Հայ-թուրքական արձանագրությունները հակասահմանադրական են

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը: Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ ՀՀ սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա:

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, ……… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Հիմա տեսնենք, թե ի՞նչ «հիմնարար սկզբունքներ և համազգային նպատակներ» են ամրագրված Հայաստանի անկախության մասին հռչակագրի մեջ: Հռչակագրի 11-րդ կետով ՀՀ անվերապահորեն պարտավորվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության յոթերորդ կետը հռչակում է.

«Շեշտելով[1] իրենց հանձնառությունը՝ ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն անհարիր[2] քաղաքականություն վարելուց»:

Հանձնառության այս ոչ հստակ ձևակերպումը չափազանց ընդգրկուն է: Այն շատ բան կարող է նշանակել, մեկնաբանության հարց է: Սակայն միանշանակ է, որ սրանով Թուրքիան իրավունք է ստանում վերահսկելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Արձանագրության նման հանձնառությամբ ՀՀ-ն չի կարող «սատար կանգնել» ցեղասպանության ճանաչման գործընթացին, քանի որ նման քաղաքականությունը «անհարիր կլինի բարիդրացիական հարաբերությունների ոգուն»:

Նման հանձնառությունը հակասության մեջ է մտնում Հայաստանի անկախության հռչակագրի մեջ ամրագրված և Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ վկայակոչված հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից առնվազն մեկին, հետևաբար հակասահմանադրական է:


Հղումներ և ծանոթագրություն

խմբագրել
  1. ԱԳՆ թարգմանության մեջ “reiterate” բառը թարգմանված է “հաստատել”: “Reiterate” նշանակում է մի բանը շեշտելու, ընդգծելու նպատակով կրկնել (repeat, say again, go over, restate, do again, recap, retell): Այն չունի հաստատել (confirm) իմաստը: Շեշտելն ավելի թույլ հանձնառություն է, քան հաստատելը:
  2. ԱԳՆ թարգմանության մեջ “incompatible” բառը թարգմանված է “չհամապատասխանող”, որն առնվազն ոճական սխալ է: Ճիշտը “անհամատեղելի, անհարիր” բառերն են:


14 սեպտեմբերի, 2009թ.