատ միաբանութիւն և անձնական կրքերի անհետացում էր պահանհվում—այսպիսի երևոյթ շատ չէ տեսնված հայերի մէջ, և Օրին կարող էր կատարել վստահութեամբ իր շուրջը հաւաքել լեռնցի իշխողներին։ Անգեղակոթում սկսվեցին խորհրդածութիւններ, որոնց մասնակցում էին տասն մէլիքներ, հաւաքված Սիւնիքի և Ղարաբաղի զանազան կողմերից։ Խորհրդածութիւնների հոգին, ի հարկէ, Օրին էր, նա էր ղեկավարում, բացատրում ամեն ինչ, բաց անում իր մեծ ծրագրի մանրամասնութիւնները։ Եւ նրան լսում էին առանց հակառակութիւնների, միաբան։ Մէլիքները մանրամասն տեղեկութիւններ էին տալիս ներկայի և անցեալի մասին, բացատրում էին թէ ինչպէս կարելի ու յարմար է սկսել գործողութիւնները այնպէս որ քսան երկար տարիներ հայրենիքի երեսր չը տեսած Օրին մի կարճ միջոցում դարձաւ հարուստ տեղեկութիւնների տէր և երկիրը ամեն կողմից ուսոււմնասիրած մարդ։

Նոյն իսկ կրօնական հարցն էլ անհամաձայնութիւններ չառաջարկեց Անգեղակոթի ժողովի մէջ։ Չը նայած առանձնապէս լեռնականներին յատուկ ավանդապահութեան, մէլիքները առարկութիւն չունէին և այն բանի դէմ, որ հայերը Հռօմի հպատակ դառնային. ժողովրդի առաջնորդները այնքան ոգևորված էին հայրենիքի ազատութեուն գաղափարով, որ միաձայն ընդունեցին դաւանափոխութեան առաջարկը։

Պէտք էր ընդունել տալ այդ վճիռը նաև հոգևորականութեան։ Էջմիածինը մերժել էր միանալ նոր սկսվող շարժման, բայց կար մի այլ կաթողիկոս, որի թեմը Դարաբաղն էր։ Դա Աղուանից կաթողիկոսն էր, որ նստում էր Գանձասարի վանքում։ Նրան էլ դիմեցին մէլիքները Անգեղակոթից գալով Գանձասար Օրիի հետ։ Ժողով կազմըվեց, և Օրին սկսեց բացատրել թէ ինչ վնասներ են առաջացել եկեղեցիների բաժանումից, թէ որքան լաւ է թշնամութեան և հակառակութիւնների տեղ հաստատել քրիստոնէական համաձայնութիւն, ցոյց տուեց թէ այդ համձայնութիւնը որքան խոշոր դեր պիտի կատարէր այն գործի մէջ, որի համար ինքը եկել էր Եւրօպայից այս տեղ։ Պէտք էր միանալ Հռօմի եկեղեցու հետ այդ միութիանը մի անհրաժեշտութիւն էր, որովհետև եւրօսլական մի ազդեցիկ միապետ պատրաստ է ազատել հայերին մահմեդական լուծից։

Անկարելի է, որ վանքում յարուցվի կրօնական խնդիր և նա կրքեր չը բորբոքէ, սուր վէճեր չառաջացնէ։ Գանձասարի միաբանութիւնը ընդ դիմացաւ այդ մտքին։ Օրին ստիպված էր դաւանաբաւական վէճ սկսել երկու վարդապետների հետ և ապացուցանել նրանց տգիտութիւնը——մի բան, որ այն Ժամանակները առհասարակ կարօտ չէր ապացոյցների։

Եւ այսպէս, հայ հոգևորականութիւնը ամեն տեղ բացասաբար էր վերաբերվում Օրիի բերած քաղաքական ծրագրին։ Դա մի շատ նշանաւոր խոչընդոտ էր։ Օրիին հարկաւոր էր տանել իր հետ հայ հոգևորականներից մէկին իբրև երաշխաւռրութիւն, թէ աշխարհական դասակարգի և հոդևոր ականութեան մէջ գոյութիւն ունի կատարեալ համաձայնութիան սկսվող գործի վերաբերմամբ։ Աոանց հոգևորականի մասնակցութեան ոչ կրօնական միութեան հարցր կարոդ? էր բաւարար  լուծում ստացած համարվել, ոչ էլ բանակցութիւնների համար Եւրօպա ուղևորվող պատգամաւորութիւնը կարող էր ազգի ներկայացուցիչ լինել։ Ահա թէ ինչ դրութիւն էր ստեղծում Էջմիածնի և Գանձասարի ցուրտ վերաբերմունքը դէպի Օրին։ Բայց այդ արգելքը միանգամայն չը կաշկանդեց հայ մէլիքներին ու անգործութեան չը դատապարտեց նրանց։ Գանձասարի մօտ գտնվող ս․ Յակոբի վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանեանցը միացաւ մէլիքների հետ և համաձայնվեց Օրիի հետ Եւրօպա գնալու։ Այդ վարդապետը թէև հայ հոգևորականութեան պաշտօնական ներկայացուցիչը չէր, լիազօրութիւններ չունէր նրա կողմից, բայց և այդպէս, Օրին կարող էր գոհ լինել և այդքանով։ Նա մէլիքների հետ Գանձասարից վերադարձաւ Անգեղակոթ։ Գանձասարը թէև այսպիսի սառնութեամբ էր ընդունում հայերի առաջին ազատական փորձը, բայց շուտով պիտի դառնար Անգեղակոթից աւելի հոչակաւոր մի տեղ, ուր մի ամբողջ դարի ընթացքում կէտնտրօնացած էին հայերի ապստամբական շարժումները և բանակցութիւնները քրիստոնեայ պետութիւնների հետ։ Ինքը Օրին, շուտով պիտի տեսնէր, որ Հայաստանի վանքերի մէջ միայն Խաչէնի այս հոչակաւոր ու գեղեցիկ վանքը պիտի ամենայն եոանդով շարունակէ այն գործը, որի հիմքը դնում էր ինքը։

Գործողութիւնները կատարվում էին արագ ու շտապ։ Օրին իր հայրենիքում մնաց մի ամսից ոչ աւել և այդքան կարճ միջոցում ամեն ինչ գադրված վերջացած էր։ Անգեդակոթի ժողովը պատրաստեց մի քանի թղթեր։ Նախ և առաջ գրեց Հռօմի պապին մի աղերսագիր, թէ հայ ժողովուրդը պատրաստ է մտնել ս․ Պետրոսի հօտի մէջ և աղաչում է աջակցել իր ազատութեան գործին։ Մէլիքները որպէսզի հասկացնեն պապին, թէ ինչո՞ւ այդ առաջարկութիւնը իրանց կողմից է անվում, առանց հոգևոր դասակարգի մասնակցութեան, գանգատվում էին իրանց կաթողիկոսների վրա, որոնք, ասում էին, իրանց փառասիրութեան համար մոռացել են հօտի շահերը և կողոպտում են եկեղեցիները։ Ապա պատրաստվեց հաւատարմաթուղթ, որով ժողովը տալիս էր Իսրայէլ Օրիին և Մինաս վարդապետին անսահման լիազօրութիւններ՝ բանակցութիւններ վարելու ամեն տեղ, ուր հարկաւոր է և այն պայմաններով, որ այդ երկու հաւատարմատարները յարմար կը համարեն։ Պֆալցի կուրֆիւրստին ուղղած աղերսագրի մէջ մէլիքները երդվում և հաւատացնում էին թէ իրանք և իրանց ժողովուրդը ոչինչ չեն խնայի—ո՛չ կեանք, ո՛չ գոյք, ոչ առհասարակ ամեն տեսակ զոհողութիւն՝ իրանց երկրի ազատութեան համար։

Ո՞րքան անկեղծ էին այդ խոստումները։ Ահա վերջացել են խորհրդածութիւնները, թղթերը պատրաստ են և ստորագրված։ Անգեղակոթում մեծ խնճոյք է։ Նոր, թարմ, կենդանարար գաղափարը գարնանային այդ անուշաբոյր, անմոռանալի օրը (ապրիլի վերջն էր) մտել է լեռնցի պարզամիտ և կորովի մարդկանց շրջանը, ոգևորութեան, հրճուանքի բարձր աստիճանին է հասցրել նրանց։ Իր վերածնութեան առաջին քարերը դնող ժողովուրդը կայտառ ու աշխոյժ է լինում երեխայի պէս և յափշատկվող՝ իբրև ամենաթունդը սիրահարներից։ Մէլիքները տօնում են խաւարի մէջ ծագող արշալոյսը։ Օրվայ հերոսը Օրին է. նա էր ոգևորել, վառել այդ մարդկանց։ Իր հետ բերել էր Պֆալցի կուրֆիւրստի և նրա տիկնոջ, ինչպէս և կայսրի ու կայսրուհու պատկերները, որ գնել էր Վիեննայում. յանկարծ հանում է այդ պատկերները, և ժողովականները տեսնում են իրանց հեռաւոր, անծանօթ բարերարներին։ Հրճուանքը աւելի սաստկանում է, Հռենոսի ափում ապրող մարդու պատկերը պաշտամունքի առարկայ է դառնում: Սիւնեաց աշխարհի այդ կորած, խեղճ անկիւնում։ Մոմեր են վառում, դնում պատկերների կողքին-ճիշտ այսպէս էլ այդ ժողովուրդը պատւում է իր սուրբերին։ Գաւաթներով խըմում են քրիստոնեայ իշխանի կենացը. ով ուզում է մի բան ասել, նախ գլուխ է տալիս պատկերներին և ապա միայն բերանը բաց անում։ Ծագում է հարց, թէ ու՞մ մօտ պիտի մնան պատկերները։ Համաձայնութիւն, ի հարկէ, չէ կայանում. վերջապէս, տեղական քահանան յայտնում է, թէ պատկերները ինքը կը դնէ եկեղեցում, ուր նրանք ամենքի սեփականութիւնը կը լինեն։

Այսքան սրբազան ջերմեռանդութեամբ էին վերաբերվում լեռնցիները Իսրայէլ Օրիի սկսած գործին։

Արևելեան հարցի այն մասնիկի համար, որ ․ հայերն էին ներկայանում, Օրին չէր կարող մի ուրիշ լուծում գտներ բացի գործողութիւնների այն եղանակից, որ միակ հնարաւորն ու իրականն էր մահմեդական արևելքում ապրող բոլոր քրիստոոնեայ ազգերի համար։ Մենք տեսանք, որ ամեն տեղ սպասվում էր մի և նույն բանը-եւրօպական արշավանք, միացած տեղացիների ապստաամբութեան հետ։ Այս էր և Օրիի ծրագրի հոգին։

Բայց Հայաստանը, ենթարկված լինելով արևելեան քրիստոնեաների ընդհանուր ճակատագրին, ներկայացնում էր այդ տեսակ ազատութեան հասնելու շատ դժվուարութիւններ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի․—նա շրջապատված էր մահմեդական ազգերով, հեռու էր ծովի, և եւրօպական ոչ մի պետութեան, այնքան մօտիկ չէր, որ հեշտ լիներ զօրքեր և պատերազմական ծանրոցներ փոխադրելը։ Հայաստանի և Եւրօպայի մեջ ընկած էր դեռ ևս ահագին Թիւրքիան. անհնարին պետք է լիներ մտածել անգամ թե կարելի է զինվորական մի բանակ անցկացնել այդ պետության միջով` հայերին օգնելու համար։ Պետք էր ուրեմն, ճանապարհ, և Օրին ընտրեց այն երկար ճանապարհը, որ Աւստրիայից Լեհաստանի և Ռուսաստանի վրայով տանում էր դեպի Կասպից ծովը։ Սակայն այդ երկարութիւնն էլ այն անյարմարութիւնն ուներ, որ մեծ ու ծանր բանակ ուղարկել չէր կարելի։ Անհրաժեշտ էր ուրեմն որ արշաւող զօրախումբը բաղկացած լիներ մեծ մասամբ ձիաւոր զօրքից և թնդանօթներից այն էլ ոչ մեծ քանակութեամբ։ Ո՞վ պետք է տար այդքան ձիավոր զորք։ Պֆալցի կուրֆիւրստը այնքան ընդարձակ պատերազմական միջոցներ չունէր, որ կարողանար փոքր ինչ շատ նշանավոր բանակ հանել իր երկրից և ուղարկել այնքան հեռավոր տեղ։ Հարկավոր էր ուրեմն, որ նա ունենար ուրիշ աջակիցներ, որոնք համաձայն լինէին ձեռնարկության, ծանրության մի մասը իրանց վրա վերցնել. հարկավոր էին դաշնակիցներ։ Թեև Հայաստանը այնքան կարևոր հարց չէր եվրոպական քաղաքականության համար, որ կարելի լիներ յուսալ թէ պետությունները հոժարությամբ կկազմեն դաշնակցություն և չեն խնայի դրամական միջոցներ այդ հեռավոր արշավանքը ապահովելու համար, բայց այստեղ պետք էր հավատալ, թե կուրֆիւրստի բարեկամական կապերը առաջնակարգ դեր կխաղան։

Այս բոլոր հանգամանքները աչքի առաջ ունէր Օրին։ Ուստի Պֆալցի կուրֆիւրստին հանձնում էր գլխավոր նախաձեռնորդը, արշավանք կազմակերպողի դերը։ Ամենից առաջ պետք էր ստանալ Հռոմի պապի հաճությունը, որպեսզի դաշնակցությանը հեշտ իրականանա. ահա թե ինչու Օրին այնքան կարևորություն էր տալիս հայերի դաւանափոխության։ Նա լավ էր ճանաչում Եվրոպան, գիտեր, որ յուրաքանչյուր կաթոլիկ արքունիք, գտնվում է ամենակարող եզուիտների ձեռքում, որոնցից մի քանիսը արդեն խոսք էին տալիս աջակցելու, իսկ Հայաստանում գտնվողներն էլ իրանց կողմից էին խոստումներ անում։ Իբրև կուրֆիւրստի դաշնակիցներ` Օրին ի նկատի ունէր նախ գերմանական կայսրին, ապա Տօսկանայի դուքսին։ Այս երեքպետեան դաշնակցութիւնը հեշտութեամբ կարող էր 5—6 հազարանոց մի բանակ ուղարկել Հայաստան։

Դաշնակցական զօրքը, ինչպէս ասացինք, պիտի ուղևորվէր դէպի Կասպից ծովը։ Օրին կարծում էր, որ կայսրի համար դժուար չի լինի ձեռք բերել Լեհաստանի և Ռուսաստանի համաձայնութիւնը, որ զօրքերը անցնեն այդ երկիրներով։ Հասնելով Վօլգային, բանակը նաւերով գալիս է Կասպից ծովը, գրաւում է Բագուն, որտեղից արդէն մի կարճ ճանապարհ է մինչև Շամախի, որ և կազմում է, Օրիի կարծիքով, Հայասաանի սահմանագլուխը։

Այսպէս ուրեմն, պատերազմական գործողութիւնները սկսվում են Պարսկաստանում։ Օրին, ի հարկէ, չէ էլ մտածում թէ կռւողը, ազատութիւն նուաճողը միայն եւրօպացի այդ փոքրաթիւ բանակը պիտի լինի։ Շամախուց սկսած՝ դաշնակից զօրքերին, նրա ծրագրով, օգնութեան են գնում հայ զօրքերը։ Հայերը-ասում է Օրին-ամեն ինչ ունեն առատութեամբ՝ թէ՛ մարդ, թէ՛ զէնք, թէ դրամ. նրանց հարկաւոր է միայն մի գլխաւոր հրամանատար, մի ղեկավարող, հրահանգող ղօրաբաժին։ Շամախում պատրաստ պիտի լինեն տասն հազար ձիաւոր հայեր։

Ոչ մի դիմադրութեան չը հանդիպելով, դաշնակից բանակը արագ արշաւանք, է սկսում Շամախուց չորս ուղղութեամբ. մի մասը գնում է Գանձակի վրա, երկրորդը Լօրենտի(?) վրա, երրորդը Ղափանի և չորրորդը Նախիջևանի վրա։ Ազգաբնակութիւնը այդ կողմերում մեծ մասամբ քրիստոնեաներից է կազմված, մահմեդականները շատ քիչ են, իսկ պարսիկ պաշտօնեաները աննշան թւով մարդիկ ունեն իրանց ձեռքի տակ։ Դիմադրութիւն ոչ մի տեղ համարեա չը կայ, զորքը մի տեսակ զինուորական զբօսանք է կատարում և նուաճում է պարսկական բոլոր երկիրները Շամախուց մինչև Արաքսը։ Նախիջևանում բոլոր զօրաբաժինները միանում են․ նրանք բռնում են Արաքսի բոլոր անցքերը և ապա արշաւում են Երևանի վրա, որի գրաւումն էլ դժուար չէ։

Յայտնի չէ թէ ինչու Օրին, բաւական չը համարելով պարսկական Հայաստանի գրաւումը, նկատի ունէր և արշաւանք դէպի Արաքսի միւս կողմը։ Նա հարկաւոր էր համարում, որ քրիստոնեայ բանակը նուաճէ և Թաւրիզը, դեռ այնտեղից էլ քիչ առաջ գնայ։ Բայց այստեղ էլ վերջանում էր ամեն ինչ։ Այդ բոլոր գործողութիւնները աջողութեամբ գլուխ բերելուց յետոյ Հայաստանի պարսկական մասը ստանում էր անկախութիւն և մտնում էր կուրֆիւրստի կառավարութեան տակ։ Թիւրքիայի դէմ Օրին թշնամական գործողութեան որ և է միտք չունէր․ թիւրքաց հողերին նա ձեռք չէր տալիս, լաւ իմանալով, որ օսմանեան պետութիւնը թոյլ և կազմալուծվող Պարսկաստանը չէ։ Կարող էր երկիւղ լինել թէ Թիւրքիան չի թոյլ տայ, որ իր սահմանակից երկրում քրիստոնեաների անկախութիւն հաստատվի։ Բայց Օրին գտնում էր որ չը պէտք է այդպիսի վախ ունենալ․ նախ և առաջ Թիւրքիան չէր կռւի, որովհետև իրան չեն դիպչում. երկրորդ, եթէ պատերազմ էլ յայտարարէր, իրան միայն վնասած կը լինէր, որովհետև թէ Ռուսաստանը և թէ Աւստրիան, օգտվելով այդ հանգամանքից, պատերազմ կը սկսէին Թիւրքիայի դէմ՝ իրանց հաշիւները վերջացնելու համար։ Հիմա տեսնենք թէ ինչ մասնակցութիւն պիտի ունենային հայերը այդ ազատարար արշաւանքների մէջ։ Թէև Օրին միայն Ղարաբաղի և Սիւնիքի մի մասի հայ մէլիքների խոստումներն ու համաձայնութիւնը ունէր իր հետ, այնուամենայնիւ հնարաւոր էր համարում խօսել բոլոր հայերի կողմից և մեծամեծ յոյսեր էր դնում ամբողջ ազգի վրա։ Նա, երևի, ենթադրում էր, թէ երբ երկրի մէջ երևան կը գայ ազատարար բանակը, ինքն ըստ ինքեան կը բռնկվի մի համատարած հրդեհ, և բոլոր ստրուկները ոտքի կը կանգնեն իրանց հարստահարողների դէմ։ Բայց դա մի ենթադրութիւն էր և չափազանցրած ենթադրութիւն։ Առհասարակ, Օրին չափազանցութիւնների շատ էր դիմում, մի բան, առանց որի հազիվ թէ երբ և իցէ կազմված լինի որ և է յեղափոխական ծրագիր: Այսպէս, Օրին հաշւում էր թէ հայերը կարող են պատերազմի դաշտ հանել աւելի քան երկու հարիւր հազար մարդ։ Ի՞նչպէս էր կազմվում մի այդպիսի բազմութիւնը։-Դիզակի և Ղափանի պէս փոքրիկ գաւառները, նրա կարծիքով, կը տային տասն հազարական մարդ, մինչդեռ, մի քանի տարիներից յետոյ, երբ սկսվեց գործը, ակն յայտնի դարձաւ, որ այդ քանակութեան կէսն էլ անկարելի է հանել այդ տեղերից․ Թիւրքիայից օգնութեան կը գան մօտ ութսուն հազար հայեր, բացի դրանից վրացիներն էլ կը միանային հայերին և մի քանի տասնեակ հազար կռւողներ էլ նրանք կը տային։ Այսպիսով կազմվում էր մի մեծ ոյժ, որը կարող էր ամբողջ Պարսկաստանը նուաճել, մանաւանդ որ Օրին պարսկական ոյժերը շատ չնչին էր համարում, 38 հազար մարդուց ոչ աւել։

Նոյն չափազանցութիւնը տեսնում ենք պատրաստվող պատերազմի և ուրիշ հարցերում։ Ոչինչ դրամական պակասութիւն չի լինի․ հայերը առանց որ և է դժուարութեան կը հայթայթէին պատերազմական բոլոր ծախսերը․ հարստութիւն և մթերքներ շատ կային երկրի մէջ։ Ամեն ինչ հեշտութեամբ և արագ էր գլուխ գալիս․ կարծես երկարատև պատրաստութիւնների միջոցով ազգի անջատված, միմեանցից հեռու ապրող մասերը մի ընդհանուր համաձայնութեան էին եկել, բաժանել էին դերերը և միայն նշանի էին սպասում։ Սակայն այսպիսի երևոյթ չը կար մեր մէջ։ Քաղաքական յեղափոխութիւնը հիմնված էր միայն տասն լեռնցի իշխողների պատրաստականութեան վրա․ ապագայ դէպքերը լաւ ապացոյցներ բերին, որ այդ պատրաստականութիւնն էլ բաւական չէ, որ յեղափոխութիւնը պահանջում է, որ նախ և առաջ ժողովուրդը բարոյական և մտաւոր յեղափոխութեան ենթարկվի, դաստիարակվի, զարգանայ։

Եւ չը մոռանանք, որ Օրին իր ծրագիրը ապագայի համար չէր պատրաստել․ նա պիտի իրագործվէր իսկոյն, առանց ժամանակ կորցնելու։ Ազատարար բանակը պիտի Աստրբախան կամ Շամախի հասնէր միւս տարվայ, 1700-ի գարնանը։ Թէ ինչպէս էր Օրին շտկում բոլոր դժուարութիւնները, երևում է նրանից, որ Ռուսաստանում պէտք էր պաշար պատրասաել եւրօպական զօրաբաժնի համար և այդ պարտաւորութիւնը յանձն առնելով, Օրին կարծում էր թէ ամեն ինչ կանեն այն հայ վաճառականները, որոնք, գործեր ունէին Ռուսաստանում։ Կամ մի ուրիշ օրինակ։ Դրամական միջոցների անհուն առատութիւնը ցոյց տալու համար Օրին մատնանիշ էր անում Ձմիւոնիայի վաճառական Անտօն Չէլէպիին կամ Շէհրիմանեաններին որոնցից մէկը Վիէննայում կոմսի տիտղոս էր ստացել։ Անշուշտ հայ վաճառականների սնդուկներում շատ ոսկի կար, բայց մտածել էր Օրին թէ ինչ միջոցով կարելի է այդ ոսկիները դուրս հանել ազգային գործի համար։ Ահա այդ վաճառականներից մէկը, Սաֆարը, որի խօսքերը բերում է Շրէօդէր[149] Այդ վաճառական ասում է«Մեր ազգն էսօր էլ դինջ ա քանճ մեր թագաւորաց վախտին․ զարա կռիւ չի էտեսչլ,ու ամեն ազգի հետ ազատ ելումուտ ուեի» «ՑՏւ ուրիշ Խյճառական, Զաքաբիա Ագուլեցին, էր հսբն գրքում տեսայ թէ թւին 1647–ումն Շահաբաս Ըսպահան թախտ նստաւ հարուստ հայոց թագաւոր էր»[150] ։ Իսկ 1709, մինչդեռ Օրին հազիվ աջողեցրել էր Հռօմի պապից դեսպանութեան պաշտօն ստանալ՝ Պարսկաստան գնալու, և տեղային հանգամանքները աւելի լաւ ուսումնասիրելու համար, Էջմիածնի Ալէքսանդր կաթողիկոսը գրում էր նոյն այդ պապին․ «Ամենաթագաւոր Աստուածը մեր թագաւորին, որի իշխանութեան տակ պատսպարված ենք մենք, թող տայ թագաւորութեան հաստատութիւն և մենք ձեզանով աղօթք ենք մատուցանում, ինչպէս խրատել է մեծ Պօղոսը, որ այսպէս հանդարտութեամբ ենք, վարում մեր կեանքը, ինչպէս չէ եղել և մեր թագաւորների օրերում, երբ իշխանութինը մերն էր» [151]։ Այսպէս մտածողներ էլ կային հայերի մէջ։ Միակամութիւն և ընդհանուր պատրաստականութիւն, ուրեմն, չը կար։

Ոգևորութիւն, վառ ցանկութիւն անպատճառ մի բան անել հայրենիքի փրկութեան համար-ահա հանգամանքներ, որոնք ներելի են դարձնում այն ֆանտաստիական չափազանցութիւնները, որոնք վխտում են Օրիի ծրագիրների մէջ։ Մենք տեսնում ենք նրանց մէջ խիստ աչքի խփող տենդենցիա, ձգտում անպատճառ մեծացնելու և ուռցնելու հայերի ոյժը և ընդհակառակն, նուազեցնելու այն երկաթէ շղթայի նշանակութիւնը, որ դարերից ի վեր փաթաթված էր նրանց վզին։ Դժուար չէր եզրակացնել այդ ծրագիրներից, թէ դժբախտ չէր կարող լինել մի ազգ, որ ընդունակ է—եթէ, ի հարկէ, հաւատանք Օրիին-պատերազմի դաշտ հանել 200 հազար զինուոր։ Նոյն  Իսկ այն վախերը, որոնցով շրջապատված էին ապստսաամբութեան պատրաստ մէլիքները [152], նրանց նամակների խիստ աղերսական ոճը, որով նկարագրում էին հայերի տառապանքները բոլորովին այն չէին ապացուցանում, ինչ ուզում էր ներկայացնել Եւրօպային նշանաւոր հայ հայրենասէրը...

Նշանաւոր էր Օրին և նրանով, որ ունէր լայն հայեացքներ, որ նրա աչքերի առաջ բացված էին այն բոլոր հնարաւորութիւները, որոնք կարող էին փրկարար հանդիսանալ հայերի համար։ Միայն գերմանական աշխարհը չէր նրա յոյսերի աղբիւրը. թէև ձեռքին ունէր պաշտօնական խոստումներ ազդեցիկ մի իշխանի կողմից,բայց միայն Գերմանիայից չէր փրկութիւն սպասում։ Նա մի նեղահայեաց աղանդաւոր չէր, որպէս զի անշարժանար մի կէտի վրա, այլ մի մարդ էր, որ գիտէր թէ ինչեր են կատարվում քաղաքական աշխարհում և որին ծանօթ էին մանաւանդ արևելեան հարցի բոլոր մանրամասնութիւնները։ Իբրև այդպիսի գործիչ, նա չէր կարող անտես անել Ռուսաստանը, որ այդ ժամանակ Պետրոս մեծի ղեկավարութեամբ ազդեցիկ դեր էր սկսել արևելեան հարցի մէջ։

Հայերը այնքան անծանօթ ազգ չէին Ռուսաստանում, ինչպէս օրինակ, հեռաւոր Պֆալցի մէջ։ XVII դարի կէսից հայ վաճառականները, գըլ խաւորապէս ջուղայեցիները, առևտրական յարաբերութիւններ սկսեցին Ռուսաստանի հետ և գեղեցիկ ընդունելութիւն գտան այնտեղ։ Ջուղայեցի վաճառականները մինչև իսկ մի թանգագին գահ նուիրեցին ռուսաց Ցարին։ Կառավարութիունը, տեսնելով որ հայերը շատ օգտակար տարր են, որ նրանք, ծաղկեցնում են առևտուրը, նոյն իսկ ուսուցիչներ են հանդիսանում արդիանաբերութեան մի քանի ճիւղերի օր․ մետաքսագործութեան մէջ, մեծ արտօնութիւններ շնորհեց նրանց, ամեն կերպ աշխատում էր գրաւել նրանց սիրտը և ուշադրութեամբ էր վերաբերվում նրանց կարիքներին և առարկութիւններին։ Այդ ուշադրութիւնը աւելի զգալի դարձաւ Պետրոս Մեծի ժամանակ։ Հանճարեղ թագաւորը մի անգամից հասկացաւ հայերի նշանակութիւնը Արևելքի քաղաքական և առևտրական գործերի մէջ և փայփայում էր նրանց։

Չը դիմել այդ ոյժին, չօգտվել այդ ուշադրութիւնից աններելի կը լինէր Օրիի պէս մարդու համար, որ համոզված էր թէ չը պէտք է ձեռքից թողնել յարմար առիթը։ Ուստի Անգեդակոթի ժողովում աղերսագիր պատրասավեց և Պետրոս Մեծի անունով. և Օրին լիազօրութիւն ստացաւ բանակցութիւններ սկսել նաև ռուսաց արքունիքի հետ։ Նշանաւոր հանգամանք է այն, որ Օրին ռուսներին չէր առաջարկում դաւանափոխութիւն։ Այստեղից պարզ է, որ կաթօլիկութեան հարցը Օրիի համար մի քաղաքական միջոց էր։ Կաթօլիկ կղերը պահանջում էր նրանից դաւանափոխութիւն և նա ընդունում էր այդ ակամայ անհրաժեշտութիւնը։ Բայց ռուսների հետ բանակցությունները կապ չունէին կրօնական հարցի հետ և սա մի կողմ թողնվեց։։

Ահա այս բոլոր ծրագիրներն ու վաւերաթղթերի իր հետ վերցրած, Օրին 1699 թւականի գարնանը ուղևորվեց դէպի Եւրօպա Մինաս վարդապետի հետ։

Նկատենք այս նշանաւոր մարդու գործունէութեան մի քանի հանգամանքները։ Նա հայոց աշխարհի մի փոքրիկ մասում Երևան եկաւ և այդտեղ գտաւ իր ուզած մարդկանց։ Նրա գաղափարները լայն կերպով չը տարածվեցին հայութեան մէջ և նույն իսկ չը գտնվեց մի հայ, որ գրի առնէր նրա արածները, այնպէս որ մենք այդ անուան հետ ծանօթեն, գլխաւորապէս օտար աղրիւրների միջոցով [153]: Բայց և այդպէս, Իսրայէլ Օրին—դա ինքը, հայկական ինքնաճանաչութիւնն է, որ սկսում է ծնունդ առնել, կամաց-կամաց հասկանալ թէ մի ազգ միայն կրօնական համայնք չէ, այլ և ունի քաղաքական և կուլտուրական պարտաւորութիւններ։

Իսրայէլ Օրին չէր կարող իր ուզածի պէս մկրտել հայերին, կարգադրել նրանց քաղաքական ճակատագիրը։ Այսպիսի մի ահագին գործ վեր էլ էր մի անհատի, թէև ոգևորված անհատի, ոյժերից: Բայց եթէ իւրաքանչիւր գաղափար պէտք է մարմնանայ սեՐունդնեՐի երկարատև աշխատանքներով, մենք ամենայն վստահութեամբ կարող ենք ասել, որ Օրին բաց արեց այդ աշխատող սերունդների շարքը։ Նրա ծրագիրները հայկական հարցի լուծումը չէին, այլ միայն սկզբնաւորութիւնը։ Նա զարկ տուեց, և այնուհետև մեզանում շարունակվեցին ջանքեր նրա ուղղութեամբ, ջանքեր, որոնք թէև դարձեալ ընդհանուր բնաւորութիւն չունեն, բայց կամաց—կամաց ծծվում են ազգի արեան մէջ և նշանաւոր հետքեր էն թողնում մեր գրականութեան և մտաւոր զարգացման գործում։

Այդ բոլորը մենք կը տեսնենք XVIII դարի պատմութեան մէջ։

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐԻ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԻԻՆ

Երկու Խօսք. 1) Առաջին տպագրութեան առիթով․ 2)երկրորդ տպագրութեան առիթով 3—5: Գուտենբերգի տօնը։ 9—10»


ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

XVI դար

I

Նոր Պատմութիւնը: — Հայկական տպագրութեան սկիզբը և նրա հանգամանքները։ —Վենետիկ. տպագրական գործունէութիւն: —«Հայոց տուն։ —Իտալիայի դերը․ Վերածնութիւն։ —Առաջին տպագրութիւն: — «Պարզատօմար»։ —«Տաղարան», Յովհաննէս Թլկուրանցին առաջին հայ հեղինակը, որի աշխատութիւնը տպագրվում էր նրա կենդանութեան ժամանակ: — «Ուրբաթագիրք»:— «Ախտարք։—Առաջին տպագրութիւնների գնահատումը։ –Տպարանը` լոյսի է խաւարի գործիք 13—25:

II

Հայերի անցեալը։ —Միջին դարեր. քրիստոնէութիւն և քաղաքական թուլութիւն։ —Եկեղեցական անկախութիւն. կղզիացած դրութիւն և մշատկան մրցութիւն շրջապատող տարրերի հետ։ —Արաբական իշխանութիւն։ —Հայերի դիմադրութիւնը։ —Միջին Ասիայի ցեղերը։ —Կռիւը ընդունում է նոր, աղէտալի կերպարանք։ —Հայերը զրկվում են իրանց հողից։ —Դիմադրական միջոցները սպառվում են։ —Մօնգօլական արշաւանք։ —Երեք դար մօնգօլական լուծի տակ․— Լէնկթիմուր: -Նրա կոտորածների հետևանքը։ Ազգաբնակութեան նուազում, վայրենացում։ –Աւերանքների փաստեր։

