[ 583 ]

Պիես երեք պատկերով
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐԸ

1. ԱՆԴՐԵՅ
2. ՎԱՍԻԼԻ
3. ՄԱՐԻԱՆՆԱ
4. ՆԱԴԵԺԴԱ ԻՎԱՆՈՎՆԱ
5. ԿԱՏՅՈՒՇԱ
6. Ա. ԲԱՆՎՈՐ
7. Բ. ԲԱՆՎՈՐ
8. Գ. ԲԱՆՎՈՐ
9. Ա. ԶԻՆՎՈՐ
10. Բ. ԶԻՆՎՈՐ
Ս՛ի մարդ, մի քաղաքացի, կանայք:


ԲԵՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

Ա. պատկեր.— Աջից մի դուռ, խորքում մի լուսամուտ, որ բացվում է պատշգամբի առաջ: Պատից մի փոքր հայելի է կախ արած, սեղան, վրան դրված են ցիրուցան թերթեր, թռուցիկներ: Պատից կախ է արած հրացան փամփշտակալով: Կախված են պատից նաև զինվորի բլուզներ և շինել: Երեք աթոռ, մի թախտ բարձերով, վարագույրով կտրված մի մահճակալ խորքի անկյունում:

Բ. պատկեր.— Փողոց, բարիկադը կազմված է այնպես, ինչպես տեքստում գրված է. բեմի միայն մի կողմում պատշգամբով տուն է երևում:

Գ. պատկեր.— Գրասենյակ, սեղան, վրան լիքը թերթեր, թռուցիկներ և այլ գրություններ: Տելեֆոնը գտնվում է սեղանի վրա: Պատերին փակցված են լոզունգներ: Կախ են տրված հեղափոխական գործիչների նկարներ: Ձախ կողմում դուռ և խորքում երկու լուսամուտ: Կողքի աջ անկյունում հրացաններ են դարսված: Լուսամուտները շրջանակված են կարմիր երիզով։ Ճակատում կարմիր աստղ՝ մուրճ ու մանգաղով պարուրված:

[ 584 ]
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Մի պարզ սենյակ, շատ քիչ կահ-կարասիով

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Երիտասարդ աղջիկ, նոր ամուսնացած, բարձրահասակ, աշխույժ, միամիտ: Ներս է մտնում, պահարանից բրդե շալը վերցնում, լուսամուտը, բաց անում և բարձրաձայն լուսամուտից դեպի դուրս) Նադեժդա Իվանովնա՞, Նադեժդա Իվանովնա՞։

ՆԱԴԵԺԴԱ.— (Դրսից) Լսում եմ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Տանն ե՞ս։

ՆԱԴԵԺԴԱ.— Տանն եմ, որ լսում եմ. տանը որ չլինեմ՝ կլսե՞մ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, թեյ ունե՞ս, մի քիչ տաս, վաղը կտամ։

ՆԱԴԵԺԴԱ.— Մարդդ եկավ, էլի՞ թեյ ես ուզում. բա ի՞նչ բանի համար եկավ, հիմի այնքան անպետք եղավ, որ թե՞յ էլ չի կարող առնել տան համար։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Է՛հ, ես ինչ իմանամ, ֆրոնտից եկավ, բայդ էլի տանը չի նայում, ասում է՝ քաղաքն էլ է ֆրոնտ, ես էլի զինվոր եմ՝ ասում է։

ՆԱԴԵԺԴԱ.— Այո, ես գիտեմ, մարդդ էլ նրանցից է, նրանք ուզում են քաղաքում կրակ գցեն, հիմի ուզում են պատերազմը քաղաքում շարունակել։ Խրատիր քո մարդուն, Մարիաննա Սերգեևնա, թող ձեռք քաշի այդ մարդկանցից. [ 585 ] շուտով դրանց բոլորին պետք է կոտորեն, մեղք է, իրան էլ կկոտորեն, դու էլ ջահել աղջիկ ես։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, ինչե՞ր ես դուրս տալիս, իմ մարդն ի՞նչ է արել, որ կոտորեն. երկու տարի է թագավորի համար կռվում է. մենք տանը քաղցած, նա էլ ֆրոնտում քաղցած, այդ բավական չէ՞, որ կոտորեն. եթե թագավորի ծառայողին պետք է կոտորեն, էլ ու՞մ են ողջ թողնելու։

ՆԱԴԵԺԴԱ.— (Մոտենում է լուսամուտին) Այդ բոլորը լավ, թագավորի համար կռվել է, բայց հիմի բոլոր արածները ոտի տակովն է տալիս. այսքան հեղափոխության, այսքան փոփոխության չեն հավանում, ուզում են, որ անվերջ հեղափոխություն լինի, հասկանու՞մ ես։ Նրանք ուզում են իշխանությունը բանվորների ու տգետ գյուղացիների ձեռքը գցեն, ա՛յ թե ինչու համար դրանց բոլորին շուտով պետք է կոտորեն։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ներս արի, ցուրտ է, պետք է փակեմ լուսամուտը։

ՆԱԴԵԺԴԱ.— (Մտնում է) Խելք սովորացրու քո մարդուն, թող հեռանա այդ ավանտյուրիստներից. դու կին ես, ինչ ուզենաս՝ կանես, ասա՝ եթե ձեռք չես քաշի, կփախչեմ, կգնամ. իսկույն կհամոզվի։ Ասա՝ կգնամ ուրիշ մարդու մոտ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ինչպե՞ս խելք սովորեցնեմ ես տղամարդուն. ասում է՝ կռիվը նոր է լինելու, արյունահեղ կռիվ է լինելու։

ՆԱԴԵԺԴԱ.— Արյունահեղը հենց իրեն համար է. իրենց թափած արյան մեջ իրենք էլ կխեղդվեն։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Դու հաստատ գիտե՞ս, որ պիտի կոտորեն։

ՆԱԴԵԺԴԱ.— Հաստատ։ Կառավարությունը արդեն հրամայել է կազակներին քաղաքը պաշարել, և ով որ կարգը խանգարում է, պետք է տեղնուտեղը գնդակահարվի։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Մտահոգ) Բա Անդրյուշան ո՞ւր մնաց, ինչո՞ւ ժամանակին տուն չեկավ։ Ասա, Նադեժդա Իվանովնա, ճշմարի՞տ ես ասում։

ՆԱԴԵԺԴԱ.— Գնա, շուտ գտիր ու տուն բեր. նա ոչնչից [ 586 ] լուր չունի. ասա՝ ամեն բանից ես հաստատ տեղից լուր ունեմ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, մի քիչ թեյ տուր, գնամ մարդուս գտնեմ։

ՆԱԴԵԺԴԱ.— Գիտե՞ս ինչ կա, Մարիաննա Սերգեևնա, թեյ ունեմ, բայց չեմ կարող տալ. քո մարդը շատ կոպիտ է. անցյալ օրը, հենց գալուց մի քանի օր հետո, ամուսնուս հետ վիճում էին, քո մարդը իմ մարդուն անքաղաքավարի կերպով անպատվեց. դուք բոլորդ էլ մանր բուրժույներ եք՝ ասաց, դուք սոցիալ-դավաճանների ստրուկներ եք ասաց, դուք... չգիտեմ ինչ պատրիոտներ եք՝ ասաց։ Է՛հ, մենք մանր բուրժույներ ենք. և թեյ չունենք։ (Բերանը ծամածռելով գնում է:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Մի պահ շվարած կանգնած է մնում սենյակի մեջտեղում, ապա մոտենալով լուսամուտին՝ բաց է անում և բղավում) Նադեժդա Իվանովնա, Նադեժդա Իվանովնա...

ՆԱԴԵԺԴԱ.— (Հեռվից) Լսում եմ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, դուք մանր բուրժույներ եք և սոցիալ-դավաճաններ, մարդս ճիշտ է ասել։ Դուք ամեն բան եք, դուք այն մարդկանցից եք, որ մեզ կողոպտում եք. մանր բուրժույներ եք։

ՆԱԴԵԺԴԱ.— (Ջղայնացած և բարձր) Ճշմարիտ ես ասում, Մարիաննա Սերգեևնա, մենք մանր բուրժույներ ենք և հենց դրա համար էլ թեյ չունենք։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Իմ մարդը ճշմարիտ է ասել, այն մյուս ասածն էլ ճշմարիտ է։ Վերջապես դուք ամենն եք։

ՆԱԴԵԺԴԱ.— Ինչքան ուզում եք՝ դուրս տվեք, թեյ չունենք, թեյ չունենք։ Վերջացավ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Սրտնեղած և ջղայնացած՝ լուսամուտը փակում է) Ես ինչ ասեմ Անդրյուշային, որ խելքը տվել է ուրիշներին, ուրիշների համար է մտածում և իր տան մասին չի մտածում, այն ժամանակ ամեն բան էլ կունենանք և ուրիշներից ոչինչ չենք խնդրի։

ՎԱՍԻԼԻ.— (Մտնում է Վասիլին— մի ծերունի բանվոր, բարի դիմագծերով) Բարև, Մարիաննա։ [ 587 ]

ՄԱՐԻԱՆՆԱ.— Բարև, պապաշա, լավ որ եկար։

ՎԱՍԻԼԻ.— Հը՛, ո՞ւր է Անդրեյդ։ Ո՞ւր է գնացել. տեսնում եմ, հրացանն էլ կախված է պատից։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Դուրս է գնացել, պապաշա։

ՎԱՍԻԼԻ.— Իմանում եմ, որ դուրս է գնացել. ուզում եմ ասել՝ առանց հրացանի՞ դուրս կգնան, ո՞վ է իմանում, քաղաքն այնքան տակնուվրա է եղել, որ հանկարծ յունկեր շանորդու մեկը կխփի, գետին կգցի նրան։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Տեսնու՞մ ես Անդրեյի բանը. այդքան խելք չունի, երկու տարի խրամատներում է եղել ու դեռևս այդքան բան չի մտածել։ Պապաշա, վախենում եմ, ապա ինչու՞ ուշացավ, գնամ գտնե՞մ։

ՎԱՍԻԼԻ.— (Նստելով) Է՜խ, է՜խ, Մարիաննա, շատ բաներ են պատահելու. բուրժույները հեշտությամբ իշխանությունը չեն տա Խորհուրդներին. Պիտերի փողոցները արյունով են ներկվելու— և հենց այս գիշեր։ Այս գիշեր կա՛մ մեր վերջը կլինի, կա՛մ նրանց վերջը։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Եթե իմանաս՝ ինչեր էր ասում այս մեր հարևանը... ասում էր՝ մենք մանր բուրժույներ ենք, թեյ ուզեցի՝ չտվեց, ասում էր՝ քանի որ մենք մանր բուրժույներ ենք, թեյ չունենք. ասում էր՝ դրանց բոլորին պիտի կոտորեն կազակները։ Արդեն քաղաքում կազակներ են բաց թողել։

ՎԱՍԻԼԻ.— Ո՞ր հարևանը, էն քավթա՞ռը։

ՄԱՐԻԱՆՆԱ.—Չէ, Նադեժդա Իվանովնան։

ՎԱՍԻԼԻ.— Ա՜հ, էն մեշչանկան, չինովնիկի կինը։ Լեզու է առել ու խոսում է. շուտով նրանք կտեսնեն, թե ուր են գնալու։ Ու՞ր մնաց Անդրեյը։ Այս երեկո մենք նշանակված ենք քաղաքապահ զինվոր։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Է՜հ, պապաշա, սիրտս վախենում է. ի՛նչ կարող են անել խեղճ զինվորներն ու բանվորները։ Հարևանուհու ասածը ճիշտ է, կկոտորեն ձեզ։

ՎԱՍԻԼԻ.— Ի՞նչ կարող են անել, Մարիաննա. ապա այս աշխարհը ու՞մ ուսերի վրա է կանգնած, բուրժույների՞։ Ոչ, սիրելի Մարիաննա, այս աշխարհը բանվորների ուսերի վրա է կանգնած։ Եվ փետրվարյան հեղափոխությունից [ 588 ] հետո այդ բանվորների վիճակի ոչ մի փոփոխություն չի եղել դեպի լավը։ Շարունակվում են կեղեքումները, հողերը մնում են կալվածատերերի ձեռքում, ոչ մի գյուղացի ոչ մի վերշոկ հող չի ստացել։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Ընդմիջելով) Ախր, պապաշա, ասում են պիտի տան, մի քիչ պետք է համբերենք։

ՎԱՍԻԼԻ.— Միամտություն կլինի հավատալը, իրենց հեղափոխական կոչող մարդիկ գնացել և դաշնակցել են կալվածատիրական կուսակցությունների ղեկավարների հետ։ Լսիր, Մարիաննա, այս ասողը ծերունի բանվոր Վասիլին է, գիտե այդ մարդկանց ամենավերջին կեղծավորությունը։

Մտնում է Անդրեյը

ԱՆԴՐԵՅ.— Վասիլի, այստե՞ղ ես. այս երեկո մենք որոշ պոստերի վրա ենք նշանակված, լավ որ եկել ես, պետք է շուտով գնալ։ Եկա տուն, որ հրացանս առնեմ և մոտդ գամ։

ՎԱՍԻԼԻ.— Իմանում եմ, ես էլ հենց դրա համար եմ եկել։

ԱՆԴՐԵՅ.— Բերել եմ Ռազմահեղափոխական Կոմիտեի նոր հայտարարությունը։

ՎԱՍԻԼԻ.— (Խլելով հայտարարությունը՝ կարդում է) «Հակահեղափոխությունը բարձրացրել է իր հանցապարտ գլուխը։ Պետրոգրադի բանվորական և զինվորական պատգամավորների խորհուրդն իր վրա է վերցնում քաղաքի հեղափոխական կարգը հակահեղափոխական ավերիչ հարձակումներից ազատ պահելու գործը։ Պետրոգրադի քաղաքապահ զորքը ոչ մի բռնություն և անկարգություն թույլ չի տա։ Ազգաբնակչությունը հրավիրվում է ձերբակալելու բոլոր խուլիգաններին ու սևհարյուրակային ագիտատորներին և հանձնելու Խորհուրդների կոմիսարներին՝ մոտակա զորամասը։ Մութ տարրերը հենց որ առաջին փորձն անեն քաղաքում թալան, հրացանաձգություն կամ խառնակություն գցելու՝ կջնջվեն երկրի երեսից։ Քաղաքացինե՛ր, հեղափոխության և կարգապահության գործը զորեղ ձեռքերի մեջ է»։ (Ընթերցումը [ 589 ] լրացնելուց հետո՝ աչքերը փայլում են ուրախությամբ) Արդեն ակտիվ ապստամբությունը փաստ է. այս գիշեր ամբողջ մայրաքաղաքը տակնուվրա պետք է լինի և վերջ տրվի սրիկայություններին։

ԱՆԴՐԵՅ.— (Շատ լուրջ և ծանր տոնով) Ընկեր Լենինն ասել է, որ նոյեմբերի 6-ին շատ շուտ կլինի գործելը, ապստամբության համար համառուսական հիմք է հարկավոր, նոյեմբերի 6-ին դեռ բոլոր պատգամավորները չեն հավաքվելու համագումարին, իսկ նոյեմբերի 8-ին էլ ավելի ուշ կլինի գործելը, որովհետև 8-ին համագումարը կկազմակերպվի. իսկ կազմակերպված խոշոր ժողովը կդժվարանա արագ և վճռական որոշումներ ընդունել։ Մենք պետք է սկսենք գործել նոյեմբերի 7-ին, որպեսզի մենք կարողանանք ասել՝ ահա՛ իշխանությունը։ Այսօր, Վասիլի, նոյեմբերի 7-ն է, մենք պետք է հետևենք մեր առաջնորդի պատգամին, գործել ճիշտ նոյեմբերի 7-ին. 6-ին շուտ է, 8-ին ուշ է։

ՎԱՍԻԼԻ.— Ես կարծում եմ, որ մենք ուշացել ենք. ես անցա քիչ առաջ Սմոլնիից, ահավոր իրարանցում էր այնտեղ։

ԱՆԴՐԵՅ.— Պետք է աճապարել։ Մենք նշանակված ենք մեր պոստերի վրա գիշերվա ժամի 10-ից, ժամը դեռևս 8-ն է։

ՎԱՍԻԼԻ.— Բայց պետք է աճապարել։

ԱՆԴՐԵՅ.— Գնանք, Վասիլի։ (Հրացանը առնում է պատից, կախում է փամփշտակալը:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Տխուր և այլայլված՝ կտրում է առաջը) Անդրյուշա, չէ՞ որ նոր ես վերադարձել ռազմաճակատից, նոր ես վերադարձել քաղցից, կրակից ու մահից։ Անդրյուշա, զինվորները դեմ էին պատերազմին. մեզ կործանողը պատերազմն էր, ինչո՞ւ էլի նոր պատերազմ եք ստեղծում։ Պապաշա, Անդրյուշան ջահել է, դո՞ւ ինչու նրան չես խրատում, դու էլ ես խառնվել բոլորին, դու էլ ես կրակի հետ խաղում, պապաշա, կրակի հետ ես խաղում։

ԱՆԴՐԵՅ.— Մարիաննա, սիրելիս, սա պատերազմ չէ. սա կռիվ է, այս կռիվը հարկավոր է մեզ համար, բոլոր չքավորներիս համար։ [ 590 ]

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, ես հասկանում եմ քեզ, բայց չէ՞ որ նոր ես վերադարձել կրակից։

ՎԱՍԻԼԻ.— (Կիսագրկելով Մարիաննային) Մարիաննա, աղավնյակս, առանց այս կռվին մենք ստրուկներ ենք մնալու, դու մնա տանը հանգիստ և խաղաղ, եթե այս կռվում մենք մեռնենք, դա նշանակում է, որ մենք օգնած կլինենք աշխարհի բոլոր չքավորների ազատությանը։ Անդրյուշան և դու ջահել եք, կվայելեք կյանքը։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, Նադեժդա Իվանովնան ասաց, որ քաղաքում կազակներին բաց են թողել և իշխանության հակառակորդներին պետք է բռնեն ու տեղնուտեղը գնդակահարեն։

ԱՆԴՐԵՅ.— Թո՛ղ դժոխք գնա Նադեժդա Իվանովնան. դու ասա նրան, որ առավոտյան իր գործը վերջացած կլինի։ Մնաս բարով, Մարիաննա, սիրելիս։ (Համբուրում և դուրս է գնում:)

ՎԱՍԻԼԻ.— Մնաս բարով, Մարիաննա. մի՛ մտածիր, կտեսնես հեղափոխության բարիքները, աշխարհը կփոփվի, աշխարհը կդառնա հեղափոխական հաղթանակից հետո մի փառավոր վայր ապրելու համար։ Միայն մի պայմանով, Մարիաննա, որ փոխվի, իսկապես փոխվի աշխարհը։ (Գնում է:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Լուսամուտը բաց է անում և նայում է նրանց ետևից) Անդրյուշա, (ձեռքով ողջերթ է մաղթում) Անդրյուշա։

ԱՆԴՐԵՅ (Դրսից և հեռվից) Մարիա՛ննա, փակիր լուսամուտը, ցուրտ է, սիրելիս, կմրսես։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Ձեռքով ողջերթ է մաղթում, ապա փակում է լուսամուտը, տխուր նայում է չորս կողմը: Քիչ անց մտնում է Մարիաննայի քույր Կատյուշան:)

ԿԱՏՅՈՒՇԱ (Համբուրելով Մարիաննային) Ո՞ւր է Անդրյուշան. քաղաքն ամբողջ կրակի է տրված, սկսվել է արդեն արյունահեղությանը։ (Հրացանաձգության ձայներ հեռվից:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշան հենց հիմա կռվի գնաց, հենց [ 591 ] հիմա. մեկ-երկու րոպե առաջ գայիր՝ այստեղ էր, ծերունի Վասիլին հետն էր. նա էլ գնաց։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Ինչո՞ւ թողեցիր, որ գնա։ Փողոցում և կտուրների վրա գնդացիրներ են գրված. այդ իրարանցումից որևէ մեկը ո՞ղջ դուրս կգա։ Ինչո՞ւ թողեցիր. գիտեմ, որ հարկավոր է կռվել, բայց դու ջահել ես. մեղք ես, եթե նա սպանվի։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ինչպե՞ս արգելեի (մի պահ դադարից հետո) և ինչո՞ւ պետք է արգելեի, Կատյուշա, բավական չէ՞ մեր թշվառությունը։ Անդրյուշան ինչե՞ր է պատմել ինձ գեներալներից, մինիստրներից և բոլոր սրիկաներից։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Իմանում եմ, իմանում եմ ամեն ինչ, բայց կռիվը սարսափելի է լինելու. Պետրոպավլովսկի բերդը արդեն անցել է բոլշևիկների կողմը։ Կառավարությունը հրամայել էր մի գնդի արշավել քաղաքի վրա. բայց զինվորները Գատչինայում կանգնեցրել են գնացքը՝ կասկածելով, որ մի բան կարող է լինել քաղաքում, որ իրենց քշում են քաղաքի վրա։ Գատչինայում իմացել են ամեն բան, և նրանք էլ անցել են բոլշևիկների կողմը, եթե բոլշևիկները պարտվեն, ոչ մեկին ողջ չեն թողնի։

