Հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները...

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՍԴ որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին միայն այն է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, այլ ոլորտներ, ըստ Սահակյանի, չեն կարող պարտադրաբար լինել ՀՀ ԱԺ-ի համար:
www.aysor.am, 20 հունվարի, 2010թ.

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր օրենսդիրները չգիտեն իրենց իսկ ընդունած օրենքները: Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանադրական դատարանի մասին (2006թ.) միանշանակ ամրագրում է.

«Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»: [Հոդված 61(5)]

Ըստ այդմ, անառարկելիորեն պարզ ու հստակ է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը (12 հունվարի, 2009թ.) պարտադիր է Ազգային ժողովի համար՝ որպես պետական մարմնի, և պարտադիր է ԱԺ պատգամավորների համար՝ որպես ֆիզիկական անձանց: Այն պարտադիր է նաև ՀՀ նախագահի (պետության գլխի) և ՀՀ ԱԳՆ (կառավարության համապատասխան գերատեսչության) համար՝ որպես իրավաբանական անձանց, ինչպես նաև Սերժ Սարգսայանի և Էդվարդ Նալբանդյանի համար՝ որպես ՀՀ տարածքում գտնվող ֆիզիկական անձանց: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ ՍԴ-ի մասին օրենքը սահմանել է պատասխանատվություն.

«Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: [Հոդված 66]

Հիմա տեսնենք՝ ի՞նչ որոշում է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանը: Շատերն ուզում են այնպես ներկայացնել՝ իբր ՍԴ-ը պարզապես որոշել է, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Բնավ այդպես չէ: Սահմանադրական դատարանը պարզապես վերացական որոշում չի կայացրել, այլ որոշումը կայացրել է որոշակի և էական վերապահությամբ. «ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները և …»: Այսինքն, որոշումը որոշում է միմիայն «հաշվի առնելով որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները»: Առանց այդ դիրքորոշումների՝ որոշումը որոշում չէ:

Հետևաբար, ՀՀ նախագահի ներկայացուցիչը, համաձայն ՍԴ-ի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդված 5-րդ կետի պահանջի, պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել արդեն ՍԴ-ի համապատասխան որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների հիման վրա սահմանված վերապահումներով: Հակառակը կլինի վերոհիշյալ օրենքի խախտում, և այդ դեպքում պիտի գործի նույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված «օրենքով նախատեսված պատասխանատվությունը»:


20 հունվարի, 2010թ.