Հիրավի Աղայանը մեռավ

Երբ գրական մարդը մեռնում է, սովորաբար ասում են՝ նա չի մեռել, նա ապրում է իր ստեղծագործությունների մեջ։

Այո՛, ճշմարիտ է։

Գրական-գեղարվետական ստեղծագործությունը կենդանի գործ է, և իբրև կենդանի գործ անմահ է։ Նրա հետ և նրա մեջ անմահ է և ինքը — ստեղծագործողը։

Բայց դժրախտաբար մեծ մասամբ էսպես չի լինում գրական աշխարհում։ Գրողների մեծագույնի մասը, գրեթե միշտ իրանցից անկախ պատճառներով, չեն կարողանում իրանց դրսևորել կենդանի շնչով, գեղեցիկ պատկերներով ու գեղարվեստական ձևերով օժտված գործերի մեջ, որ նրանց հետ էլ մնան ու ապրեն անմահ։

Ղ. Աղայանի կյանքն էլ էսպես անցկացավ։ Չկարողացավ։ Ժամանակ ու հնար չունեցավ էն գրական գործերը տալու, ինչ կարող էր տալ, որ եկող սերունդներն էլ ասեին.

— Ահա՛, իր մնայուն գործերի մեջ կենդանի Ղ. Աղայանն իր վիթխարի բարոյական հասակով։ Ամբողջական ու առողջ, զվարթ ու պարզ։

Գրեթե մինչև իր ծերությունը՝ էնպես անցկացավ նրա կյանքը, որ միշտ մնաց ոտի վրա։ Միշտ մնաց մի տեսակ գրականության սիրողի վիճակում և գրեց «ի միջի այլոց», ինչպես մեր գրողներից շատերը։

Էդ պատճառով էլ ինչ որ նրա գրվածքների մեջ կա ու մնում է— դա Ղ. Աղայանի մեծության ու շնորհքի մի չնչին մասն է։

Ղ. Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։

Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքա՜ն բան ուներ նա ու ինչքա՜ն բան տարավ իր հետ։

Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը—ահագին։

Էդ է պատճառը, որ ասում եմ —նա մեռավ։

Ով չի տեսել նրան—էլ ճանաչել չի կարող, պատմելով էլ չի կարելի ծանոթացնել։

Այո, պատմելով չի կարելի ծանոթացնել գոնե էն տեսակ մարդկանց հետ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սիրտ ու հոգի։

Էնպես, ինչպես վաղուց երգված ու լռած մի երգ, որ պատմելով չի կարելի վերականգնել։ Էնպես, ինչպես վաղուց ցնդած մի բուրմունք, որ նկարագրելով չի կարելի նորից հավաքել ու տալ։

1921