Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ…


Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րն են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
― Վարդենին թաց է―
Ես կապեցի խաղերով,
― Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
― Կ՚երթա՜ լուսնակը―
Դեզերով լեռ եմ շինած,
― Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
― Յարըս յա՜ր ունի―
Քարեն լորիկը թըռավ,
― Լե՜րդըս կ՚արյունի: