Հին պարտիզում
ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈՒՄ
Այսօր նորից պարտիզում
Շրջում էի և հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում...
Դու քո հեռու հեռավոր
Անհայտ երկրռւմ արդյոք ինձ
Մտաբերո՞ւմ ես այսօր
Այն ոսկեղեն աշխարհից։ —
Հիշո՞ւմ ես դու ակացիան
Եվ պարտեզը իրիկվա
Հանգիպումը մայիսյան
Պատանու և աղջկա։
Եվ սենյակը ամփոփիկ
Եվ տնակը հեռավոր,
Գաղտնիքները մեր փոքրիկ,
Սակայն քա՜ղցր, սակայն խո՜ր
Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերը, երբ ես ու դու
Նստում էինք անկրակ.—
Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ։
Եվ խավարում, խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,—
Հուզմունքն արբած սրտերի...
Եվ պարտիզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ.–
Ցնորակա՜ն իմ հուշեր...
1908