Հետևողական նենգության քաղաքականությունը

Երբ Թուրքիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ նախագահը, վարչապետը և արտգործնախարարը, ամեն քաղաքական խաչմերուկում հայ-թուրքական արձանագրությունները (որոնց չարաբաստիկ լինելն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում) պայմանավորում էին «Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացով», մեր իշխանությունները կամ լուռ էին կամ ասում էին, որ այդ հայտարարությունները «ներքին լսարանի համար են»: Իհարկե, նման պնդումը նախատեսված է մանկամիտների համար, քանի որ միջազգային իրավունքը (մասնավորապես Պայմանագրերի օրենքի մասին Վիեննայի կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2(a) կետը) հստակորեն ամրագրել է ցանկացած երկրի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի անվերապահ իրավունքները արտաքին քաղաքականության բնագավառում: Այսինքն, արտաքին քաղաքականության բնագավառում նրանց լիազորություններն այնքան լայն են, որ առանց լրացուցիչ լիազորությունների իրավասու են երկրի անունից պայմանագրեր ստորագրելու, ուր մնաց, հայտարարություններ անելու: Կարճ ասած, այս երեք պաշտոնյաների հայտարարությունները երբեք չեն կարող դիտարկվել «միայն ներքին օգտագործման համար»:

Հիմա տեսնենք՝ ի՞նչ ունենք այսօր: ՀՀ Սահմանադրական դատարանը, համաձայն մեր երկրի սահմանադրության պահանջի, որոշում է ընդունել մեր երկրի ԱԳ նախարարի ստորագրած երկու արձանագրության վերաբերյալ: Տվյալ դեպքում իրավացիորեն կարող ենք ասել «ներքին օգտագործման համար», քանի որ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումն առանց վավերաթղթերի (instruments of ratification) մեջ ներառվելու, չունի որևէ կիրառություն և նշանակություն միջազգային հարաբերությունների մեջ: Ուրիշ հարց, որ ՀՀ նախագահը պարտավոր է ՍԴ-ի որոշման իրավական դիրքորոշումը հաշվի առնել և նրա ներկայացուցիչն էլ պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն արդեն վերապահումներով ներկայացնել ԱԺ-ի վավերացմանը: Դա չանելը նշանակում է չկատարել դատարանի որոշումը: Այն դատարանի, որի որոշումը պարտադիր է և’ ՀՀ նախագահի, և’ ՀՀ ԱԳՆ համար: Այսուհանդերձ, ՍԴ-ի ինքնին որոշումը բնավ կապ չունի որևէ օտար երկրի հետ: Դա մեր իրավունքն է և մեր սահմանադրության պահանջը: Դա մեր ներքին գործն է:

Թուրքական դիվանագիտությունն ունի մի շարք բնութագրիչներ: Կան բաներ, որոնք արժանի են ընդօրինակաման: Օրինակ, համարժեք միջոցների տրամադրումն ըստ արտաքին գերատեսչության առջև ծառացած խնդիրների: Թուրքիայի Հանրապետությունն անգամ իր ստեղծման առաջին ծանրագույն տարիներին խորթ զավակի տեղ չի դրել արտգործնախարարությանը: Սակայն թուրքական դիվանագիտության ամենից ակնառու գիծը հետևողական նենգությունն է: Միշտ պետք է հիշել, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտության ավանդույթները, դեռևս նրա ճանաչումից առաջ, հիմնվել են պատանդառության և այդ պատանդներին փոխանակելու միջոցով պատերազմի հանցագործներին ազատելու վրա: 1919թ. քեմալականները, ոտնահարելով Մուդրոսի զինադադարով (30.10.1918թ.) իրենց երկրի ստանձնած պարտավորությունները, նենգաբար պատանդ վերցրեցին բրիտանական դիտորդական առաքելությունների ավելի քան վեցը տասնյակ անդամների (այդ թվում նրանց կանանց և երեխաներին, ինչպես նաև Էրզրում բանագնացության մեկնած գնդապետ սըր Ալֆրեդ Ռաուլինսոնին /Sir Alfred Rawlinson/), ապա փոխանակեցին Մալթայում պահվող պատերազմի ավելի քան 150 հանցագործների հետ: Ուսանելի է բանակցությունների և հատկապես դրանց գործադրման ընթացքը: Թեև 1921թ. մարտի 16-ին բրիտանացիներն ու քեմալականները համաձայնագիր էին ստորագրել թուրքերի կողմից բրիտանացիներին «անմիջապես» (immediately) ազատ արձակելու վերաբերյալ,[1] սակայն վերջին բրիտանացին ազատվեց գրեթե 6 ամիս հետո միայն՝ 1921թ. հոկտեմբերի 31-ին: Միաժամանակ, չնայած նախնական պայմանավորվածությանը՝ 64 բրիտանացու դիմաց ազատ արձակել նույնքան թուրքի, վերջում այնպես ստացվեց, որ բրիտանացիները բաց թողեցին բոլորին, դեռ մի բան էլ պարտք մնացին: Իսկ ինչպե՞ս դա եղավ. շատ պարզ: Բրիտանացիներն, ըստ պայմանավորվածության, բաց էին թողնում համապատասխան խմբին, բայց թուրքերը հետևողական նենգությամբ ոչ միայն իրենց խոստումը չէին կատարում, այլև առաջադրում էին նորանոր պահանջներ: Ծանոթ ձեռագիր է, չէ՞: Այսօր դրանց կանվանեինք նախապայմաններ: Հիշո՞ւմ եք թուրքերի հայտարարությունը՝ «ստորագրելու պահին նախապայմաններ չկային, սակայն այժմ Հայաստանը պիտի առաջընթաց գրանցի Լեռնային Ղարաբաղի հարցում, որպեսզի մեր խորհրդարանն արձանագրությունները վավերացնի»: Սա հետևողական նենգության քաղաքականությունն է գործի մեջ: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Հավատ ընծայել Թուրքիայի որևէ խոսքի՝ լինի բանավոր կամ գրավոր, նշանակում է ամեն անգամ կանգնել նույն փոցխի վրա:

Այսօրվա Թուրքիան իրականացնում է նույն պատանդառության քաղաքականությունը: Պարզապես այսօր մի խումբ մարդկանց փոխարեն Թուրքիան պատանդի վիճակի մեջ է պահում, մի ողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ: Դրանով հանդերձ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում մեզ դաս տալու:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ուղղակի և լկտի միջամտություն է ՀՀ ներքին գործերին: Քանի դեռ այդ դիրքորոշումը սահմանադրական իրավունքի ոլորտից չի անցել միջազգային իրավունքի ոլորտ, այն միմիայն մեր ներքին գործն է: Արդյո՞ք մեր ԱԳՆ-ն երբևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել է Թուրքիայի քրեական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ, առանց որի հնարավոր չի լինելու կյանքի կոչել արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները: Փոխադարձության և իրավահավասարության սկզբունքները միջազգային հարաբերությունների հիմնասյուներից են:

Եթե ՀՀ բարձրագույն իշխանությունները համարժեք պատասխան չտան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, կշանակի՝ մենք ընդունում ենք Թուրքիայի մեզ գաղութի տեղ դնելու քաղաքականությունը: Եթե մենք այսօր Թուրքիային իր տեղը չդնենք, վաղն ավելի ենք զղջալու, քանի որ Թուրքիան ակնհայտորեն չի հրաժարվել հետևողական նենգության քաղաքականությունից:


Ծանոթագրություն

խմբագրել
  1. British Foreign Office Dossiers on Turkish War Criminals (ed. V. Yeghiayan), Le Verne, 1991, 470.


19 հունվարի, 2010թ.