Հայոց պետականության գաղափարական հիմքը
Գիշերաշրջիկ զույգ արձանագրությունների քննարկմանը հատկացված քառասունքից արդեն անցել է տասը օրը: Ակնհայտ է, որ «ներքին քննարկումները» չեն ստացվում: Բնական է, որ նման պայմաններում չպիտի ստացվեին: Նման պայմաններում ոչինչ չի ստացվում և ոչինչ էլ չի ստացվի:
Հանգամանքների բերումով ես Վլադիմիր Իլյիչի նման այս քննարկումներին մասնակցում եմ «Նամակներ հեռվից» ձևաչափով: Որոշ թերություններով հանդերձ, սա իր առավելությունն ունի. ես զերծ եմ մնում որևէ կողմի ազդեցությունից և կարող եմ առաջնորդվել միայն իմ՝ տարիների որոնումների արդյունքում ձևավորված համոզմունքներով:
Երկարատև ուսումնասիրությունները և դիվանագիտական փորձն ինձ հանգեցրին հետևյալ եզրակացության. Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին: Բնական հարց կարող է առաջանալ. Իսկ ի՞նչ ասել է հայկական հարց և ի՞նչ է նշանակում դրա լուծումը ներկա փուլում:
Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց՝ այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի: Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:
Պետք է քաջություն ունենալ նայելու դաժան ճշմարտության աչքերին և հստակ գիտակցել. մենք կանգնած ենք այլընտրանքի բացակայության առջև: ՀՀ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր՝ կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով կամ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:
Հենց ա՛յս տեսանկյունից է պետք վերլուծել ներկա գործընթացները և դրանց ընկեցիկ երկվորյակները հանդիսացող զույգ արձանագրությունները: Արդյո՞ք նշյալ արձանագրությունների ստորագրումը նպաստում է հայոց պետականության կենսապահովման գործոնների ուժեղացմանը և ազգային/պետական հզորության աճին, թե կարող է կործանարար արդյունք ունենալ՝ հակառակ ակնկալիքին:
Միանգամից ասեմ, որ, իմ համոզմամբ, արդյունքը բացասական է լինելու: Առկա արձանագրություններն ունեն դրույթներ, որոնց ամրագրումն անգամ ապագայում անհնարին է դարձնում Հայկական հարցի որևէ լուծում: Պետք չէ մոռանալ, որ և՛ պայքարը հանուն Արցախի, և՛ պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման երբեք մեկուսի չեն եղել և հայ հասարակության մեծագույն մասի կողմից դիտարկվել և դիտարկվում են, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որպես Հայկական հարցի լուծման բաղադրիչներ: Հայկական հարցը լուծելու ձգտումը եղել է հայոց գոյության վերջին՝ ավելի քան մեկ հարյուրամյակի մեծագույն նպատակը: Չնայած այսօր երբեմն հնչող իրարամերժ տեսակետների՝ այն շարունակում է մնալ հայոց համազգային միակ նպատակը:
Թուրքիայի նկատմամբ հայոց իրավունքներից հրաժարումը, որը նախանշված է զույգ փաստաթղթերում, նշանակում է հրաժարում մեզ հայերիս համախմբող միակ նպատակից, որը նշանակում է ՀՀ էական թուլացում և, ի վերջո, կործանում: Հայոց երկնակամարի տակ այսօր առատորեն հունձք անող քաղաքական շամաններին չնմանվելու համար, փորձեմ միտքս ներկայացնել գիտական լեզվով:
Քաղաքագիտությունը վաղուց է մշակել պետության հզորության հաշվարկի բանաձևը: Ամերիկյան քաղաքագիտության մեջ այն հայտնի է Յաբլոնսկու (Jablonsky) բանաձև անվանումով.
Այս բանաձևի մեջ. Pp (Perceived power) հաշվարկվող հզորությունն է, C (Critical mass: population + territory)՝ որոշիչ զանգվածը. բնակչությունը + տարածքը, E (Economic capability)՝ տնտեսական կարողությունը, M (Military capability)՝ ռազմական կարողությունը, S (Strategic purpose)՝ հեռագնա (ստրատեգիական) նպատակը, W (Will to pursue national strategy)՝ ազգային հեռագնա (ստրատեգիական) նպատակը հետապնդելու կամքը:
Բանաձևից երևում է, որ պետության հզորությունը նույնքան է պայմանավորված նրա հեռագնա նպատակի առկայությամբ և դրան հասնելու պետական նպատակամղվածությամբ, որքան որ բնակչությամբ, տարածքով, տնտեսական և ռազմական հզորությամբ: Պետության հզորությունը որոշակի ցուցանիշների սոսկական գումար չէ, այլ շոշափելի, նյութական ցուցանիշների բազմապատկումն է նպատակի և նպատակամղվածության գումարային ցուցանիշով: Անկախ տարածքի, բնակչության, տնտեսական և ռազմական հզորությունից, եթե պետությունը չունի նպատակ, հետևաբար և դրան հասնելու կամք, պետության հզորությունը ոչինչ է, քանի որ հայտնի է. ցանկացած թիվ զրոյով բազմապատկելիս արդյունքում զրո է ստացվում:
Այսօր Արցախի հարցը, մի շարք առարկայական և ոչ առարկայական պատճառներով, համազգային նպատակ չի հանդիսանում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու քաղաքական գործընթացն, ըստ էության, լինելով համազգային նպատակ, պետական նպատակ լինել չի կարող, քանի որ բացակայում է այդ նպատակի միջոցով որևէ էական արդյունքի հասնելու հստակ ճանապարհը:
Հետևաբար, ոչ միայն Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին, այլև Հայկական հարցը լուծելուն նպատակամղված ինքնին գործընթացը, այսինքն նման նպատակի առկայությունն ու դրան հասնելու քաղաքական կամքը, հայոց պետականության հզորության ամրապնդման անփոխարինելի գործոն է:
Մենք պիտի չանենք այնպիսի քայլեր, որոնք կարող են թուլացնել հայոց պետականությունը և այն զրկել գոյության նպատակից, քանզի Հայրենիքը, որ նպատակ չունի, սոսկ բնակավայր է:
Հղումներ և ծանոթագրություն
խմբագրել- ↑ David Jablonsky, National Power, Parameters, vol. 27, 1, Spring, 1997, pp. 34-54.
11 սեպտեմբերի, 2009թ.