Հավատարիմ կնիկը
3. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՆԻԿԸ
Ժամանակով մի աղքատ մարդ ա ըլնում, ունենում ա մի կնիկ: Էդ կնիկը շատ սիրուն ա ըլնում։ Էդ մարդը կնկա սիրունությունի խաթեր մոտիցը չի հեռանում։
Կնիկն ասում ա.— Ա՛յ մարդ, բո՛լ ա նստես, մեր էրեխեքը սոված կոտորվեցին, վե՛ կաց, գնա աշխատանք արա՛, բե՛, մեր էրեխեքը սոված չմեռնեն։
Մարդն ասում ա.— Չե՛մ էթա։
Ասում ա.— Ընչի՞ հմար չես էթում։
Մարդն ասում ա.— Վախենում եմ քեզանից։
Ասում ա.— Ա՛յ մարդ, մի՛ վախենա, վե կաց, գնա՛։ Աստված թող միջնորդ ըլնի մեր միջին, մինչանք քու էթալը գալը ես որձեղենի էրես չտենամ։
Մարդը համոզվում ա, վեր ա կենում, ասում ա.— Դո՛ւ ըլնես քու կաթը, ես ո՛ր գնացի, դո՛ւ գիտաս,— ասում ա, ընկնում ճամփա, էթում:
Մեկ օր, էրկու օր, իրեք օր էթում ա, էթում, դուս գալի մի քաղաք։ Ըտեղ սկսում ա աշխատանք անիլ։
Կնիկը դուռը շինում ա՝ մարդն էթալուց եդը, մննում ա նեքսև։ Ունենում են ապրուստ. մի վախտ ուտում են, գալիս ա հատնում ա ուտելիքը։
Կնիկն ասում ա.— Ա՛յ աստված, դուս չեմ կարա գա, նեքսև չեմ կարա գա, ո՞նց պահեմ իմ էրեխեքը։
Էրեխանց սովածությունը որ շատ ախտում ա, սկսում են լաց ըլնիլ, թե՝ «Սոված մեռանք, մեզ հա՛ց»:
Մերը, իլլաջը կտրվում ա, բերում ա օջախը վառում, պղինձը ջուր ա լցնում, դնում օջաղի վրա, քարերը քցում ա մեջն ու սկսում ա խառնիլը։
Էրեխեքն ասում են.— Սոված մեռա՜նք, թե էփեց, տո՛ւ, ուտենք։
Մերն ասում ա.— Լա՛վ, հլա չի էփե, համբերե՛ք։
Շատ ասելուց եդը մերը խաբում ա ըդոնց, քնելու վախտը գալիս ա՝ քնում են։ Էգսի օրն էլ ըտենց ա անում, խաբում ա, քնացնում։ Երեք օր ըտենց անց ա կենում։ Երեք օրից եդը տերը հրեշտակին ղրկում ա աղքատի գեյմով, որ գա էդ կնկա հավատարմությունը փորձի։
Հրեշտակը գալիս ա աղքատի գեյմով կես գշերին դուռը ծեծում ա։
Կնիկն ասում ա.— Ո՞վ ես։
Ասում ա.— Ղարիբ մարդ եմ, մի տեղ տո՛ւ, էս գշեր գամ քնեմ։
Կնիկը նեքսևիցն ասում ա.— Չիլնի՛, ես մենակ օղլուշաղ եմ, չիլնի, որ մարդ գա իմ մոտը։
Ասում ա.— Ա՛սսու սիրու խաթեր, բաց արա դուռը, գամ էն դռան տակին վեր ընկնեմ քնեմ, լիսը բացվի, էթամ։
Կնիկն ասում ա.— Ա՛նկարելի բան ա։
Մարդն ասում ա,— Ինչ որ ուզես կտամ, թաքիլան դուռը բաց արա։
Կնիկն ասում ա.— Իմ քաշովը մին ոսկի էլ տաս, դուռը բաց չե՛մ անի։
Հրեշտակը թողում ա էթում։ Իրեք օր իրար վրա գալիս ա, կնիկը դուռը բաց չի անում։ Էթում ա հրեշտակը՝ տիրոջը հայտնում ա էդ կնկա պնդությունը։ Տերը հրամայում ա, որ ինչքան քնի՝ մի քիսա ոսկի գլխատակին ըլնի։
Քնում ա էդ կնիկը իրիկունը, առավոտը վեր ա կենում, բարձր վեր ա ունում, տենում ա, որ մի քիսիկ բան բարձի տակին դրած ա, ասում ա.— Ա՛ստված, էս քիսեն ո՞վ բերեց դրեց իմ գլխատակը։
Վեր ա ունում քիսիկը, բաց անում բերանը, տենում ա, որ լիքը ոսկի, ասում ա.— Փա՛ռք քեզ, ա՛ստված, իմ էրեխանց ռուղզեն հասցրիր։
Մի ոսկի հանում ա տալի, մենծ տղին, ղրկում բազար, ասում ա․— Ա՛յ որդի, գնա՛ հաց առ, ուտելիք առ, տենանք աստված ի՞նչ դուռ ա բաց անում:
Էդ տղեն էթում ա բազար, մերն ինչ որ թամբահ ա անում, առնում ա, բերում ա տուն․ ուտում են, իրանց հմար ապրում։ Ընդուց դէնը ըլնում ա սովորական, ամեն օր մի քիսա ոսկի վերնում ա գըլխատակիցը։ Էնքան ոսկի ա կիտում, որ հաշիվը կորում ա։
Էդ կնիկը մի հավատարիմ բարեկամ մարդ ա ունենում, ղրկում ա մենծ տղին, կանչում ա. էդ մարդը գալիս ա, գալիս ա՝ էդ կնիկը ներսե չի առնում, ինքը նեքսևն ա մնում, մարդը դրսևը։
Մարդն ասում ա.— Ի՞նչ ես ասում։
Ասում ա.— Գնա՛ քաղաքից դրսև, տես ամայի տեղ կա՞, ա՛ռ, փողը տամ, ինձ հմար շենլիկ շինա՛:
Էդ մարդը դուս ա գալի քաղաքիցը, առնում ա էդ կնկա ասած տեղը, գալիս ա էդ կնկա մոտը, կնիկն ասում ա.— Գնա ուստեք բռնա, մի ամարաթ շինա՛, որ թագավորիցը լավն ըլնի։
Էդ մարդը էթում ա, ուստեք ա բռնում, ֆահլեթ ա բռնում, սկսում շինիլը։ Շինում ա ընենց մի բան, որ ոչ մի երկրում չի ըլնում ըտենց շենք։
Գալիս ա էդ կնկա մոտն, ասում ա.— Շինեցի, հազրեցի, փողերը տո՛ւ, տանեմ տամ ուստեքանցն ու ֆահլեքանցը։
Կնիկը աալիս ա փողերը, ասում ա.— Տար տո՛ւ, եդ դառ, արի իմ կուշտը։
Էդ մարդը տանում ա փողերը բաժանում ա, գալիս ա էդ կնկա մոտ:
Էդ կնիկն ասում ա.— Ա՛ռ էս փողը, գնա տան մեջ առ։
Էթում ա առնում ա, գալիս ա էդ կնկա մոտը, ասում ա.— Ամեն բան հազիր ա։
Էդ կնիկը հանում ա մի բուռ ոսկի տալիս ա էդ մարդին, ասում ա.— Էս էլ քեզ փեշքաշ, գնա՛:
Էդ մարդը թողում ա, էթում։ Ինքը քաշվում ա էդ տները, առնում ա ոչխարներ, առնում ա կովեր, առնում ա գոմշըներ, առնում ա ձիանիք, առնում ա դավեք, ընենց որ ապրանքի չափ ու սահմանը կորչում ա։
Դրա տեգրը տենում ա, բախլում ա. «Էս կնիկը ո՞րդիան հավաքեց ըսքան ապրանքը․ կա, չկա՝ դա բողություն ա անում»։
Օխտը տարի անցնում ա, էդ կնկա մարդը գիր ա ղրկում, թե. «Գալիս եմ». աղպորն էլ ա ղրկում, կնկանն էլ։
Գալիս ա էդ մարդը հասնում, ասենք Էրևան, աղպերը վեր ա կենում, ասում ա․— Էթամ աղպորս կուշտը, կնկա արածները ասեմ իրան։
Էթում ա, աղպորը պատմում ա, թե.— Դու որ ընտեղ իր, օրեն հացի կարոտ իր, հմի կնիկդ՝ գնա, տե՛ս ի՜նչ կարողություն ա թոփ արե, էլ նոր տուն շինի՜լ, էլ ոչխար, կով, ձի առնի՜լ։
Մարդն ասում ա.— Ո՞րտեղան ա առե։
Աղպերն ասում ա.— Դու չե՞ս գիտա՝ որտեղան ա առե. քեզ խաբեց, ղրկեց ղարբություն, ինքն սկսեց լրբություն անիլ, օրական հարուր մարդ գալիս ա, հարուրն էթում, ըտենցությունով էլ հավաքեց էդ կարողությունը։
Էդ կնիկը կանչում ա իրա քավորակնկանը ասում ա.— Մարդս գալիս ա, քավորակի՛ն, արի ձիանիքը նստենք, էթանք աղաքը։
Ձիանիք են նստում, էթում մարդի աղաքը։ Ճամփեն մինչև կեսն էթում են, մարդը պատահում ա իրա աղպոր հետ. ըտեղ հարց ու բարով են անում, էդ մարդն ու կնիկը եդ են ընկնում։ Քավորակինն ու տեգրը աղաք են ընկնում, գալիս են։
Քավորակինը ասում ա․— Էս ա օխտը տարի ա, իրար չեն տեսե, թող իրար հետ խոսալոն գան, մենք աղաք-աղաք էթանք։
Էդ մարդը կնկանը վեր ա բերում ձորի մեջը, ձիուցը վեր ա բերում, շլինքը կտրում, չարսափը քաշում վրին, թողում, ձին նստում գալի, աղպորը հասնում։ Գալիս են իրանց տունը, կնկա մարդը տենում ա, ի՜նչ կարողություն՝ հաշիվ, սահման չկա, ասում ա. «Դրուստ էր իմ աղպոր ասածը»։
Մի էրկու շաբաթ մնում ա, էդ մարդի ոչխարն էլ ա սատկում, կովերն էլ, գոմշըներն էլ, վերջը էլ բան չի մնում. մի օր էլ սելաֆը գալիս ա, լցվում ա դրա ամարաթների մեջը, ամարաթներն էլ քանդվում ա, ընենց որ էդ մարդը դառնում ա օրեն հացի կարոտ։
Տղեն վեր ա ունում ասում ա.— Իմ մերն ո՞ւր ա։
Ասում ա.— Մերդ լրբություն էր արե, ըտքան կարողությունը թոփ էր արե, դրա համար էլ սըպանեցի։
— Իմ մերն,— ասում ա,— ինչ դու գնացել իր, տանիցը դուս չէր էկե, շաբաթներով մենք սոված ինք մնում տան միջին, նա պղինձը դնում էր օջաղի վրա, ջուրը լցնում էր մեջը, քարերը քցում մեջը, մեզ ըտով խաբում, քնացնում։ Մի մարդ իրեք օր իրար վրա էկավ, ասսու սերը գրեց՝ իմ մերը դուռը բաց չարեց, ասեց, որ. «Ես իմ մարդի հետ ուխտ ու պայման ունեմ, մինչև իմ մարդի գալը ես որձեղենի էրես պտի չտենամ։ Ըդուց դենը իմ մերը քնում էր, մի քիսիկ ոսկի գլխատակիցը առավոտը վեր էր ունում։ Թոփ էլավ ահագին ոսկի, իմ մերը կանչեց ֆլա՛ն մարդին, տվեց՝ նա շինեց ամարաթը։ Կուզես էդ մարդին կանչա, հարցրա, տես՝ մորս էրեսը տեհե՞լա:
Կանչեց էդ մարդին, հարցրեց։
Էդ մարդն ասեց.— Վա՜յ քու տունը քանդվի, քո՛ւ շլինքը կոտրվի, դու ո՞նց ղըմըշեցիր, էն թավուր կնկանը սըպանեցիր, նա ինձ որ կանչեց էդ ամարաթները շինելու, իմ էրեսը դուս չէկավ, փողը տալիս էր տղիդ, տղեդ բերում էր տալիս ինձ։ Ինչ որ ասել են քեզ՝ սուտ են ասե։
Էդ մարդը նո՛ր տալիս ա գլխին, ոններին, թե՝ ես իմ ձեռովը իմ տանը քանդեցի։
Խաբարը տանք կնկանիցը։
Մարդը որ կնկանը սըպանում ա, ասսու հրամանով դրա բերնիցը մի աղբուր ա դուս գալի, վազում։ Ընտեղ էլ բազրկյանի յուրդ ա ըլնում, էդ բազրկյանը գալիս ա, բեռները վեր ա ածում, տենում ա, որ քառասուն տարի ինքը բազրկյան էր, ըտեղ ջուր չէր տեսե, հմի աղպորը գալիս, անց ա կենում։
Ասում ա.— Յավա՛շ, էթամ տենամ էս աղպրի ակը։
Էթում ա, տենում ա, որ մի կնիկ պառկած ա, չարսափը վրին բաշտը, բերնիցը աղպուրը դուս ա գալի։ Զարմացած նստում ա, թամաշ ա անում։ Մեկ էլ տենում ա, հրես էրկու մուկ դուս էկան բնիցը, իրար հետ հաղ արին, եդով մի մուկը վե կալավ մի խեցատի կտոր, դրեց էն մկան շլինքը կտրեց, թողաց ընտեղ, ինքը փախավ, մտավ իրա բունը։ Մի քիչ մնաց, էդ մուկը բնիցը էկավ, գնաց էդ կնկա բերնիցը դուս էկած ջրիցը բերեց, մկան գլուխը դրեց տեղը, էդ ջրիցը քսեց, կնկա կողքին քոլեր էր դուս էկե, գնաց մի քոլ պոկեց, բերեց տվեց էդ մկան պնչին, մուկը սաղացավ, ընկան իրար եննուց՝ փախան, մտան իրանց բունը։
Բազրկյանն ասեց.— Էս ի՞նչ հրաշք էր՝ ես տեսա:
Վե կացավ, էդ կնկա շլինքը դրեց տեղը, էդ ջրիցը քսեց, լավացավ յարեն, գնաց էն քոլիցը քաղեց, տարավ դրեց էդ կնկա պնչին, կնիկը փռշտաց, վե կացավ նստեց։ Թամաշ արեց է՛ս դիհը, է՛ն դիհը, տեհավ, որ մոտին բազրկյանը կաննած ա, չարսափը էլի քաշեց իրա գլխին:
Բազրկյանն ասեց.— Դրուստ որ հում կաթնակերին էյթիբար չկա. ես ըսքան չարչարվեցի, ազատեցի քեզ, հմի դու ինձանից էրեսդ պահում ես։
Կնիկն ասեց.— Դու բազրկյան ես, համբերություն ունեցի, ըսքան վախտ ա ըստեղ սոված, ծարավ վեր ընկած եմ, էթանք չադիրդ, մի քիչ հաց տո՛ւ ուտեմ, կշտանամ, էն վախտը դու իմն ես, ես քունն եմ։
Բազրկյանը վե կացավ, կնիկն Էլ հետը՝ գնացին․ ճամփին բազրկյանը ուզեցավ ձեռը քցի ճտովը, թշերը պաչի, կնիկն ասեց.— Ամո՛թ ա, համբերի։
Գնացին չադիրը, հաց բերին, հաց կերան, պրծան, բազրկյանը կնկանն ասեց.— Դե՛,— ասեց,— ես քունն եմ, դու իմն ես։
Կնիկն ասեց.— Համբերի՛, մի դուս գամ դրսև, նոր գամ, զաթի ես քունն եմ, դու իմն ես։
Կնիկը դուս էկավ դրսև, չարսափը վե կալավ քցեց մի վարդի թփի վրա, ինքը փախավ։
Բազրկյանը շատ թամաշ արեց, տեսավ կնիկը չէկավ, դուս էկավ դրսև, տեհավ, որ չարսափը քցած ա ընտեղ, գնաց չարսափը քաշեց, ասեց.— Վե՛ կաց էթանք։
Տեհավ, որ կնիկ չկա։ Եդ դառավ փոր ու փոշման էկավ չադիրը։ Նոքարներին կանչեց, ասեց.— Էս էլած չէլածը ձեզ փեշքաշ, ես էթում եմ։
Ասեց.— Աշխարքը քանի շեն ա, ես պտի ման գամ էդ կնկա եննուցը։
Ասեց, գնաց։
Գանք, կնկանիցը սալըղ տանք։
Կնիկը գնաց հասավ մի չոբանի, ասեց.— Բարո՛վ քեզ, չոբան աղպեր։ Ինձ մի կտոր հաց տո՛ւ ուտեմ, սոված եմ։
Չոբանը հանեց պարկիցը հաց դրեց, մի ոչխար կթեց, դրեց կնկա աղաքը։ Չոբանը սկսեց էդ կնկա հետ հանաք անիլ։
Կնիկն ասեց.— Հաց ուտեմ, պրծնեմ, զաթի ես քեզ հմար եմ էկե ըստեղ, դու իմն ես, ես քունն եմ։
Կնիկը հաց կերավ պրծավ, չոբանին ասեց.— Դե գնա, ոչխարդ ցվրրվել ա, հավաքա՛, բե՛։
Չոբանը գնաց ոչխարը հավաքելու, կնիկը փախավ։
Չոբանը տեհավ, որ կնիկը փախնում ա, թողաց ոչխարը, ընկավ կնկա քամակը։ Կնիկը տեհավ, որ չոբանը ընկել ա եննուցը, էն ա, պտի հասնի իրան, մի գետ կար, գնաց էդ կնիկը, ջանի դարդիցը իրան քցեց գետի մեջը։ Չոբանը էկավ տեհավ, որ կնիկ չկա, ոչխարը տարավ գեղը, տվեց տիրոնչը, ինքն ասեց.— Աշխարքը քանի շենա, պտի ընկնեմ էս կնկա եննուցը, ման գամ։
Գանք, խաբարը տանք կնկանիցը։
Դա որ ընկավ գետը, ջուրը քշեց տարավ. տարավ բանդ արեց մի ջաղացի նավի։ Ջաղացպանը մի հալիվոր մարդ էր, տեհավ, որ ջաղացի ջուրը կտրվեց, վե կացավ գնաց, տեհավ՝ մի կնիկ նավին բանդ էլած։ Բռնեց էդ կնկա թեիցը, ջրիցը դուս հանեց, տեհավ, որ էդ կնիկը հլա չի մեռե, վե կալավ, տարավ ջաղացը, էդ կնկա ուշը բերեց վրա: Կնիկը զարթնեց, տեհավ, որ ջաղացի մեջն ա, մի հալիվոր մարդ գլխավիրևը կաննած ա։
— Է՜,— ասեց,— ա՛փի, սոված եմ, մի կտոր հաց բե, ուտեմ, ըստուց դեն դու ինձ՝ հեր, ես քեզ՝ աղջիկ։
Մնաց էդ ջաղացպանի մոտին։ Քնեց. լիսը բացվեց, տեհավ մի քիսիկ ոսկի գլխատակին դրած ա։ Ընդուց դենը դառավ սովորական, օրը մի քիսիկ դլխատակիցը վեր էր ունում. ընքան կիտեց, որ հաշիվը կորավ։
Օրերի մի օրն ասեց.— Ափի՛, գնա ուստեք բե՛, ըստեղ շենլըկներ շինենք, ամբարներ շինենք, ցորեն հավաքենք։
Հալիվորը վե կացավ գնաց բազար, բռնեց՝ ֆահլեք, ուստեք, բերեց, սկսեց էդ շենլիկը շինիլ։ Շենլիկը շինեց վերջացրեց, ամբարներ շինեց, ցորեն առավ, կիտեց։ Եդով գնաց էդ կնկա հմար մի ձեռք տղամարդի շորեր առավ, բերեց, տվեց էդ կնկանը։ Կնիկը հտղտվ, դառավ մի սիրուն տղամարդ։ Մի քանի տարուց եդը սով ընկավ էդ երկրի մեջ։ Էդ կնիկը հայտնեց ամեն տեղ, թե. «Ցորեն ունեմ, բաժանում եմ, թե հարուստ, թե աղքատ, ով ուզում ա, գա տանի»։
Ձենը հասավ ըդոնց, թե ըսենց մի մարդ ցորեն ա բաժանում մուֆթա, էրկու աղպերն էլ վե կացան, ասեցին.— Է՛թանք, մենք էլ բերենք, սովամահ էլանք։
Ըդոնք վե կացան, ճամփա ընկան, գնացին։
Գանք, սալըղը տանք բազրկյանիցն ու չոբանիցը։
Ըդոնք էլ լսեցին, որ անփող ցորեն են բաժանում, վե կացան էկան էդ մարդի մոտը։
Էդ կնիկը, որ տենում ա էդ մարդկերանցը, ճանանչում ա, որ իրա բազրկյանն ու չոբանն են։
Տեղ ա տալիս, ասում ա.— Նստե՛ք, շատ մարդիկ կան, պրծնեմ, նոր ձեզ տամ ցորեն, տարե՛ք։
Մի էրկու օրից եդը, դալիս ա իրա մարդն ու տեգրը։ Մտնում են էդ կնկա մոտ, գլուխ են տալի, կաննում են։ Կնիկը ճանանչում ա, համա ծանոթություն չի տալի, իսկ ընդոնք չեն ճանանչում։
— Դե՛հ,— ասում ա,— գնացեք էն օթախումն էլ դուք նստեք, մինչև վերջացնեմ էս մարդկերանցը, նո՛ր ձեզ էլ ցորեն տամ, գնացե՛ք։
Մնում ա մինչև իրիկուն, քոմմա մարդկանցը ճամփու ա դնում, կանչում ա բազրկյանին, չոբանին, իրա մարդին ու տեգորը։
— Է՜,— ասում ա,— ո՞ր երկրիցն եք դուք,— հարցնում ա էդ կնիկը։
Բազրկյանն ասում ա.— Ես Ըսպըհանցի եմ։
Չոբանն ասում ա.— Ես Ջալալցի եմ։
Եդով հարցնում ա իրա մարդին.— Դո՞ւ որտեղանցի ես։
Ասում ա.— Ես էլ Էրևանցի եմ։
Տեգորը հարցնում ա.— Դո՞ւ որտեղանցի ես։
Ասում ա.— Սա իմ աղպերն ա, էրկուսս էլ Էրևանցի ենք։
Էդ կնիկը վեր ա ունում, ասում ա.— Բազրկյա՛ն, դու շատ տեղեր ես ման էկե, գլխովդ շատ բան անցկացած կըլնի, երկար գշեր ա, պատմա՛, անկաջ անենք։
Բազրկյանն ասում ա․— Պատմեմ։ Ես մի զարմացք բան տեհա։ Էս քառասուն տարի բազրկյանություն ի անում, ըդենց բան չէի տեհե։ Տարվա մի տարին ինձ մի յուրդ ունեի, էկա ըտեղ բեռներս վե դնելու․ բեռներս վե դրեցի, տեհա, որ ջուր ա գալի էդ ձորովը, Անմահական ջուր, ասի՝ «Էս ա քառասուն տարի ես բազրկյան եմ, ես չեի տեհե ըստեղ ջուր․․․ նոքարներիս ասեցի. «Դուք չադրները տվե՛ք, ես էթամ, տեսամ էս ջուրը ո՞րտեղան ա գալի»։[1]․․․
— Բա էդ կնկանը տանելու վախտը ըսկի թուշը չպաչեցի՞ր,— հարցրեց էդ կնիկը բաղրկյանին։
Բազրկյանն ասեց.— Երկինք, գետի՜նք, ծո՜վ, ցամա՜ք, չթողաց ձեռ տալ, ոնց որ իմ քիրը, իմ մոտիցը հեռացավ, էն օրվանից ընկել եմ էդ կնկա եննուցը ման եմ գալի, որ մեկ էլ էրեսը տենամ, չեմ գտնում։
— Լա՛վ,— ասեց կնիկը,— հմի էլ, քո՛ւրդ, դու ասա՛։
— Է՜,— ասեց, — աղա ջա՛ն, իմ դարդը շատ ա. էդ կնիկը ինձ ռաստ էկավ եդո, էկավ ասեց. «Հաց տո՛ւ, սոված եմ»։ Հաց տվեցի կերավ, ուզեցա ձեռս քցեմ շլընքովը, պաչեմ, ասեց. «Համբերա՛, հացս ուտեմ պըրծնեմ, զաթի ես քեզ հմար եմ էկե»: Հացը կերավ պրծավ, ասեց. «Չոբա՛ն, ոչխարդ ցրվել ա, գնա՛ հավաքա իրար վրա»: Ես մինչու գնացի ոչխարը հավաքելու, թամաշ արի տեհա՝ էդ կնիկը փախնում ա. թողացի ոչխարը, ընկա էդ կնկա քամակը։ Է՛ս յանը, է՛ն յանը, մի վարար գետ կար, էդ կնիկը իրան քցեց էդ գետի մեջը, թողացի եդ դառա ոչխարիս մոտը փոր ու փոշման, տարա ոչխարը տվեցի իրա տիրոնչը, ասեցի. «Աշխարքը քանի շեն ա, պտի ընկնեմ էդ կնկա եննուցը, ման գամ. հլա ման եմ գալի, չեմ կարում գտնի»։
