Հսկայի ազատությունը
Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չէն երևում, ինչքան իրենց ազգային էպոսի մեջ։
Ռուս ժողովուրդը տակավին չի ամբողջացրել իր ազգային էպոսը, բայց տեսեք, թե նրա մասերում — былина-ներում ինչ վսեմ պարզությամբ ու ինչքան հոյակապ տալիս է իրեն պատկերը։
Ահա նրանցից մեկից մի փոքրիկ կտոր, որ շատ է պատշաճ մեջտեղ բերելու էս նշանավոր օրը։
Былина–ի վերնագիրն է «Исцеление Ильи Муромца»։ Պատմում է, թե ինչպես բժշկվեց երկար ժամանակ անդամալուծ, հաշմանդամ ընկած Մուրոմցի Իլիան։ Իսկ Մուրոմցի Իլիան արդեն գիտեք, որ ինքը ռուս ժողովուրդն է։
Ասում է՝ էն ժամանակ, երբ իշխան Վլադիմիրը թագ էր կապում Կիև մայրաքաղաքում՝ Մուրոմի Կարաչարովա գյուղում մի գյուղացի էր ապրում, Իվան Տիմոֆեևիչ։ Գյուղացի Իվան Տիմոֆեևիչը մի տղա ուներ Իլիա անունով, որին ամենից շատ էր սիրում։
- Բայց նստած էր Իլիան իր տեղը անշարժ,
- Ընկած էր ուղիղ երեսուն տարի,
- Ոտն ու ձեռ չուներ երեսուն տարի,
- Ու փեչի վրա էնքան էր պառկել,
- Որ փոս էր ընկել տեղը իր պառկած․․․
Եվ էսպես անդամալուծ, փեչի վրա պառկած երեսուն տարի (այսինքն շատ երկար ժամանակ) նա շարունակ լսում է, թե ինչ վատություններ են կատարվում իրենց աշխարհքում, ինչ ավազակություններ են լինում իրենց մայրաքաղաքում (Соловей разбойник)։ Պառկած տեղը սիրտն էրվում է, ու միշտ աստծուն էն է աղոթում, որ իրեն մի ձեռն ու ոտը տա…
Եվ ահա մի անգամ էլ, երբ հերն ու մերը տանը չեն, գնացել են դաշտը իրենց աշխատանքին, օտար մարդիկ են գալիս, խեղճեր են գալիս փակ դռան առջևը կանգնում ու Իլիային ձեն են տալիս, կանչում են, խնդրում են, որ դուռը բաց անի, իրենց ներս թողնի, ջուր տա խմեն, սիրտները հովանա։
Իլիան ներսից պատասխանում է, ասում է՝ «ես էլ եմ շատ ուզում, որ ձեզ ներս թողնեմ, ջուր էլ տամ՝ կուշտ խմեք, բայց ի՞նչ անեմ, էսքան տարի է էսպես անդամալուծ ընկած եմ, ոչ ոտն ունեմ, ոչ ձեռը»․․․
— Տեղիցդ ժաժ արի — վեր կկենաս,— կանչում են խորհրդավոր հյուրերը։
Իլիան լռում է։
Աջ ոտն է փորձում— շարժվում է. ձախ ոտն է փորձում— շարժվում է։ Իսկույն ոտի է կանգնում, դարպասները լեն բաց է անում ու ներս է հրավիրում օտարականներին։ Ջրի փոխարեն վեդրոներով գարեջուր է տալիս։ Խմում են կշտանում, մնացածն էլ, ասում են, դու խմիր։ Խմում է, արյունը խաղս է առնում երակներում, աշխուժի է գալիս, կենդանանում, զորանում, դառնում մի հսկա, էնքան ուժեղ, որ հարկ է լինում ուժը մի քիչ պակասացնել, չափավորել։
Ապա թե օրհնում ու խրատ են տալիս անծանոթ հյուրերը։
― Էդ ուժը, ասում են, բավական է քեզ, որ դու մեծ հսկա լինես, չպարտվես պատերազմի դաշտում, քրիստոնեության պաշտպան հանդիսանաս ու կռվես մեծ հսկաների հետ։ Բայց տես, ասում են, ում հետ ուզում ես կռվիր, միայն թե չկռվես Միկուլա Սելյանինովիչի (շինականի, գյուղացու) հետ, իմացիր, որ նրան մայր հողը շատ է սիրում…
Գնում է Իլիան, ու մինչդեռ իր ծնողները ծանր աշխատանքից հոգնած քնած էին, մի երեք ժամում կատարում, վերջացնում է նրանց գործը, որ նրանք մի քանի օրում չէին կարող կատարել։
Ծնողները զարթնում են, զարմանում են, թե էս ինչ հրաշք է կատարվել հանկարծ, որ իրենց անդամալուծ որդին միանգամից ոտի է կանգնել ու կագնել է իբրև հսկա։ Իլիան պատմում է, թե ինչ է կատարվել ու հայտնում է, թե արդեն ճամփա է ընկնում իր սրտի հին ցանկությունը կատարելու, իր ճնշված հայրենիքին ծառայելու, նրան ավազակներից մաքրելու և քրիստոնյա աշխարհքը պաշտպանելու։ Եվ դրա համար հոր օրհնությունն է խնդրում։
― Գնա, իմ աչքի լույս, իմ հսկա զավակ,— օրհնում է ծերունի հերը։— Բայց, օրհնում եմ քեզ բարի գործերի համար․ չար գործի համար օրհնություն չկա։ Գնա, և քո ճամփին ոչ թուրքի ընդդեմ մտածիր չար բան, ոչ քրիստոնեին զարկիր բաց դաշտում…
Ու վեր կացավ հսկան, աղոթեց, իր նժույգը հեծավ։ Հեծնելը տեսան, բայց էլ չտեսան ուր գնաց․․․
Ի՜նչ հոյակապ, գեղեցկություն և ինչքա՜ն հարազատ ու ճշմարիտ, որ աշխարհքում գրեթե ծակ բերան չէր մնացել, որ չասեր, թե Ռուսաստանը մի ընկած անդամալուծ է, նրանից ոչինչ չի դուրս գալ։ Վերջին օրերս բուլգարական մինիստրը մինչև անգամ դիակ էր անվանում, և… Եվ հանկարծ… հսկան վեր կացավ տեղից։
Դուրս եկավ, որ ռուսական փեչը, որին նա կպած էր էնքան տարի, նրա համար Պրոմեթեոսի ժայռն է եղել, և էնքան տարի ինքն իր մեջ աճելով ու մխալով ուժ է հավաքել՝ միանգամից վեր կենալու և մի հսկայական զարկով փրկելու իր երկիրը։ Մեծ ու ահավոր մի վայրկյան…
Բայց պատահում է, որ երկար տարիներով պառկած հսկաները վեր կենալիս միանգամից չեն կարողանում ամուր ոտի վրա կանգնեն, մի քանի անգամ չոքում են, մինչև որ վերջնականապես կարողանում են հաստատուն կանգնել։ Եվ ամեն մի չոքելով հազար, հազարավոր մարդիկ են ընկնում տակն ու զուր կոտորվում։
Այժմ Ռուսաստանի ամեն մի քաղաքացին միայն մի հոգս պիտի ունենա.— ամուր բռնի, իր ուժերի ներածին չափ նեցուկ դառնա ռուսական նոր ոտի կանգնած հսկային, որ նա հաստատուն կանգնի։
Էս է պահանջում ինչպես ընդհանուրի, էնպես էլ ամեն մի անհատի շահն ու փրկությունը։
1917