Հենրիկոս Թովմաս Բոքլի հիշատակին

ՀԵՆՐԻԿՈՍ ԹՈՎՄԱՍ ԲՈՔԼԻ
ՀԻՇԱՏԱԿԻՆ

Եղան մարդիկ, որ մեկնեցին
Մեզ բնության շատ գաղտնիք.
Եղան խելքեր, որ չափեցին
Արև, աստղեր ու երկինք.
5 Եղան, որ խոր իջան երկրի
Արգանդի մեջ մուրճերով
Եվ քննեցին մոլորակի
Կեղևը յուր տարերքով:

Շատերն իջան, օվկիանի
10 Խոր հատակը շփեցին,
Մանրացուցով տեսանելի
Մեզ նոր աշխարհներ բացին.
Չտեսնվող, չբռնվող
Զորություններ զսպեցին,
15 Լուսից ավել արագ վազող
Ուժեր ստրկացուցին:

Նույնիսկ լուսին հարկագրերին
Մեզ պատկերներ նկարել
Եվ շոգեվար նավ ու կառքին
20 Նետի, ռումբի պես վազել.
Ջնջվեցավ տարածություն,
Միթե մնա՞ց ժամանակ,
Մի վայրկենում ե՞րբ խոսեցին
Լոնդոն, Նոր-Յորք, Պուլ-Պինանդ։

25 Բայց պատմության օրենքնե՞րը.
Բարոյական մարդկության

Ո՞վ շոշափեց բազկերակը,
Գրեց ֆիզիոլոգիան.
Լո՜ւռ... ահա մեծ անգլիացին,
30 Բարոյական Հերքուլես,
Ո՜ղջ մարդկության խտտած հոգին
Իջնում է մեծ ասպարեզ...

Բնությունից, անցած կյանքից
Հանում է ճիշտ օրենքներ
35 Եվ փրկում է դիպվածներից
Մարդկության կյանքի գործեր։

«Չկա մի գործ պատահական,
Մարդու հոգին ունի կապ.
Նույն Ալեքսանդր Մակեդոնյան
40 Որպես ծնվում է մի կաթ.
Ընդհանուրի չափից է կախ
Ողջ աշխարհի գործերը.
Մի մարդ ազնիվ և կամ խարդախ
Կշռի չէ շեղում թաթը»։

45 Նա կապում է պատմությունը
Բնության հետ պինդ կապով,
Ցանցառ միստիկի բաժնածը՝
Մարմին, ոգի, մի օղով։
«Ոգին մարմնին է համեմատ,
50 Արդյունք բնության է մարմին»։
Բնության դարձավ ոգին հնազանդ,
Հողս միստիկի գլխին։

Եվ այդ օրից պատմությունը
Դառնում է ճիշտ գիտություն.
55 Ո՞վ է դորա հեղինակը —
Բո՜քլ, անմահ անգլիացին։

Հանգչի՜ր, հսկա, Դամասկոսի
Հողում, պայծառ երկնի տակ,
Անմահ շիրմիդ անապատի

60 Որդին կանգնած է պահնակ։
Նորա վերարկուն սպիտակ
Գուցե երբեք չքանա,
Բայց հրաշալի ճակտիդ պսակ՝
Միշտ վարդավառ պիտ’ մնա: