(Ծովի առաջ)
Կա՛ր ժամանակ — սերըս ծով էր,
Սիրտըս — խաղուն մի նավակ.
Սիրո ծովում նա լողում էր,
Հառաջ սահում համարձակ։
Հեռո՜ւ չէր ափն, աղջի՛կ չըքնաղ,
Չէի՛ն հուզվում ալիքներ.
Ծովն էր հստակ, ծովն էր խաղաղ,
Հեռվում փարոս — քո պատկեր…
Բայց, ա՜խ, հոգյա՛կ, դեռ չըհասած
Ես դալար ափ — խաղա՜ղ վայր,
Մարդկանց կիրքը, մարդկանց նախանձ
Ծով նետեցին քար ու ժայռ…
Պղտորվեցավ ծովը սիրույս,
Փշրվե՜ց իմ սիրտ — իմ նավակ.
Հանգա՜վ փարոս — չըկա՜ս դու, կո՛ւյս…
Դարձյա՛լ ես ո՜րբ, ես մենա՜կ…