Հայերի եկեղեցական դրութիւնը VI դարի բաժանումից յետոյ։ —Ուղղափառութեան և հերձուպծողութեան վեճեր։ —Բիւզանդիա և Հայաստան։ —Քաղաքական դժբախտութիւները իբրև կրօնական անհամբերողութեան հետևանքներ։ –Շիրակի կործանումը։ —Կիլիկիա և կաթօլիկութիւն։ -Երկպառակութիւններ հայերի մէջ։ -Եկեղեցականութեան անկումը Արևմուտքում։ —Կաթողիկոսական աթոռը տեղափոխված էջմիածին։

Հայոց գրականութեան հանգամանքները։ -Կրօնական ուղղութիւն։ —Գրականութիւնը ժողովրդական չէ։ - Լեզուի հարցը 26—60:

III

XV դարը. Թուրքիա և Պարսկաստան, սրանց պատերազմները։ — Հայասաանը այդ պատերազմների բեմ: -Քրիստոնեաների դրութիւնը մահմեդական աշխարհում. հարկեր, ենիչէրիներ, մանկաժողոներ, աջկաժողովներ, քրիստոնեաների վկայութիւնը մահմեդականների դէմ: Ռայեան անբարոյականանում է. փողաւորների դասակարգը իբրև հասարակ ժողովրդի հարստահարիչ: —Եկեղեցականների փառասիրական կռիւները, էջմիածնի կաթողիկոսների արարքները։ — XVI դարը-գրական անապատ։ —Բուն Հայաստանում չէր կարող զարգանալ մտաւոր առաջադիմութիւն, բայց հայերը ունէին նպաստաւոր հանգամանքներ։ Հայ գաղթականութիւններ․ նրանց վնասակար կողմերը։ —Նրանք են վառում վերածնութեան լոյսը 61—75:

IV

Յիսնամեայ ընդհատում տպագրական գործունէութեան մէջ։ —Պատճառները։ —Պարսկա-թիւրքական աւերումներ Հայաստանում։ —Թադէոս վարդապեա Սեբաստացու ողբը: —Մանկաժողովի պատկեր։ —Բարերարութիւններ Մօլդավիայում։ —Ստեփանոս կաթողիկոսի դութիւնը դէպի Եւրօպա։—Քաղաքական նպատակները:—Բանակցութիւններ Հռօմում։—Միքայէլ կաթողիկոսը կրկընում է նույն փորձը։—Աբգար Թօխաթեցի և նրա պատգամաւորութիւնը։—Հռօմը չէր կարող օգնել։—Կաթօլիկ եկեղեցու դրութիւնը:— Րէֆօրմացիա, խաւար հոսանքներ, հալածանք, ինքուիզիցիա։—Պօղոս IV: Պիոս IV և Տրիենտի ժողովը։—Արգարի ընդունելութիւնը։—Արգարի «Սաղմոսը»։ —Արգելքներ Իտալիայում և տպարանի տեղափոխութիւնը Կ.Պոլիս։—Պիոս V-ի րէժիմը։

Գրիգոր XIII և հայերը։—Բանակցութիւններ Կիլիկիայում և Ազարիա կաթողիկոսը։—«Տօմար Գրիգորեանտ»: —Կիլիկեցիների ակնկալութիւնները. ոչ մէկն էլ չի իրականանում։—Մի գիծ Գրիգոր XIII–ի կեանքից։—Յովհաննէս Տէրզնցի 76—108:

V

Դրութիւնը հայաստանի արևելեան կողմերում։—Օսմանեան արշաւանքները անապատ են դարձնում երկիրը Գանձակից մինչև Արաքս։—Յովհաննիսիկ վարդապետ և նրա ողբը։—Սովի նկարագրութիւն։—Մեծ աղէտի նախադուռը 109—117։

ԵՐԿՐՈՐԴ ՍԱՍ

XVII դար

I

Դարի սկիզբը. սով, աւերանք։ — Տնային դժբախտութիւն — երեք կաթողիկոսներ էջմիածնում։—Պարսկաստան փախած հայերը պատրաստել են տալիս Շահ—Աբբասի արշաւանքը։—Շահը Ջուզայում։—Երևանի պաշարումը․ արշաւանքներ դէպի Թիւրքաց Հայաստան:—Սինան փաշա և պարսիկների նահանջումը։—Շահ-Աբասը վճռում է անապատ դարձնել ամբողջ Արարատեան երկիրը և սահմանակից գաւառները։—Պատրաստութիւններ. Գառնի գիւղի դի մադրութիւնը և այրի մէջ փակված հայ կանանց հերոսական անձնազոհութիւնը 121—130:

II

Հայերին գաղթեցնում են դէպի Պարսկաստան․ բարբարոսական անգթութիւններ։ —Աղէտ Արաքս գետի վրա․ ականատեսի վկայութիւնը: —«Ափսոս քեզ» երգը։ —Երկիրը դատարկվում է: —Պատկերներ ջալալիների արշաւանքներից: —Սով: —Մնացած հայերը փախչում են Ղրիմ, Լեհաստան: —Վայրենացում․ հայ կղերի արարքները։ —Գաւիթ ու Մելքիսէթ կաթողիկոսերի մրցութիւնները։ —Դաւթի յաղթանակը, նրա բարոյական կերպարանքը․ եկեղեցիները կողոպտված, Էջմիածնի վանքում մի մահմեդական է ճրագ վառում․ հոգևորական դասի կատարեալ անկումը։ -Վասսպուրականի ժողովրդի բողոքը 131—149։

III

Վերակենդանութեան ջանքեր աւերակների մէջ։ -Ճգնաւորական կենցաղը։ —Սարգիս եպիսկոպոս և Կիրակոս քահանայ։ —Որոտնայ գետի ձորը։ —Մեծ Անապատ։ -Ընթերցանութիւնը՝ պարտաւորական բոլոր միաբանների համար։ — Սիւնեաց դպրոցը։ –Բարեկարգութեան ոգին։ —Մովսէս վարդապետը և Մելքիսէթ կաթողիկոսը։ —Աշակերտներ:

Ամրդօլուի վանքը Բաղէշում։ —Բարսեղ վարդապետ»։ —Հին գիտութիւնների ուսումնասիրութիւն։ -Ներսէս Մոկացի․ Բաղէշի դպրոցը նրա միջոցով միանում է Սիւնեաց դպրոցի հետ։ —Լիմ կղզու անապատը։ —Մելքիսէթ վարդապետ Վժանեցի։ —Նրա ճգնութիւնները 150-164:

IV

Նոր-Ջուղայի նշանակութիւնը։ —Շահ-Աբաս և Պարսկասաան գաղթեցրած հայերը․ —Վաճառականները հովանաւորված։ —Խօհա-Նազար և Խոջա-Սաֆար։ —Ջուպայի յատակագիծը։ —Ապրանքներ։ —Շահ-Աբբասի և հրովարտակից։ —Երկու աւանդութիւն։ —Էջմիածինը քանդելու և Սպահանում մեծ եկեղեցի հիմնելու ծրագիր։ Արտօնվածները և մահմեդական իրականութիւն: -Շահ-Աբբասի անգթութիւնները: -Ջուղայի ձեռք բերած հեղինակութիւնը: -Դրա հասարակական նշանակութիւնը 165—177:

V

Պրօպագանդայի հիմնարկութիւնը Հռօմում:-Հայերը այդ հիմնարկութեան հոգածութիւների առարկան են դառնում: -Լեհաստանի հայ գաղթականութիւնը:-Կրօնական համայնք. մայրենի լեզուն մոռացված:-Վաճառականական իդէալներ:-Եկեղեցին ինքնուրոյնութեան միակ նշան: -Նիկօլը իբրև Մելքիսէթ կաթողիկոսի շահամոլութեան պըտուղ. 150 ղրուշի վաճառք:-Եզուիտները Լեհաստանում:-Նրանց տիրապետութեան հետևանքները: -Սիգիզմունդ III,-Խաւար հոսանքներ: -Միջոցներ բողոքականութեան և յունադաւանութեան դէմ: -Եկեղեցական միութիւն(ունիա):- Դիմագրութիւն և կրօնական հալածանքներ: -Նիկօլը՝ եզուիտների գործիք:-Բռնութիւներ:-Լվօվի հայերի նամակը Մովսէս կաթողիկոսին:- Էջմիածնի նուիրակները:-Աւելորդ ջանքեր:-Ֆիլիպպոս կաթողիկոս և պարսից դեսպանը Լեհաստանում: -Դիմումներ Վլադիսլավ թագաւորին:-Հաշտութեան:-Փիլիպպոս եզուիտական յաղթանակ է բերում եզուիտներին:-Վարդան Յունանեան և կաթօլիկացած հայ հոգևորականները 178-206:

VI

Պրօպագանդան նեղ կրօկանական հիմնարկութիւն է և մտաւոր սնունդ չէ տալիս. նրա տպագրած առաջին հայ գրքերը. այբբենարան, ֆլօրենտինեան ժողովի կանօնադրութիւնը. այդ ժողովի հանգամանքները: -«Առաւել Պարզաբանութիւն»:-Ֆրացիսկօ Րիվօլայի բառարանը 207-212:

VII

Տպագրութիւնը զարգացնելու ջանքեր հայերի մէջ. -Սրապիոն կաթողիկոսի կտակը: -Ջուղայի Ամենափրկիչ վանքը։ —Խաչատուր Կեսարացի: — Սիմէօն աբեղայ։ — Խաչատուր Կեսարացին տնային միջոցներով տպարան է՝ շինում։— «Հարանց վարք» և նրա յիշատակարանի թողած տպաւորութիւնը։ —Յովհաննէս վարդապետը ուղարկվում է Եւրօպա տպագրական արուեստը ուսումնասիրելու։ —«Ժամագիրք». վսրպետ Մինաս նկարիչ։ —Յովհաննէս վարդապետը Իտալիայում։ —Արգելքներ Հռօմի մէջ, Լիվօրնօ: —«Սաղմոս»։ —Վերադարձ հայրենիք։ —Տպագրութիւններ Ջուղայում։ Տպարանի խափանում։ —Յովհաննէս Անկիւրացի։ —Նրա տպագրութիւնները։ —«Յիսուս Որդի» 213—225:

VIII

Կրթական շարժումը հետզհետէ նկատելի է դառնում:—Մրցութեան պահանջ կաթօլիկ քարոզիջների դէմ։ —Պօղոս Պիրօմալի։ —Նրա հայերէնագիտութիւնը։ —Ոսկան վարդապետ Երևանցի։ —Նրա կենսագրութիւնը։ — Լատինացրած հայերէն։ —Կլեմէս Գալանոս։ —Քարոզիչ հայերի մէջ։ —Խռովութիւններ Կ. Պօլսում։ — Գաւառացիների և բնիկների թշնամութիւն։ -Թիւրքիայի անկումը և հայ սերունդների իշխանութիւնը։ —Ընդհարումներ պատրիարքական աթոռի շուրջը։ — Գալանոսը խռովութիւնների մէջ։—Նա աշխատում է պաշտպաանել պատրիարքին և վռնդվում է Կ. Պօլսից: — Գալանոսի «Միաբանութիւն Հայոց Եկեղեցւոյ» աշխատութիւնը։ —Նմուշներ։ —Գրքի կատարած դերը Եւրօպայում։ —Քերականութեան և տրամաբանութեան դասագիրքը։ — Գալանոսը իբրև հայագէտ։ — Լվօվի պապական դպրոցր 226—255:

IX

Մատթէոս Ծարեցի, ուղևորվում է Եւրօպա տպագրութեան համար․ Պրօպագանդայի յարուցած արգելքները։ -Ծարեցին Ամստերդամում․ Հօլլանդիա. պայմանագիր տառեր փորողի հետ․ «Յիսուս Որդի»: –Ծարեցու մահը. Աւետիս Երևանցի. տպարանը նուիրվում և Էջմիածնին։ —Բօվիսի տպագրութիւնները Վենետիկում։ - Ոսկան վարդապետը ուղևորվում է Եւրօպա։ —Լիվօրնօ. հայ  գաղթականութիւնը և Պրօպագանդան: -Ոսկանի անաջողութիւնը Հռօմում, ուղևորութիւն Ամստերդամ: -Ոսկանեան հրատարակութիւններ.«Աստուածաշունչ»: -«Առաքել Դաւրիժեցի». -«Խորենացու Աշխարհագրութիւն» և «Աղուէսագիրք». դրանց նշանակութիւնը իբրև ընթերցանութեան գրքեր ժողովրդի համար. միւս հրատարակութիւններ 256-275։

X

Ոսկանի անաջողութեան պատճառները. գրավաճառութիւն չը կայ: —Ոսկանի դիմումը լեհահայերին. քահանայ Համազասպեան: —Տպարանը ուրիշ տեղ փոխադրելու անհրաժեշտութիւնը. Ոսկանը ընտրում է Ֆրանսիան: -Լուդովիկոս XIV-ի կառավարութեան պայմանները: —Ոսկանը Լիվօրնօ քաղաքում. «Պարտէզ հոգևոր» և «Քրիստոնէական». տատանումներ, ծանր հոգսեր. ընկերակցութիւն Համազասպեանի հետ: -Հռօմի ձեռնարկած միջոցները Ոսկանի դէմ. հ. Պիդու և Մարսէլի արքեպիսկոպոսը. «Գրկուկ կարևոր». «Ժամագրքի» տպագրութիւնը. Համազասպեանի մատնութիւնները: -Ոսկանի մահը. զոհ էր նա` հայ տպարանի հաստատութեան համար: —Ոսկանի ժառանգ Սողոմոն Լևոնեան, նրա հաւատարմատար Նասիբ Գրիգորեան: Համազասպեան շարունակում է մատնութիւները: -Յովհաննէս Հոլով հայ-կաթօլիկ քահանան գրաքննիչ: —Մարսէլի առաջնորդը և Հայրապետեան հայ-կաթօլիկ քահանան. յանսենականներ և եզուիտներ: -Նասիբեանի ջանքերը և Հայրապետեանի հաւատաքննական ծայրայեղութիւնները: -Մարսէլի հրատարակութիւնները մինչև 1683 թւականը. «Արհեստ համարողութեան», «Կանոնք զգուշութեամբ պահելոյ գանձն»: — Տպարանը տեղափոխվում է Մարսէլից: -Տպագրութիւններ Հռօմում. Թովմա Կեմպացի: —Վենետիկի հրատարակութիւններ. Յովհաննէս Հոլովի աշխատութիւնները. Միքայէլ Բարբօնիի տպարանը 276—304:

XI

Հայաստանի դրութիւնը XVII դարի երկրորդ կէսում. պատերազմները դադարում են, բայց կեղեքումները շարունակվում են: –Թիւրքական հարկահանութիւն․ մի պատկեր պարսկական հարկահանութիւնից․ մարդկային իրաւունքների պաշտպանութեան համար դիմումներ պարսից արքունիքին։ -Բռնի կրօնափոխութիւններ․ XVII դարի վերջը օրհասական է քրիստոնէութեան համար։ —Խառնակութիւները Կ. Պօլսում․ Թօմա պատրիարք․ մատնութիւն նրա դէմ․ բանտարկութիւն և սպանութիւն։ —Թլթլեան կուսակցութիւն. բռնութիւններ և աւարառութիւններ, պատրիարքական թեկնածուների արարքները։ -Եղիազար Այնթապցի. կաթողիկոսութիւն Երուսաղէմում․ Մատթէսս Կաֆայեցի, խռովութիւններ 14 տարվայ ընթացքում. պատրիարք դառնալ կամեցողների կռիւներն ու անբարոյական արարքները: —Երուսաղէմի դրութիւնը աւազակային գործեր 305-335:

XII

Եզուիտները Հայաստանում. դաւանափոխական ջանքեր․ Նախիջևանի հայ-կաթօլիկ հասարակութիւնը և Լուդովիկոս XIV: — Յակոբ կաթողիկոս․ էջմիածնի գաղտնի ժողովը 1678-ին․ հայ պատգամաւորութիւնը ուղևորվում է Կ. Պօլիս` Եւրօպա անցնելու համար․ կաթողիկոսի մահը Կ․ Պօլսում․ Իսրայէլ Օրի։ —Կաթօլիկացման ջանքերը ապարդիւն են անցնում․ Շարդէնի և Տուրնըֆօրի վկայութիւնները․ կրօնական երկպառակութիւնները Նոր-Ջուղայում, այնտեղ յատկապէս դրա համար բացվում է տպարան․ «Գիրք, որ ասի վիճաբանական», «Գիրք իսկապէս համառօտ վասն ճշմարիտ հաւատոյ»: -Փոխադարձ մատնութիւններ․ տպարանի փակվելը․ միջնադարեան մի հանդէս Ջուղայում։ -Քաղաքական մատնութիւններ. կաթօլիկները փորձում են հայերի դաւանափոխութիւնը պետական հաւատարմութեան հարց դարձնել․ լուսաւորչական հայերն էլ դիմում են մատնութիւնների։ — Յովհաննէս վարդապետ Մրքուզ․ նրա վայելած հռչակը․ «Վիճաբանութիւն առ Շահ-Սլէմանն Պարսից» գիրքը. այդ գործի արժանաւորութիւնը։ -Ջուղայի անկումը․ Ստեփանոս եպիսկոպոս և եզուիտները 336—365:

XIII

Տպագրութեան փորձեր Կ․ Պօլսում․ աննպաստ միջավայր: —Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան․ նրա տպարանը. նրա դերը Կ․ Պօլսի խռովութիւնների մէջ։ –Քէօմխրճեան իբրև հեղինակ և թարգմանիչ․ ժամանակակից անցքերի պատմութիւնը. Մաղաքիա դպիր Ճէվահիրճեան։ —Զաքարիա սարկաւագ և նրա «Պատմագրութիւնը»: —Մարտիրոս Ղրիմցի և Մինաս Համդեցի․ Համդեցու «Ազգաբանութիւն Հայոց» իբրև հայոց պատմութեան առաջին փորձ 366 - 385:

XIV

Վենետիկի տպագրութիւններ. Մօրետտիի տպարանը։ -Գասպար Սահրատեանի և Թադէոս քահանայ Համազասպեանի ընկերակցութիւնը. «Խորհրդատետր» և «Ճաշոց» «Խոկումն քրիստոնէական։ —Արաքսի հովիտը իբրև Հայաստանի վաճառականական կենտրօն. Ագուլիս․ նրա առևտրական դասակարգը. Զաքարիա Ագուլեցի. Ագուլիսի քաղաքակրթական դերը։ —Խօջա Նահապետ Գիւլնազարեան․ առաջին աշխարհաբար գիրքը-«Պարզաբանութիւն Սաղմոսաց»․ այս նոր երևոյթի հանգամանքները։ —Անտօն Բօրտօլիի տպարանը Վենետիկում. Տիմոթէոս Գառնուկ, Էջմիածնի և ս․Սարգսի տպարան Լիվօրնօի մէջ։ —Խաչատուր վարդապետ Կարնեցի։ —«Գիրք Եօթն Իմաստասիրաց»․ այդ վէպի նշանակութիւնը. ժողովրդական վէպի բացակայութիւնը մեզանում․ «Եօթն Իմաստասիրաց» վէպը կանանց հարցին է նուիրված և այդ պատճառով ժողովրդականութիւն է վայելում։ –Լիվօրնօի միւս հրատարակութիւնները. «Պատմութիւն դարձի և մկրտութեան Յովհաննու Ցավսէփայ»․ «Բառարան» Երեմիա վարդապետի․ «Աշխարհագրութիւն» Խորենացու և «Աղուէսագիրք», «Թէոփիլոս». Լիվօրնօի տպարանը տեղափոխվում է Կ. Պօլիս 386—414․

XV

Ամստերդամ․ Մատթէոս Վանանդեցի․ «Շարական» և «Ժամագիրք» Թովմաս եպիսկոպոս Նուրիջանեան. նա տեղափոխվում է Եւրօպա՝ գրքերի տպագրութեան համար: -Ղուկաս Վանանգեցի։ —Նոր ժամանակի հոսանքներ մեր գրականութեան մէջ․ հայ դասակարգեր. վաճառականութիւնը և նրա առաջացրած պահանջը. հոգևորականութիւնը ստիպված է ենթարկվել այդ պահանջներին․ սկսվում է մեզանում աշխարհիկ գրականութիւն։ -«Համատարած Աշխարհացոյց»։ —Մովսէս Խորենացու Պատմագրութեան առաջին տպագրութիւնը. այդ գործի նշանակութիւնը․ Խորենացին և նրա կատարած դերը մեր գրականութեան մեջ։ —Խորենացու տպագրութեան անմիջական հետևանքները։ —Նուրիջանեանների միւս տպագրութիւնները, Թովմա Կեմպացի, «Նոր Կտակարան», «Ձայնքաղ Շարական», «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց», «Դուռն իմաստության», «Գանձ չափոց, կշռեց, թուոց և դրամից», «Բնաբանութիւն», «Իրողութեանց սահմանք», «Պաշտօն Աստուածային»։ —Թովմաս եպիսկոպոսի մահը․ Շրօդէր և նրա «Արամեան լեզուին գանձ» աշխատութիւնը։ —Խօջա—Սաֆար և Ֆրանսիացին։ —Ղուկաս Վանանդեցու աշիատութիւնները․ «Հայելի Աստուածաշունչ հին կտակարանին», Պտտկերասէր Պատկերատեաց». Նուրիջանեանների տպարանը իբրև հայր Վենետիկի Մխիթարեան տպարանի։ —Եզրակացութիւն. —XVII դարի հանգամանքները․ առաջադիմութիւն. հայերի մէջ մտնում են և քաղաքական թարմացնող հոսանքներ 415—449:

