Հրեշը
Նա ծնվեց աննկատելի։ Ոչ ոք չիմացավ նրա ծննդյան տեղն ու ժամը, որովհետև ոչ ոք չէր կարծում, թե կարող է ծնվել մի այդպիսի հրեշ:
Բայց նա ծնվեց։ Հենց առաջին օրից նա սնվում էր արյունով, որովհետև և՛ արյունից էր ծնվել, և՛ արյունահեղություննրն էր նրա ծնողը։ Ամիսը չլրացած դուրս եկան նրա ատամները։ Նախ մանր էին նրանք, աննկատելի, բայց հետո արագ մեծացան։
Մեծացան և կարճ ժամանակում դարձան ժանիքներ, սրածայր, հաստարմատ, ծուռ՝ նման երկաթյա ունելիքների։
Այլևս արյունը նրան չէր կշտացնում։
Ժանիքները պահանջում էին կարծր ուտելիքներ, ստամոքսը կարոտում էր համադամ կերակուրների՝ բաղկացած մարդկային մսից, ոսկորից և ուղեղից։ Եվ նա քանի մեծացավ, այնքան ավելի ու ավելի դարձավ ագահ, խստապահանջ և հանդուգն։ Մանավանդ հանդուգն ու անամոթ։
Այժմ նա պտտում է փողոցներում, և դուք ամեն օր տեսնում եք նրան, ամեն ժամ, ամեն րոպե, որովհետև նա ձեզ հետևում է ամենուրեք։ Նրա աչքերն արյունալի են. բերանը միշտ բաց՝ ինչպես անհատակ ու մթին անդունդ, ատամները փայլուն։ Նա անցնում է դռնեդուռ, մտնում է տները և ճանկում ու կլանում է ամեն ինչ, որ հնարավոր է, ամեն ինչ, որ անհնարին է: Ծերունիների վերջին օրերը, երիտասարդների վերջին ուժերը, մանուկների վերջին կտոր հացը, ծծկերների վերջին կաթիլը կաթի, կանանց ու աղջիկների ամոթխածությունը, հայրերի ինքնասիրությունը, այրերի պատիվը, մայրերի հանգստությունը։ Նա ոչինչ չի խնայում և ոչնչով չի կշտանում։ Երեկ նա մի հուսահատ սպայի ճանկեց և ձգեց գետի մեջ ու խեղդեց։ Այսօր նա սպանեց մոր գրկում, փողոցի մեջտեղում, խուռն բազմության առջև նրա միակ զավակին:Վաղը նա խեղդելու է մորը։
Զարհուրելին այն է, որ ամենքը սարսափած դիտում են հրեշի այդ գազանությունները և ոչ ոք չի ուզում նրա հետ կռվել, վասնզի ահն ու սարսափը կաշկանդել է ամենքին։ Եվ նա շարունակում է իր ավերումներն աներկյուղ ու անպատիժ։ Մարդիկ միայն մի բան գիտեն անել — անիծել։ Եվ անիծում են հրեշին բոլոր տներում, բոլոր փողոցներում, մեծն ու փոքրը, աղքատն ու հարուստը։
Անունն է այդ հրեշի թանկություն։
Արդյոք մինչև ե՞րբ պիտի նա իշխե անպատիժ։ Արդյոք կգա՞ մի օր, որ ուժասպառ և թմրած ամբոխը ոտքի ելնե միահամուռ ուժերով և ջարդուփշուր անե լրբացած հրեշի գլուխը։