Հովվի երգը

Ես Արարատ սուրբ սարի վերա
Արածեցնում եմ, տեր, իմ հոտերը,
Գիշեր ու ցերեկ քո տեսույն կարոտ
Քեզ սպասում են իմ ոչխար, իմ հոտ:
Արդյոք կըլինի՞, որ քեզի մի օր
Տեսնեմ ու սիրեմ, որպես գթոտ հոր,
Արդյոք դու մի օր կըլինի՞ որ գաս,
Իմ վրանումը բարի հյուր դառնաս:
Երբ, տեր, դու մի օր ինձ մոտ հյուր կըգաս,
Եվ բարի ողջույն սիրով ինձ կտաս,
Ոտքերդ կըլվանամ ջրով պաղ, հստակ,
Քեզ հանգիստ կըտամ իմ վրանիս տակ:
Որպես Աբրահամ ծերունի հայրիկ,
Կըհյուրասիրեմ քեզ, տեր իմ քաղցրիկ,
Քեզ համար կըզոհեմ գառն անարատ,
Կըխնկեմ բուրումն ամբողջ Արարատ:
Կաթ, սեր, կարագով՝ կըկազմեմ սեղան,
Եվ ծաղիկներով կըզարդարեմ նորան,
Քեզ կըխմեցնեմ մեղրից օշարակ,
Կածեմ իմ սրինգով երգ քաղցրանվագ:
Թարմ շուշաններից՝ կարմիր, սպիտակ,
Քո գլխի համար կըհյուսեմ պսակ,
Ասրից իմ գործած փափուկ պատմուճան,
Տե՜ր, քեզ կընծայեմ մեր սիրո նշան:
Ինձնից կըհեռանաս, տե՜ր, դու գոհ սրտիվ,
Դու բարյավ մնաս, կասես, հեզ հովիվ.
Քեզ կառաջնորդեմ մինչ լերան կատար,
Եվ համբուրելով կըդնեմ ճանապարհ:
Այց արա՜ մի օր քո սուրբ Արարատ,
Այց արա՜, ով տեր, տե՜ր իմ գթառատ,
Զի սկզբանե դու հովիվներին
Էիր բարեկամ և պաշտպան վերին:
Մի՞թե Արարատա հովիվը նույնպես
Չունի՞ այնքան շնորհ, որպես քո Մովսես,
Մի՞թե Աբրահամ, Իսահակ և Հակոբ,
Միայն սիրելի եղան քեզի մոտ: