Ձեռնքաշ Հերոն

1
Կեսօրին Հերոն արդեն չհամբերեց։ Պարկը սեղմեց թևի տակ ու ելավ դուրս։ Վաղ գարուն էր։ Եղանակը եթե այդպես տաք գնար, եթե չուշանար գարնան առաջին անձրևը, մի տասը օրից ձյունը կգար, սար ու դաշտ կբացվեին։ Տասը օր… տասնհինգ օր բայց կովը կհամբերի՞, պոչից ընկած էն երկու ոչխարները կհամբերե՞ն։ Կես օր բան չեն կերել, մսուրներն են կրծում։
Աշնանը չստացվեց՝ Հերոն հիվանդացավ, լուր ուղարկեց քաղաք՝ տղային, որ գա ժամանակին անասնակերի հարցը լուծի, իսկ տղան եկավ բժիշկ կանչեց, դեսից-դենից դեղորայք ճարեց-լցրեց հոր կողքը- իսկ մի ավտո ծղոտի եղածն ի՞նչ է, երբ ասես կբերեմ-հուսադրեց՝ էգուց-էգուց գցեց, բայց չբերեց։
«Հարկ է, որ մարդ իր տղի ձեռքն էլ չնայե»։ -Հերոն անցավ հարևանի դռնով, աչք գցեց մարագի փակ դռանը- հարևանի մարագն էլ սրբվելու վրա էր, բայց շաբաթ առաջ՝ մի քթոց դարման տվեց, Հերոն գոհ ու շնորհակալ է, ապա կանգնեց փողոցում ու նայեց վեր ու վար։ Նա գիտեր իր գնալիք տեղը՝ ուղիղ կալ… ուղիղ կոլտնտեսության կալ՝ ուրիշ ճար չկա։ Բայց կանգնած վեր ու վար էր նայում, որպես թե ու՞ր գնալ, ո՞ր կողմի վրա։ Մի տղա էր թռվռալով գալիս։ Երբ մոտիկացավ Հերոն ասաց.
-Կերթամ դաշտ, դեպ ձոր, քիչ մի խշվաշ-մշվաշ հավաքիմ-բերիմ… Ուրիշ ճար չկա… Իսկ տղան չնկատեց էլ քեռի Հերոյին, գարնան հոտը պնչներում, խայտալով անցավ-գնաց։ Մինչև գյուղից դուրս գալը, կոլտնտեսության կալը գյուղից վար էր, ով հանդիպեց՝ կին, տղամարդ, երեխա, Հերոն հարկ համարեց բացատրություն տալ.
-Կերթամ դաշտ, դեպ ձոր.խշվաշ-մշվաշ հավաքիմ-բերիմ...
-Հերո, դաշտում հիմա ի՞նչ կա:
-Հեչ կա-չկա, կերթամ հավաքիմ-բերիմ:
Եվ երբ դուրս եկավ գյուղից, կալի վրա մեկեն չքշեց, թեքվեց-գնաց դեպի ձորը և ինքն իրեն կրկնում էր.
-Էրթամ դեպ ձոր.խշվաշ-մշվաշ հավաքիմ,-բարձրաձայն կրկնում ու գնում էր, կրկնում ու գլուխկախ քայլում էր, ետ դարձավ, քշեց դեպի կալը, նույնն էր բարձրաձայնում,- խշվաշ-մշվաշ հավաքիմ-բերիմ... ուրիշ ճար չկա:
Պահակը, որ ներքին թաղեցի Գևոն էր, չկար.փոխարենը երևի էլի տղային էր ճամփել, իսկ երեխան ինչ-որ տեղ իր համար խաղ էր անում: Ասենք, Հերոն չնայեց էլ.գլուխ բարձրացնել-շուրջբոլորը նայել չէր կարող, իր խոսքը խլվլան շուրթերին, հայացքը կախ գնաց ու ծնկեց դարմանի շեղջի առջև: Կաշվե ձեռնոցներ ուներ` հանեց-դրեց մի կողմ, բացեց պարկի բերանը ու սկսեց լցնել.«խշվաշ-մշվաշ հավաքիմ... ուրիշ ճար չկա... խշվաշ-մշվաշ...»,- ասում էր ու լցնում, ինքն իրեն ասում էր, չխոսել, չասել չէր կարող, և սեղմում էր պարկը...
Այդպես էլ Գևոն չերևաց:
-Գևո, օղորմի քու հոր:- Հերոն պարկը շալակեց, բայց գյուղ գնալու փոխարեն քայլեց ձորի կողմ: Եվ երբ կալից ահագին հեռացել էր, նոր դարձավ դեպի գյուղը:
Փողոցում առաջինը ղանթարը ուսած մի կին հանդիպեց: Ո՞ւմ կինն էր, ո՞ւմ հարսն էր, Հերոն ե՞րբ շիտակաչք նայեց: Բայց հարկ համարեց խոսել:
-Հարս,- ասաց,- ձորից կգամ ...
Կինը մտքի հետ գնում էր, Հերոյի խոսքի վրա ոտքը հարկադիր կախ գցեց:
-Ի՞նչ ասիր, քեռի Հերո,- հարցրեց կինը:
-Ձորից կգամ,- կրկնեց Հերոն:- Քիչ մի խշվաշ ժողովեցի-բերի:
-Խշվա՞շ:
Կինը զարմացած նայեց. Հերոյի դարմանոտ ոտն ու գլուխը դեռ հեչ, պարկի բերանը բաց էր և պարզ երևում էր, որ շալակինը դարման է։
- Հա, խշվաշ-մշվաշ, - վայրահակ ու կոպկախ կրկնեց Հերոն։ - Ձորից ժողվեցի-բերի։ Շատ կար...
- Գժվե՞լ է, - մեկուսի ասաց կինը և հետաքրքիր նայեց Հերոյի ետևից։
Հերոն գնում էր պարկի տակ խոնարհված, ավելի վայրահակ, քան պետք էր, և ինքն իրեն խոսելով . «խշվաշ-մշվաշ», - կինը միայն այդքանն էր լսում։
Եվ այնուհետև, մինչև տուն հասնելը, մեծ հանդիպեց թե փոքր, Հերոն կրկնեց իր խոսքը և միշտ ավելացրեց. «Էլի կերթամ... ուրիշ ճար չկա»։
Ամեն ինչ բարեհաջող էր... Մարագում զգույշ իջեցրեց պարկը և շիտակաչք նայեց... Ահագին դարման էր... Կարելի էր ավելի սեղմել պարկը, իզուր շտապեց, ո՛չ Գևոն կար, ո՛չ մարդ ու մուրդ, պարկը պինդ սեղմած պետք է լիներ... բայց եղածով պետք է գոհանալ։ Փառք, մի երեք օր կարելի է յոլա գնալ։ Երեք օր հետո մի բան... «Էլի կերթամ»,- մտածեց Հերոն և ձեռնոցով սկսեց թափ տալ վրագլուխը։ Եռանդուն թափ տվեց և գլխի ընկավ, որ ձեռնոցի մեկը չկա։ Նայեց կողքբոլորը, ստուգեց գրպանները՝ չկար։ Որտե՞ղ կլինի։ Գուցե պարկի՞ մեջ է. պարկը լցնելիս դարմանի հետ... Եվ ափսոսաց, որ ձեռնոցը մի երկու բուռ դարմանի տեղ իզուր կորցրել է։ Որոշեց պարկը դատարկել, միևնույնն է, դարմանը օրերի պետք է բաժանել։
Ձեռնոցը պարկում էլ չկար։ Իսկ ու՞ր կլինի։ Կորե՞լ է։ Գնալիս կար, կալում, լավ հիշում է՝ զույգը միասին դրեց մի կողմ, ետ գալիս... Հերոն երկմտեց, ուզեց տեղնուտեղը հիշել, բայց լսեց կովի բառաչը և շտապեց գոմ։
Այդ երեկո Հերոն սկյամբիլ խաղալու չգնաց... հավաքատեղին ձգում էր, բայց ինքն իրեն համոզեց, թե սկյամբիլ խաղալու ժամանակն արդեն անցնում է. գարուն է։ Ավելի լավ է պառկել, ծխել ու մտածել։ Եվ, առանց զգեստները հանելու, մինչև ուշ գիշեր թիկունքն ի վար մեկնվեց մահճակալին ու ծխեց։


2

Հաջորդ օրը Հերոն մտավ ակումբ և առաջինը նկատեց պահակ Գևոյին:

Եվ աահակի ձեռքին՝ իր կորած ձեռնոցը։
- Ըհը՛,- ուրախացավ Հերոն,- իմ թաթման գտա: -Ես էլ իմ դարմանի գողին գտա,- հանգիստ պատասխանեց պահակը: Հերոն բերանբաց կանգնեց:
«Դարմանի շեղջի մոտ եմ թողի»,- հասկացավ։
Սայթաքել էր. թաթմանը պահակի ձեռքին տեսնելիս՝ տեղնուտեղը պետք է գլխի ընկներ... դեռ՝ իր մոտ մնացած թաքը ծրարեր... իսկ ինքը ի՞նչ արեց, տեսավ ու վռազ տեր կանգնեց։
«Դդում»,- ինքն իրեն ասաց Հերոն և փորձեց պահակի խոսք ականջի ետև գցել. նստեց ձեռնոցի թաքը ծածուկ, իր հաշվով՝ ծածուկ, դրեց տակը, նայեց պատուհանից դուրս և ասաց.
-Անձրևը կամ դուռն է կամ երդիկ:
- Քու թաթմա՞նն է,- պահակը մեկնեց ձեռնոցը։
Հերոն սուսուփուս մեկնվեց վերցնելու, բայց պահակը ձեռնոցը ետ քաշեց:
-Քու թաթմա՞նն է,— կրկնեց պահակը:
-Ախպեր, վալլահ, իմ թաթմանն է: Տուր: Տուր ու զօղորմին ստացի քու հոր համար, Գևո,- խնդրեց Հերոն։- Ուստի՞ց գտար։- Հերոն նորից սայթաքեց՝ «ուստից գտա՞ր», սխալվեց, ասաց և նոր գլխի ընկավ. ախր, Գևոյի հարցապնդումը հենց նրա համար էր, որ կամաց-կամաց ձեռնոցի ճանապարհը բերեր-կանգնեցներ շեղջի մոտ, իսկ ինքը Գևոյին օգնեց, որ տեղնուտեղը մատնացույց անի՝ շեղջի մոտից գտա: Ասի էլ, մեղավոր չէ մարդը: Իսկ Գևոն, կարծես, խնայեց.
-Ուր թողել էիր, էնտեղից գտա,- ասաց։
Եվ Հերոն թեթևացած շունչ քաշեց:
-Ջանմ,— ժպտերես խնդրեց Հերոն- իմ թաթմանը տուր, պրծնի-էրթա։
-Չեմ տա: Մնա հիշատակ,- պատասխանեց պահակը և կեսլուրջ-կեսկատակ ավելացրեց,— ձեռնքաշ Հերոյից:
Հերոն սառեց... ձեռնքաշ... էս տարիքին լավ անուն վաստակեցիր, Հերո... ձեռնքաշ... Դե, գնա մեռի... ձեռնքաշ... անօրեն Գևո, բա Հերոն...- Նա ելավ, որ թաթմանը խլի Գևոյի ձեռքից, թաթմանով մի հատ հասցնի վզակոթին ու թողնի-հեռանա, բայց շատ թևաթափ էր:
-Աստված է վկա,- շշնջաց,- Հերոն ձեռնքաշ չէ:
Հասավ տուն և անմիջապես անկողին մտավ:
Կինը ինչպես ուզում է թող պահի անասուններին, Հերով այլևս տերը չէ: Ուզում է՝ կեր ճարի- պահի, ուզում է գոմից դուրս վռնդի և ով կամենում է՝ թող տեր դառնա, Հերոն այլևս տերը չէ, ուզում է... Իսկ ավելի ճիշտ, կինը թող լուր տա էն լակոտին. թող էն փուչ լակոտը, որ խոստացավ անասնակեր ճարել ու մինչև էսօր դեռ հույսով է կերակրում, քաղաքից գա՝ տանի-վաճառի՝ վերջանան գնա, Հերոն տերը չէ:
Բայց կինն ու կովը հանգիստ չէին տալիս, և հաջորդ օրը կեսօրին Հերոն հասկացավ, որ իր արածը անխելքություն է:
«Ջանմ, Գևոյի մեկ խոսքի համար պառկիմ ու մեռնի՞մ»:

3

Եվ ելավ գյուղամեջ- ի՞նչ կա, ի՞նչ չկա- գարուն է. հովիվ, նախրորդ ընտրելու մասին մտածո՞ւմ են, թե չէ: Բայց չուզեց ակումբ գնալ- շան կաթ ծծած Գևոն երևի ձեռնոցի թաքը տնկած նստել է վառարանի մոտ- թեքվեց դեպի գրասենյակ և հեռվից նկատեց, որ մի խումբ ջահելներ գրասենյակի դռանը կանգնած՝ խոսում-ծիծաղում են:
«Ինչի՞ կծիծաղին,- մտածեց Հերոն:
Բայց տղաների տրամադրությունը դուր եկավ: Այդ վարորդ Անդրուշը շատ խնդմնդուն, հանաքչի տղա է. ով կանգնեց մոտը, փորը կբռնի: Հենց տղերքի... Անդրուշի մոտ պետք է գնալ: Գնալ, մասնակցել ջահելների խոսք ու զրույցին և մի քիչ ծիծաղել: Հենց այդպես՝ ծիծաղել:
- Ձեռնքաշ Հերոն եկավ,- քչփչաց Անդրուշը, և ծիծաղը նորից պոռթկաց:
-Ծիծաղեք, լաո,— բարևի փոխարեն ասաց Հերոն,— ում վրա կուզեք` ծիծաղեք... ուրախացեք...._ Եվ ձեռնոցի թաքը դրեց անթատակն ու ծխախոտ հանեց:
-Քեռի Հերոն մեզ պես ջահելների հերն է անիծել._ Անդրուշը ակնարկեց կաշվի ձեռնոցը։— Հըլա տուր, փորձեմ:
-Ա՛ռ, լաո, էս մեկն էլ քեզ էղնի։
-Բա մյո՞ւսն ուր է, քեռի Հերո,— խոսք բացեց Անդրուշը։
-Գևոյի մոտ է ու չի տա:
-Գևոն ի՞նչ մարդ է որ, ափսոս ձեռնոցը տվել ես։
-Իմ կամքո՞վ տվի, լաո, ես կորցրի, ինք գտավ ու չի տա։
-Դարմանի մեջ ասեղ կորցնես, Գևոն կգտնի։ Որտեղի՞ց է գտել, քեռի Հերո։
-Լաո, վալլահ, գլուխ չեմ անի: Գևոյի ասելով՝ կալ, դարմանի շեղջի մոտ է գտել: Ջրեր կտանին ու կբերին զիս. իմ թաթման կալ, դարմանի շեղջի մոտ ի՞նչ գործ ունի, քամի՞ն քշեց-տարավ, ինչպե՞ս էղավ, ինչի՞ գնաց հասավ կալ ու Գևոն գտնի ու չտա: Անդրուշ, լաո, պատահի ու տեսնիս զինք, իմ թաթման առ, բեր,— խնդրեց Հերոն:
-Հայ, Հաա՜յ,— Անդրուշը դարձավ ընկերներին, — մարդիկ հատուկ վարչության նիստ են գումարել, քեռի Հերոն ձեռնոցի մասին է մտածում:
-Ի՞նչ վարչության նիստ:
-Կոլտնտեսության վարչության նիստ։— Եվ Անդրուշը գլխով ցույց տվեց գրասենյակը։— Հաա՜, մարդիկ տաքացել-կպել են իրար:
- Զի՞նչ կբաժանին, ի՞նչ կուզին իրարից:
-Հայ-հաա՜յ, բանից անտեղյակ մարդ... Տո, քո հարցն են քննում, քեռի Հերո, դու չգիտե՞ս։
-Զիմ հա՞րց:
-Այո, քո հարցը: Դարմանի հարցը: Գևոն...— Անդրուշը միջանկյալ հայհոյեց Գևոյին,— Գևոն քո ձեռնոցի թաքը տարել-դրել է նախագահի սեղանին: Հիմա էլ վարչության նիստ է, ու մարդիկ տաքացել-կպել են իրար:
-Օհոոո՛, դընգ ու դըհոլի ձեն է,— գլուխկախ շշնջաց Հերոն, իր հաշվով մտածեց:— Դընգ ու դըհոլ է, ու ես՝ անլուր։
- Ա՛յ մարդ, անօրենք բան են անում. հարցը քննում են և չե՞ն բարեհաճում մարդուն տեղյակ պահել, մասնակից դարձնել։ Իրավունք չունեն, -կրքոտ բողոքեց Անդրուշը. - Ես կբողոքեմ։ Քեռի Հերո, շատ մի մտածիր, տեսնենք ինչ են որոշում, էն ժամանակ… տղերք, բողոքելու ենք,- կոչ արեց վարորդ Անդրուշը, և բոլորը համաձայնեցին։
Հերոն կանգնել էր գլխահակ։ Ծխախոտը արդեն մատներն էր այրում, իսկ նա ուշքի չէր։ Հետո գցեց ծխախոտը, ձեռնոցով շփեց ձեռքը և մտամոլոր սկսեց խաղալ ձեռնոցի հետ։ Մինչև անցյալ տարի Հերոն երբեք ձեռնոց չէր ունեցել. ո՛չ բրդե, ո՛չ կաշվե և չէր մտածել այդ մասին, բայց նախորդ գարնանը նվիրեցին. գյուղի թիկունքի սարում երիտասարդ մի երկրաբան կաշվե նոր ձեռնոցներ նվիրեց, և Հերոն սիրով կրում էր ու միշտ ջերմությամբ հիշում նրան։ Իսկ հիմա մտքում մեղմ կշտամբեց երկրաբանին. «Լաո, էս անտեր թաթմանն ինչի՞ կապեցիր իմ փողպատ»։
- Դուք սպասեք,- ասաց վարորդ Անդրուշը, -ես գնամ ականջ դնեմ. հլա տեսնենք ի՞նչ են խոսում։ Անդրուշը գնաց, քիչ հետո վերադարձավ, հայտնեց, թե Միսակ քեռին է խոսողը։ Միսակը՝ Հերոյի համերկրացին, Էրգրի Հերոյի համագյուղացին։ Միսակի ասածն ի՞նչ է, -հետաքրքրվեց Հերոն։
- Ասում էր՝ ամոթ չէ՞…
- Ամոթ քեզ, -չհամբերց Հերոն և ձեռքը խոսքի հետ ուղղեց դեպի գրասենյակ՝ համերկրացի Միասակին։ -Ամոթ քեզ, -կրկնեց Հերոն, -Մարութա սա՞րն է իմ թիկունքին, ու ես չեմ բարձրանա իմ ժողված խոտն ու տերև բերի ու կերթամ կոլխոզի կա՞լ։ Հա՞… հա՞, Միսակ, -հարցապնդեց Հերոն։ -Մյուսները ջահել են ու չեն տեսե ու չգիտեն, դու՞ ինչի քու խիղճ կծախիս։
Ապա նա դարձավ տղերքին պատմեց, թե ինչպես ելնում էին Մարութա սար- այսօրվա պես հիշում է -տուն-տնովի բարձրանում էին սար, կուտակում անասնակերը։ Ում ինչքան պետք էր՝ կուտակում էր և տեղնուտեղը թողած- ամռանն ու աշնանը՝ տեղափոխելը դժվար էր- իջնում գյուղ և սպասում ձմռանը։ Ձմռանը սայլակներով- սայլի մեծության սայլակներ էին, տակը՝ դահուկներ- այդ սայլակներով ելնում էին Մարութակ, բարձում խոտն ու տերևը և քանց փոթորիկ իջնում գյուղ։
- Մտահա՞ն ես արե, անաստված։ - Հերոն խոսքը նորից ուղղեց դեպի գրասենյակ՝ համերկրացի Միսակին ու վարորդ Անդրուշին խնդրեց։ -Տես, էլ ի՞նչ կխոսա։
Անդրուշը գնաց, եկավ, թե՝ հիմա կուսկազմակերպության քարտուղար Վասիլյանն է խոսում։ Ասում է, որ Հերոն խախտել է հասարակական համակեցության կանոնները, որ վարկաբեկում է իր հասարակությանը։
- Ճառե՜, ճառե՜ - Հերոն խոսքն ուղղեց Վասիլյանին, - մեջ լեզվին օսկոր չկա. հանգիստ կպտտի, ճառե՜… Օրն էն օրն էր, որ քու հեր, մեշոկ թևի տակ, կկանգներ իմ դռան։ Լառ, - և դարձավ տղաներին,- դրա հեր, հողեր լուր չտանին, դրա հեր թամբալ մարդ էր։ Անհատ ժամանակ, դուք փոքր եք, չեք հիշի, անհատ ժամանակ դրա հոր արտերից երկուսը խոզան էր. մեկել երկուս՝ մեջ մոլախոտերին կորած ու ինք, մեշուկ թևի տակ, խալխի դուռ… իմ դռան, -շեշտեց Հերոն։ -Ու էդ հոր տղեն էսօր քարոզ կկարդա Հերոյի գլխին… ճառե՜-ճառե՜,- դեմքը գրասենյակին արած կանչեց Հերոն, որ Վասիլյանը լսի.- քու իրավունքն է։
-Շատ հոգ մի արա, քեռի Հերո,- նորից հուսադրեց վարորդ Անդրուշը,- մենք քեզ կպաշտպանենք։ Տեսնենք հըլա ինչպես կվերջանա։- Եվ նորից գնաց լուր բերելու։ Գնաց և վերադարձին հեռվից ձեռքերով ու դիմախաղով հասկացրեց, որ գործերը լավ են։ Վերջին խոսքը հասկանալի է, նախագահին է պատկանում, իսկ կոլտնտեսության վարչության նախագահ Դավթյանը պաշտպանում է.
-Ասում է՝ մեծ մարդ է, ոչինչ, արել է, արել է, երևի ստիպված է եղել։ Ասում է՝ եթե քեռի Հերոն էդքան նեղն է, պետք է օգնություն կազմակերպել։ Էդ մասին պետք է մտածել։ Մեր պարտքն է։
-Օղորմի ուր հոր։- Հերոն հագիստ շոնչ քաշեց և սիրտն ուզեց տղերքի ֆիլտրով ծխախոտից ծխել։ Ափը շնորհակալությամբ դրեց աչքերին՝ առավ, շուռումուռ տվեց ֆիլտրով ծխախոտը, գնահատեց. ասաց, որ աշխարհում լավ բան շատ կա։- Լավ մարդ էլ շատ կա,- ավելացրեց Հերոն։- Դավթյանի հեր, զինք լավ կհիշիք, բարի մարդ էր։ Մտածող ու բարի ու կամեցող։ Հազար օղորմի։ Լավ մարդ էր ու լավ ժառանգ թողեց։ Արուն ջուր չի դառնա, լաո։
Հերոն հաճույքով ծխում էր և փառավորված տմբտմբացնում գլուխը: Ապա օրհնեց Անդրուշին և նորից խնդրեց, որ գնա, նոր լուր բերի:
Այս անգամ վարորդ Անդրուշը վերադարձավ հերսոտ:
- Էդ Միսակի ձեռքից պրծում չկա, ա՛յ մարդ, կանգնել է, թե....
Հերոն չհամբերեց, որ խոսքն ավարտի:
- Հըմ, թողեք զիս - դիմացը կանգնած տղերքին հրեց մի կողմ,- թողեք զիս,- և հայհոյելով քշեց գրասենյակի վրա:
Միջանցքի դուռը բաց էր, հայհոյելով մտավ, թափով բացեց գրասենյակի դուռը և... շփոթված կանգնեց շեմին: Գրասենյակում ոչ ոք չկար:
- Յա՜,- զարմացած ձգեց Հերոն,- էսպես խաբե՞լ կէղներ, որ խաբեցին զիս։- Եվ լսեց տղերքի քրքիջը:
-Հա՜-հա՜-հա՜,- ձայնակցեց Հերոն և որոշեց դառնալ՝ տղերքի հետ մի լա՜վ ծիծաղել, բայց մտավ դատարկ գրասենյակը:
-Հա՜-հա՜-հա՜,- ծիծաղեց Հերոն,- Անդրուշ, աստված քեզ էվելի շնորհք տա... Հա՜-հա՜-հա՜... աստված քեզ ուրախություն տա, լաո... Հա՜ -հա՜-հա՜...,- Հերոն քայլում էր դատարկ գրասենյակում, օրհնում Անդրուշին ու ծիծաղում:- Հա՜-հա՜-հաա՜.... էրգրից հետո էսպես ծիծաղած չկամ, լաո... հա՜-հա՜-հաա՜…
Հետո մեկեն լրջացավ, ափով սրբեց դեմք ու շուրթերի ժպիտը և գլուխկախ ասաց.
-էրթամ դեպ ձոր. քիչ մի խշվաշ-մշվաշ հավաքիմ-բերիմ... Ուրիշ ճար չկա: