Հարսանքավոր աղվեսը

Հարսանքավոր աղվեսը


Կարմիր կատար
Պլպլան՝
Կար մի աքլոր
Պինդ զլան։
Խոսքի վարպետ
Մի աղվես
Եկավ մի հետ՝
Սրան տես։
— Բարո՜վ, բարո՜վ,
Սանահեր,
Դուք էլ եք ինձ
Մոռացե՞լ...
Հարսանիք արիք
Առանց մեզ,
Քեֆ քաշեցիք
Ձեզ ու ձեզ,
Քու էդ քեֆդ
Քեզ հալալ,
Եկ մի պատմի,
Ի՞նչ տեսար...
— Աստծու իրան
Բարին քեզ,
Քավո՜ր ջան,
Հարս ու փեսան,
Հրեն, տե՜ս,
Գնացին ժամ։
Շատ սպասեցին,
Աչք ածեցին,
Որ չեկար,
Քու կարոտով
Ճամփա ընկան։
Գեղի մոտով,
Հրե՜ն, կերթան։
Դե՛, շո՛ւտ, հասի,
Էլ մի սպասի,
Տես, հա՜, հրեն,
Հավ ու ճտեր
Գնում են։

Հավ ու ճուտի
Ինչպե՞ս չուտի,
Աղվեսն էլ՝
Էդ կուզեր...
Ի՞նչ հարսանիք,
Ի՞նչ մարսանիք,
Գլուխն աոավ
Ու թռավ...
Բայց․.. երկու ոտ
նա չարած,
Էդ գեղի մոտ
Կատաղած
Չար շները
Վրա տվին,
Ճամփու կեսին,
Գող աղվեսին,
Բուրդ դրեցին՝
Գզգզեցին,
Բերնեբերան
Քրքրեցին։