Հարցազրույց «Հայք» թերթին 1992




ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՔ» ԹԵՐԹԻՆ

խմբագրել
(19 փետրվարի, 1992 թ.)

― Պարոն Նախագահ, Արցախյան շարժման չորրորդ տարելիցն է, եւ այս չորս տարիների ընթացքում ամենատարբեր մեկնաբանություններ են տրվել նրա դրդապատճառներին, փուլերին, ընթացքին։ Ի՞նչը կառանձնացնեիք Շարժման ազդակներից։

― Հայ ժողովուրդն առիթը բաց չի թողել արտահայտելու իր իղձերը անգամ պատմական ամենաբարդ իրադրություններում։ Արցախի հարցը 1988-ի փետրվարին պատահականորեն չծնվեց։ Նույն երեւույթը տեղի էր ունեցել 60-ական թվականներին, երբ մեր ժողովուրդն առաջինը փորձեց օգտվել խրուշչովյան հարաբերական ազատություններից։ Նկատի ունեմ 1965թ. ապրիլի 24-ի ցույցը, որը Խորհրդային Միության պատմության մեջ առաջին տարերային եւ զանգվածային ելույթն էր։ Հաջորդ տարիներին, մինչեւ բրեժնեւյան ինքնիշխանության հաստատումը, քանի դեռ ազատությունների ալիքը պահպանվում էր, Արցախի եւ Հայաստանի վերամիավորման նպատակով ստորագրություններ հավաքվեցին, ուղարկվեցին Մոսկվա, արտասահմանյան մամուլում արձագանքներ եղան… Սակայն այդ ամենը խեղդվեց, իսկ նախաձեռնողները խստորեն պատժվեցին։

1988-ին վերսկսված շարժումն ապացուցեց, որ մեր ժողովուրդը դարձյալ պատրաստ է օգտագործել ցանկացած հնարավորություն իր ազգային նպատակներին հասնելու համար։
― Այնուամենայնիվ, 88- ին եւս կյանքն իր սրբագրումներն էր մտցնում։ Շարժումն այդ իմաստով կարծեք թե ավելի շատ ետնապահ դիրքում էր, քան ինքն էր թելադրում կյանքի ընթացքը։

― Ես համաձայն չեմ։ Սկզբից եւեթ թեեւ Շարժումը թվացյալ տարերային բնույթ էր կրում, բայց նրա հիմնական ազդակը, կրկնում եմ, հայ ժողովրդի պատրաստությունն էր՝ օգտվելու ընձեռված հնարավորությունից։ Սա լուրջ ազդակ էր, գուցե չգիտակցված, գուցե բնազդական, բայց սա կար, եւ պետք է հատուկ շեշտենք։

― Շարժումն սկսվեց ամենքին հայտնի կարգախոսներով, սակայն իրադարձությունների գլխապտույտ ընթացքն այլ խնդիրներ պարտադրեց մեզ։ Շարժման սկզբում կանխատեսվո՞ւմ էր նման շարունակություն։

― Իհարկե՝ ոչ, չէր կանխատեսվում։ Շարժման բնույթի, մեր համոզմունքների փոփոխությունը բնական էր։ Գուցե մենք իսկապես առաջին կամ միակ ժողովուրդն էինք, որ իսկապես հավատացինք գորբաչովյան վերակառուցմանը, հավատացինք, որ դրանով եկել է ժողովրդավարական սկզբունքների հաղթանակի ժամը, արդարության ժամը… Բայց շատ շուտ սառը ցնցուղ ստացանք։ Եւ փետրվարյան մեկշաբաթյա ցույցերի ընթացքում արդեն կարգախոսները փոխվեցին։ Գորբաչովի դիմապատկերները վերացան…

― Ինչպիսի՞ն էր Ձեր վերաբերմունքը ցույցերը դադարեցնելու կոչերին։

― Պատմական տեսակետից դա կարեւոր հարց չէ։ Ես չեմ կարծում, թե դա ինչ-որ չափով փոխեց դեպքերի ընթացքը։ Ասել, թե եթե ցույցերը չդադարեին՝ Սումգայիթը տեղի չէր ունենա՝ սխալ կլինի։ Այն նախապատրաստվել էր եւ պիտի տեղի ունենար, եւ չեմ կարծում, թե դեպքերը կարող էին այլ կերպ զարգանալ։

Մենք գիտակցում էինք, որ վաղ թե ուշ ցույցերը պիտի ավարտվեն։ Եւ դժվար էր պատկերացնել, թե հետո ինչպես պիտի Շարժումը պահպանվեր։ Անհրաժեշտություն էր զգացվում կազմակերպչական ձեւ տալ Շարժմանը։ Այստեղից ծնվեց հիմնարկ- ձեռնարկություններում «Ղարաբաղ» կոմիտեներ ստեղծելու գաղափարը, որի մասին եւ հայտարարվեց փետրվարյան հանրահավաքներից մեկում։ Եթե «Ղարաբաղ» կոմիտեները չստեղծվեին, Շարժումն իսկապես կարող էր մարել։
― Հաճա՞խ եք կանգնել երկընտրանքի առջեւ որեւէ կարեւոր քայլ ձեռնարկելիս, որեւէ կարեւոր որոշում ընդունելուց առաջ։

― Երկընտրանքի առջեւ կանգնել ու հիմա էլ կանգնում եմ միայն մեկ դեպքում՝ երբ անորոշություն է։ Իսկ երբ քաղաքական նպատակը հստակ է, միջոցները՝ տեսանելի, ինձ համար ոչ մի երկընտրանք գոյություն չունի։

― Շարժման սկզբնական շրջանում շա՞տ էին անորոշ պահերը։

― Չէի ասի շատ էին. գուցե դրանք այն պահերն էին, երբ մեզնից պահանջվում էր շատ լուրջ վերաբերվել իրականությանը, իսկ նպատակը եւ դրան հասնելու ուղիները տեսնելուց հետո՝ գործել վճռական։ Շարժման ողջ ընթացքում ե՛ւ մեր քաղաքական նպատակները, ե՛ւ դրանց հասնելու ուղիները, ե՛ւ դրանցից բխած մեր ծրագրերը հիմնականում հստակ են եղել։ Իհարկե՝ ընթացքում մշտապես ենթարկվելով ճշգրտումների։

― Եղե՞լ են սխալներ կամ վրիպումներ, որոնք բացառելու դեպքում այլ ընթացք կունենային իրադարձությունները։

― Անշուշտ, սխալներ, վրիպումներ, սայթաքումներ եղել են։ Ժամանակին վերլուծելով դրանք՝ ձգտել ենք ճշգրտումներ մտցնել մեր անելիքների մեջ։ Ամենամեծ վրիպումն այն եմ համարում, որ ուշ ազատվեցինք Շարժման իներցիայից, ուշ գիտակցեցինք, որ «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն դարձել են այլընտրանքային իշխանություն։ Ուշ սկսեցինք մեր կամքը թելադրել նախկին կոմունիստական վարչակարգին, երբեմն հավատացինք նրա անկեղծությանը։ Պետք էր ավելի վճռական գործել։

Մենք չունեինք իշխանություն գրավելու ո՛չ նպատակ, ո՛չ էլ գիտակցություն։ Սա մեր սխալն էր, բայց երեւի պատմության տրամաբանությունն էր, որ ուշ գիտակցեցինք այս անհրաժեշտությունը։

