Հանդիպում («Անհայտ կողմերից անտես թևերով»)

39

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Անհայտ կողմերից անտես թևերով,
Հրաշքով անուշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգվեցիր հոգիս տխուր խոսքերով...

Հիվանդ կարոտիս հրաշք֊երազում
Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ,
Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում...

Պարզեցինք իրար սրտերս տկար,
Եվ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրությունը մեղմ էր և հստակ,
Ու շուրջն աշխարհը և կար և չըկար...

[1912]