Հովիտ տրտմության


О родина моя! я вижу стены, вижу

Колонны, арки, башни и дворцы,
Что были наших предков достоянием,
Но славы их, но лавров их не вижу,
Но горе, горе, изранена она!

(«Стих<отворения> иностраиных поэтов»)[1]

 

I


Հովի՛տ տրտմության, անհա՛յր հայրենիք,
Հին աշխարհների արգո ալևոր,
Կապանքների մեջ, վա՜յ քո վիճակիդ,
Խեղդվել է կյանքըդ քնով դարևոր։
5 Միթե, ինձ ասա, նորա՞ համար էր
Քո արյունահեղ նահատակություն,
Քո Ընտրյալների զոհա՛ծ դիակներ,
Որ գոռոզանա այժմ բռնություն.
Նորա՞ համար էր, որ Ավարայրը
10 Ընդունեց յուր ծոց քաջ-քաջ վկաներ,
Որ ճնշե Հային գերության բեռը,
Որ դժո՜խք փոխվին նորա պարզ օրերը

II


Այսպես տրտմությանս միակ առարկա,
Աշխարհ Վարդանա, աշխարհ Սահակա.
15 Բարբարոսների անհագ Բեռներից
Զրկվեցա՜ր վերջին ազատութենից.
Անմեղ դառներիդ դադարեց արյուն,
Որով ներկվեցան դաշտերն ամայի,
Եվ անհետացավ նետերի շաչյուն,
20 Որպես և ուժը բռնավորների։
Մի դամբանական խորին լռություն
Սփռել է վերադ մահի վարագույր,
Միայն երբեմըն ագռավ սևաթույր,
Հերձելով անբնակ քո տարածություն,
25 Խնդրում է յուրյան այդտեղ կերակո՛ւր։

III


Այսպես ոսկրներ, ազգությամբ կնքած,
Դարևոր փոշու թումբերով ծածկած,
Մարտիրոսներիդ պայծառ մահարձան,
Եվ հերոսներիդ պանծալի դամբան,
30 Եվ վերջին շունչը հարազատ կյանքի՝
Բոլո՜րը կորավ առանց մի հետքի։
Կորա՜վ արդարև։ Այսպես Հայաստան
Վաճառեցին քեզ որդիք չարության.
Որպես անպատիվ մի կալանավոր,
35 Խաղալիք դարձար ազգերի ձեռին,
Որպես խավար բանտ սևացավ քո օր.–
Ամո՜թ առնողին, ամո՜թ տվողին...

IV


Այժմ կարող ես, որպես դագաղում,
Հանգիստ որոնել անընդմիջելի.
40 Քո նավը ջարդվեց, և ալիք ծովի
Իսկույն լռեցան, այլ չե՛ն կատաղում:
Ահա՛ նենգավոր նախանձի ոգին,
Մի դժոխային ծիծաղ երեսին,
Նայում է վերադ, և փլատակներ
45 Տխուր պատկերով հառաջ են գալի.
Հրո՛վ ու սրո՛վ ածել է ավեր,
Եվ ոչինչ չկա, որ նորից շարժվի,
Եվ Հայի կյանքի մեծամեծ շինված,
Որպես անապա՛տ անշքեղացած։

V


50 Սևարյուն հետքով ամենայն մի քար
Նշանակված է. տատասկով, փշով
Ծածկած պալատներ, ապարանք, տաճար...
Անգամ շները կատաղի հաչով
Չեն խանգարելու նինջ քո ծանրագին.
55 Մնա՞ց քո մեջ գեշ, որ լափլիզեին։
Ո՜հ, թե ձեր սիրտը խիստ տաղտկացած է
Մեծ աշխարհային գործավոր կյանքից,
Եկե՛ք Հայաստան, նա ձեզ կսփոփե,
Թեպետև ձեր մեջ մի ծանրը թախիծ
60 Պիտո է եռա, թեև, ո՛վ օտար,
Պիտ գոչես. «Ո՛վ ազգ, դու ինչպե՞ս ընկար»։

VI


Դու տեսանո՞ւմ ես քո տխուր վիճակ,
Դառն արտասուքի արժանի զավակ.
Դառն արտասո՛ւքի... չարագույժ
65 Անգղ գիշատիչ քո ջուխտակ աչեր
Սրածայր ճանկով շուտով կփորեն
Եվ տարածելով հաղթական թևեր՝
Հիշատակիդ հետքն անգամ կտանեն։
Եթե քո այգին դալար չծաղկե,
70 Թե չկանաչի ծառը գիտության,
Ավե՛ր օրհասի քեզ պիտի ճնշե.
Այսպես է անբախտ Հայիդ ապագան,
Անհա՛յր, անտերունչ և թափառակա՛ն

1864 թվին
օգոստոսի 10
Բոգորոդսկ

  1. Օ, հայրենիք իմ, ես տեսնում եմ պարիսպներ, տեսնում եմ
    Սյուներ, կամարներ, աշտարակներ ու պալատներ,
    Որոնք մեր նախնիների սեփականությունն են եղեք,
    Բայց փառքը նրանց, բայց դափնիները նրանց չեմ տեսնում,
    Եվ ցավո՛ք, ցավոք վերքերով ծածկվա՛ծ է նա։
    («Օտարերկրյա պոետների բանաստեղծություններ»)