Հպարտ եմ, իրա՛վ...
Չէ՞ որ երկնքի բույրով խնկարկող
Լեռներ ունեմ ես իմ ոտքերի տակ.
Հրացո՜լք լեռներ,
Որոնց թեւավոր կատարներին միշտ
Վառվում է սերն իմ հայոց աշխարհի։
Հպարտ եմ ազատ իրավունքիս մեջ։-
Իմ իրավունքով
Հունդերը հողում ծիլ են արձակում՝
Գարուն է քանի,
Կռունկը լույսի հմայքները տաք
Ծրարում է իր ճերմակ թեւերում՝
Գիշերվա ճամփան անցնելու համար,
Ժայռից կարկաչ է բխում աղբյուրի...
Երազից առաջ՝ այդ իրավունքով
Կարող եմ թեւել,
Արեւին հասնել՝
Կրծքիս տակ հեւքը հայրենի երկրի...
Հպարտ եմ, քանզի
Երազները իմ սրտից են քամվել
Եվ տրվել դարիս,
Հպարտ եմ, որ իմ սրտին տեր դառած
Հայրենյաց սերն է
Միշտ ինձ վեր տանում,
Ինչպես թռչունին՝ թեւերը նրա...
Հպարտ եմ, այո՛,
Հպարտությունս քո՛նն է, Հայրենի՛ք,
Իմ Արցախինն է.
Սրբացած պարտք է հպարտությունս՝
Արեւապսակ օրդ երգելու
Եվ իրավունքով իմ մշակ պապի
(որ չի ունեցել)
Հողդ հերկելու...
Հպարտ եմ ես իմ լեռների նման։