Հովնաթան որդի Երեմիայի

Ա

Դարերից ի վեր, անժամանակ թվականներից՝ քաղաքը լեռան կատարին էր։

Եվ քաղաքը կառուցված էր սպիտակ քարից, որովհետև լեռն ամբողջ սպիտակ քարից էր։

Քաղաքի տներից, ահավոր անդունդի վրա, կախվում էին պատշգամբներ, որոնք մթնշաղերին օրորվում էին, ինչպես երազում։ Հին ժամանակների իշխողները, ռազմական նպատակների համար, քաղաքի արևելյան կողմը վիթխարի ամրոց կառուցեցին։ Այդ ամրոցի շինության համար իշխողները գործածեցին ձվի միջուկը, կաթ և մարդկային ստրուկների քրտինքն ու արյունը։

Լեռան ստորոտը, ուր քաղաքից իջնելու համար միայն մի ճանապարհ կար, ոլորապտույտ և քարքարոտ, նման երազներում բացված արահետների, այգիներով էր բոլորված։

Այդ այգիները գոյություն են ունեցել բիբլիական ժամանակներից։ Եվ բիբլիական ժամանակներից մինչև հիմա այդ այգիների խաղողի ողկույզը շողշողում է՝ որպես հողի աստղաբույլ։

Այգիներից դենը, ընդարձա՜կ, անհո՜ւն դաշտում բամբակենի է ծաղկում, և ծովի պես ծփում է արևագույն ցորենը։

Դաշտից անցնում է աշխարհի ամենահին գետերից մեկը, ամառը՝ կապույտ և վետվետուն, կարծես երկնքի մի երակը լիներ՝ մխրճված հողի մեջ, ձմեռը՝ մթին և ահարկու, գարնանը վարարում է և մռնչում առասպելական գազանների նման:

Դաշտի ծիրանը լինում է բռունցքի չափ, տանձը՝ ինչպես երեխայի գլուխը, քաղցր ու ջրոտ, խնձորի բույրն ավելի զգլխիչ է, քան արաբական ստաշխը, նուշը, բթամատի մեծությամբ, լինում է այնքան առատ, որքան հացը, թուզը քաղցրանում է մեղրի պես, վարդը, մուգ֊կարմիր և թավշյա թերթերով, վառվում է ճեղքված սրտի նման, կեռասը կախվում է՝ ինչպես արյան վիթխարի կաթիլ, իսկ մեխակը հնձում են՝ ինչպես խոտը:

Այս բոլորի վրա կախվում է արևի հնոցը, որ նույնն է, ինչպես անժամանակ թվականներում:

Բ

Տակավին սրանից հարյուր տարի առաջ՝ քաղաքի բնակիչները, օրը բոլոր, իրենց քրտինքը թափում էին դաշտում և այգիներում, իսկ գիշերները բարձրանում էին քաղաքը, որովհետև գիշերները դաշտն էին լցվում արյունարբու ավազակներ:

Ավազակները սպանում էին մարդկանց, կողոպտում և հեռանում, երբ լուսաստղն էր փայլում պաղպաջուն երկնքում:

Դաշտում, տակավին հարյուր տարի սրանից առաջ, ոչ մի տուն չկար, կային միայն ուռենու ճյուղերից շինված խուղեր, որոնք ծառայում էին մարդկանց միայն ցերեկները։

Բերքն առատ էր լինում, այնքան առատ, որ ոչ միայն պահում էր լեռան քաղաքի բնակիչներին և ավազակների հոծ խմբերին, այլև ձմեռը այդ բերքով կերակրվում էին բազմաթիվ աղքատներ, որոնք թափվում էին լեռան քաղաքը ուրիշ աշխարհներից։

Ժամանակի ընթացքում, ռազմական նպատակների համար կառուցված ամրոցը, որի պատերի մի մասը քայքայվել էր ժամանակի ծեծից և բնական երկրաշարժերից, վերածվել էր շուկայի և ընդարձակ պահեստների։ Հին զենքերի՝ տեգերի, նետերի, աղեղների և զրահների տեղ զինապահեստներում շողշողում էին ծիրանը, դեղձը, նուռը և խաղողը։
Գ

Եվ ժամանակի ընթացքում ավազակները նվազեցին, գնալով անհետացան:

Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան, ինչպե՞ս կորան։ Դա ժամանակի քմահաճույքն է և գաղտնիքը, ոչ ոք չի իմանում։

Ասում էին, որ բնակչության մեջ ցանցառ միրուքներով, թուխ մորթով, խճճուն մազերով, կարմրած, սև աչքերով, բարակ, ճկուն և բարձրահասակ այն բնակիչները, որոնք տեղական բարբառը խոսում էին թլվատ և բոլորովին այլ երաժշտությամբ, հին ավազակների մնացորդներն են, որոնց հողի անքննելի, անիմանալի ուժը քաշեց, զոդեց իրեն, և մնացին այդ հողի վրա ու սկսեցին ըմբոշխնել քրտինքով հաց վաստակելու անհուն հաճույքը։

Երբ ավազակներն անհետացան, լեռան քաղաքի բնակիչները նորից ոտները քաշեցին դեպի լեռան քաղաքը գիշերները, ըստ դարերի սովորության, իսկ նրանց աչքերը մնացին դաշտում։

Եվ նրանցից ոմանք մտածեցին այսպես.

«Քանի որ չկան ավազակներ, և կյանքն ապահով է, ինչո՞ւ վեր բարձրանալ ամեն գիշեր և վար իջնել ամեն առավոտ՝ թողնելով մրգերն ու ծաղիկներն անտեր»:

Եվ սրանից հարյուր տարի առաջ դաշտում կառուցվեց, լեռան սպիտակ քարից, առաջին տնակը։

Կառուցվեց և երկրորդ տնակը։

Կառուցվեց երրորդը, չորրորդը, հինգերորդը — բոլորն էլ լեռան սպիտակ քարից։

Երբ դաշտում տներ կառուցելը դարձավ առօրյա սովորություն, երբ օրը նոր, տնակը նոր էր, լեռան կողից սպիտակ քար բերելը դարձավ տաժանակիր մի աշխատանք, ո՛չ մարդկային ուժն էր բավում, ո՛չ անասունների փոխադրական միջոցը, որովհետև եթե սրանք բոլորն զբաղվեին այդ աշխատանքով, դաշտի բարիքը կմնար դաշտում:

Երկար էր տևում և տնակ կառուցելը։ Մինչև լեռան կողից քարն էին պոկում, դաշտ բերում, հղկում և պատը շարում, ձմեռը վրա էր հասնում, առանց կտուրը ծածկելու:
Դ

Երբ ջրերը վարարում էին ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից, դաշտում տեղ֊տեղ բնական ավազաններ էին գոյանում:

Այդ ավազանները, կիզիչ արևի տակ, այն արևի, որ քաղցրացնում էր միրգը և արնաներկում վարդը, արագորեն շոգիանում էին, հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ: Իսկ կավը՝ չորանալուց հետո՝ ճեղքոտվում էր թանձր շերտերով։

Եվ երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեասը, որդի քարտաշ Դավթի, մտածեց օգտագործել ազնվագույն այդ կավը և շինել աղյուսներ։

Նա տեսել էր դաշտի հին քաղաքների և գյուղերի մնացորդները, տեսել էր նաև, որ հին բնակիչներն աղյուսից քաղաքներ և գյուղեր էին կաոուցել, որոնք անհետացել, հողին հավասար էին դարձել ժամանակի ծանր անիվի տակ։

Եվ դաշտի ցաքուցրիվ տնակներից հեռու՝ բաց դաշտում, երիտասարդ Անդրեասը ճգնեց իրականացնել իր մտածումը։

— Որդի՛,— ասաց քարտաշ Դավիթը Անդրեասին,— մեղք ես, զուր ես ճգնում, դրանից բան դուրս չի գա, կավը չի դիմանա ահավոր կայծակին, քար է հարկավոր։

— Հա՛յր,— պատասխան տվեց Անդրեասը,— կայծակը կխփի հողի մեջ և կկորսվի, իսկ քարին զարնելով՝ կփշրվի, հարյուրավոր գնդակների վերածվելով, քարն ավելի վտանգավոր է, քան կավը։

Հայրը չհամոզվեց, բայց չէր կարող ստիպել որդուն, որ ձեռք քաշի իր նպատակից, որովհետև որդու վերին շրթունքի վրա ոլորվում էին սև բեղեր, իսկ նրա կնոջ կրծքից արդեն երկրորդ մանուկն էր կախվում։

Եվ Անդրեասը արհեստական թմբեր կառուցեց հեղեղների դիմաց և շինեց ավազաններ։ Երբ հեղեղները բարձրացան, եկան լցրին այդ ավազանները, շոգիացումից հետո հատակում մնաց ազնվագույն կավը։

Եվ Անդրեասը շինեց չորս տախտակե շերտից մի քառակուսի շրջանակ, երկու մատի խորությամբ, թափեց ազնվա գույն կավն այդ շրջանակի մեջ և քաշելով շրջանակը դուրս՝ թողեց, որ կավը չորանա ու դաոնա աղյուս։

Այդ տարին դաշտում տասնյակներով տներ կառուցվեցին հում աղյուսից, բայց հաջորդ տարին, առաջին գարնանից, աղյուս թափող Անդրեասը կառուցեց մի հնոց՝ աղյուսը թրծելու համար։

Այդ հնոցը բոլորաձև էր, երկու մարդահասակ բարձրությամբ։ Երբ աղյուսները չորանում էին, Անդրեասը բերում էր, խնամքով դարսում հնոցում կանոնավոր շարքերով և ապա սկսում հնոցի տակ վառել չորացած խոտը։

Մի քանի ժամվա ընթացքում աղյուսները թրծվում էին, մի գիշերվա մեջ սառչում։ Անդրեասը դուրս էր բերում թրծված, կարմրած ու թեթևացած աղյուսները և դարսում արևի տակ։

Այդ տարին տների կառուցումն ավելի և ավելի արագացավ, տները բազմացան, որովհետև Անդրեասի աղյուսից ավելի հեշտ էր պատ շարելը, իսկ էժանության մասին խոսք անգամ չէր կարելի ասել։

Սկզբում Անդրեասն այդ բոլորն անում էր միայն կնոջ օգնությամբ, բայց հետզհետե անկարող եղավ բավարարել կառուցողների պահանջները, ուստի նա բերեց մարդիկ, նրանց տվեց հաց և օրավարձ և աշխատեցրեց իր հետ, մանավանդ, երբ կնոջ գիրկը լցվեց երեխաներով, մեկին հաջորդեց երկուսը, երեքը, չորսը և դեռ պիտի հաջորդեին հինգը և վեցը։

Լեռան քաղաքի բնակիչների մեծամասնությունն իջավ դաշտը, որտեղ մեղմ սղոխը օրորում էր ծառերի տերևները, ծաղիկները և կանանց ծամերը։ Օդը մեղմ էր և առողջարար, հենց լեռան ստորոտից բխում էին քաղցր և սառը ջրերը և առվակներով անցնում դաշտից։ Դաշտի բարիքը լեռան գագաթը փոխադրելու այլևս կարիք չկար, մանուկներն անգամ աշխատում էին պարտեզներում և այգիներում, որովհետև տները կառուցված էին հենց պարտեզներում և այգիներում, մեծ, բազկատարած ծառերի հովանիների տակ։

Դաշտի տները ծածկվում էին եղեգնյա ճյուղերով և հողով։ Հորդառատ, կատաղի անձրևները աշնանը ծակում էին հողե կտուրները և վազում տների ներքնակողմը։ Անդրեասն սկսեց շինել կիսախողովակաձև աղյուսներ, որպեսզի կտուրները ծածկվեն այդ աղյուսներով։

Սկզբում դաշտեցիները չհավատացին, թե այդ կիսախողովակաձև աղյուսները կարող էին անձրևները պահել տների ներսը հոսելուց, ուստի ԱՆդրեասը քանդեց իր տան կտուրը և վերաշինեց այն այդ աղյուսներով։ Օրինակը վարակիչ դարձավ, և հաջորդ տարին կիսախողովակաձև աղյուսները հացի պես ծախվեցին։

Կարմիր կղմինդրներով ծածկված կտուրները պարտեզներում և այգիներում նման էին վարդե փնջերի, բոլորված կանաչ տերևներով։

Այս նոր տեսակի աղյուսը շինելու համար Անդրեասը դարձյալ ուներ պարզ մի ձև. կավը թափում էր մի կիսագլանի վրա, վրան դնում մի ուրիշ կիսագլան` արանքում թողնելով մի բաց շերտ, կիսագլանը քաշում էր դուրս` թողնելով, որ կավը չորանա։ Չորանալուց հետո թրծում էր հնոցում, ինչպես պարզ աղյուսը։

Տները շատացան դաշտում։ Շատացան ոչ թե ամեն տարի, այլ ամեն ամիս և ամեն շաբաթ։ Ի՞նչ գործ ունեին այլևս լեռան գագաթում, մանավանդ ձմեռը պարզապես ահարկու էր այնտեղ, բուք ու բորան, կապարյա երկինք, սառնամանիք, լեռան գագաթը կտրվում է աշխարհից ամիսներով, իսկ գարնան վերջերում և ամառը երկնքի խորքերից ճայթում է ամպրոպը, կայծակը խփում սպիտակ քարե տներին և կիսում դանակի նման։

Անդրեասի գործը մեծացավ, բազմացան դաշտեցիների պահանջները։

Եվ Անդրեասը հիմքը դրեց աոաջին բրուտանոցի։ Սա ընդարձակ և ցածր առաստաղով մի «սրահ» էր փոքր լուսամուտներով, երկարաձև, ինչպես նավը։

Եվ դաշտեցիները չմնացին իրենց պարտեզներում և այգիներում. նրանք կապեր հաստատեցին ուրիշ քաղաքների հետ, ու նրանց հետ կապեր հաստատեցին ուրիշ աշխարհներ։ Առաջ, երբ դաշտի բարիքը փոխադրում էին լեռան գագաթը, շուկա էին հանում հին ամրոցում, այժմ դաշտի բարիքը բյուրապատկված առատությամբ, դուրս էր բերվում նոր քաղաքի ընդարձակ հրապարակը։ Բարիքը լցվում էր այդ հրապարակում, լցվում և բլրանում։ Ամրոցն ամայացավ, ինչպես մեռած ուրուրների բույնը, դարձավ հին մի հուշ, իսկ նոր քաղաքի հրապարակը ծաղկեց և հարստացավ։

Հին գետի ափերով, հարավի արեգակի շողով ու բույրով գալիս էին ուղտերի քարավանները, բերում հարավի քաղցրությունն ու գույնը, փոխում դաշտի հարստության հետ և հեռանում։ Նրանց բոժոժների համերգը վերջանում էր աշնանը, իսկ գարունը սկսվում էր նրանց բոժոժների երգով և դաշտի անձրևով։

Անդրեասը, բացի երկու տեսակի աղյուսից, սկսեք շինել և արդեն կանոնավոր խողովակներ, որոնք գործածվում էին լեռան ստորոտից տները ջուր բերելու համար, շինեց կժեր, փարչեր, զանազան չափի և ձևի ամաններ, գինու և ջրի կարասներ, թասեր և երկարավիզ սրվակներ։

Պարզ, անարվեստ բրուտը սկսեց տալ ազնվագույն կավին իր երևակայության նախնական պարզ ձևերը։

Այս բոլորի համար Անդրեասը բրուտանոցում դրեց չարխեր, որոնց վրա արդեն սկսեցին աշխատել իր չորս որդիներից առաջին երկուսը՝ Երեմիան և Գրիգորը։

Անդրեասը տեսնում էր քաղաքը, որ աճում էր իր աղյուսով և տեսնում էր սերունդը, որ աճում էր իր արյունով։

Եվ նա առանձին խնամքով և ուշադրությամբ հետևեց իր որդիների արհեստի տիրապետմանը։

— Երեմիա՛, որդի՛ս,— ասում էր Անդրեասը,— չկա աշխարհում մի բան, որին կարելի լինի ավելի ձևեր տալ, քան կավը, մանավանդ այս կավը։

Եվ Անդրեասի որդիներն աշխատում էին բրուտանոցում՝ միշտ ունկնդիր վարպետ բրուտին, որ իրենց հայրն էր։

Բրուտանոցում հով էր, կավի զգլխիչ բույրով հագեցած։ Չարխերը դաոնում էին, և բրուտների ձեռքերի տակ լպրծուն կավը պտտվելով այնպես, ինչպես ինքը՝ մայր֊երկիրը, վերածվում էր կանոնավոր և իմաստուն ձևերի: Կավի կոշտ և քաոսային զանգվածը երբ դրվում էր չարխի սեղանի վրա, և բրուտի ոտները պտտացնում էին անիվը, ոչ ոք չէր կարող գուշակել, թե կավի այդ կոշտ զանգվածը ինչ ձև էր ստանալու: Լպրծուն կավը նախ կլորանում էր, լայնանում ինչպես հղի կնոջ փորը, ապա նեղանում, նեղանում դառնում էր երկար մի վիզ, ինչպես վիզը կարապի, և հանկարծ մի փայտիկի ծայրով կտրվում էր, և ահա պատրաստ է հողե երկարավիզ անոթը։

Գինին երբ հոսում էր այդ անոթից, երգում էր ինչպես գարնանային առվակը: Դաշտի բնակիչները ջուրը, գինին և թանը խմում էին Անդրեասի բրուտանոցում շինված և նրա հնոցում թրծված հողե կարմիր թասերով, խմում էին անհատակ բավականությամբ։ Ջուրը լցնում էին կարմիր և թեթև կժերի մեջ, կախում ծառերի հովում և երբ ըմպում էին` ատամների էմալը չէր դիմանում սառնությանը և քայքայվում էր:

Գիշերները նրանք ջրով լիքը կուժը կախում էին լուսամուտներից դուրս, հյուսիսից փչող քամու աոաջ, և նրանք, որոնք իրիկունն առատ գինի էին խմել և մարմինները տոչորվում էին ծարավից, վեր էին կենում, բաց անում լուսամուտը, քաշում կուժը բերանները և խմում։ Խմելիս երգում էր թե՛ կուժը, թե՛ կոկորդը։

Նոր քաղաքի շուրջը փոքրիկ գյուղեր ցանվեցին, կարմիր կտուրներով և կարմիր աղյուսե պատերով։ Կարմիր պատերին մագլցեցին դդմենիները, և պատերի կարմիր ֆոնի վրա կախվեցին դեղին դդումները։

Աշնան վերջերին, երբ դաշտային աշխատանքը վերջանում էր, էլ խաղմուղը փրփրում հնձանում, դաշտը բոլոր դեղնում էր և կարմրում։ Աշնան արևի տակ դեղին և կարմիր տերևներն օրորվում էին օդում ու ծփում կիսամերկ ծառերի տակ։ Թռչունները գաղթում էին դեպի հարավ, ողջ դաշտը թողնելով սառնամանիքի փոքրիկ հերոսին` ճնճղուկին։

Ձմեռը կանայք բամբակի բոժոժներ էին մաքրում, ծամոն ծամում, հղիանում, անվերջ շաղակրատում և ծիծաղում, տղամարդկանցից գաղտնի լպստված պատմություններ պատմում, իսկ տղամարդիկ խմում էին թանձր, թանաքի նման մուգ գինին և քնում։

Իսկ բրուտանոցում լռության էր և ցուրտ։ Կավը սառչում էր, եղյամ կապում՝ սպիտակ և փածկլտուն: Ձմեռը բոլոր՝ բրուտանոցներում ոչ մի ոտ չէր կոխում, չարխերը սառչում էին, դարակներից գինու կժերը նայում էին տխուր և մռայլ, որովհետև նրանց ընդերքը դեռ չէր ալեկոծել գինու ջերմությունը։

Ծերունի Անդրեասը, բոլորված իր որդիներով, աղջիկներով, հարսներով և թոռներով, կարդում էր Ավետարանը, մագաղաթյա հոտավետ գրքերը և պատմում լեռան քաղաքից, քարտաշ Դավթից և ամրոցից:

Զ

Դաշտի առաջին բրուտը, Անդրեասը, որ առաջին անգամ աոաջին աղյուսը թափեց, տեսավ թոռների զավակներին և տեսավ առաջին ծոռին:

Անդրեասի որդիները, թոռներն ու թոռների զավակները սովորեցին ձևավորել կավը: Նրանք երբեք չիմացան, թե երբ և ինչպես սովորեցին, սովորեցին այնպես, ինչպես երեխաները սովորում են ձեռները տանել բերանները։

Ծերունի բրուտին, սակայն, մի խոր ցավ էր տանջում։ Նրա անդրանիկ որդի Երեմիան զավակ չունեցավ: Հիսունն անց՝ կորցրեց Երեմիան իր անպտուղ կնոջը, դարձավ տխուր, մռայլ և հուսահատ։

Մի օր Անդրեասը կանչեց իր անդրանիկ որդուն և ասաց.

— Բոլորս էլ հող պիտի դաոնանք, որդի՛, բայց անպտուղ հող դառնալը մեղանչում է աստծո դեմ, որ երկնքումն է: Ամուսնացի՛ր, որդի, դեռ ջահել ես, դեռ ծառդ կծաղկի և պտուղ կտա:

Երեմիայի աչքերը փայլեցին երիտասարդ օրերի նման, արյունը սուրաց երակների մեջ։

Եվ Անդրեասի տունը մտավ մի երիտասարդ հարս, որը, հակառակ իր տարիքին, համարվեց մեծ հարսը՝ իբրև անդրանիկ զավակի կինը:

Եվ Երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզզույն պտուղներ։

Ծերունի Անդրեասն ուրախացավ, փարատվեց ցավը նրա հոգուց, և պատրաստվեց մեռնելու խաղաղությամբ։

Նա սիրում էր Երեմիայի անդրանիկ որդի Հովնաթանին, որովհետև նրա մեջ տեսնում էր պատկերը իր հոգու ու մարմնի։ Նա թոռներ շատ ուներ, ուներ և թոռան զավակներ, տեսավ իր առաջին ծոռին, բայց նրա բովանդակ սերը, այն սերը, որ տածել էր դեպի կավյը, դեպի մայր֊հողը, միասնացած և ավելի հզորացած, կենտրոնացավ Երեմիայի անդրանիկ որդու՝ Հովնաթանի վրա։

— Երեմիա, որդի՛, իմ անցնելուց հետո լավ մտիկ տուր Հովնաթանին,— ասում էր ծերունի Անդրեասը, բռնում Հովնաթանի գլուխը, շոյում, համբուրում աչքերը։

Եվ Հովնաթանը կապուտաչյա էր ու գանգրահեր։

Բոլոր հին հարսները նախանձում էին Հովնաթանի մորը, որովհետև ծերունին կանչում էր նրան իր մոտ, նստեցնում կողքին, բռնում նրա մինչև ծնկները հասնող ծամերը, շոյում և զմայլանքով ու հողի կարոտով նայում նրա դեմքին, որ դեռևս վարդագույն էր՝ հակառակ նրա արդեն երեք զավակ ունենալուն։

Է

Մի օր ծերունի Անդրեասը կանչեց Հովնաթանին իր մոտ և ասաց.

— Բեր գրիչ և թուղթ ու գրիր։

Հովնաթանը, որ արդեն տասնվեց տարեկան էր, բերեց թուղթ և գրիչ և ասաց.

— Պապի, պատրա՛ստ է։

Ծերունու ականջին հնչեց կյանքի ոսկյա ծնծղան։ Տիրեց լռություն։ Ծերունին չէր խոսում, որովհետև նա ունկնդրում էր իր կյանքի ամենահրապուրիչ երգին։

Երբ երգը վերջացավ, ծերունի Անդրեասը հառաչեց և թելադրեց Հովնաթանին՝ գրելու.

— Հայրապետ ծնավ Առաքել, Առաքել ծնավ Դավիթ, Դավիթ ծնավ Անդրեաս, Անդրեաս ծնավ Երեմիա, Գրիգոր, Պետրոս, Պողոս, Սառա, Յուղաբեր, Հռիփսիմե, Երեմիա ծնավ Հովնաթան, Մարգարիտ և Դավիթ։

Հովնաթանը գրի առավ ծերունու ասածները արագորեն և նայեց պապին խոհականորեն։

Ծերունի Անդրեասը շարունակեց թույլ ձայնով. — Հովնաթան ծնավ…

Եվ ծերուհին կանգ առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ և շողշողուն աչքերին։

Հովնաթանը շարունակեց գրել։

— Հովնաթան ծնավ Անդրեաս։

Ծերունի Անդրեասի հոգու մեջ թրթռաց անմահությունը։

Նրա աչքերի առաջ ծաղկեց բամբակենին, նրա ականջները լսեցին գարնան առվակի կարկաչը, նրա ռնգունքները ներշնչեցին կավի թարմ բույրը, և երակներում զրնգաց արյունը։

Ը

Բայց մահը եկավ, որովհետև հոգնած մարմինը կարոտում է հողը, կարոտում է իր նախնական ձևը։

Եվ ծերունի բրուտը կյանքի անկողնում, որ պիտի դառնար մահվան անկողինը, ցանկության հայտնեց, որ բոլոր նրանք, որոնք իրենից էին սերել, հավաքվեն իր շուրջը։

Հավաքվեցին։

Հավաքվածների մեջ կային արդեն պատկառելի ծերունիներ և պառավներ, բայց բոլորն էլ եկել էին, ըստ Անդրեասի ցանկության, տոնական զգեստներով, ոսկեզարդ ճակատներով, ատլաս ու խումաշ հագած։ Նրանց մեջ կային մի քանի օր առաջ ծնվածներ, ներկա էին նրանք, որոնք արևի աշխարհի առաջին լուսամուտի ետևում թպրտում էին դուրս գալու, որոնք չպիտի տեսնեին ծերունուն, բայց, թերևս, պիտի լսեին նրա վերջին խոսքերը։

Ծերունի Անդրեասը նշան արավ իր անդրանիկ որդի Երեմիային, որ վերցնի իրեն և նստեցնի անկողնում։ Երեմիային օգնեց տասնվեցամյա Հովնաթանը, գանգրահեր և կապուտաչյա։ Նա դրեց բարձերը պապի մեջքին, թևերի տակ և մի փոքրիկ բարձ էլ, աղավնու փետրից՝ գլխի ետևում։

Ծերունի Անդրեասի սպիտակ, բայց խիտ հոնքերը կախվեցին հանգելու մոտ աչքերի վրա, ինչպես ամպերն են սքողում վերջալույսների արյունաթաթավ արեգակը։ Նրա ձեռքերը, հանգչեցրած սպիտակ բարձերի վրա, գրեթե մի դարի պատմություն ունեին։ Այդ ձեռքերը, որոնց կապույտ երակ ները ճյուղավորված էին, ինչպես գետերը մայր երկրի, թափեցին առաջին աղյուսը, և այդ աղյուսից աճեց դաշտի մեծ և նոր քաղաքը։ Այդ ձեռքերով շինված կարմիր գավերից բյուրավորներ խմեցին մուգ գինին և երջանկացան։

Հովնաթանը, որ բարձերը տեղավորելուց հետո կանգնած էր սնարից մի քիչ հեռու, տեսավ, որ պապը նշան է անում մոտենալու իրեն։

Մոտեցավ նրան կապուտաչյա և գանգրահեր պատանին և ճակատը մոտեցրեց պապին։

Ծերունի Անդրեասը հոնքերը վեր առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ աչքերին, ինչպես լեռներից հեռացող ճամփորդն է հառում լեռնային կապույտ լճակին։

Եվ ծերունի Անդրեասը խոսեց.

— Ինձանից մի նեղանար, ի՛մ սերունդ, բոլորիդ սիրում, եմ, բայց Հովնաթանին շատ ավելի եմ սիրում, Հովնաթանն իմ պատկերն է, երբ ես նրան այժմ տեսնում եմ, հիշում եմ ինձ այն ժամանակ, երբ ես առաջին աղյուսն էի թափում։

Ոչ ոք չբողոքեց։

Հովնաթանը նստեց պապի անկողնի վրա։

Լռությո՜ւն, անսահմա՜ն լռություն։

Ծերունին նորից նայեց Հովնաթանին, հիշեց իր մանկությունը և սկսեց խոսել։

Եվ նրա ձայնը բխում էր խաղաղ և լուսավոր լռությունից.

— Գնում եմ այս աշխարհից, հոգնել եմ, զավակնե՛րս, մինչև խոր ծերությունս չարխ դարձրի, ամբողջ մարմնիցս այժմ գալիս է կավի հոտը, ուզում եմ, որ ոսկորներս հող դառնան և հանգստանան. կավ էի, նորից կավ եմ դառնալու։ Ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, թող կավի շերտերը գան վրաս, լցվեն, իմ մարմինն էլ խառնվի այն կավին, որ դուք պիտի գործածեք գավերը շինելու։ Ասում եմ՝ ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, որպեսզի իմ կավն էլ խառնվի հեղեղների բերած կավին, այդ կավից գավ շինեք, գինի խմեք նրանով և ձեր շրթունքները հպեն ինձ…

Հեկեկանքի զսպված հծծյուններ լսվեցին հարսներից։

Ծերունի Անդրեասը նայեց նրանց սպիտակած հոնքերի տակից, փորձելով բարկանալ նրանց վրա, բայց մահվան մոտիկությունը չէր թողել նայվածքի ոչ մի խոժոռություն։ Ծերունին զգաց, որ այլևս չի կարող խիստ լինել, օրենք է, որ ինքը պիտի մեռնի և օրենք է, որ մնացողները պիտի հեկեկան, նրանց աչքերի պայծառության վրա էլ պիտի իջնի երբեմն մռայլության քողը, որպեսզի նրանք ևս դառնան իմաստուն և խոհական։

Ծերունի Անդրեասը շարունակեց.

— Ես երկար ապրեցի, խմեցի հողի արյունը, այժմ էլ գնում եմ հողի գիրկը, բայց լուսինը մնում է, արևը մնում է, խաղողը կաճի ու կշողա, խաղողի թուփն էլ կչորանա, բայց տակից նորն է ծլում, ահա ես չորանում եմ, բայց իմ կավից կծլի նորը, Հովնաթանն իմ ծիլն է, իմ դալար ճյուղը։

Հովնաթանը գլուխը թեքեց կրծքի վրա, մռայլը պատեց նրան, իսկ ծերունու աչքերից անհետացավ լեռնային կապույտ լճակը, մի անիմանալի և խորախոր անդորրություն պատեց նրան — հանգող լույսի խաղաղությունը։

Ծերունի Անդրեասը մի քիչ շունչ քաշեց և նորից խոսեց.

— Այս կավից մի հեռանաք, այս կավը շինեց այս նոր քաղաքը, մենք բոլորս էլ կավից ենք շինված, անհատնում է կավը, անվերջ, ամեն ինչ կավ էր և կավ պիտի դառնա։ Տանս բոլոր բանալիները ձեզ եմ հանձնել, ոչինչ չեմ տանում հետս, գնում եմ անճրագ։ Չեմ իմանում՝ ճանապարհս լո՞ւյս է, թե մութ։ Երեմիա, որդի՛, վերի ավազանի թումբերն ուժեղացրու, հեղեղները դիակս չքշեն֊տանեն, միևնույնն է, բայց թող մնա վերի ավազանում։ Ո՞ւր է մեծ հարսս։ Ես նրան բարկացա անցյալ օրը, լավ չարավ, որ ծամերը կտրեց, այնպես լավ էր, երկա՜ր և սիրո՜ւն։

Ծերունի Անդրեասը մարող աչքերով որոնեց մեծ հարսին՝ Հովնաթանի մորը։ Մեծ հարսը մոտեցավ ծերունուն։ Ծերունին ձեռքը երկարացրեց, որ մեծ հարսը համբուրի։ Մեծ հարսը համբուրեց պապի դողդոջուն ձեռքը և երկու կաթիլ տաք արցունք թողեց նրա հողագույն և հողաբույր դաստակի վրա։

Ծերունի Անդրեասը նայեց այդ կաթիլներին և ասաց.

