Հարցազրույց 7օր.am բլոգին

Արփի Բեգլարյան (Ա.Բ.)ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե հաշվի առնելով արտաքին ոլորտում և հատկապես միջազգային կազմակերպություններում ՀՀ իշխանությունների ոչ համարժեք քայլերը՝ ՀԱԿ-ը բանաձև է նախագծել, որը ՀՀ ԱԳՆ-ն կարող է ներկայացնել միջազգային ատյաններում (www.7or.am/hy/news/2010-09-14/17573/)։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ այս առաջարկը և որքանո՞վ եք հավանական համարում, որ իշխանությունները կսեղմեն Կոնգրեսի «մեկնած ձեռքը»։

Ա.Պ. – Ես ձեռնպահ կմնամ ՀԱԿ-ի ներկայացրած բանաձևի բուն նախագծի քննարկումից, թեկուզև այն պատճառով, որ դրա մանրամասներին ծանոթ չեմ: Սակայն ներկայացման ձևը և հիմնավորումները («Տեսնելով արտաքին գերատեսչության անգործությունը, իշխանությունների անգրագիտությունն ու ոչ կոմպետենտությունը՝ ՀԱԿ-ը ստիպված այդ ֆունկցիաները վերցնում է իր վրա»), ակնհայտորեն իշխանություններին այդ նախագիծն ընդունելու որևէ հնարավորություն չեն թողնում: Ավելին, եթե իշխանությունները թերևս մտածում էին հակաբանաձևերի մասին, ապա ՀԱԿ-ի նման քայլից հետո նրանց գործունեության դաշտը խիստ նեղանում է, քանի որ իշխանությունները երբեք չեն ուզի, որ իրենց որևէ քայլ մեկնաբանվի որպես թելադրանքի արդյունք:


Ա.Բ.Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը միջազգային ամբիոններում։

Ա.Պ. – Այնպես, ինչպես որևէ այլ ոլորտում՝ կրթության, առողջապահության, բնապահպանության, բանակաշինության, սոցիալական արդարության և այլն: Ինչո՞ւ եք կարծում, որ արտաքին քաղաքականությունը կարելի է մեկուսացնել հասարակական այլ ոլորտներից: Քանի դեռ քաղաքական որոշումները անձնավորված են լինելու, այսինքն՝ բխելու են մեկ անձից և ծառայելու են մի խումբ մարդկանց անձնական շահերին, միջազգային ամբիոններում մենք հաջողություններ չենք ունենալու: Ես ինքս բազմաթիվ անգամներ հանդես եմ եկել միջազգային ատյաններում, մասնավորապես Արդարության միջազգային դատարանում (International Court of Justice), որի վճիռները, ի տարբերություն ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևերի, կատարման համար պարտադիր են, հարցերը բարձրացնելու օգտին: Մանսավորապես ՄԱԿ-ի որևէ կառույցի միջոցով մենք կարող ենք հանդես գալ հարցումով՝ արդյոք Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը երբևէ ամրագրված եղե՞լ է և է՞ ԼՂՀ տարածքի վրա:


Ա.Բ.Վտանգներ տեսնո՞ւմ եք այդ ոլորտում և հատկապես ներկայացված բանաձևերում։

Ա.Պ. – Ինքնին ՄԱԿ-ի վեհաժողովի մեկ բանաձևը վտանգավոր չէ: Սակայն այդ և նման բանաձևերը արագ բազմանալու հատկություն ունեն և դրանով իսկ հասարակական վերաբերմունքի հենք ու քաղաքական մոտեցումների հիմք են ստեղծում: Ցանկացած նման բանաձև պետք է հնարավորինս կանխվի կամ հակակշռվի այլ բանաձևով:


Ա.Բ.ԵԱՀԿ համանախագահների վերջին այցն ինչպե՞ս եք գնահատում։

Ա.Պ. – ԵԱՀԿ համանախագահներն իրենց հացն են վաստակում: Իրենք ունեն որոշակի լիազորություններ և պարտականություններ, դրա համար ստանում են համապատասխան աշխատավարձ, հետևաբար պիտի աշխատեն: Աշխատանքի ամենաերևացող կողմը այցերն են, հետևաբար դրանք պարբերաբար կրկնվում են: Սակայն պետք է ուշադրություն դարձնել առնվազն մի հանգամանքի՝ համանախագահները հարց լուծող չեն, նրանք նման լիազորություններ չունեն, նրանք ընդամենը միջնորդներ են, այսինքն՝ խոսք տանող-բերող են: Որպես միջազգային կառույցի ներկայացուցիչներ՝ նրանք պարտավոր են, կրկնում եմ, պարտավոր են առաջնորդվել միջազգային օրենքով: Այսինքն, պիտի հասնեն միջազգային օրենքով Արևելյան Կովկասի հայությանը վերապահված իրավունքի՝ ինքնորոշման կենսագործմանը: Ցավոք, նրանք ավելի շատ առաջնորդվում են քաղաքական շահերով ու նավթի հոտով և հաճախ են անում իրենց լիազորությունները գերազանցող ու միջազգային իրավունքին հակասող հայտարարություններ:


Ա.Բ.Մինչև տարեվերջ արցախյան հարցում նոր զարգացումներ ակնկալո՞ւմ եք, թե՝ ոչ։

Ա.Պ. – Ո՛չ, չեմ ակնկալում: Ադրբեջանը չի գնա մեծ պատերազմի մի շարք պատճառերով: Նախկին պատճառներին ներկայումս կարելի է ավելացնել Ադրբեջանի ներսում զանազան էթնիկ խմբերի աշխուժացումը: Լեզգինները, թալիշները, թաթերը և այլք լավ են հասկանում, որ նոր պատերազմի դեպքում ղարաբաղյան ճակատում իրենք շատ ավելի զոհ կտան, քան ադրբեջանական լծից ազատվելու համար մղվելիք ազգային-ազատագրական պայքարի ժամանակ: Ադրբեջանն ի վիճակի չի լինի 2 ճակատով պատերազմ մղելու: Հայաստանի իշխանություններն էլ չեն գնա տարածքների զիջման, քանի որ դրա հասարակական աջակցությունը և իրականացման լծակները չունեն: Նման քայլի փորձն անգամ կբերի առնավազն իշխանության կորստի: Ընկնող իշխանությունը վերցնելու համար այսօր մի մեծ հերթ է գոյացել, հետևաբար իշխանություններն ամեն ինչ կանեն խուսափելու համար կտրուկ շարժումներից:



14 սեպտեմբերի, 2010թ.