Հրաժեշտի խոսքերից
ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Իմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Իմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
1905