Հարցազրույց «Նեզավիսիմայա Գազետա» թերթին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻՆ
խմբագրել
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Փարիզ կատարած հնգօրյա այցի ծրագիրն այնքան լարված էր, որ հարցազրույցի համար նա ժամանակ կարողացավ գտնել միայն գիշերվա ժամը 3-ին։ Մենք զրուցեցինք մեկ ժամից ավելի՝ գրեթե այնքան, որքան տեւել էր անդրկովկասյան հանրապետության առաջնորդի զրույցը Նախագահ Միտերանի հետ մայիսի 22-ին։
― Ձեր հանդիպումը Միտերանի հետ կապվա՞ծ է արդյոք վերջին 20 օրերի իրադարձությունների հետ։
― Ոչ։ Մեր հանդիպումը ծրագրված էր մեկ ամիս առաջ։ Բայց բնական է, մենք քննարկեցինք Կենտրոնի այդ պատժիչ գործողությունը։
― Միտերանի հետ զրույցի ժամանակ Դուք նույն միանշանակությա՞մբ որակեցիք կատարվածը։
― Այո, նաեւ բացատրեցի, թե ինչու է մեր գնահատականն այդպիսին։ Բանն այն է, որ, ի տարբերություն Մոլդովայի, Վրաստանի եւ Բալթյան հանրապետությունների, որոնք դեպի անկախություն եւ ինքնիշխանություն են գնում իրենց իսկ մշակած երթուղիներով, մենք որոշեցինք այդ նույն նպատակին հասնել՝ հետեւելով Խորհրդային Միությունից դուրս գալու մասին օրենքի տառին։ Դրանով իսկ Հայաստանը Միության համար ստեղծում է վտանգավոր մի նախադեպ՝ ցույց տալով, որ Միությունից կարելի է դուրս գալ նաեւ` պահպանելով իր իսկ սեփական օրենքով նախատեսած կարգը։
Հանրաքվեն նշանակելով սեպտեմբերի 21-ին` լիովին համապատասխան ԽՍՀՄ Սահմանադրությանը եւ օրենքներին, իհարկե, մենք հասկանում էինք, որ այդ ընթացքում Մոսկվան ջանքեր կգործադրի մեզ խանգարելու համար։ Հետեւելով սովորական տակտիկային, այն է՝ մինչ բանակցություններն սկսելը ուժ կիրառել, Մոսկվան փորձեց ահաբեկել մեզ։ Այդպես եղավ թե՛ Մոլդովայում, թե՛ Մերձբալթիկայում։ Վերջին 20 օրերն ակնհայտորեն ցույց տվեցին, որ խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության, այլ Ադրբեջանի միջոցով Մոսկվայի ճնշման մասին է։
Ի բարեբախտություն Հայաստանի՝ մյուս հանրապետությունների ժողովրդավարական ուժերը դրական հասարակական կարծիք ստեղծեցին մեր օգտին։ Զգալի էր նաեւ արտասահմանյան քաղաքական շրջանակների արձագանքը։ Այդ իսկ պատճառով, Գորբաչովը, ինչպես եւ Մերձբալթիկայում, ստիպված եղավ դադարեցնել ուժի ցուցադրումը։ Այժմ իրադրությունը համեմատաբար հանգիստ է։
― Իրադրության կարգավորման գործում ի՞նչ դեր խաղացին Ձեր շփումները Գորբաչովի հետ։
― Ոչ մի։ Ես փորձում էի նրա հետ կապվել ապրիլի 22-ից։ Իրադարձությունները շատ արագ էին զարգանում, եւ ինձ անհրաժեշտ էր շտապ իմանալ նրա դիրքորոշումը։ Իսկ նա թաքնվում էր ինձնից, խուսափում խոսակցությունից։ Նա ինձ ընդունեց միայն այն ժամանակ, երբ ողբերգությունն արդեն տեղի էր ունեցել, եւ մեր հանդիպումը կորցրել էր իմաստը։ Մայիսի 1-ին մենք խոսեցինք հեռախոսով, 3-ին` հանդիպեցինք։ Ես վերջնականապես համոզվեցի,որ Գորբաչովը որոշել է գնալ մինչեւ վերջ։
