Հարգելի ընկեր

Դուք դիմել եք ինձ մի քանի հարցումներով, որոնց պատասխանը խնդրում եք ինձանից։ Կաշխատեմ համառոտակի գոհացում տալ ձեր հարցասիրությանը, թեև առհասարակ ես չեմ սիրում խոսել իմ մասին։

Հարցնում եք՝ ո՞ր թվից է սկսում ստեղծագործությանս շրջանը և ի՞նչ երևույթի հետ է կապված այդ։

Պատասխանում եմ. ստեղծագործությանս շրջանն սկսվում է 1883—84 թվականից, այսինքն 16—17 տարեկան հասակիցս, և չեմ կարող ասել, թե ի՛նչ երևույթի հետ է եղել կապված այդ։

Գրական գործունեությունս սկսել եմ ոտանավորներ գրելով, որոնցից մի երկուսը լույս տեսան այն ժամանակվա «Արաքս» հանդեսում (Պետերբուրգ) և «Սոխակ Հայաստանի» ժողովածուի մեջ (կարծեմ Բաքու), եթե հիշողությունս չի դավաճանում ինձ՝ իմ իսկական ազգանվան սկզբնատառերով — Մ. Հ. (Միքայել Հովհաննիսյան)։ Սակայն գրական այդ ձևը շուտով ձգեցի և անցա արձակագրության. սկսեցի գրել մանր պատմվածքներ ինձ ջրջապատող կյանքից և ապա վիպակներ և վեպեր։

Եթե մի գրականություն ինձ վրա խոր և անջնջելի տպավորություն է գործել, այդ այն ժամանակվա ռուս գրականությունն էր հանձինս Տուրգենևի, Դոստոևսկու, Գոնչարովի, Տոլստոյի, որոնց երկերից օգտվել եմ գրվածքներս հոգեբանորեն հիմնավորելու տեսակետից։ Դրոշիս վրա գրված է եղել,— հեռո՛ւ րաֆֆիական հեքիաթաբանություններից, իրական կյանքը՝ ինչպես որ կա, և մարդու ներքինը։

«Աննա Սարոյանի» նյութը վերցրել եմ 80-ական թվականների հայ բուրժուական ընտանիքի կյանքից։ Նպատակս եղել է ցույց տալ նյութականի վրա հիմնված մի ընտանիքի կործանումը և այդ ընտանիքում մեծացած աղջկա տրագեդիան՝ այն դեպքում, երբ այդ ընտանիքի միակ հենարանը — նյութականը — քանդվում է։ Բուրժուական դաստիարակությունն Աննային չի տվել ոչ մի իրական զենք կյանքի ձախորդությունների դեմ կռվելու, և հենց որ այդ ձախորդությունները գալիս ցցվում են նրա առջև, նա շնչահեղձ է լինում, ինչպես ջրից դուրս նետված ձուկը։ Լեոն ճիշտ է ասում, որ ես բավականացել եմ միայն դրությունն արձանագրելով, բայց եթե նա գտնում է, որ ես չեմ բացատրել պատճառները, չեմ մտել երևույթի պատմության և հոգեբանության մեջ, ապա կասեմ, որ այդ դեպքում ես կնմանեի այն նկարչին, որն աքաղաղ նկարելով՝ տակը կգրեր. «Սա աքաղաղ է»։

«Տանտիրոջս աղջկա» նյութն իրական կյանքից է, այն չափով, որ չափով որ պատկերում է այն ժամանակվա Թիֆլիսի հայ մեշչանական ընտանիքի կյանքը. ինձ ծանոթ են այդպիսի ընտանիքների մեկից ավելի աղջիկներ, որոնք միջնակարգ կրթություն ստանալով հանդերձ, ամուսնացել են, կամ ավելի ճիշտը՝ որոնց ամուսնացրել են տգետ, նույնիսկ միանգամայն անգրագետ վաճառականների հետ, միմիայն նրա համար, որ վերջիններս հարուստ են եղել, և նրանք, այդ աղջիկները ամուսնանալուց հետո տարիների ընթացքում մոռացել են իրենց ստացած կրթությունը և, միանգամայն գոհ իրենց բարեկեցիկ կյանքից, դարձել են նույն մեշչանուհիները, ինչ որ իրենց տգետ մայրերը, մորաքույրները, հորաքույրները և այլն։

Հարցնում եք՝ «Սպանված աղավնին» կարելի՞ է իմ գլուխ գործոցը համարել և իրակա՞ն թեմա է։

Հարկավ, ես չեմ որոշողը, թե այդ վիպակն իմ գլուխ գործոցն է. իսկ թեման ոչ միայն իրական է, այլև, եթե կարելի է այսպես ասել, որ գերիրական։

Ի դեպ ասեմ, որ «Սպանված աղավնու» նյութը ես հիմնական վերամշակման եմ ենթարկել, և այդ վիպակը, որը վերամշակումից հետո մի ընդարձակ վիպակ է դարձել, շուտով լույս կտեսնի Երևանում Պետհրատի հրատարակությամբ:

«Մահը» վեպիս մեջ ուզեցել եմ գծել կյանքի և մահվան պրոբլեմը գործունեության եռանդով լեցուն լավատեսի և ապատիայի ենթարկված հոռետեսի իրար հակադիր տեսակետներից։ Առանձնապես մահվան պրոբլեմն աշխատել եմ տալ վեպի վերջում՝ Շահյանի նամակի մեջ։

Ձեր հարցացուցակի մեջ ես հարցումները չգտա իմ մի ուրիշ վեպի՝ «Պայքարի» և «Մեր թաղը» պատմվածքներիս ժողովածուի մասին, բայց և այնպես մի երկու խոսք էլ այդ երկերիս մասին կասեմ։

«Պայքարի» մեջ աշխատել եմ դուրս բերել այն ժամանակվա (խոսքը 90-ական թվականների մասին է) մեր հասարակական գործիչների զանազան ներկայացուցիչների տիպեր, համարյա բոլորն էլ իրականից վերցված։ Ուզեցել եմ պատկերել այն ժամանակվա հասարակական երկու գլխավոր հոսանքների — պահպանողական և ազատամիտ, կամ, այսպես կոչված՝ նոր-դարական և մշակական — բախումը։

Գալով «Մեր թաղի» պատմվածքներին, դրանք իմ պատանեկական կյանքի անմիջական տպավորությունների տակ գրած աշխատություններն են, բոլորն էլ իրական կյանքից։

Իմ գրվածքներում ես ուզեցել եմ պատկերել առհասարակ մեծ քաղաքի խուլ թաղերում իրենց ողորմելի կյանքը քարշ տվող խեղճ, աղքատ դասակարգի չարքաշ կյանքը, այդ դասակարգի մեջ տիրող մտավոր թանձր խավարը, նախապաշարումներր, մանավանդ կնոջ սոսկալի վիճակը տղամարդու մարդու ձեռքին, այնուհետև նույն քաղաքի մեշչանական և մանր բուրժուական ընտանիքի կյանքը, մեր հասարակական հոսանքների բախումները, մեր ինտելիգենցիայի զանազան ներկայացուցիչների տիպերը։ Իմ առանձին գրքերով լույս չտեսած գրքերից ես կարող եմ թվել հետևյալները, որոնք բնավ չէի էլ կամենալ, որ լույս տեսնեին առանձին գրքերով, իբրև շատ թույլ երկեր. «Ճշմարիտ բարեկամը» — վիպակ, «Նունե» — վիպակ, «Բարերար և որդեգիր» — վիպակ, «Քնքուշ լարեր» — վեպ, «Զազունյան» — վեպ և այլ մանր-մունր պատմվածքներ։ Սրանք բոլորն էլ տպված են 1886 և 87 թվականներին։

Իմ կենսագրության մեջ հետաքրքրական ոչինչ չկա, ուստի թույլ տվեք ձեր հարցացուցակի այդ կետն անպատասխան թողնեմ։ Այսքանը միայն կարող եմ ասել, որ ծնվել եմ 1867 թ. Թիֆլիսում, ուսել եմ ռուսական դպրոցում և արհեստագիտական դպրոցում, ամբողջ կյանքս անցկացրել մեր համարյա բոլոր պարբերական թերթերի և հանդեսների խմբագրատներում իբրև թարգմանիչ և քարտուղար, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը — տպարաններում իբրև սրբագրիչ: Այժմ թոշակառու եմ։

Ինչ վերաբերում է իմ կարծիքին պրոլետգրականության մասին, պիտի ասեմ, որ դժբախտաբար, շատ քիչ եմ հետևել այդ գրականության ընթացքին և շատ քիչ եմ կարդացել այդ գրականությունից, բայց ինչ որ կարդացել եմ, ինձ վրա հուսալի տպավորություն է գործել։ Մի կողմ թողնելով պրոլետգրողների երկերի նյութը, որը հարկավ պտտվում է մեր հեղափոխության առաջացրած խնդիրների և նոր հիմունքներով վերակազմվող կյանքի շուրջը, մի բան ակներև է, որ գրողներն աշխատում են չգրել այնպես, ինչպես գրում էին հները։ Մեծ են նրանց որոնումները գեղարվեստի նոր մեթոդներ, նոր ձևավորում, նոր ոճ գտնելու, բայց թե ո՞ւր կտանեն նրանց այդ որոնումները, առայժմ դժվար է գուշակել։ Համենայն դեպս ապագան նրանցն է։