Հնչեցրե՜ք զանգերը, սա մեր վերջին Սարդարապատն է

Մեզ ժամեր են բաժանում Հայոց ցեղասպանություն կոչված մեծագույն ողբերգության նախավերջին արարի ավարտից: Այսօր ևս մի քայլ են անելու՝ Հայոց ցեղասպանության հետևանքներն օրինականացնելու մոտ մեկդարյա ճանապարհին:

Այսօր Թուրքիան, պատժի փոխարեն՝ որպես պարգևավճար ստանալու է հազարամյա մեր Հայրենիքը, միջազգային իրավունքի անբեկանելի վճռով առ այսօր մեզ պատկանող, սակայն մեզնից խլված Հայրենիքը:

Այսօր խրախուսելու են ջարդարարին, այսօր մեր Հայրենիքը որպես ընծա են փաթեթավորելու: Փաթեթավորելու են մերոնց իսկ ձեռքերով, մեղա, տե՛ր Աստված, մեզանից շատերի մասնակցությամբ, մեզանից շատերի լուռ ու անտարբեր հայացքների ներքո:

Այն, ինչ այսօր պիտի տեղի ունենա Ցյուրիխում, նշանակում է ցեղասպանության խրախուսում, ուղղակի հրահանգ ուժեղներին՝ կոտորելու և զավթելու:

Հիշո՞ւմ եք ռուս դեսպանի խոսքերը Աբդուլ Համիդին.

– Կոտորեցե՛ք, Ձերդ գերազանցություն, կոտորեցե՛ք:

Մեր արյունը ջուր դարձավ: Տեսնես ստորագրելու պահին թանաքն արյուն կդառնա՞:

Սակայն սա դեռ վերջը չէ: Եթե ոմանց համար սա ներկայացում է, այն էլ՝ տրագիկոմեդիա, գուցեև ֆարս, մեզ համար լինելիության և արժանապատիվ գոյության հարց է:

Դեռ մի արար ևս կա, վերջին ու վճռորոշ արարը, մեր վերջին ճակատամարտը: Մենք այդպիսին ենք: Մենք միշտ հաղթում ենք վերջում: Մենք զիջում ենք անառիկ ամրոցները, սակայն վերջին պահին թշնամուն ջախջախում ենք բաց դաշտում: Այդպես եղավ Սարդարապատում: Այդպես է լինելու նաև հիմա:

Ազգային ժողովի դահլիճը մեր նոր Սարդարապատն է: Մենք նահանջելու տեղ չունենք: Մենք պարտվելու իրավունք չունենք:

Հնչեցրե՛ք զանգերը: Սա մեր վերջին Սարդարապատն է, հաղթանակի վերջին հույսը:


ժ. 1430, 10 հոկտեմբերի, 2009թ.