Հավերժահարս
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Հավերժահարս
Լըճի եզերքին, խուլ անտառներում
Ճըգնում էր երբեմն մի ծեր մենակյաց,
Թաղված միշտ դըժնյա պարապմունքներում,
Պասին, աղոթքին անձնատուր եղած.
Արդեն հնազանդ բահ ու թի ձեռքին՝
Ծերուկն յուր համար շիրիմ էր փորում
Եվ միայն մահ էր ջերմ, կարոտագին
Սուրբերից հայցում յուր աղոթքներում։
Մի անգամ, ամառն, յուր անշուք ու հին
Խըրճիթի շեմքին՝ աղոթք էր անում
Աշխարհից քաշված ճըգնող ծերունին.
Թավ անտառն արդեն մըթնում, սևանում,
Մառախուղ պատում լիճը կապուտակ.
Մեղմիկ ընթացքով ամպերի միջին
Երկնի երեսով սահում էր լուսնյակ.
Ծերուկն սկսեց նայել ջըրերին…
Նայում է — ահից ակամա հուզված,
Եվ ինքըն յուր վերա անչա՜փ զարմանում…
Տեսնում է — ահա ջըրերը հանկարծ
Եռում, հուզվում են, նորից մեղմանում…
Եվ մեկ էլ… թեթև՜, նըման ըստվերին,
Եվ ճերմա՜կ, որպես վաղեկ ձյուն դաշտում,
Ջըրից ելնում է մերկ մարմնով մի կին
Եվ լուռ ու նազով լըճի ափ նըստում։
Նա աչք չի պոկում ծեր աբեղայից,
Նայում, սանրում է գիսակները թաց.
Սուրբ ճըգնավորը դողում է ահից,
Եվ ինքն էլ նորան դիտում շըլացած.
Տեսնում է, կույսը ձեռքով է անում,
Կանչում է գըլխի շարժումով արագ…
Եվ հանկարծ որպես աստղիկ չըքանում,
Ծածկվում ու կորչում նիրհուն ջըրի տակ։
Մըռայլ ծերունին չըքնեց ողջ գիշեր,
Չաղոթեց ողջ օր. հակառակ կամքին՝
Այն թովիչ կուսի տեսնում էր պատկեր
Շարունակ կանգնած աչքի առաջին.
Նորից թավ անտառն ծածկվեց խավարով.
Լուսինն ամպերում սահում է դանդաղ.
Եվ նորից կույսը ջըրից դուրս գալով
Նստում է ափին գունա՜տ ու չըքնա՜ղ։
Նստում է, նայում ու գլխով անում
Հանաքով հեռվից համբույրներ տալիս.
Մանկան պես խաղում ու զվարճանում,
Ջըրերն է հուզում, քըրքըջում, լալիս…
Կանչում է ծերին, քնքուշ հառաչում
«Ա՜խ, արի՜ ինձ մոտ, արի՛, ճըգնավոր»
Եվ հանկարծ փայլուն ջըրերում կորչում.
Խորին լըռություն տիրում չորս բոլոր.
Եվ երրորդ օրը անքուն սիրավառ
Ծերուկն ափի մոտ նստած անհամբեր,
Չըքնաղ կուսին էր սպասում երկա՜ր.
Իսկ թավ անտառը պատում էր գիշեր։
Անցավ գիշերը։ Վառ արշալույսին
Չիմացվեց թե ո՞ւր չըքացավ ծերուկ.
Միայն գյուղի տղերք ջըրի երեսին
Տեսան լողում է մի ճերմակ մորուք…