Հայ գրականության վիճակը

Հայ գրականության վիճակը

Ես մեր բանաստեղծների, վիպասանների ու դրամատուրգների գործերը տարիներ առաջ եմ կարդացել։

Սխալ կանեի, եթե մեր գեղեցիկ գրականության վրա կարծիք հայտնեի հին տպավորության տակ։

Էն ժամանակից շատ են փոխված իմ գրական ճաշակն ու հասկացողությունը և իմ աշխարհայացքը։ Ինչ որ էն ժամանակ թվում էր գեղեցիկ ու հերոսական, այժմ տգեղ է ու բարբարոսական։ Ես վերջին տարիներս, երբ դեպք է լինում՝ վերադառնում եմ իմ հին կարդացածներից մեկին կամ մյուսին՝ հիսաթափվում եմ հաճախ։ Ընդհանուր տպավորությունս ու կարծիքս էն է, որ մեր գեղեցիկ գրականությունը առողջ ու ամբողջական գործեր շատ չունի։

Մինչև այժմ մեր գրականությունը հարազատ հող չի ունեցել իր ոտի տակ, մեծ մասով գաղութային գրականություն է եղել։ Բանաստեղծի ոտը հարազատ ու իրական հողի վրա պիտի լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչև երկինք հասնի։

Հայոց ապագա գեղեցիկ գրականության զարգացման գրավականը ապագա Հայաստանն է, ազատ, հարազատ հողը, ժողովուրդը։

Էդ ապագա Հայաստանն էլ կտա մեր գրականության ուժեղ ու կենդանի լեզուն, որ լինելու է ժողովրդական բարբառների, գրաբարի ու եղած գրական լեզվի համադրությունը։ Հայ ժողովրդական կենդանի բարբառների ազդեցությունն է լինելու տիրական։

Չնչին է հայ ժողովրդական կենդանի բարբառների միջև եղած տարբերությունը և կայանում է գլխավորապես կը-ի և ում-ի մեջ։ Էդտեղ էլ՝ գերակշռելու է կովկասահայ բառբառը։ Էս չնչին տարբերությունները մի կողմ թողած, հայ ժողովրդական բարբառները մի լեզու են և հայտնաբերում են մի ամբողջական հայություն։

1919