Հմայք

Աշոտ Գաբրիելյան

Առաջին անգամ կենդանի օձին ուղիղ ու շտկված տեսավ ու նետի նման սլացքում: Ցավ չզգաց սկզբում, որի համար էլ վախը հենց անակնկալը թվաց: Անակնկալի չեկավ: Հետո զգաց, որ ձախ ոտը կծկվում է այրող ցավով և ուղեղում սկսում են օձեր վխտալ: Տեսավ հեռացող օձագին ու ուղեղի օձերը պարուրվեցին ծխով:

***

Հորթերն արածում էին: Ինքն այդ ամենը գիտեր. բաշով հորթուկը հողից վրեժ լուծելով յոթերորդ անգամ դունչը նույն տեղերին էր գցում ու քամում ձարխոտի վերջին ճիգը, որն արդեն որերորդ անգամ ուժը արմատներին էր տվել` խուսափելով հորթի լորձոտ բերանից: Գիրքը մինչև չավարտի, չի նայի հորթերին, կողքերը նայելու ժամանակ չկա: Վախը չի թողնում: Օձը եթե տեսնի, որ ինքը գիրք է կարդում, իրեն չի խանգարի: Համոզել էր ինքն իրեն: Գիտեր, որ ծիրանի այգում հարյուրավոր օձեր են վխտում, երբեմն մտովի ամայացնում էր հողատարածքը և համոզվում, որ մերկ հողի վրա բազում են օձերը: Մի անգամ շոկոլադի նման շագանակագույն ահռելի օձ էր տեսել նոր վարած հողի վրա: Երկար ժամանակ ցանկացել էր տեսածը պատմել, բայց վախը լեզուն բռնել էր: Հետո երբ նորից սկսեց խոսել, ամենը երազ թվաց: Բայց շոկոլադի միջից բալի դոնդող հիշեցնող բաց երախը կենդանուն հոգի էր տվել ու պահել ուղեղի դոնդողում: Բալե հանդիմանությունը:

Վերջին էջերից ոչինչ չհասկացավ:

Կքանստած տեղից վեր կացավ. սարսափում էր քարերին նստելուց, որովհետև պապն ասել էր, որ օձերը քարերի տակ են հավաքվում: Խեղճ անասուններն անընդհատ նույն ցողուններն էին միլիմետր-միլիմետր կարճացնում` իրենց հատկացված փոքրիկ արոտավայրը վերածելով հավասար կարճ խավերով կանաչ գորգի, որովհետև տղան նրանց չէր թողնում բարձր ու հյութեղ խոտերը գնալ, քանի որ հայրն ասել էր, որ օձերը կեսօրին բարձր խոտերի մեջ են լինում ու, բացի այդ, բարձր խոտերի մեջ օձերը տեսանելի չէին: Տղան երբեմն անապատ էր երազում, ուր ամեն մի միջատի շարժը նկատելի կլիներ: Տղան վախենում էր դարանից: Ամեն քար, թուփ, ծառ… ամեն ինչ, ինչ գետնից մի փոքր բարձր էր, նրան դարան էր թվում: Հորթերը տղայի հանգստության համար անապատ էին դարձնում իրենց սակավ արոտավայրը:

Հորթերից ամենաչարաճճին կամաց-կամաց կարճացնում էր տարածությունը և քիչ էր մնում, որ դուրս գա անապատից: Տղային դա դուր չեկավ: Նա ճիպոտը ձեռքին մոտեցավ հորթուկին, Երկու Քարերի արանքով անցնելուց աչքի պոչով նկատեց դարչնագույն ոլոր զանգված` նման ոլորապտույտ իջած կղկղանքի: Սակայն աչքի ծայրով էլ զգաց այդ գոյության ողորկությունը և քարացած կանգնեց Երկու Քարերի արանքում: Օձը քնած էր երևի: Մեծ խիզախություն էր օձի կողմը նայելը: Չնայեց ու չիմացավ, թե ուր գնաց օձը և թե որքան ժամանակ մնաց այդտեղ: Նրան նկատեց, բայց չտեսավ: Տղան ամբողջ օրը էլ գրքին չնայեց ու ոչ մի քայլ դուրս չեկավ խավոտ անապատից:

Երկար նայեց դաշտի ճանապարհին: Այդ օրը պապը այգի չեկավ: Պապը դեռ կենդանի օձ չէր տեսել, թեպետ մեծ այգու ամեն մի սանտիմետրը անգիր գիտեր:

Հորթերին մայրամուտից բավականին շուտ տուն տարավ: Հայրը կատակախառն հեգնանքով հանդիմանեց:

Պապը զարմաքով լսեց և գնաց կնոջը թոռան տեսած օձի մասին պատմելու:

Տղան ձմեռ երազեց:

Հաջորդ օրը օձի տեղում կղկղանք հայտնաբերեց:

***

Ծիրանանոցում ոչ ոք չկար: Օգնություն կանչելն իզուր էր: Թվում էր ձայն էլ չէր կարող հանել: Բերանը չորացել էր, չգիտես վախից, թե թույնն էր արագ ներգործում ու ջրազրկում նրան: Մի կերպ անդրավարտիքն իջեցրեց ու նայեց խայթածին, համոզվելու, թե արդյոք խայթոցը թունավոր է: Թունավոր ատամների հետքերը նկատելով՝ ավելի սարսափեց, և ուղեղում մշուշը փոքր-ինչ էլ թանձրացավ:

***

Մի արևախանձ օր հայրը յոթ օձ սատկացրեց: Ամեն մեկին սպանելիս հայրը մի տեսակ հրճվում էր: Մայրը վախենում էր, բայց ավելի շատ ամուսնու վստահությունից, և մորը թվում էր, թե ինքը գաղտազերծվում ու նայիվ էր դառնում:

***

Վերջին հայացք գցեց հեռացող օձի ետևից: Ինչ-որ կանացի, դեռ չվայելված հմայք էր օձն իր հետ տանում: Խածածը սեղմած տղան փորձեց գնալ հմայքի ետևից, բայց մշուշն ավելի թանձրացավ ուղեղում: Մշուշի մեջ անձկություն կար, անհանգրվան մղում դեպի սեխահոտ օձը: Զգաց, որ մայրն առավելություն է ստանում հոր հանդեպ, որ տատը սաստում է պապին: Վերջին հայացք գցեց վեհորեն ու անվրդով սողացող օձին և հասկացավ մոր անտարբերությունն ու տատի նախանձը: Գլուխը հենեց ծառաբնին: Պիտի փակեր աչքերը, որ զգար ցավի հաճույքն ուղեղի թթվածնասակավ խոռոչներում: Հայր Ադամը զառանցանք թվաց նրան: Տղան չէր ուզում հոր վրեժը:

Նա վերջին պահին հնազանդ էր օձին: