Հատված (Հերանուշ Արշակյան)

(ՀԱՏՎԱԾ)

Լայնատարած դեղին ու խանձնված դաշտերուն մեջտեղ, պարտեզի մը ճերմակ ու լռակյաց պատերուն ետին է մեր ագարակը: Մեր շուրջը տափարակ ու բարեբեր հողեր կը տարածվին մինչև ծովեզերք ու մինչև հոն, ուր հորիզոնը կ՛երևա. ու տեղ-տեղ քարե ճամբու մը եզերքը ծառի փունջի մը ետև ագարակի մը կղմինդրները կամ կաթնատունի մը հողե պատերը կը նշմարվին: Ասդին, անդին, վերջանալու մոտ եղող կալեր իրենց գմբեթավոր պզտիկ գլուխները կը տնկեն, սիգապանծ ցցելով անդադար` ցորեններով լեցուն պզտիկ հասկերը` դեղին ու ոսկեզօծ: Ցորեկին, երբ արևը արտերուն վրա կը սփռե իր ոսկի ցոլքը, ոչխարներու անուշ մայունեն ու արորի մը սուր ճռինչեն ուրիշ ձայն մը չի խռովեր ագարակին մաքուր լռությունը. երբեմն գոմեն փախած չարաճճի հորթուկի մը խոշոր բաոաչյունը կը լսվի, դանդաղ ու քաղցր:

Իրիկվան, երբ ստվերները կը տարածվին դաշտերուն մեջ, անասունները իրենց բնակությանը մեջ կը քաշվին, ի՛նչ լռին ու խորհրդավոր է միասնությունը դաշտերուն. եթե երբեք մշակի մը հողոտ կոշիկները խանգարեն այդ լռությունը կամ անզուսպ պզտիկ այծի մը բոժոժը սուր ձայն մը բերե հեռու, շուտով կը մարի անիկա հեռավորության մեջ:

Երբ ձմեռը իր ճերմակ պատանքը ծսւծկե դաշտերուն վրա ու մառախլապատ հորիզոնը

չի ցուցադրե այլևս արևին տաք երեսը, երբ քամին իր տխուր հեծկլտուքը սուլե գիշերին մեջ ու երկինք սառած արցունքներ թափե, ո՜վ Տեր, այս պատուհանին քով նստած պիտի նայիմ ճերմակ, միապաղաղ դաշտերուն ու պիտի սպասեմ, որ քու անուշ կամքդ կատարվի: Ո՜վ Տեր, այս դաշտերը քու վրադ կը խոսին, այս վերջալույսը քու փառքդ կ՚երգե, ու հոս նստող այս սևազգեստ նվաստ աղջիկը քու ներող սիրո աոջևկը խոնարհի...