Հայոց պատմության դասին
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 92։

Թափո՛րն է քայլում նեղլիկ փողոցով
Ու քայլում եմ ես այդ թափորի մեջ՝
Հետևում թողած... դիակներ անթիվ։

...Ունկերիս մեջ դեռ զնգում է զիլ-զանգ
Կանչը գուժկանի.
- Հալիձորն ընկա՜վ... Հասի՜ր, Մխիթա՛ր...
- Հալիձորն ընկա՞վ...
- Չընկա՛վ։ Ծախեցի՜ն...

Թափո՛րն է քայլում լռած փողոցով,
Հետևում՝ ավե՛ր, մահ ու տարաժա՛մ։
Խարույկի միջից չեն լսվում ճիչեր։
Խարույկից առաջ՝
Ողջախոհության խորհուրդն է խորին.
- Մեզ ների՜ր, եթե կարող ես, խանո՛ւմ...
- Հասի՜ր, Մխիթա՛ր...

Լուռ է փողոցը,
Լռին քայլում է փողոցը հոգնած,
Գնում է հեռու,
Գնում է՝ հասնի Սաթենկան դատին։
- Հասի՜ր, Մխիթա՛ր...

- Դու մեզ զորավիգ չեղար, հա՞, Սո՛ւրբ Խաչ,-
Պատին է զարկվում թասը գազազած։
Թափո՛րն է քայլում
Տխո՜ւր ու հոգնա՛ծ...

Ողբա՛, Բարխուդա՛ր, դու քո բախտը սև՝
Դավաճան որդի սնելու համար,
Որդի, որ երբեք Գոհա՛ր չդառավ...
- Հալիձորն ընկա՜վ...

Թափո՛րն է քայլում...
- Թե Սյունիքն, Արցախն առնի օսմանլուն՝
Կտիրի և ողջ աշխարհին հայոց...
Կտիրի՜։ Բա ո՞նց...
- Հասի՜ր, Մխիթա՛ր...

...Մահվա՛ն թափորն է քայլում փողոցով։