― Ուրիշ ինչի՞ մասին եք խոսել Միտերանի հետ։
― Մենք կարծիքներ փոխանակեցինք ԽՍՀՄ-ում տեղի ունեցող գործընթացների մասին։ Ես շարադրեցի իմ տեսակետներն այդ գործընթացների մասին` զրուցակցիս ուշադրությունը հրավիրելով չորս պահերի վրա։
Առաջին. դրանք անշրջելի գործընթացներ են։ Համակարգն այլեւս չի կարող գոյություն ունենալ այն տեսքով, ինչպես գոյություն է ունեցել 74 տարի։ Տնտեսության առողջացման կարեւոր պայման է հանդիսանում նրա ապակենտրոնացումը, որին ինքնաբերաբար կհետեւի քաղաքական ապակենտրոնացումը։ Այդ երկու գործընթացները փոխկապակցված են, եւ կենտրոնական իշխանությունների բոլոր փորձերը՝ խախտել այդ փոխկապակցվածությունը, ծառայում են ոչ թե առաջընթացին, այլ արգելակմանը։
Երկրորդ. մենք հասկանում ենք, որ Արեւմուտքը պարտավորություններ ունի Գորբաչովի հանդեպ, որի դերը հատկապես մեծ է միջազգային կլիմայի առողջացման, Արեւելյան Եւրոպայի երկրների ազատագրման, ինչպես նաեւ սպառազինությունների մրցավազքի թուլացման գործում։ Բայց ի դեմս Գորբաչովի անվերապահորեն պաշտպանել Կենտրոնին` նշանակում է գործնականում ամրապնդել հետադիմական ուժերի դիրքերը։ Ուստի, մեր կարծիքով, արդեն ժամանակն է, որ Արեւմուտքը, մշակելով իր քաղաքականությունը ԽՍՀՄ-ի հանդեպ, ելնի այն փաստից, որ Կենտրոնի կողքին, ի դեմս հանրապետությունների, առաջ են եկել այլ իրական քաղաքական ուժեր, որոնք օր-օրի ավելի են ապացուցում իրենց գործունակությունը, մինչդեռ Կենտրոնը կորցնում է կառավարման նորանոր լծակներ։ Այժմ Կենտրոնը չունի նույնիսկ տնտեսական լծակներ։ Նրա միակ հենարանը մնում են պատժիչ մարմինները` բանակը, ՆԳՆ-ն, ՊԱԿ-ը։
Երրորդ. կա մի վտանգ, որն այսօր արդեն իրեն զգալ է տալիս. վեց հանրապետությունները, որոնք ցանկություն են հայտնել հասնել անկախության, կարող են ենթարկվել եւ արդեն ենթարկվում են բռնությունների ու տնտեսական խտրականության, ինչի մասին անթաքույց ակնարկ արվեց այսպես կոչված «9+1»-ի հայտարարության մեջ։ Այնտեղ ասվում է, որ ինը հանրապետությունների համար կապահովվի առավել բարենպաստ ռեժիմ։ Մինչդեռ ո՛չ ԽՍՀՄ Սահմանադրությամբ, ո՛չ ԽՍՀՄ-ից դուրս գալու օրենքի համաձայն, որտեղ նախատեսվում է հնգամյա անցումային փուլ, ԽՍՀՄ կազմից դուրս գալու մտադրություն ունեցողների նկատմամբ որեւէ խտրականություն սահմանված չէ։
Չորրորդ. մենք չունենք ո՛չ բարոյական իրավունք, ո՛չ էլ մտադրություն՝ խնդրելու, որ Նախագահ Միտերանը, կամ մեկ ուրիշն Արեւմուտքում, խառնվի ԽՍՀՄ ներքին գործերին։ Սակայն կան որոշ ընդհանուր սկզբունքներ, որոնք ոչ մի կերպ չի կարելի դասել այս կամ այն երկրի ներքին գործերին. օրինակ, երբ պետության կողմից ուժ է գործադրվում խաղաղ բնակչության դեմ, կամ՝ երբ խախտվում են մարդու իրավունքները։ Այդ դեպքում Արեւմուտքը չի կարող եւ չպետք է աչք փակի։
― Եւ ի՞նչ պատասխանեց Միտերանը։
– Միտերանը պատասխանեց, որ այդպիսի փաստերի վրա ինքը երբեք աչք չի փակի։ Ես չեմ կարող ասել, որ Ֆրանսիայի Նախագահը համաձայնեց իմ բոլոր պնդումներին։ Ինձ թվաց, որ նա դեռեւս հավատում է, թե Գորբաչովը դեռ կարող է խաղալ համակարգողի կառուցողական դերը այն բարդ սոցիալ-քաղաքական իրադրության մեջ, որն այսօր ստեղծվել է ԽՍՀՄ-ում։ Սակայն նա խոստովանեց հանրապետությունների աճող դերը։ Եւ նույնիսկ հենց այն փաստը, որ նա ընդունեց ինձ հանգամանալից զրույցի համար, այդ դերի ընդունման վկայությունն է։ Մեկ տարի կամ նույնիսկ վեց ամիս առաջ այդպիսի հանդիպումն անհնարին կլիներ։
― Դա Ձեր առաջի՞ն հանդիպումն էր Միտերանի հետ։
― Այո։ Բայց ֆրանսիացի իմ մյուս զրուցակիցներից շատերի հետ ես արդեն ծանոթ էի։ Երբ մենք` «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներս, բանտում էինք, Ֆրանսիայի 11 քաղաքներ մեզ դարձրին իրենց պատվավոր քաղաքացիները։ Ինձ «որդեգրեց» Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակը։
― Ուրիշ ո՞ւմ հետ եք հանդիպել եւ ի՞նչ արդյունքներ կան։
― Մենք հանդիպեցինք արտաքին գործոց նախարար Ռոլան Դյումայի հետ, այնպիսի խոշոր քաղաքական դեմքերի հետ, ինչպիսիք են սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Պիեռ Մորուան, Ազգային ժողովի նախագահ Լորան Ֆաբիուսը, խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Միշել Վոզելը։
Առանձին ծրագիր էր կազմված ինձ հետ Փարիզ ժամանած Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանի համար։ Նա հանդիպել է արտաքին առեւտրի, արդյունաբերության, էներգետիկայի, կապի եւ այլ նախարարությունների ղեկավարների եւ պատասխանատու աշխատողների հետ։ Եւրոպական պրոբլեմների նախարար Էլիզաբեթ Գիգուի ղեկավարությամբ կազմվել է մանրամասն փաստաթուղթ-արձանագրություն, որը 11 ուղղություններով ամրագրում է մեր պայմանավորվածությունները տնտեսական համագործակցության շուրջ։ Այնտեղ թվարկված են 45 որոշակի ծրագրեր։
― Ակնհայտ է, որ բավականին արդյունավետ էին Ձեր շփումները նաեւ Ֆրանսիայի բազմամարդ եւ ազդեցիկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հավանաբար ոչ պատահականորեն, Ձեր այցի հետ համըն կավ Շառլ Ազնավուրի՝ ՄԱԿ -ին ուղղված դիմումը, որտեղ կոչ է արվում հայ – ադրբեջանական կոնֆլիկտը վերցնել միջազգային հսկողության տակ։ Դիմումը Սփյուռքին՝ չի՞ հանդիսանում արդյոք կոնֆլիկտի միջազգայնացման սկիզբը։
― Հեղափոխական վերափոխումներից ու երկրաշարժից հետո ողջ աշխարհի հայերը, նույնիսկ լիովին ձուլվածները, հիշեցին իրենց արմատների մասին։ Շատերի մոտ այսօր է արթնացել ազգային ինքնագիտակցությունը։ Իհարկե, Սփյուռքում մի շտ եղել են ակտիվ մարդիկ, բայց նույնիսկ նրանք են զարմանում, թե որքան շատ հայեր միանգամից հայտնվեցին աշխարհում։