— Չչորանա, տանեմ հետս, ճրագ չունեմ, լույս տա ճանապարհիս, այնպես է երևում, որ ճանապարհս մութ է…

Մեծ հեկեկանք բարձրացավ, և չլսվեց ծերունու խոսքերի շարունակությանը։ Ծերունին վերջին ճիգով ձեռքը թափ տվեց, որ լռեն։

Հեկեկանքները խեղդվեցին կոկորդներում։

Ծերունին շարունակեց.

— Երեմիա, թող փոքր հարսներս գնան և գինի բերեն, խմեցեք, մեկնելուց առաջ տեսնեմ։

Փոքր հարսները դուրս վազեցին։ Քիչ անց՝ գավերը լցվեցին թանաքի նման մուգ և թանձր գինով։ Բոլորը խմեցին։ Մայրերը մատները թաթախեցին գինու մեջ և քսեցին իրենց մատղաշ երեխաների շրթունքներին։

Ծերունին հանկարծ ժպտաց։

Նրա ժպիտն այլևս այս աշխարհին չէր պատկանում — ժպտում էր նա մի նոր աշխարհի։

Հովնաթանը, որ նստած էր պապի անկողնի վրա և նրա ծնկները դիպչում էին իր կողին, միայն նա լսեց պապի վերջին խոսքերը։ Նա վերջին խոսքն արտասանեց բերանն այս աշխարհին, բայց նայվածքը հառած նոր աշխարհին։

— Գնում եմ,— շշնջաց ծերունին,— ցավ չունեմ և ոչ էլ…

Այլևս լսելի չեղավ նրա ձայնը։

Բոլորը ոտի կանգնեցին և գլուխները խոնարհեցին։

Երեմիան խաչակնքեց։

Բոլորը հետևեցին։

Խաղաղությո՜ւն։

Թ

Երկար վիճաբանությունից հետո՝ Երեմիան զիջեց մյուսներին և որոշեցին թաղել պապին ոչ թե վերին ավազանի հատակում, այլ գլխին։ Երեմիան պնդում էր, որ հոր խնդիրքը պետք է կատարվի։

Կեսօրից հետո փայտե դագաղի մեջ դրած պապին իջեցրին բրուտանոցը և դրին այն չարխի վրա, որը պտտացրել էր պապը ավելի քան կես դար։ Երբ երկար մոմերը վառեցին չարխի երկու կողմերին, Երեմիան նշմարեց, որ Հովնաթանը բրուտանոցի հեռավոր անկյունում, ինչ֊որ շինում է կավով։ Հայրը մոտեցավ նրան.

— Ի՞նչ ես շինում, տղաս,— հարցրեց Երեմիան՝ գլխի չընկնելով, թե ինչ է շինում։ — Պապի համար եմ շինում,— պատասխանեց կապուտաչյա և գանգրահեր պատանին։

Երեմիան բռնեց նրա գլուխը և համբուրեց։

Հաջորդ օրը բոլորն օգնեցին Հովնաթանին՝ հնոց տանելու այն վիթխարի սնդուկը, որը շինել էր նա իբրև սարկոֆագ։ Ո՛չ Հովնաթանը և ո՛չ էլ դաշտեցիները գաղափար չունեին սարկոֆագի մասին, բայց բոլորն էլ համաձայնեցին, որ լավ էր դնել դագաղը այդ կավե սնդուկի մեջ, որի դրսի պատերի վրա Հովնաթանն իրենց դաշտի ծաղիկները և պտուղներն էր քանդակել։

Այդ գիշեր թրծեցին սարկոֆագը և առավոտյան պապի դագաղը դրին մեջը։

Մեծ հարսը, Հովնաթանի մայրը, բերեց մի փարչ գինի, մի կողով ծիրան և մի փունջ վարդ ու դրեց պապի սարկոֆագի մեջ. գինին՝ դագաղի գլխավերևում, ծիրանը՝ ոտների մոտ, իսկ վարդը՝ կրծքի վրա։

Վերի ավազանի գլխին փորեցին մի խոր փոս, իջեցրին պապի սարկոֆագը մեջը։

Պապի սերունդից մի քանիսը ձայնակցեցին քահանային և տիրացուներին, երբ նրանք երգում էին «ի վերին Երուսաղեմ»։

Մի քանի օր անց՝ Երեմիան և նրա եղբայրները լծեցին սայլը, վերցրին քլունգները և գնացին հին լեռը, քանդեցին լեռան կողը, դուրս բերին սպիտակ և կանաչ երակներով քարի մի խոշոր բեկոր, տվին քարտաշին, որ ձևավորի իբրև շիրմաքար։

Մինչ քարտաշն աշխատում էր սպիտակ և կանաչ երակներով քարի վրա, գանգրահեր և կապուտաչյա Հովնաթանը նորից էր խաղում կավի հետ բրուտանոցի հեռավոր անկյունում։

Սկզբի օրերը ոչ ոք չհետաքրքրվեց նրանով, այնինչ պապի բոլոր որդիները, աղջիկները, հարսները, թոռները և թոռան զավակները բոլորվում էին քարտաշի շուրջը և դիտում նրա մուրճի յուրաքանչյուր հարվածը։ Սպիտակ քարը փշրվում էր, թափվում գետնին և սպիտակեցնում, ինչպես տաշտի ալյուրը։ Իսկ Հովնաթանը թաց, զով և կավի հոտով հագեցած բրուտանոցի հեռավոր անկյունում խաղում էր կավի մի քաոսային զանգվածի հետ։

Մի օր Երեմիան մոտեցավ իր որդուն.

— Ի՞նչ ես շինում։

— Նայի՛ր, ինչի՞ է նման,— պատասխանի փոխարեն հարցրեց Հովնաթանը։

Հայրը երկար դիտեց և ոչ մի բանի չնմանեցնելով՝ ասաց.

— Ոչ մի բանի նման չէ, որդի՛։

Շիրմաքարը վերջնականապես ձևավորվեց։ Քարտաշը շիրմաքարի վրա, կանաչ երակներից ազատ մի կետում, քանդակել էր բացված մի մատյան ճաշոցի մեծությամբ, որտեղ պետք է գրվեր տապանագիրը, քանդակել էր նաև մի գինու փարչ՝ գավը կողքին, խաղողի մի ողկույզ՝ որթատունկի տերևներով, իսկ շիրմաքարն ամբողջ ձևավորված էր իբրև աղյուսներով շարված մի պատի մասը։

Անդրեասի անդրանիկ որդի Երեմիան խորհուրդ արավ իր եղբայրների հետ՝ ի՞նչ գրել բացված մատյանի երկու էջի վրա։

Երկար խոսեցին և երկար վիճեցին, իրիկունը նստեցին և առավոտյան կապտավուն լույսին բաժանվեցին ու չկարողացան որևէ եզրակացության գալ։ Վերջապես որոշեցին կանչել դաշտի ամենահասակավոր վարժապետին և խորհուրդ հարցնել։

Վարժապետը եկավ, թանձր գինի խմեց, ձավարի հետ շաղված հում միս կերավ՝ վրան կարմիր և կծու պղպեղ ցանած, պատմեց, թե որտեղ և երբ էր առաջին անգամ հանդիպել լուսահոգիին, ինչ զրույցներ էր ունեցել նրա հետ, մինչև անգամ նա հաստատապես ասաց, թե որտեղ է գտնվում այժմ նրա հոգին։

Երբ վարժապետը խոսեց նրա հոգու մասին, բոլորը ոտի կանգնեցին և խաչակնքեցին։

Ի վերջո Երեմիան հարցրեց.

— Ի՞նչ գրենք գերեզմանաքարի վրա։

Վարժապետը մատը տարավ քունքին, մի պահ լռեց — դա նրա մտածելակերպն էր — և ասաց.
Աստ հանգչի
առաջին բրուտը երկրի
Անդրեաս
ծառա Հիսուսի Քրիստոսի
որդի Դավթի և Մարիամի

Բոլորը ոտքի կանգնեցին, խոնարհեցին գլուխները, խաչակնքեցին լուռ։ Լսվեց ծանր դռան բացվելը, և լսվեց դաշտի քամու երգը, որ գալարվում էր ծառերի, որթատունկերի և բարձր, մարդահասակ խոտերի մեջ։

Քարտաշը փորագրեց օրը բոլոր։

Հաջորդ կիրակին, Անդրեասի հոգու համար մատուցված պատարագից հետո, հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռների զավակները, վերցրին շիրմաքարը, անցան հեղեղատը, հանգչեցրին շիրմաքարը Դավթի և Մարիամի որդի Անդրեասի աճյունների վրա։

— Ո՞ւր է Հովնաթանը,— հարցրեց Երեմիան։

— Բրուտանոցում,— պատասխանեց մեծ հարսը։

— Ի՞նչ է շինում։

— Ո՞վ է իմանում,— ուսերը բարձրացնելով պատասխանեց մեծ հարսը։

Բոլորը վերադարձան։

Շիրմաքարը մնաց մենակ։

Երեմիան մտավ բրուտանոցը։

Հովնաթանը նստել էր չարխի կողքին, ձեռքը դրած չարխի վրա, գլուխը կախ, հոգնած և անքուն։

Հայրը մոտեցավ Հովնաթանին, պատրաստված խստիվ կշտամբելու պապի այն թոռանը, որին պապն ամենից շատ էր սիրում, և որը ներկա չգտնվեց նրա շիրմաքարի հանգչեցնելուն, բայց երբ տեսավ չարխի վրայի կավի զանգվածը, ապշահար կանգ առավ։

Կավն արդեն ձև էր ստացել և որոշ չափով նմանվում էր պապին։

— Հովնաթա՛ն…— բացականչեց Երեմիան։

Հովնաթանը բարձրացրեց գանգրահեր գլուխը և ժպտաց կապույտ և հոգնած աչքերով։

— Հայրի՛կ,— կերկերաց Հովնաթանը,— ուզում եմ, որ պապն ապրի։ — Պապի ողջ արևը քեզ լինի, ո՛րդի,— շշնջաց պապի անդրանիկ որդին։

Երեմիան դիտեց իր հոր փակված աչքերը, ինչպես մեռած օրը, դիտեց նրա երկար և խիտ հոնքերը, երկար մազերը, բաց և լայն ճակատը, կուրծքը ծածկող միրուքը և մի ձեռքը, ուռած երակներով, որ անկախ թևից, հանգչում էր կրծքի վրա։

— Հովնաթա՜ն…— նորից բացականչեց ապշահար հայրը,— դո՞ւ շինեցիր։

— Այո՛,— պատասխանեց Հովնաթանը և ժպտաց կապույտ աչքերով։

Առաջին անգամ իր կյանքում Անդրեասի որդի Երեմիան անդրադարձավ կավի այդքան ազնիվ օգտագործման։ Նա երբեք չէր մտածել, որ կավը, բացի թասերից, գավերից, փարչերից և աղյուսներից, կարելի էր օգտագործել և անմահության համար։

Երեմիան, իբրև արձան, միայն տեսել էր Քրիստոսի խաչելությունը։

— Ի՞նչ անենք այս…

Երեմիան կանգ առավ, չկարողացավ խոսքը վերջացնել, որովհետև մինչև անգամ չիմացավ, թե ի՞նչ անուն պետք է տալ — ո՛չ աման էր, ո՛չ գավ և ո՛չ էլ կուժ։

— Արձանը,— ասաց Հովնաթանը։

— Այո, արձանը,— շշնջաց Երեմիան։

— Տանե՛նք և թրծե՛նք։

Եվ հայր ու որդի տարին կավը, դրին հնոցի մեջ և գիշերը բոլոր վառեցին հնոցը։

Ո՛չ մի կիրակի իրիկուն հնոցը չէր վառվել։ Երբ ծուխն ամպի նման բարձրացավ, բոլորը զարմացան։

Առավոտյան նրանք վերադարձան տուն և քնեցին։

Նրանք զարթնեցին միջօրեին, զարթնեցին և վազեցին հնոցը, բարձրացան պատերի վրա, հնոցը դեռ տաք էր, բայց տեսան, որ պապի կավը թրծվել էր, կարմրել, ինչպես եփած ճակնդեղը։

— Թո՛ղ մնա, մինչև իրիկնային քամին բարձրանա և սառեցնի,— ասաց հայրը։

— Թո՛ղ մնա,— ասաց որդին։ Երեկոյան, երբ քամին բարձրացավ և սառեցրեց հնոցը, նրանք դուրս հանեցին կիսանդրին և դիտեցին։

Հովնաթանը տեսավ և տխրեց, նրա հոգին կարծես մուտք գործեց դեպի գիշերը, իսկ Երեմիան ուրախ էր, որովհետև ոչինչ չնկատեց, նա միայն հափշտակվեց հոր մեծ ճակատով, խիտ հոնքերով և կուրծքը ծածկող միրուքով։

Կիսանդրին մի քիչ այլանդակվել էր՝ թաց֊թաց թրծելու պատճառով։

Հաջորդ կիրակին նորից հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռան զավակները, հարսներն ու փեսաները, գրկեցին պապի կիսանդրին, անցան հեղեղատը և դրին այն սպիտակ և կանաչ երակներով շիրմաքարի գլխավերևը։

Եվ դաշտեցիները բոլոր, զարմացած ու հիացած, գնում էին խումբ֊խումբ տեսնելու կիսանդրին, տեսնում էին և կարդում տապանագիրը՝

Անդրեաս
որդի Դավթի և Մարիամի
Ժ

Թե ո՛րտեղից և ի՛նչպես Հովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Հովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, հափշտակությամբ և ներքին անիմանալի մղումով։

Նա տեսել էր եկեղեցում Քրիստոսի խաչելության արձանը, տեսել էր հրեշտակների արձաններ թևերով և սեռի՝ փոքրրիկ, վարդի կոկոնի նման թարմ նշաններով, տեսել էր նաև լեռան քաղաքի հին ամրոցում կոտրված արձաններ, երբեմն գլուխներ՝ առանց մարմնի, երբեմն մարմիններ՝ առանց գլխի, որոնք բոլորն էլ հավաքված էին մի մութ սենյակում։ Կային արձաններ և ամրոցի պատերի ու պարիսպների վրա, բարձր, էլի կոտրտված, աղճատված վիճակում։

Եվ ամեն անգամ, երբ Հովնաթանը տեսել էր այդ բեկորները, նրա մանկական հոգին խայտացել էր խոր ուրախությամբ, այդ խայտանքին հաջորդել էր ներքին, թաքուն մի դող, որն սկիզբն էր ստեղծագործության և որին բոլորովին անծանոթ էր նրա գիտակցությունը։

Եվ բրուտանոցում, բոլորից բացարձակապես գաղտնի, Հովնաթանը շինել էր ձեռքեր, գլուխներ, ոտներ, փոքր, շատ փոքր մեծությամբ և չէր համարձակվել ցույց տալ հորը կամ հորեղբայրներին, մինչև անգամ ցույց չէր տվել պապին, որն իրեն այնքան սիրում էր, որն իրեն անպայման կքաջալերեր անսահման չափով։ Բացի մարմնի այս մասերից, նա կավից սարքել էր մի փոքրիկ սայլ, ճիշտ նման իրենց սայլին՝ զույգ եզներով։ Հովնաթանը քանդակել էր նաև զանազան տեսակի պտուղներ, տերևներ, քանդակել էր Քրիստոսը՝ խաչի վրա։

Եվ ահա պատանի Հովնաթանը, ցնցված պապի մահվամբ, տոգորված նրան անմահացնելու բուռն տենչով, հանդգնեց քանդակել և նրա կիսանդրին։

Պապի կիսանդրիից հետո՝ Հովնաթանն սկսեց զբաղվել արձաններ շինելով այլևս համարձակորեն։

Նա չէր տեսել ոչ մի վարպետի ձեռք, նա չէր լսել ոչ մի վարպետի հրահանգ։ Նա մինչև անգամ կարծում էր, որ ոչ ոք աշխարհում կավից արձաններ չի շինել, այլ շինել էին ուղղակի քարից կամ բրոնզից, և որ կավից արձաններ քանդակելու գյուտը բացարձակապես պատկանում էր իրեն, որովհետև նա չէր տեսել արձանի ստեղծման ոչ մի պրոցես։ Ահա քարտաշն էլ շիրմաքարը ձևավորեց ուղիղ քարից։

Անվերջ քանդակելով՝ Հովնաթանն ըմբռնեց մարմնի ձևերը, հասարակ աչքերով աննշմարելի խորությունները, բարձունքները և ծավալները։

Պապի կիսանդրիից հետո՝ հայրն սկսեց ուշի֊ուշով հետևել որդու աշխատանքներին, նրա ամենափոքրիկ փորձերը խոր հրճվանքով էին լցնում նրան, բայց միաժամանակ մտածում էր. «Հովնաթանը եղավ տասնևութը տարեկան, ես և եղբայրներս հոգնած ենք, լավ կլիներ Հովնաթանն անցներ չարխի գլուխը, շիներ կուժեր, թասեր, գավեր և փարչեր»։

Մտածում էր Երեմիան, բայց ոչինչ չէր ասում Հովնաթանին, թողնելով, որ նա անի ինչ սիրտը կուզի։ «Դեռ ուժ կա ոսկորներիս մեջ, դեռևս կարող եմ աշխատել»,— ասում էր նա։

Բայց հորեղբայրները, որոնց որդիները կավն էին տրորում բոբիկ ոտներով, հնոցն էին վառում, ավազանների կավն էին բարձրացնում սայլերը, մեջքերով աղյուսները կրում՝ բողոքում էին, որ Հովնաթանը դատարկ բաներով է զբաղվում և չի աշխատում, որովհետև բրուտանոցը և ողջ բրուտային առևտուրը պատկանում էր բոլորին։

— Երեմիա,— ասում էին եղբայրները,— որդիդ անպետք է, գլուխ շինելը ո՞ւմ փորը կկշտացնի, աշխատել է հարկավոր, թող անցնի չարխի գլուխը։

Երեմիան չէր կարող ասել, որ Հովնաթանը անկարող է աշխատելու չարխի վրա, որովհետև նա երբեմն պտտեցնում էր պապի չարխը և հիանալի անոթներ շինում։

Երբ բողոքողները շատացան, և երբ Հովնաթանը տեսավ հորը խեղճացած այդ բողոքներից, անցավ պապի չարխի գլուխը, և նրա մատների տակ լպրծուն կավն ստացավ սքանչելի ձևեր։ Նրա շինած անոթները բոլորովին այլ ձև ունեին մյուսների շինածներից, նրա անոթներից յուրաքանչյուրն էլ տարբերվում էր մյուսից, նա չէր կրկնում ոչ մի ձև, բայց երկար չէր տևում, ձանձրանում էր, թողնում չարխը, քաշվում բրուտանոցի հեռավոր մի անկյունը և սկսում կառուցել մի զայրացած բռունցք, որ ցցվում էր դուրս կավի քաոսային զանգվածից, մի կռացած և հոգնած մեջք, մի գլուխ և այլն։

Նրա կերտած գլուխները նման էին իր գլխին, որովհետև գլխի ձևը վերցնում էր նա միայն իր գլխից, որը դիտում էր կոտրած հայելուց։

Քանի Հովնաթանի շինած անոթները հարգ էին ստանում շուկայում, հորեղբայրներն այնքան բարձրացնում էին բողոքը և պահանջում էին, որ Հովնաթանը չարխի վրա ոչ թե պատահաբար աշխատի, այլ արևածագից մինչև արևամուտը։

Բողոքում էին և հորեղբորորդիները.

— Հովնաթանը վերի արտի ցորե՞ն է, ի՞նչ է, մենք էշ ենք, իսկ նա ձի՞ է, ի՞նչ է։

Բողոքները դառնում էին անտանելի, մանավանդ երբ սկսվում էր քաղաքում կառուցումների շրջանը։

— Աղյուս են ուզում, Երեմիա,— ասում էր եղբայրներից մեկը,— իսկ Հովնաթանը չի աշխատում, ավելի լավ է իրարից բաժանվենք, մենք՝ մերը, դու՝ ձերը, եղբայրն էլի եղբայր։ Երեմիան բռնում էր Հովնաթանի գլուխը, աչքերը ձգում նրա աչքերի կապույտ լճակի մեջ և ասում.

— Հովնաթա՛ն, որդի՛, աղյուս են պահանջում։

Եվ Հովնաթանը, հուսահատ ու տխուր, վերցնում էր փայտե նախնական քառակուսի շրջանակը, բոբիկանում և արևածագից մինչև արևամայր աղյուս թափում։

Երեկոյան, երբ բոլորն ուտում էին թանե սպասը և վեր կենում, պառկում, քնում, Հովնաթանը, կտուրի վրա պառկած՝ իրիկնային հովից զովացած անկողնում, աչքերը հառում էր պաղպաջուն երկնքից կաթող աստղերին, աչքերը լցվում էին արցունքով։

Մայրը մոտենում էր որդուն, տեսնում նրա արցունքը, շոյում էր գլուխը և հարցնում.

— Հովնաթա՛ն, մատա՜ղ, ինչո՞ւ ես լաց լինում։

Հովնաթանը պատասխանում էր ինչպես հինգ տարեկան մանուկը.

— Ես աղյուս չեմ թափի։

— Հայրդ ծեր է, որդի՛, նրան պարտական ես օգնել։

Հովնաթանը նայում էր դեռ երիտասարդ մորը՝ լուռ և տխուր։

Եվ մայրը շփոթում էր կապույտ աչքերի արցունքը կապույտ երկնքի աստղի հետ։

Սառչում էին արցունքները, ինչպես մարած աստղերը, քունն իջնում էր Հովնաթանի հոգնած մարմնի վրա, մայրը հեռանում էր, համբուրելով արևից եփած նրա ճակատը։

Առավոտյան Հովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպես մարգարիտը փիրուզյա ֆոնի վրա, վազում էր բրուտանոց և սկսում էր սեփական աշխատանքը։

Կավի զովությունը խնդությամբ էր վառում նրա արյունը։

Հայրը գալիս էր բրուտանոց, մոտենում Հովնաթանին և դիտում նրա աշխատանքը։ Ահա մի ձեռք, որ դուրս էր ցցվել կավի մութ զանգվածից, երկու֊երեք անգամ ավելի խոշոր, քան բնական մեծությունը՝ ուռած երակներով։ Հայրը կարդում էր այդ ձեռքի վրա կես դարու չափ ֆիզիկական աշխատանք կատարող մի մարդու ողջ կենսագրությանը, պատկերում էր քամուց և արևից այրած նրա ճակատը, կոպտացած և կռացած նրա մեջքը։ Հայրն գլուխն օրորում էր ներքին հրճվանքով և միաժամանակ խոր տարակուսանքով, նա զգում էր, որ որդու աշխատանքը մի բան է, բայց ի՞նչ բան է, չէր կարողանում ասել։ Մի ժպիտ, հեզասահ առվակի նման, գալիս տարածվում էր նրա դեմքի վրա, և ինչ֊որ լուսավոր մի ալիք հոսում էր, նույնպես հեզասահ առվակի նման, նրա հոգու մթության մեջ։

Բայց բրուտանոց էին լցվում հորեղբայրներն ու հորեղբորորդիները և խոժոռ նայվածքներ էին նետում Հովնաթանին. նա շորով փաթաթում էր աշխատանքը, թողնում, մոտենում պապի չարխին, որ այլևս իրեն էր պատկանում։ Չարխը դառնում էր աշխույժ։ Հովնաթանի մատների տակ կավն ստանում էր նորանոր և ապշեցուցիչ ձևեր։

Բայց Հովնաթանին այրում էին մարմնի ձևերի այլազան գաղտնիքները։ Գիշերները նա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Հովնաթանին թվում էր, որ շնչում է կավը։ Մերկանում էր, վառում մոմը և մոմի օրորուն լույսով դիտում էր մարմինը և տեսնում էր, որ մարմնի ոչ մի կետ չի սառչում, այլ անվերջ փոփոխվում է. խորությունների և բարձրությունների անհուն մի ելևէջ, բայց երբ միևնույն մոմի լույսով դիտում էր ձևակերպած մարմնի մի մասը, գտնում էր, որ գոյություն չունի կենդանի մարմինը, ինքը ձևավորել էր մարմնի ընդհանուր երևույթը։

Երիտասարդ բրուտը, որ ձգտում էր քանդակագործ դառնալ, ոչ մի գաղափար չուներ մոդելի մասին, բայց զգում էր, որ եթե մեկը լինի և նրանից վերցնի մարմնի ձևերը, ավելի ճիշտ կլինի։ Մարմնի մասերը նա քանդակում էր իր մարմնից՝ հայելու մեջ նայելով, և Հովնաթանն զգում էր, որ դա բավական չէ։

ԺԱ

Եվ Հովնաթանը երկար ու չարչարալից երևակայությունից հետո, ինչպես մթնում պայծառացող տեսիլք, գտավ առկայծող ճրագը։

Մի երեկո, կտուրի վրա, մաքուր երկնքի տակ, այն ժամին, երբ մանուկները, պառկած զով և սպիտակ անկողին ներում, մի աստղ են մտքերում պահում, որ մյուսները գտնեն: Հովնաթանը մոտեցավ իր փոքրիկ եղբորը, շոյեց նրա գլուխը, որ նույնպես գանգրահեր էր, և ասաց.

— Ամենաշատը ի՞նչ ես սիրում, Դավիթ։

— Ձի,— պատասխանեց Դավիթը։

— Վաղը քեզ ձի նստեցնեմ։

Դավիթը թողեց աստղերի խաղը, փաթաթվեց պինդ մկաններով իր եղբորը՝ խելահեղ ուրախությամբ։

— Բայց առավոտյան կանուխ պիտի զարթնես, մի բան պիտի ասեմ՝ անես, կեսօրին քեզ ձի կնստեցնեմ։

— Կզարթնեմ,— խոստացավ Դավիթը։

Գիշերը, երբ աստղերը կախվեցին երկրի կտուրների և ծառերի վրա, իբրև արևի փշուրներ, օրորվեց Դավիթը ձի նստելու երազով և մանկական ջինջ երազում լսեց ձիու վրնջյունը։

Առավոտյան, երբ Հովնաթանը զարթեցրեց Դավթին, կապույտ լույս էր, առավոտյան սղոխն օրորում էր տերևները, ոչ մի շան հաչոց, միայն լսելի էր բնության շնչումը։

Հովնաթանը բաց արավ բրուտանոցի ծանր դուռը։ Մտան ներս։

– Ձին այստե՞ղ է,— հարցրեց Դավիթը։

– Ոչ,— ասաց Հովնաթանը և ժպտաց եղբոր միամտության վրա։

— Ապա որտե՞ղ է։

Հովնաթանը, առանց պատասխանելու գնաց, կավ բերեց, դարսեց իրար վրա բրուտանոցի հեռավոր անկյունում դրված իր կավակալի վրա։

— Դավիթ,— ասաց Հովնաթանը, ես ուզում եմ քեզ քանդակել, շորերդ հանիր և այստեղ կանգնիր։

Դավիթն իսկույն հնազանդվեց։

Հովնաթանն սկսեց քանդակել։ Աոաջին անգամն էր, որ մարդու մարմնի կենդանի ձևերը հայտնաբերվում էին իր աչքերի առաջ։ Քանդակում էր նա արագ և հափշտակված։

Դավիթը, մերկ և անշարժ, մրսում էր բրուտանոցի ցուրտ խոնավությունից, բայց Հովնաթանը չէր զգում այդ։ Դավիթն ինքն էլ չէր անդրադառնում, որովհետև ապշահար և զմայլագին դիտում էր ձևավորվող կավը։ Հանկարծ բախվեց բրուտանոտի դուռը։

— Հագի՛ր,— ասաց Հովնաթանը և ինքը թաց շորով ծածկեց կավը ու բաց արավ դուռը։

Ներս մտան հայրը և հորեղբայրները։ Երեմիան զարմացավ՝ տեսնելով Դավթին բրուտանոցում բրուտներից առաջ։

— Ինչո՞ւ ես եկել,— հարցրեց հայրը։

— Ձի պիտի նստեմ,— պատասխանեց Դավիթը կերկերուն ձայնով, որովհետև դեռևս դողում էր նրա ծնոտը ցուրտ խոնավությունից։

Հովնաթանը կատարեց խոստումը։

Կեսօրին նստեց նա ձին, կռացավ, բռնեց Դավթի թևից, բարձրացրեց, նստեցրեց իր առաջը, պինդ գրկեց և խթանեց ասպանդակներով։ Ձին թռավ աշնան վարած արտերով, որ կարմիր էին, փխրուն և հոտավետ։

Դավթին թվաց, որ իր լսած հեքիաթներից մեկումն է. ահա հեքիաթի նժույգը, ինքը վրան, թևերը բացած, կուրծքն ուռած քամուց, կայծակնաբիբ աչքերով, սլանում է, և ահա կհասնեն ամպերին, կմխրճեն իրենց գլուխներն ամպերի սպիտակ կույտերի մեջ։

Եվ ամեն առավոտ, կապտավուն լույսին, Հովնաթանը և Դավիթը բաց էին անում բրուտանոցի ծանր դուռը, մտնում ներս և սկսում աշխատանքը։

Բարձրանում էր և հետզհետե ձևավորվում մի հասակ՝ առույգ ու թեթև։

Վերջին օրը, երբ Երեմիան տեսավ մանկան արձանը, իր սեփական մանկան, սեփական որդու ձեռքով կերտված, նայեց Հովնաթանին, և աչքերը լցվեցին արցունքով։ Երկար ժամանակ էր նրա աչքերը, այրված արևից, քամուց և հնոցի բոցից, չէին զովացել այսպիսի արցունքներով։ Վաստակավոր բրուտին թվաց, որ վերադարձան իր երիտասարդության օրերը, նրա ռնգունքները լայնացան կավի հին և զգլխիչ բույրից։

Հովնաթանը չհասկացավ հոր արցունքների իմաստը։

— Ինչո՞ւ ես լաց լինում, հա՜յր,— հարցրեց։

Անդրեասի որդին չպատասխանեց. դիտեց Հովնաթանի հասակը և օրորեց գլուխը։

— Հավատ չունես, հա՛յր,— ասաց Հովնաթանը։ — Հավատ ունեմ, որդի՛, դրա համար էլ լաց եմ լինում։

Հովնաթանը հասկացավ հոր արցունքների իմաստը և փաթաթվեց նրա վզովը։

Դավիթը ոչինչ չէր հասկանում, նա միայն դիտում էր իրեն կավի մեջ, աչքերը հառելով իր արության կոկոնին, որ շուտով պիտի ծաղկեր և պտուղ
պիտի տար։
ԺԲ

Գարունը երկար էր տևում, բայց ամառը վրա էր հասնում հանկարծակի, մեկ օրից մյուսը դաշտում շարժվում էր օդն ալիք֊ալիք, շները, շվաքի տակ անգամ, լեզուները ձգում էին դուրս և հևոցով շնչում, ծառերի և խոտի կանաչը մուգանում էր, կարծես արևը մոտիկանում էր երկրին։

Եվ մի օր, ամառվա սկզբներում, միջօրեի կիզիչ արևի տակ, Հովնաթանը տեսավ իր քրոջը, Մարգարիտին, որ լողանում էր վերի ավազանում, որի գլխավերևում հանգչում էր պապը։

Մարգարիտը տասնվեց տարեկան էր, իրենից մի քանի տարով փոքր։ Հովնաթանը և Մարգարիտը, այդ միևնույն ավազանում, միասին շատ անգամ էին լողացել, բայց վերջին տարիները բաժանվել էին իրարից բնազդորեն։

Ավազանի ջուրը զուլալ էր, ջինջ, ինչպես արցունքը, նրա ալիքների տակ շողշողում էր Մարգարիտի մարմինը, ինչպես լուսնի ցոլքը։

Մարգարիտը, տեսնելով եղբորն ավազանի թմբի վրա, ամոթից սուզվեց ջրի մեջ, բայց երկար չդիմանալով՝ բարձրացավ վեր, կուչ եկավ ջրի մեջ՝ ձեռքերով անդադար խփելով ջրին, որպեսզի չսուզվի։ Հովնաթանր չէր հեռանում, ապշահար կանգնել էր թմբի վրա։

— Հովնաթա՛ն, գնա՛, հեռացի՛ր։

Հովնաթանը հեռացավ։

Նա գնաց, հասավ դաշտի մեծ խոտերին, նստեց նրանց ետևում և այնպես արավ, որ չտեսնի քրոջը։ Խոտն օրորվում էր կեսօրվա մեղմ և քաղցրաբույր քամուց, դիպչում նրա մազերին ու երեսին։

Հովնաթանն սկսեց մտածել. Մարգարիտն այն աղջիկը չէր, որի հետ այնքան լողացել էր։ Նա փոխվել էր բոլորովին։ Մանկությունից ոչինչ չէր մնացել, կարծես մի օտար, անծանոթ աղջիկ էր, որ պատահաբար ընկել էր իրենց ավազանը։ Նրա ստինքները, դողահար՝ ջրի զովությունից, կարծես թռչում էին ջրից դուրս, մարմինը լցվել էր, կլորացել, ոսկորների ոչ մի հետք չէր երևում։

Եվ Հովնաթանը մտադրեց քանդակել քրոջը։

Արդյո՞ք կհամաձայներ Մարգարիտը։ Այո՛, Մարգարիտը եղբորը ոչինչ չէր մերժի։ Եվ բոցավառվեց Հովնաթանի երևակայությունը, նրան պատեց ստեղծագործության մի նոր և անօրինակ դող, մի աննախընթաց սարսուռ։

Հանկարծ լսեց ջինջ և զիլ մի ձայն.

— Հովնաթա՜ն… Հովնաթա՜ն…

Հովնաթանը գլուխը բարձրացրեց խոտերի միջից և տեսավ քրոջը, որը եղնիկի թեթևությամբ վազում էր իրեն։ Հովնաթանն ընդառաջեց նրան, և նրանք գիրկընդխառնվեցին։

— Մարգարի՛տ,— շշնջաց Հովնաթանը,– արի՛ քեզ տանեմ բրուտանոցը և մի բան ցույց տամ։

Մարգարիտը բռնեց իր գանգրահեր և կապուտաչյա եղբոր ձեռքը, և նրանք քայլեցին դեպի բրուտանոցը։

Մարգարիտի մազերից քամվում էր ջուրը, գալիս հասնում էր ծամերի ծայրին, կախվում՝ ինչպես ցողը խոտից ու տերևից, և կաթում կրծքի և ուսերի վրա։

Երբ նրանք բրուտանոց հասան, ոչ ոք չկար, բանթող էր, որովհետև ղողանջում էր մատուռի իրիկնային զանգը։

Բացվեց բրուտանոցի ծանր դուռը։

Մարգարիտը դողդոջուն քայլերով մտավ ներս։ Նա դողում էր և՛ իրիկնային զովությունից, և՛ ինչ֊որ անծանոթ վախից։

Բրուտանոցի դուռը բացած ժամանակ Մարգարիտը նայեց եղբոր աչքերին և նրան թվաց, որ երկու փոքրիկ կանթեղներ են վառվում նրա սև ու խիտ հոնքերի տակից։

Երբ նրանք կանգնեցին Դավթի սքողված արձանի դիմաց, Մարգարիտը շշնջաց.

— Հովնաթան, վախենում եմ։

— Ինչո՞ւ։

— Չեմ իմանում։ Հովնաթանը ժպտաց։

Այս ժպիտը սրտապնդեց տասնևվեց տատեկան աղջկան։ Տասնևվեց տարեկան աղջիկը ո՛չ կին է, ո՛չ աղջիկ։ Այդ տարիքի աղջկա ներքին էությունը տարտամ է, անորոշ զգացումների մեջ տարուբեր, մեկ կին է, մեկ՝ աղջիկ։ Ահա լսում է նա մի ձայն, դյութիչ մի ձայն, բայց չի իմանում, թե որտեղից եկավ, կարծես մեկը դիպչում է իրեն, ընդոստ ետ է դառնում, խռովահույզ և սրտատրոփ. ոչ ոք չկա, արդյոք քամի՞ն էր, որ թափահարեց և անցավ։ Դա մի անիմանալի խաղ է, որ շարունակվում է՝ մինչև աշխարհը մերկանա նրա առաջ, մինչև պատռվի թանձր քողը, մինչև ծագի կյանքի արեգակը և արյունախինդ սրերով պատառոտի այն մութ գիշերը, որ արհավրալից բարձրանում է յուրաքանչյուր աղջկա հոգու և սրտի դիմաց։

Հովնաթանը քաշեց շորը կավի վրայից։ Մարգարիտը ճչաց և փաթաթվեց եղբորը։

— Դավի՜թն է։

— Այո՛, Դավիթն է։

Հովնաթանը նրան պտտացրեց արձանի բոլորտիքը և դիտեց քրոջ հետզհետե պայծառացող աչքերը։ Նրա վախի տեղատվության հաջորդեց ուրախության և վստահության մի բարձր մակընթացություն։

— Մարգարիտ, ուզում եմ քեզ էլ քանդակել։

— Այսպե՞ս։

— Այո, այսպես։

— Հայրիկը, մայրիկը…— շշնջացին քրոջ վարդագույն շրթունքները։

— Ոչ ոք չի տեսնի, առավոտները, աշխատանքից առաջ, կիրակի օրերը. հետո՝ դու իմ քույրն ես։

— Դու իմ եղբայրն ես,— ասաց Մարգարիտը և գրկեց եղբորը։

Երբ Հովնաթանը փակեց բրուտանոցի ծանր դուռը, արեգակի վերջին շողերը հեռանում էին դաշտի բարձրաբերձ ծառերի գագաթներից, կտուրների կարմիր կղմինդրներից, իսկ արևմտյան երկնքից մաղվում էր անթեղված կրակների մանիշակագույն մոխիրը։
ԺԳ

— Երկու օր էլ, ու կվերջացնեմ քո արձանը, Մարգարիտ,— ասաց Հովնաթանը և շորը քաշեց կավի վրա։ Նրան թվաց, որ լուսինը փաթաթեց ցեխոտ փալասի մեջ։

Նրանք դուրս եկան բրուտանոցից։

Քիչ անց՝ Երեմիան եկավ բրուտանոցը, թեև կիրակի էր և աշխատանքի օր չէր, նա մոռացել էր ջրել կավի մի խոշոր կույտ, որը հարկավոր էր առավոտյան աշխատանքի համար։

Երբ Երեմիան ջրեց կավը և ծածկեց մեծ ու թաց սավանով, ցանկացավ նորից տեսնել իր փոքրիկ Դավթի արձանը։ Նա շորը քաշեց արձանի վրայից և մի պահ ապշահար կանգ առավ։ Ո՞վ էր այդ անամոթ աղջիկը, որ մերկացել էր իր որդու աոաջ և թույլ էր տվել նրան, որ օրերով դիտեր իր մարմնի յուրաքանչյուր ծալքը։

«Թերևս երևակայությամբ է քանդակել»,— մտածեց Երեմիան, բայց ո՛չ, այնքա՛ն կենդանի էր իր աչքերի առաջ բարձրացած մերկ մարմինը։ Նա դարձավ դեմքի կողմը և հանկարծ ճանաչեց անամոթ աղջկան։ Արյունը վայրկենապես խուժեց Երեմիայի գլուխը։ Նրա դեմքը և ականջները կարմրեցին, աչքերը կարծես պատրաստ էին արյուն կաթելու, իսկ մարմինն ամբողջ դողում էր զայրույթից։

Եվ հանկարծ ամեն ինչ մշուշվեց նրա աչքերի առաջ և ձեռքերը, ինչպես զոհի վրա հարձակվող ոճրագործի ձեռքերը, շարժվեցին կատաղությամբ։ Մի հարվածով այլանդակեց գլուխը, սեղմեց կրծքերը և տափակեցրեց, կոտրեց թևերը և թևերի կավով ծածկեց իր անամոթ աղջկա մերկությունը, տրորեց մարմնի բոլոր մասերը, վերածեց ամեն ինչ քաոսային զանգվածի, ապա փաթաթեց շորով և սկսեց քայլել դեպի դուռը։ Ձեռքը երկարեց դռան՝ բաց անելու, բայց հանկարծ սկսեց լաց շինել մանուկի նման։ Նա զգում էր, որ խորտակել էր մի ամբողջ կյանք, բայց զգում էր նաև, թե ինչու չկարողացավ զսպել իրեն։

Երբ եղբայրները մտան բրուտանոցը, գտան Երեմիային տխուր ու մռայլ, կարծես նրա աչքերի առաջ դրված լիներ մի թանկագին հարազատի դագաղը։

— Երեմիա, ինչո՞ւ տխուր ես,— հարցրեց եղբայրներից մեկը։ — Տխուր չեմ, շատ ուրախ եմ,– ասաց Երեմիան և ցավագին ժպտաց։

Ապա նա վեր կացավ և մոտեցավ չարխին, ոտներն սկսեցին շարժվել համաչափ ռիթմով, ինչպես կես դարուց ավելի։ Մի քանի անոթ ձևավորելուց հետո՝ նայեց պապի չարխին և տեսավ Հովնաթանին, որ աշխատում էր, շինում էր մի բարձր ջրաման, որ շատ նման էր մարդկային հասակի։ Երեմիայի ձեռքերը թուլացան՝ տեսնելով Հովնաթանի անդորրությունը և անգիտակցությունը կատարված ոճրի։

Բանթողին Հովնաթանը մոտեցավ հորը, միամիտ և անգիտակ, բայց հայրը չկարողացավ նայել որդու աչքերին։

Հաջորդ առավոտը Հովնաթանը և Մարգարիտը սողոսկեցին բրուտանոցը։

Հովնաթանը բաց արավ շորը, ճչալով գրկեց արձանի ծամածռված ոտները՝ ճակատը հանգչեցնելով թաց կավին։

Մարգարիտը վազեց դեպի եղբայրը, բռնեց նրա գլուխը, սեղմեց կրծքին և հարցրեց.

— Ո՞վ է արել։

— Հայրի՜կը,— շշնջաց Հովնաթանը և թափեց արցունքները կավի վրա։

Լռության մեջ լսվում էր եղբոր և քրոջ հեկեկանքը։

— Գնա տուն,— ասաց Հովնաթանը քրոջը։

Մարգարիտը սկսեց քայլել՝ գոգնոցով սրբելով արցունքները։

Հանկարծ Հովնաթանը կանչեց.

— Մարգարի՛տ։

Քույրը ետ դարձավ։

— Ես քեզ չեմ տեսնելու, մնաս բարով։

— Հովնաթա՜ն,— հեկեկաց Մարգարիտը։

— Համբուրիր Դավթին և մայրիկին։

Մարգարիտը շտապեց տուն, զգուշանալով, որ հայրը չտեսնի իրեն։

Հովնաթանը վեր կացավ, դանդաչյունով քայլեց դեպի դուռը, նստեց դռան ետևը՝ գլուխն առնելով երկու ձեռքերի մեջ։

Բացվեց բրուտանոցի դուռը։

Հովնաթանը գլուխը բարձրացրեց և տեսավ հորը։ Հայրը ոչինչ չասաց և քայլներն ուղղեց դեպի չարխը։ Հովնաթանը ձայնեց.

— Հայրի՛կ…

Երեմիան կանգ առավ։

— Ես գնում եմ օտար երկիր,— ասաց Հովնաթանը ոտքի կանգնելով։

— Գնա՛, ինձ հարկավոր չէ անամոթ որդի,— կարճ կտրեց Երեմիան։

Հովնաթանը քայլեց դուրս։

Երեմիան մոտեցավ չարխին, դրեց կավը առաջը, նստեց, բայց ոտը չշարժվեց, մատները կապարացան։ Նրան ահավոր կերպով մտահոգում էր գանգրահեր և կապուտաչյա որդու ճակատագիրը։

«Օտա՜ր երկիր…»։ Երեմիան ցնցվեց, խորասուզվեց մտքերի մեջ և, հանկարծ, վեր կացավ, վազեց տուն, եղելությունը պատմեց կնոջը՝ այն խորագույն հուսով, որ կինը կմիանա իրեն, և ինքը կգտնի իր մխիթարությունը։

— Ոչ մի անամոթություն չկա, եղբայր և քույր են,— ասաց Հովնաթանի և Մարգարիտի հարազատ մայրը։

— Լռի՛ր, կին,— կշտամբեց Երեմիան,— ճիշտ է ասած Սուրբ գրքում — ամենայն կին բոզ է։

Լինը լռեց, երկնքի կրակը կարող էր թափվել իր գլխին։

— Գնում է՝ թո՛ղ գնա,— վերջացրեց հայրը, բայց լսեց իր սեփական հոգու հեկեկանքը։

— Ո՞ւր է Դավիթը,— հանկարծ հարցրեց նա։

Կանչեցին Դավթին։

— Առ այս մի քանի ոսկին, գնա, նստիր մեծ ճանապարհի ծայրին, Չոր Աղբյուրի մոտ. Հովնաթանը որ գա, տուր նրան և ասա՝ բարի ճանապարհ։

— Ես էլ գնամ,— աղաչեց մայրը։

Երեմիան միայն աչքերը խոլորտեց կնոջ վրա։ Կինը լռեց և փակչեց պատին։ Տղամարդու խոսքն օրենք էր, և օրենքը հաստատել էր ինքը՝ աստված։

Մարգարիտը լսում էր այդ բոլորը վարագույրի ետևից։ Երբ Դավիթը դուրս ցատկեց վազելու դեպի մեծ ճանապարհը, Մարգարիտը կտրեց նրա առաջը և ասաց.

— Դավիթ, սպասի՛ր, ես էլ եմ գալիս։ Մարգարիտն իջավ ներքնահարկը, վերցրեց Հովնաթանի սպիտակեղենները, ծրարեց, դուրս եկավ և ասաց.

— Գնանք, Դավիթ։

— Համբուրիր նրա կապույտ աչքերը,— շշնջաց մայրը Մարգարիտին։

Չոր Աղբյուրը հին մի կառուցում էր. նրա ջուրը վազելիս է եղել առյուծի և վագրի բերաններից, որոնք դեռ մնացել էին գրեթե անվթար, միայն անժամանակ թվականներից ի վեր ավերվել էր աղբյուրի ակը, և ոչ ոք, ոչ մի իշխող չէր մտածել վերանորոգել և կենդանացնել այն։ Ժամանակի ընթացքում առասպել էր հյուսվել նրա շուրջը։ Ասում էին, որ գիշերները, ամեն գիշեր, միայն մի ակնթարթ, վազում է ջուրը և կտրվում է, եթե որևէ մեկը հասնի այս վայրկյանին և խմի հոսող ջրից, անմահ կլինի։ Ոչ ոք, անժամանակ թվականներից ի վեր, չէր հասել այդ ակնթարթին, մինչև անգամ նրանք, որոնք գնացել էին մայրամուտին և սպասել մինչև լուսաբաց, չէին կարողացել ըմպել հոսող ջրից, որովհետև քնով էին անցել, և անմահության ակնթարթը թռել էր։

Մարգարիտը և Դավիթը հասան Չոր Աղբյուրը և նստեցին կամարից ընկած մի սրբատաշ և հնաբույր քարի վրա։

Հովնաթանը, որի ճակատի վրա իջել էր թախիծը, ինչպես թանձր փոշին, այդ ժամին, նստած Դավթի որդի Անդրեասի շիրմաքարի վրա՝ շշնջում էր.

— Պա՜պ, դու պատվիրեցիր, որ ոչ ոք չհեռանա այս ազնվագույն կավից, բայց ես հեռանում եմ, կավը բարի է և ստեղծարար, բայց մարդիկ չար են և խավար։ Ների՛ր ինձ, պա՜պ, ես վերցնում եմ մի ափ կավ և դնում եմ կրծքիս վրա. թող դա լինի կապը իմ հոգու և այս հողի ու լուսավորի իմ ճանապարհը։

Հովնաթանի մթին, մռայլ արցունքները կաթեցին Դավթի որդու շիրմաքարի վրա, ինչպես անձրևի առաջին մի քանի կաթիլները։

Հովնաթանը մի քիչ էլ սպասեց, սպասեց լսելու պապի ձայնը, բայց ոչ մի շշուկ, միայն սղոխն էր անցնում դաշտից մեղմությամբ ու քաղցրագին, և ծփում էր խոտն ու խշշում էին տերևները, և որոնց խաոնվում էր Հովնաթանի հեկեկանքը։ Եվ նրա քայլերն ուղղվեցին դեպի մեծ ճանապարհը։

Մայրամուտից առաջ նա հասավ Չոր Աղբյուրը, որտեղ նրան դիմավորեցին Մարգարիտը և Դավիթը։

Հովնաթանը կանգ առավ՝ տեսնելով եղբորը և քրոջը։ Նա խոսեց նրանց հետ, բայց աչքերը հառել էին հեռո՜ւ, հեռո՜ւ։

— Հայրիկը տվեց այս ոսկիները, որ ճանապարհին ծախսես,— ասաց Դավիթը։

— Այս էլ քո սպիտակեղենները,— ասաց Մարգարիտը։

Հովնաթանին թվաց, որ մի վայրկյան վերակենդանացավ դարերով չորացած աղբյուրը և կարկաչեց մեղմ ու գորովագին։

Հովնաթանը գրկեց քրոջը, համբուրեց և ասաց.

— Արթո՛ւն եղիր, որ քո մարմինը չխոշտանգեն կյանքում, այդ մարմինը ոչ մի ժամանակ այնպես սրբությամբ չի օգտագործվի, որքան ես օգտագործեցի իմ կավի համար, զգո՛ւյշ եղիր կյանքից, քո՛ւյր։

Մարգարիտը ոչինչ չպատասխանեց և թափեց դառնագույն արցունքներ։ Մթնշաղ էր արդեն, երկնքում բացվում էին աստղերը։ Հովնաթանը, տեսնելով քրոջ արցունքները, մտածեց, որ այդ արցունքները կթռչեն դեպի երկնքի բարձունքները, և այդ գիշեր կավելանա աստղերի թիվը։

Ապա Հովնաթանը համբուրեց իր փոքրիկ եղբորը, շոյեց նրա գանգրահեր գլուխը, ոսկիները դրեց գրպանը, սպիտակեղենների ծրարը նետեց ուսին, ինչպես մաղախը ճամփորդի, և շարունակեց ճանապարհը առանց ետևը դառնալու։

Մարգարիտը և Դավիթը Հովնաթանին հետևեցին աչքերով՝ մինչև ճանապարհը թաղվեց արտերի կանաչում և էլ չերևաց Հովնաթանը։

Նրանք տուն հասան, երբ լիալուսինը, ինչպես արյունաթաթավ գլուխը մարտիրոսի, բարձրանում էր լեռան քաղաքի հին ամրոցի պարիսպների ետևից։

Նրանց վերադարձով խզվեց տան լռությունը։

Մայրը վեր կացավ, մի քանի կրակ դրեց խնկամանի մեջ և մի քանի պտղունց խունկ նետելով վրան՝ ման ածեց տան բոլոր անկյունները։

Խնկի հոտը բարձրացավ օղակ առ օղակ, լցրեց տունը մեռելային բույրով։ Լռության և մթության մեջ լսվում էր Երեմիայի հեկեկանքը, աղեխարշ և միալար։

ԺԴ

Հովնաթանը գնաց, և ոչ մի լուր չեկավ նրանից։

Մայրը երգ կապեց նրա վրա, երգեց և լաց եղավ։

Հայրը ամեն անգամ պապի չարխը դատարկ տեսնելուն, թափեց արցունքներ՝ ձևավորված անոթների վրա։

Մարգարիտն ամուսնացավ և կորցրեց իր մարմնի վարդը։

Դավիթը մեծացավ, չսիրեց բրուտանոցի աշխատանքը և մտավ առևտրական ասպարեզ։

Եվ մի օր, երբ Երեմիան, չարխի վրա նստած՝ մի փարչ էր ձևավորում, ձեռներն ու ոտները հանկարծ կանգ առան, ճգնեց վերջին լարումով շարունակել աշխատանքը, բայց չկարողացավ. նրան գրկեցին, դրին սայլի վրա և տարան տուն։

Տան շեմքից լսեց նա գանգրահեր և կապուտաչյա որդու դժբախտ մոր լացը և երգը։

Պառկեցրին նրան անկողնում, և Անդրեասի որդի Երեմիան, առանց ցնցումների, առանց մահվան սարսափի, փակեց աչքերը լռությամբ ու խաղաղությամբ։

Նրան թաղեցին պապի կողքին։

Երեմիայի մահից մի տարի անց՝ մեռավ Երեմիայի կինը, երբ մի երեկո, ըստ երկար ժամանակի սովորության, խունկ էր ծխում և երգում որդու վրա կապած երգը։

Դավիթը քաղաքում չէր, նա գնացել էր հարավային երկրներ՝ ապրանք բերելու։

Վերադարձին նա գտավ ծնողներին հանգչած վերի ավազանի գլխին, պապի կողքին։ Նա խաչ հանեց և մի քանի կաթիլ արցունք թափեց ու հիշեց Հովնաթանին, որի կարոտը քայքայեց ծնողներին։

Դավիթն այլևս չուզեց մնալ այդ աշխարհում, վաճառեց ունեցվածքը, գաղթեց դեպի հարավ, որովհետև այնտեղ նրան դյութել էր մթին գույնով մի բոցավառ աղջիկ։

Գնալիս համբուրեց իր մեծ քրոջը և ասաց.

— Գերեզմաններին լավ մտիկ տուր։ Մարգարիտը հարցրեց նրան.

— Եթե Հովնաթանը վերադառնա՝ ի՞նչ ասեմ։

— Նա չի վերադառնա,— պատասխանեց Դավիթը հուսահատ։

— Կվերադառնա՛,— ասաց Մարգարիտը խորագույն հավատքով:

Եվ բաժանվեցին քույր ու եղբայր։ Երբ գարուններին բարձրանում էին հեղեղները, Մարգարիտը հոգածությամբ հողը վրա էր տալիս գերեզմանների կողքերին, որպեսզի հանգստարանները մնան անվրդով և չխռովվի նրանց տակ ննջող բրուտների հավիտենական սավառնումը:

ԺԵ

Եվ մի օր մի կառք կանգ առավ Անդրեասի որդի Երեմիայի հին տան դռանը։

Կառքից իջավ մի չափահաս մարդ, ծամերի մեջ արդեն սպիտակ ալիքներով, ընտանի քայլերով մոտեցավ դռանը և բախեց դռան երկաթը երեք անգամ, ըստ վաղեմի սովորության։

Դուռը բաց արավ մի անծանոթ կին։

Չափահաս մարդը, տեսնելով անծանոթ կնոջը, ամեն ինչ հասկացավ — հին տունն անցել էր օտարների ձեռքը։

— Որտե՞ղ են այս տան հին բնակիչները,— հարցրեց նա անծանոթ կնոջը։

Կինը խաչակնքեց։ Առանց խաչակնքելու չէր կարելի հիշել անցածներին։

— Որտե՞ղ է Դավիթը։

— Հարավի աշխարհում։

— Իսկ Մարգարի՞տը:

— Նա այժմ կինն է մետաքսագործ Գրիգորի, որդի Թադևոսի։

— Որտե՞ղ է նրա տունը։

— Ներքևի թաղի կամարակապ աղբյուրի ճիշտ դիմացը։

Նորեկը հեռացավ խոնարհություն անելով։

Փողոցներից անցնելիս՝ ոչ ոք չճանաչեց նրան։ Երեխա ների մի բազմություն քայլում էր նրա ետևից՝ հափշտակված օտարական մարդու տարազից, մանավանդ հարդյա լայնեզր գլխարկից։

— Մարգարի՜տ…

— Հովնաթա՜ն…

Մարգարիտը գրկեց Հովնաթանի գլուխը, սեղմեց իր տաք կրծքին, ինչպես մանկանն իր առաջին, համբուրեց երկար, թափեց արցունքներ ջինջ, աստղային մաքրությամբ։ Արցունքը ջինջ է, երբ թափվում է ուրախության համար, որովհետև նա բխում է լուսավոր և զով հատակից։

Երբ քույրն համբուրում էր եղբոր գլուխը, քրոջ մանուկները փաթաթվեցին Հովնաթանի սրունքներին, նրանցից մեկը մինրև անգամ մագլցեց նրա ուսը։

Մանուկները լսել էին Հովնաթանի անունը, բայց ոչ ոք չհայտնեց նրանց, թե ահա եկել է մորեղբայրը, նրանք այդ զգացին բնազդով, և նրանց արյունը, մոր արյան նման, ոստոստեց երակներում։

ԺԶ

Հաջորդ առավոտյան Հովնաթանը բռնեց Մարգարիտի ձեռքը, և նրանք գնացին վերի ավազանը՝ տեսնելու պապի, հոր և մոր գերեզմանները։

Մինչև գերեզմանները Հովնաթանը հարցրեց Մարգարիտին.

— Ի՞նչ եղան հորեղբայրները։

— Հորեղբայրները մեռան, ինչպես հայրիկը, որդիները դեռ աղյուս են թափում, տե՛ս այն հնոցի ծուխը, նրանց հնոցն է, որ վառվում է, իսկ մենք օտարականներ ենք գրեթե, երբեմն հանդիպում եմ մեկնումեկին փողոցում և բարևում։

— Հորեղբայրներն ինձանով չհետաքրքրվեցի՞ն երբևիցե։

— Հիշում եմ, մի անգամ մեծ հորեղբայրը հարցրեց՝ ի՞նչ լուր անպետք տղայից, չպատասխանեցի։

Հովնաթանը ցավագին ժպտաց։

Հասան վերի ավազանը։ Հովնաթանը վարդեր դրեց շիրմաքարի վրա, նայեց իր քանդակած և թրծած պապի արձանին, որ փշրվելով ավելի էր այլանդակվել, ծիծաղեց հոգում և բարձրացավ ավազանի թմբի վրա: Ավազանում ջուր չկար, հատակում, առավոտյան արևի շողերի տակ, փայլում էին ազնվագույն կավի հետ խառն զանակները: Հովնաթանը նայեց նորից այդ կավին, և նրա հոգին դողաց ստեղծագործության աննախընթաց տենչով, իսկ Մարգարիտը, կանգնած կողքին, հիշում էր այն օրը, երբ ինքը լողանում էր, և Հովնաթանր տեսավ իրեն, հիշում էր այն օրվա ջրի զովությունը և զգում էր ջրի կաթիլները, որ կաթում էին ծամերից` կրծքի և ուսերի վրա։

Նրանք իջան թմբից ներքև, Հովնաթանը նստեց պապի շիրմաքարի վրա և խոսեց այսպես.

— Դու պատվիրեցիր մեզ, որ մենք, պա՛պ, չբաժանվենք այս կավից. ես բաժանվեցի, բայց կրծքիս վրա միշտ կրելով այս կավից մի ափ, նա խփում էր իմ կրծքին, և ես միշտ սարսռում էի նրա ջերմությունից. ահա վերադարձել եմ, պա՛պ, այս կավի կարոտով, իմ էությունը վառվում է այժմ այս կավի բույրով, այս կավի անիմանալի և անքննելի ջերմությամբ։ Պա՛պ, ես կուրծք տվի աշխարհի երկաթյա հողմերին, ապրեցի կյանքի բոլոր հուզումները, իջա կյանքի հատակը, լսեցի ամենից աղեխարշ կանչը կյանքի, ապրեցի և վերապրեցի մարդկության ողբերգությունն ու կատակերգությունը: Պա՛պ, մարդկության ազնվագույն մեծամասնությունը տառապում է թշվառությունից։ Աշխարհի խորագույն ողբերգությունը ոչ թե մահն է, այլ կյանքի թշվառությունը։ Եվ թշվառությունը ծնեցնում է ազնվագույն ատելությունը, զրահապատում է հոգին, դարձնում է մարդուն ըմբոստ և դյուցազն: Ես լսեցի, որ թշվառությունը բարձրացել է և այս հին երկրում։

Հովնաթանն այլևս չշարունակեց, որովհետև նրա կապույտ աչքերը լցվեցին արցունքով։

Մարգարիտը բռնեց նրա ձեռքը և ցույց տվեց նրան քաղաք տանող արահետը։

Արահետը եզերված էր բարձր խոտերով, մասրենիների թփերով և վայրի դեդին վարդերով։ Նրանք քայլեցին այդ արահետով լուռ ու մտախոհ։

Հանկարծ հարցրեց Մարգարիտը. — Որտեղ էիր ապրում այսքան երկար տարիներ և ի՞նչ էիր անում։

Հովնաթանը, նստելով մի քարի վրա և նստեցնելով Մարգարիտին իր կողքին, ասաց.

— Ես ապրում էի արևմտյան մի երկրում։ Այդ երկիրը, երկարավիզ կոշիկի նման, մխրճված է կապույտ և մեծ ու հին մի ծովում։ Այդ երկրում ծաղկում են լիմոնն ու նարինջը, աճում է ձիթենին, աճում է և հալվեծառը, և խաղողի ողկույզը կախվում է որթատնկից` ինչպես ստինքն աղջկա հասակից, քաղցրանում է հնդկաթուզը, բարձրանում և պտուղ է տալիս արմավենին` ինչպես արաբական աշխարհում, բամբակի կնգուղն օրորվում է հարավի տաք քամուց, կարմրում է նուռը՝ ինչպես արյունալի շրթունքը, իսկ երկրի հյուսիսային լեռներում մթնում են կաղնու և մշտադալար մայրիների անտառները: Հյուսիսային բարեխառն գոտու մեջ երկարած այդ հին երկիրն օժտված է արևադարձային հարուստ բուսականությամբ: Կանայք ունեն աչքեր՝ ինչպես երկրի լիմոնը, աչքեր՝ ինչպես ծովը, աչքեր՝ ինչպես երկրի ձիթապտուղը և ծամեր՝ ինչպես նարինջը և ծամեր՝ ինչպես ածուխը, հասակ ունեն նրանք՝ ինչպես սոսին, և մարմինները ճկուն են՝ ինչպես ծովի ալիքները: Ծովի վրա գոնդոլներն են սահում, և գոնդոլների կուրծքն ուռչում է երգով, երկիրն ամբողջ երգ է և ծափ։

Եվ արևադարձային այդ երկրում կառուցված են մարմարյա քաղաքներ։

Ես ապրում էի մարմարյա այդ քաղաքներից մեկում: Հին քաղաք է դա, ավելի հին, քան մեր ամենահին մագաղաթը։ Այս քաղաքի յուրաքանչյուր մարմարե բեկորը կապված է առասպելական էպիկական դարերի հետ։ Երբ քամին վազում է ծովից և բերում է նոր, թարմագույն օրերի բուրումը և խառնվում հին քարերի բույրին, կյանքը դառնում է զգլխիչ մի երազ, աստղերն իջնում են ծովը, և երկիրը, հին այդ երկիրը, թրթռում է ծովի ու երկնքի միջև՝ իբրև մի մեծ քնար և յուրաքանչյուր թուփ, յուրաքանչյուր քար և խոտի յուրաքանչյուր շյուղ շնչում է ու երգում, ինչպես մարդկային սիրտը։

Իսկ այդ սքանչելի երկրի հատակում հոսում է թշվառու թյունը։ Մարդկային քաղցը, զարհուրելի և ահավոր, գալարում է բազմություններ, բազմություններ հին ու նոր սերունդի, որոնք այնքան գեղեցկորեն և այնքան հոյակապորեն կառուցեցին մարմարյա քաղաքները։ Երկրի ընդերքում, խուլ տնքոցով, դոփում է մարդկային զրկանքը։ Եվ այդ խուլ տնքոցը շուտով, շուտով կվերածվի ծովի ահարկու մռնչյունի և աշխատավոր, ստեղծարար, բայց զրկված մարդիկ կբարձրանան հատակից` ինչպես ցիկլոնը և ինչպես հողմերից որոտացող ծառերը։

Երկիրը մարմարներով են ծաղկեցրել մարդկության այդ բազմությունները։

Այդ երկրում է ապրել աշխարհի և ժամանակների մեծագույն քանդակագործը։

Ես իմ աչքերով տեսա նրա արձանները, իմ այս ձեռքերով շոշափեցի նրա մարմարները, որոնք դարեր շնչում են և ավելի կենդանի են, քան այժմ այդ երկրում ապրող մարդիկ։ Տեսա իմ այս աչքերով, արձանն այն ծերունու, որ, ինչպես հին, առասպելապատում մատյաններն են հաղորդել, խոսել է աստծո հետ այրող ավազներից բարձրացող լեռան կատարին: Աստված խոսել է, ըստ առասպելապատում մատյանների, ամպրոպի միջոցով, այն ծերունիին, որ ջրվեժի նման թափվող միրուք ունի, և որը ազատել է իր ժողովուրդը բռնակալությունից, քաղցից ու անապատի արհավիրքից։

Ես երկրպագեցի հին այդ վարպետին ու վարպետներին և սովորեցի նրանց արվեստը։ Եվ որոշեցի վերադառնալ ու քանդակել մեր կավով և մեր սպիտակ քարով։

Հովնաթանը լռեց։

Մարգարիտը հարցրեց.

— Հովնաթան, մե՞ծ է թշվառությունն այնտեղ։

— Այո՛, թշվառությունը ծովի չափ և ծովը թշվառության չափ։

— Իսկ ինչո՞ւ երկիրն այդքան գեղեցիկ է և թշվառությունը շատ։

— Այդ նրանից է, քո՛ւյր, որ կան իշխողներ և իշխվողներ։

Տիրեց լռություն: Երգում էր անհուն դաշտի սղոխը, օրորվում էր վայրի վարդը իսկ խոտը՝ ծփում:

Հովնաթանը և Մարգարիտը հասան տուն, երբ արևի մեծ նարինջը թեքվում էր սարի ետևը, և մուգ կապույտը բարձրանում էր երկրից։

Ծառերի տակ առվակներ էին նվագում, իսկ ծառերի վրա թափվում էին իրիկնային զանգակի լուսավոր փշուրները:

ԺԷ

Մարգարիտի ամուսինն ասաց Հովնաթանին.

— Մեր տան ներքնահարկը ոչնչի չի ծառայում, վերցրու և աշխատիր այնտեղ, քնիր պարտեզի վրա նայող փոքրիկ սենյակում, Մարգարիտի եփած ճաշը բավական է և՛ մեզ, և՛ քեզ:

Հովնաթանը շնորհակալության համար ասաց.

— Դու իմ եղբայրն ես։

Այդ գիշեր Մարգարիտը փաթաթվեց ամուսնուն կրակե թևերով, իսկ ամուսինը համբուրեց նրա ողորկ, կլոր և լուսավոր թևերը։

Առավոտյան Հովնաթանը հագավ սպիտակ շապիկ, գլխին դրեց մի գդակ, ինքն անձամբ մաքրեց ներքնահարկը, կանչեց որմնադիր, բաց անել տվեց մեծ լուսամուտ։

Հաջորդ օրը շինել տվեց զանազան չափի կավակալներ, ինքն անձամբ գնաց ավազանները, լցրեց սայլն ազնվագույն կավով, բերեց և դարսեց ներքնահարկի մի անկյունը։

Եվ ներքնահարկը կոչեց աշխատանոց։

Երրորդ օրը, սայլապանի հետ միասին, գնաց լեռը, ընտրեց սպիտակ քարի բեկորներ, փոքր և խոշոր, բերեց ու դրեց աշխատանոցում։

Չորրորդ օրը նա ներքև իջեցրեց իր հետ բերած գործիքները և դարսեց ինչպես հարկն էր։

Մարգարիտն ու ամուսինը իջան ներքև և մնացին զմայլված։

— Եղբայր իմ Հովնաթան,— ասաց Մարգարիտի ամուսինը,— այս ներքնահարկը կառուցված օրից լույս չէր տեսել, ահա պատերը ցնծում են լույսից։ Եվ երբ ամեն երեկո Հովնաթանը վեր էր բարձրանում աշխատանոցից, նրա թարթիչների վրա նստած էր լինում սպիտակ քարի նուրբ փոշին։

Առաջին անգամ նա քանդակեց երկու ֆիգուրա, մեկը գեղեցկությունն էր ներկայացնում, մյուսը՝ թշվաոությունը։ Երկու ֆիգուրաների ոտներն էլ խրված էին քարե կոշտ զանգվածի մեջ:

— Ինչո՞ւ երկուսի ոտներն Էլ խրված են քարի մեջ,— հարցրեց Մարգարիտը, երբ նա տեսավ գրեթե վերջացած:

Հովնաթանը պատասխանեց.

— Քարը մայր երկիրն է, քո՛ւյր, երկուսն էլ աճում են մայր երկրից — գեղեցկությունը և թշվառությունը — նրանք միացած են իրար մայր երկրում, երկուսն էլ ծնունդ են մայր երկրի:

Եվ Հովնաթանը քանդակում էր ամեն օր:

Նրա մուրճի հարվածները լսվում էին լուսաբացից մինչև մայրամուտ, երբեմն կարճ և երբեմն երկար ընդհատումներով, փշրվում էր սպիտակ քարը և թափվում գետնին: Նրա մուրճի հարվածները լսվում էին վերի հարկից խուլ և խորը՝ ինչպես բաբախումը սրտի։

Հովնաթանն աշխատում էր թե՛ կավի և թե՛ սպիտակ քարի վրա: Կավի աշխատանքները վերջացնելուց հետո թրծում էր։

Եվ աշխատանոցը հետզհետե սկսեց շնչել ֆիգուրաների բազմությամբ։ Սկզբնական օրերի ամայությունը լցվեց կենդանի շնչով. պատերի առաջ, դարակների վրա, գետինը, ամեն կետում արձաններ էին դրված, որոնցից ամեն մեկը մի մարմնավորված գաղափար էր, կենդանի պոեզիա։

Ահա մի գանձարան, գանձարանի կողքին մի երիտասարդ՝ աղեղը ձեռքին, կապարճն ուսին, թիկնեղ, ջլապինդ, ուռած կրծքով, պաշտպանում է այդ գանձարանը, որի մեջ ամփոփված է մարդկության ստեղծագործության լավագույնը:

Ահա երկրորդը — երկու որբ, քույր և եղբայր, փաթաթված իրար՝ տոկալու կյանքի մրրիկին։

Ահա երրորդը — մի թռչող և մերկ աղջիկ՝ սուրը ձեռին։

Ահա չորրորդը — մի մարդ` ցնցոտիապատ, աչքերը թաշկինակով կապած, չոքած գետնին, գլուխը կախ դեպի մայր հողը, նրա կողքին դահճի մթին կերպարանքը, երկու ձեռքով բարձրացրած նրա վզին ծանր դաշույնը` պատրաստ գլխատելու:

Ահա հինգերորդը — մի մայր՝ թևերը պարզած, ծամերը հովին, խելահեղ վազքի մեջ, կարծես լսվում է նրա աղիողորմ ողբը։

Ահա վեցերորդը — արևի տակ կքած հողի աշխատավորը, որի մեջքը, սրունքները, բազուկները պատմում են ահավոր հոգնածությունը:

Ահա յոթերորդը — մի քանի բանվորներ՝ իրար վրա բարձած մկաններով, քանդում են լեռը քլունգներով։

Ահա ութերորդը — մի ծերունի՝ նիհար, գրեթե միայն ոսկորների մի զանգված, ճաղատ գլխով, կարճատես, ձեռքեր՝ ուռած երակներով, կքած մի գրքի վրա:

Ահա իններորդը — մի աղջիկ՝ գրկած մի նորածին մանկան գլուխը, տխուր, մռայլ, որովհետև փախել է նրա հետ զվարճացող սրիկան։

Եվ այլ մանուկներ, այլ կանայք ու տղամարդիկ, բոլորն էլ թշվառ և ըմբոստ:

Հովնաթանը քանդակել էր նաև ձիեր՝ զանազան վազքերի մեջ, մի հղի շուն՝ ստինքների պտուկները հպած գետնին, մի արջ՝ որսորդին գրկած և մի առյուծ՝ մի ընտանի անասուն հոշոտելիս:

Մի ամբողջ աշխարհ էր շնչում Հովնաթանի աշխատանոցում:

ԺԸ

Բայց մարդկային չարությունը, խավար միտքը, հետամնացությունը և ձրիակերների իշխանությունը չթողին, որ արվեստագետն ստեղծագործեր խաղաղությամբ և խնդությամբ:

Հովնաթանը կանացի ֆիգուրաների համար աշխատանոց էր բերում կանայք, մերկացնում նրանց և քանդակում։ Այն կանայք, որոնք համաձայնում էին մերկանալ արվեստագետի առաջ, բնականորեն բարի վարքի տեր կանայք չէին, թեև նրանցից ամեն մեկին չէր հանդիպել մի մարդ, որ ավելի բարոյական լիներ, քան Հովնաթանը:

— Բոզեր է տանում աշխատանոցը, մերկացնում ժամերով,— բամբասում էին նրանք, որոնք այդ միևնույն բոզերի հետ գիշերներն էին անցկացնում։

Երբ մարդիկ, բամբասանքից այրվող մարդիկ, տեսան, որ արվեստագետը դույզն արժեք չի ընծայում իրենց բամբասանքներին, հնարեցին ուրիշ բամբասանք։

— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս Երեմիայի որդի Հովնաթանին,— ասում էին նրանք,— գնաց, աշխարհներ թափառեց, վերադարձավ լայնեզր գլխարկով, բայց անպետք մի արարած է, ուտում է իր քրոջ ամուսնու հացը։

«Այրում էր Հովնաթանին վերջին բամբասանքը՝ ուտում է քրոջ ամուսնու հացը»:

Եվ կերած հացը հետզհետե մնում էր կոկորդում ու կուլ չէր գնում։

Սկզբներում նա երբեք մտադրություն չուներ վաճառելու իր աշխատանքներից մեկնումեկը, բայց երբ հացը մնաց կոկորդում, զիջեց և հայտարարեց վաճառք։

Մի մեծ բազմություն հավաքվեց նրա աշխատանոցը, դիտեց, զմայլվեց, բայց ոչ ոք ոչինչ չգնեց։

— Առնենք ի՞նչ անենք,— մտածեցին բոլորը։

— Եթե փող տամ մի բանի, գոնե փորս կշտացնի,— տրամաբանեց մեծամասնությունը։

Որքան որ Հովնաթանը վաճառք էր հայտարարել և սպասում էր ծախել իր աշխատանքներից մեկնումեկը և գեթ ժամանակավորապես ազատվել քրոջ ամուսնու հացից, բայց երբ պատկերացնում էր, որ ահա վաճառվեց մեկը և տանում են… հոգին դողդոջում էր այդ հեռապատկերից։

Եվ ոչ մի աշխատանք չվաճառվեց։ Հուսահատությունը, ինչպես երկաթյա շղթա, պատեց նրան։

Վերջապես, Հովնաթանը միտք հղացավ դիմել ազգին, որպեսզի ազգն ինքը վերցնի բոլորը, տա որոշ գումար, պայմանով, որ բոլորը միասին ցուցադրի դահլիճում։ Ազգին պատկանող այսպիսի դահլիճներ բազում էին։

— Վարժապե՛տ,— ասաց թեմի առաջնորդը, որ եպիսկոպոս էր և ազգն էր ներկայացնում,— թագավոր քանդա կիր, Քրիստոս քանդակիր, սուրբ առաքյալք քանդակիր, քեզ փող տամ։

— Երկու օրից պատասխան կտամ, սրբազա՛ն,— ասաց Հովնաթանը և հեռացավ:

Հուսահատությանը փոխարինեց զայրույթը և ցցվեց նրա աչքերում՝ ինչպես մերկ և ոճրի պատրաստ դաշույնը:

Երկու օր անց՝ առաջնորդարանի ծառաները, գլխավոր քարտուղարի առաջնորդությամբ, հանդիսավորությամբ սրբազանի առաջ դրին մի ծանր տուփ, որ նվեր էր ստացված սրբազանի համար։

— Բա՛ց արեք,— հրամայեց սրբազանը հազալով և միրուքը շոյելով։

Դահլիճում, աջ և ձախ, բազմել էին ազգի երևելիները։

Գլխավոր քարտուղարն ինքը բաց արավ տուփը, քանդելով խնամքով կարմիր ժապավենները։

Երբ դուրս բերվեց նվերը, բոլորն ապշահար մնացին իրենց տեղում, ոչ ոք չհամարձակվեց նայել սրբազանին, իսկ սրբազանի միրուքը վետվետում էր, որովհետև դողում էր նրա ծնոտը զայրույթից։

Նվերը մի մինիատյուր արձան էր՝ երկու ֆիգուրայով։ Մի ֆիգուրան ինքը՝ սրբազանն էր, իսկ մյուսը՝ Հովնաթանը, բռունցքը երկարած սրբազանին, բթամատը սրբազանի ճիշտ քթին։

— Նզո՛վք,— հանկարծ գոռաց սրբազանը։

Ազգի երևելիները վեր ցատկեցին բազմոցներից և քարացան։ Երկար քարացումից հետո՝ երևելիներից մեկը մի քիչ առաջ եկավ, խոնարհվեց և ասաց.

— Մի՛ զայրանաք, սրբազան, լավ չէ ձերդ սրբության մարսողության համար։

Սրբազանը աջ ձեռքը, որի ցուցամատի վրա կար զմրուխտի մեծ ակով մի ոսկյա մատանի, տարավ փորին և շփեց բավականությամբ։

Հուսկ ապա հրամայեց սրբազանը.

— Տարեք այս զիբիլը և փշրեցեք։

Գլխավոր քարտուղարը կանչեց ծառաներին: Նրանք վերցրին արձանը և տարան։ Ազգի երևելիները հեռացան՝ խոնարհվելով սրբազանի առաջ, իսկ սրբազանը քաշվեց իր ննջարանը, որտեղ նրան սպասում էր իր տասնյակ պոռնիկներից մեկը։

Գլխավոր քարտուղարը փշրել չտվեց արձանը, այլ ուղարկեց իր տունը։ Ծառաներին տվեց ցորեն, ալյուր, շաքար, մեղր ու գինի և պատվիրեց ոչինչ չհայտնել սրբազանին։

Գլխավոր քարտուղարը տանը երկար դիտեց արձանը, նրան բռնեց մի հոմերական ծիծաղ, որովհետև հիշեց սրբազանի բազմելը թավշյա լայնանիստ աթոռի վրա, նրա գոռոզ նայվածքն ի սպասումն այն նվերի, որ Քրիստոսի եկեղեցու ամենահպարտ մի ծառան ամենախոնարհաբար ուղարկել էր իրեն։

— Փշրեցինք, դարձրինք փոշի և ավլեցինք ամենօրյա աղբի հետ,— զեկուցեց սրբազանին գլխավոր քարտուղարը:

ԺԹ

Արվեստագետի համար օրերը դարձան դժնդակ: Քաղաքում շատ քչերը ողջույն էին տալիս նրան և ողջույնն առնում։ Սրբազանը նզովք էր կարդացել նրա գլխին՝ անաստված և անբարոյական։

Մարգարիտի ամուսինն անգամ դատապարտում էր, որ ազգի առաջնորդին այդպես սուր կերպով ծաղրել էր Հովնաթանը:

Միայն Մարգարիտն էր, որ մոտենում էր եղբորը նույն անդրդվելի հավատքով և անեղծանելի սիրով։ Քույրն իր ձեռքերով լվանում էր նրա սպիտակեղենները, կարկատում գուլպաները, կարում կոփակները, հարթուկում աշխատանոցի սպիտակ շապիկները։

— Հովնաթա՛ն, մի հուսահատվիր, ես կկտրեմ իմ ծամերը, կվաճառեմ և քեզ կապրեցնեմ,— ասում էր անձնվեր քույրը։

Բայց Հովնաթանն այլևս վեր չէր բարձրանում ճաշի, որովհետև չէր ուզում վեճի բռնվել քրոջ ամուսնու հետ։ Մարգարիտը լավաշի մեջ փաթաթում էր ճաշի մնացորդը, դնում գոգնոցի տակ և իջնում աշխատանոցը, տալիս Հովնաթանին։ — Մարդս ուղարկեց,— ստում էր քույրը, որպեսզի եղբայրն ուտի բերած մի պատառը։

Հովնաթանը չէր հավատում քրոջը, բայց նրա բացակայության ծամում էր բերած ճաշը։

Եվ սրբազանը, տեսնելով, որ իր նզովքից հետո էլ Հովնաթանը կուշտ է, ապրում է և ստեղծագործում, կանչեց իր մոտ Մարգարիտի ամուսնուն և ասաց.

— Հավատո՞ւմ ես դու աստծո։

— Այո:

—Հավատո՞ւմ ես դու Քրիստոսին։

—Այո։

— Հավատո՞ւմ ես Քրիստոսի եկեղեցուն։

— Այո:

— Հավատո՞ւմ ես, որ ես նույն այդ եկեղեցու ներկայացուցիչն եմ։

—Այո:

Սրբազանը ոտքի կանգնեց և հրամայեց.

— Քո տան մեջ բնակվում է մի շուն, անաստված և անբարոյական, պետք է զրկես նրան հացից։

— Հնազանդ եմ, սրբազան,— պատասխանեց ստրուկը։

— Ուրեմն գնա՛,— հրամայեց սրբազանը։

Մարգարիտի ամուսինը դուրս եկավ և սկսեց քայլել դանդաչյունով։

Հասավ տուն, իջավ Հովնաթանի աշխատանոցը։

Հովնաթանի մուրճի հարվածները բախեցին նրա սրտին, մոտեցավ, բռնեց մուրճը և գորովանքով նայեց այն մարդուն, որին եղբայր էր կոչել։ Երկար ժամանակ էր, որ նրանք, ապրելով միևնույն տան մեջ, չէին հանդիպել իրար։

Հովնաթանը, տեսնելով նրա աչքերի մեջ եղբայրական հին զգացումը, նետեց մուրճը, բաց արավ բազուկները, և նրանք գիրկընդխառնվեցին ջերմությամբ և կարոտով։

Ապա Մարգարիտի ամուսինը պատմեց ամեն ինչ մանրամասնորեն։

Հովնաթանն ասաց.

— Եղբայր, զիջիր ինձ միայն այս ներքնահարկը։

Մարգարիտի ամուսինը գլուխը կախեց ամոթահար։ — Այնպես արա՛, որ ո՛չ ոք չիմանա, թե ես քեզ հաց եմ տալիս,— խնդրեց փեսան:

— Խոստանում եմ, բայց շուտով կհասնի մահը, և դու կազատվես երկու օրից,— շարունակեց Հովնաթանը խաղաղությամբ և աչքերի արտակարգ փայլով:

Մարգարիտի ամուսինը նորից փաթաթվեց նրան և ասաց.

— Ների՜ր ինձ։

Հովնաթանը ժպտաց՝ ցույց տալու համար իր ներումը և անդորրությունը։

Ի

Երեկոյան Հովնաթանը փոխադրեց իր անկողինը ներքնահարկը։

Գիշերը, մենակ նստած թաց կավի կույտի առաջ, խոսեց այսպես.

«Կա՛վ, հասել է ժամը, որ ես պիտի կերտեմ քեզանով իմ վերջին քերթվածը: Հալածում է ինձ խավարը։ Խավարը նույնպես մարդկային թշվառությունն է։ Երբ կոտրատում են լուսատու լապտերը, չոքում է խավարը։ Կա՛վ, դո՛ւ ես ամեն բանի նախանյութը, դու ես նախաձևը, դու ես, որ բոսորացնում ես վարդը, դու ես, որ բարձրացնում ես ծառերը և կախում ես ճյուղերից երփներանգ մրգերը, դու ես, որ բաշխում ես հացը, դու ես, որ կերպարանափոխվում ես, հար և հավիտյան, բյուրավոր սքանչելի ձևերով, դու ես, որ էիր, կաս և պիտի լինես, տո՛ւր ինձ քո ընդերքի անիմանալի և անհաղթելի ուժը»։

Արվեստագետը խոսում էր բարձրաձայն, և նրա ձայնը կարծես բխում էր հոգու արևային հատակից կես֊գիշերի մենակության և մթության մեջ։

Եվ հանկարծ նրա աչքին, ինչպես հրաշալի տեսիլք, ինչպես մութի արգանդից հառնող լույսի զվարթ մի շող, պարզվեց ու բարձրացավ մի նոր ստեղծագործության ծրագիր:

Նա հարձակվեց կավի քաոսային կույտի վրա և սկսեց արագ, տենդագին ու հափշտակությամբ ձևավորել այդ տեսիլքը՝ մինչև բողոքեցին նրա հոգնած ոսկորները։

Երբ նա երկարեց անկողնում և քաշեց վերմակը վրան, նրան թվաց, ու ընկղմվեց մի խոնավ նկուղի մեջ: Անկողինը թաց էր, որովհետև ներքնահարկը չափազանց խոնավ էր, մանավանդ միշտ թրջած քանակությամբ կավի գոյությունից։

Առավոտյան Մարգարիտը նախաճաշ բերեց։ Հովնաթանը, երբ բաց արավ աչքերը և տեսավ քրոջը, որ նայում էր իրեն գորովանքով, ժպտաց։ Մարգարիտին թվաց, որ նրա կապույտ աչքերից բացվեց այգը։

Օրը բոլոր Հովնաթանն աշխատեց։ Ավելի և ավելի էր ձևավորվում նրա տեսիլքը. ահա մի բլուր, բլրի մի կողքին՝ ծերունիներ, կանայք, աղջիկներ և երիտասարդներ, որոնց սրունքներին փաթաթված են ահաբեկված մանուկներ, մի քանի կանայք ծծկեր երեխաներով, բոլորն էլ ցնցոտիապատ։ Մանուկները մերկ, բոլորն էլ հողմածեծ և հալածական, մազերը մրրիկից գզգզված՝ դիմում են դեպի բլրի գագաթը, իսկ բլրի գագաթը բարձրանում էր մի ամեհի մարդ` ջահը ձեռքին: Բոլոր ֆիգուրաներն էլ ձգտում էին դեպի այդ ջահը։

Հովնաթանն աշխատում էր արագ և տենդագին, որովհետև նրա առողջությունը դառնում էր սպառնալից, նա շտապում էր, որպեսզի կավից հետո սկսեր քանդակել այն՝ սպիտակ քարից, բնական մեծությամբ։ Նա զգում էր, որ մահը համառ և ծանր քայլերով, մոտենում է։ Ոչ մի երկյուղ չէր զգում, սակայն, մահից, նա միայն ցանկանում էր ապրել այնքան, որ կարողանար քանդակել իր հուշարձանը քարից։

Եվ ահա մահվան դիմաց՝ նա ձևավորում էր մարդկային տառապանքը — մկանների գալարում, ճղակոտոր ոսկորների տանջանք, բացված և բլրի գագաթը ձգտող թևեր, կույր և խոր աչքեր, հողմից ծեծված ցնցոտիներ, մանուկների պակուցում և սրունքների հոգնածություն։

Մարգարիտը, տեսնելով եղբոր օրեցօր դալկացող դեմքը, մեղրամոմի նման դժգույն ձեռքերը և աչքերի արտակարգ պայծառությունը, խորապես մտահոգվում էր նրա առողջական վիճակով։

— Պետք է Հովնաթանին վեր փոխադրել, պետք է նրան միառժամանակ ազատել աշխատանքից,— շշնջաց Մարգարիտն ամուսնուն, երբ նրանք բակի հին թթենու տակ կանգնած՝ խոսում էին Հովնաթանի մասին։

— Այո, պետք է փոխադրել,— համաձայնեց ամուսինը։ Նրանք միասին իջան աշխատանոցը և ստիպեցին Հովնաթանին փոխադրվել վերև և երկար Ժամանակով հանգստանալ:

— Վաղը կվերջացնեմ աշխատանքը և երեկոյան կփոխադրվեմ,— խոստացավ Հովնաթանը:

Նրա ձայնը հնչում էր օտարոտի:

Կեսօրից հետո Հովնաթանը երկար աշխատեց մի քանի մանրամասնությունների վրա։

Երեկոյան շուտ պառկեց՝ բոլորովին հոգնած, գրեթե ուժասպառ։

Նա զարթնեց կապույտ լույսին, սրտի անհանգստությունից։

Օդը չէր բավում։ Վեր կացավ։ Ինչ֊որ տարօրինակ զգացում պատեց նրան։ Բովանդակ շրջապատը փոխված էր թվում։ Մոտեցավ լուսամուտին։ Բաց արավ։ Շնչեց առավոտյան թարմ օդը։ Կարծես մի քիչ կազդուրվեց։ Թարմ օդը շնչեչիս՝ նա մտածեց մահվան մասին, դարձավ, նայեց հուշարձանին և կարոտագին մոտեցավ նրան, վերցրեց ամենանուրբ գործիքը — փորձեց աշխատել, բայց ձեռքը թուլացավ։ Հովնաթանն զգաց, որ աշխարհի դուռը փակվում էր իր դեմ, մարմինը դավաճանում էր, բայց նա վերջին անգամ հավաքեց իր հոգու ամբողջ ուժը, կարողացավ տիրապետել իր ձեռքին և բլրի գագաթին, ամեհի և ջահակիր մարդու ոտների տակ գրեց — ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:

Գրելուց հետո՝ ժպտացին նրա կապույտ աչքերը: Նստեց աթոռին, աջ արմունկը հենեց կավակալին, ձախ ձեռքը դրեց բլրի ստորոտը, ճակատը հպեց սառը կավին, ճգնեց շնչել, բայց օդ չկար։

Հովնաթանը խաղաղությամբ փակեց աչքերը։

Մարգարիտը, ամեն օրվա նման, առավոտյան իջավ աշխատանոց նախաճաշով։

— Այս գիշեր նորից չի քնել,— շշնջաց նա, երբ տեսավ Հովնաթանին՝ կավակալի վրա ընկած։

Մարգարիտը մոտեցավ, բռնեց եղբոր ձեռքը։ Սառը։ Գրկեց գլուխը, շրթունքները տարավ ճակատին: Սառը, սառը:

Բարձրացավ սրտակոտոր ճիչ:

Մի քրոջ սիրտ նկուղում ողբում էր եղբորը: Թաղումից հետո՝ Մարգարիտն իջավ աշխատանոցը, թրջեց կավը ջրով և հորդառատ արցունքներով։

Իսկ մի քանի օր հետո՝ հագավ նա սև շորերը, երեսը ծածկեց մուգ քողով, գնաց հորեղբորորդիներից մեկի մոտ, խնդրեց, որ առանձին խնամքով թրծի Հովնաթանի հուշարձանը:

Մարգարիտը դրեց հուշարձանը աշխատանոցում, մեխեց լուսամուտները, փակեց դուռը, զմռսեց և ասաց.

— Թող փակ մնա, մինչև իմ ամենավերջին զավակի մահը:

Եվ փոշին իջավ, և մոռացումը պատեց Հովնաթանի ստեղծագործությունները։

ԻԱ

Եվ հանկարծ խլրտաց երկիրը:

Նախ՝ հատուկտոր աղաղակներ լսվեցին երկրի ընդերքներից, բայց հետզհետե ողջ սոցիալական հատակն սկսեց երերալ։ Մահվան հռնդյունը խառնվեց ըմբոստ աղաղակներին: Վեր բարձրացան մարդիկ, որոնք կառուցել էին ողջ երկիրը, որոնց ոսկորները տնքացել էին ֆիզիկական մթին աշխատանքից:

Եվ շարժվեցին գործարաններից, դաշտերից, նավահանգիստներից, ծովերից, շարժվեցին փողոցներից, իջան սարերից, խուժեցին գյուղերից քաղաքները, և քաղաքները հրդեհվեցին, սուլեցին հրացանները, և պայթեցին թնդանոթները, տրորվեցին ոսկյա թագերը, փշրվեցին ադամանդակուռ խաչերը, գզգզվեցին մեծատունների զգեստները, որոնք հյուսված էին աշխատավորների արյունով ու քրտինքով, շարժվեց բանակը և պաշարեց պալատները, դղյակները, կոտրատվեցին բանտերի դռները, և մութ զնդաններից դուրս եկան դժգույն, քաղցած, մահամերձ, բայց գազազած մարդիկ, քանդեցին բռնակալության որջերն ու ամրոցները։

Ողջ երկրի հետ միասին շարժվեց և այն քաղաքը, որ ծաղկած էր հին գետի ափին:

Անհուն դաշտում հրդեհներ բռնկվեցին, ծառերից ճոճվեցին մեծ ու փոքր բռնակալների մարմինները, նրանք ծնկի չոքեցին, բայց արդար և սրբազան ատելությունը չխնայեց ոչ ոքի:

Իշխանությունն անցավ գործարանների և դաշտերի հերոսներին:

Եվ նոր մարդկությունը հիշեց մեծ արվեստագետին, որ կավից և քարից կերտում էր մարդկության թշվառությունը, զրկանքը և հալածանքը:

Մարգարիտը, որ սպիտակ ծամեր ուներ և թոռներ, բաց արավ Հովնաթանի աշխատանոցի դուռը, որի բանալին, եղբոր մահից հետո, կրում էր միշտ սրտի վրա։

Մաքրեցին թանձր փոշին մեծ արվեստագետի ստեղծագործությունների վրայից։

Թանգարանում մի մեծ դահլիճ հատկացվեց Հովնաթանի գործերի համար, իսկ վերջին հուշարձանը հանձնվեց երիտասարդ արվեստագետներին՝ սպիտակ մարմարից քանդակելու համար։ Փակ, մթին նկուղի լուսամուտները բացվեցին, թարմ օդը լցվեց ներս, երգեցին երիտասարդ արվեստագետների մուրճերը ոսկյա հնչյուններով։ Երիտասարդ արվեստագետները քանդակեցին հուշարձանն այնպես, ինչպես մեծ արվեստագետն էր ծրագրել — բնական մեծությամբ։

* * *

Այժմ այդ հուշարձանը կանգնած է քաղաքի մեծ հրապարակում, սպիտակ մարմարի տակ հանգչում են Հովնաթանի ոսկորները, և բլրի ստորոտում փորագրված է.

Հովնաթան
որդի Երեմիայի

1934թ.