Հովհաննես Թումանյանի նամակը Նվարդ Թումանյանին

Հովհաննես Թումանյանի նամակը Նվարդ Թումանյանին

Նվարդ Թումանյանին

Պետերբուրգ-Թիֆլիս

1912թ․ մարտ

Նունիկ ջան․

Գալիս ենք։ Բայց երևի դուք հետաքրքրվում եք թե ինչեր են պատահում մեզ հետ։ Մի երկու բան ասեմ։ Մի քանի մասնավոր տեղեր գնացել ենք հրավերքների - թե հայերի մոտ, թե ռուսների։ Շատ լավ մարդիկ են։ Ծանոթացա ռուս նկարիչների և մի երկու բանաստեղծների հետ։ Նկարեցին Աշխենին ու ինձ։ Ութ նկարիչ նստած մկարում էին Աշխենին։ Երկուսինը հաջող դուրս եկավ․ մինը մեզ են նվիրելու։ Հրավիրեցին այստեղի գաղութի մանկական ցերեկույթին: ՄԻ երեխա առաջ եկավ իրեն նման պստլիկ մի ճառ ասավ ինձ ու ծաղիկներ տվեց, իհարկե եսել համբույրներով ընդունեցի։

Ներկայացրին «Շունն ու կատուն»․ հետո շարքով մի խումբ երեխաներ եկան ինձ-համբուրվեցինք ծափերի տակ։ Հրավիրեցին այստեցի գաղութի կրուժոկը-ընթրքիով պատվեցին։ Բայց ամենից լավն էն էր, որ երեկ գիշեր հայոց պատմության ֆոնդի ժողովն ունեցանք-ընտրվեց հանձնաժողով ու գործն, ինձ թվում է, արդեն ունեցավ սկիզբը և կերթա։

Ժողովից հետո ընթրիք ունեցանք․ առ․ ժ․ 4-ին ենք տուն վերադարձել։ Աշխենն ու Գիգան քնած են, իսկ իմ գլուխը ցավում է։

Մուշեղն եկավ, քնածները վեր կացան, թեյ խմեցինք, նախաճաշեցինք, և մտածում ենք էսօր, կիրակի, ամսի 8-ին կամ վաղը երկուշաբթի դուրս գանք Մոսկվա։ Եթե ուզեք Մոսկվա հեռագրել-Ծատուրյանին գրել, կհասցնի։

Նամակի շարունակությունը մնաց-գլուխս ցավում է։ Բարևներ բոլոր մոտիկներին ու ծանոթներին։

Համբյուրներ քեզ և ամենիդ։

Հայրիկդ