Հայ աղջկան
Սրտիս խորքում մի կոկոն֊վարդ
Վաղուց ունիմ խնամած․
Արի՛, պոկի՛ր, սիրուն աղջիկ,
Քեզ համար եմ ես պահած։
Գիտե՞ս արդյոք, քանի՛ հողմեր,
Անցան նորա վըրայով
Եվ վշտերի փոթորիկներ
Սպառնացան սև մահով։
Բայց մանկական իմ խնամքով
Նա սրտիս մեջ ամրացած,
Աչքերիս ցող արտասուքով
Իր արմատն է ուռճացած։
Դե՛, հայ աղջիկ, արի շուտով,
Կոկոն֊վարդիս եղիր տեր․
Թո՛ղ, որ սիրույդ ճառագայթով
Բացվին նորա ալ֊թերթեր։
1895