Էդ կնիկը վե կալավ ասեց.— Չոբա՛ն, դու սարի քուրդ, էն կնկանը չպաչեցի՞ր, ձեռ չտվի՞ր։
Ասեց.— Չէ՜, աղա՛, աստվա՜ծ, երկի՜նք, գետի՜նք, չթողաց, էն օրվանից էլ ընկել եմ քամակը, պտըտվում եմ, չեմ գտնում։
Մարդը ըտեղ ինքն իրան մտածում ա.— Էս կա, չկա, իմ կնիկն ա, յարաբ սա՞ղ ա, թե մեռած։
Ասեց.— Ա՛յ մարդ, դու Էլ քու գլխի էկածը պատմա՛,— մարդին ա ասում:
Ասեց.— Աղա ջա՛ն, գլխի՛դ, արևի՛դ մեռնեմ, ի՞նչ ասեմ, դարդերս շատ ա, չեմ կարա։
Ասեց.— Է՜լի հենց, ասա՛։
Ասեց.— Ասե՛մ, աղա։ Մեռնի էս աղպերը. էս աղպերը արեց, որ իմ տունը քանդվեց, ընդոնք որ պատմում ին, էդ իմ կնիկն ա։
— Բա խի՞ իր սըպանում քու կնկանը։
— Ես գնացել ի ղարբություն, գալիս ի, աղպերս էկավ աղաքս թե. «Մեր տանըցիք, կնիկս, էրեխեքս ո՞նց են», հարցրի աղպորս, նա վե կալավ ասեց, թե. «Օրական հարուրը գալիս են կնկանդ կուշտը, հարուրը էթում են, եքա հարստություն ա թով արե լրբությունովը»։ Եդո էկանք, ճամփին կնիկս էկավ առաջս քավորի կնկա հետ, հարց ու բարով արինք իրար հետ, ընդոնք ընկան աղաք աղպորս հետ, ես ու կնիկս եդ մնացինք, եդով կնկանս վեր բերի էդ ձորի մեջը, շըլինքը կտրեցի, չարսափը քաշեցի վրեն, ձիս քշեցի, գնացի հասա աղպորս ու քավորակնկանս։ Գնացինք տուն։ Գնացինք տուն, հարց ու փորձ արի, տեհա, որ անմեղ ա իմ կնիկը, նո՛ր գլխիս տվեցի, ոններիս տվեցի, էլ ո՜րդի՝ կնիկ չեմ կարա գտնի։
Էդ կնիկը վե կալավ ասեց.— Որ էդ կնկանը տենաս, կճանանչե՞ս։
Ասեց.— Բա չե՞մ ճանանչի։
Կնիկը գնաց մտավ նեքսև, տղամարդի շորերը հանեց, իրա շորերը հագավ, հալիվորի հետ էկավ ըդոնց մոտին կաննեց։
Բազրկյանը ըտեղան հասավ, որ փաթըթվի, չոբանը ընտեղան հասավ, որ փաթըթվի, մարդը չոգեց, ընկավ ոնները, ասեց.— Կնի՛կ վիրև՝ աստված, ներքև՝ դու, ես արել եմ, դու մի՛ անի:
Բռնեց էդ չոբանին էլ ցորեն տվեց, բազրկյանին էլ տվեց.— Դե՛հ,— ասեց,— գնացե՛ք, աստված ձեզ հետ։
— Դե՛,— ասեց,— ա՛յ մարդ, ես էլի քու կնիկն եմ, քու աղպոր դիվանը քու ձեռովն արա։
Աղպերը բռնեց աղպորը թութունի պես կոտորեց, լցրեց գետի մեջը, ասեց.— Գնա՛, ձկներին բաժին ի՛լ։
— Ա՛յ մարդ,— ասեց կնիկը,— դե վե կաց գնա էրեխեքը բե՛ ըստեղ ուտենք, խմենք կյանք վայելենք։
Մարդը գնաց էրեխեքանցը հավաքեց, բերեց ըտեղ, հալիվորի հետ մի տեղ ապրեցին մինչև իրանց մահը։
Դրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Աստծուց իրեք խնձոր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն՝ անկաջ դնողին։
- ↑ Այսպես մանրամասն պատմում է ամբողջ եղելությունը (Ծ. Բ.):