Մշակութային կապեր Սփյուռքի հետ եղել են եւ նախկինում, բայց այսօր դրանց ավելանում է տնտեսական համագործակցությունը, իսկ բոլորովին վերջերս իրեն զգացնել է տալիս նաեւ Սփյուռքի քաղաքական կշիռը։ Նա ամբողջ աշխարհում ավելի ու ավելի է սկսում ազդել հասարակական կարծիքի վրա, ինչպես Ղարաբաղի, այնպես էլ այլ հարցերում։ Սփյուռքահայերը որոշակի ճնշում են գործադրում իրենց երկրների կառավարությունների վրա, որպեսզի նրանք արտահայտեն իրենց տեսակետները կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Նախագահ Միտերանն ինձ ուղղակիորեն ասաց, որ Հայաստանի եւ Ղարաբաղի պրոբլեմները սպառնում են դառնալ միջազգային պրոբլեմ, որովհետեւ դրանք ուժգնորեն ազդում են Սփյուռքի, մասնավորապես` ֆրանսահայ համայնքի վրա, ինչն արտացոլվում է երկրի սոցիալ-քաղաքական կյանքում։
― Ինչպիսի՞ն է Ձեր պատասխանը։
― Հայկական խնդիրը միջազգայնացնել, կնշանակի ի դեմս միջազգային հասարակական կարծիքի ստեղծել նոր, զսպող գործոն` կանխելու համար ագրեսիայի այնպիսի նոր փաստերը, որոնց ենթարկվեց Հայաստանը։
― Իսկ եթե ադրբեջանցիները նույնպես սկսեն հենվել արտասահմանի իրենց հայրենակիցների վրա։ Դուք չե՞ք կիսում այն մտահոգությունը, որ Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Լիբանան։
― Հայաստանին երբեք չի կարող սպառնալ լիբանանականացումը։ Չի կարելի անհարկի օգտագործել այդ տերմինը` մոռանալով լիբանան յան պրոբլեմի էությունը. այդ երկրի բնակչությունը մասնատված է ըստ ազգային եւ դավանական հատկանիշի։ ԽՍՀՄ ցանկացած այլ հանրապետություն կարող է Լիբանան դառնալ, բայց ոչ Հայաստանը` միակ հանրապետությունը, որի բնակչությունն էթնիկապես եւ դավանանքով միատարր է։
― Հայաստանն` այո, իսկ Անդրկովկա՞սը։ Կարծիք կա, այն մասնավորապես հայտնել է Իրանի Նախագահը, որ եղածն իրականում ոչ թե հայ – ադրբեջանական կոնֆլիկտ է, այլ հակամարտություն երկու համաշխարհային կրոնների` քրիստոնեության եւ իսլամի միջեւ։
― Հայաստանը հին քրիստոնեության երկիր է եւ երբեք չի տառապել կրոնական ֆանատիզմով։ Այդ իսկ պատճառով ես լիովին բացառում եմ կոնֆլիկտի այդպիսի մեկնաբանումը։ Լավագույն վկայությունը մահմեդական բազմաթիվ երկրներում, հենց նույն Իրանում, բազմամարդ հայկական համայնքների գոյությունն է, որոնք շրջակա ժողովուրդների հետ լիովին խաղաղ են ապրում։ Այդպիսի համայնքներ կան նաեւ Միջին Ասիայի խորհրդային հանրապետություններում։
Ճիշտ է՝ Ադրբեջանում գոյություն ու նի իսլամական ֆունդամենտալիզմ, եւ այն հենվում է այն ամենի վրա, ինչի վրա հնարավոր է, այդ թվում եւ` կոնֆլիկտի։ Բայց բուն կոնֆլիկտը արհեստականորեն ստեղծվել եւ պաշտպանվում է մետրոպոլիայի կողմից։ Եթե չլինի Կրեմլի միջամտությունը, ապա Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն։ Ի դեպ, Ադրբեջանի ժողովրդավարները նույն կերպ են մտածում։
― Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ ընթացք կունենան իրադարձությունները։
― Ես վստահ եմ, որ քանի որ Հայաստանը եւ Վրաստանը կանգնել են անկախության ձեռքբերման ճանապարհին, Ադրբեջանը նույնպես այդ ուղով կընթանա։ Առավել եւս, որ նա դրա համար ունի ավելի բարենպաստ հնարավորություններ։ Իսկ երբ մեր հարեւանն ազատ կլինի Մոսկվայի ազդեցությունից, մենք կարող ենք ավելի հեշտ պայմանավորվել, քան այսօր, երբ մեր երկկողմ հարաբերություններին միշտ խառնվում է երրորդ կողմը։
― Նշանակում է՝ «9+1»- ը, որի մասին Դուք այդքան քննադատորեն եք արտահայտվում , այնուամենայնիվ կարո՞ղ է օգնել կայունացնելու իրադրությունը։ ― Ես կարծում եմ` ճիշտ հակառակը։ «9+1»-ի հայտարարության առաջին հետեւանքը ուժային գործողությունն էր Հայաստանի դեմ։ Այդ փաստաթուղթը շատ վտանգավոր է, քանի որ հնարավորություն է բացում մյուսների նկատմամբ խտրականության համար։ Մութալիբովը, որն ստորագրել է այդ համաձայնագիրը Ադրբեջանի կողմից, որպեսզի արդարացնի այդ քայլն իր հանրապետության հասարակական կարծիքի առջեւ, ուղղակիորեն ասել է, որ «փոխարենը» «ազատագրվել են» Ադրբեջանի տարածքի հայկական գյուղերը։
― Մութալիբովն ասել է նաեւ այն մասին, որ տեղի է ունենում «հայկական էքսպանսիա»։ Ձեր մի քանի արտահայտությունները մամուլում «պատմական իրավունքների» մասին նույնպես կարելի է գնահատել որպես իր նախկին սահմաններում Մեծ Հայաստանը վերականգնելու մտադրություն։ Դա որոշակի անհանգստություն է առաջացնում Թուրքիայում …
― Մենք արդեն պարզաբանել ենք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, այդ թվում եւ «Նեզավիսիմայա Գազետայի» էջերում։ Ես խոսել եմ ոչ թե «պատմական իրավունքների», այլ պատմական փաստերի մասին։ Թուրքիայի հետ մենք տարաձայնություններ ունենք պատմական փաստերի գնահատման հարցում։ 1915 թվականի եւ դրան հաջորդած տարիների իրադարձությունները մենք գնահատում ենք որպես ցեղասպանություն։ Թուրքերն այլ կերպ են մտածում։ Բայց դա չպետք է ազդի մեր այսօրվա հարաբերությունների վրա։ Դա ուրիշ հարց է։
Հայաստանը միշտ համարել է, որ Ռուսաստանն է մեր ժողովրդի անվտանգության եւ գոյատեւման երաշխավորը։ Բայց վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը դառնությամբ գիտակցեց, որ այդ երաշխիքներն այլեւս չկան։ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի ժամանակ ռուսական բանակը չպաշտպանեց խաղաղ բնակչությանը։
Բացի այդ, բացառված չէ, որ խորհրդային բանակն, անկախ մեր կամքից, հեռանա Անդրկովկասից։ Նախադեպերը պատմության մեջ կան։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակը, հաղթականորեն պատերազմելով Թուրքիայի դեմ, հեռացավ Արեւմտյան Հայաստանից։ Դա 1918 թվականին էր։ Մենք հասկանում ենք, որ կարճ ժամանակահատվածում չենք կարող ստեղծել ժամանակակից բանակ եւ հզոր տնտեսություն, որպեսզի միայնակ դիմակայենք հնարավոր վտանգները։ Հենց միայն այս պատճառով բոլոր խոսակցությունները «Հայկական էքսպանսիայի սպառնալիքի» մասին մաքուր շահարկումներ են։
