Հայր Գարեգին, մենք երեքով...

«Հայր Գարեգին, մենք երեքով...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 389,
տ. ― էջ 506, ծ. ― էջ 663



* * *


Հայր Գարեգին, մենք երեքով
Պոետ— գիտուն ազգին հայոց,
Ընտրվել ենք հանձնաժողով
Որ մոմ առնենք, սարքենք հոգոց։

5 Հոգոց սարքենք հայոց ժամում,
Աղոթք անենք ըստ հայ ժամի,
Որ տեր աստված իր եդեմում
Տեղ տա հոգուն Ալիշանի։

Թեև, պետք է այս էլ ասել,
10 Ամբողջ տարով չենք գնում ժամ,
Ու ինչ օրից խելքի հասել,
Չենք հաղորդվել ոչ մի անգամ։

Չենք հավատում արքայության
Ինչքան լինի ցանկալի բան,
15 Ոչ էլ, ներեք, հայր Գարեգին,
Ձեր հոգոցին ու աղոթքին։

Հանգուցյալը նույնպես թեև
Հայ դրախտը չէր հավանում,
Չուներ և մեր խեղճ ժամի հետ,
20 Կուզեր մընալ քավարանում։

Բայց մենք նրան երախտապարտ
Ցույց պիտի տանք մեր սերն անհուն,
Թեկուզ իրան կամքին ընդդեմ
Տանենք հայոց արքայություն։

25 Գնա այնտեղ խընկենու տակ
Նըստի կողքին Լուսավորչի,
Ու ժամանակ առ ժամանակ
Երրորդության համար վիճի։

Արդարները տըկլոր-տըկլոր
30 Շուրջները գան բազմեն բոլոր,
Թամաշ անեն մեծ ծերերին,
Տեսնեն՝ որն է հաղթում որին։

Ահա այսպես բան ենք սիրում
Թե այս կյանքում, թե հանդերձյալ,
35 Նրա համար և ձեզ խընդրում
Ու կրկնում ենք նույնը դարձյալ։

Մենք ուզում ենք, որ մեր ազգի
Եկեղեցին լինի ազատ,
Կըրոնական չըլնի իսկի
40 Եվ տա ամեն համ ու լազաթ։

Դուք էլ, հայր սուրբ, լինեք մեզ հետ
Ազատամիտ, մեծահոգի,
Ու մըտածեք ինչպես պոետ,
Որ ազգ ազգից չի էլ ջոկի։

45 Դե տեսնում եք— ինչպես ենք մենք
Լուրջ-լայն նայում այս մեծ գործին,
Եվ դուք եթե հոգոց չասեք,
Մենք կըդիմենք Էջմիածին։

Իսկ թե մերժեն նաև այնտեղ
50 Մեր այս իղձը սաստիկ անմեղ,
Այն ժամանակ, օ՜, տեր իմ, տեր,
Որ մեզ շատ խելք պետք է տաս դեռ,

Այն ժամանակ, հայր Գարեգին,
Օ՜, էլ հանգիստ չեն ունենալ
Ոչ հանգուցյալ ծերի հոգին,
Ոչ գազեթը մեր լիբերալ։

                   Պատգամավոր Հ. Թումանյան

1901