Հայրենիքի խնձորներ
Բարեկամիս, որ Հայաստանե ստացած խնձորներեն բաժին հաներ էր ինծի


Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
-Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն:
-Խորհրդային ու քաղցրահամ Հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Խնձորներդ՝ երազահյուծ կույսին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն
Արշալույս մը բերին անհուն ու անծիր...

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
Մարմինս անշարժ, այլ հոգիով խորասույզ,
Անցյալին ծոց կ'ապրեմ մշուշը Մուշի,
Կը թափառեմ Արաբկիրի և Ակնի
Ամայքներում, կամ բարձունքը Բյուրակնի,
Դեռ կ'երազեմ, դեռ տաճար մը կը կանգնի
Կիսակործան: Պատրանքներով վշտասույզ,
Կը կարծեմ թե մեր դրախտագեղ Մալաթիան
Ու Կիլիկիան՝ արծիվբույնը Հայության,
Ազատության դրոշին տակ Վահագնի
Հին անցյալի զենն ու զրահ կը հագնի...

Ինծի ինչո՞ւ ղրկեցիր:
-Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն,
Հայուն արևն է նկարեր իրենց գույն...
Էջմիածնի ու Սևանի խնկաբույր
Հովն է հպեր անոնց աղվոր այտերուն,
Խորհրդային ու քաղցրահամ հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն,
Արշալույսներ բերին անհուն ու անծիր...
Ինծի ինչո՞ւ ղրկեցիր...

Ձեզ երանի՜, խնձորենիք Շիրակի,
Որ ճյուղերնիդ Մայր Արաքսի երգերով
Կը դողդղա և արմատնիդ շեշտակի
Հայ գյուղացվույն սուրբ քրտինքին կը մակի:
Արագածին ու Մասիսին հով, զեփյուռ
Կը փայփային ձեր ծաղկըներ սիրասփյուռ,
Եվ անոնցմով ազատատենչ հայորդին
Նարոտ կապե հայ կույսերու ճակատին:

Միտքս կուգա մի այլ աղվոր բուրաստան.
Դրախտի գետ Արածանին ուր կ'երգեր,
Խնձորենիք ծաղկըներով բյուրազան,
Կը կարծեինք թե իրական երկինքն էր...
Ինծի ինչո՞ւ ղրկեցիր...

Գիտեմ ինչո՛ւ ղրկեցիր...
-Կովկասեն նոր հասեր էին, ըսիր դուն,
Խորհրդային ու քաղցրահամ Հույսին պես,
Հալող, կարմիր ու սպիտակ այտին պես,
Խնձորներդ՝ երազահյուծ կույսին պես,
Բանաստեղծին սրտին համար տրոփուն
Արշալույս մը բերին անհուն ու անծիր...
Հայուն արևն է նկարեր իրենց գույն,
Էջմիածնի ու Սևանի խնկաբույր
Հովն է հպեր անոնց աղվոր այտերուն,
Բանաստեղծը ճակատը մակ, սլացող,
Կը սևեռի իր հույսերուն ացյալին,
Արևելքեն կարմիր շողեր կը փայլին...
-Մղձավանջը ու մռայլը դադրին թող,
-Մայր, զավակներդ կարոտովդ կը մաշին...
...Եվ աչքերես հուշիկ-հուշիկ կը կաթին
Խնձորներուդ կարմիրին վրա
Ուր նոր երազ մը կ'երերա,
Պանդուխտներուն արցունքները իբրև ցող...