XVI

Կ․ Պօլսի նուաճումը թիւրքերի ձեռքով․ բիւզանդական արատներ․ աղէտ ամբողջ քրիստոնէութեան համար. Առաքել Բաղիշեցու ողբը։ —Արևելեան քրիստոնեաների ակնկալութիւնները ցնորք չեն․ Եւրօպա և թիւրքական նուաճումները․ խաչակրաց արշաւանքի ծրագիրներ․ Նիկօլայ V պապ։ —Ազատարար արշաւանքները իրականանալու վրա են․ Հունիադ, Բելգրագի յաղթութիւնը, Իսքէնդէր-բեյ։ -Պիոս II–ի ջանքերը․ Մոսկվայի պետութիւնը և նրա վերաբերմունքը դէպի յոյները և սլաւօնները․ Ռուսաստանը—Բիւզանդիայի է յաջորգ․ — Սուլթանները արհամարհում են եւրօպական ջանքերը․ նրանց ոյժը, Կ․ Պօլսի դիրքը․ համաձայնութիւնը անհնարին է պետութիւնների մէջ։ —Առևարական ու քաղաքական շահեր և քրիստոնէութիւն․ Ֆըրանցիսկոս–I. խաչի և կիսալուսնի դաշնակցութիւն։ —Արևելեան հարցի նոր կերպարանքը․ նրան լուծողը այլ ևս խաչակիր արշաւանքները չեն․ քաղաքական շահերի տարբերութիւն և պատերազմներ․ ռայեան նշանակութիւն է ստանում։—Արևելեան քրիստոնեաները սկսում են պատրաստվել․ յունական կլէֆտները և արմատօլները․ ժողովըրդական երգեր։ — Հայդուկներ սլաւօնական երկիրներում․ սերբիական երգերը։—Դիմումներ եւրօպական պետութիւններին․ հայրենասիրական բանաստեղծութիւն համալսաւօնական գաղափար. Մօլդավիա և Ռուսասաան։ –յոյների ջանքերը․ Պարթենիոս պատրիարքը կախաղան է հանվում Թիւրքիայի քայքայումը ակներև է 450-,486:

XVII

Արևելեան հարցը․ քրիստոնէութիւն և Հայաստան․ հայերը ամենից շուտ են ենթարկվում արևելեան հարցի հարուածներին։ —Հայերն էլ ունեն ռազմիկ տարրեր․ կիսանկախ լեռնականներ — Զէյթուն, Սասուն, Մոկս, Ծատախ, Սավուր, Խզու, Իսեան․ Իսեանի նկարագրութիւնը։-Բայց հայերը չունեն հայրենասիրական դիւցազներգութիւններ․ բանաւոր գրականութիւն. «Սասունցի Դաւիթ»․ մեր պատմութեան հին շրջանը․ Նոր Պատմութեան մէջ հայերը մոռացել են իրանց անցեալը։—Ժողովրդական գրաւոր բանաստեղծութիւն․ աշուղներ․ երգասաց հեղինակներ․ վեղարաւոր սիրահարներ․ արհեստական և անկենդան բանաստեղծութիւն։ — Չը կայ ազգային ինքնաճանաչութիւն. իսկ քաղաքական հանգամանքները հայերի առջև էլ դնում են արևելեան հարցի լուծումը. Թիւրք-աւսարիական պատերազմները. «հիւանդ մարդը». ազատասիրական շարժումներ ռայեայի մէջ։ —Պետրոս Մեծ․ Կարլօվիցի դաշնադրութիւնը․ Թիւրքիայի ճակատագիրը․ - Իսրայէլ Օրին ճանապարհվում է Հայաստան 487.—507:

XVIII

Պֆալց․ Օրին և կուրֆիւրստը․ եզուիտների աջակցութիւնը։ –Օրին Կ․ Պօլսում․ Կ. Պօլսից Երևան. դաւանափոխութեան հարց. տեսակցութիւն Նահապետ կաթողիկոսի հետ։ — Օրին իր հայրենական տանը․ քոյրը և եղբայրները․ գաղանապահութիւն։ — Անգեղակոթ․ Մէլիք — Սաֆրազ. հաշտութիւն նրա և Ամիր-բէկի մէջ: — Անգեղակոթի ժողովները․ կատարեալ համաձայնութիւն. Օրին և մէլիքները Գանձասարի վանքում․ միաբանութեան անհամաձայնութիւնը - Մինաս վարդապետ Տիգրանեան։ — Անգեղակոթում պատրաստած թղթեր. խնճոյք և ոգևորութիւն։ — Օրիի ծրագիրը․ եւրօպական դաշնակցութիւն հայերի ազատութեան համար․ նրա զօրքերի տեղափոխութիւնը մինչև Շամախի․ արշաւանքներ Շամախուց չորս ուղղութեամբ․ Թաւրիզը պիտի գրաւվի․ Թիւրքիայի դիրքը այդ պատերազմի վերաբերմամբ։ — Ծրագիր հայերի ընդհանուր ապստամբութեան մասին․ չափազանցութիւններ․ միակամութիւն, ընդհանուր ապստամբութեան պատրաստութիւն չը կայ հայերի մէջ։ — Փրկութիւնը միայն Գերմանիան չէ․ Ռուսաստան և հայ վաճառականների դիրքը այնտեղ․ Պետրոս Մեծ․ Անգեղակոթի ժողովը դիմում է անում և Ռուսաստանին։ — Ի՞նչ էր Օրին հայութեան համար 508—534:

  1. «Հանդես Ամսօրեայ», 1894, եր․ 363
  2. Հ. Ալիշան-«Հայ-Վենետ», 1896, եր 144-147:
  3. Լէօնարդօ-դա-Վինչի եղել է Հայաստանում, բայց ափսոս որ նրա նամակները, որոնց մէջ նկարագրված էր Հայաստանի ճանապարհորդութիւնը, կորել են և միայն փոքրիկ պատառիկներ են մնացել, որոնցից մէկի մէջ մեծ նկարիչը նկարել է երեք հայերի գլուխներ («Հանդէս Ամսօրեայ» 1889, եր. 111)։
  4. Мюллеръ-"Исторя Ислама", т. III ст. 2015
  5. «Յիշատակարան Աղէտից» Գրիգոր Խլաթեցւոյ Վաղարշապատ, 1897, եր. 6:
  6. Ղևոնդ վ. Փիրղալէմեան - «Նօտարք Հայոց», Կ. Պոլիս, եր. 115:
  7. «Նօտարք Հայոց», եր. 165:
  8. Կ․ Կոստանեանց — «Թովմա Մեծոփեցու Յիշատակարանը», Թիֆլիս, 1892։
  9. Չամչեան, Պատմ․ Հայոց, Գ., եր․ 513:
  10. Нофаль-«Мусульманское право», вып. I.
  11. Առաքել պատմագիր, գլ․ ԻԹ.
  12. Հատ․ III, գլ․ Ժ.
  13. Մի տխուր զուգադիպութեամբ՝ այս 1551 թւականը սարսափելի աղէտ բերեց և Եւրօպայի հողի վրա ապրող հայերի մի մասին։ Մօլդավիայի Վօյվօդա Ստեփանը այնպիսի մի ֆանատիկոսութիւն ցոյց տուեց, որի վրա կարող էր նախանձվել ինքը, պարսից Շահը։ Նա վճռեց Մօլդավիայի բոլոր հայերին յունադաւան դարձնել։ Աստուածածնի վերափոխման տօնին նա ձիով մտաւ Սուչավա քաղաքի հայոց եկեղեցին, սկիհը գետնին տուեց ջարդեց և ուրիշ սրբապղծութիւններ կատարեց։ Հայերը չուզեցին յօժար կամքով փոխել իրանց կրօնը։ Այն ժամանակ սկսվեցին անգութ բռնութիւններ-ծեծ, տանջանքներ. եղան նոյն իսկ նահատակվողներ, մի քանիսին ողջ-ողջ այրեցին։ Եպիսկոպոսի և քահանաների միրուքները ածիլեցին, ապա նրանց զօռով մերկացրին, մօլդավական շորեր հագցրին։ Ուշադրութիւն չը դարձնելով խեղճ ժողովրդի վայնասունի վրա, ամենքին բռնի կերպով մկերտեցին։ Մի և նոյն բռնութիւնները կատարվեցին Մօլդավիայի ուրիշ քաղաքներում էլ, ուր կային հայեր։ Բոլոր հայ եկեղեցիները կողոպտվեցին, մօլդավական քահանաները շրջում էին ամեն տեղ, օրհնած ջրով սրսկում էին նորադարձներին, նրանց տները, եկեղեցիները։ Այս սոսկալի բարբարոսութիւնների ականատես էր Թօխաթեցի Մինաս սարկաւագը, որ և գրեց մի ոտանաւոր
  14. Չամչեան, Պատմ․ Հայ․, III հ․, եր․ 520․
  15. Филипсонь - «Религозная контрь-революция вь XVI. Спб., 1902, стр. 257.»
  16. Կ․ Պօլիսը, թէև թիւրքական մի քաղաք, է այնքան մօտիկ էր Եւրօպային, այնքան շատ էր շփվում նրա հետ, որ Արևելքում ունէր մի զարգացած կենտրօնի համբաւ։ Տպագրական մամուլը այդտեղ հաստատվելու մեծ դժուարութիւններ չը գտաւ։ Յայտնի է, որ Թիւրքիայում հրէաները գաղտնի կերպով գրքեր տպում էին դեռ XV դարում․ Այսպէս, 1490-ին այստեղ տպվեց «Աստուծու ժողովրդի պատմութիւնը» անունով հրէական գիրքը:
  17. Ա․ վ․ Պալճեան — «Պատմութիւն կաթողիկէ վարդապետութեան ի Հայս», Վիեննա, 1878, եր. 308—312։ Պալճեանի այս գործը գրված է կաթօլիկական նեղ, վերին ասատիճանի միակողմանի կուսակցական ոգով, ուստի պատմական ոչ մի արժէք չունի։ Կարելի է միայն նրա մէջ եղած պատմական դօկումենտներից օգտվել։
  18. Кольбь--„Исторiя человеческой Культуры“, т. II стр.
  19. Պալճեան, եր. 159:
  20. «Ճռաքաղ» ամսագիր, 1859
  21. Այվազօվսկի — «Պատմութիւն Օսմանեան Պետութեան» հատ. I, Վենետիկ, 1841, եր․ 450։
  22. Աւգոստինոս Բաջեցի, Նախիջևանի գաւառի հայ-կաթոլիկներից (ունիթօրներից) մեկը. տե՛ս «Նշխարք Մատենագրութեան Հայոց» Ք. Պատկանեանի, Պետերբուրգ, 1884, եր. 6: Նշանակելի փաստ է, որ Շահ-Աբբասը ճանապարհից յետ դարձրեց Նախիջևանի գավառի բնակիչներին, որոնց մէջ շատ կային կաթօլիկ հայեր: Բաջեցին ասում է թէ պարսից բանակում ֆրանսիական դեսպան կար: Արդեօք սա՞ չէր պատճառը:
  23. «Բազմավէպ», 1847, եր․ 94-95․
  24. Գ․ վ. Սրուանձտեանց — «Թորոս Աղբար», հատ․ Բ․, Կ. Պօլիս, 1884, եր. 280—293։
  25. Թարգմանել աւելորդ ենք համարում, որովհետև թուղթը գրված է պարզ, աշխարհաբարի հետ խառն գրաբարով։
  26. Գլ. ԻԱ.
  27. Յ․ Յարութիւնեան — «Պաումութիւն Նոր–Ջուղայու» հատ․ I, Նոր–Ջուղա, 1880, եր․ 39։
  28. Թումանը այն ժամանակ մօտ 10 րուբլի էր։
  29. «Պատմ․ Ն.–Ջուղայու», եր․ 46․
  30. Խօսքը Մելքիսէթ կաթողիկոսի մասին է։
  31. Линниченко - „Общественная роль армянъ въ прошломъ Юго-Западной Руси“, Кiевъ, 1895
  32. Հ. Ալիշան - <<Կամենից>>, 1896, եր. 230․
  33. Զարմանալի չէ որ նոյն իսկ եկեղեցական գրքեր արտագրելը Լեհաստանում, ինչպէս երևում է յիշատակարաններից, մեծ մասամբ ընկած էր Հայաստանից գնացած հոգևորականների վրա:
  34. Առաքել պատմ., Գլ. ԻԹ․
  35. «Կամենից», եր. 203.
  36. Եզեանց—«Բռնի միութիւն հայոց Լեհաստանի»․ 1884, հր․ 21.
  37. Մելքիսէթը Լեհաստանում գործում էր իբրև արդէն կաթօլիկացած հայ։ Այս բաւական է եղել որ կօթլիկ վարդապետ Պալճեանը իր <<Պաամութիւն կաթողիկէ վարդապետութեան ի Հայս» գործի մէջ գրէ. «Կաթողիկեայ Հայրապետը կնքեց ի Տէր իւր սրբակրօն կեանքը Լեհաստան»։ Աւելի հեռուն գնալ չէր կարող կուսակցութան կուրութիւնը։ Պալճեանը Պրօպագանդայի անդամ էր։
  38. Լեհաստանի այս դրութեան մասին տե՛ս 1) Карвевъ - «Исторiя Западной Европы въ Новое Время», т. II, ч. I, Сп6. 1898, 2) Губеръ - «Iезуиты», 1899, стр. 105—109, 3) Шмиттъ — «Исторiя Польскаго Народа», т. II, Спб., 1866.
  39. Е. К. - «Колонизацiя армянъ в югозападной Рыси», Каменецъ - Подольскъ, 1903, стр. 20.
  40. «Կամենից», եր. 241.
  41. «Կամենից», եր․ 245։
  42. «Կամենից», եր. 253: —Հայ-կաթօլիկ վարդապետները (Չամչեան, Փափազեան, Ըստկարեան, Պալճեան) իրանց գրուածքների մէջ ասում են թէ Փիլիպպոս կաթողիկոսն էլ հնազանդութիւն յայտնեց Հռօմին։ Բայց այստեղ շատ պարզ է եղելութիւնը: Փիլիպպոսը խաբված էր։
  43. «Կամենից», եր․ 202։
  44. Հ. Ալիշան—«Սիւնիք», եր. 387։
  45. 1640 թւակսնի Ուրբանոս VIII պապը այդ գրքից մի հատ ուղարկեց Փէլիպպոս կաթողիկոսին:
  46. «Հայկական Մատենագիտություն», Վենետիկ, 1883 եր.457:
  47. Առաքել պատմ․, Գլ․ ԻԹ․
  48. Ջուղայեցիները իրանց համար նոր թւական սահմանեցին, որի տարեգլուխն էր Ջուղայի հիմնարկութիւնը։ Այդ թւականը հնարող Ազարիայի անունն է կրում։
  49. «Ազգասէր» շաբաթաթերթ, Կալկաթա, 1845, №2 և 4:
  50. Տե՛ս Առաքել վ․ Դաւրիժեցու աՊաամութիւն», Ամստերդամ, 1689, եր․ 629։
  51. «Բռնի միութիւն», եր. 225
  52. Առաքել պատմ., Գլ. ԻԵ.
  53. Չամչեան, հատ. Գ․, եր․ 689։
  54. «Բռնի միութիւն», եր. 121։
  55. Պատմ., հատ. Բ., 653-670:
  56. «Բռնի միութիւն», եր. 114—135։
  57. էլզէվիրների հնարած մի տեսակ տառերը մինչև այժմ էլ շատ գործածական են տպարանների մէջ և կոչվում են «էլզէվիր»։
  58. Խօջա-Սաֆրազը կամ Սարֆազը Խօջա-Նազարի որդին էր։ Խաչատուր Կեսարացին <<Հարանց Վարք» -ի յիշատակարանում գրում է. <<Յիշխանութեան քաղաքին Ջուղայոյ իշխանաշուք պարոն Խոճայ Սարֆազին իմաստնոյ և բարեպաշտի>>։ Վաճառական-իշխանները, ի հարկէ, յայտնի էին և արտասահմանում․ և Բօվիս, երևի, շատ բան էր լսել Խօջա-Սաֆրազի մասին։
  59. Ուղուրլեան— «Պատմ․ հայ․ գաղթականութեան ի Լիվօռնոյ», 1891, եր․ 51․
  60. «Բռնի միութիւն», եր․ 45․
  61. Առաքելը վախճանվեց 1670 թւին, տ․ նրա պատմագրութեան Էջմիածնի երկրորդ հրատարակ., 1896, առաջաբան, եր․ 2:
  62. <<Բոնի միութիւն>>, եր. 215։
  63. «Բռնի միութիւեն», եր․ 45․
  64. «Հանդէս Ամսօրեայ», 1887, №11—12:
  65. Лавистъ и Рамбо - «Всеобщая Исторiя». հաա. VI, М. 1899, եր. 154.
  66. Թօբեն-«Երկաթե դիմակով մարդը», Կ. Պօլիս, 1870. եր. 37.
  67. Նկատենք, որ Ոսկանը արքեպիսկոպոս էր, բայց անուանում էր իրան վարդապետ արքեպիսկոպոս:
  68. «Բռնի միութիւն», եր․ 232։ Այսպես է պատմում ժամանակակից մի կաթօլիկ, ըստ երևույթին, հոգևորական և Պիդուի ընկերակից։ Բայց 1895–ին Վենետիկում հրատարակված «Պատմութիւն հայակական տպագրութեան» գրքի մեջ կարդում ենք (եր․124)․ «Հայոց պաշտպան կեցող եկեղեցականաց մէջ նշանաւոր եղաւ նախ հայրն Փիտու (Pidou) Փարիզի գիտնական կրօնաւորն Թէաթինեան և առաքելական քարոզիչ, որ անկեղծաբար և հաւասար լուսամտութեամբ 1666-ին մայր եկեղեցւոյ գիրկն առաջնորդեց Լեհաստանի հայոց գաղթականութիւնը։ Ահա թէ ինչպէս են պատմութիւն գրում Ս․Ղազարի վանքում։
  69. Այդ յիշատակարանը տպված է «Գրկուկ կարևոր» գրքի երկրորդ հրատարակութեան մէջ և անուանված է Ոսկանի կտակ։ Սակայն կտակի վաւերականութիւնը շատ կասկածելի է:
  70. Лависъ и Рамбо - «Всеоб. Ист.», т. V, стр. 799:
  71. «Պատմագրութիւն», Վաղարշապատ, 1870, եր․ 65—67.
  72. Սիմէօն կաթողիկոս—«Ջամբռ․», Վաղարշապաա, 1873, եր. 214—222։
  73. Առաքել պատմագիր, գլ, Ե։
  74. Гервинусь, «Исторiя девятятнадцатого века», Сиб․․ 1868,․ т․ V․, стр․ 171․
  75. «Երկու խոսք», Պարիզ, 1861, եր․ 27․
  76. Չամչյան, Գ․, եր 675։
  77. «Գիրք պատմութեան սրբոյ և մեծի քաղաքիս Երուսաղէմի», Կ․ Պալիս, 1767, եր․ 119-129։
  78. Չամչեան, Գ., եր. 770.
  79. «T. V, եր. 20:»
  80. «Г. Эзовь— «Сношенiя Петра Велиаго съ армянскимъ народомъ», СПБ. 1898, եր. XIV:
  81. Снош. Петра Вел., եր. XX
  82. Պալճեան վարդապետի «Պատմութիւն կաթողիկէ վարդապետության» գրքից երևում է(եր. 163) որ Կ. Պօլիսսում գտնվող եզուիտները մահվան անկողնում պառկած ծերունի կաթողիկոսին ստորագրել տուին մի թուղթ, որով նա իր հպատակութիւնն էր յայտնում Հռօմի պապին։ Բայց այս թուղթը արգելք չեղաւ որ կաթողիկոսը թաղվի հայոց եկեղեցու կարգով և ոչինչ նշանակութիւն չունեցաւ և ապագայում։ Նշանակում է, որ այս թուղթն էլ, ինչպէս և շատ ուրիշները անցեալում, գրված էր յայտնի քաղաքական պայմանագրութեամբ։
  83. Շէհրիմանեանների մեծ ընտանիքը թէ իր մեծ հարստութիւններով, թէ իր անդամների անձնազոհ գործունէութեամբ մեծ ծառայութիւններ է մատուցել կաթօլիկութեան։ Դա մի շատ նշանաւոր ըետանիք էր. մեր նկարագրած անցքերից քիչ յետոյ նա դուրս եկաւ Ջուղայից և բնակութիւն հաստատեց մեծ մասամբ Եւրօպայում։ 1699 թւականին Աւստրիայի Լէօպօլդ կայսրը կոմսութեան տիտղոս շնորհեց Վիէննայում ապրող Շէհրիմանեաններին այն պատճառով, որ նրանց տոհմը շատ էր աշխատել կաթօլիկութիւն տարածելու համար, յանձն առնելով կեանքի վտանգ, սպառելով շատ հարստութիւն, նոյն իսկ արիւն թափելով (Ուղուրլեան, «Պատ․ Հայ․ Գաղթ․ ի Լիվօրնօ»: եր․ 301)։ Վենետիկի Շէհրիմանեանները Մխիթարեանների մեկենասներն էին։
  84. «Պատմ. Նոր Ջուղայու», եր․ 266—267:
  85. Տէրտէրեան—«Աբբայ Մխիթարայ վարդապետի Պատճառք», Զմիւռնիա, 1879, եր․ 8:
  86. «Снош. Пет. Вел.», եր. XIII:
  87. «Ազգասէր» շաբաթաթերթ, Ա․ տարի, № 12, եր 95։»վ
  88. Տպված է Կալկաթայում 1797 թւին հետևեալ վերնագրով. «Գիրք պատմութեան արարեալ է Նորն Ջուղայու սուրբ Ամենափրկիչի գերահրաշ վանի միաբան Յովհաննէս ճգնազգեաց վարդապետին՝ վիճաբանութիւն առ Շահ Սլէմանն Պարսից»: Մի վերին աստիճանի անշնորհք տպագրութիւն է, լի անհամար սխալներով, առանց կէտագրութեան. տպողը ծանօթ չէ եղել արհեստի նոյն իսկ տարրական պահանջներին․ այդ պատճառով գիրքը աղճատված է, և ջանքեր են հարկաւոր նրան հասկանալու համար։»
  89. Բնորոշ է Առաքել պատմագրի վերաբերմունքը դէպի աշխարհականները: Կամենալով խօսել Ջուղայում հռչակված նկարիչ Մինաս վարպետի մասին, նա հարկ է զգում նախ գրել այսպիսի խօսքեր. «Պարտք եմ համարում իբրև ականատես զանց չանել և ուրիշ շնորհալի մարդկանց. թէպէտ և դրանք աշխարհականներ են, բայց հաւատով քրիստոնեայ են և ազգով հայ» (բ․ տպագր., եր. 409)։ Կարծես պատմագիրը մի կերպ ներողութիւն է խնդրում, որ ինքը, լինելով վարդապետ, պիտի խօսէ իր գրքի մէջ աշխարհական, թէև շնորհալի մարդկանց մասին...
  90. «Չամչեան, Գ., եր. 722:»
  91. Հ․ Գ. Զարբհանալեան, «Պատմութիւն Հայերէն Դպրութեան», բ. հատ․, Վենետիկ, 1878, եր․ 435-444:
  92. Թե վերևում առաջ բերած կտորը և թե այն հանգամանքը, որ Հ. Չամչեան իր «Հայոց պատմութիւնը» գրելիս օգտվել է և Երեմիա Չէլէպիի պատմագութիւնից, վկայում են, որ ձեռագիրը գտնվում է Վենետիկի Մխիթարեն վանքում: Պրօֆէսօր Ք. Պատկանեան, դեռ 1879 թւին հրատարակած իր «Библiографическiй Очеркь Армянской Исторической Литературы» աշխատութեան մէջ, ցանկություն էր յայտնել, որ Քէօմիւրճեանի գործը շուտ հրատարակվի: Բայց չը գիտենք թէ ինչու Մխիթարեան հայերը մինչև այսօր սպանած են պահում XVII դարի նշանավոր հեղինակին: Գուցե արգելք է հանդիսանում Մխիթարեան «փօլիթիքան», բայց այդ դէպքում պէտք էր հրատարակութիւնը յանձնել մի ուրիշ հիմնարկութեան: Պատկանեան ասում է, որ Վենետիկում է գտնվում նաև Ճէվահիրճենաի գործը: Ժամանակ է, որ այդ պատմական յիշատակարաները տպագրութեան յանձնվեն: 1902 թւին «Բազմավէպ» ամսագրի երկու համարներում (եր. 367, 473) տպվեցին փոքրիկ քաղուածքներ Քէօմիւրճեանի պատմագրութիւնից:
  93. Հրատարակված է Վաղարշապատում, 1870 թւականին:
  94. Ուշադրութեան արժանի հանգամանք է, որ Զաքարիայի բերած այդ խնդիրները մինչև վերջին ժամանակները գոյութիւն ունէին մեր ժողովրդի մէջ։ Անձամբ ականատես ենք եղել թէ ինչպէս մի ծերունի, մի դպրոցականի գիտութիւն ունէին մեր ժողովրդի մէջ։ Անձամբ ականատես ենք եղել թէ ինչպես մի ծերունի, մի դպրոցականի գիտութիւնը փորձելու համար, առաջարկում էր նրան այն իսկ խնդիրները, որոնք գրված են Զաքարիայի գրքի մէջ։
  95. Паткановъ - «Библiогр. Очеркъ Арм. ист. Литер.», եր) 51:
  96. Տպագրված է երկու անգամ. Կ. Պօլսում 1735-ին և Էջմիածնում` 1870-ին:
  97. Գլ. ԾԵ․
  98. «Այս գիրքն էր, որ Մխիթար Սեբաստացուն առաջին անգամ ծանօթացրեց կաթօլիկ դաւանութեան հետ: Լուսավորչական կղերը մանաւանդ «Խոկումն Քրիստոնէականի»-ի դէմ էր կատաղած և հալածում էր նրան, այրել էր տալիս:
  99. Հ. Ալիշան—«Սիւնիք», եր. 330։
  100. Այդ «դավթարի» մէջ Զաքարիան արձանագրել է այն ամենը, ինչ հետաքրքրական է համարել. այդտեղ են թէ նրա առևտրական հաշիւները, թէ առօրեայ մանր դէպքերը, թէ ժամանակակից պատմական անցքերը․ Շատ են այնպիսի մանրամասնութիւններ, որոնց մէջ երևան է գալիս հայ վաճառականը իբ գործերով, իր ընտանեկան հանգամանքներով, տան սարք ու կարգով։ Հեղինակը չէ մոռացել աբձանագբել նոյն իսկ թէ ինչպէս ինքը բաժանվեց իր եղբօր որդիներից և ինչ շարժական և անշարժ կայք ստացաւ ամեն մէկը։Թւում է պղնձի ու արծաթ է ամանները, նրանց արժողութիւնը։ Գրուածքը դրական արժանաւորութիւններ չունի․ դա գրագէտ վաճառականի մի վայրիվերոյ, տեղ տեղ կրկնութիւնեով մթնացրած շարադրութիւն է։ Կայ այն նշանաւոր հանգամանքը, որ գրուածքը աշխարհաբար լեզուով է և կարող է համարվել իբրև նմուշ այն աշխարհաբարի, որ գործ էին ածում հայերը այն ժամանակներում։-Զաքարիայի այս գրուածքը աբդէն տպագրեր է տուել «Մշակի» խմբագիր պ. Ա. Քալանթարը։
  101. «Ս Սարգսեան — «Ագուլեցոց բարբառը», Մօսկվա, 1882, եր. 12»։
  102. «Ստեփանոս Շահումեանն էր Դաւիթ–բէկի պատերազմների սկզբնապատճառը․ իսկ նա պատկանում էր այն ընտանիքին, որ XVII դարի կէսից առևտրական տուն ունէր Վենետիկում (Տ․ «Հայկական Տպագրութիւն» II հատոր)»։
  103. «Ահա մի նմուշ այդ լեզուից․ «Այսինքն, երանի այնպէս մարդոյն, որ անօրէն և թերահաւատ մարդկանց ականջ չի դներ․ և նոցա խրատվն և խորհրդովն չի շրջեր. և մեղաւոր մարդկանց չար գործոցն հետևելով նոցա ճանապարհաւն չի գնար և վատաբերան և չարալեզու մարդկանց նման չի նստեր այլոց չար խրատ տար, և յԱստուծոյ ճանապարհէն հեռացներ զիւրեանք»։
  104. ««Սիւնիք», եր․ 335․
  105. «Գլ․ VII։»
  106. «Նիկօլի մահից յետոյ բազմելով Լեհաստանի արքեպիսկոպոսական աթոոի վրա, Յունանեանը վերջնականապէս կտրեց լեհահայերի կապը Էջմիածնի հետ, մի բան, որ նոյն իսկ Նիկօլը չէր արել։»
  107. Պարիզի ֆրանսիական ազգային գրադարանում կայ այդ գրքի մի ձեռագիր, որի յիշատակարանում ասված է (ծս Ցակոր երէցս Թ ո խա թեց ի թարգմանեցի զգեզեցիկ Պատմութիւնս ի լատինական գրոց է, ի խնդրոյ վարժապետին իմոյ Տէր Ակոբին` որ ասին Այվաթենց․ թվին ՌԿԳ (1614) փետրվար ամսոյ ժգ, ի երկիրն Լեհաց, ի քաղաքն Զամօսցա>>: (<<Կամենից>>, եր․. 171):
  108. Професорь Корелинь—«Очерки Итальянскаго Возрожденiя», M., 1896, եր.172.
  109. Կիրակոս պատմագիր, Մոսկվա եր 195
  110. Զաքարիա սարկաւագ, եր․ 55
  111. «Հայկական Մատենագիտ․», եր․ 658։
  112. <<Ճռաքաղ>>, 1860, եր. 121-122, 15-137:
  113. <<Սիւնիք>>, եր. 340:
  114. Մենք կարծում ենք, որ Թովմաս վարդապետը Հռօմ գնացել էր իր երկու եղբօր որդիներին ուսման տալու: Գոնէ դրանցից մէկը, Ղուկասը, իրան անուանում էր <<Հռոմի սնունդ>>:
  115. ««Արամեան լեզուին Գանձ», Ամստերդամ, 1711, եր․ 361—362։»
  116. ««Ուսումնասիրութիւն, հայ լեզուի և մատենագրութեան յԱրևմուաս», Վենետիկ, 1895, եր․ 52։»
  117. ««Սիւնիք», եր. 340:»
  118. «Այս կտորը առանձին հրատարակվեց Լօնդօնում՝ 1788 թւականին։»
  119. Տ․ և «Պաամ. Նոր-Ջուղայու», հատ․ I, եր․ 184․
  120. «Այսօր էլ Վենետիկի տպարանում գործ են ածում մի տեսակ տառեր, որոնք Նուրիջանեանների պատրաստետուածն են։»
  121. «Տ. Գ. VI:»
  122. Նաում, գլ․ Գ․
  123. Веберь-«Всеобшая Исторiя, т. IX, М., 1896, եր. 77-81.»
  124. Грегоровiусь-«Исторiя города Аеинь», Спб., 1900, եր. 349.
  125. Жигаревь-«Русская политика вь Восточномь Вопрось», т. I, М., 1896, եր. 29.
  126. Герванусь, т․ V, եր․ 19։
  127. Мулюковь-«Очерки по исторiи рысской культуры», т. II, Спб. 1899, եր. 15-25
  128. «Жигаревь, т. I, եր. 69:»
  129. T. V, եր. 19:
  130. Հ․ Գ․ Այվազովսքի—«Պատմութիւն Օսմանեան պետութեան», Հատ․ Ա․, Վենետիկ, 1841, եր․ 301։
  131. Веберь, т. IX, եր. 278:
  132. В. Тепловь-«Представители европейскиxь державь вь Константинополь», Спб., 1890, եր․ 9.:
  133. Жигаревь, т. I, եր. 77:
  134. Грегоровiусь, եր. 360:
  135. Гервинусь, V, եր. 58:
  136. Կլէֆտական երգերից մի քանիսը գրված են Զօտօվի «История Всеобщей Литературы», աշխատութեան մէջ (т. I եր․ 670)։
  137. «Въстнистъ Европы», ամսագիր, 1878, № 3, եր. 287:
  138. Л. Ранкс, <Исторiя Сербiи>, М., 1876, եր. 79.
  139. Шерръ, «Всеобщая История Литературы». Сиб. 1880, т. II, եր. 374.
  140. Жигарелъ, т. I, եր. 83:
  141. Жигаревь, I, եր. 91,
  142. Այվազօվսկի, հատ․ բ. եր. 36։
  143. Սասունի պատմութեան մէջ փառավոր շրջան են կազմում մանաւանդ XI-XII դարերը, երբ այնտեղ տիրում էին Մամիկոնյանները (Թոռնիկ իշխանը և նրա ժառանգները):
  144. Ինճինճեան—«Աշխարհագրութիւն չորից մասանց Աշխարհիս, հատոր Ա, Վենետիկ, 1806, եր։ 161—163։
  145. Ինճինճեան, եր. 244-235
  146. *«Սայեաթ-Նովա», Մօսկվա, 1852, եր․ գ․
  147. «Русская Старина» ամսագիր, 1878, N 7, եր․ 456—448:
  148. Жигаревь, т. I, եր․ 102։
  149. Շրէօդեր, եր․ 339։
  150. Եր․ 56։
  151. Պատմ. Նոր Ջուղայու, II հատոր, եր․ 45։
  152. «Մէլիքների թղթերի մեջ «պարսիկ» բառի տեղ գործ է ածված «ռպի» բառը (պատիւով) որի ինչ լինելը յայտնի չէր:»
  153. Հ. Չամչեանը չէ յիշատակում Օրիի անունն անգամ, թեև ժամանակով շատ հեռու չէր նրանից: Առաջին անգամ Օրիի մասին համառոտ տեղեկութիւններ տուել է «Собранiе актовь, относящиxся кь Сбозрьнiую iсторiя армянскаго народа» ժողովածուն, որ տպված է Մօսկվայում 1833-ին: Ապա աւելի մանրամասն խօսեց ռուս պատմական Սօլօվիեվ («Въстниь Евеопы», 1868, № 3): Վերջապէս, Օրիի գործին վերաբերված բոլոր վԱւերագրերը 1898 թւին հրատարակեց պ. Կ. Եզեան «Сношенiя Сетра Великаго съ армяосхимъ наросомъ» աշխատութեան մէջ, որ մը հարուստ աղբիւր է մեր նոր պատմութեան համար: