Հ. Առաքելյանը և Գր. Արծրունու գլխարկը

Հ. Առաքելյանը և Գր. Արծրունու գլխարկը

Հովհաննես Թումանյան

[ 231 ]

Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԵՎ ԳՐ. ԱՐԾՐՈՒՆՈՒ ԳԼԽԱՐԿԸ

Հ. Առաքելյանը «Մշակի» № 134-ում ինձ հայհոյելով հանդերձ ապացուցանում է իմ ասածի ճշմարտությունը։ Էդպես է մարդու բնավորությունը, նրա համաձայնությունն էլ հայհոյանքով է լինում, որ ընթերցողը կարծի թե հակառակ բան է ասում։

«Հորիզոնում» մի քանի անգամ կրկնել ենք, որ վերջին ընտրությունների ժամանակ մեջտեղը կուսակցություն չկա, իսկ եթե Հ. Առաքելյանի և K°-ի դեմ բազմություն է դուրս գալի, նրանից է, որ ամենքն էլ զզվել են վերջապես և՛ նրանից և՛ նրանց անվերջ անձնական աղմուկներից ու հայհոյանքներից։

Այժմ Հ. Ա., որ շարունակ թայֆա ու կուսակցություն էր գոռում, խոստովանում է, թե Մողնու ընտրածներից ոչ մինը նույնիսկ կիսաթայֆայական չի։ Ուրեմն և՛ ընտրողները թայֆայականներ չեն, իսկ եթե մեզ էլ նրանց հետ է կապում, պարզ է և մեր պատկերը։

Բայց, այսուամենայնիվ, ինչ են ուզում էս ամեն «դևերը», որ միացել են և ում են ուզում կորցնել։ Պատասխանը տալիս է հենց ինքը Հ․ Ա․ «որպեսզի չընտրվի Հ. Առաքելյանը»։ Միանգամայն ճշմարիտ ու պրծանք, հենց էն, ինչ որ ես էլ ասել էի։ Մարդը, երկար տարիներ աշխատելով կարողացել է իրեն դարձնել էսքան ատելի, ո՞վ է մեղավոր։

Երկրորդ վիշտն էն է, որ ասել եմ թե «Մշակը», կասեմ և մշակականությունը, մեռել են վաղուց Արծրունու հետ և այժմյան վարիչները միայն շահագործում են մեռելի անվան հմայքը ու ապօրինի են, որպես գաղափարական ժառանգներ և կեղծ։

Հ. Ա. գուցե կարծում է, թե ես ջգրու եմ էսպես ասում։

Ո՛չ, ամենայն հանգստությամբ արձանագրում եմ վաղուց կատարված մի իրողություն. ճիշտ էնպես, ինչպես եթե էսօր մի կամ մի քանի մարդիկ գային աղմկելու «Հյուսիսափայլի» անունով ու շահագործելու և Նազարյանի կամ Մ. Նալբանդյանի անունները, կասեինք՝ պարոններ, «Հյուսիսափայլը» ու նրա կուսակցությունը վաղուց է, որ չկան

և դուք, որ ոչ մի բանով նման չեք նրան, հասարակ կեղծարարներ եք։

Սակայն Հ. Ա. խոսքի տակ մնացողը չի, և ահա որպես «Մշակի» գոյության ապացույցներ առաջ է բերում Խ. Մալումյանին, Լեոյին և Ա. Ահարոնյանին։ Շատ լավ, թող էդպես լինի և համաձայն ենք էս շատ տիպիկ ժուրնալիստի հետ, բայց էն ժամանակ էլ էսպես հարց կտանք.— Հարգելի պարոն, եթե սրանք են «Մշակը», այլևս դուք ի՞նչ եք. չէ՞ որ սրանք ոտով գլխով հակառակ ու հեռու են ձեզանից։

Միշտ էսպես են ծուռը մարդիկ․ նրանց բերած փաստերն էլ միշտ դառնում են իրենց դեմ։

Հիմի հին առակը լսենք։

Իրեն, Հ. Ա.-ի դեմ խոսում են, իր վատությունն են երեսին բռնում, իսկ նա սովորական ձևով դուրս է բերում Արծրունու ուրվականը, նրա պայքարը մեղվականների և ուրիշների հետ։ Նրան կենդանի ժամանակ խաչում էին… նրա հետ էլ էսպես էին վարվում… այժմ մենք… «Մշակը»…

Ե՛վ խեղճ, և՛ ծիծաղելի, և՛ զզվելի։ Ես ճանաչում էի մի պարոնի, որ չգիտեմ ինչպես, ձեռք էր գցել հանգ<ուցյալ> Ադամյանի գլխարկը և դարձել էր շատ հայտնի մարդ հանգուցյալի գլխարկով։ Բայց նա էնքան բարեխիղճ մարդ էր, որ չէր շահագործում նշանավոր գլխարկը, այլ միայն հպարտանում էր նրանով։ Իսկ էս մարդը, որ ձեռք է գցել Արծրունու գլխարկը, ոչ մի բարեխղճություն չունի և շահագործելով հանեց թե՛ նրա թերթի, թե՛ նրա հարգողների հոգին։

Վերջապես ե՞րբ պետք է հանգուցյալի պատկանելիքները տարվեն թանգարան, որ էդ մարդիկ իրենք էլ հանգստանան, ուրիշներին էլ թողեն հանգիստ։