ՄԱՐԻԱՆՆԱ (Փաթաթվելով Կատյուշայի վզով) Կատյուշա, մերոնք չեն պարտվի, զգում եմ, որ նրանք չեն պարտվելու. Անդրյուշան, Անդրյուշան ողջ պիտի վերադառնա, հավատում եմ ես դրան։ Տեսնո՞ւմ ես, (հրացանաձգություն հեռվից) այս ցուրտ, սարսափելի գիշերում ինչպե՛ս վառվել են մարդիկ, նրանք, որոնք զրկված են եղել միշտ. ինչպես են կատաղել, կհաղթեն, անպայման կհաղթեն նրանք։ Ես գիտեմ։ Ես հավատում եմ, որ նրանք կհաղթեն։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Սառն ես, Մարիաննա, թեյ դիր և խմիր, մրսում ես։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Թեյ չունենք. Նադեժդա Իվանովնայից խնդրեցի, ասաց՝ մենք մանրբուրժույներ ենք, թեյ չունենք։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Սպասիր, ես գնամ թեյ ճարեմ և բերեմ։ (Դուրս է գնում):
ՎԱՐԱԳՈԻՅՐ
[ 592 ]
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Տեսարանը ներկայացնում է փողոց, որը կտրված է բարիկադով՝ կառուցված արկղներից, տակառներից, բարձերից, կոտրտված մահճակալի կտորներից և փայտերից: Բարիկադի ետևը կանգնած են Անդրեյը, Վասիլին և ուրիշ զինված բանվորներ: Ծխում են: Մի պատանի վազելով մտնում է՝ կռնատակին թռուցիկներով, մի քանի հատ նետում է. «Կեցցե՛ հեղափոխությունը» աղաղակում է, ցատկում է բարիկադի վրա, անցնում է մյուս կողմը և աղաղակելով կորչում:

ՎԱՍԻԼԻ.— (Կարդում է թռուցիկը) Ամբողջ իշխանությունը բանվորների և զինվորների Խորհուրդներին — հաշտություն, հաց և հող։ Կեցցե՜ Խորհուրդների իշխանությունը։

ԱՆԴՐԵՅ.— Հրացանաձգությունը մոտենում է, կարող են այս կողմը թեքվել։

Ա. ԲԱՆՎՈՐ.— Եթե փախչում են, ուրիշ ելք չունեն, անպայման պետք է անցնեն այս փողոցով։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Մի 100 հոգու պետք է գետին փռել։

ԱՆԴՐԵՅ.— Փախչելիս կարող են անզեն լինել։

ՎԱՍԻԼԻ.— Եթե անզեն լինեն, չարժե ոչ մի կրակ բաց անել. թող անցնեն, կորչեն գնան։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Կզինվեն մի ուրիշ կետում։ Պետք է գետին փռել ինչքան կարելի է։ Ո՜ւյ, էդ սրիկաները։

ՎԱՍԻԼԻ.— (Ձեռքը դնելով Բ. բանվորի վրա) Ո՛չ, ընկեր, կարիք չկա կրակել անզեն մարդկանց վրա։ Բայց միայն մի բան՝ պետք է գերի բռնել և առանձնացնել։ [ 593 ]

ԱՆԴՐԵՅ.— Դիմացից մարդ է գալիս, զգույշ, ընկերներ։

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Հրացանը չխկացնելով) Ընկե՛ր, տվե՛ք երեկոյան պարոլը։

ԴՐՍԻՑ ՁԱՅՆԸ.— Էնգելս։

Ա. ԲԱՆՎՈՐ.- Անցե՛ք։

ՁԱՅՆԸ ԴՐՍԻՑ.— Անցնել չեմ ուզում, կազակները կարող են այս ուղղությամբ գալ, պետք է լինել պոստերի վրա և արթուն։ Ես եկել եմ ձեզ լուր տալու։

ԱՆԴՐԵՅ.—Պատրաստ ենք։

ՎԱՍԻԼԻ.— Անդրյուշա, շատ ենք քիչ, կարող են ճեղքել գիծը։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Բայց միայն մեր դիակների վրայով։

ՎԱՍԻԼԻ.— Ամեն մեկս պատրաստ ենք մեռնելու, բայց կարևորն այն է, որ չթողնենք գիծը ճեղքեն։ (Մտնում է մի զինված բանվոր, ուրախ և բարձր տրամադրությամբ, խոսում է ջղային արագությամբ:)

ՄՏՆՈՂԸ.— Արդարադատության մինիստրի օգնականը և դավանությանց գործերի մինիստրն արդեն ձերբակալված են, ընկերներ, նրանք արդեն տարված են նկուղը։ Հեղափոխական գնդերը ցրված են քաղաքի զանազան կողմերը. մի գունդը մնաց հեռախոսի կայարանը գրավելու, մյուս գունդը արշավեց դեպի հեռագրատունը, իսկ երրորդ գունդը պաշարել է արդեն պետական բանկը։ Փաստորեն իշխանությունը մեր ձեռքն է։ Յունկերները աշխատեցին քանդել Նևայի կամուրջը, որպեսզի Վիբորգսկի թաղամասի բանվորներին ու զինվորներին արգելեն միանալ Խորհրդային իշխանության, բայց ոչինչ չհաջողվեց նրանց. Կրոնշտադտի նավաստիներն սկսեցին շինել կամուրջը։

ՎԱՍԻԼԻ.— Ի՞նչ վիճակում է Սմոլնին։

ՄՏՆՈՂԸ.— Սմոլնին ամբողջ կացության տերն է, Ռազմահեղափոխական Կոմիտեն գործում է ամենայն համերաշխությամբ։ Բայց, ընկերներ, նահանջող յունկերները կարող են այս ուղղությամբ գալ, պետք է պատրաստվել։

ՎԱՍԻԼԻ.— Իմացել ենք։ Եթե գնում եք, ընկեր, լուր տվեք, որ օգնական ուժեր գան այստեղ, հարկավոր է այս գիծը [ 594 ] բռնել, մենք չպետք է թողնենք, որ յունկերները այս գծից դենը անցկենան։

ՄՏՆՈՂԸ.— Շատ բարի։ (Մնում է:)

ԱՆԴՐԵՅ.— Գործը լավ է գնում, Վասիլի, աշխարհի բախտն է վճռվում։

Բ. ԲԱՆՎՈՐ.— (Բղավում է բարիկադի վրայից) Ովքե՞ր եք։

ԴՐՍԻՑ.— Կանայք ենք, ուզում ենք տուն գնալ։

Մտնում են երեք կին:

ԱՆԴՐԵՅ.— Ուղիղ գնացեք, զգույշ եղեք կամուրջն անցնելիս. ձայն տվեք նախքան անցնելը. մի վախենաք, մերոնք են։

ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ.— Շնորհակալ ենք, բայց ովքե՞ս են ձերոնք. ի՞նչ ասենք, որ կարողանանք անցնել կամուրջը։

ԱՆԴՐԵՅ.— Ձայն տվեք և անցեք, ոչինչ չեն ասի։

ՎԱՍԻԼԻ.— Հեղափոխական բանվորներ են, քաղաքացուհի, մի վախենաք, դուք անզեն եք, ձեզ ոչինչ չեն անի։

ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ.— Մենք միայն ցանկանում ենք տուն հասնել։ Ուրիշ ոչինչ։

ՎԱՍԻԼԻ.— Կհասնեք անվնաս, միայն ճանապարհին չխառնվեք խոսակցությունների։

Կանայք գնում են:

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Բարիկադի վրայից դիտելով) Կարծես դիմացի փողոցից մարդիկ են անցնում։ Կասկածելի մարդիկ են, արագ-արագ փախչում են։

Բոլորն էլ սկսում են ուշի-ուշով դիտել:

Բ. ԲԱՆՎՈՐ.— Յունկերներ են։ (Հրացանով անմիջապես նշան է բռնում:)

ԱՆԴՐԵՅ.— Զինված յունկերներ են փախչում, պետք է կրակել։ Բոլորը միասին սկսում են կրակել:

ՎԱՍԻԼԻ.— Չպետք է թողնել, որ նրանք թեքվեն այն կողմը, կարող են նրանք մեծ շփոթության մեջ գցել մեր ընկերներին, մերոնք չէին հաշվում, որ այդ ուղղությամբ կարող են սրիկաները անցնել։

Կրակում են:

Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՛յ, ես ձեր... (Կրակում է:) [ 595 ]

ԱՆԴՐԵՅ.— Արդեն ետ են դառնում դեպի հին դիրքերը։ Կրակեցե՛ք։

ՎԱԱԻԼԻ.— Նրանք մերոնց կրակին հանդիպեցին. կարող են այս կողմը թեքվել հիմա։

ԱՆԴՐԵՅ.— Ոչ, գնում են դեպի հին դիրքերը։

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Ցատկելով բարիկադի վրա) Ոչ ոք չկա, իզուր մի կրակեք։

Դադարեցնում են կրակը:

ԴՐՍԻՑ.— (Հաստ և խռպոտ ձայն) Վերջին թռուցիկը...

ՎԱՍԻԼԻ.— (Ա. բանվորին) Մի հատ վերցրու, շո՛ւտ արա։

Ա. ԲԱՆՎՈՐ.— Այս կողմն են գալիս։

ԱՆԴՐԵՅ.— Ուրիշ ուղղություն չունի, այս կետից է անցնելու։

Մտնում է մի ծերունի և երկու թռուցիկ է նետում:

ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Բարև՛, ընկերներ։

ՎԱՍԻԼԻ.— Հը՞, ինչպե՞ս է դրությունը առհասարակ քաղաքում։

ԾեՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Շատ լավ։

ՎԱՍԻԼԻ.— Ի՞նչ է այդ, ընկեր, քո թևից արյուն է կաթում։

ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Ոչինչ. Ժամանակավոր կառավարության տապալման առաջին թռուցիկն եմ ցրում։

ԱՆԴՐԵՅ.— Բայց ի՞նչ է պատահել, արյուն է կաթում, կարող ես ուժասպառ լինել։ Պետք է կապել։

ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Կրակեցին մի լուսամուտից։

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Թաշկինակով կապում է) Վերքն աննշան է, բայց ցուրտ է, լավ չէ, կապած պահիր։ (Ծերունի զինվորը կտրում է բարիկադը և անցնում, դրսից լսվում է նրա ձայնը:)

ԱՆԴՐԵՅ.— (Կարդում է թռուցիկը:)

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ժամանակավոր կառավարությունը տապալվել է: Պետական իշխանությունն անցավ Պետրոգրադի Բանվորական և Զինվորական Պատգամավորների Խորհրդի օրգան Ռազմահեղափոխական Կոմիտեի ձեռքը, որը Պետրոգրադի [ 596 ] պրոլետարիատի և քաղաքապահ զորքի գլուխն է կանգնած: Այն գործը, որի համար կռվում էր ժողովուրդը դեմոկրատական հաշտության անհապաղ առաջարկ, հողի կալվածատիրական սեփականության վերացում, բանվորական վերահսկոդություն ինդուստրիայի վրա, ստեղծումն Խորհրդային իշխանության — այդ բոլորը ապահովված են:
Կեցցե՛ բանվորական, զինվորական և գյուղացիական հեղափոխությունը:

Պետրոգրադի Բանվորական և Զինվորական

Պատգամավորական Խորհրդին կից

ՌԱԶՄԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՜յ, ես նրանց... (Օդում կրակում է ոգևորությունից:)

ՎԱՍԻԼԻ.— (Լուրջ, հանգիստ և ծանր տոնով) Ընկերնե՛ր, իշխանությունը անցել է Խորհուրդների ձեռքը, իշխանությունը անցել է բանվորներին, զինվորներին, նավաստիներին և չքավոր գյուղացիներին։ Սկսվում է աշխարհում նոր պատմություն, նորագույն պայքարի պատմություն՝ սոցիալիզմ կառուցելու պատմություն։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՜յ, ես նրանց... Պրոլետարիատի դիկտատուրայով մենք կստեղծենք համաշխարհային հեղափոխության բոլոր նախապայմանները և կկառուցենք սոցիալիզմ։ Մի՛ մտածիր դրա մասին, պապաշա։

ԱՆԴՐԵՅ.— (Ընդոստ ցատկելով բարիկադի վրա՝ ուշի-ուշով դիտում է և աղաղակում) Ընկերնե՛ր, թշնամին այս կողմն է խուժում։ Դիմադրության վերջին կորովն է պահանջվում բոլոր հեղափոխական զինվորներից (բարիկադի ետևն են շարվում բոլորը, հետզհետե օգնական ուժեր են հասնում): Կրակեցե՛ք թագավորի գեներալների, մինիստրների, կալվածատերերի և բանկիրների լակեյներին։ Ահա գալիս է մեզ ստրկացնող շղթան, պետք է կոտրել, փշուր-փշուր անել այդ շղթան, իշխանությունը մեր ձեռքին է, կռվենք հանուն բանվորների և զինվորների իշխանության։ Կրակեցե՛ք։

Բ. ԲԱՆՎՈՐ,— Ա՜յ, ես նրանց... (Կրակում է:)

(Բարիկադի ետևը հավաքվողները սկսում են համազարկը:)

Ա. ԲԱՆՎՈՐ.— Գալիս են, շատ են զինված։

Կրակում են:
[ 597 ]

ՎԱՍԻԼԻ.— (Առանց խուճապի մատնվելու) Այս գիծը կարող են կտրել և անցնել միայն ամենավերջինի դիակի վրայից։

ԱՆԴՐԵՅ.— Ետ են քաշվում, մի քանիսը ետ վերադարձան։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՛յ, ես նրանց... (Կրակում է:)

Ա. ԲԱՆՎՈՐ.— Համառ կերպով առաջանում են։ Կրակեցե՛ք։

ՎԱՍԻԼԻ.— Իմ դիրքը բարիկադի վրա է (ցատկում է բարիկադի վրա և սկսում է կրակել): Ով որ կյանքը թանկ է գնահատում, թող չմոտենա երբեք այս գծին։ Իշխանությունն արդեն մեր ձեռքին է, և ոչ ոք չի կարող խլել այն մեր ձեռքից, սպասեցեք և տեսեք, թե ինչեր... (Ծերունի Վասիլին վիրավորվում է և ընկնում: Անդրեյը նրան անմիջապես գրկում է, բարիկադի տակ պառկեցնում և սկսում է կրակել: Հանկարծ ներս են խուժում զինված նոր բանվորներ: Ներս վազողները անցնում են բարիկադի տակ և սկսում են կրակել:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ
[ 598 ]
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Թաղային կոմիսարի սենյակ: Անդրեյը, նստած մի պարզ սեղանի առաջ, ինչ-որ գրում է: Գրությունը լրացնելուց հետո՝ կնքում և զանգ է տալիս։ Մտնում է մի զինված բանվոր:

ԱՆԴՐԵՅ.— Խնդրեմ՝ այս գրությունը շուտով հասցնես Արտակարգ Հանձնաժողովի գրասենյակը, շտապ է, ընկեր։

ԲԱՆՎՈՐ.— Շատ լավ, ընկեր կոմիսար, իսկույն, բայց իմ պոստի վրա ոչ ոք չկա։

ԱՆԴՐԵՅ.— Ես մի ուրիշին կնշանակեմ։

ԲԱՆՎՈՐ.— Գնացի... (Դուրս:)

Անդրեյը մի սլահ դուրս է գնում:

ԱՆԴՐԵՅ.— (Դրսից) Մատվեյ, խնդրում եմ այստեղ, գրասենյակի մուտքը հսկել, մինչև ընկերը վերադառնա։ (Ներս է գալիս: Զանգահարում է հեռախոսով:) Տվեք 205, հալլո՜։ Ո՞վ է, այո՛, ի՞նչ եղավ, ինչքա՞ն եք հաջողել։ (Զայրացած) Անմիջապես ձերբակալեցեք տանտիրոջը, կնոջն էլ հետը. եթե մի քիչ նստեն, կասեն ամեն բան։ Այո՛, այո՛։ Անմիջապես։ Ճիշտ է։ Այդպես էլ կարծում էի։ Վերջապես ձեռք քաշեցեք այդ զգուշավորությունից։ Լսի՛ր, եթե ձեռքից փախցնես, դու անձամբ պատասխանատու ես հեղափոխության առաջ։ [ 599 ] Լա՛վ, լա՛վ, հասկանում եմ։ (Մտնում է մի զինվոր) Սպասում եմ, սպասում եմ։

ԶԻՆՎՈՐ.— Հացը բաժանեցինք, բայց շատ կարևոր է, որ շաքար էլ տանք, շաքարի մեծ կարիք է զգում ազգաբնակչությանը։

ԱՆԴՐԵՅ.— (Ձեռքը դնելով զինվորի ուսին) Այո, ճիշտ է, պետք է շաքար էլ բաժանել, կարգադրել եմ, որ բերեն. մեծ քանակությամբ չի լինի, ընկեր, մեծ հույսեր չունենաս։

ԶԻՆՎՈՐ.— այնքան որ կարողանանք մի երեկոյի համար բավականացնել։

ԱՆԴՐԵՅ.— Ոչ թե մի երեկոյի, այլ երկու օրվա համար։

ԶԻՆՎՈՐ.— Երկու օ՞ր... գնամ, լուր տամ կոմիսարին։

ԱՆԴՐԵՅ.— Լսիր (թևից բռնում է) դրա ժամանակը չէ, շաքար շատ կլինի, ուրիշ կարևոր հարց կա այստեղ։ (Նայելով իր սեղանի վրա գտնված մի քանի թղթերին՝ մեկը վերցնում է) Ձեր փողոցի № 62-ում կասկածվում է, որ ռումբեր թաքցրած լինեն։ Մի՞թե ձեզանից որևէ մեկը չի գուշակել որևէ բան մինչև հիմա. պետք է արթուն լինել, հասկանո՞ւմ եք։ Ռումբ լինելու բոլոր տվյալները կան, ահագին մատերիալ է հավաքվել այդ բնակարանի մասին։

ԶԻՆՎՈՐ.— (Մտածելով) № 62-ում... (գլուխն է քորում) № 62-ում, սատանան տանի, անցյալ օրը ընկերներից մեկնումեկը, կարծես լսեցի, խոսում էր այդ մասին, ոչ թե ռումբի մասին, այդ ողորմելիների մոտ ռումբ չի կարող գոյություն ունենալ,— բայց ասում էր՝ ինչ-որ հակա են, կարևորսւթյուն չտվինք։

ԱՆԴՐԵՅ.— Լսեցեք ինձ, ընկե՛ր, չի կարելի կարևորություն չտալ։ (Հետզհետե ոգևորվում է) Ամեն մի փոքր, աննշան խնդիր մեծ նշանակություն ունի հեղափոխության հաջողության տեսակետից, բոլոր փոքր, աննշան խնդիրների գումարը կարող է կատաստրոֆա ստեղծել քաղաքական իշխանության ոչ-փորձառու պրոլետարիատի դիկտատուրայի համար։ (Ձեռքը խփելով սեղանին) Հասկանո՞ւմ եք, այս րոպեիս ես ձեզ գրավոր կկարգադրեմ [ 600 ] № 62 բնակարանը մանրակրկիտ խուզարկության ենթարկել և ստուգել, ասում եմ ձեզ, այդ բնակարանը կասկածվում է որպես հակահեղափոխության կարևոր որջերից մեկը։ (Նստում է և սկսում գրել, ստորագրում, կնքում և տալիս է զինվորին) Անմիջապես գործի, ընկե՛ր, րոպեն անգամ թանկ է մեր պայքարի համար։

ԶԻՆՎՈՐ.— (ձեռքը խփելով սեղանին) Սատանան տանի։ (Գնում է: Զանգահարում են):

ԱՆԴՐԵՅ.— Հալլո՛։ Այո, կոմիսարն է։ Այս երեկո մի մասը կարող ենք տալ, առավոտյան էլ մյուս մասը։ Մենք աշխատում ենք ավելի հաց ձեռք բերել, քան շաքար, կարևորը հացն է։ Այո։ Ուրախ եմ, օգտագործեցեք ամեն մի զենք, ամեն մի րոպե, ամեն մի պատեհություն։ Ճիշտ է նրա ասածը, ավելի լավ է մտքով, երկաթյա տրամաբանությամբ գործել, քան զգացմունքով։ Ի՞նչ արած, թող դժոխք գնա։ Ձերբակալեցե՛ք անմիջապես։ Հեղափոխությունից ավելի թանկը չկա։ Լսեցեք, ընկե՛ր, մի՛ հակաճառեք, այսօր կարդացե՞լ եք ընկեր Լենինի ճառը Համառուսական ռազմական նավատորմիղի համագումարում՝ տպված «Իզվեստիայում».— «Մեզ վրա մեղադրանքների կարկուտ է թափվում, թե մենք տեռորով և բռնությամբ ենք գործում, բայց մենք անվրդով ենք այդ հարցումների հանդեպ. մենք ասում ենք՝ մենք անարխիստներ չենք, մենք կողմնակից ենք պետության։ Այո, կապիտալիստական պետությունը պետք է ոչնչանա։ Մեր նպատակն է նոր պետություն կառուցել՝ սոցիալիստական պետություն։ Այդ ուղղությամբ մենք անդուլ կաշխատենք, և ոչ մի խոչընդոտ չի կարող մեզ կանգնեցնել»։— Լսո՞ւմ ես, ընկե՛ր, և ոչ մի խոչընդոտ։ Անմիջապես ձերբակալեցեք, մենք դարեր դրանց հայհոյանքներն ենք լսել, ոչ մի արժեք չունի ներկայի արցունքը։ Լսում եմ. այո, կարող է պատահել. ոչ, ոչ, ասում եմ։ Սպասում եմ։ Այո, շտապ կարգով։

(Ներս է մտնում մի զինված բանվոր՝ առաջը գզած հուզված ինտելիգենտ մի մարդու: Մարդը անասելի երկյուղի մեջ է, ուզում է խոսել, բայց չի կարող:)
[ 601 ]

ԶԻՆՎ. ԲԱՆՎՈՐ.— Ընկեր կոմիսար, փողոցում ձերբակալեցի այս մարդուն, հայհոյում էր հեղափոխությանը։

ԱՆԴՐԵՅ.— Բրավո՜ հանդգնություն...

ՄԱՐԴԸ.— Նայած թե ինչպես է հասկացել իմ ասածները։

ԱՆԴՐԵՅ.— (Բարկացած) Ի՞նչ լեզվով էիր խոսում, օտար լեզվով հո չէի՞ր խոսում, որ չհասկացավ։

ՄԱՐԴԸ.— Ոչ, ընկեր կոմիսար, խոսում էի մեր լեզվով։

ԱՆԴՐԵՅ.— Ուրեմն կարող էր սխալ չհասկանալ։

ՄԱՐԴԸ.— Սխալ է հասկացել։ Ես ասում էի, որ...

ԱՆԴՐԵՅ.— (Ընդմիջելով) Ի՞նչ մարդ եք դուք, ի՞նչ դասակարգի եք պատկանում։

ՄԱՐԴԸ.— Ես ասում էի, որ այս արյունահեղությունը...

ԱՆԴՐԵՅ.— (Զայրույթով ընդմիջելու) Ի՞նչ գործով եք զբաղվել, ի՞նչ պրոֆեսիա ունեք, ո՞րն է ձեր դասակարգը, դասակարգն ասեք, դա է կարևորը։

ՄԱՐԴԸ.— Թույլ տվեք խոսքս վերջացնեմ, ասեմ, թե ինչ էի ասում։

ԱՆԴՐԵՅ.— (Բղավելով) Ասեք ձեր դասակարգը և ապա սկսեցեք խոսել, ես ձեզ կլսեմ մինչև վերջ։

ՄԱՐԴԸ.— (Հանգստացած և ուրախ) Համարյա պրոլետար եմ, չքավոր ինտելիգենտ։

ԱՆԴՐԵՅ.— Սա էլ նոր դասակարգ է, համարյա պրոլետար (ծիծաղում է): Հիմա ասացեք, թե ինչ էիք ասում։

ՄԱՐԴԸ.— Ասում էի, որ այս արյունահեղությունը լավ չէ, դա կկործանի մեր հայրենիքը, թշնամին կգրավի մեր երկիրը, ոչինչ էլ չի փոխվի։ Ահա իմ բոլոր ասածները, այս ընկերը լսելուն պես՝ ինձ ձերբակալեց, պետք է ասել, որ շատ կոպիտ էլ վարվեց ինձ հետ, մինչև անգամ հրացանի կոթով մի անգամ էլ խփեց կողիս։

ԱՆԴՐԵՅ.— Լսի՛ր, ողորմելի մարդ, ոչ թե կողիդ, այլ գլխիդ պետք է խփել, իզուր չի արել, լավ է արել, որ ձերբակալել է քեզ. հենց քեզ պես մարդկանց պետք է ձերբակալել։ Ավելի վտանգավոր եք դուք, քան ճակատից կռվող պրոլետարիատի թշնամիները։

ՄԱՐԴԸ.— Ընկեր կոմիսար...

ԱՆԴՐԵՅ.— (Բղավելով) Մի ընդմիջի խոսքս. ես քեզ լսեցի [ 602 ] մինչև վերջը, բարի եղիր ինձ էլ լսել։ Ո՞վ է հարուցել այս կռիվը, ո՞վ է պատճառ լինում այս արյունահեղության։ Ուրեմն, եթե մեկը անիրավ տեղը քո վզին չոքի քեզ խեղդելու և եթե դու նրա վիզը ավելի շուտ բռնես և խեղդես, սիրտը պոկես և դուրս թափես, քո գործած, այսպես ասած, ոճրի պատճառը դու կլինես, չէ՞, ողորմելի մարդ, դու չես հասկացել այս ամբողջ թափված, դարերից ի վեր թափված արյան իմաստը։ Կնստես միառժամանակ նկուղում և շուտով կհասկանաս ամեն բան, մանավանդ լավ կըմբռնես «հայրենիք» բառի իմաստը։ Տա՛ր սրան, թող իմաստություն սովորի։ Հեղափոխությունը քեզ ձեռք չի տա, բայց պարտական է մի քանի գիտելիքներ տալ քեզ, տա՛ր սրան։

Զինված բանվորը հրացանը չխկացնում է, ուզում է առաջը գցել, բայց մարդը դանդաղում է, ուզում է խոսել:

ՄԱՐԴԸ.— Ներեցեք, ընկեր կոմիսար, ես կարծում էի, որ լավ բան էի ասում, եթե գիտենայի, որ իմ ասածները հեղափոխության դեմ են, չէի ասի, աստված վկա, չէի ասի։

ԱՆԴՐԵՅ.— Լավ, որ ասել ես. անհրաժեշտն այն է, որ այդպես չմտածես, իսկ եթե մտածել ես, լավ է, որ ասել ես. դրանում գեթ անկեղծություն կա։

ՄԱՐԴԸ.— (Ոգևորված) Այո, այո, անկեղծ եմ. այդպես էի մտածում. հայրենիքի սերը ինձ թելադրեց այդպես մտածել, և անկեղծորեն ասացի։

ԱՆԴՐԵՅ.— Տարե՛ք սրան, բավական է։

Զինված բանվորը տանում է նրան։

Սատանան տանի, սա էլ ինտելիգենտ է. կարծես ցեխով է պատել ամբողջ ուղեղը։

Զանգահարում են:

Հալլո՛։ (Երկար լսելուց հետո) Տեսնո՞ւմ եք. (ջղայնացած) և մինչև հիմա անուշադրության էր մատնված այդ հակահեղափոխության որջը։ Այս րոպեիս։ 50 զինվոր բավակա՞ն է։ Լա՛վ։ Այս րոպեիս։ (Հեռախոսը կախում է [ 603 ] և առանց հեռանալու։) Սատանան տանի, վախենում եմ ուշ լինի ամեն բան։ (Նորից հեռախոսը ձեռքն է առնում և ջղային) Տվեք Արտակարգ Հանձնաժողով։ (Ուշանում է:) Տվեք Արտակարգ Հանձնաժողով, անմիջապես։ Հալլո՛. Ալյոշա, խուզարկել տվի № 62-ը, տրված մատերիաները բոլորն էլ ճիշտ են. մեծ քանակությամբ ռռւմբերի պահեստ է գտնված, շտապ կարգով պահանջվում է 59 զինվոր, առանց րոպե ուշացնելու. վախենում եմ, որ հակահեղափոխական այդ որջը պաշտպանելու համար ընդհարումներ տեղի ունենան, տնեցիները փախել են, ոչ ոք չի բռնվել։ Այո՛, այո՛, անմիջապես ուղարկեցեք։ (Կախում է հեռախոսափողը, նստում է սեղանի առաջ, ձեռքը ուժգին խփում է սեղանին) Մի փոքրիկ անհոգություն, և ահա ծանր աշխատանքով ձեռք բերված բոլոր նվաճումները կարող են մի րոպեում զուր գնալ։

Մտնում Մարիաննան գթության քրոջ զգեստով:

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, քանի օր է քեզ չեմ տեսել (վազում, գրկում է իր ամուսնուն և համբուրում):

ԱՆԴՐԵՅ.— Տանը եղե՞լ ես։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Երեկ տանն էի։

ԱՆԴՐԵՅ.— Շատ եմ զբաղված, Մարիաննա, սիրելիս, ներիր։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ես էլ եմ զբաղված։ Միայն երեկ գիշեր տանը եղել եմ, այն էլ մի քանի ժամով, ես կարծում էի, որ դու եկել և գնացել ես։

ԱՆԴՐԵՅ.— Ոչ, սիրելիս, գրասենյակից դուրս չեմ եկել, այստեղ մի քիչ քնել եմ. ուրիշ ոչինչ. մատակարարման գործն ավելի դժվար է, քան կռվելը։ Ավելի լավ էր կռվում լինեի, քան այս գործում, դժվար է, պահանջները շատ են և մեր միջոցները՝ քիչ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, պետք է տանել, շատ աշխատանք պետք է կատարել։ Ես այնքան ուրախ եմ, որ երկուսս էլ նվիրված ենք հեղափոխության գործին։ Ուրախ եմ, որ խնամում եմ հեղափոխության զինվորներին։

ԱՆԴՐԵՅ.— Ապրես, Մարիաննա, ես էլ քեզ հիմա հազարապատիկ ավելի եմ սիրում։ Կանայք էլ պետք է դառնան [ 604 ] պետական և հասարակական գործիչներ, կանայք հո հավիտյան չպետք է մնան տանը իբրև կաթնատու մայրեր։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ես կանեմ այն, ինչ ինձանից սպասվում է, և կարող եմ անել։

ԱՆԴՐԵՅ.— Ինչպե՞ս է ծերունի Վասիլին։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Աչքերը լցվում են արցունքով) Անդրյուշա, խեղճ ծերունին չդիմացավ, մեռավ նա երեկ առավոտյան։

ԱՆԴՐԵՅ.— (Տխուր և ծանր տոնով) Մարիաննա, ծերունի Վասիլին 40 տարվա բանվոր էր. նա աշխատանքի հերոս էր, եղավ և հեղափոխության հերոս։ Ամբողջ 30 տարի նա հեղափոխական էր, այսօրվա հեղափոխական բանվորներից շատերը նրա աշակերտներն են։ Ես հիշում եմ, թե ինչպես նա մոտեցավ ինձ առաջին անգամ, բացատրեց մեր դասակարգի բոլոր հարցերը, և ես ինձ շղթայված զգացի նրա քարոզած գաղափարներով։ Նա հին մարդ էր, բայց միշտ թարմ, երիտասարդական ոգևորությամբ։ Հիշո՞ւմ ես վերջին գիշերը, երբ մենք մեկնեցինք մեր պոստերը, պատանու չափ կայտառ էր, աշխույժ և միաժամանակ՝ իմաստուն։ Մարիաննա, այս հրդեհը երկար կտևի, այս հրդեհը պետք է բռնի ամբողջ աշխարհը, որպեսզի մաքրի դարերի կեղտը։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Անդրյուշա, վերջին րոպեին մոտն էի, բռնեց ձեռքս, ուզեց սեղմել, բայց անուժ էր, նայեց աչքերիս մեջ. նայեց երկար և ասաց. «Լավ նայիր Անդրյուշային, նա լավ զինվոր է» և աչքերը փակեց (լաց է լինում)։

ԱՆԴՐԵՅ.— Մի լաց լինի, Մարիաննա. հեղափոխությունը դեռևս այդպիսի շատ զինվորներ պիտի կուլ տա. անողոք է կռիվը, դաժան, բայց այս կռիվը վերջնական է։

Մտնում է մի քաղաքացի:

ՄԱՐԻԱՆՆԱ.— Գնամ, Անդրյուշա, երկար ժամանակով հիվանդանոցից դռւրս չեմ եկել։ (Համբուրում է) Այս երեկո տուն արի, եթե կարող ես։

ԱՆԴՐԵՅ.— Լավ, եթե ժամանակ ունենամ։ [ 605 ]

Մարիաննան գնում է:

Ի՞նչ կա, ընկեր։

ՔԱՂԱՔԱՑԻ.— (Բարկացած) Ո՞վ է իրավունք տվել ձեռքիցս խլելու իմ հարստությունը։

ԱՆԴՐԵՅ.— (Քմծիծաղով) Ո՞վ է իրավունք տվել... ի՞նչ է պատահել։

ՔԱՂԱՔԱՑԻ.— Իմ տան ալյուրը ամբողջ տարան։

ԱՆԴՐԵՅ.— Ալյուրը հարկավոր է բոլորի համար։

ՔԱՂԱՔԱՑԻ.— Բոլորը ինչի՞ս են պետք, ալյուրը իմն է։

ԱՆԴՐԵՅ.— (Ծանր տոնով) Լսի՛ր, ընկեր քաղաքացի, ոչինչ քոնը չէ. այս մեկը լավ իմացիր։ Կարգադրված է բռնագրավել այն ամենը, ինչ հարկավոր է հասարակական կարիքների համար, այս հեղափոխությունը հենց նրա համար է, որ այլևս ոչ ոք չկարողանա ասել իմը և քոնը. հասկանո՞ւմ եք։

ՔԱՂԱՔԱՑԻ.— Ինչպե՞ս թե իմը և քոնը չկա. բողոքում եմ։

ԱՆԴՐԵՅ.— Հանգի՛ստ։

ՔԱՂԱՔԱՑԻ.— (Բղավելով) Բողոքում եմ. անիրավություն է։ Ներս է մտնում դռան պահակը:

ԱՆԴՐԵՅ.— Տար այս ապուշին։

(Պահակը տանում է. Անդրեյը մի պահ մենակ է մնում, հոգնության և քնատության նշաններ է ցույց տալիս, գնում է լուսամատի առաջ. երկար նայում է. հեռվից լսվում է զինվորական օրկեստրի ձայնը, նրա աչքերը կամաց-կամաց փայլում են:)

Անցնում են հեղափոխական ջոկատները, անցնում են դարերի ստրուկները հաղթական երգով։ Հինը վերջացավ, հինը անդարձ գնաց, սկսվում է սոցիալիզմի կառուցման փառահեղ աշխատանքը։