Հոգեմաշ թախիծ․․․

Հակոբ Հակոբյան

Հոգեմա՛շ թախիծ, սպանի՛չ մտքեր,
Է՛լ թողեք հանգիստ զգայուն հոգիս․
Կյանքումս գոնե մի անգամ երգել,
Ուրախ նվագել հաջողվի երգչիս։

Միշտ խոր հառաչանք, բողոքող ցավեր
Մինչ ե՞րբ կրծքիս տակ բույն դրած մնան․
Թրթըռան սրտիս մղկտան լարեր
Ձեր հարվածներին մինչ ե՞րբ դիմանան։

Հոգեմա՛շ թախիծ, սպանի՛չ վերքեր,
Է՛լ թողեք հանգիստ զգայուն հոգիս,
Կյանքումս գոնե մի անգամ երգել,
Ուրախ նվագել հաջողվի երգչիս։

Մի ժամ, մի վայրկյան գեթ հանգստանամ,
Ընկղմեմ անհուն մոռացության մեջ,
Որ հետո նորից երգել կարենամ
Ե՛վ սերը կյանքի, և՛ հավատն անշեջ։

1897