― Ժողովրդավարության, անկախության վերստեղծման ճանապարհին, թվում է, սոցիալական դժվարություններն անխուսափելի են, բայց հոգեւոր-մշակութային կյանքում եւս դրական տեղաշարժեր համարյա չկան։ Մինչդեռ հենց այս ոլորտն է առավել զգայուն ազգի վերածննդի նախանշանների հանդեպ։
― Սա չպետք է դժբախտություն համարվի, որովհետեւ նման օրինաչափություն ընդհանուր առմամբ նկատվում է համաշխարհային պատմության մեջ։ Ցնցումների շրջանում հոգեւոր կյանքն իսկապես նահանջ է ապրում, առաջնային են դառնում այլ խնդիրներ՝ ազգի գոյության հետ կապված կենսական խնդիրները, եւ ստեղծագործ ուժերը տեղափոխվում են այս ոլորտ։ Նույնը դրսեւորվեց նաեւ մեր Շարժման ընթացքում, նույնն է նաեւ փլուզված կայսրության մյուս հանրապետություններում։ Ռուս շատ տաղանդավոր գրողներ, արվեստագետներ, որոնք փայլում էին լճացման տարիներին՝ այսօր հայտնվել են հրապարակախոսության ասպարեզում, իսկ գրականությունն ու արվեստն այնտեղ եւս առանձնապես չեն ծաղկում։

Մեղավոր փնտրելու կարիք չկա. վստահ եմ, որ կանցնի այս շրջանը։ Մենք լուրջ հիմքեր ենք տեսնում նաեւ հոգեւոր կյանքում նոր թռիչքների համար։ Երբ կարողանանք ազատվել առօրյա կենցաղային հոգսերից, ամրապնդել մեր պետականությունը, մեր տնտեսությունը, կարծում եմ՝ այդ իմաստով եւս գոհանալու առիթ կունենանք։

― Ժողովրդի այսօրվա տրամադրություններն, անշուշտ, Ձեզ հայտնի են։ Ի՞նչ ունեք ասելու ի պատասխան։

― Մեր ժողովուրդը միշտ իր մեջ ուժ է գտել դիմանալու դժվարություններին, հնարավորություն է գտել ելնելու բարդ իրավիճակներից։ Հիմա եւս հեշտ չէ, բայց համոզված եմ, այս իրավիճակը նույնպես կհաղթահարվի։ Ժողովուրդները մի յուրահատկություն ունեն՝ տեսնել միայն պահը, տեսնել միայն ժամը եւ ոչ ամենեւին՝ ժամանակի ընթացքը, չասած՝ հավերժությունը։

Չորս տարին ժողովրդի պատմության մեջ վայրկյան է։ Այսօր պետք է սառնասրտորեն գիտակցենք, որ վայրկյաններում պետություն չի ստեղծվում, վայրկյաններում տնտեսու թյուն չի կարգավորվում։ Դա երկար ժամանակի խնդիր է։ Պետք է համբերությամբ լցվենք ու հասկանանք, որ մենք պատմություն ենք կերտում եւ մեր ապագա երջանիկ կամ ծաղկող պետության սոսկ հիմնադիրներն ենք։ Դրա պտուղներն, ըստ երեւույթին, ինքներս չենք վայելելու, այլ մեզնից հետո եկողները։ (Այստեղ նորից չար լեզուները կարող են ծաղրել մեզ, որ կոմունիստներն էլ 70 տարի ժողովրդին կերակրել են երջանիկ ապագայի հույսե րով։ Ու նորից կարող են չտեսնելու տալ, որ խոսքը տրամագծորեն հակառակ վիճակների է վերաբերում)։


Մենք առավելություն ունենք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ։ Դա այն է, որ շատ ավելի պատրաստ դիմավորեցինք մեր անկախությունը, քան նրանք։ Եւ այն զգացումը, որ կա մեր ժողովրդի մեջ՝ որ մեր անկախությունը երկնային շնորհ չէր, նվեր չէր, այլ մեր պայքարի, մեր զրկանքների գնով ձեռք բերված նվաճում, ինձ թվում է՝ մեծապես կնպաստի մեր ժողովրդի կամքի ամրապնդմանը։


Առիթից օգտվելով՝ պետք է շնորհավորեմ մեր ժողովրդին Արցախյան շարժման տարեդարձի առթիվ, մաղթեմ բոլոր ուժերով լծվել մեր պետականության կերտմանը։


«Հայք», 19 փետրվարի, 1992 թ.։
Հարցազրույցը՝ Վասակ Դարբինյանի։
Հրատարակված՝ «Պատմության եւ կյանքի տրամաբանությունը» վերնագրով։