Մեր, ինչպես ցանկացած պետության, անվտանգության գլխավոր երաշխիքը հարաբերությունների կարգավորումն է հարեւանների հետ։ Ուստի մենք արտահայտեցինք մեր կամքը` փոխշահավետ, երկկողմ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Այդ երկրի դեսպանն այցելեց Հայաստան։ Ոչ քիչ բարդություններ կան, բայց գլխավորն այն բանի գիտակցումն է, որ երկու հարեւան ժողովուրդներն սկսել են հարաբերությունների հաստատումը։ Արդեն կան բանավոր պայմանավորվածություններ՝ որ առաջ չեն քաշվի քաղաքական պայմաններ տնտեսական եւ մշակութային կապերի զարգացման համար։ Ընդհակառակը, այդ կապերը հիմք կստեղծեն քաղաքական խնդիրների լուծման համար։
― Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում կառուցել Ձեր հարաբերությունները հյուսիսային հարեւանների հետ։
― Մենք երախտապարտ ենք Ռուսաստանի եւ մյուս հանրապետությունների ժողովրդավարական ուժերին, ակնկալում ենք նրանց աջակցությունը նաեւ առաջիկայում։ Մեր կողմից մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը։ Ինչպես արդեն ասացի, դատելով ըստ ամենայնի, մենք կդառնանք առաջին հանրապետությունը, որը դուրս կգա Խորհրդային Միությունից` պահպանելով բոլոր «ձեւականությունները»։
Մենք մեկ ուրիշ գործում եւս առաջամարտիկներ դարձանք։ Երբ կոմկուսը վերջնականապես կորցրեց իր դերը հանրապետության քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում, այդ կուսակցության ղեկավարներն սկսեցին զբաղվել բիզնեսով` ջանալով օգտագործել կուսակցության սեփականությունից հնարավոր ամեն ինչ` տպարաններ, հրատարակչություններ, բազմաթիվ շքեղ շինություններ, որ նրանք վարձակալության էին տալիս կոոպերատիվներին։ Ժողովուրդը վրդովվում էր, որ 70 տարվա շահագործման շնորհիվ կուտակված ունեցվածքը շարունակում է ծառայել նույն այդ շահագործողներին։ Մենք փորձեցինք կուսակցական գործիչներին բացատրել, որ անարդար ձեւով դիզած
այդ սեփականությունից կամավոր հրաժարվելը բխում է հենց իրենց շահերից։ Նրանք չցանկացան։ Այդժամ մենք հարկադրված էինք օրենք ընդունել նրանց այդ սեփականությունից զրկելու մասին։ Մենք վստահ ենք, որ մյուս հանրապետությունները վաղ թե ուշ կգնան այդ նույն ճանապարհով եւ ուրախ կլինենք նրանց տրամադրելու մեր մշակած օրենքի բնագիրը։
Թարգմանություն ռուսերենից։ «Նեզավիսիմայա Գազետա»("Независимая Газета"), 28 մայիսի, 1991 թ.։
Հարցազրույցը՝ Ալեքսանդր Բանգերսկու։
Հրատարակված՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը Նախագահ Միտերանին ասաց, որ Ադրբեջանը գործում է Կրեմլի պլանով, Միտերանը խոստացավ չանտեսել այդ փաստը» վերնագրով։