Հարցազրույց «Չորրորդ իշխանություն» թերթին

Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության

Լեւոն Տեր-Պետրոսյան

2012



― Պարոն նախագահ, նկատի ունենալով ընթացիկ քաղաքական իրադարձությունների՝ մասնավորապես նախագահական ընտրարշավի, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ, մանավանդ, Հայ Ազգային Կոնգրեսի ներքին խմորումների շուրջ ստեղծված հասարակական հետաքրքրասիրությունը, բնականաբար, շատերն են սպասում Ձեր խոսքին։ Ուստի խնդրում եմ, թեկուզ մանրամասների մեջ չմտնելով, պատասխանել մի քանի կոնկրետ հարցերի։ Եւ այսպես. ինչպե՞ս կգնահատեք նախագահական ընտրարշավի ընթացքը։

― Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ ՀՀ նախագահի հիմնական թեկնածուներից մեկը համարվողիս չառաջադրվելու պարագայում անլրջություն կլինի ընտրարշավի գնահատումը, եւ, բնականաբար, ես ինձ այդպիսի թեթեւամտություն չեմ կարող թույլ տալ։

― Իսկ Դուք է՞լ եք, համարյա բոլորի նման, կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է։

― Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետեւ դրա մղձավանջային հետեւանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի եւ պետականության կորստյան վտանգի առջեւ։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետեւանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը եւ կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջեւ, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու եւ ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից եւ, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որեւէ այլ բան է հիշեցնում։

― Արդյոք Դուք չե՞ք թանձրացնում գույները, եւ ապագան չափից ավելի մռայլ չե՞ք պատկերում։

― Հուսանք ու մաղթենք, որ ապագան ավելի մռայլ չլինի, քան իմ պատկերածը, եւ սխալվողը թող ես լինեմ։

― Լավ, իսկ այդ դեպքում ո՞րն է արտագաղթ կոչված չարիքի գլխավոր պատճառը՝ օրենքի բացակայությո՞ւնը, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարո՞ւմը, սոցիալական ծանր վիճա՞կը, անհուսությո՞ւնը, թե՞ որեւէ այլ բան։

― Ձեր նշած բոլոր գործոններն էլ, իհարկե, գոյության իրավունք ունեն, բայց դրանք ընդամենն ածանցյալ են։ Գլխավոր, ես կասեի, միակ պատճառը համատարած կոռուպցիան է, երկրի ու ժողովրդի անխնա կողոպուտը, իշխանությունը բռնազավթած մի խումբ ավազակների հարստանալու անհագ տենչը։ Եթե այս հանգամանքը չլիներ, ապա նրանք ամենեւին կարիք չէին ունենա գիշերցերեկ խախտել Սահմանադրությունն ու օրենքները, ոտնահարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, լայնածավալ ընտրակեղծիքների, բռնությունների ու գնդակոծությունների միջոցով պահպանել իրենց իշխանությունը։ Չպետք է կարծել, անշուշտ, թե սա Հայաստանին հատուկ եզակի երեւույթ է։ Այդպիսի երկրներ եղել են եւ այսօր էլ կան, եւ այդ երեւույթը վաղուց հիմնավորապես ուսումնասիրված է հասարակագետների կողմից։ Ի դեպ, դրան նվիրված վերջին լուրջ հետազոտություններից մեկի հեղինակը միջազգային համբավի արժանացած սփյուռքահայ տնտեսագետ Տարոն Աճեմյան-Աճեմօղլուն է։ Ես նկատի ունեմ Ջեյմս Ռոբինսոնի հեղինակակցությամբ անցյալ տարի նրա հրատարակած «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում» (Why Nations Fail) ծավալուն աշխատությունը։

― Նկատի ունենալով այդ հանգամանքը, գրքի բովանդակությունն, անշուշտ, կհետաքրքրի մեր ընթերցողին։ Կարո՞ղ եք, թեկուզ համառոտակի, ներկայացնել հեղինակների հիմնական հայեցակարգը։

― Սիրով։ Հեղինակների համոզմամբ, բարգավաճ եւ աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության եւ սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը եւ ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։

― Անկախությունը կորցնելու եւ Ռուսաստանին միանալու քիչ առաջ Ձեր գծած հեռանկարը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ պետք է մտահոգի նաեւ աշխարհի գերտերություններին։ Մի՞թե Արեւմուտքը չի հասկանում, որ կարճաժամկետ շահերից դրդված գուրգուրելով Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը, Հայաստանին հրում է Ռուսաստանի գիրկը։ Մի՞թե պարզ չէ, թե Այսրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի համար ինչպիսի աշխարհաքաղաքական հետեւանքներով է հղի, ասենք, ռուս-թուրքական եւ ռուս-իրանական սահմանի վերականգնումը։

― Եթե ոչ Մերձավոր Արեւելքի, ապա հաստատապես Այսրկովկասի վերաբերյալ Արեւմուտքը հստակ ռազմավարություն չունի եւ առայժմ առաջնորդվում է «Հըլը մի ոտի տեղ անենք, հետո բալքիմ մի բան կստացվի» սկզբունքով։ Այդ մեզ է միայն թվում, թե Այսրկովկասը կարեւոր ռազմավարական տարածաշրջան է եւ Արեւմուտքն այստեղ մեծ շահագրգռություններ ունի։ Եթե անգամ այն իսկապես կարեւոր ռազմավարական տարածաշրջան է, ապա աշխարհում ավելի քան հիսուն ռազմավարական տարածաշրջաններ կան, որոնք նրանից ոչ պակաս կարեւորություն ունեն։ Այնպես որ, ռեսուրսների սղության պատճառով, Արեւմուտքի ձեռքն ամեն տեղ չի կարող հասնել։ Պետք է վերջապես հստակ գիտակցել, որ Այսրկովկասն առայժմ ընդգրկված չէ ո՛չ Ամերիկայի, ո՛չ Եւրոմիության, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների շարքում։ Ի դեպ, մասնավորապես դրանով է բացատրվում նաեւ Մինսկի խմբի առաքելության անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

― Արեւմուտքից ու Ռուսաստանից բացի մեր տարածաշրջանում կան նաեւ այլ դերակատարներ՝ Իրանը եւ Թուրքիան։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց վարած քաղաքականությունը։

― Ես միշտ ասել եմ, որ Խորհրդային Միության կազմալուծումից հետո թե՛ Այսրկովկասում, թե՛ Միջին Ասիայում Իրանը վարել է զուսպ, հավասարակշռված քաղաքականություն։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա նկրտումները թե՛ Այսրկովկասում, եւ թե՛ Միջին Ասիայում քարոզչական կամ պատրանքային են։

― Աշխարհաքաղաքական խնդիրներից անցնենք մեր իրականությանը վերաբերող մնացյալ հարցերին։ Ի՞նչ կասեք Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի եւ դրա վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին։

― Նախեւառաջ տեղի ունեցածը ցնցող, վրդովեցուցիչ ու դատապարտելի իրադարձություն է, որի միակ մխիթարական կողմը մահափորձի ձախողումն ու Պարույրի ապաքինումն է։ Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, ապա չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է լուրջ համարվող որեւէ քաղաքագետ, լրագրող կամ քաղաքական գործիչ իրեն թույլ տալ ինչ-որ վարկածներ առաջ քաշել։ Չէ՞ որ ակնհայտ է, որ եթե հազար վարկած էլ նշվի, վերջիվերջո, հանցագործության բացահայտման պարագայում, ճիշտ է դուրս գալու միայն դրանցից մեկը, իսկ մնացյալ 999 վարկածների հեղինակները հայտնվելու են, մեղմ ասած, ապուշ վիճակում։ Մի՞թե այդ մարդկանց համար հասկանալի չէ, որ վարկածների առաջքաշումն ու ուսումնասիրությունը բացառապես հետաքննության գործն ու պարտականությունն է։ Հետեւաբար, դատարկաբանության փոխարեն, բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական կազմակերպությունների միակ պահանջը, իսկ իշխանությունների միակ խնդիրը պետք է լինի հանցագործության շուտափույթ բացահայտումը։ Եթե այդ բանը տեղի չունենա, ապա անջնջելի բիծ է ընկնելու թե՛ ընտրությունների օրինականության, եւ թե՛ ընդհանրապես պետության վարկի վրա, չխոսած այն մասին, որ դա, կասկածամտության մթնոլորտ ստեղծելով, թունավորելու է հասարակության կյանքը, ինչպես մինչ այժմ շարունակում է թունավորել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունների չբացահայտման փաստը։

― Ձեր պատասխանն ինձ համար սպառիչ է։ Հուսով եմ՝ նույնքան սպառիչ պատասխան կտաք նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի ներսում ընթացող խմորումներին վերաբերող հարցին։

― Թաքցնելու բան չկա։ Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան։ Որոշ ուժեր եւ անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից։ Ես սա շատ բնական եմ համարում, որովհետեւ փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջեւ կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում։ Հասկանալի է, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում։ Որպես տարբեր քաղաքական ուժերի եւ անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու եւ պայքարը մինչեւ հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության։ Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը։ Ո՛չ Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել եւ ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին։ Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, եւ վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա։ Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են։

― Պատկերացնում եմ, թե այդ գաղափարի հրապարակայնացումը ինչպիսի անակնկալ է համարվելու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում։

― Չէի ասի, որ դա մեծ անակնկալ է, քանի որ այդ մասին ես հստակորեն արտահայտվել եմ դեռեւս նույնիսկ Կոնգրեսի ստեղծումից առաջ, 2008թ. մայիսի 2-ին ունեցած իմ ելույթում։ Ուստի թյուրիմացությունների տեղիք չտալու եւ ընթերցողի հիշողությունը թարմացնելու համար ուզում եմ մի ընդարձակ մեջբերում կատարել այդ ելույթից. «Համաժողովրդական շարժումը ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը, հետեւաբար, այսօր իներցիոն երեւույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ։ Ուստի մենք, նախեւառաջ, կանգնած ենք Շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ։ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունն այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրակա­նության հետ չհաշտվող հասարակության իղձերի եւ տրամադրությունների հունավորումը։ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ Շարժումն օժտել կազմակերպական նոր ձեւով եւ նոր անվանմամբ։ Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել «կոնգրես» բառը, ինձ նպատակահարմար է թվում Համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (հա­պավ­ված՝ ՀԱԿ), նկատի ունենալով ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային‑ժողովրդավարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմաշերտ ներկայա­ցուց­չա­կանությունը։ Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրեսի» կազմակեր­պական ձեւին, ապա, ինձ թվում է, առայժմ կարելի է պահպանել Համա­ժո­ղովրդական շարժման կառուցվածքն ու ձեւավորված մարմինները՝ Քաղա­քա­կան խորհուրդը եւ Գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, «Կոնգրեսի» ստեղ­ծումը Շարժման անդամ‑կուսակցությունների միաձուլում չի նշանակում. վեր­ջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կա­ռուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաեւ, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական, խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում, անշուշտ, որ համատեղ գործունեության եւ գա­ղա­փարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում «Կոնգրեսը» հետագայում վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության» (ԼՏՊ, Վերադարձ, էջ 244–245)։

― Իսկ ինչպիսի՞ն են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը։

― Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի եւ ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, եւ դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինտոնի եւ Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում եւ սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։

― Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ կուսակցության ձեւավորման գործընթացին եւ որեւէ դեր ունենալո՞ւ եք նրա հետագա գործունեության մեջ։ Ավելի կոնկրետ՝ շարունակելո՞ւ եք առաջնորդել այն, ինչպես մինչ այժմ առաջնորդել եք «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը։

― Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու եւ մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։ Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը։ Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգեւորելու է շատերին, եւ նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլեւ Կոնգրեսի բազմահազար անկուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները, վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում։

Հարցազրույցը վարեց Քրիստինե Խանումյանը: