ՀԱՐՊԻ


Ագռավը երգեց ծառին եւ մի տերեւ ընկավ ծառից,
ագռավը երգեց ծառին եւ էլի մի տերեւ ընկավ ծառից,
ագռավը երգեց ծառին եւ դարձյալ տերեւներ ընկան ծառից,
ագռավը երգեց, երգեց եւ ծառի վրա այլեւս ոչ մի տերեւ չմնաց,
եւ արեւի ճաքճքած հայելին ջրափոսերում ջարդուփշուր եղավ։

Ձնաքամին որտեղից-որտեղ ձեռքն է գցել ժանգոտած
թիթեղի մի կտոր
եւ նրա վրա զարկում է աֆրիկյան սեւամորթ մի եղանակ՝
այգու մեջ անտեր մնացած խրտվիլակի շուրջ, որն
ազգություն չունի։ Ստվերները՝ որոշևանորոշ, սայթաքում են
տանիքների վրա կղիմինդրե
եւ մոտեցող գզգզված գիշերվա գրպանները ձյուն լցնում։

Կիսավեր շենքի խարխլված քիվին ձագուկը մլավանի՝
միանգամայն անտեղյակ շան ու կատվի պատմությանը
անկոմպրոմիս,
ցրտից ու ցավից կուչ է եկել վագրացեղերը ծանակող իր մորթում,
զարմանքի մեջ եւ ունկերում՝ պատն ի վեր
տաքևտաք գզվռտացող գամփռի հոխորտանքը։

Սառցակալել է խավար երկինքը լճի երեսին
եւ ջրահարսի դուրս գալու վերջին հույսը մնացել է
յոթ դեւերի թագավորությունում,
անդուռ դարպասի ծռված հենասյունին դրասանգ կա՝ եզան
ճերմակ ոսկրագլուխ, որի խոռոչներում քամին
դնգդնգացնում է աշնանավերջի խռպոտ մի հայհոյանք՝
որպես թարմ հիշողություն այստեղով անցած պատերազմի։

Ագռավը երգեց ծառին եւ մի տերեւ ընկավ ծառից,
ագռավը երգեց ծառին եւ էլի մի տերեւ ընկավ ծառից,
ագռավը երգեց ծառին եւ դարձյալ տերեւներ ընկան ծառից,
ագռավը երգեց, երգեց եւ ծառի վրա այլեւս ոչ մի տերեւ չմնաց,
եւ մերկ ծառի վրա ագռավը դարձավ ավելի ագռավ։